// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Տիեզերքի եռամասնական կառուցվածքի` երկինք, երկիր, ծով [ջրեր],հայկական առասպելաբանական համակարգը և ճարտարապետությունը

Սամվել Շահինյան

     Հայկական լեռնաշխարհի հնագույն բնապաշտական հայեցակարգի հիմքում ընկած են եղել տիեզերքի եռամասնական` երկինք, երկիր [գետին], ստորգետնյա աշխարհ [ծով կամ ջրեր]  կառուցվածքի առասպելական պատկերացումները: Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելը հազարամյակներ շարունակ ենթարկվել է փոփոխությունների, սակայն, արարչագործության և կործանման ներդաշնակ հավասարակշռությունը կարգավորող աշխարհաստեղծ բարձրագույն հոգևոր եռամասնությունը ենթակվելով այլևայլ փոխակերպումների,  չի կորցրել իր բարձրագույն առաքելական նշանակությունը: Հասարակական զարգացումների որոշակի փուլում այդ հայեցակարգի եռամասնության սկզբունքը լայն կիրառություն է ունեցել սոցիալական դասային կառուցվածքի ձևավորման  գործընթացներում, ձեռք բերելով համակարգային նշանակություն [16.60էջ] [նկ.1]:




ՆԿԱՐ 1.Տիեզերքի առասպելաբանական պատկերացումները իրենց արտացոլումն են գտել ժայռապատկերներում, զարդարվեստում: Տիեզերքի բաղադրիչները ևս ինքնուրույն մեկնաբանություններ են ունեցել և այստեղ էական դերակատարում են ունեցել բնապաշտական սկզբունքներին խարսխված պատկերացումները:Նկ.1-1.Աստղալից երկինքը երկու լուսաբեր այծերի կոտոշների արանքում և շան պատկերը/ Շան համաստեղությունը, կամ Սիրիուսը նաև Հայկի համաստեղությունն է: Նկ.1-2. Երկրի չորս կողմերը սիմվոլացնող կենդանիները կենաց ծառի չորս բոլորը:


Բնապաշտական առասպելաբանական հայեցակարգի ստորգետնյա բաղադրիչը, մեզ հասած բազմաթիվ բանահյուսական աղբյուրներից, այդ թվում և «Սասունցի Դավիթ» էպոսից` նախապատմական քաոսի «Սև Ջուրն» է, որտեղ վերջանում և կորչում է ամեն բան: Այս մասին Սասունցի Դավիթ էպոսից Ս. Հարությունյանը մի հրաշալի օրինակ է բերում` «...Մլըքի ջանդըկի մեկ յան կորսըվիր ի. չկա, ցրվիր, հանդունդ-Սիվ ջուր գնացիր ի:» [15 էջ11.]: Աշխարհակործան Սև ջուրը, սակայն, երկակի բնութագիր ունի:  Տիեզերքը շրջապատող ջրերը երկնքում այլ հատկանիշ են ձեռք բերում, դառնալով լուսավոր «Ծով Ծիրանի» [Խորենացի. գլուխ ԼԱ ]: Առասպելաբանական տիեզերքի ջրերի երկակի բնույթն անընդհատ պայքարի կենսահաստատման միջավայր է ստեղծում, որտեղ բանահյուսական-առասպելաբանական հերոսների համար պայքարի, գործունեության, ինքնահաստատման, բացահայտումների և ինքնադրսևորումների մեծ հնարվորություններ են գործում: Առասպելաբանական տիեզերքի ջրերը հնդեվրոպական ժողովուրդների մոտ հանդես են գալիս օձերի կամ վիշապների տեսքով` մարմնավորելով լույս ու մութ աշխարհները, ինչպես նաև փաստելով` տիեզերական արարչագործության և կործանման ուժերի ներդաշնակ հավասարակշռությունը: Օձակերպ  բազմաթիվ ժայռապատկերներ կան Գեղամա, Վարդենիսի, Ծղուկի, Ուղտասարի ժայռաբեկորների համանկարներում, որոնք խորհրդանշում են այս պատկերացումները[նկ.2]:




ՆԿԱՐ 2.Տիեզերական օձերի թեման շատ տարածված և սիրված է Հայկական զարդարվեստում և իհարկե ժայռապատկերներում


