// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Մհերի Դուռ«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ 1000 ՏԱՐԵԿԱՆ ՉԷ՛
(հարցազրույց)

«Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է. եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը­»: 
Իր «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ՝ Սասնա Ծռեր էպոսը» գրքի 1-ին հատորի մուտքն այսպես է սկսել Լոսանջելեսաբնակ Արթուր Արմինը (Արթուր Լեւոնի Բաբայան): Աշխատության այս հատորը բաղկացած է երկու մասից՝ «Հնագույն հավատքի թաքնագիտական իմաստները» եւ «Սասնա Տուն հավատամք-էպոսը»: 
Առաջինում ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ հին ժամանակների աշխարհաճանաչողությունը: Երկրորդ մասում հայկական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություններն են ու վերլուծությունները, որոնք փաստում են «Սասնա Ծռեր» էպոսի հնագույն հեթանոսական հավատամք լինելը:
Ինչու՞ է հեղինակը էպոսը Աստվածաշունչ համարում, ի՞նչ թաքնագիտական իմաստներ կան մեր էպոսում, եւ եթե կարողանանք ճիշտ վերլուծել այդ թաքնագիտական գաղտնիքները, կարո՞ղ ենք առաջնորդվել դրանցով: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Արթուր Արմինի հետ:

Քաջատեղյակ լինելով մեր իրականությունում առկա մի երեւույթի մասին, այն է՝ հայկական ամեն ինչի հանդեպ հակահայկական դրսեւորումներ ցուցաբերելը, աշխատության հեղինակը երբ նշեց, թե հնդեվրոպական մայր լեզվաընտանիքի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, միանգամից հավելեց. ­ «Դա լուրջ գիտնականների խումբ է պնդել: Այսօր նրանցից մեկը կա՝ Վյաչեսլավ Իվանովը, ով դա ապացուցել է համեմատական լեզվաբանության միջոցով, մաթեմատիկական ճշգրտությամբ: 2002թ. հրատարակվեց աշխարհահռչակ գիտնական, լեզվաբան Մերրիթ Ռուհլենի «Լեզուների ծնունդը» աշխատությունը, որտեղ հեղինակը ԴՆԹ-ների լաբորատոր հետազոտությունների կողմից ընձեռնված փաստերի միջոցով որոշում է, որ ԴՆԹ-ն ուղղակի կապի մեջ է որեւէ լեզվի թրթռումնային (վիբրացիոն) համակարգի հետ: Եվ մարդու գենի ուսումնասիրության եւ դրա փաստերի հիմքի վրա (արդեն գերճշգրիտ գիտության մասին ենք խոսում) ապացուցվում է, որ հնդեվրոպացիների (արիացիների) նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Հնագույն հողագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, եւ դա բոլորն են ընդունում: Խնդիրն այն է, թե այդ հողագործները իրենց գիտելիքը փոխանցե՞լ են այլ հարեւան ռասաների, ժողովուրդների՞, թե՞ իրենք են գնացել-տարածել  գիտելիքը, զբաղվել հողագործությամբ եւ այլն: Դա էլ է հաստատված ԴՆԹ-ի հետազոտությամբ: Այլ կերպ՝ Հայկական լեռնաշխարհից գնացել են՝ իրենց հետ տանելով իրենց լեզվական բառամթերքը, աշխարհահայացքը, աստղագիտական գիտելիքները, ձիաբուծության, պղնձաձուլության եւ այլնի փորձը, ինչպես նաեւ՝ հավատամքը:» 

- Դատելով հատկապես Ձեր վերջին ասածից՝ ­«Սասնա Ծռերը»”, այսպես ասենք, էպոսների նախա՞-ն է:

