// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Շուշիի Ազատագրում. անհրաժեշտությունն ու նախադրյալները

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական: 

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը "Գրադ” կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն: 

Ինքնապաշտպանության ուժերի 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար:

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների:

Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները: Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ: 1992թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք: 

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված ԼՂՀ ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի եղեռնագործությունը (ապրիլ 1992թ.):

Մայիսի 1-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից... Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և ողջ Լեռնային Ղարաբաղի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է: 1992թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ս. Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մ. Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Ա. Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան: Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հ. Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը:

Ազատագրման ռազմական գործողությունը

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: 

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Ա. Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դարիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ Օ. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: 

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիաջպես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարներ Ս. Բաբայանի, Ա. Կարապետյանի, Ս. Օհանյանի, Վ. Չիթչյանի և ուրիշների գործուն մասնակցությամբ: 

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը:

Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել էին իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից:

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր: ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

"1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:
2. Մեր խնդիրը՝
ա. ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
բ. ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
գ. հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:
3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնատեղ: Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար` Ա. Կարապետյան,
բ. «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,
գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան,
դ. Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին”: 

Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: 
Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի "մաքրման” գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

Շուշիի ազատագրման արդյունքներն ու պատմական նշանակությունը

Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: 

Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել: Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը: 

Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը: Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածքի բարդույթը: 

Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ը 1994թ. սահմանել է "Շուշիի ազատագրման համար” շքանշան:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է "Շուշիի ազատագրման և հաղթանակի” օր: 

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ
1988-1994, Հանրագիտարան



Աղբյուր: http://www.shushi.org/liberation.php Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (07-Մյս-2011) Դիտումներ: 1053 | Պիտակներ: ԼՂՀ, Շուշիի Ազատագրում, Ստեփանակերտ, Քարինտակ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]