Տիեզերքի առասպելաբանական եռամասնական ուղղաձիգ կառուցվածքը բանահյուսական տարբեր աղբյուրներում բաղդատվում է հարկերի [շերտեր, ոլորտներ, ենթաշերտեր], ընդ որում  այս ոլորտների խորհրդանշական պատկերացումները տրանսֆորմացվում են այդ ոլորտների միֆական բնակիչների, որոնք մեծավ մասամբ գոտևորված մարդիկ են: Ս. Հարությունյանը գրում է «...ներքնահարկի մարդիկ գոտին իրենց ծնկներին են կապում,միջնահարկի մարդիկ, այսինքն` մենք, փորից վերև` իրանին, իսկ վերին հարկի մարդիկ` կրծքին: Ուշագրավ է աշխարհի ուղղաձիգ եռամասն կառուցվածքի հիմնական գոտիները մարդու մարմնի վրա, ներքևից վերև, գոտի կապելու դիրքով խորհրդանշումը, որ դարձյալ վկայում է տիեզերքի վերձիգ կառուցվածքը մարդու մարմնի դիրքով ու կազմվածքով պատկերացնելու ելակետը» [ Ս. Հարությունյան, էջ10]: Գիտնականի այս տեսակետը հաստատող բազմաթիվ խորհրդանշական ժայռապատկերներ կան Գեղամա, Վարդենիսի, Ծղուկի, Ուղտասարի ժայռապատկերներում: Տիեզերքի մասին ավելի ուշ ձևավորված պատկերացումներում Երկնային Կենաց Ծառը, որն իր ստորին և վերին եռաթև ճյուղերով և արմատներով հասնում է տիեզերական Ստորին և Վերին աշխարհներին` «Սև ջրերին և Ծով Ծիրանին», կապելով երկինքը` երկրին[նկ3]: Այս պատկերացումն, իր հետագա զարգացումներում`   Ք. ծ. ա. 8-ից 6-րդ հազարամյակներում, ձևավորվում է, իբրև մարդ-լուսաբեր այծ-կենաց ծառ  բարձրագույն հոգևոր եռամասնություն[նկ.4]: 




          

 ՆԿԱՐ 3.Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերներում, տարբեր համանկարներում եզակի դեպքերում առանձին հանդիպում են ՙմարդ-կենաց ծառ՚-ի պատկերներ առասպելաբանական գոտեվորմամբ:





                        
ՆԿԱՐ 4.Մարդ-լուսաբեր այծ-կենաց ծառ  բարձրագույն հոգևոր եռամասնությունը


Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելում, բնապաշտական  սկզբունքներով մարդուն կենաց ծառի տեսքով կերպարավորելու հանգամանքը փաստում է մարդ արարածի գոյությունը կարևորելու և տիեզերական արարչագործության մասնակից դարձնելու հանգամանքը: Այս երևույթը հետագայում քրիստոնեական հավատքի հիմնաքարերից մեկն է դառնում և ելակետային է մի շարք թեոլոգիական խնդիրների լուծման համար: 
Հայկական լեռնաշխարհի նախաբնակների մոտ  բնապաշտական հիմքերի վրա Կենաց Ծառի, խաչապատկերիների, մարդու և այծի պատկերների ստիլիզացման գործընթացի և գաղափարանշանների  հետագա զարգացումների էվոլյուցիան` վերջի վեջո հանգում է խաչքարերի  կայացմանը[նկ.5]:  
Տիեզերքի մասին  այս պատկերացումները Հայկական լեռնաշխարհում, Ք. ծ. ա. 5-ից 2-րդ հազարամյակներում, նյութականանում են բոլորաձև, բլրանման դամբարանների ճարտարապետական հորինվածքների տեսքով, որտեղ անմիջապես դոլմենային դամբարանում` մարդ-կենաց ծառն է, որոշ դեպքերում թաղված հանգուցյալը կծկված է սաղմի  դիրքով [հատիկը, սերմը], իսկ բոլորաձև շրջանից ներս կառուցված բլրաթումբը սիմվոլացնում է  Ստորին և Վերին աշխարհների ջրերը: 
Հնագույն ժամանակներից մեզ հասած, խորհրդանշական իմաստավորում ունեցող, ճարտարապետական փոքր չափերի հուշարձանների համեմատական քննությունն ի հայտ է բերում կարևոր մի առանձնահատկություն, որը սակայն Հայկական լեռնաշխարհից, այսինքն հնդեվրոպական ցեղերի ծննդավայրից դուրս ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Խոսքը առասպելական պատկերացումներում` արական նախասկզբի բացարձակ և անվերապահ ճանաչումն է: Այս սկզբունքը, տիեզերքի առասպելաբանական բնապաշտական հայեցակարգի ձևավորման փուլում արդեն, նրա  կարևորագույն  բաղադրիչներից մեկն  էր: Սկսած ուղղաձիգ կանգնեցրած քարակոթողներից, ֆալոսներից մինչև ուղղահայաց տեղակայված վիշապները այս են հաստատում իրենց տեղադրման ճարտարապետական միջավայրի տարրերով և ապա ամրագրում` պանթեիստական խորհրդակիր պատկերներով[նկ.6]:   
Փոքր չափերի ճարտարապետական հուշարձաններից ամենաերկարակյացները հավանաբար ֆալլական քարակոթողներն են, որոնցից ամենահները պեղվել են Գյոբեկլի-Թեփեյի, Չաթալ-Յուրտի պեղումների ժամանակ և թվագրվում են 11-9 հազար տարի Ք.ա.: Հայկական լեռնաշխարհում այս հուշարձանների կամ պտղաբերության պաշտանմունքը խորհրդանշող ֆալլային կոթողների երկրպագությունը շարունակվել է դեռ երկար ժամանակ, նույնիսկ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո: Հնագույն բնապաշտական հավատալիքներից  ֆալլոսի պաշտանմունքը միակն էր, որը կարողացավ գոյատևել վերջին սառցապատման ժամանակաշրջանում և այդ բնական աղետի հետևանքով հասարակական գիտակցության մեջ տեղի ունեցած ահռելի կատակլիզմների արդյունքում հիմնավորապես փոփոխված աստվածությունների պանթեոնում: Բնապաշտական առասպելաբանական պատկերացումներում` արական նախասկզբի բացարձակ և անվերապահ ճանաչման նյութական  դրսևորման կենսունակությունը ժամանակի, ինչու չէ` նաև տարածականության մեջ դժվար է հիմնավորել սոսկ ժողովուրդների, այդ թվում և հայ ժողովրդի` ավանդապաշտությամբ: Պաշտանմունքային այս տիպի կառուցվածքները, տարբեր հորինվածքներով, ճարտարապետական միջավայրի կառուցման տարբեր մոտեցումներով և լանդշաֆտին