- Դեռեւս 80-ականներին, Իվանովի եւ Տոպորեւի կողմից հնագույն հնդեւրոպական հավատամքային աշխարհասփյուռ պատումների վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք ֆունկցիոնալ սյուժետային այնքան մեծ նմանություններ ունեն, որ բերում են տրամաբանական մեկ եզրակացության՝ եղել է «մեկ մայր պատում», որն իր հայրենիքից գաղթելով աշխարհի չորս կողմերը, տեղայնացվել է ըստ նոր տարածքների: 
Գիտեք, երբ ուշադիր զննում ենք արիական հնագույն բոլոր հավատամքային պատումները (կելտական պատումը, թեկուզ ռուսական պատումը), ապա տեսնում ենք, որ այդ հավատամքներն ուղղակիորեն աղերսվում են տիեզերական աստեղատների շրջապտույտի եւ փուլային անցումների հետ: Բոլոր գերգլխավոր աստվածներն ունեն իրենց աստեղատները: Բոլոր պատումների աստեղատները նույնն են: Հիմա՝ հարց է ծագում՝ այս պարագայում որտե՞ղ է կենդանակերպերի հայրենիքը: Որտե՞ղ է, ո՞ր տարածքում է, որ մարդիկ ժամանակին աստղերի բաժանում են կատարել, խորհրդանիշեր տվել եւ բաժանել են ամբողջ երկինքը: Եվ ինչու՞: Ինչու-ի պատասխանը բավականին դյուրին է գտնել: Մարդիկ երկնային ժամացույց են ստեղծել, դա անհրաժեշտ է եղել կենցաղի համար: Օրինակ, երբ գութանի աստղը բարձրանում էր, հողագործը գիտեր, որ ինքն արդեն պետք է լիներ հանդում: Կամ՝ եթե գարնանային գիշերահավասարը եկել է, ապա 6000 տարի առաջ, Արեւը պետք է լինի Ցուլ համաստեղությունում եւ այլն:

- Այս ամենը ամփոփվա՞ծ է մեր էպոսում:

- Ընդհանրապես էպոսներում ամփոփված է: Բայց տարբերությունն այն է, որ եթե հնդկական տարբերակում, Րիգ-Վեդա, Ինդրա աստվածությունը բերում է գարնանային եւ ամառային շրջափուլ, եւ ասենք գարնանային գիշերահավասարին առաջինը բարձրացող աստեղատունը պիտի լինի ասենք թե Ցուլի համաստեղությունը, կամ ասենք ձմեռային արեւադարձին արեւը մայր է մտնում վիշապի (Օձակիր համաստեղության) ֆոնին, որը կա վեդայական պատումներում որպես Ինդրայի եւ վիշապի մենամարտ, ապա վեդայական տեքստերում եղած ինֆորմացիան չի համապատասխանում Հնդկաստանի տարածքին: Ձմեռային արեւադարձի օրը, տեսողական պերսպեկտիվայի համաձայն, այդ երեւույթը տեսանելի է միայն Հայկական լեռնաշխարհից:

- Հայե՞ր են ապացուցել այս տեսակետը:

- Սա տեսակետ չէ, այլ գիտություն: Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ. ժամանակին դա ապացուցել են ֆիզիկոսներ Օլքոտը եւ Ֆլամարիոնը, ովքեր փաստեցին, որ Հայկական լեռնաշխարհն է կենդանակերպ աստեղատների հայրենիքը: Նրանք դա փաստեցին երկրագնդի առանցքի տատանման եւ պրեցեսիայի օրենքի համաձայն: Օրինակ, Օքոլտը մաթեմատիկական ճշգրտությամբ ցուցեց, որ Խոյի համաստեղության զերոյական կետը գարնանային գիշերահավասարին, հորիզոնին մոտ՝ Հայկական լեռնաշխարհն է համարվել՝ ըստ զոդիակների «տեղադրության»: Բայց կա մեկ այլ կարեւոր հանգամանք. օրինակ ես ինձ հարց տվեցի՝ ինչո՞ւ են հին գիտունները ցուլ համաստեղության տեղում հենց ցուլ ենթադրել եւ ոչ թե մի այլ կենդանի: Եթե թղթի վրա լինեն 12 կետիկներ (աստղեր), ապա լավ նկարիչը այդ կետիկները իրար միացնելով՝ կուզի առյուծ, կուզի ցուլ կամ փիղ կենթադրի կամ կդարձնի: Բայց հարցն այն է, թե ինչու՞ հենց ցուլի տեղում՝ ցուլ: Պարզվում է, որ ամբողջ երկինքը քարտեզավորված է ըստ Հայկական լեռնաշխարհի գետերի, լճերի եւ լեռների տեղադրության: Հնագույն գիտունների աքսիոմն էր՝ «Ինչպես վերեւում, այնպես ներքեւում»: Հայկական Տավրոսի (տավար-ցուլ) լեռները երկնքում «Ցուլի» համաստեղությունն է, «Հիդրան»՝ Զագրոսի լեռներն են, «Ջրհոս» համաստեղությունը՝ Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքն է բնորոշում եւ այլն: Տավրոսին տվել են Տավրոս-տավար անունը եւ այլն: Եվ ահա երկնակամարում աստեղատների եւ յոթ մոլորակների շարժի մասին առկա են հնագույն արիական բազմաթիվ հավատամքների պատումներում, եւ այդ ինֆորմացիան այսօր մենք կարող ենք հետազոտել ըստ այս կամ այն տարածքի եւ ժամանակագրության: Եվ այսպիսով, ձեր հարցին ամենայն պատասխանատվությամբ մենք կարող ենք պատասխանել՝

