// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Յոհաննես Լեփսիուս -Գերմանիան և Հայաստանը 1914-1918թթ.

   Հայ ժողովրդի ողբերգության՝ 1915—1916 թթ. ցեղասպանության մասին, ինչպես հայտնի է, գրել են բազմաթիվ ականատեսներ, տարբեր երկրներում, տարբեր լեզուներով։ Գերմանացի հասարակական գործիչ, արևելագետ դոկտոր Յոհաննես Լեփսիուսի հրատարակումները եղեռնի մասին այսօր էլ ամենահավաստի աղբյուրներն են։
Դոկտոր Լեփսիուսի կյանքը կարելի է դիտել որպես իր ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս։ Նա երկար տարիներ զբաղվել է հայկական հարցով, փաստեր հավաքել Օսմանյան կայսրության մեջ հայերի ծանր դրության վերաբերյալ, որոնք հրատարակել է «Հայաստանը և Եվրոպան» (1896 թ.) աշխատութան մեջ։ 1914-ին հիմնում է մինչև օրս գործող Գերմանա-հայկական ընկերությունը։ Լինելով վերջինիս նախագահը, ի թիվս պարբերական այլ հրատարակությունների, լույս է ընծայում նաև գերմաներեն–հայերեն «Մեսրոպ» սքանչելի հանդեսը։ 1915 թ. փետրվարին հայկական եղեռնի գլխավոր հանցագործներից մեկի՝ Օսմանյան կայսրության երիտթուրքական պարագլուխ, ռազմական մինիստր Էնվեր փաշայի հետ ունեցած պատմական զրույցի ժամանակ նա ձգտում էր կասեցնել «հայերի բնաջնջումը»։ 1916 թ. Լեփսիուսը Գերմանիայում գաղտնի հրատարակեց «Հաղորդագրություններ Թարքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» նշանավոր գործը։

Կ. Պոլսից վերադառնալուց հետո հասարակական գործչին հաջողվում է հույժ գաղտնի մեղադրական հաղորդագրություններով հանդես գալ քաղաքագետների, լրագրողների և զինվորականների առջև։ Բայց քանի որ այն ցանկալի ազդեցություն չունեցավ, նա՝ ռազմական գրաքննության և լրտեսության կողմից հալածված, սկսեց չեզոք երկիր Շվեյցարիայում մամուլի միջոցով գործունեություն ծավալել։ 1916 թ. հարկադրված հեռացավ Հոլանդիա՝ այնտեղ ազատ գործելու, ուր Լեփսիուսը նշանակալից ուժեղացրեց հայկական շարժումները՝ այդտեղից ազդելով նաև Գերմանիայի վրա։ Սերտորեն համագործակցում էր սկանդինավահայ բարեկամների հետ, անձնական կապ պահպանում անգլիական պետական գործիչ և հայերի մեծ պաշտպան լորդ Բրայսի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեփսիուսը շարունակում է իր պայքարը հանուն հայ ժողովրդի։ Ժնևում կազմակերպվում է Հայերի օգնության միջազգային լիգա։ 1919 թ. Լեփսիուսը հրատարակում է կարևոր փաստագրական մեկ այլ աշխատության՝ «Գերմանիան և Հայաստանը»։ 1921-ին Բեռլինում, Ս. Թեհլերյանի դատի ժամանակ հանդես է գալիս որպես վկա՝ մերկացնելով Թալեաթ փաշայի ոճրագործությունները հայկական եղեռնի ժամանակ։

Բազմամյա պայքարը քայքայեց Լեփսիուսի առողջությանը։ Նա վախճանվեց 1926 թ. փետրվարի 28-ին, 67 տարեկան հասակում Մերանում (Հարավային Տիրոլ), ուր գնացել էր հանգստանալու։

Ներկայացնում ենք մի քանի փաստագրական նյութ «Գերմանիան և Հայաստանը» աշխատությունից։

ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈԻՍ. «ՀԱՂՈՐԴԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԹՈԻՐՔԻԱՅՈԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» 1916 Թ., ՊՈՏՍԴԱՄ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈԻՄ
(ՉԵԶՈՔ ԱԿԱՆԱՏԵՍԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ, ՈՐԸ ԼՈԻՑՍ է ՏԵՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՋՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈԻԹՑԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ)

Ես թույլտվության էի ձեռք բերել այցելել հայերի ճամբարները, որոնք ընկած են Եփրատի երկայնքով՝ Մեսքենեից մինչև Դեյր Էլ-Ջոր, և հաշվետվություն ներկայացնել այնտեղ արտաքսված հայերի վիճակի, նրանց կենսապայմաների մասին, եթե հնարավոր է իմանալ նաև արտաքսվածների մոտավոր թիվը։

