// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

«ԳԻԼԳԱՄԵՇ»
| ՅՈԹՆԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |


- Ինչո՞ւ մեծ աստվածները խորհուրդի նստան: Լսե, թե ի՛նչ երազ տեսա այս գիշեր։ Անուն, Էնլիլը, էան եւ երկնային Շամաշը խորհրդածության նստած էին։ Անուն ըսավ էնլիլին. «Որովհետեւ անոնք երկնային ցուլը, ինչպես նաեւ Խումբաբան սպանեցին, պետք է, որ անոնցմե մահանա այն մեկը, որ լեռներուն մայրիները ջարդեց»։ Սակայն Էնլիլ ըսավ. «Էնկիդուն թող մահանա, իսկ Գիլգամեշ թող չի մահանա»։ Երկնային Շամաշը սակայն հակառակեցավ դյուցազն Էնլիլի ըսածին. «Քո հրահանգով չէ՞ր միթե, որ անոնք երկնային ցուլը եւ վիթխարի Խումբաբան սպանեցին։ Արդ, պե՞տք է արդյոք, որ անմեղ էնկիդուն մահանա»։ Եվ Էնլիլը զայրացավ երկնային Շամաշին վրա. ըսավ, որ «Դուն ամեն օր իրենց եւ իրենց նմաններուն քով կիջնայիր»։

Էնկիդուն հիվանդ պառկած էր Գիլգամեշին առջեւ, որուն աչքերեն արցունքները հեղեղի պես կիջներ.

- Եղբայր, սիրելի եղբայր, աստվածները ինչո՞ւ եղբորս տեղը զիս անպարտ արձակեցին ու զայս մեղապարտ ճանաչեցին։

Եվ ապա.

- Ստիպված պիտի ըլլամ ուրեմն մահացած հոգիին քով, մեռած հոգիին դուռը նստիլ։ Այլեւս երբեք պիտի չկրնամ տեսնել աչքերովս սիրելի եղբայրս։

Էնկիդուն, չի զգար Գիլգամեշին ըսածները. մերթ լայն-լայն կը բանա մարած աչքերը եւ մերթ կը գոցե ջերմութենեն նեղվելով։ Աչքերուն առջեւն է այն մայրիի մեծ դուռը, որ գոցած էր Խումբաբայի անտառը։ Էնկիդուին վրա դարձյալ մարմրուք մը եկավ, չար դեւ մը բռնած էր գլուխեն. անդամներուն մեջ էր նորեն այն թմրությունը, զոր զգաց մայրիներու անտառին դուռը բացվելուն ատեն։
Հիվանդ էնկիդուն պահ մը աչքերը բացավ եւ. սկսավ խոսիլ դուռին հետ, կարծես թե մարդ մը ըլլար ան, բայց անտառին դուռը մտածողություն չունի եւ իրեն ըսվածները չի կրնար ըմբռնել։ 

- Քսան, երկժամ հեռվեն փնտրեցի քեզի համար ծառ մը,- ըսավ Էնկիդու,- մինչեւ որ գտա կրկնակը չունեցող բարձր մայրիդ։ Յոթանասուներկու կանգուն բարձրություն ուներ. քսանչորս կանգուն էր լայնքը։ Ոհ, դուռ, Նիպպուրում շինեցի քեզ։ Եթե գիտնայի, որ քու այդ գեղեցկությունդ աղետալի եւ փայտիդ գեղեցկությունը այդքան մահաբեր է, կացինս կառնեի քեզ կը քանդեի եւ խսիր մը կկապեի դռանս։

Գիլգամեշ լսելով իր բարեկամին զառանցանքը, բերանը բացավ եւ սկսավ տրտնջալ.

- Եղբա՜յր, սիրելի եղբա՛յր, իզուր կանիծես։ Մայրիներու դուռը չէր, որ քու առնական ուժդ առավ։ Դուն էիր, որ ինձի հետ աստվածներուն նվիրական լեռը բարձրացար, ինձի հետ երկնային ցուլը սպանեցիր։ Բարեկա՛մս, արիաբար կրե ցավդ, քաջ եղիր։ Հիվանդությունդ կանցնի եւ հերոսային ուժդ կրկին կը գտնես։

էնկիդուն այլեւս չէր լսում Գիլգամեշին խոսքերը։ Ձայն մը կը հնչե էնկիդուին մեջ, եւ ան կը հիշե այն հին ժամանակները, երբ տափաստաններուն եւ լեռներուն վայրի անասուններուն հետ կը թափառեր, վիթերուն հետ հյութեղ խոտեր կուտեր եւ զուլալ ջուրեր կը խմեր։ Ու սկսավ անեծք կարդալ որսորդին.

