// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

 ՇՈՒՇԻՆ ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Փետրվարյան հեղափոխությունից հետո Շուշին շարունակում է մնալ իր նախկին՝ գավառի վարչական կենտրոնի կարգավիճակում, կատարել իր գործառույթները, բայց ժամանակավոր կառավարության օրենքներով ու հրահանգներով: Միաժամանակ Շուշին շարունակում է մնալ է Ղարաբաղի հայոց քաղաքական, հասարակական ու հոգևոր կենտրոնը: 1910 ական թթ.՝ մինչև խորհրդային կարգերի հաստատումը, այստեղ գործել են Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական, Էսեռական, Կադետական կուսակցությունները:

Փետրվարյան հեղափոխության ընձեռած քաղաքական ազատությունների շնորհիվ Շուշիում ծնունդ առան փոքրաթիվ անդամներով արհեստակցական միություններ («Բանկային աշխատողների ինտերնացիոնալ արհմիություն», «Կին աշխատողների արհմիություն», «ՈՒսուցիչների արհմիություն», «Վարպետ-արհեստավորների արհմիություն» և այլն), որոնք կազմակերպում և գլխավորում էին 1917թ. Շուշիում տեղի ունեցող գործադուլները: Գործադուլավորների պահանջները բավարարվել են մասամբ:
Շուշին վարչա-տարածքային առումով մնում էր Եղիսաբեթպոլիս նահանգի կազմում և ենթարկվում էր Անդրկովկասի նոր իշխանությանը, ժամանակավոր կառավարության կողմից արտոնված, կովկասյան հիմնական ազգությունների ներկայացուցիչներից կազմված Օզակոմին (Отдельный закавказский комитет): 

1917թ. մարտի 9 ին տեղի ունեցան տեղական իշխանության ընտրություններ: Ընտրվեց 43 հոգուց բաղկացած գործադիր կոմիտե: Ընտրվեցին տեղական խորհուրդներ: Իշխանության նշված երկու ձևերն էլ թույլ էին և ինչպես Շուշին, այնպես էլ ողջ Ղարաբաղը հետզհետե մատնվում էին անիշխանության:
1917թ. սեպտեմբերի 27 ից հոկտեմբերի 12 ը Շուշիի ներկայացուցիչները մասնակցեցին Թիֆլիսում տեղի ունեցած արևելահայերի (համահայկական) խորհրդակցությանը, որի ընթացքում հայկական ազգային կյանքը տնօրինելու նպատակով որոշվել է ստեղծել Հայոց ազգային խորհուրդ, նաև տեղերում:

Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդն ընտրվել է Ղարաբաղի հայոց 2 րդ համագումարում 1918թ. սեպտեմբերի 8 ին:

Ռուսաստանում տեղի ունեցած 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից և կովկասյան ճակատից ռուսական զորքի հեռանալուց հետո Շուշիում, ինչպես և ողջ Անդրկովկասում, անիշխանությունն ու բռնությունները սաստկացան:

1917 թ. դեկտեմբերի վերջին քաղաքում հայոց կյանքը բնական հունի մեջ դնելու և անարխիային վերջ դնելու նպատակով հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ջանքերով ստեղծվում է Միջկուսակցական բյուրո (հետագայում այն կոչվեց Կոմիսարների խորհուրդ), որին կից գործում էր նաև տրիբունալ: Խորհրդի 14 անդամներից 5 ը դաշնակցական էին, 3 ը՝ մենշևիկ, 3 ը՝ բոլշևիկ, 3 ը՝ էսեռ: Նախագահ է ընտրվել Հայրապետ Մուսայելյանը, քարտուղար՝ Նիկոլայ Իսախանյանը: Միջկուսակցական բյուրոն իր նիստերում բազմիցս անդրադարձել է հայ և հարևան շիա թուրք ժողովուրդների միջև համերաշխություն ու խաղաղություն պահպանելու հարցին: 