Տվյալ զեկուցագրի խնդիրն է նկարագրել այս առաքելության արդյունքները։
Համարձակվելով Զեզ ուղարկել իմ զեկուցագիրը՝ միաժամանակ խնդրում եմ հաշվի առնել դրանից բխող հետևությունները։ Եվ եթե անգամ ընդունեք դրանք, շատ քիչ բանով կծառայեք այն գործին, որ մեղմեք մի դժբախտ ժողովրդի ամենօրյա տառապանքները, մի ժողովրդի, որը կանգնած է անհետացման եզրին։
Անհնար է տալ այն զարհուրելի տպավորությունների նկարագիրը, որոնք ես վերապրեցի։ Ճամփորդում էի գետի աջ ափով։ «Ճամբարների» մասին խոսելն ուղղակի անհնար է։ Այս դժբախտների մեծ մասը, որոնց բարբարոսաբար քշել են իրենց հայրենի տնից ու տեղից, բաժանել ընտանիքներից, դեռ քշելու պահին կողոպտել այն ամենն, ինչ ունեին, ճանապարհին էլ թալանել այն քիչը, ինչ հասցրել էին հետները վերցնել, բաց երկնքի տակ անասունների նման լցված են իրար վրա, բոլորովին անպաշտպան շոգից ու ցրտից, համարյա առանց շորերի և խիստ անկանոն ու անբավարար են սնվում։ Հանձնված եղանակի քմահաճույքին՝ ամռանն անապատի կիզիչ արևին, գարնանը և աշնանը՝ քամուն ու անձրևին, ձմռանը՝ ծակող ցրտին, ահավոր զրկանքների ենթարկվելուց հյուծված, անվերջ քայլելուց ուժասպառ եղած, ամենավատ վերաբերմունքին, սոսկալի կտտանքներին և մշտապես սպառնացող մահվան սարսափին մատնված, նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց ուժերի մնացորդը, ափի երկայնքով գետնի մեջ ծմակներ են փորել, ուր և թաքնվում են։
Շատ քչերը, ում հաջողվել է իրենց մոտ պահել մի քանի շոր և մի քիչ փող, և ովքեր ի վիճակի են քիչ ալյուր գնել, համարվում են երջանիկ և հարուստ մարդիկ։ Երջանիկ են նաև նրանք, ովքեր կարող են գյուղացիներից մի քանի ձմերուկ կամ մի հիվանդ ու նիհար այծ ձեռք բերել, որոնց դիմաց քոչվորները նրանցից նույն կշիռով ոսկի են վերցնում։
Ամենուրեք կարելի է տեսնել միայն դալուկ դեմքեր, հյուծված կերպարանքներ, թափառող կմախքներ, որ քայքայվել են հիվանդություններից և դառնալու են քաղցի զոհերը:
Այս ողջ բնակչությանն անապատ տեղափոխելու համար միջոցներ ձեռք առնելիս բոլորովին հոգ չի տարվել նրանց սննդի մասին։ Բացահայտ երևում է, որ կառավարությունը հետապնդել է նրանց սովամահ անելու պլանը։ Անգամ կազմակերպված զանգվածային կոտորածներն այժմ, երբ դեռ չեն հռչակել ազատություն, հավասարություն և եղբայրություն, շատ ավելի մարդկային միջոցառում կլիներ, քանզի կարեկցանքի արժանի այս ժողովուրդը կազատվեր դանդաղ սովամահ լինելու ահի սարսափներից և մշակված խոշտանգումներից առաջացած այն սոսկալի ցավերից, ինչպիսին մտածել անգամ չէին կարող վայրագ մոնղոլները։ Սակայն ջարդը պակաս սահմանադրական է, քան սովամահ լինելը։ Ուոա՜, քաղաքակրթությունը փրկված է։
Այն, ինչ մնացել է հայ ազգից, որ ցրված է Եփրատի ափով մեկ, կազմում են ծերունիներ, կանայք և երեխաներ։ Միջին տարիքի տղամարդիկ և երիտասարդները, որոնք դեռ չեն կոտորվել, ցրված են կառավարության մեծ ճանապարհներին, ուր քար են ջարդում կամ իշխանության պատասխանատվությամբ, բռնի ուղարկվել են բանակի կարիքների համար այլ աշխատանքներ կատարելու։
Երիտասարդ աղջիկները, հաճախ դեռ երեխաներ, դարձել են մահմեդականների ավարը։ Տեղափոխման երկար երթերի ժամանակ նրանց քաշքշում են, հարմար առիթին բռնաբարում, վաճառում, եթե նրանց դեռ չեն սպանել մռայլ քարավաններն ուղեկցող ժանդարմները։ Շատերին կողոպտիչները քարշ են տալիս հարեմի ստրկության։
Ինչպես Դանթեի «Դժոխքի» դարպասին էր գրված, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների մուտքերին կարելի է գրել. «Ովքեր մտնում են այստեղ, թող ոչ մի հույս չունենան փրկվելու»։
Հեծյալ ժանդարմները շուրջկալներ են կազմակերպում, որպեսզի բոլոր նրանց, ովքեր կփորձեն փախչել, բռնեն և գավազանով պատժեն։ Փողոցները լավ են հսկվում։ Եվ ինչ փողոցներ։ Դրանք տանում են անապատ, ուր նույնպիսի մահ է սպասում, ինչպես թուրք բանտապահների բաստոնադեից*։
Ճամփեզրին, ամենուրեք կարելի է գտնել հայերի բեկորներ, որոնք ընկած մնացել են այստեղ։ Հարյուրավոր հողաթմբերի տակ վայրագ բարբարոսության այս զոհերը հանգչում են անանուն։