- Լսե ձայնս, երկնային Շամաշ, պատժե այն որսորդրն, որ զիս կնոջ ծուղակը ձգեց։ Կործանիր իր բոլոր ձեռք բերած արդյունքները, տկարացուր անոր ուժը, մերժե այն զոհերը, որոնք ոտքդ կը բերե, թույլ մի տար, որ վայրի անասունները թակարդը ձգե։ Իր սրտին իղձը թող չկատարվի։

Հետո, էնկիդուին սիրտը ալ ավելի բորբոքվեցավ եւ ան ավելի կրքոտ կերպով սկսավ անիծել ցնծուհին՝ սիրո աղախինը. 

- Ցոփուհի, կուզեմ քեզի այնպիսի ճակատագիր մը մաղթիլ, որ հավիտյանս վերջ չունենա երկրիս վրա։ Մեծամեծ անեծքներով կուզեմ անիծել քեզ։ Նզովքը վրադ թող տեղա։ Սովը եւ զրկանքը թող պակաս չըլլա տանդ մեջ։ Քաղաքին աղբանոցներուն մեջ նետված կերակուրներու ավելցուկները ուտես եւ աղտոտ ամաններու շուքին տակը թող ըլլա մշտական կայանդ։ Գինովը ու ծարավը թող երեսներդ շոյեն։ Խուժանը թող երեսիդ պոռա. աշ-խարհիս դատաստանը թող միշտ քեզի դեմ ըլլա։

Արեւ-աստված Շումաշը էնկիդուին բերնեն ելած տրտունջի խոսքերը լսելե հետո, անհապաղ երկնքեն ձայն տվավ.

- Էնկիդու, ինչո՞ւ կանիծես ցնծուհին, որ քեզի աստվածարժան կերակուր տվավ, արքայական գինի խմցուց, գեղեցիկ պատմուճաններ հագցուց եւ փառահեղ Գիլգամեշը քեզի իբրեւ ընկեր տվավ։ Գիլգամեշը հիմա իսկական եղբայրդ է։ Շքեղ անկողինի մը վրա պառկեցուցած է քեզ, պատվական տեղ մը որոշած է քեզի համար, իր ձախ կողմը, խաղաղության մահճին վրա կը պառկեցնե քեզ եւ երկրիս իշխանները ոտքերդ կը համբուրեն։ Քեզ համար լաց ու կոծ կընե Ուրուկի ժողովուրդը։ Սուգը ու տրտմությունը պատել է երջանիկ մարդկանց։ Ինքը՝ Գիլգամեշն ալ, եթե քեզմե հետո ապրելու ըլլա, պիտի թողու, որ աղտը մարմինը ծածկե, առյուծի մորթ պիտի հագնի եւ անապատը պիտի իյնա։
 
Երբ էնկիդուն դյուցազնազոր Շամաշին խոսքերը լսեց, բորբոքած սիրտը հանդարտեցավ։ Դարձյալ բերանը բացավ եւ, զղջումի գալով, թոթովեց.

- Ցնծուհի, անեծքի խոսքերս ետ կառնեմ։ Թագավորներ եւ իշխաններ թող սիրեն քեզ. երիտասարդները քեզ համար իրարու ոտք թող կոտորեն, ծերունիները թող իրենց գլխուն մազերը փետեն քեզ համար։ Ան որ քեզ հալածեց, իր զենքը թող ոտքերուդ տակ դնե։ Սարդիոն, մոլոշաքար, լազվարթ եւ ոսկի պիտի ստանաս սիրուդ փոխարեն. աստված բոլոր բարություններով թող լեցնե տունդ։ Քրմապետները թող քեզ աստվածներու տաճարը տանին։ Կինը, յոթ զավակներու մայր ալ ըլլա, թող քեզ համար իր ամուսինեն լքվի։

Վշտահար Էնկիդուն, մինակ պառկած կը քնանա։ Գիշերը կարթննա եւ սիրտը բանալով բարեկամին կը պատմե։

