// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ XI


| ՏԱՍՆՈՒՄԵԿԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


Եւ Գիլգամեշն ըսավ Ուտնապիշտիմին՝ հեռավորին.

- Երբ քեզի կը նայիմ, Ուտնապիշտիմ, կը տեսնեմ, որ քու չափերդ տարբեր չեն, ինձմե ոչ երկար ես եւ ոչ ալ լայն։ Դուն ալ ինձի պես ես, այո՛։ Դուն տարբեր չես, այլ ինձի պես ես։ Ահալի չէ ինձի համար քեզի հետ պայքարի մտնել։ Դուն ալ ինձի պես կռնակիդ վրա կպառկես։ Արդ, ըսե ինձի, թե ինչպե՞ս դուն աստվածներուն շարքը անցար եւ ինչպե՞ս փնտրեցիր ու գտար կյանքը։

Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին.

- Թաքուն բան մը կուզեմ հայտնել քեզի, Գիլգամեշ, աստվածներուն գաղտնիքը կուզեմ հայտնել քեզի։ Անշուշտ կը ճանչնաս Շուրիպպակ քաղաքը, որ Եփրատի ափը կը գտնվի։ Ան շատ հին քաղաք մըն էր, ուր աստվածները կը բնակին: Եւ արդ, աստվածները կորոշեն՝ ահավոր ջրհեղեղ մը ընել։ Խորհրդի նստած էին մեծազոր աստվածահայր Անու, դյուցազն Էնլիլը, իրենց խորհրդական Նինուրտան, պաշտոնավար Էննուգին եւ ջրերու խորությանց աստված Նինիգիկու-Էան։ Այս վերջինը աստվածներուն որոշումն ու հրամանը հաղորդեց եղեգնաշեն տնակին.

«Եղեգնատուն, եղեգնատուն, պատ-պատվար եղեգնատուն, լսիր դու պատ եւ իմացի՛ր։ Շուրիպպակցի, Ուբար-Տուտուի որդի, տունդ քանդիր, տապան մը շինե, հարստությունդ թող եւ կյանքդ փըրկիր։ Գույքերեդ հրաժարե, հոգիդ ազատե, ամեն տեսակ կենդանի նավիդ մեջ վերցուր։ Շինելիք նավուդ երկայնքը եւ լայնքը համաչափ պիտի ըլլա եւ վրան տանիք մը շինե»։

Գթասիրտ Էային խոսքերուն իմաստը հասկնալով, ըսի տիրոջս.

«Տե՛ս, տեր, ինչ որ ինձի կը հրամայես, ակնածանքով կընդունիմ եւ կուզեմ կատարել հրամանդ, բայց ի՞նչ , պիտի ըսեմ քաղաքին բնակիչներուն եւ մեծերուն»։

Էան բերանը բացավ եւ ըսավ ինձի, ի՛ր ծառային. «Ո՜վ, զավակդ աշխարհի,- պետք է իրենց այսպես ըսես. «Իմացա, որ այլեւս Էնլիլի աչքեն ինկած եմ, անոր համար չեմ կրնար ձեր քաղաքը բնակել։ Էնլիլի երկիրը այլեւս տեսնել չեմ ուզեր։ Առայժմ տապանը կուզեմ իջնալ, ապագային տիրոջս՝ էայի մոտ բնակելու համար։ էան ձեր վրա վարար անձրեւի պես առատություն պիտի տեղա առատ հավեւլեն, ձկնեղեն եւ բերք պիտի պարգեւե ու երկիրը հարստության մեջ պիտի լողա, մինչեւ որ երեկո մըն ալ մութը պատե եւ տեղատարափ անձրեւ ու կարկուտ տեղա ձեր վրա»։» 