Նրանց և՛ արգելում են հեռանալ համակենտրոնացման ճամարներից՝ ուտելիք ճարելու, և՛ զրկում են իրենց բնական ընդունակություններն օգտագործելու հնարավորությունից, որ բնորոշ է այս ազգին՝ որպեսզի հարմարվեն իրենց սոսկալի ճակատագրին հարմարվելու, իրենց վիճակը հնարավորին չափ բարելավելու։
Նրանք կարող էին կառուցել պատսպարաններ, քարե կամ հողե խրճիթներ։ Ու թե որևէ տեղ կանգ առնել կարողանային, գոնե, հնարավորություն կունենային հողագործությամբ զբաղվել։ Սակայն այդ հույսն անգամ խլել են նրանցից, քանի որ մահվան սպառնալիքի ներքո անվերջ քշում են մի տեղից մյուսը, որպեսզի նրանց տանջանքների մեջ բազմազանություն մտցնեն։ Նրանց ամեն անգամ ստիպում են նորանոր երթեր կատարել առանց հացի, ջրի, իրենց հալածողների գավազանի ներքո՝ նոր տառապանքների ու դաժանությունների մատնված, ինչպիսիք չէին կիրառում անգամ Սուդանի ստրկավաճառները իրենց զոհերի հանդեպ։ Եվ ողջ ճանապարհը՝ տառապանքների կանգառների մի սարսափելի շարք, նշված է այս տեղահանման զոհերով։
Նրանք, ում մոտ դեռևս փող է մնացել, անընդհատ կողոպտվում են իրենց պահապանների կողմից, որոնք սպառնում են ավելի հեռու քշել նրանց։ Եվ երբ արդեն այդ փոքր միջոցներն էլ վերջանում են, այդ սպառնալիքները իրագործվում են։ Այստեղ խոսել «Հազար ու մի գիշերներ»–ի մասին, նշանակում է ոչինչ չասել։ Թվում էր, իրոք քայլում եմ դժոխքի միջով։ Այն քիչ տեղահանությունները, որոնք ուզում եմ վերարտադրել, պատահական են և շտապ ի մի բերված։ Դրանք կարող են տալ միայն թույլ պատկերացում այն սարսափելի և դաժան պատկերների մասին, որոնք տեսել եմ իմ աչքերով։ Ամենուրեք, ուր էլ որ ուղևորվել եմ, տեսել եմ նույնը, բարբարոսության սարսափելի իշխանություն, որի նպատակը հայ ազգի պարբերաբար բնաջնջումն է։ Դահիճների նույն անմարդկային գազանությունը, դժբախտ զոհերին տանջելու նույն խոշտանգումները։ Մեսքենեից մինչև Դեյր Էլ-Զոր նույն հրեշավորության վկաներն են։
Մեսքենեն, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ գտնվում է Սիրիայի և Միջագետքի սահմանի վրա, անատոլիական վիլայեթներից աքսորված հայերի փոխադրումների ներկայիս համակենտրոնացման կետն է։ Այստեղից հայերին ցրում են Եփրատի երկայնքով մեկ։ Նրանք գալիս են տասնյակ հազարներով, սակայն մեծ մասը իր մահն է գտնում այնտեղ։ Մեսքենեի մեծ դաշտավայրը խիստ տխուր և ճնշող տպավորություն է թողնում։ Տեղեկությունները, որ ես ստացա տեղում, ինձ իրավունք են տալիս ասելու, որ այստեղ թաղված է մոտավորապես 60000 հայ, որոնք սովի, զրկանքի, դիզենտերիայի և տիֆի զոհ են դարձել։ Ինչքան մարդու աչքն է կտրում, կարելի է տեսնել հողաթմբեր՝ յուրաքանչյուրի տակ մոտավորապես 200—300 դիակ, կանայք, ծերունիներ, երեխաներ, բոլորն իրար խառնված, տարբեր տեղերից և ընտանիքներից։
Ներկայումս Մեսքենե քաղաքի և Եփրատի միջև դեռևս լցված է 4400 հայ։ Նրանք ավելին չեն, քան կենդանի ուրվականներ։ Հսկիչները խիստ անկանոն, խնայողաբար, մի փոքր կտոր հաց են հատկացնում նրանց։ Հաճախ պատահում է, որ երեք-չորս օր ոչինչ չեն ստանում։
Սարսափելի դիզենտերիա է մոլեգնում և, առանձնապես երեխաներից, մեծ զոհեր խլում։ Այս դժբախտ փոքրիկները սովից նետվում են ուտելու այն ամենը, ինչ գտնում են. խոտ, հող, նույնիսկ կղկղանք։ Մի վրանի տակ, որը ծածկում էր ընդամենը 30 քառ. մետր տարածք, տեսա մոտավորապես 400 սովահար որբ երեխաների։ Այս դժբախտ երեխաներն օրական ստանում են 150 գրամ հաց։ Հաճախ նրանց 2—3 օր թողնում են առանց սննդի։ Բնական է, որ մահացությունն անասելի շատ է։ Ութ օրվա ընթացքում, ինչպես անձամբ կարողացա պարզել, դիզենտերիան տարավ 70 երեխա։
Աբու Հարարը մի փոքր տեղանք է, որ ընկած է Մեսքենեի հյուսիսային մասում՝ Եփրատի ափին։ Դա անապատի ամենավատառողջ տեղն է։ Գետից երկու հարյուր մետր հեռու ընկած մի բլրի վրա գտա 240 հայ՝ երկու ժանդարմի հսկողության տակ, որոնց անկարեկից աչքերի դեմ քաղցի զարհուրելի տանջանքներից մեռնում էին նրանք։ Այն տեսարանները, որունց ես ականատես եղա, վեր են հնարավոր դաժանության ամեն տեսակի պատկերացումից։ Այնտեղ, ուր կանգ առավ իմ կառքը, տեսա կանանց, որ կառքի մոտենալուն պես, նետվեցին դեպի ձիերի թրիքը, սկսեցին քթթել ու հանել այնտեղ գտնվող չմարսված գարու հատիկները, որպեսզի