// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Այս հայ պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաեւ նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, սողում է իշխանական ստորին վերջավորությունների եւ աթոռաոտքերի շուրջ, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերեւից իջեցված հրահանգները։
Վերջապես օրվա հացը վաստակված է, եւ նա դուրս է գալիս կառավարական շենքից։ Իսկ շուրջբոլորը մարդիկ գնում-գալիս են, շտապում են, կամ իրենց հավեսին, հանգիստ զբոսնում են։ Նրանք աղքատ են կամ հարուստ։ Կամ շատ աղքատ են, կամ շատ հարուստ։ Նրանցից ոմանք հարգում են իշխանություններին, ոմանք չեն հարգում, բայց վախենում են այդ մասին խոսել անգամ հարազատ կնոջ մոտ։ Մյուսները ոչ հարգում են, ոչ էլ չեն հարգում. իրենց հոգս ու ցավերի մեջ խճճված, իրենց համար ապրում են՝ առանց իմանալու, որ երկրում նաեւ իշխանություններ կան։ Նրանք նույնիսկ չգիտեն, թե դրանք, այդ իշխանություններն ընդհանրապես ինչի համար են։ Իսկ ոմանք էլ ոչ միայն չեն սիրում իշխանություններին եւ դա չեն թաքցնում, այլեւ ուրախ կլինեին օր առաջ ազատվել դրանցից։ 
Ու ահա, Պաշտոնյան դուրս է եկել իշխանական պալատից, իսկ շուրջբոլորն այդ մարդիկ են՝ իրար շատ նման, միաժամանակ, իրարից շատ տարբեր՝ իրենց հոգսերով, տարբեր՝ իրենց գրպանների կամ գլխի պարունակությամբ ու կահավորմամբ, գլխարկով ու առանց գլխարկի, ակնոցով կամ առանց ակնոցի, ժանեկազարդ ու լիքը գրպաններով կամ չթե դատարկ ու ծակ գրպաններով եւ այլն։
Պաշտոնյան նրանց մեջ նկատում է շատ կոկիկ հագնված ծանոթներից մեկին, որ իշխանություններին շատ թունդ սիրում է, եւ այդ սերը փոխադարձ է. ղեկավար տղերքը երկրի գանձարանից հաճախ կլորիկ գումար են բաց թողնում սրա հասցեով։ 
- Իշխանությունների ցավը տանեմ,- ծանոթին սրտաբուխ խոստովանում է Պաշտոնյան,- ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր ճարը, եթե նրա՛նք չլինեին մեր ղեկավարները։
- Այո՜ս,- ասում է ծանոթը, որ քաղաքում 4-5 կոոպերատիվ-մոոպերատիվ ունի,- իսկապես աննման տղերք են։ Ժողովրդի վիճակը հասկացող ու երկրի շարքային քաղաքացուն գնահատող մարդիկ են...
Պաշտոնյային քիչ հետո հանդիպում է երկրորդ ծանոթը, որ բացարձակապես գաղափար չունի իշխանությունների գոյության մասին։
- Չեմ հասկանում, մինչեւ ե՞րբ ենք այսպես անտեր ու անիշխան ապրելու։ Բա սա կյա՞նք է, սա ապրո՞ւստ է,- վրդոված ասում է Պաշտոնյան՝ զգուշության համար, համենայն դեպս, աչքի տակով շուրջը նայելով։
- Հա՜, էդպես է,- հաստատում է երկրորդ ծանոթը։
Երրորդ ծանոթը չի սիրում իշխանություններին, ատում է նրանց, բայց այդ մասին ոչ մեկին չի ասում։ Սակայն մի տասերորդ զգայարանով Պաշտոնյան զգում է դա։ 
- Սա ի՞նչ երկիր է, սա ի՞նչ արդարություն է, աջ ու ձախ անխղճորեն թալանում են,- շշնջում է Պաշտոնյան, բայց, նկատելով, որ զրուցակիցը գույնը գցած շուրջն է նայում, ձայնը բարձրացնում է,- էս երկրում միայն իշխանություններն են մնացել ազնիվ ու անշահախնդիր։ Նրանց պահես, իսկ մյուսներին քշես գրողի ծոցը...
Չորրորդ ծանոթը։ Սատանան տանի, բայց սա որտեղի՞ց հայտնվեց։ Պաշտոնյան հրաժեշտ է տալիս իր երրորդ զրուցակցին եւ թթված տեսքով սեղմում սատանայի տարած այս չորրորդ ծանոթի ձեռքը։
- Էս գյադագյուդաներից ե՞րբ ենք ազատվելու,- նախապես համոզվելով, որ իրենց ուրիշ լսող չկա, ասում է Պաշտոնյան, որովհետեւ իր այս ծանոթը մասնակցում է ընդդիմության միտինգներին եւ աջ ու ձախ հայհոյում երկրի ղեկավարներին։- Մեր արյունը ծծեցին այս արնախումները, ամենուր թալան է ու կաշառք։ Սրանց տիրումե՛րը...
- Մի քիչ էլ համբերիր, շուտով սրանց վերջը կգա,- ասաց այս ծանոթը։- Սրանք շուտով կհայտնվեն այնտեղ, որտեղ մեր տղաներին են պահում։ Դրանց վերջնական ապաստանը բանտն է...