տեղակցելու տարբեր սկզբունքներով հայտնի են Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ հնավայրերում: Կատարման ոճական, գեղագիտական, ձևաբանական ամենատարբեր սկզբունքներով իրականացված քանդակներում առկա են գռհիկ նատուրալիստական կատարումներից մինչև ստիլիզացված` ՙսյուրռեալիստական՚ մոտեցումները: Հանդիպում են ֆորմայի աբստրահման այնպիսի հորինվածքներ, որտեղ ուրվագծվում  է միայն ձևապատկերը, ազատված որևէ ավելորդաբանությունից, կամ հազվագյուտ դեպքերում`  հպանցիկ մի քանի բնորոշիչ, ընդգծող  շտրիխներով ձևավորված[նկ.7]:  
Ֆալլատիպ  պաշտանմունքային քարակոթողների` ֆալլոսների, մենհիրների, ուղղահայաց տեղադրված վիշապների, քառանիստ` ուղղահայացի ուղղությամբ զարգացում ունեցող հուշակոթողների  երկարակեցության և կենսունակության գաղտնիքը չի  կարող բացատրվել միայն, կամ նույնիսկ բնապաշտական ավանդապաշտության հիմնավորմամբ: Խնդիրը այստեղ Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելի երկրաչափական ընկալումների իրատեսականության, նյութակնության և ընկալման պարզության մեջ է: Դեպի վեր զարգացող յուրաքանչյուր գծապատկերայրն շինվածք` դեպի երկինք, դեպի անհասանելի և դրանով իսկ խորհրդավոր տիեզերք,առ աստված` բնութագիր ունի: Երկրաչափական ուղիղ գիծը ճարտարապետական մտահաղացումներում նույն վեհացնող, կառույցին հոգևոր և հայեցողական շուք ու խորհրդավորություն հաղորդող բաղադրիչն է: Այս երևույթի ճշգրիտ գնահատականը մենք հանդիպում ենք Ա. Հ. Գրիգորյանի այս հարցի շուրջ մեկնաբանություններում` ՙՆախաստեղծ հորինվածքները, որքան էլ ունենան իրենց բնական նմանակները, այնուամենայնիվ հնարածին են: Դրանց արարողը մարդն է, որն այս ճանապարհով փորձում է գտնել իր տեղը Երկիր-Երկինք տարածությունում:՚ Տեղին և դիպուկ այս նշումին ի հավելում, մեջբերենք մեկ այլ դիտարկում`ՙ...խորհրդանշանային մտածողության արդյունքում ծնված խորհրդակիր պատկեր նշաններ` կետը, ուղղահայացը, հորիզոնականը...Հայկական լեռնաշխարհին հայտնի են 8-րդ հազարամյակից `:՚: 
Երկրաչափական ուղիղ գիծը` մարդ-երկիր-երկինք նոոսֆերային բանական-հոգևոր համակարգում իմաստավորվելով, դառնաում է խորհրդակիր բաղադրիչ և կարևորվում ճարտարապետական հորինվածքներում` հետագա բոլոր  հազարամյակների զարգացման գործընթացներում[նկ.8]:   
Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելի երկրաչափական, գծա-գրաֆիկական պատկերացումներում ուղղահայաց գծային, մակեսային և ծավալային պատկեր-նշաններին համազոր կարևորվել են նաև հորիզոնական տեղադրում ունեցող գծերը, մակերեսները և հորիզոնականի ուղղություններով զարգացումներ ունեցող ծավալները: Ի տարբերություն ուղղահայացի, հայկական առասպելաբանական մտահայեցակարգում Երկիրը, իսկ երկրաչափական առումով հորիզոնակական տեղադրված գծա-ծավալային երկրաչափական մարմինները` մարմնավորում են իգական նախասկիզբը: Ֆալլական մարմնի տեղադրությունը հորզոնական ծավալի [պատվանդան] վրա ընդհանրացնում է Երկինք-Երկիր [արական-իգական] կապը` սրբազան ակտի խորհրդաբանական իմաստավորմամբ[նկ.5]:    
Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելի այսպիսի պարզ մեկնաբանությամբ և նմանությամբ արարված փոքր չափի ճարտարապետական հուշարձանները կենսունակ էին և են, մտահաղացման կոնստրուկտիվ պարզության և համակարգաստեղծ ներքին հնարավորությունների պատճառով: Այս սկզբունքով են կառուցվել և դեռ կկառուցվեն` բազմաթիվ հուշարձաններ, կոթողներ: Հին աշխարհի ճարտարապետության քննական դիտարման դեպքում, նկատվում է նման ճարտարապետական մտահաղացմամբ կառույցների թվաքանակի կտրուկ նվազում այն երկրներում, որոնց տեղաբնիկ բնակչության հոգևոր և առասպելաբանական տիեզերական հայեցակարգում հիմնադրույթային սկզբունքը խարսխված է իգական նախասկզբին: Օրինակ փարավոնների Եգիպտոսում:
Հին Եգիպտոսի ճարտարապետական համալիրներում մեր այս տեսակետը հաստատող փաստարկներ ենք տեսնում ինչպես տաճարային կառույցների,այնպես էլ առանձին արձանների և հուշակոթողների կառուցվածքային մանրամասները քննելիս: Եգիպտական տաճարների օրդերները մտահաղացման այն բաղադրիչներն են, որոնք առավելագույնս շեշտում են շինության վերընթաց զարգացումը, համալիրին  հաղորդում են սլացիկություն  ու արտաերկրային շուք: Տաճարների  հիմնական մեծամասնության օրդերները վերհայաց սլացքը սկսում են ստերեոբատի, կամ ստիլոբատի մակերեսից` ի տարբերություն հունական օրդերների  [թերևս բացառությամբ  միայն դորիական օրդերների], որոնք բոլորն էլ կանգնած են խարսխի վրա:  Սֆինքսի արձանի պատվանդանը ըստ էության արձանի օրգանական շարունակությունն է,  որտեղ արձանը և նրա ՙպատվանդանը՚ հորիզոնականի ուղղությամբ զարգացումներ ունեցող ծավալ է, կոնստրուկտիվ առումով` արձանը և պատվանդանը այս դեպքում մի ըմդհանուր միավոր են: Այսինքն այստեղ բացակայում են Հնդեվրոպական առասպելաբանական աշխարհարարման հայեցակարգից բխող ծիսական մոտեցումներն ու սկզբունքները: Հին Եգիպտոսի ճարտարապետության  հոգևոր ներհայեցողական կանոնակարգը խարսխված է իգական նախասկզբի պաշտանմունքին, որը և բացառում է պտղաբերությունը խորհրդանշող Երկինք-Երկիր [արական-իգական] սրբազան ակտի ծիսական գործընթացի կերպարավորման Հնդեվրոպական ժողովուրդների սկզբունքային մոտեցումներին: Մեր այս տեսակետը ավելի հիմնավորելու համար օրինակ վերցնենք քառանիստ, պրոեկցիայում քառակուսի, բրգաձև, դեպի վեր տարբեր երկարությամբ ձգված հուշակոթողային ճարտարապետությունից: Սրանք բոլորն էլ զուրկ են պատվանդաններից, ի տարբերություն, օրինակ, Տրայանոսի Կոստանցայում գտնվող սյունաձև   հաղթակոթող-հուշասյունից, որը զանգվածեղ պատվանդանի վրա է   կանգնեցված:
 Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելում Երկինք-Երկիր [արական-իգական] կապը` սրբազան ակտի խորհրդաբանական իմաստավորմամբ, մեգալիթային հուշարձանների տեսքով, մենք հանդիպում ենք Արևմտյան Եվրոպայի հնավայրերում` Ֆրանսիական Քառնակում և   Բրիտանական կղզիներում: Այստեղ հայտանաբերված և հետազոտված բազմաթիվ մեգալիթային կարակոթողների մեծ մասը հիմքում սկսում են նեղանալ-սրվել, որը զուտ շինարարական տեսանկյունից անհասկանալի է, սակայն միանգամայն հասկանալի է դառնում, երբ երևույթը դիտարկվում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների հոգևոր պահանջների տեսանկյունից: Այսպիսի մոտեցումը փոքրածավալ ճարտարապետական կոթողներում հազարամյակներ շարունակ կիրառական է եղել Հայկական լեռնաշխարհում և ժառանգաբար անցել խաչքարերերին: Ամենավաղ շրջանից մինչև ուշ միջնադարյան խաչքարային հուշարձանների, պատկերներում` ներքին վերջավորության հատվածում, հաճախ են հանդիպում Կենաց Ծառի եռարմատը, որի մեջտեղի արմատը երկարեցված է  [տիպիկ օրինակներ կան Գնիշիկ  և Առինջ գյուղերի հին գերեզմանոցներում]:                 