ուտեն։ Հաց տվեցի նրանց։ Սովյալ շների նման հարձակվեցին հացի վրա և ատամներով, սարսափելի ագահությամբ, պատառոտեցին այն՝ դողդողալով ու էպիլեպտիկ ցնցումներով։ Եվ երբ ինչ-որ մեկը 240 դժբախտներին, ավելի ճիշտ, սովյալ գայլերին (յոթ օր է ոչինչ չէին կերել) հայտնեց իմ ժամանման մասին, ողջ ոհմակը բլրի վրայից ներքև սուրալով հարձակվեց ինձ վրա։ Ինձ էին ձգվում կմախքացած ձեռքեր, խռպոտ աղաղակով ու հեծկլտանքներով մի կտոր հաց էին աղերսում։ Միայն կանայք և երեխաներ էին, նրանց մեջ հազիվ քսան ծերունի կար։ Վերադարձին նրանց հաց բերեցի, և մեկ ժամից ավելի եղա կարեկցող, սակայն անզոր ականատես՝ հանուն մի կտոր հացի մղվող իսկական ճակատամարտում, ինչպիսին անգամ սովյալ վայրենի կենդանիները չէին կարողանա ներկայացնել։
Ռական Եփրատի աջ ափին ընկած աչքի ընկնող տեղանք է։ Այնտեղ կա 5000—6000 հայ, հիմնականում կանայք և երեխաներ, որոնք հիսուն-վաթսուն հոգիանոց խմբերով բաժանված են քաղաքի տարբեր թաղամասերում։ Ամեն օր հացի գործարանի առջև կարելի է տեսնել հավաքված կանանց և երեխաների՝ ալյուր մուրալիս։ Փողոցներում կարելի է հանդիպել հարյուրավոր մուրացկանների։ Շարունակ քաղցի տանջանքը… Պետք է կարծել, որ քաղցողների մեջ գտնվում են ոչ քչերը, որոնք սոցիալական կյանքում բարձր դիրք են գրավել և որոնք, հասկանալի պատճառով, պետք է որ կրկնակի տառապելիս լինեն այս թշվառությունից։ Երեկ նրանք հարուստ էին ու նախանձելի, իսկ այսօր, ամենաաղքատների պես, մի կտոր հաց են մուրում։
Դեյր Էլ-Զորը համանուն գավառի նահանգապետի նստավայրն է։ Մի քանի ամիս առաջ այստեղ, քաղաքից դուրս գտնվող ճամբարներում, տեղավորվել է մյութեսարիֆ Ալի Սեդ բեյի պահպանությանն հանձնված 30000 հայ։ Չնայած ուզում եմ ինձ ետ պահել անձնական դիտողություններ անելուց, սակայն կուզենայի այս մարդու անունը հատուկ նշել, որովհետև նա սիրտ ունի, և տարագիրները շնորհակալ են նրանից, քանի որ փորձեց թեթևացնել նրանց թշվառությունը։ Նրա շնորհիվ էր, որ գաղթականներից ոմանք փողոցային առևտրի միջոցով կարող էին որոշ վաստակ ունենալ։ Դա ապացուցում է, որ եթե անգամ մի պահ ուզենանք հավատալ, թե պետական ինչ-որ հիմք պահանջել է հայերի մասսայական արտահանումը՝ հայկական հարցի լուծման հետ առնչվող դժվարությունները կանխելու նպատակով, այնուհանդերձ թուրքական իշխանության գերատեսչությունը, ելնելով պետության սեփական շահերից, ստելու կարիք չէր ունենա, եթե հայերին այնպիսի տեղեր փոխադրեր, որտեղ նրանք կկարողանային աշխատանք գտնել և զբաղվել արհեստով կամ առևտրով։ Նրանց կարող էին ուղարկել մշակովի հողեր ունեցող վայրեր, որտեղ նրանք հիմա, երբ երկրագործությունը անտերության է մատնված, գործ կգտնեին։ Բայց ոչ, սա կանխամտածված ծրագիր է՝ ոչնչացնել հայ ցեղը և, այսպիսով, մեկ հարվածով աշխարհից վերացնել հայկական հարցը։ Մեկ այլ եղանակով այս նպատակին չէին կարող հասնել։
Նպաստավոր պայմանները, որոնցից օգտվում էին Դեյր Էլ-Զորի հայերը, մատնության առիթ հանդիսացան Կ. Պոլսի կենտրոնական գերատեսչությունում։ «Մեղավոր» Ալի Սեդ բեյին ուղարկեցին Բաղդադ և նրան փոխարինեցին Զեքի բեյով, որը հայտնի էր իր դաժանությամբ և բարբարոսությամբ։ Ինձ սարսափելի բաներ են պատմել, որոնք տեղի են ունեցել այս նոր նահանգապետի օրոք, բանտարկությունները, հրեշավոր խոշտանգումները, բաստոնադեները, կախաղանները սովորական երևույթներ էին։ Դրանք այս քաղաքի աքսորյալների ամենօրյա հացն էին։ Ջահել աղջիկներին բռնաբարում և թողնում էին շրջակայքի արաբ քոչվորներին։ Երեխաներին շպրտում էին գետը։ Ալի Սեդ բեյը, այս թուրք հազվագյուտ պաշտոնյան, 2000 որբ երեխա տեղավորել էր մի մեծ տան մեջ և նրանց կերակրում էր քաղաքային վարչության հաշվին։ Նրա հետնորդը՝ Զեքի բեյը, այդ երեխաներին փողոց շպրտեց, որոնցից շատերը շների պես մահացան քաղցից և սարսափելի զրկանքներից։ Դեռ ավելին, Դեյր Էլ-Զորում գտնվող 30000 հայերի քշեցին Եփրատի վտակի՝ Խաբուր գետի երկայնքով ընկած վայրը։ Դա ամենավատ տեղանքն է, որտեղ անհնար է ուտելու որևէ բան ճարել։ Ըստ իմ հավաքած լուրերի, տարագիրների մեծ մասն արդեն մահացել է։ Ինչ-որ մնացել է այդ քարավանից, նույն ճակատագրին է արժանանալու։

