// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Պետականության խորհուրդն ու Հայկական հարցը

Արա Պապյան

Պետականությունը հասարակության կազմակերպման բարձրագույն ձևն է: Ազգային պետականությունը՝ ազգի կազմակերպման բարձրագույն ձևը, ազգի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, նրա դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման
ամենաարդյունավետ միջոցը: Ազգային պետությունն է տվյալ ազգի լինելիության գրավականը, ազգային ինքնության պահպանման ու տնտեսական զարգացման անսասան հիմքը:
Ըստ այդմ, երբ ազգային գոյության, ինքնության պահպանման և տնտեսական զարգացման տեսանկյունից ենք քննում արդի հայոց պետականությունը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց
Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականությունը ներկա սահմաններով և ներկա ձևով ոչ միայն ի զորու չէ և ի զորու չի լինելու երաշխավորել վերոհիշյալ գործառույթների իրագործումը, այլև խիստ խնդրահարույց է մնալու նրա՝ որպես պետական ինքնիշխան և ինքնուրույն միավորի, հարատևելու հնարավորությունը: Ընդսմին, Հայկական հարցի մասնակի լուծումը (օրինակ, միայն արևելյանսահմանների մասով, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի առումով) չի լուծելու հայոց պետականության առաջ կանգնած հիմնախնդիրները և չի չեզոքացնելու մեր գոյությանը վտանգող մարտահրավերները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Հայկական հարցի լուծումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրավունքների վերահաստատումը, ինքնանպատակ չէ: ՀՀ որպես քաղաքական ինքնուրույն և արժանապատիվ միավոր կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի և անժամանցելի իրավունքների հաստատումով կամ, ընդհանրապես, չի կարող գոյություն ունենալ որպես այդպիսին:
Հայկական հարցի լուծման բուն նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է, անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովման ճանապարհով հայերի՝ որպես մարդկության անբաժանելի և ինքնատիպ հատվածի, հարատևման ապահովումը:
Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ:
Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները.

- Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,

- Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար
նպաստավոր պայմանների ստեղծում,

- Նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային
ինքնության և մշակույթի զարգացում:

Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար: Հայկական հարցի լուծումն ունի միայն մեկ ուղի՝ խաղաղ միջոցներով, փոխզիջումների ճանապարհով, հետևողական և տևական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնելու ուղին:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և մշտապես զիջելու է, Թուրքիայի ու Ադրբեջանի, ինչպես նաև նրանց քաղաքական հոլովույթի մեջ աքցանված Վրաստանի, ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:
Այսինքն, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության և նրա իրավունքները ոտնահարած երկրների հարաբերությունները տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ ու ձևակերպումներ:

Որպես միջազգային հարց և քաղաքական խնդիր Հայկական հարցն ունեցել է մի քանի փուլ: Սկզբնավորվելով որպես Օսմանյան կայսրության հպատակ հայերի անհատական և հավաքական անվտանգության և արժանապատվության հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականության և այդ պետականության ոտնահարված իրավունքների վերահաստատման հարցի:
Ներկա փուլում Հայկական հարցը միջազգային իրավունքով արդի ՀՀ-ին հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական և բարոյական իրավունքների վերականգնումն է:
Հայկական հարցը ներկա փուլում ունի երեք հիմնական բաղադրիչ՝ տարածքային, նյութական և բարոյական: Հետևաբար, Հայկական հարցը լուծված կարելի է համարել միայն նշյալ 3 բաղադրիչներից բխող խնդիրների լիակատար լուծման՝ այն է ամբողջական կամ մասնակի հատուցման, դեպքում:
Հայկական հարցի լուծումը հնարավոր է և այն կարող է ունենալ դրսևորման բազմազան ձևեր: Այսուհանդերձ, Հայկական հարցի լուծումը հնարավոր կլինի, եթե այն խարսխված լինի իրատեսության վրա, այսինքն՝ հաշվի առնի ներկայիս ժողովրդագրական, ռազմական, քաղաքական և տնտեսական իրողությունները: Միևնույն ժամանակ, իրագործելի լինելու համար Հայկական հարցի լուծումը պիտի գործնականում նպաստի ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, տնտեսության բազմակողմանի զարգացմանը, գործակցական մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև ծառայի համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի շահերի կենսագործմանն ու նրանց տարածաշրջանի հարցերի մեջ ավելի լայն ներգրավմանը:

Տարակույս չկա, որ 1920թ. նոյեմբերի 22-ից Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանի
Հանրապետության իրավատիրությանն անցած տարածքները (նախկին Օսմանյան կայսրության Վանի,
Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների զգալի մասը) առ այսօր իրավականորեն Հայաստանի
Հանրապետության մաս են կազմում: Սակայն կարծել, որ Թուրքիայի Հանրապետությունը դրանք կամավորությամբ կամ միայն միջազգային օրենքների ճնշման տակ, առանց ռազմական ճնշման, կվերադարձնի իրավատիրոջը, իրատեսական չէ: Ուստի, անհրաժեշտ է գտնել Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների համար երկուստեք ընդունելի, Իրավարար վճռին մաս կազմած երկրների հավանությանն արժանացած, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը հաշվի առնող և միջազգային իրավունքով ամրագրելի ձև: Ընդսմին, այդ ձևը պիտի լինի այնպիսին, որ փարատի հայկական կողմի անվտանգության մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հնարավորություն ընձեռի հարաճուն և շարունակաբար զարգանալու համար, ինչպես նաև երաշխավորի հայկական մշակութային արժեքների պահպանումը: Միևնույն ժամանակ, հարցի լուծումը չպիտի էականորեն ոտնահարի Թուրքիայի շահերը և թուրքական կողմին պետք է հնարավորություն տա զգալու, որ հարցի առաջարկվող լուծումը արժանապատիվ ելք է ստեղծված իրավիճակից:
Ըստ այդմ, Հայկական հարցի լուծումը հնարավոր է խնդրո առարկա տարածքին, տարածքային վարձակալության (territorial lease) ճանապարհով, որոշակի նոր կարգավիճակ շնորհելու ճանապարհով, ուր Հայաստանի Հանրապետության de jure իրավատիրությունը կհամադրվի Թուրքիայի Հանրապետության de facto տնօրինման հետ:

Այսինքն.
Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունից, միջազգային երաշխիքներ պարունակող երկկողմ պայմանագրի հիման վրա և ողջամիտ վարձավճարով¹, վարձակալում է «Վիլսոնյան Հայաստանը»: Նշյալ պայմանագիրը և կից համաձայնագրերը ամրագրում են կողմերի իրավունքներն ու արտականությունները, ինչպես նաև միջազգային կառույցների և շահագրգիռ երկրների մասնակցության ձևն ու ընդգրկվածության ծավալը խնդրո առարկա տարածքում: Վարձավճարի չափը, վճարման ձևն ու պարբերականությունը որոշվում է համապատասխան համաձայնագրով:
Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անկախ բնակության վայրից պահպանում են իրենց քաղաքացիությունը, օգտվում են այդ քաղաքացիության ընձեռած բոլոր իրավունքներից, կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները: Երկու երկրի բոլոր քաղաքացիները ստանում են տարածքում ազատ տեղաշարժի, բեռնափոխադրման, բնակության և տնտեսական գործունեություն ծավալելու ազատ ու անկաշկանդ իրավունք: Տարածքում գործունեություն ծավալած ընկերությունները և անձինք, բացի տեղական հարկերից և վճարներից, համապատասխան օրենսդրությամբ նախատեսած չափով, հարկեր են
վճարում ըստ գրանցման վայրի և քաղաքացիության:
Երրորդ երկրների տարանցիկ փոխադրումներից (ներառյալ նավթամուղներից և գազամուղներից) ստացած եկամուտները գնում են տեղական ենթակառույցների (ճանապարհներ, երկաթուղիներ, ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ) բարեկարգմանը և զարգացմանը: Տարածքն ապառազմականացվում է, այսինքն՝ տարածքից դուրս են բերվում Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով (Treaty on Conventional Armed Forces in Europe, CFE, 1990) առանձնանշած հարձակողական բնույթի 5 զինատեսակները²: Տարածքի վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանությունը, իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված և ՄԱԿ-ի անվտանգության հովանու ներքո գործող միջազգային խաղաղապահ ուժերը: Համայնքներում կարգուկանոնն ու անվտանգությունն ապահովում
են համայնքային ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում՝ ներքին զորքերը: Տարածքում տեղակայվում են միջազգային ռազմական և քաղաքացիական դիտորդական և խորհրդատվական առաքելություններ:

1. Ողջամիտ կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության ՀՆԱ-ի 1%-ին համարժեք վճարը՝ տարեկան 8.6 մլրդ ԱՄՆ դոլար, քանի որ այդ տարածքը կազմում է Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքի գրեթե 13%-ը (ավելի քան 100 հազ. կմ2) և այնտեղ ապրում է Թուրքիայի բնակչության ավելի քան 8%-ը (մոտավորապես 5.6 մլն մարդ): Վերոհիշյալի մեջ չեն հաշվարկված նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքները, քանի որ դրա համար առաջարկվում է այլ լուծում:

2. Այդ զինատեսակներն են տանկերը, զրահամեքենաները, հրանոթները, մարտական ինքնաթիռներն ու հարձակողական ուղղաթիռները:

Առանձին քննարկման հարց պիտի դառնա և լուծման դրսևորում պիտի ունենա նախկին Ռուսական Կայսրության և Հայաստանի Հանրապետության (1878-1918/20թթ.) Կարսի մարզի, Բաթումի մարզի հարավային հատվածի և Սուրմալուի գավառի տարածքների կարգավիճակի հարցը: Ներկայումս այդ տարածքները կազմում են Թուրքիայի Հանրապետության Կարսի (9.587 կմ², 130 հազ. բնակիչ), Արդահանի (5.661 կմ², 120 հազ. բնակիչ), Արդվինի (7.436 կմ², 192 հազ. բնակիչ) և Իգդիրի (3.587 կմ², 180 հազ. բնակիչ) նահանգները: Ընդամենը՝ 26.241 կմ² (Թուրքիայի Հանրապետության տարածքի 3,4%) և 779 հազ. բնակիչ (բնակչության 1,1%) Այս տարածքների վրա, ի տարբերություն Վիլսոնյան Հայաստանի, անմիջականորեն պիտի հաստատվի հայաստանյան ուղղակի ինքնիշխանություն:

Եզրակացություն.

Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:

Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի:

Հայկական հարցը չլուծելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու հարևան երկրների իրավիճակից կամ բարեհաճությունից:

Հայկական հարցի լուծումը հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունն է և
հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:

22 սեպտեմբերի, 2009թ

Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (28-Սպտ-2011) | Հեղինակ: Արա Պապյան Դիտումներ: 1761 | Պիտակներ: Willson for Armenia, ԱՐԱ ՊԱՊՅԱՆ, իրավարար վճիռ, Վուդրո Վիլսոն, Հայ թուրքական սահման
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]