- Հա, երանի այդ օրվան, այս գայլերից պիտի ազատվել,- ասաց Պաշտոնյան եւ հապշտապ հրաժեշտ տվեց ծանոթին, որովհետեւ, ո՜վ սարսափ, մոտերքում, անցորդների մեջ երեւաց մի այլ պաշտոնյա։ Բարեբախտաբար, մյուս պաշտոնյան նույնպես խուսափում էր այդ հանդիպումից, եւ երկուսն էլ որոշեցին աննկատ շրջանցել իրար։ Բայց, դժբախտաբար, մի քան րոպե հետո, չար պատահմամբ, նրանք հայտնվեցին դեմ առ դեմ։ Վերջին պահին հասկացան, որ արդեն ուշ է, հանդիպումն անխուսափելի է։
- Ափսո՞ս չէ, մեր այս երկիրը, ուր նայում ես՝ զվարթ ու անհոգ մարդիկ են,- իրար ձեռք սեղմելուց հետո ասաց մեր Պաշտոնյան։
- Բախտներս բերել է։ Մեր այս չքնաղ լեռնաշխարհի պես մի այլ երկիր չկա,- ոգեւորվեց մյուս պաշտոնյան, բայց մեր Պաշտոնյայի դեմքին դժգոհություն նկատելով, ավելացրեց,- սակայն սա կյանք չէ, որ մենք ապրում ենք։
- Դե, իհարկե, սա ի՞նչ կյանք է։
- Շան կյանք է,- ասաց զրուցակիցը,- ինչ դուրսպրծուկ ասես, որ գլխներիս ղեկավար չեն կարգել։ Շան տղերքն էլ այնպես են լափում, ասես տարիներով սոված են եղել։ 
- Անտեր երկիր է, իսկ մեջտեղ մեզ նմաններն են տուժում,- մեր Պաշտոնյան ծխախոտ վառեց։- Որ էսպես շարունակվի...
- Երկիրը դատարկվում է։ Բոլորը թողնում, գնում են ռուսաստաններ, Ամերիկա... Այս պարազիտներից պետք է ազատվել...
Մեր Պաշտոնյայի մարմինը հանկարծ սառը քրտինք պատեց։ Չափն արդեն անցան։
- Ես լիովին համամիտ եմ, որ սա երկիր չէ,- ասաց,- բայց մեր իշխանությունները մեղք չունեն, իշխանությունները լավն են։
- Իհարկե՛, իշխանությունները լավ են։ Մեր ղեկավարության պես ազգընտիր ղեկավարություն չկա,- ակնածանքով ասաց երկրորդ պաշտոնյան։
- Միայն սրիկաները, երախտամոռները կարող են դժգոհել այսպիսի ղեկավարներից։ Նրանց ցավը տանեմ... 
- Այո, նրանց հոգուն մեռնեմ,- հիմա էլ այս պաշտոնյան ծխախոտ վառեց։- Մեր ղեկավարներն են երկիրը պահում։ Առանց նրանց մենք կորած ենք...
- Աստված չանի, եթե հանկարծ իշխանափոխություն լինի... Եթե այդ ընդդիմություն կոչվածը հանկարծ իշխանության գա,- մեր Պաշտոնյան անկեղծորեն հուզվեց։- Այդ հարվածին մենք չենք դիմանա։
Հետո նրանք իրար հրաժեշտ են տալիս։ Մեր Պաշտոնյան տուն է շտապում, որովհետեւ արեւն արդեն մայրամուտ է թեքվում։ Նա կարծես քթի տակ ժպտում է, ոնց-որ տրամադրությունը լավ է։ Բայց ո՛չ, նա ամենեւին չի ժպտում, տուն է շտապում՝ մռայլադեմ շուրջը նայելով։ Նա տուն է շտապում, որովհետեւ օրն արդեն մթնում է։ Նա մերթ մռայլ է, մերթ ժպտում է, բայց իրականում ոչ տխուր է, ոչ ուրախ։ Նա երջանիկ չէ, նա նաեւ դժբախտ չէ։ Նա հայ չինովնիկ է։ Նոր ժամանակների հայ չինովնիկ։ Նա, մեծ հաշվով, թքած ունի թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության վրա, բայց վախենում է, որ վաղը հանկարծ իշխանության կգան ընդդիմադիրները եւ, կարծելով, թե ինքը ներկա ռեժիմի մարդն է, կզրկեն օրվա հացից։ Մինչդեռ իրականում նա հպատակորեն ծառայում է նրանց, ովքեր այսօր իշխանություն ունեն։ Եթե վաղը գահ բարձրանան ընդդիմադիրները, անարխիստները կամ կրկին իշխանությունը նվաճեն կոմունիստները, նա ստորաքարշորեն ծառայելու է նաեւ վերջիններիս։




Աղբյուր: http://www.lit-bridge.com/essays/000630.php Կարգ: Հատուկ | Ավելացրել է: ANI (20-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդգես Օվյան Դիտումներ: 993 | Մեկնաբ.: 1 | Պիտակներ: Վարդգես Օվյան, պաշտոն, երգիծանք, ընդդիմություն, իշխանություն, պետություն
Ընդամենը մեկնաբ.: 1
1 Areg   (23-Ապրլ-2011 13:14)
Մեր ժամանակի չինովնիկների շատ ճշմարիտ պատկերն է տված։ Ինձ շատ դուր եկավ այս երգիծական ստեղծագործությունը։ tongue

Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]