Կայզեոական գերմանական դեսպանության
Պերա, 1915 թվականի հունիսի 17

Հայ բնակչության արտաքսումն Արևելյան Անատոլիայի գավառների իրենց բնակավայրերից և վերաբնակեցումն այլ վայրերում, անցկացվում է անխնա ձևով։

Սիսի կաթողիկոսի հավաստի տվյալների համաձայն, միայն իր թեմից աքսորվել է 80000 հայ։ Զեյթունը և նրա շրջակայքը, Ալբիստանը, Դյորթյոլը, Ալաբաշը, Հասան–Բեյլին և անգամ ամենափոքր բնակավայրերը լրիվ դատարկված են։ Այստեղ, ինչպես և ամենուրեք, բնակիչներին ցրում են երկրով մեկ և տեղավորում մահմեդականների մեջ, հիմնականում իրարից հեռու ընկած տեղանքներում։ Օրինակ, Ջեյթունի բնակիչները մասամբ ցրված են Կոնիայի շրջակայքում, մասամբ Եփրատի ափին՝ Դեյր Էլ-Ջորում։ Էրզրումի հայերին տեղափոխել են Դերջան (Մամախաթուն):

Արտաքսվողներին պարտադրում են անմիջապես կամ մի քանի օրվա ընթացքում թողնել իրենց բնակավայրերը, այնպես որ նրանք ստիպված են լքել տներն ու շարժական ունեցվածքի մեծ մասը, նույնիսկ չկարողանալով հետները վերցնել ճամփորդության համար անհրաժեշտ սննդամթերք։ Ժամանելով իրենց նշանակման վայրը, նրանք մնում են անպաշտպան և անօգնական իրենց թշնամաբար տրամադրված բնակչության մեջ։ Որոշ տեղերում, արդեն փոխադրման ժամանակ, տեղի են ունեցել անկարգություններ։ Դիարբեքիրից Մոսուլ տեղափոխվող բոլոր հայերին ճանապարհին մորթել են։ Լրիվ բացառված է, որ կառավարությունն արտագաղթվողներին ապահովի փողով, սննդամթերքով կամ անհրաժեշտ այլ բաներով։ Էրզրումում կայսրության, դեսպանը և ամերիկյան միսիոներները, իսկ այլ տեղերում՝ տեղական հայ պատրիարքարանը օգնության միջոցներ ձեռնարկեցին։

Միանգամայն ակնհայտ է, որ հայերին աքսորելը կապված չէ միայն ռազմական նկատառումների հետ։ Վերջերս, ներքին գործերի մինիստր Թալեաթ բեյը առանց քաշվելու հայտարարել է կայզերական դեսպանության աշխատակից դոկտոր Մորդմանին, որ «Բարձր Դուռը ձգտում է օգտագործել համաշխարհային պատերազմը որպեսզի հիմնովին արմատախիլ անի իր ներքին թշնամիներին (տեղական քրիստոնյաներին), առանց հարուցելու դիվանագիտական միջամտություն արտասահմանից»…

Վանգենհայմ
Ձերդ գերազանցության ռայխսկանցլեր պարոն Ֆոն Բերման Հոլվեգին
(Մոսուլի կայզերական հյուպատոսություն)

ՀԵՌԱԳԻՐ

Ուղարկված է Մոսուլից 1915 թվականի հուլիսի 10-ին
Ստացված է Պերայում 1915 թվականի հուլիսի 11-ին

Կ. Պոլսի գերմանական դեսպանությանը

Ներկայումս այստեղ գտնվող Մարդինի նախկին մյութեսարիֆը հաղորդեց հետևյալը. Դիարբեքիրի վալին՝ Ռաշիդ բեյը, արյունախում շան պես մոլեգնում է իր վիլայեթի քրիստոնեության վրա։ Վերջերս Մարդինում Դիարբեքիրից այդ նպատակով ետ կանչված ժանդարմերիայի միջոցով մի գիշերվա մեջ հավաքել տվեց 700 քրիստոնյա (հիմնականում հայեր), (նրանց մեջ էր նաև հայ եպիսկոպոսը) և քաղաքի մոտակայքում ոչխարների պես մորթել տվեց։ Ռաշիդ բեյն իր արյունարբու գործը շարունակում է անմեղների մեջ, որոնց թիվը այսօր անցել է երկու հազարից։

Եթե կառավարությունը վճռական միջոցներ չձեռնարկի Ռաշիդ բեյի դեմ, ապա այստեղի վիլայեթի հասարակ բնակչությունը ևս կսկսի քրիստոնյաների կոտորածները։ Վիճակն այստեղ օրեցօր սպառնալից է դառնում։

Հոլշտայն
(Կոնիայամ ապրող գերմանացիների զեկուցագիրը)
Կոնիա, 1915 թվականի օգոստոսի 16

Ներքոստորագրյալները՝ ներկայումս Կոնիայում բնակվող Գերմանիայի հպատակները, թույլ են տալիս իրենց Կայզերական Գերմանիայի դեսպանությանը ներկայացնել հետևյալ զեկուցագիրը։

Մի քանի շաբաթ է, ինչ դարձել ենք ամենահուզիչ տեսարանների վկաներ, տեսարաններ, որոնց մասին հեռվում գտնվողը հազիվ թե կարողանա պատկերացում կազմել։ Ամեն օր ժամանում են հայերի երկարաշար քարավաններ՝ տեղահանված Իզմիրից, Ադաբազարից և շրջակա վայրերից։

Ճամփորդներից իմացանք, որ աքսորման այս միջոցառումներն արդեն մի քանի ամիս է անցկացվում են Կիլիկիայում և Հյուսիսային Միջագետքում, և ինչպես լսել ենք, Անատոլիայի մյուս վայրերը ևս պետք է մաքրվեն հայերից։ Այսօր տեղի հայերը քաղաքը 8 օրվա ընթացքում թողնելու հրաման ստացան։