Արեւածագին ամեն բան պատրաստեցի եւ ծովեզերք գնացի եւ սկսա տապանը պատրաստել։ Փայտ, խայծղան եւ ուրիշ ինչ որ պետք էր, ճարեցի, նավուն հատակագիծը կազմեցի եւ գծեցի։ Բոլոր ծառաներս, ուժեղ կամ տկար, գործի անցան։ Հինգ օրեն տապանին արտաքին մասր ավարտվեցավ։ Տապանին հատակը մեկ իկու¹ մեծություն ուներ, եւ պատերն ալ հարյուր քսան կանգուն բարձրություն ունեին։ Նմանապես հարյուր քսան կանգուն էր անոր տանիքեն եզերքը։ Տապանը յոթ հարկեն էր։ Հատակը ինը մասի բաժանեցի։ Մեջտեղը գուբեր զետեղեցի եւ ջուրով լեցուցի։ Տապանին ուղղություն տալու համար երկար ձողեր ճարեցի. ինչպես նաեւ ուրիշ պիտույքներ, վեց շար կուպր վառարանին համար, երեք շար խայծղան ամբարեցի։ Բեռնակիրները երեք շար ձեթ ներս բերին. մեկ շար² ձեթ դուռներ յուղելու համար պետք եղավ, երկու շար ձեթ ալ նավապետը պաշար ըրավ։ Քաղաքին բնակիչները կերակրելու համար շատ արջառներ մորթեցի, ամեն օր ոչխար ալ կը սպանեի։ Գետի ջուրի պես առատ սուսամի յուղ, քաղցու եւ գինի խմցուցի ու նոր տարվան տոնին պես խնջույք սարքեցի։
Յոթներորդ օրը տապանը պատրաստ էր: Բայց զայն ջուրը իջեցնելը եւ բեռնելը շատ դժվար էր: Տապանը հեծաններու վրա հանելե հետո նիգերով հրեցինք եւ վերջապես ջուրր իջեցուցինք:
Նավուն երկու երրորդը ջուրին մեջ թաղվեցավ։ Ինչ որ ունեի, նավին մեջ բարձրացրի ու տեղավորեցի, որքան արծաթ եւ ոսկի ունեի, նավուն բեռնեցի, նաեւ տեսակ-տեսակ անասուններ նավ հանեցի: Ընտանիքս ու տոհմս, բոլորն ալ նավի մեջ լեցուցի: Նաեւ վայրի անասուններեն մեկ-մեկ հատ հոն տարա: Բոլոր վարպետները նավուն մեջ վերցրի։
Շամաշ ինձի հետեւյալ պայմանաժամը որոշեց. «Երբ խավարին տերը երեկոյան մթնշաղը տարածե ու երկրիս վրա կարկուտ եւ անձրեւ տեղա, դուն ներս քաշվե եւ տապանիդ դուռը գոցե»:
Որոշված ժամանակը եկավ. իրիկուն մը խավարին տիրողները երկրիս վրա սոսկալի անձրեւ եւ կարկուտ թափեցին: Դուրս նայեցա, տեսա, որ զարհուրելի էր օդը: Տապանը մտա եւ դուռը գոցեցի: Պուզուր-Ամուրի նավավարիս հանձնեցի նավ-պալատս եւ անոր մեջ եղածները է:

Առաջին այգալուսը ծագելուն մութ եւ փոթորկաբեր ամպեր դիզվեցան երկնքին երեսր։ Այդ միջոցին սեւ ամպերուն մեջեն փայլակի եւ ամպրոպի աստվածը՝ Ադադը որոտաց. Շուլլատ եւ Խանիշ անոր առջեւեն, իբրեւ սուրհանդակներ կը սուրային լեռներու ու ձորերու վրայ են։ Էրագալ վերջապես փրցուց աշխարհիս ղեկը, Նինուրտան գնաց եւ հակառակ ուղղությամբ հոսանքներ առաշ բերավ։ Անհունակիները ջահերը բարձրացնելով կը լուսավորին երկիրը իրենց սոսկալի լույսով։ Ադադի զայրույթը մինչեւ երկինք կը հասնի։ Երկինք-գետինք իրար կը խառնվին. լույսին նշույլը չի մնար, ամբողջ երկիրը, կլոր կճիկի նման ջարդ ու փշուր ըլլալով կործանվեցավ։
Ամբողջ օր մը փոթորկաբեր հարավային քամի փչեց, ջուրերուն տակ թաղեց լեռները, խեղդամահ ընելով մարդկությունը։ Երկրիս վրա մարդիկ այլեւս իրար չէին տեսներ, աստվածներն ալ մարդկանց չէին տեսներ։ 
Աստվածներն ալ այս ահեղ ջրհեղեղեն սարսափեցան, Անուի երկինքը բարձրացան, շուներու պես կծկտեցան եւ դուրսը թափոր կազմեցին։ Ծննդաբերողի մը նման կը ճչե Իշտարը, գեղաձայն դիցամայրը կողբա. «Ինչ որ կար, հող դարձավ, վասնզի աստվածներուն ժողովին մեջ վատ խոսեցա։ Աստվածներուն ժողովին մեջ չար խոսքեր արտասանելով կռիվ ստեղծեցի. ժողովըրդիս բնաջնջման պատճառ եղա։ Իմ արգանդես ծնած մարդկությունր ձկնիկներու պես ծովին մեջ թափված են»։
Անհունակիներն ալ լալագին կողբան դիցամոր հետ, ասավածները կկզած՝ կուլան ու կողբան դողդոջուն շրթունքներով։
Վեց օր եւ յոթը գիշեր քամին դեռ սաստիկ կը փչեր. վիշապ հողմն ու հեղեղը երկրիս վրա կը նետվեին։ Թոհուբոհը յոթը օր տեւելե հետո, հարավային քամին վերջապես հաղթեց վիշապ հողմին, զորքի նման կռիվ մղելե ետք։ Ծովը վերջապես հանդարտվեցավ ու խաղաղվեց։ Վիշապ հողմը տեղի տվավ եւ ջրհեղեղը վերջացավ։
Եվ այն ատեն երդիկը բացի, լույսը երեսիս զարկավ, օդին երեւույթը տեսա ամենուրեք լռություն. ամբողջ մարդկային սերունդը հող դարձած էր։ Տափարակ տանիքի մը նման փռված էր ճահիճը։ Գետինը ծունկի գալով լացի արցունքներս երեսներես վար վազեցին։
Ծովուն մեջեն ափերուն կը նայեի, տասներկու երկժամեն կղզի մը երեւան ելավ։ Այնտեղ, Նիսիր լեռան մոտ կանգ առավ տապանը։ Նիսիր լեռան վրա հանգչեցավ տապանը ու չկրցավ այլեւս տեղեն շարժիլ։ Օր մը, երկու օր Նիսիր լեռը պահեց տապանը եւ չթողուց, որպեսզի տեղեն շարժի։ Երեք եւ չորս օր Նիսիր լեռը պահեց տապանը եւ չթողուց, որ տեղեն շարժի։ Հինգ եւ վեց օր Նիսիր լեռը պահեց տապանը եւ չթողուց որ տեղեն շարժի։ Յոթներորդ օրը աղավնի մը տապանեն դուրս արձակեցի։ Ցամաք չգտնելով վերադարձավ։ Հետո ծիծեռնակ մը տապանեն դուրս արձակեցի։ Ան ալ ցամաք չգտնելով վերադարձավ։ Վերջապես ագռավ մը տապանեն դուրս արձակեցի, թռավ, իջավ հոն ուր ջուրը ցամքած էր, կերավ, պճռթկեց, կոչեց եւ չվերադարձավ։ Հետո տապանեն դուրս արձակեցի ամենքը - մարդիկ եւ անասունները - եւ չորս հովերուն հանձնեցի։ Զոհմը ըրի եւ լեռան գլուխը հատիկ ցանեցի, իբրեւ մատաղ, երկու տեղ յոթնական աման դրի եւ անոնց մեջ մուրտ, խնկեղեն եւ մայրի ծխեցի։
Աստվածները վերեն հոտը առին։ Շատ չանցած աստվածները ճանճերու պես մատաղին շուրջը հավաքվեցան։ Երր մեծ դիցամայրը եկավ, բարձրացուց իր մեծարժեք գոհարները, որոնք աստվածահայր Անուն շինած էր իր փափագին համաձայն. «Ոհ, աստվածներ, ինչպես որ ես վիզես կախված լազվարթը չեմ կրնար մոռնալ, այնպես ալ կուզեմ միտքս պահել այս օրերը, որպեսզի հավիտենապես չմոռնամ։ Արդ, աստվածները թող այս հաճելի մատաղին մոտենան, բայց Էնլիլը թող այս աստվածավայել մատաղին չի մոտենա, քանզի ան էր, որ առանց մտածելու եւ կշռելու ջրհեղեղ հանեց եւ իմ ժողովուրդս տիղմին մեջ խեղդամահ ըրավ»։