 ՆԿԱՐ 5.Ժայռապատկերից մինչև զարդանախշ,   կենաց ծառից մինչև խաչքար


Հայկական Լեռնաշխարհում սառցապատումների ընթացքում արժեքավորվեց Կենաց Ծառը և ժամանակի ընթացքում փոփոխվելով, ստիլիզացվելով, նոր հավելյալ իմաստավորումներ ձեռք բերելով` շարունակաբար մնաց Հայոց զարդարվեստում: Տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելում սառցապատումից հետո, Հայկական Լեռնաշխարհում, Մարդը` Կենաց Ծառի տեսքով, դարձավ տիեզերակենտրոն բաղադրիչ, հավերժաբար վերարտադրվող և վերածնվող կենսատու աղբյուր: 
Տիեզերքի հայկական նախաստեղծ մոդելի երկրաչափական պատկերը դուալիստական էր: Տիեզերքը ըստ հայերի հնագույն առասպելաբանական պատկերացումների մի քանի հիմնական ոլորտներից էր բաղկացած: Սրանցից յուրաքանչյորն էլ իր հերթին տարբեր թվով ենթաոլորտներից: Կառուցվածքի հիմնական բաղադրիչները երեքն էին` Երկինք, Երկիր, Ստորգետնյա աշխարհ,այս կանոնակարգված եռմասնական համակարգը բոլոր կողմերից շրջապատում էին տիեզերական  ջրերը [Սև Ջուր, կամ Քաոս],: Երկինքը բաժանվում էր յոթ ենթաոլորտների` երկրամերձ մասը,  ամպերը, լուսինը, արեգակը, աստղերը, հրեշտակների և սրբերի ապրելավայրը, և յոթերորդը`Քերոբվեների և Սերոբվեների թևերի վրա բազմած Աստծո Գահը:  Ստոգետնյա աշխարհը իր հերթին նույնպես, համապատասխանաբար բաժանված էր յոթ ոլորտների` Գետինք,Դժողք, Սանդարամետք, Տարտարոս, Գեհեն, Անդունդք, Սև Յանատակ [16.էջ11-13.]:: Ըստ հայկական առասպելաբանության Երկիրը, կամ գետինը իր լեռներով, գետերով, լճերով, անտառներով և լանդշաֆտի մանրամասներով, հայելային ձևով, կրկնվում էր վերևում, ընդ որում, ներքևի ջրերը սնում էին վերև կրկնապատկեր-Երկրի գետերը, լճերը, դաշտերը, վերևինը համապատասխանաբար ներքևինը` ստեղծելով ջրերի յուրօրինակ շրջապտույտ: Նույնպես և կրկնվում էին Երկինքը և  Ստորգետնյա աշխարհը իրենց ենթաշերտերով, կամ ենթաոլորտներով: Բոլոր ոլորտներում մարդիկ էին ապրում [16. էջ10.]: 
Ժայռապատկերներում հանդիպող Կենաց ծառերը  բազմաթիվ են: Հանդիպում են սովորական ծառանման պատկերներից մինչև ստիլիզացված, երկրաչափական ճշգրիտ գծագրությամբ, առանց ավելորդաբանությունների պատկերներ: Այս ոճավորմամբ Կենաց ծառերը, գործառույթային առումով, կարևոր նշանակություն են ձեռքբերում համանկարներում` դառնալով կենտրոնական  կերպար, որի շուրջը ընթանում են թեմայի զարգացումները: Կենաց Ծառը  Հայ առասպելաբանության մեջ իր ունեցած կենտրոնական  դերակատարումը շարունակում է պահպանել ժայռապատկերներում` համանկարներում պատկերավոր ընդգծումներով վերարտադրվելով և դառնալով գործողությունների հիմնական առանցք:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

   Հայկական մշակույթի և ճարտարապետության տեղաբնիկ լինելու տեսակետը հաստատելու համար առաջին և կարևոր նախապայմանը Հայկական լեռնաշխարհը, որպես հայ էթնոսի ձևավորման կենսամիջավայր  իրողության հիմնավորումն է, քանի որ միայն տեղաբնիկ էթնոսն է  ի զորու  կրել, պահպանել զարգացնել իր կողմից ստեղծված մշակույթը: Նման հիմնավորումը մեր կողմից կատարվել է նախկինում կենսամիջավայրի փոփոխությունների, հասարակական-պատմական զարգացումների գործոնների, հնագիտական պեղածո նյութի գեղագիտական և ճարտարապետական  գիտական գնահատականների քննական վերլուծությունների արդյունքում: 

  •  կլիմայական խոշորագույն փոփոխությունների արդյունքում, 12,5 հազար տարի առաջ, Հայկական Լեռնաշխարհի  հնագույն քաղաքակրթությունները վերացել են [Gjwbekli tepe], կամ մարդկանց հիմնական մասը երկարատև երաշտի կործանարար ազդեցությանը չդիմանալով` արտագաղթել է, իր հետ տանելով ճարտարապետության, գյուղատնտեսության և գործունեության այլ բնագավառներում իր ձեռքբերումները:

  •  արտագաղթածների մշակույթը նոր բիոտոպերում մեծ փոփոխություններ է կրել, իսկ շատ գիտելիքներ էլ նոր միջավայրում իմաստազրկվել և կորսվել են: Աշխարհի ընկալման բնափիլիսոփայական ընկալումները խորը փոփոխություններ են կրում: Արարչագործության արական նախասկիզբը, նոր բնակավայրերում ադապտացված նորաբնակների մոտ, ստորադասվում է իգականին [Հյուսիսային և Արևելյան Աֆրիկա]: 