Մեր զեկույցի նպատակն է բողոքարկել արտաքսվողների նկատմամբ կիրառվող այսպիսի անմարդկային վերաբերմունքի դեմ։ Կանանց և երեխաներին քշում են բռունցքի ու փայտի հարվածներով։ Գիշերով քշում են նրանց բաց սայլերով ու արաբաներով, իսկ չունևորները ստիպված են իրերի մնացորդը շալակած շարունակել ծանր, երկար ճամփորդությունը։ Հուսալքությունն այնպիսի ահավոր չափերի է հասել, որ մայրերն իրենց երեխաներին նվիրաբերում են, որպեսզի փրկեն նրանց ամենաողորմելի ճակատագրից։

Այստեղից մինչև Հալեպ ընկած ողջ ճանապարհը ողորմելիների և թշվառների մի քարավան է։

Տավրոսի այս կողմում ընկած լեռնային վայրերում և այն կողմում գտնվող հարթավայրում այս թշվառները հանձնված են կիսավայրենի մահմեդական բնակչության ցանկասիրություններին։

Ամեն ինչից երևում է, որ այս ողջ միջոցառման նպատակը հայերին արմատախիլ անելն է։

Այս անմարդկային վերաբերմունքը համաշխարհային պատմության մեջ անջնշելի բիծ կթողնի ոչ միայն թուրքերի, այլ նաև մեզ՝ գերմանացիներիս համար, եթե մենք առանց միջամտելու դիտենք այս ամենը և թույլ տանք հայ ժողովրդի բնաջնջումը։ Չխոսելով այն մասին, որ այս ձեռնարկումը խիստ վնասակար է՝ երկրի տնտեսական շահերից ելնելով գերմանական ձեռնարկությունները ևս կտուժեն, եթե այս աշխատասեր ժողովուրդը ոչնչանա։

Եթե ներքոստորագրյալները թույլ են տալիս իրենց, կայզերական դեսպանությանն ուղարկել զեկուցագիր այս անցքերի մասին, ապա նրանք այդ անում են այն ենթադրությամբ, որ դրանք ամբողջ ծավալով հայտնի չեն կայզերական գերմանական դեսպանությանը։

Մենք՝ գերմանացիներս, այստեղ ամեն օր ստիպված ենք ականատես լինել անմարդկային վերաբերմունքի, և որպես կիսաքաղաքակիրթ ժողովրդի մեջ ապրող, կուլտուրական երկրի ներկայացուցիչներ, պարտավորված ենք զգում բողոքարկել այս ամենի դեմ։

Հուսով ենք, որ մեր խնդրանքը հաշվի կառնվի և կխնայվեն հազարավոր կանանց և երեխաների ճակատագրերը։

Խորին հարգանքներով՝
Վիլլի Զեեգեր՝ Անատոլիայի արդյունաբերական և առևտրական ընկերության ղեկավար, Կոնիայի մասնաճյուղ
Գեորգ Բիգել՝ միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Հայնրիխ Յանսոն՝ վարպետ

(Ավագ լեյտենանտ Շտանգե)
Էրզրում, 1915 թվականի օգոստոսի 23
Զեկույց հայ բնակչության տեղահանությունների մասին

… Հունիսի սկզբներին սկսվեց հայերի տեղահանումը Էրզրամից։ Այն իրագործվում էր ոստիկանական պաշտոնյաների և նրանց մարմինների միջոցով կազմակերպվածության և կարգապահության կատարյալ բացակայության պայմաններում։ Դեռ ավելին, այն անխնա, անմարդկային և անօրինական կամայականության վայրենի դաժանության ցուցադրական օրինակ է, դաժանություն, որը կիրառվում էր տեղահանմանը մասնակից բոլոր թուրքերի կողմից բնակչության՝ իրենց խորապես ատելի և օրենքից դուրս դիտված խավի դեմ։ Այդ են վկայում մեծ թվով հավաստի օրինակներ։ Կառավարությունը ոչ մի միջոց չձեռնարկեց տեղահանվողներին ինչ-որ ձևով օգնելու համար և, քանի որ ոստիկաններն իրազեկ էին իրենց պետերի տրամադրվածությանը, իրենք էլ իրենց կողմից ամեն ինչ անում էին հայերի տառապանքները ավելացնելու համար։

… Տրապիզոնի տեղահանվածների միջից տղամարդիկ առանձնացվել և տարվել են լեռները, այնտեղ զինվորների աջակցությամբ մորթվել, իսկ կանայք ողբալի վիճակում քշվել են Երզնկա։ Թե ինչ է եղել նրանց հետ, առայժմ հայտնի չէ։ Տրապիզոնում հայերին նավով տարել են ծովի խորքը և ջուրը լցրել։ Տրապիզոնի եպիսկոպոսը հրավիրվել էր Էրզրումի զինվորական դատարան և ճանապարհին իր ուղեկիցների հետ միասին սրախողխող արվել։ Տրապիզոնի և Բաբերդի միջև սպանվել է մի հայ զինվորական բժիշկ։

Երզնկայի բոլոր հայերին քշել են Կամախ (Եփրատի հովիտը) և այնտեղ կոտորել։ Բավական հավաստի զեկուցվել է, որ դիակները բարձել են այնտեղ նախապես պատրաստ կանգնած սայլերը, տարել Եփրատ և շպրտել գետը։ Երզնկայի եպիսկոպոսն ուղեկցել է իր դավանակիցներին և արժանացել նույն ճակատագրին։