Դյուցազն Էնլիլ երբ եկավ, տապանը տեսավ, բարկութենեն կրակ կտրեցավ եւ Ւգիգի-աստվածներուն դեմ զայրանալով ըսավ. «Հոգի մը մահեն ազատված է։ Որեւէ մեկը պետք չէր, որ ազատեր, տիղմին մեջ մնալու էր»։
Նինուրտան բերանը բացավ խոսելու համար եւ ըսավ դյուցազն Էնլիլին. «Էայեն զատ ո՞վ կրնա այսպիսի ծրագիրներ մշակել։ Էան է, որ ամեն բանի ատակ է»։
Էան բերանը բանալով, ըսավ դյուցազն Էնլիլին.
«Դյուցազն, դուն որ բոլոր աստվածներեն իմաստուն ես, ինչպե՞ս կրցար անխոհեմ կերպով ջրհեղեղ անել։ Թող միայն այն քավեր մեղքը, ով որ մեղավոր էր, թող պատժվեր միայն այն, ով որ ոճրագործ էր։ Պետք էր որ համբերեիր, ոչ թե սպանեիր: Փոխանակ ջրհեղեղ հանելու, կրնայիր առյուծ մը արձակել, որ մարդոց թիվը պակասեցներ, ջրհեղեղիդ փոխարեն, ավելի լավ կըլլար, եթե գայլ մը գար եւ մարդոց թիվը պակասեցներ, ջրհեղեղիդ փոխարեն կրնայիր սով մը բերել աշխարհիս վրա։ Ջրհեղեղիդ փոխարեն ավելի լավ կըլլար, եթե համաճարակը գար եւ ուչնչացներ մարդկությունը։ Բայց ես չուզեցի մեծ աստվածներուն գաղտնիքը հայտնել: Եղեգե պատին մեջեն մեծ իմաստունին՝ Ուտնապիշտիմին միայն երազ մը ղրկեցի։ Ահա այն այսպես տեղեկացավ աստվածներուն գաղտնիքին։ Այժմ դու նրան խորհուրդ տուր։

Էնլիլ ալ նավս բարձրացավ, ձեռքես բռնեց, որպեսզի ես եւ կինս տապանես իջնանք։ Հետո հրամայեց, որ կինս ծունկի գա քովս։ Ապա ինքը երկուքիս մեջտեղը կեցավ, ձեռքը մեր ճակատին դնելով մեզ օրհնեց. «Ուտնապիշտիմ նախապես մարդու զավակ էր, ասկե հետո մեզի, աստվածներուս, հավասար են Ուտնապիշտիմը եւ իր կինը։ Արդ այնտեղ հեռուն, գետաբերանին մոտ թող բնակի Ուտնապիշտիմը»։ 
Այսպես զիս տարին ու հեռուն, գետաբերանին մոտ բնակեցուցին։
Ո՞վ պիտի կրնա հիմա աստվածները շուրջդ հավաքել, որպեսզի դուն, Գիլգամեշ, կարող ըլլաս գտնել կյանքը, զոր կը փնտրես։ Եկուր անգամ մը փորձե տեսնեմ կը դիմանաս առանց, քունե վեց ցերեկ եւ յոթ գիշեր։
Գիլգամեշ գետինը նստելուն պես, քամու նման համակեց նրան քունը։ Ուտնապիշտիմ ըսավ կնոջը.

- Ահա, տես քաջ մարդը, որ կյանքին կը բաղձա։ Քունը քամու նման վրան հարձակեցավ։

Կինը ըսավ Ուտնապիշտիմին.

- Շոշափե մարդը, որպեսզի ան արթննա, եւ ողջ առողշ երթա իր երկիրը, նույն ճամփով հասնի ուրկե եկավ։ Երթա մտնե այն դռնեն, ուրկե դուրս ելավ։

Ուտնապիշտիմ ըսավ իր կնոջը.