  •  Հայկական Լեռնաշխարհի հարավում մնացած մարդկանց պոպուլյացիան բնութագրվում էր դեպի տոլերանտության ճգնաժամային գոտին  ձգտմամբ, իսկ  հյուսիսում և հյուսիս-արևելքում, մարդիկ հայտնվեցին սառցե ծուղակներում, որտեղ, սակայն, կարողացան գոյատևել 2000 տարի, մինև մեծ հալոցքը:

  •  սառցադաշտերով շրջափակված հովիտներում մարդիկ կարողացան գոյատևել ի հաշիվ աղքատիկ ճաշացանկի` որը իր մեջ ներառում էր ձկնամիս    հրաբխային ակտիվ գործընթացների հետևանքով չսառչող լճերում վխտող ձներից և որոշ բուսատեսակներ, որոնք կարողացել էին հարմարվել նոր պայմաններին: Կենցաղում կարևոր դերակատարում ձեռք բերեց նոր բնակլիմայական պայամաններին լավագույնս հարմարված օրգանիզմը` այծը:Այծը սկսում է մարմնավորել  լույսի պաշտամունքը :

  •  փոքր չափի ճարտարապետական կոթողների մեծ մասը ի հայտ եկան միչև մեծ հալոցքը և ունեցան զարգացման տարբեր դրսևորումներ և շարունակվեցին մինչև առաջին հազարամյակի կեսերը: Դրանք վիշապներն էին, որոնք խորհրդանշում էին տիեզերական արարչագործության և կործանման ներդաշնակ հավասարակշռությունը, մենաքարերը, դոլմենները, կրոմլեխները, ժայռեղեն այլ հուշարձաններ:

  •  ժայռապատկերներում բնապաշտական պատկերներից մինչև սիմվոլներ և ՙիծագրեր՚  զարգացումները` ունեցել են բնա-պատմական, հասարակական և հոգևոր նախադրյալներ: Բնապաշտական հիմքերի վրա Կենաց Ծառի, խաչապատկերների, մարդու և այծի պատկերների ստիլիզացման գործընթացի և գաղափարանշանների  հետագա զարգացումների էվոլյուցիան` վերջի վեջո հանգում է խաչքարերի  կայացմանը:

  •  սառցապատումների հազարավոր տարիների ընթացքում սրբազան տոտեմների փոփոխությունը ուղղակի հետևանքն էր նոր բնապաշտական սկզբունքների ձևավորման, որի հիմքում ընկած էր տիեզերքի առասպելաբանական կառուցվածքի հայեցական մոդելը: Տիեզերքի եռամասնական կառուցվածքի`երկինք, երկիր, ծով [ջրեր] առասպելաբանական համակարգը Հայկական լեռնաշխարհի բնիկների մոտ սկսել է ձևավորվել երևի թե հալոցքներից անմիջապես հետո: Ըստ ավանդապատումների անդունդի ՙսև ջուրը՚ շրջափակում է ամբողջ տիեզերքը իր մեջ առնելով երկինքն ու երկիրը: Տիեզերքի մասին ավելի ուշ ձևաված պատկերացումներում Երկնային Կենաց Ծառը, որը իր ստորին և վերին եռաթև ճյուղերով և արմատներով հասնում է տիեզերական ՙջրերին՚`   Ստորին ՙՍև ջրեր՚  և Վերին ՙԾովն Ծիրանի՚`  աշխարհներիը`  կապելով երկինքը` երկրին: Ք.ա. 8-ից 6-րդ հազարամյակներում ձևավորված մարդ-կենաց ծառ-այծ` լուսաբեր աշխարհաստեղծ բարձրագույն հոգևոր եռամասնության հետագա զարգացումների հետևանք է: 

  •  Ստորին և Վերին աշխարհների ջրերի առասպելաբանական պատկերացումները, որոնք ժայռապատկերներում մարմնավորում են օձապատկերները, արդեն Ք.ա. 5-ից 2-րդ հազարամյակներում տեղայնացվել էին Արևմտյան Եվրոպայում, Միջագետքում, Հյուսիս-արևմտյան Հնդկաստանում [Ռամա,Կրիշնա]: 