… Ռազմունակ բոլոր հայ տղամարդիկ զորակոչվել են, այնպես որ որևէ ապստամբությունից վախենալու առանձին պատճառ չկա։ Սակայն, ինչպես երևում է, կառավարությունը վախենում է հայերից, բայց դա ոչ մի կերպ չի կապվում այստեղի հայերի անզոր վիճակի հետ։ Եվ եթե անգամ այս ոչ այնքան վստահելի տարրի տեղահանման որոշումը միայն բարձրագույն հրամանատարության գործն է, ապա գոնե պետք է սպասվեր և պահանջվեր, որ այս միջոցառումն անցկացվեր առանց տեղահանվողների կյանքին և գույքին վնաս հասցնելու, որոնց անձնական ամենաչնչին մեղքն անգամ ապացուցել հնարավոր չէ։ Այս ձևով չի շոշափվում առանձին մեղավորներին դատաստանի առջև կանգնեցնելու իրավունքի և պարտավորության հարցը։ Իրականում կառավարության հիմնական նպատակն այս հարմար առիթն օգտագործելն է, երբ դրսից միջամտություն չի սպասվում՝ իրագործելու վաղուց փայփայած ծրագիրը՝ հայ բնակչության հիմնովին թուլացում, եթե ոչ ոչնչացում։ Ռազմական բնույթի պատճառներն ու երկրի տարբեր մասերում խռովությունների փորձերը միայն հարմար պատրվակ են։

Գլխավոր հրամանատարը համառորեն պահանջում է արտաքսման անխնա արագացում։ Նրան հայտնի էր ճանապարհների անապահով լինելը, սակայն ոչինչ չէր անում խոչընդոտը վերացնելու համար։ Ավելին, հրամայում էր հայերին տեղափոխել հենց այդ ճանապարհներով։ Այս գործելակերպն, արդարև, համապատասխանում է դեսպանի մոտ ասած նրա այն արտահայտությանը, որ «պատերազմից հետո Հայկական հարց այլևս գոյություն չի ունենա»։

Այս ամենից հետո կարելի է հաստատ եզրակացնել հետևյալը.

Հայերի աքսորման և ոչնչացման մասին որոշումն ընդունվել և կազմակերպվել է երիտթուրքական կոմիտեի կողմից Կ.Պոլսում, որն իրականացվել է ռազմական իշխանությունների և զանազան հրոսակախմբերի օգնությամբ։

Բացի այդ, այս գործում իրենց մասնակցությունն ունեն նաև կոմիտեի անդամներ Հիլմի բեյը, Շաքիր բեյը, Էրզրումի պատգամավոր Սեյֆուլլա բեյը։ Այստեղ պաշտոնավորել են նաև ոստիկանապետ Խալուսի բեյը և գլխավոր հրամանատար Մահմուդ Քեմալ փաշան։

Ավագ լեյտենանտ Շտանգե
Կ.Պոլսի գերմանական զինվորական միսիային

Հալեպի ռեալական դպրոց
Հալեպ, 1915 թվականի հոկտեմբերի 15

Որպես ռեալական դպրոցի ուսուցիչներ, որ գործունեության լայն ասպարեզ ունենք, մենք՝ ներքոստորագրյալներս, մեր պարտքն ենք համարում Արտաքին գործերի գերատեսչության ուշադրությունը հրավիրել այն տխուր փաստի վրա, որ մեր աշխատանքին մեծ վնաս են հասցնում հայերի աքսորի ժամանակ կատարվող ոճրագործությունները, որոնց մենք ականատես ենք ամեն օր։

Չենք ուզում ուշադրություն հրավիրել այն արյունահեղ սարսափների վրա, որոնցով սովորարար սկսվում են հայերի տեղահանումները։ Չենք պատմի այն մասին, թե ինչպես հազարավոր տղամարդկանց առանձնացնելով, երբեմն նույնիսկ իրենց հարազատների աչքերի առջև մորթում են, այն աղջիկների, կանանց և երեխաների մասին, որոնց բաժին ընկավ իրենց պահակների և նրանց հանցակիցների կողմից հասցված անարգանքն ու խեղումը, և որոնց մերկ դիակներն ընկած են ճամփաների վրա, որտեղով պիտի անցնեն աքսորականների նորանոր խմբեր։ Չենք պատմի նաև այն աննկարագրելի դաժանությունների, ծարավի, քաղցի մասին, որոնք ոչնչացնում են կենդանի մնացածներին՝ մեծ մասամբ մինչև վերջ կողոպտված այրիներին և որբերին, նախքան նրանք կմախք դարձած կհասնեն այստեղ, որպեսզի հետո, վեցից կենդանի մնացած մեկը, տեղահանվի և տառապանքների նույն ուղիով, առանց գոյության հնարավորության, կրկին քշվի անապատները, որ իսպառ վերանա հայ ցեղը։

Կարծում ենք, այս ամենը հայտնի է Արտաքին գործերի գերատեսչությանը՝ այս երկրի իր ներկայացուցիչների միջոցով։

Դրա փոխարեն թույլ ենք տալիս մեզ լույս աշխարհ հանել այս ժողովրդական բնաջնջման զանգվածային թշվառությունից մի փոքր հատված, հատված, որը գտնվում է անմիջապես մեր դպրոցի կողքին և բաժանված է նրանից միայն մի նեղ նրբանցքով։

Դա մի հին, մեծ իջևանատուն է, որը թուրքական իշխանությունները տրամադրել են հայ տարագիրներին, հիմնականում հիվանդներին։ Այսպիսով պետք է ենթադրել, որ այն հիվանդանոցի նման մի բան է։ Ներս մտնենք նեղ մուտքով։ Մի քանի նկուղներ՝ լեփ–լեցուն թշվառ, ուժասպառ կերպարանքներով, որոնք ցնցոտիների մեջ փաթաթված մեկնվել են մերկ գետնին, լավագույն դեպքում՝ իրենց շարժական գույքի մի քանի խղճուկ մնացորդների վրա։ Կանայք և երեխաներ, երբեմն ծերունիներ։ Տղամարդ չկա։