1.- Հայկական «Սասնա Ծռեր» էպոսը պատկանում է հնագույն արիական հավատամքային կանոնական պատումների շարքին (շումերական՝ «Երբ վերեւում», հնդ-արիական՝ «Րիգ-Վեդա», հունական էպոսը եւ այլն), եւ «Սասնա Ծռերը» 1000 տարեկան կամ՝ միջնադարյան չէ՛:

2.- «Սասնա Ծռեր» էպոսը ավելի հին է (ինչպես ասում էր ակադեմիկոս Հ. Օրբելին՝ ավելի արխայիկ է քան հունական էպոսը, եւ իր վաղեմությամբ խորանում է մինչեւ նախապատմական ժամանակներ):    

- Դատելով ձեր գրքից՝ այս ամենը կա մեր էպոսում: Ցայսօր ինչու՞ չենք նկատել, գաղտնագրվա՞ծ է, թե ուշադիր չեն եղել մասնագետները:

- Մեր «Սասնա Ծռեր»-ը կառուցված է տիեզերական առաջընթացության՝ պրեցեսիայի օրենքի հիմքի վրա: Հայտնի է, որ երկրագնդի առանցքն ուղիղ չէ: Եվ Արեւի շուրջ պտտման ժամանակ այդ առանցքը տատանվում է: Այս տատանումն էլ հենց կոչվում է տիեզերական առաջընթացության օրենք: Այս տատանման պատճառով էլ երբ երկրագնդից երկինք ես նայում, թվում է՝ երկինքն է պտտվում, եւ աստեղատները շարժվում են մեկը մյուսի հետեւից: Ամեն մի համաստեղության մեջ «մնում ենք» 2160 տարի, 12 այդպիսի համաստեղությունը անում է 25 հազար 920 տարի: Ըստ հին գիտունների, սա կոչվում է՝ տիեզերական մեծ տարի: 1.5 փուլը հավասար է 38 հազար 880 տարվա: «Սասնա Ծռեր»-ը ամբողջովին կառուցված է առաջընթացության օրենքով: Էպոսում ոչ մի թիվ պատահական թիվ չէ
Այստեղ նույնիսկ խնդիրներ կան, որոնց ուշադրություն չի դարձվել: Օրինակ, Մհերը Ագռավաքարից դուրս է գալիս տարին մեկ անգամ կամ երկու անգամ (Համբարձման գիշերը եւ Վարդավառին), տեսնում է, որ հողը չի դիմանում իր ծանրությանը, հետ է դառնում: Մեր էպոսում տրված է պարզ մաթեմատիկական խնդիր՝ Մհերի արագությունը, անցած ճանապարհը եւ այլն: Լուծելով այդ խնդիրը տեսնում ենք, որ Փոքր Մհերի պարբերափուլը 54 տարի է, այսինքն արեւի խավարման պարբերափուլ (54 տարին մեկ, մոտավորապես նույն տեղում, մոտավորապես նույն ժամին տեղի է ունենում արեւի պարբերական խավարում): Այս 54 տարվա պարբերափուլը, որը հնում կոչվել է փոքր սարոս, հիմնարար թիվ է, որի հիմքով կարելի է որոշել տիեզերական մեծ տարին: Ավելին, մեր էպոսում նշված խնդրի ներկայացումը նույնությամբ կա շումերական սալիկներից մեկի տեքստում, որը հին հունական տարբերակից լիովին տարբեր ներկայացում է:

- Այսինքն՝ ենթադրելի է, որ մեր էպոսի այդքան ջահել՝ 1000 տարեկան լինելուն այլեւս անիմաստ է հավատալը:

Միհր-Մհեր- Միանշանա՛կ: Մհեր-Միհր-Միթրայի աստվածությունը, որպես պաշտամունք, աշխարհի բոլոր ակադեմիաները ընդունում են, որ այն առնվազն 4000-4500 տարեկան է: Իսկ մենք մեր էպոսում երկու Մհեր ունենք: Այդ ո՞նց եղավ, որ 1000 տարեկան եղավ մեր էպոսը: Ինչու՞ է ասվում Առյուծաձեւ Մհեր: Մոտավորապես 6400 տարի առաջ, Արեւը ամառային արեւադարձին «մտնում է» Առյուծի համաստեղություն, եւ նա դառնում է՝ «առյուծաձեւ»: Մեծ Մհերը սպանում է սեւ եզանը՝ գարնանային գիշերահավասար՝ Ցուլի համաստեղությունում է: Էպոսում ամեն ինչ այնքա՜ն ճշգրիտ է… Մեր էպոսի պատումներից մեկում Փոքր Մհերը որսի ժամանակ սպանում է իր հինգ քեռիներին, իսկ հետո մորը՝ Խանդուդին, իսկ երբ Դավիթը՝ հայրը նրան անիծում է, ապա Փոքր Մհերը ապտակում է հորը եւ Դավթի գլուխը 180 աստիճան շրջվում է մարմնի համեմատ: Հիմա, արեւմտյան հայոց պատմության եւ մշակույթի կեղծարարները, ինչպես նաեւ մեր հայրենական հին դպրոցի էպոսագետները, որոնք եռանկյան կողը ներքնաձիգից չեն տարբերում, եւ մեր էպոսը հայտարարում են 1000-800 տարեկան, մեր էպոսի այս գեղեցիկ պատումը չհասկանալով, փորձում են Փոքր Մհերի «մարդասպանության» մասին չխոսել: Երկնակամարում միայն երեւում են վեց աստեղատներ, հինգն արական են, իսկ «Կույսի» համաստեղությունը՝ իգական է: Որքան մոտենում ենք ձմեռային արեւադարձին (Դեկտեմբեր 25), աստիճանաբար «մեռնում»՝ անդրաշխարհ են գնում աստեղատները, որոնցից վեցերորդը՝ «Կույսը» անհետանում է հորիզոնում հենց ձմռանը: Ահա Փոքր Մհերի հինգ քեռիների եւ մոր՝ կույսի համաստեղության մասին պատումի իրական հիմքը: Եվ եթե արեւը՝ էպոսում Դավիթը, երկնքում ծագելով արեւելքում կորագծով է ընթանալով մայր է մտնում արեւմուտքում, ապա ձմեռային արեւադարձին (Դեկտեմբեր 22, 23, 24) ծագում է հորիզոնին «կպած» նույն տեղում՝ արեւմուտքում, եւ մայր է մտնում նույն տեղում: Իսկ երբ ըստ էպոսի՝ Փոքր Մհերը ապտակում է հորը՝ արեւ-Դավթին, եւ նրա գլուխը շրջվում է, ապա դա նշանակում է, որ արեւը ձմեռային արեւադարձին, Դեկտեմբեր 25-ին վեր բարձրանալով, փոխում է իր ուղեգծային ընթացքը եւ նորից սկսում է ծագել արեւելքում եւ կորագիծ անելով մայր մտնել արեւմուտքում, ոչ թե երեք օր ծագել նույն տեղում՝ արեւմուքում (տեղի է ունենում 180 աստիճանի շրջադարձ): Սա տեսողական պերսպեկտիվայի օրենքն է, եւ ոչ թե մարդասպանություն եւ այլն: Հիմա, Ձմեռային արեւադարձին ե՞րբ է արեւը «մոտ» Կույսի համաստեղությանը: Կարող ենք որոշել այդ ֆենոմենի ժամանակագրությունը... Փոքր Մհերը վերջին աստվածությունն է, ըստ հին քրմական գիտելիքի՝ տիեզերական Լոգոսն է, այսինքն՝ տիեզերական հոգին՝ տիեզերական նյութի մեջ: Դրա համար է նա Ագռավաքարում: Նա մաբողջ արտահայտված եւ կայացած արդյունքն է:

- Փաստորեն, ըստ Ձեր աշխատության, մեր էպոսը ընդամենը 1000 տարեկան լինել չի կարող, քանի որ բոլոր էպոսների նախա՞-ն է:

- Ովքե՞ր են ի վերջո հայոց թշնամիները հայկական բոլոր առասպելներում: Սենեքերիմ, Շամիրամ, Մըսրա-Մելիք, Բել… Այս աստվածությունների անունների ստուգաբանությունները ցուցում են որ՝ Շամիրամ (Սինա-րամա), նշանակում է՝ լուսինը բարձրացավ, Մըսրա՝ նշանակում է «լուսին» (մես, մըսր, մեսյաց, ամսոյ եւ այլն): Սենեքերիմ (Սինա-հերիբա՝ լուսինը եղբայրներս շատացրեց) եւ այլն, բոլորը ներկայանում են որպես լուսնային իպոստաս: Հիմա, աշխարհի բոլոր ակադեմիաներն ընդունում են, որ արեւային եւ լուսնային հավատամքների անտոգոնիզմը պատկանում է նախահնդեվրոպական ժամանակներին: Եվ ուրեմն, քանի՞ տարեկան է մեր էպոսը: Մեր էպոսում այնքա՜ն թաքնագիտական իմաստներ կան: Պարզապես հարկ է քիչ ավելի ուշադիր լինել եւ կարողանալ տեսնել:

- Իսկ էպոսում թաքնագիտորեն խոսվու՞մ է մեր ազգի հեռանկարի մասին:

- Համբերեք մի քիչ, խոսքս դրան եմ հանգեցնում: Լավ, միանգամից ասեմ՝ անշուշտ խոսվում է: Փոքր Մհերը ոչ միայն տիեզերափուլը փակող աստվածություն է: Փակելով հանդերձ՝ Փոքր Մհերը նոր փուլ, նոր կյանք, նոր հարություն բերող աստվածություն է: Էպոսում մեր նախնիների ամբողջ աշխարհաճանաչողությունն է: Հին գիտունների գիտական լեզուն՝ եղել է պատումային լեզուն: Դրանք մեզ հեքիաթ են թվում: Բայց… հեքիաթ չեն, պարզապես գիտական են շատ: Օրինակ, որեւէ լավ դասախոս գիտե, որ ամենաբարդ մաթեմատիկական խնդիրը եթե ներկայացնես կյանքի օրինակով, ապա այն դառնում է ամբողջական եւ ըմբռնելի: Մի խոսքով, «Սասնա Ծռեր» էպոսը հնագույն արիական հավատամքի Մայր պատումներից է, որը մեզ է հասել բանավոր փոխանցմամաբ, անշուշտ՝ վնասված ու մինչեւ այժմ էպոսում գույություն ունեցող ներքին իմաստները չմբռնված:

- Իսկ ինչու՞ եք էպոսը Աստվածաշունչ համարում: Քրիստոնյաները միշտ չէ, որ հանդուրժող են:

- Միանգամից նշեմ, որ աշխարհի որեւիցե լեզվով «Բիբլիա» - Աստվածաշունչ չի թարգմանվում: «Բիբլիա» բառի ճիշտ թարգմանությունը կլինի՝ «գիրք»: Միշտ զարմացել եմ, թե ինչու՞ է «Բիբլիան» Աստվածաշունչ թարգմանվել: Պարզվում է՝ «Սասնա տուն» - նշանակում է՝ աստվածային «հոգու տուն»: «Սասուն» բառը Աճառյանը եւ բոլորը լեզվաբանները փաստել են, որ «սանասուն» ձեւից է գալիս: Նույնիսկ կա 8-րդ դար Մ.Թ. առաջ ասորական սեպագիրը այս տեղանքի (նույն անվանմամբ) գրավման փորձի մասին: «Սան»՝ նշանակում է՝ «հոգի», 5-րդ դարից մենք ունենք «սանակից», «սանեղբայր», իսկ հետո՝ «սանամայր, սանահար» բառերը, որոնք նշանակում են՝ հոգեկից, հոգեմայր, հոգեհայր եւ այլն: Իսկ «Սուն»-ը՝ նշանակում է բխում, ծագում (տես՝ Հ. Աճառյան): Այսինքն, «Սասնա Տուն», որ հայկական էպոսի հիմնական անվանումն է, նշանակում է՝ աստվածային ոգու բխման տուն, աստվածային շունչ-հոգու տուն: Եվ, 36 աստեղատները հնագույն ժամանակներից համարվում են Վերին Աստվածային հոգու բխման տունը: Այսինքն՝ նույնիսկ «Բիբլիա­» վերնագիրը ներմուծված է մեր հնագույն հեթանոսական սրբազան  իմացաբանությունից: 