1917 թ. դեկտեմբերի 25 ին կայացել է հայ և թուրք հասարակությունների ներկայացուցիչների ժողովը, որը ուժն ու հեղինակությունը կորցրած գավառական գործադիր խորհրդի փոխարեն ընտրում է կոմիտե, բաղկացած 6 հայ և 6 շիա թուրք ներկայացուցիչներից: Նախագահ է ընտրվում Իոսիֆ Կոբիևը, փոխնախագահներ՝ Հ. Մուսայելյանը և Լյութֆալի բեկ Բեհբուդովը:

Ազգամիջյան կոմիտեն կարողանում որոշ չափով զսպել հասարակության մեջ առկա ծայրահեղ դրսևորումները, դրական աշխատանքներ է կատարում ինչպես Շուշիում, այնպես էլ գավառում: Ազգամիջյան խորհուրդն ունեցել է 3 համագումար, որոնցից մեկը՝ Շուշիում:
1918թ. հուլիսի 22 ին Շուշիում բացվում է Ղարաբաղի հայոց առաջին համագումարը: Համագումարը ընտրում է Ղարաբաղի գործադիր իշխանություն, որը կոչվում է Ղարաբաղի հայոց ժողովրդական կառավարություն (լեգիտիմ): Այն կազմված էր ութ բաժիններից, որոնք ղեկավարվում էին համապատասխան թվով կառավարիչների կողմից: Միջկուսակցական բյուրոն դադարեցնում է իր գործունեությունը:

Կառավարությունը կոալիցիոն էր: Այն ներկայացնում էր Ղարաբաղի բոլոր քաղաքական ուժերը: Կառավարության կազմում գործում էին չորս հանձնաժողովներ, հեղափոխական տրիբունալ, հաշտարար դատարաններ: Կառավարության իրավասությունը տարածվում էր ոչ միայն քաղաքի, այլև ողջ Ղարաբաղի վրա: Նստավայրը Շուշի քաղաքն էր:

1918թ. օգոստոսի 19 ին լույս է տեսնում Կառավարության պաշտոնաթերթի՝ «Ղարաբաղի սուրհանդակի» միակ օրինակը, որում զետեղված էր Կառավարության դեկլարացիան: Ըստ դեկլարացիայի Կառավարությունը հայտարարում է Ղարաբաղի հայոց ազգային ազատ ինքնորոշման իրավունքը, մինչև Հայաստանին միանալը հռչակում է «ազատ Ղարաբաղը ազատ Ռուսաստանի սահմաններում»:

Ղարաբաղի հայոց օրենսդիր իշխանությունը պատկանում էր համագումարին:

1918 1920թթ. տեղ ի է ունեցել Ղարաբաղի հայության (գյուղացիության) 9 համագումար.

Շուշիում՝
1-ին՝ 1918թ. հուլիսի 22 ին (հին տոմարով)
2-րդ՝ 1918թ. սեպտեմբերի 8 ին (հին տոմարով)
3-րդ՝ 1918թ. սեպտեմբերի 18 ին (հին տոմարով)
4-րդ՝ 1919թ. փետրվարի 10 ին
5-րդ՝ 1919թ. ապրիլի 23 ին

Շուշիից 3 կմ հեռավորության վրա գտնվող Շոշ գյուղում՝
6-րդ՝ 1919թ. հունվարի 28 ին
7-րդ՝ 1919թ. օգոստոսի 13 ին
8-րդ՝ 1920թ. փետրվարի 28 ին

Թաղավարդ գյուղում՝
9-րդ՝ 1920 թ. ապրիլի 25 ին

   ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱ

1918 թ. ամռանը, երբ թուրքական բանակը հայտնվեց Արևելյան Անդրկովկասում, թուրքական հրամանատարությունը պարետներ էր նշանակել Ղարաբաղի թուրքական բնակավայրերում, այդ թվում Շուշի քաղաքի թուրքական մասում:

1918 թ. սեպտեմբերի սկզբներին թուրքական բանակի առանձին զորամասեր Ջամիլ-Ջահիդ բեյի հրամանատարությամբ հայտնվում են Ղարաբաղի սահմանում՝ Աղդամում և վերջնագիր ներկայացնում Շուշիում գտնվող Ղարաբաղի ժողովրդական կառավարությանը, ըստ որի, պահանջվում է Ղարաբաղի հպատակությունը Ադրբեջանին, զինաթափում և Աղդամ-Շուշի ճանապարհի բացում: Վերջնագիրը քննարկվում է Ղարաբաղի հայոց 2-րդ և 3-րդ համագումարներում: Արյունահեղությունից ու կոտորածներից խուսափելու նպաստակով, նաև նկատի ունենալով ուժերի իրական հարաբերությունը, որոշվում է որոշ վերապահումներով ընդունել վերջնագրի պայմանները. ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի իշխանությունը մինչև հարցի լուծումը Կոստանդնուպոլսի կոնֆերանսում (որը այդպես էլ չկայացավ), առերես զինաթափվել, չցուցադրելով գոյություն ունեցող զինական ուժերը և օգտագործել դրանք միայն դիմադրության նպատակով, բացել ճանապարհը և թույլ տալ, որ մի վաշտ ասկյարներ մտնեն Շուշի:

1918 թ. սեպտեմբերի 26 ին (նշվում է նաև 24 ին, 25 ին, սակայն ստույգ ենք համարում Ե. Իշխանյանի տվյալները. վերջինս ոչ միայն ականատես ու մասնակից է եղել դեպքերին, այլև ժողովրդական կառավարության ղեկավար, Ազգային Խորհրդի նախագահ, անդամ) Ջամիլ-Ջահիդ բեկի հրամանատարությամբ թուրքական զորախումբը՝ 6 հազար զինվոր, 3 զրահամեքենա, 9 դաշտային հրանոթ, 66 գնդացիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Ի. Զիաթխանովի հետ մտնում են Շուշի: Հաջորդ օրը քաղաքում հայտարարվում է ռազմական դրություն, գործում է պարետային ժամ, նշանակվում է նոր գավառապետ՝ Խոսրով բեկ Փոլադով: 

Ասկյարները տեղավորվում են հիմնականում Ռեալական դպրոցի շենքում և շատ շուտով վաճառքի հանում դպրոցի ունեցվածքը, այդ թվում՝ արժեքավոր գրքերը: Շուշեցիները հայկական մասում զինաթափվում են, բայց զենքերով բարձած սայլերը ենթարկվում են հարձակման հայերի կողմից, զենքի մի մասը թալանվում է: Շուշիում թուրքական ներկայությունը շուշեցի հայերին պատճառել է ոչ միայն նյութական վնասներ, այլև կարևորը՝ բարոյական ու հոգեկան տառապանք: Բանտերը լցվեցին ձերբակալվածներով, որոնց հետաքննությունները ուղեկցվում էին թուրքերին հատուկ անմարդկային կտտանքներով ու բռնարարքներով: Հենց առաջին օրերին ձերբակալվեցին 51 հայ, նշանավոր, հեղինակություն վայելող հասարակական ազգային գործիչներ, հագևորականներ (Ե. Իշխանյան, Հ. Թումյան, Ա. Մելիք-Հովսեփյան, Հ. Մուսաելյան, Լ. Վարդապետյան, Ա. Վարդապետյան, Ա. Հովհաննեսյան, Մ. Եսայան և ուրիշներ): Քաղաքում հայտնվում են կախաղաններ, ահ ու սարսափ տարածելով շուրջը:

Թուրքական օկուպացիոն ռեժիմը տարածվում էր միայն Շուշի քաղաքի և Աղդամ-Շուշի ճանապարհին գտնվող հայկական երեք գյուղախմբերի վրա: Իսկ Ղարաբաղը՝ Վարանդան, Դիզակը, Ջրաբերդը, նվաճելու թուրքական զորամասերի 1918թ. հոկտեմբերի ընթացքում ձեռնարկված արշավանքները գլխովին պարտության մատնվեցին Մսմնայի և Աղդարայի մարտերում:
Թուրքերը Շուշիից պաշտոնապես հեռացան Եռյակ միության պարտության հետևանքով Անտանտի երկրների հետ ստորագրված զինադադարի համաձայանգրի 11 րդ կետի պահանջով, որը կնքվեց 1918թ. հոկտեմբերի 30 ին Հունաստանի Մուդրոս թերակղզում:

Շուշիում տեղակայված թուրքական հրամանատարությունը և Ադրբեջանի իշխանությունները ուշադիր հետևում էին զորավար (գեներալ-մայոր) Անդրանիկի Հատուկ հարվածային ջոկատի գործողություններին. Անդրանիկը, Հատուկ ջոկատը և հազարավոր արևմտահայ գաղթականներ 1918թ. օգոստոսի 1 ին հանգրվանել են Գորիսում: Նույն թվականի նոյեմբերի կեսերին Անդրանիկը Ղարաբաղի ազգային իշխանություններից Ղարաբաղին օգնության հասնելու խնդրագիր է ստանում:
1918թ. նոյեմբերի 18 ին Անդրանիկի ջոկատը և նրան միացած կամավորները հաղթահարելով Զաբուղի ձորում կուտակված թուրք-թաթարական զորամասերի և տեղի մահմեդական հրոսակախմբերի համառ դիմադրությունը, հասնում է Շուշիից 40 վերստ հեռավորության վրա գտնվող Ավդալար (Լաչին) բնակավայրը: Արշավանքը լրջորեն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին, որը Բաքուն նորերս օկուպացրած անգլիական հրամանատարության միջոցով կասեցնում է Հարվածային ջոկատի առաջխաղացումը դեպի Շուշի՝ դեկտեմբերի 2 ին անգլիական բանակի սպաների ձեռքով Անդրանիկին հանձնվում է գեներալ Թոմսոնի կարգարդությունը պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

Մինչ այդ նրան էր հանձնվել նույն բովանդակությամբ նոյեմբերի 18 ի թվակիր հեռագիր գեներալ Թոմսոնի և Ադրբեջանի կառավարության նախագահ Խան-Խոյսկու ստորագրությամբ: Պատասխան հեռագրում զորավարը հիմնավորապես պատճառաբանում է իր գործողությունը, ընդգծելով Ղարաբաղ-Զանգեզուր ճանապարհի փակումը, վերադարձող հարյուրավոր ղարաբաղցի զինվորների և արևմտահայ գաղթականների ոչնչացումը Զաբուղի կիրճում և հայկական Կալա-Դարասի (Բերդաձոր) գյուղախմբի ավերումն ու բնակիչների սպանությունը 1918թ. սեպտեմբերի 1 4 ին: Անդրանիկն իր ջոկատը համարում էր անգլիական բանակի մի զորամաս և անմիջապես դադարեցնում ռազմական գործողություններն ու վերադառնում Գորիս: 

Ղարաբաղում գործող Ղարաբաղի հայոց իշխանությունները գեներալ-նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովի պաշտոնավարության ժամանակ կրկին 1919թ. փետրվարին մի քանի անգամ են դիմում Անդրանիկին՝ Շուշին ազատագրելու խնդրանքով, բայց զորավարն արդեն որոշել էր հեռանալ Հայաստանից՝ որոշում, որը կայացվեց անգլիական հրամանատարության հարկադրանքով:

  ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ

1918 թ. նոյեմբերի 19 ին (հին տոմարով) Անտանտի երկու ներկայացուցիչ՝ անգլիական բանակի և ֆրանսիական բանակի սպաներ հասնում են Շուշի և անմիջապես ճանապարհվում Անդրանիկի բանակատեղ՝ Հատուկ ջոկատի արշավանքը դադարեցնելու վերաբերյալ Թոմսոնի կարգադրություն-նամակը զորավարին հանձնելու և փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Վերադառնալով Բաքու նրանք Շուշի են ուղարկում 200 հազար ռուբլի իբրև օգնություն՝ կալադարասցի փախստականներին բաժանելու համար:

Անգլիական բանակի մայոր Գիբբոնը (Գիբթոնը) իբրև անգլիական հրամանատարության ներկայացուցիչ Շուշի է գալիս դեկտեմբերի 1 ին (հին տոմարով), որի առաքելության նպատակն ըստ նրա հայտարարության գաղթականության կարիքները հոգալն էր: Մայորն իր գալստյան հաջորդ օրը, հակառակ դրան, հայտարարություն է փակցնում քաղաքում առ այն, որ ինքը ներկայացնում է իշխանությունը և օգնականներ է նշանակում թուրքերի օրոք պաշտոնավարող նախկին գավառապետին ու քաղաքագլխին:

Անգլիական հրամանատարության երրորդ առաքելությունը՝ մոտավորապես 20 զինվորներից բաղկացած մի ստորաբաժանում կապիտան Սերրայդի գլխավորությամբ, Շուշի է հասնում դեկտեմբերի 8 ին (հին տոմարով), որի նպատակը երկու ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելն ու պահպանելն էր:

Մայոր Գիբբոնը և կապիտան Սերրայդը Շուշիի մահմեդական բնակչության ներկայացուցիչ Աբուլֆազբեկ Հասանբեկովի հետ դեկտեմբերի 9 ին գնում են Գորիս՝ Անդրանիկի հետ տեսակցելու: 
Շուշիում գործող քաղաքական հոսանքների ներկայացուցիչները անգլիական առաքելության առաջին իսկ քայլերից կռահում են, որ այդ առաքելությունը Շուշիում վարելու է թուրքամետ քաղաքականություն: Ուստի երբ կապիտանը հայտնում է նրանց Թոմսոնի հրամանը «ժամանակավորապես» Ադրբեջանին ենթարկվելու մասին մինչև հարցի վերջնալան լուծումը, նրանք միակամ մերժում են այն:

Անգլիական թուրքամետ քաղաքականության հիմնական նպատակը Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելն էր և այն համապատասխանում էր Ադրբեջանի (իմա՝ Թուրքիայի) շահերին: Ադրբեջանական կառավարության 1919թ. հունվարի 15 ի հրամանով կազմվում է ժամանակավոր նահանգապետություն, որի մեջ մտնում են Զանգեզուրի, Շուշիի, Ջեբրայիլի, Ջիվանշիրի գավառները, գեներալ-նահանգապետ է նշանակվում հայտնի մուսավաթական, հայատյաց, Թուրքիայի գործակալ, ծնունդով Մինքենդ գյուղից, դիպլոմավոր դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը, նստավայր է ընտրվում Շուշին: Անգլիական հրամանատարությունը, անկասկած, տեղյակ էր գեներալ-նահանգապետի կենսագրությանը, այդ մասին հայկական կողմը բազմիցս տեղեկացրել էր նրան, սակայն տալիս է իր համաձայնությունը: Շուշիի առաքելությունը հրապարակում է Ադրբեջանի կառավարության հրամանագիրը, վերջինիս գործադրման պայմանները, հատուկ ընգծելով հրամանագրի և գեներալ-նահանգապետի հրամանների կատարման պարտադրությունը (այլապես չենթարկվողները պիտի դիտվեն իբրև Մեծ Բրիտանիայի թշնամիներ): Անգլիական առաքելությունն այս սպառնալիքը բազմիցս շեշտում է հայկական կողմին ուղղված պաշտոնական գրություններում:

Առաքելության պաշտոնական գրություններում ընդգծվում է նաև նահանգապետության ստեղծման և գեներալ-նահանգապետի նշանակման ժամանակավորապես լինելու հանգամանքը, որը կեղծիք էր, և որին ադրբեջանական կողմը նշանակություն չէր տալիս:

Իրապես Շուշիի անգլիական առաքելությունն իրականացնում էր իր վերադասի՝ գեներալ Թոմսոնի և նրան փոխարինած գնդապետ Շատելվորտի հրամնները, իսկ սրանք էլ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությունը, որը անթաքույց ադրբեջանամետ էր (իմա՝ թուրքամետ): Տվյալ հանագմանքներում Անգլիայի քաղաքականության և թուրքական կողմի շահերը համընկնում էին. Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը իբրև խոչընդոտ ընկած էին Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին: Անգլիան՝ մահմեդական աշխարհի «ջերմ ու հավատարիմ բարեկամը», աջակցում էր խոչընդոտի վերացմանը:

Շուշիի անգլիական առաքելությունը և Բաքվում տեղակայված անգլիական զինվորական հրամանատարությունը հետզհետե խստացնում էին ճնշումը Շուշիում գործող Հայոց ազգային խորհրդի, հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա£ Միջոցների մեջ խտրություն չէր դրվում:
1919թ. փետրվարի 8 ին կապիտան Սերրայդին փոխարինում է Մոնկ-Մեսոնը: Մինչ այդ՝ հունվարի 27 ին Ստեփանակերտ (այն ժամանակ՝ Խանքենդի) են մտնում անգլիական բանակի մի գումարտակ (400 զինվոր) ու ադրբեջանական բանակի մի գունդ:

1919թ. ապրիլին Շուշի ժամանում է Շատելվորտը, նրա ջանքերը՝ կոտրել Ղարաբաղի հայության 5-րդ համագումարի ընդդիմությունը, հաջողություն չունեցան: 
Հայկական Ղարաբաղը, հատկապես Շուշի քաղաքը 1919 թ. մայիսից բոլոր կողմերից շրջափակվեց Սուլթանովի կարգադրությամբ, անգլիական առաքելության լուռ համաձայնությամբ: Քաղաքի հայ բնակչությունը մատնվեց սովի: Գործի դրվեցին այլևայլ միջոցներ: Փորձ կատարվեց պառակտել Շուշիում գործող հայկական իշխանությունները, կաշառել՝ պաշտոններ տալ, հովանավորել, սպառնալ, խափանել Փարիզի կոնֆերանսում Հայկական Հարցի դրական լուծումը, Շուշիից արտաքսել ազգային հասարակական հեղինակավոր գործիչներին (Ե. Իշխանյանին, Հ. Թումյանին, Ա. Աստվածատրյանին), Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին (Մ. Արզումանյանին, Հ. Արղությանին):

Շատելվորտը Հայաստանի ներկայացուցիչ Մ. Արզումանյանին հայտարարեց, թե Հայաստանը համաձայն է Ղարաբաղի Ադրբեջանին ենթարկելուն, ինչը պաշտոնապես հերքվեց Հայաստանի կողմից: Սուլթանովը անգլիական առաքելության թույլտվությամբ հունիսի սկզբներին Շուշիում զինված ընդհարում կազմակերպեց, որի ընթացքում երկուստեք զոհեր եղան: Առաքելությունը չմիջամտեց ընդհարմանը, ինչպես և այդ օրերին քաղաքի մերձակա գյուղերի (Փահլուլ, Կրկժան, Ղայբալիշեն) թալանին և հրդեհմանը, հարյուրավոր խաղաղ բնակիչների կյանք խլած կոտորածներին:

Առաքելությունը չեր կարողանում Բաքվից ստանալ իր հղած հեռագրերի պատասխանները՝ հեռագրատունը Սուլթանովի տնօրինության տակ էր:
Շուշիի անգլիական առաքելության որոշ աշխատակիցներ, զինվորականներ (Մոնկ-Մեսոն, գնդապետ Գլատերբերգ) համակրանքով էին վերաբերում հայերին, իրենց զեկույցներում օբյեկտիվորեն ճիշտ էին ներկայացնում տեղի ունեցող իրադարձությունները, բայց՝ անհետևանք:
Անգլիական ռազմական կաբինետի որոշման համաձայն անգլիական զինված ուժերը հեռացան Անդրկովկասից: Շուշիի անգլիական առաքելությունը փակվել է 1919թ. օգոստոսի 16 ին, կայազորը հեռացել է օգոստոսի 18 ին, 24-ին փակվել է շտաբը:


Աղբյուր: http://www.shushi.org/british_in_s.php Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (07-Մյս-2011) Դիտումներ: 1062 | Պիտակներ: ԱՆԴՐԱՆԻԿ, Փետրվարյան հեղափոխություն, Ադրբեջան, Ղարաբաղ, Շուշի
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]