  •  Տիեզերքի մասին  այս պատկերացումները Հայկական Լեռնաշխարհում, Ք.ա. 5-ից 2-րդ հազարամյակներում, նյութականանում են բոլորաձև, բլրանման դամբարանների ճարտարապետական հորինվածքների տեսքով, որտեղ անմիջապես դոլմենային դամբարանում մարդ-կենաց ծառն է: Որոշ դեպքերում` դամբարանում,  հանգուցյալը կծկված է սաղմի  դիրքով [հատիկը, սերմը], իսկ բոլորաձև շրջանից ներս կառուցված բլրաթումբը` Ստորին և Վերին աշխարհների Սև Ջրերն են սիմվոլացնում: 

  •  Ժայռապատկերներում եղած սիմվոլները ճշգրտորեն կրկնվում են միջագետքյան պատկերագրերի և եգիպտական հիերոգլիֆներում:

  •  Հնագույն հիշողությունները, որոնք առասպելաբանական պատառիկների տեսքով պահպանվել են տարբեր ազգերի մոտ, առավել ամբողջական են հայկական մշակույթում պահպանված ավանդությունների, ավանդապատումների,  առասպելների և ժողովրդական բանահուսության տեսքով, քանի որ հայ ժողովուրդը միակն է Հայկական լեռնաշխարհում ծնված, ձևավորված հնդեվրոպական ցեղերից, որ շարունակաբար կրել և զարգացրել է հնագույն էթնոսի մշակութային ժառանգությունը` չփոխելով բիոտոպը: 

Վերը շարադրվածի հիման վրա մենք կարող ենք արձանագրել`
Հայկական էթնոսը ծնվել, ձևավորվել և զարգացել է  Հայկական լեռնաշխարհում ստեղծելով իր ուրույն, բազմաշերտ, բազմաբովանդակ  մշակույթը, տիեզերքի կառուցվածքի մասին իր առասպելական մոդելը, աշխարհի ստեղծման և կործանման սեփական դիցաբանական կոնցեպցիան, որը տրանսֆորմացվել է զարդարվեստի, քանդակի, ճարտարապետության ապա ամենատարբեր զարգացումներ ունեցել տաճարների, եկեղեցիների, խաչքարերի արվեստում:


1. Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, 1990թ., ՙՀայաստան՚, Երևան, 324 էջ: 
2. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Տփխիս, 1913թ., գիրք III, 165 էջ: 
3. Հայկազուն Ա., Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում, 2005թ., Ալաս, Երևան, 178 էջ, 106 աղյուսակ:
4. Հարությունյան Ս. ,Հայ առասպելաբանություն. Համազգային.2004. Բեյրութ. 527էջ15 
5. Սարդարյան Սանդրո, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, 1967թ., ՙՄիտք՚, Երևան, 416 էջ:
6. Պետրոսյան Ս. ,Դասերը և եռադասության դրսևորումները Հին և Վաղմիջնադարյան Հայաստանում,Հառիճավանք . 2001. Գյումրի. 62 էջ
7. Պետրոսյան Ս.,Հայոց մեհենագրության ակունքներում,Դպիր. 2008. Գյումրի. 106էջ 16 
8. Պետրոսյան Վ., Հավատի զինանշան (Խաչքար), ՙՀայկական լեռնաշխարհը որպես Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան՚, ՀՀ ԳԱԱ, 2004թ., Երևան, էջ 62-65:  
9. Մովսիսյան Ա. Ե, Սրբազան լեռնաշխարհ, ԵՊՀ 2004 Երևան. 78էջ 
10. Մովսիսյան Ա. Ե, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը. ԵՊՀ հրատ. 2003 Երևան 92էջ
11. Շահինյան Ս., Հայաստանի քարանձավները, հ. I, 2005թ., ՙԶանգակ-97՚, Երևան, 170 էջ:
12. C. O`Kelly,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com Gill&Macmillan;2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie;
13. Nash G.  and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London p.120 Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104
14. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D.Gray&QuentinD. Atkinson. NATURE|VOL.426 |27november2003 | www.natur.com/natur
15. Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104
16. Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6  World Arckeological  Congress 2008. Dublin’’p.300. 

Հեղինակը այստեղ հավանաբար չի ցանկացել ներգրավել Հայկական Միջագետքի հնավայրերի հուշարձանները, որոնց տարիքը, ըստ գիտական գնահատման 12հազար տարուց   ավելի քան հին են:

Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (27-Դկտ-2011) | Հեղինակ: Սամվել Շահինյան Դիտումներ: 3367
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]