- Այո, դուն բարի ես, կը ցավակցիս մարդուն։ Ուրեմն ելիր, իրեն համար հաց եփե ու սնարին տակը դիր եւ պատին վրա խազե այն օրերը, որոնք քնանալով կանցնե։ 

Կինը Գիլգամեշին համար հաց եփեց եւ անոր սնարին տակը դրավ եւ այն օրերը, որոնք քնանալով անցուց, պատին վրա խազեց։ Առաջին անգամ թխված հացը բոլորովին չորցավ, երկրորդը՝ բոթ-բոթ եղավ, երրորդը՝ բորբոսնեց, չորրորդը արդեն ճերմակացած էր։ Հինգերորդը՝ գույն կառնե, վեցերորդը՝ արդեն եփած է, յոթներորդը՝ դեռ թոնիրը չդրած եւ ահա, իմաստուն Ուտնապիշտիմը արդեն մշտեց Գիլգամեշը եւ ան արթնացավ:
Գիլգամեշ բերանը բացավ եւ ըսավ Ուտնապիշտիմին՝ հեռավորին.

- Հազիվ քունը աչքս ինկավ, զիս մշտեցիր եւ քունս խռովեցիր։ 

Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին.

- Ելիր համրե, Գիլգամեշ, ելիր համրե հացերդ, որպեսզի գիտնաս, թե քանի օր քնեցիր։ Առաջին անգամ կողված հացը բոլորովին չորցավ, երկրորդը՝ բոթ-բոթ եղած է, երրորդը՝ բորբոսնած է։ Չորրորդը արդեն ճերմակացած։ Հինգերորդի գույն կառնե, վեցերորդը՝ արդեն եփած է, յոթներորդը՝ դեռ թոնիրը չդրած, արդեն արթնցար։

Գիլգամեշ ըսավ հեռավորին՝ Ուտնապիշտիմին,

- Վա՜յ ինձի, ի՞նչ կրնամ ընել, ո՞ւր կրնամ երթալ, քանի որ քունը, ավազակի մը նման, օձիքես բռնեց։ Ննջարանս նստած է մահը, ուր ալ որ ոտքս դնեմ, այնտեղ է մահը։

Եւ Ուտնապիշտիմ ըսավ իր նավավարին՝ Ուրշանաբիին.

Չըլլա ուրիշ անգամ այս քարափը ոտք կոխես, Ուրշանաբի, չըլլա, որ ուրիշ անգամ որեւէ մեկը ջուրեն այս կողմ անցկացնես, չըլլա, որ ուրիշ անգամ որեւէ մահկանացու մը ջուրին այս կողմը անցկացնես եւ կայքս բերես։ Ահա նայիր վրան, տես գլուխը այն մարդուն, զոր այստեղ բերիր: Ամբողջ մարմինը աղտով ծածկված է, հագած մորթերը անոր անդամներուն գեղեցկությունը այլափոխած են։ Ուրշանաբի, հետդ առ եւ ջուրին քովը տար զինքը, որպեսզի լվացվի եւ ձյունին պես ճերմկի։ Թող կեղտոտ մորթերը վրայեն հանե, նետե,որպեսզի ծովը տանի: Իր գեղեցիկ եւ ձյունաթույր մարմինը թող նորեն երեւան գա։ Գլուխը թող նոր փաթթոց մը կապե, նոր հագուստ հագնի, ամոթը գոցելու համար։ Մինչեւ որ Գիլգամեշ եկած ճանապարհներով իր պարսպապատ քաղաքը՝ Ուրուկ չհասնի, թող չմաշի ու նոր մնա։

Ուրշանաբին առավ ու ծովափը տարավ Գիլգամեշը, որ հոն լոգանք ըրավ եւ մաքրվեցավ եւ ձյունի պես ճերմկցավ։ Մորթը ջուրին մեջ նետեց որպեսզի առնի տանի: Մարմնի գեղեցկությունը երեւան եկավ։ Գլխուն փաթթոցն ալ նորոգեցավ, նոր հագուստ մը հագավ ու ամոթը գոցեց։ Եվ մինչեւ որ եկած ճանապարհով իր պարսպապատ քաղաքը չհասավ, հագուստին գույնը չնետեց, չմաշեցավ։

Գիլգամեշ եւ Ուրշանաբի նավը նստան ու մեկնելու վրա էին, երբ Ուտնապիշտիմին կինը ըսավ իր ամուսնուն հեռավորին. 

- Գիլգամեշ չարչարվեցավ, մաքառեցավ ճիգ թափեց, որ այստեղ գա։ Անշուշտ բան մը պիտի տաս, որ հետը տանի։

Գիլգամեշ երբ այս խոսքերը լսեց, ձողը վերցուց եւ նավը դարձյալ դեպի ծովափ  հրեց։
Ուտնապիշտիմ ըսավ Գիլգամեշին.

