// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԻՑ
1991թ. մայիսի 6-ին զոհվեց Զանգեզուրի արծիվ, լեգենդար ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 4-ին Կապանի Սևաքար գյուղում: 1988թ.-ից ղեկավարել է «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Զանգեզուրի մասնաճյուղը: Ժողովրդական զանգվածներում քարոզչական աշխատանքներ իրականացնելու համար ՊԱԿ-ի կողմից ձերբակալվում է որպես «ծայրահեղական-ղարաբաղական» : Շուտով ազատ է արձակվում և, հիմնադրելով ռազմական ջոկատ, ղեկավարում Կապանի շրջանը ադրբեջանցիներից մաքրազերծելու գործողությունները: 
1990թ. օգոստոսին Սեկտար գյուղում մղվող մարտերից մեկի ժամանակ իր 5 զինակիցների հետ գերի է ընկնում և մոտ 8 ամիս մնում Բաքվի «Բայիլի» բանտում: ՀՀ կառավարությանը երկարատև բանակցություններից հետո հաջողվում է կազմակերպել գերիների փոխանակում և նրանց տեղափոխել Հայաստան:
1991թ. մայիսի 6-ին Համլետ Քոչարյանն արդեն կարողացել էր իր շուրջը համախմբել զանգեզուրյան բոլոր ջոկատները՝ նախապատրաստվելով վճռական մարտական գործողությունների, սակայն զենքի փորձարկումներից մեկի ժամանակ զոհվեց:
Ընկավ Զանգեզուրի արծիվը, իսկ նրա ջոկատի քաջերը շարունակեցին մարտնչել, թշնամուց ազատագրել հայկական հողերը:
1996թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով Համլետ Հմայակի Քոչարյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Սյունիքում ազատագրված գյուղերից մեկն ի պատիվ նրա վերանվանվել է Համլետավան:


Համլետի ստեղծագործելու ձիրքը անթաքույց էր ու մեծ հումորով լի: Սիրով ներկայացնում եմ նրա երգիծական վերհուշերից մեկը:
«ՎԶԴՈՐ»

Մի շաբաթ էր Կարոյի հետ Ռիգայում էինք՝ «Սովետական Եվրոպայում»:
Դրանց չափած-ձևած նիստուկացից ուղղակի ձանձրացել էի: Ինչ որ արհեստական, մեխանիկական բան կա եվրոպական կենցաղում, մարդկանց հարաբերությունների մեջ:
Մարդիկ մի տեսակ սառն են, չափից դուրս օրինական, ժամացույցի պես կարգավորված... Մեկ-մեկ մտածում ես՝ այս ժամացույցներն ինչպե՞ս են երեխաներ ունենում...
Այդ առավոտ իջա հյուրանոցի հերթապահ վարիչի մոտ, որ պարտք ու պահանջներս փակեմ՝ թողնենք, գնանք: 
Տեսնեմ՝ ընդունարանում, մի տռուզ կովկասցի է նստած երկու ճամպրուկների վրա՝ ճակատին գրեթե գրված «վրացի»...
Մոտեցա, բարևեցի:
Պարզվեց՝ Մցխեթից է, անունը Գիվի, եկել է Ռիգայից կահույք առնի:
Էլ ի՞նչ հաշիվ փակել...
Իսկույն հերթապահ, վարիչ, խառնեցի իրար, վրացուս համար մեր հարկում մի համար հաջողացրի, օգնեցի ճամպրուկները տանել վերև, հրավիրեցի մեր համարը, ծանոթացրի Կարոյի հետ, մի բաժակ «Բալզամ» հյուրասիրեցի և, ասելով, որ մենք շտապում ենք գյուղատնտեսների համամիութենական խորհրդակցության, պայմանավորեցի հանդիպել ժամը երկուսին, հյուրանոցի ընդունարանում:
Հյուրանոցից Կարոյի հետ ուղիղ գնացինք գրենական պիտույքների խանութ, մի շիշ կարմիր թանաք առանք, պլակատներ գրելու գրիչ, տուշ ու թուղթ:
Առավոտյան ժամերին զբոսայգիները գրեթե դատարկ են:
Մտանք զբոսայգի և մի տաղավարում, որտեղ սեղան կար, տուշով երեք հատ մեծ-մեծ տառերով հայտարարություն գրեցի.
«ԿՈՐԵԼ Է.
Ռիգա հյուրախաղերի եկած Վորոնեժ քաղաքի կրկեսի «Վզդոր» անունով վարժեցրած ոչխարը:
Հատուկ նշաններ.
Մերկ վիզ, կարմրամազ գլուխ:
Գտնողը կպարգևատրվի տասնհինգ հազար ռուբլով:
Կրկեսի վարչություն»:
Հայտարարությունները տվեցի Կարոյին և ասացի, որ մեկը կպցնի կահույքի խանութի դռան մոտ, մյուսը՝ հյուրանոցի մուտքի, իսկ երրորդը՝ խանութից հյուրանոց տանող ճանապարհին, մի որևէ աչքի ընկնող տեղ:
Կարոն գնաց հայտարարությունները կպցնելու, իսկ ես վազեցի շուկա: Ընտրեցի վաճառվող ոչխարներից ամենանիհարը, գցեցի տաքսի ու բերի զբոսայգի: 
Հիմա զբոսայգու պահակը ներս չի թողնում, ասելով թե՝ զբոսայգում ոչխար արածեցնել չի կարելի: Ինչ կերպ համոզեցի՝ չստացվեց, դրամ առաջարկեցի՝ չվերցրեց, սկսեց սպառնալ, որ միլիցիա կկանչի... Մի խոսքով ապրելու ժողովուրդ չեն:
Դեռ վիճում էինք՝ Կարոն եկավ: Ոչխարը քաշեցինք այգու պատի տակ, վիզը մինչև ուսերը խուզեցինք, կարմիր թանաքը լցրինք գլխին... «Վզդորը» պատրաստ էր:
Արդեն ժամը մեկն անց կես էր, Կարոյին ասացի. «Դու ոչխարի հետ մնա այստեղ, ես գնամ Գիվիին բերեմ»:
Ուղիղ երկուսին մտա ընդունարան: Գիվին արդեն սպասում էր.