- Բարեկամս, այս գիշեր երազ մը տեսա, երկինքը գոռաց, երկիրը արձագանքեց։ Ես մին մենակ կեցած էի։ Հանկարծ տխուր դեմքով մեկը հայտնվեցավ, որ իր տեսքով հսկա թռչունի մը կը նմաներ. եղեգապատ ճանկ ուներ արծվի մագիլներու նման։ Զիս իր խոշոր ճիրաններուն մեջ առնելով վեր բարձրացավ. հետո զիս անհուն անդունդի մը խորը նետեց։ Լեռան մը ծանրությամբ վրաս նստավ։ Այս ծանր բեռան տակ կը հեծծեի։ Այս էակը զիս հանկարծ կերպարանափոխեց, այնպես որ թեւերս թռչունի թեւերու պես փետուր ունեին։ Հետո ինձի տարավ Իրկալլայի բնակավայրը, այն տունը, ուր մտնողը այլեւս դուրս չելլեր, ուր մարդոց սնունդը փոշի եւ հող է, ուր մարդիկ թռչունի պես փետուրե հագուստներ հագած մութը նստած են եւ լույսին երեսը չեն տեսներ։ Եվ այն հողե տունին մեջ, ուր ես մտա, կային խորտակված գահեր, գետինը ինկած թագեր, իշխանավորներ, արքայական խույր կրողներ, որոնք անհիշատակ ժամանակերե ի վեր այս երկրին կիշխեին, Անու եւ Էնլիլ դիցահայրերուն տեղապահները լինելով։ Խորտիկ, բաղարջ ու տիկերով պաղ ջուր անոնց առջեւ կը դնեին։
Այնտեղ, հողե տունին մեջ, ուր ես մտա, կապրին քրմապետները եւ անոնց սպասարկողները, հոն են կախարդական խոսքերով չար ոգիները արտաքսող եւ վերացնող քուրմերը, մոգերը, հոն են աստվածները օծողները։ Այնտեղ կապրին Էտանան, Սումուկանը, Էրեշկիգալը, գետնի թագուհին, Բելետսերին, երկրիս գրագրուհրն, ծունկի եկած անոր առջեւ, պնակիտը բռնած կը կարդա։ Ան հետո երեսը իմ կողմս դարձուց եւ զիս տեսավ, ձեռքերը ինձի երկարեց եւ զիս ալ քովը տարավ։

Գիլգամեշ լսեց էնկիդուին երազը ու չկրցավ արցունքը զսպել։
Երբ մայր թագուհին, ամենաիմաստունը, իր զավակին արտասվիլը տեսավ, ձեռքերը վերցուց եւ սրբեց անոր աչքերեն հոսող արտասուքը: 
Գիլգամեշ բերանը բացավ եւ ըսավ Նինսունին.

- Մայրիկ, ես բարեկամիս համար կուլամ, եղբորս համար կուլամ, Էնկիդուին համար. ոչ ոք կրնա ցավս ամոքել եւ զիս մխիթարել։ Ես անոր հետ լավ օրեր անցուցած եմ Ուրուկի մեջ, անոր հետ նաեւ շատ մը դժվարություններ քաշած եմ, անոր հետ հեռավոր ճամփաներ կտրած եմ, եւ այժմ բարեկամիս տեսած չարագույժ երազը կը կատարվի։

Արդ Էնկիդուն հիվանդ պառկած է մեկ օր, երկու օր։ Մահը արդեն նստած է էնկիդուին ննջարանը։ Երրորդ եւ չորրորդ օրը դեռ նստած է քովը, հինգերորդ, վեցերորդ եւ յոթներորդ օրը տակավին քովն է, ութերորդ, իններորդ եւ տասներորդ օրը դեռ քովը նստած է։ Էնկիդուին հիվանդությունը գնալով ավելի կը ծանրանա։ Տասնեւմեկ եւ տասներկուերորդ օրը դեռ մահվան անկողինը պառկած է։
Էնկիդուն պահ մը աչքերը բացավ, Գիլգամեշ քովը կանչեց եւ ըսավ անոր.

- Չար անեծք մը զիս բռնեց, բարեկամս։ Ես չեմ մահանա այնպես, ինչպես այն մարդը, որ կտապալվի կռվի ընթացքին. ես ճակատամարտերե խուսափեցա, անոր համար անփառունակ պիտի մահանամ։ Բարեկամս, երանի անոր, որ կռվի մեջ կտապալվի, բայց իմ մահը, ա՜խ, ինձի համար ամոթ մըն է։


Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ՄՀԷՐ (30-Օգս-2011) | Հեղինակ: Նշան Մարտիրոսյան Դիտումներ: 1487 | Պիտակներ: Gilgamesh, Гильгамеш, ԳԻԼԳԱՄԵՇ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]