- Դուն, ո՜վ Գիլգամեշ, չարչարվեցար, մաքառեցիր, ճիգ թափեցիր այստեղ եկար, ի՞նչ կրնամ տալ քեզի որ հետդ տանիս: Գիլգամեշ, կուզեմ քեզի գաղտնիք մը տալ։ Այո, անծանոթ, կենարար բույսի մը տեղը պիտի ըսեմ քեզի, բույսի մը տեղ, որուն արմատները եւ ճյուղերը փշատիի կը նմանին եւ վարդենիի նման կը խայթեն ձեռքդ։
Եթե կրնաս այս հրաշագործ բույսին տիրանալ, որ Եփրատի ջուրերուն մեջ կաճի, մշտնջենապես երիտասարդ կը մնաս։

Գիլգամեշ այս խոսքերը լսելով, ոտքերուն ծանր քարեր կապեց, չուրին խորը սուզվեցավ, քաշեց, արմատով հանեց հրաշագործ բույսը, որ ձեռքը խայթեց։ Երբ քարերը ոտքերեն արձակեց, ալիքները զինքը նորեն գետափ նետեցին։

Գիլգամեշ ըսավ նավավարին՝ Ուրշանաբիին.

- Ուրշանաբի, այս կախարդական բույս մըն է, որ մարդուս կյանք եւ շունչ կուտա։ Կուզեմ զայն Ուրուկ տանել ու ծերերին տալ, որ ուտեն։ Այդ բույսին անունր «ծերը երիտասարդացնող» է։ Ես ալ կուզեմ այդ կասկենիին պտուղեն ուտել հավետ երիտասարդ մնալու համար։

Ողջ առողջ ծովը ճեղքեցին, գնացին եւ քսան երկժամ երթալե ետք քիչ մը հաց կերան։ Երեսուն երկժամ ճամփորդելե ետքը հանգչեցան ու քնեցան։
Գիլգամեշ զով ջուրով լեցուն ավազան մը տեսավ, մեջը նետվեցավ լոգանքի համար։ Օձ մը այդ դյութական բույսին հոտը առնելով, գաղտագողի սողաց, ջուրեն դուրս ելավ եւ այդ կենարար բույսը գողցավ, կերավ ու վերադարձին շապիկը փոխելով երիտասարդացավ։
Գիլգամեշ կը նստի արյուն-արցունք կը թափե. կուլա եւ արտասուքը երեսն ի վար կիջնեյ Ուրշանաբիին դառնալով կըսե.

- Ո՞մ համար չարչարվեցա, որո՞ւն օգտին հոգնեցան թեւերս։ Որո՞ւ համար սրտես արյուն կը հոսի։ Ա՛խ, ինձ համար բարիք չըրի այլ գետնի սողունին բարիք ըրի։

Քսան երկժամ ճամփա կտրելե ետք, իրենց պաշարեն քիչ մը կերան, երեսուն երկժամ քայլելե ետք հանգչեցան ու քնեցան։

Երբ վերջապես պարսպապատ Ուրուկ հասան, Գիլգամեշ ըսավ նավավար Ուրշանաբիին.

- Ուրուկի պարսպների վրա ելի՛ր, Ուրշանաբի, ելիր եւ տես, թե որքան ամուր են շինված, քննե անոնց հիմքը, տե՛ս, թե արդյոք թրծված աղյուսներե շինված են, արդյոք անոնց հիմքը յոթ իմասաունները չե՞ն դրեր։ Մեկ սար քաղաքն է, մեկ սար պարտեզները, մեկ սար ալ արվարձանները, ուրեմն երեք սար երկարություն ունեցող պարիսպներով շրջապատված է Ուրուկը, բացի Իշտարի տաճարին շուրջ գտնվող հողեն, որ խոպան ձգված է։ Այս քաղաքին սահմանին մեջ կալված մը, պարտեզ մը եւ կանանոց մը թող քուկդ ըլլան, Ուրուկի մեջ տուն մը շինիր եւ օրերդ խաղաղությամբ ապրե։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (03-Սպտ-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 2068 | Պիտակներ: Ноев Ковчег, NOY, ной, Gilgamesh, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ, ГИЛГАМЕШ, ԳԻԼԳԱՄԵՇ, Նոյ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]