-Հը՞, հայրենակից, կահույք ճարեցի՞ր...
- Պահ, գենացվալե, կահույքն ինչ ա, ուզո՞ւմ ես «սամոլյոտ» ճարեմ...
- Այսօր ծովափին պիտի կովկասյան ձևով մի լավ խորոված սարքենք, ընկերս արդեն զբոսայգու մոտ սպասում է...
Գիվիի հետ դուրս եկանք հյուրանոցից ու ես, իբր պատահաբար կանգ առա հենց դռան առաջ, մեջքով դեպի հայտարարությունը, բայց այնպես, որ Գիվին ինձ նայելիս գլխիս կողքին տեսնի -հայտարարությունը: Ո՞վ գիտի, հանկարծ կարդացած չլինի...
- Գենացվալե°, - ուրախ-ուրախ ասացի ես,-Ռիգայում Կախեթի գինու հարցը դժվար է, ստիպված ենք «Բալզամ» խմել...
Նկատեցի, որ Գիվիս հայտարարությանն է նայում, մի քիչ լռեցի, բայց շուռ չեկա, ես «Վզդորի» մասին պիտի չիմանայի:
Քայլեցինք դեպի զբոսայգի և երբ արդեն մի տասը մետր էր մնում հասնենք Կարոյին, նրա ոտքերի արանքից ցցված «Վզդորի» կարմիր գլուխը երևաց:
Գիվիիս աչքերը չռվեցին... Ուրեմն կարդացել է:
- Կարո',- բացականչեցի,- ես մորթելու հետ սեր չունեմ, դու պիտի մորթես կամ Գիվին, քշի իջնենք ծովափ:
- Գացո,- խոսեց Գիվին,- Էս ոչխարը որտեղի՞ց եք ճարել:
- Շուկայից, մի հարբած ռուսից առանք. երևում է տեղացի չէր,- պատասխանեցի ես:
- Գացո', էս ոչխարը ծախեք ինձ, Վրաստանում կարմիր գլխով ոչխար չկա, տանեմ բազմացնեմ:
- Թարգը տուր, գենացվալե, Ռիգայից պիտի ոչխար տանես հասցնես Կովկաս, թե ինչ է գլուխը կարմիր է... Գնա'նք, ես ու ընկերս չենք նախաճաշել, ախորժակ ենք պահել, որ խորոված ուտենք - և ոտքով հրեցի «Վզդորին»:
- Ի՞նչ եք տվել դրան, երկու անգամ էդքան կտամ,- տեղից չշարժվեց Գիվին:
- Մենք առևտրով չենք զբաղվում,- պատասխանեցի ես,- ուղղակի որ հայրենակցի ենք հանդիպել, որոշեցինք մի թաս բան խմենք, մի լավ կովկասավարի խորոված ուտենք իրար հետ...
- Գնա'նք շուկա, սրա տեղը ես ձեզ համար երկո'ւ ոչխար առնեմ, էս ոչխարը տվեք ինձ:
- Կարո°, - դիմեցի ես ընկերոջս ռուսերեն, որ Գիվին հասկանա,- կարո՞ղ է սա ուրիշ ոչխար է, էդ խմած ռուսը...
- Ես էլ եմ սկսել մտածել,- պատասխանեց Կարոն նույնպես ռուսերեն,- սրա վիզն ինչո՞ւ է մերկ ու գլուխն էլ կարմիր, ես էսպիսի ոչխար չեմ տեսել... Սա ինչ-որ ուրիշ ոչխար է:
- Էս ոչխարին դուք ամենաշատը 60-70 ռուբլի եք տվել,- խառնվեց Գիվին,- 600 ռուբլի տալիս եմ, համաձա՞յն եք...
- Տասն անգամ ավել գին ես տալիս,- նշեցի ես,- դու միամիտ մարդ չես, բայց մենք էլ հո խոտ չենք ուտում, էդ ինչի՞ համար ես էդքան փող տալիս...
- Պա'հ, գացո, ես անասնաբույծ եմ, ձեզանից ինչ թաքցնեմ՝ էս ոչխարը ֆիննական հատուկ տեսակի ոչխար է, ուզում եմ տանեմ բուծեմ: Էդ խմած ռուսը երևի ինչ-որ ֆերմայից է գողացել, բայց սրա բուրդը շատ լավ բուրդ է, ափսոս է մորթենք, հայրենակից ենք, ես տանեմ բազմացնեմ, դուք էլ կգաք իմ մոտից կտանեք Հայաստանում կբազմացնեք:
- Որ այդպես է,- ասացի ես,- կտանենք մեզ մոտ կբազմացնենք, 600 ռուբլու համար տանք քե՞զ... Սրա համար մեր Գյուղատնտեսության մինիստրությունը մեզ երեք-չորս հազար ռուբլու միայն պարգևատրում կտա...
Գլուխներդ չցավացնեմ, մի կես ժամ խոսելուց հետո, ես ու Կարոն համաձայնեցինք «Վզդորին» զիջել Գիվիին ութ հազար ռուբլով:
Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (06-Մյս-2011) | Հեղինակ: Ներսես Ներսիսյան Դիտումներ: 1672 | Պիտակներ: Զանգեզուր, ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ազատամարտիկ, Արցախյան պատերազմ, ազգային հերոս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]