Մտնում ենք բակ։ Այն դարձել է միակ արտաքնոցը։ Նկուղների շեմին հիվանդների, մեռնողների, մահացածների կույտեր, իրար խռնված, ընկած կեղտի մեջ։ Միլիոնավոր ճանճեր՝ հյուծված հիվանդների և դիակների վրա։ Տնքոցներ, հառաչանքներ, երբեմն բժիշկ աղերսելու ճիչ, տրտունջ՝ ճանճերի կողմից աչքերի խոռոչները չարչարելու առիթով։ Մի ծերանու դիակի կողքին երկու երեխա իրենց բնական պահանջն են կատարում։

Անցնելով կեղտով ծածկված բակի միջով, մտնում ենք մի նկուղ։ Մի դյուժին երեխա, կիսաքաղց, անզգա, նրանց մեջ մի քանիսը մահամերձ, գուցե արդեն մահացած։ Ոչ ոք նրանց մասին չի հոգում։

Մութ որմնախորշից տղայի մի կիսանեխած դիակ են դուրս բերում, որի վրա ուշադրություն էին դարձրել միայն նեխածության հոտի պատճառով։ Այստեղ այն որբերն են, որոնց մայրերը վերջին օրերին մահացել են այս նկուղներում։ Ոչ մի բժիշկ չի երևում։

Երևում են դագաղներով բեռնակիրներ։ Վերջին օրերին մահացածների մի մասը դրվում է դագաղների մեջ, տարվում ամենամոտ եկեղեցու բակը և դատարկվում ընդհանուր գերեզմանոցը։

Դագաղներ տեղափոխող տրանսպորտը (կեղտ կրելու միջոցներ) չի բավարարում։ Չէ՞ որ այստեղ հասած կենդանի մնացածներից օրական մահանում են 100–ից մինչև 150 հոգի։

Իսկ մահմեդական երեխաները, կարծում եք, չե՞ն կասկածի, երբ այդ տեսարանների առկայությամբ լսեն մեր դասերը։ Չէ՞ որ կան նաև կարգին մահմեդականներ, որ նողկանքով դատապարտում են անմեղ երեխաների և կանանց զանգվածային կոտորածները, դրանք դիտելով որպես գթասրտության աստծու պատվիրանի դեմ կատարվող մեղսագործություն։ Եվ առանց ըմբռնելու, որ այսպիսի հանցագործ սարսափի հեղինակը կարող է իր սեփական կառավարությունը լինել, հեղինակներին փնտրում են գերմանացիների մեջ։ Կեղտոտ բծեր են սպառնում Գերմանիայի պատվո վահանին՝ Մերձավոր Արևելքի ժողովուրդների ապագա պատմական հիշողության մեջ։

Մեր գործը չէ որոշել հայերին իրենց լեռնային երկրից արտահանելու քաղաքական իրավունքը։ Սակայն մենք ուզում ենք և պարտավոր ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ գերմանական դպրոցի աշխատանքն այս երկրում մեծ վնասներ է կրում սարսափելի ձևով շարունակվող այս արտաքսումների պատճառով, որոնք ուղեկցվում են կանանց և երեխաների զանգվածային կոտորածներով, ինչպիսին պատմությանը դեռևս հայտնի չէ։

Հուսով ենք, որ Արտաքին գործերի գերատեսչությանը, իր ազդեցության շնորհիվ, կհաջողվի գոնե վերջին պահին կանգնեցնել այս ամոթալի ոճրագործությանը, և մեզ՝ գերմանացի ուսուցիչներիս, ազատել հանցակցության այն ամոթալի կասկածից, որը մեր նկատմամբ ունեն հիմա այստեղի, իսկ հետագայում կունենան նաև ողջ աշխարհի քրիստոնյաներն ու մահմեդականները, և որն օրեցօր ծանրանում է մեր հոգու վրա։

Ավագ ուսուցիչ, դոկտոր Նիպագե

Գործընկեր դոկտոր Նիպագեի նկարագրությունը բոլորովին չի չափազանցված։ Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք այստեղ դիակների հոտն ենք շնչում և ապրում ենք մահացողների մեջ։ Միայն այս աղաղակող վիճակին շուտափույթ վերջ տրվելու հույսն է թույլ տալիս մեզ դեռ շարունակել աշխատանքը դպրոցում, նաև՝ այն ցանկությունը, որ մեր թույլ օժանդակ ուժերով ապացուցենք այստեղի ոչ թուրքական բնակչությանը, որ մենք՝ գերմանացիներս, անձամբ ոչ մի կապ չունենք այս երկրի սարսափելի մեթոդների հետ։

Դպրոցի դիրեկտոր Հուբեր
Էդուարդ Գրաետեր
Բանասիրության դոկտոր
Մարի Շպիկեր
Բեռլինի Արտաքին գործերի մինիստրության գերատեսչությանը

«Գարուն» ամսագիր, 1987, թիվ 7
Գերմաներենից թարգմանեցին
ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԻՆԱԼՅԱՆԸ
ԷԼԵՈՆՈՐԱ ԵՂԻԱՋԱՐՅԱՆԸ


Աղբյուր: http://historyarmenia.org/?p=681 Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (21-Ապրլ-2011) Դիտումներ: 1816 | Պիտակներ: թուրքիա, ցեղասպանություն, Դեյր Էլ-Ջոր, Յոհաննես Լեփսիուս -Գերմանիան և Հայա, Արևմտյան Հայաստան, տեղահանություններ, 1915—1916 թթ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]