Հայոց Գրեր- Այդ 36-ն ինչ որ կապ ունի՞ մեր այբուբենի 36-ի հետ:

- Միանշանակ, այո՛: Մաշտոցյան այբուբենի 36 տառերը, իմ խորին համոզմամբ, մոռացված ու լրացումներով վերականգնված հնագույն համակարգն է, որի զուգահեռն է 36 աստղերի ու աստեղատների համակարգը: Նաեւ պատահական չէ, որ Վանի թագավորության 8 գերագույն աստվածություններին զոհաբերվում են 36 ցուլեր: Թաքնագիտությունը հնարավորություն է տալիս բացել բազմաթիվ ենթատեքստեր: Օրինակ, Մաշտոց անունը նշանակում է «վիշապ», այնպես ինչպես հոգեւոր մեծ վարպետ Պյութագորասի անունն է՝ Պիթա-վիշապ իմաստով: «Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց» հաղորդումը թաքնագիտական նշանակություն ունի միայն, քանզի ճգնելու համար 3 տարին ծիծաղելի ժամանակ է. ճգնավորները 30, 40 տարի էին ճգնում: «Մաշտոցը լեռան կատարին 3 տարի ճգնեց» հաղորդումում, «լեռը»՝ քար-ժայռ-երկինք նշանակությունը եւ իմաստն է կրում: «Երեք տարի» ծածկագիրը Մաշտոցի հոգեւոր երրորդ աստիճանն է ցուցում (մարմնում չորրորդ հոգեւոր աստիճան հնարավոր չէ ունենալ): «Աստծո ձեռքը, քարի վրա, Մաշտոցի համար գրեց 36 տառերը» թաքնագիտական հաղորդումը հետեւյալ ձեւով է կարդացվում: «Քար» եւ «Երկինք» համարժեք են հնագույն հնդեվրոպական տրադիցիաներում: «Ձեռք»-ը՝ աստեղատուն է երկնքում, որը հունական Քիրոնն է, եգիպտական Թոթը, հայկական Տիր դպրության դիցը, որի անունով ամիսը (ՏՐԵ) համապատասխանում է «Աղեղնավոր» համաստեղության հետ: Փաստորեն, Աստծո ձեռքը՝ «Աղեղնավոր», գրում է քարի՝ «երկնքի» վրա հայոց 36 տառերը, որոնք ի վերջո 36 աստղերն ու աստեղատներն են: Մյուս հանգամանքը: Հայկական այբուբենում Մաշտոցը ներմուծեց մեհյանական դպրության մեջ չգրվող, գաղտնի 7 ձայնավորները, որոնք 7 մոլորակների հնագույն նշաններն էին՝
 
1. Ա – Արեւ,   
2. Ի – Լուսին, 
3. Ե – Մարս, 
4. Ւ (ու) – Վեներա, 
5. Է – Յուպիտեր, 
6. Ո – Մերկուրի, 
7. Ը – Սատուրն… 

Նաեւ, մեր 36 տառերի մասին: 1-ից մինչեւ 8 թվերի գումարը 36 է (նախահնդեւրոպացիների թվային համակարգը եղել է 8-ական), 1-ից մինչեւ 36 թվերի գումարը հավասար է 666: «666»-ը ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը:

- Փաստորեն, մեր էպոսում թվերը պարզապես թվեր չեն ու թաքնագիտական մի ամբողջ համակարգ են:

- Ընդհանրապես, հնագույն հավատամքներում թվերը եւ չափումները աղերսվում էին աստվածների անունների եւ «միստիկ ծավալների հետ»: Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չի նկատվել, եւ ցայսօր «հնագույն հավատամքները որպես արարչության մասին թվային համակարգեր» մոտեցումը որդեգրված չէ ոչ լեզվաբանությամբ եւ ոչ էլ պատմագիտությամբ զբաղվող գիտնականների կողմից: Հին կտակարանի՝ «Աստված աշխարհն արարեց 6 օրում»-ը տիեզերական Լոգոսի՝ Ադամ-Կադմոնի, Հորոսի, Փոքր Մհերի թիվն է, որ ժամային արտահայտությամբ՝ 144 կամ 144000 է (6 օր x 24 ժամ) եւ հնագույն շումերական 6-60 թվային հիմքով համակարգի ազդեցության արդյունքն է: Ի դեպ, վեդայական Բրահմայի 1 օրը (60-ի խորանարդ x 20) նույնպես ժամային՝ «60»-ական համակարգ է, եւ նրա հոգեւոր, ծածկագիր անունը՝ թի՛վ է: Հայկական էպոսում, դիցերի անունները՝ ՍԱՆ Ա ՍԱՐ, ԾՈՎԻ ՆԱՐ (ՍԱՐ = ՇԱՐ = 3600 տարի կամ ամբողջ շրջան, ՆԱՐ = 600 տարի) եւ այլն, հայկական լեռնաշխարհի հնագույն շրջանի աստվածների թվային ծածկանուններն են: Արարչության մասին հնագույն հավատամքը համակարգ է նաեւ իր թվային ներկայացմամբ: Հնագույն հավատամքի կարգակառույցները բարձրագույն քրմական կաստայից են դուրս եկել: Հետո տարածվել են, բայց հասարակ ժողովրդի կողմից իբրեւ պատում են ընկալվել:

- Այլ կերպ՝ պատումները, առասպելները... ամենեւին էլ չափազանցությու՞ն չեն, պատումները քրմերի համար գիտությունը փոխանցելու ձեւ՞ են եղել:

- Նրանք գաղտնագրված լեզու են ունեցել: Կենդանիների խորհրդանիշները, թվերի գույնային ներկայացումը, ենթատեքստային ակնարկները եւ այլն, որոշակի նշանակություն ունեն: Դրանք իմանալով՝ լեզուն հասկանում ես, պատումը բացում ես:

- Այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր անուն էլ թիվ է ու կարող է ինչ-որ բան հուշել: Աստվածների անուններն ինչ-որ բան հուշու՞մ են:

- Ո՛չ, ես խոսում եմ գիտության մասին, ոչ թե գրբացության: Աստվածների անունները մաթեմատիկական գործողություններում գործածվող տերմին-բառեր են եղել: ՄԻՀՐ կամ ՄՀԵՐ. շումերական դպրոցներում, մեզ հասած մաթեմատիկական տեքստերով սալիկների վրա գրված է, որ ՄԻՀՐ-ը նշանակում է՝ «հավասարաչափ քառակուսու մակերես»: Հիթիթների մոտ այս անունը՝ ՄԱՀՈՒՐ,- «ժամանակ» է նշանակել: Վերջին հաշվով, սա ԱՐԵՎ եւ ԼՈՒՍԻՆ համատեղությունն է. Mah+ ur, Mah + er, ՄԻՀ, ՄԱՀ + ԱՐ, Մահ-մահիկ-լուսին եւ Ար-Արեւ: Այսինքն, ըստ հին գիտունների, օրվա 24 ժամը բաժանված է 2 կեսից, Լուսնի իշխանությունը գիշերային 12 ժամերն են, իսկ Արեւի իշխանությունը՝ ցերեկային 12 ժամերն են: Միհրի բոլոր տաճարները 24 սյուներ ունեն, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Բրահմայականության մեջ հոգեւոր վարպետները՝ սվամինները, գերագույն աստծո անունը արտաբերում են՝ «Narayan Hari» (Նարայան Հարի): Սա գերագույն էակի՝ Բրահմայի թե՛ անձնանունն է, եւ թե՛ թվային անունը: Բրահմայի 12 ցերեկային ժամերը՝ 4 մլրդ 320 մլն մարդկային տարի է եւ բաժանված է 4 ժամանակային մահայուգաների՝ 
ա/ 8 x 60³, 
բ/  6 x 60³, 
գ/  4 x 60³, 
դ/  2 x 60³ 
 Սա իրականում շումերական թվային՝ 60-ական հիմքով համակարգ է: Այսօրվա 1 ժամը = 60 րոպե, 1 րոպեն = 60 վայրկյան, շրջանագիծը = 60 x 60 = 3600, որը 360° է եւ այլն: Մի բան էլ հավելեմ, որ շատ տեղին է: 
Նոր կտակարանում սատանան՝ ՆԵՌ-ը, գազանը, որն աղերսվում է «666» թվի հետ («...եւ գազանի թիվը 666 էր...»), թաքնագիտության մեջ բոլորովին այլ նշանակություն ունի: «666»-ն իրականում ոչ թե գազանի թիվն է, այլ՝ արեւի ծածկագիրը: Իրականում իր անունը ստացել է շումերական 600 թվի անունից՝ ՆԵՌ < ՆԱՐ = 600, որը 600 տարեշրջանի անվանումն է, հունարեն՝ neros, սրա հայերեն իպոստասը՝ Ծովի-նար: Հայերեն՝ ներ(ք)-ին, ԻՆ> ԱՆ > ՀԱՆ – ի ներսը, նաեւ՝ նախաշրջան, որը իգական հիմք ունի:

- Հիմա ո՞րն է «666»-ի ճիշտ բացատրությունը:

- Եթե հնագույն հավատամքներում «6» թիվը համարվում էր աստվածային՝ հոգու 3») եւ նյութի 3») միացություն, հոգին նյութականի մեջ արտահայտվելու շրջափուլի թիվ, իսկ «9» թիվը՝ բացասական, որպես նյութական տիեզերքի գոյության չեզոքացում-լուծարում՝ որպես շրջափուլի վերջ, ապա քրիստոնեության ժամանակ, քրիստոնեական աշխարհամերժությունը «6»-ի եւ «9»-ի իմաստները շրջեց. նյութական աշխարհի արտահայտման «6» թիվը դարձավ ատելի, իսկ նյութական աշխարհի լուծարման թիվը՝ «9»-ը՝ համարվեց աստվածային: Հնագույն հավատամքներում «6», «60», «600» թվերը համարվել են ամենայն գոյության հիմքը եւ համարվել են՝ սրբազան
Այս ամենը հնագույն աշխարհաճանաչողական մոտեցումներ են, որ հետագայում չիմացության եւ տգիտության պատճառով՝ կամ դառնում են բախտագուշակության միջոց, կամ էլ՝ «վայ գիտնականների» կողմից ընդունվում են որպես «էպոսահեքիաթ»:

Հիշատակեմ երկու մեր մեծերի՝ Հովսեփ Օրբելու եւ Հովհաննես Թումանյանի նկատառումները: Ակադեմիկոս Հ. Օրբելին, պատմական դեպքերն ու դեմքերը զուտ կաղապարային հագուստներ համարելով, ընդգծում է հայկական էպոսի կոսմիկական բնույթը: Իսկ Հ. Թումանյանը գրում է. «...այդ առասպելական (դիցաբանական, միթնոսական) պատմությունն է, որ կազմում է ամեն ազգի գրական պատմության նախադուռը: Նրա ստեղծագործության մեջ գործ չունեն քմահաճույքն ու ֆանտազիան: Առասպելը անխուսափելի, տեսողական երեւույթ է, բացատրելի պերսպեկտիվայի օրենքներով, որին ենթարկվում է տարածության նման ե՛ւ ժամանակը»:

Հարցազրույցը վարեց եւ նյութը պատրաստեց Աստղինե  Քարամյանը

  • Download ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ



Աղբյուր: http://vahagnakanch.wordpress.com/2011/04/09/%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A3%D5 Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Սպտ-2011) | Հեղինակ: Արթուր Արմին, Աստղինե Քարամյանը W Դիտումներ: 4492 | Պիտակներ: ԹԱՔՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մաշտոց, Սասնա ծռեր, Փոքր Մհեր, աստվածաշունչ, Մեծ Մհեր, էպոս, սասունցի Դավիթ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]