// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Այն, որ հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսները տեղյակ էին Տիեզերական «Արդարության Օրենսգրքին», հրաշալի երևում է նաև էպոսի Մեծ Ծռերի ամուսնության ժամանակ: Որպես կանոն մեր հերոսները հարսնացու են բերում դրսից` Սասուն-Հայաստանի հարևան երկրներից: Սակայն զարմանալին այն է, որ այդ օրիորդները հայուհիներ են: Այս մասին առավել պարզ խոսվում է հայոց հնագույն «Տորք Անգեղ» առասպելում, որն ըստ էության մեր էպոսի կորած պատումներից մեկի, մեզ հասած մի փոքրիկ պատառիկ է, որտեղ պատմվում է հայոց Անգեղ Տան ծռերի մասին: Մեր կարծիքով Հայաստանի ամեն մի նահանգ ունեցել է իր էպոսն ու իր էպոսի Մեծ Ծռերը: Ցավոք մեզ հասել է միայն Սասնա Տան էպոսը, սակայն վստահ ենք, որ եղել է և Սյունաց Տան էպոս, և Անգեղ Տան էպոս, և Վանա Տան էպոս և այլն: Հատկապես Վանա Տան էպոսի գոյությունը հաստատում է այն փաստը, որ «Սասնա Ծռեր» էպոսի մեծ Ծուռ Սանասարը իր տիեզերական հրեղեն ձին ու հրեղեն Թուր Կեծակին ստանում է Վանա ծովի հատակից, և ինչպես Քրիստոսը իր գործնեությունը սկսելուց առաջ մկրտվում է Հորդանան գետում, այնպես էլ Սանասարն է իր առաջին մկրտությունը ստանում Վանա ծովում: Եվ Փոքր Մհերն էլ տվյալ ժամանակաշրջանում ավարտելով իր գործնեությունը, փակվում է Վանա լճի ափին գտնվող ժայռի մեջ, որը և գիտնականներին, և ժողովրդին հայտնի է Մհերի Դուռ անունով: Սակայն հավաքված բազում պատումներում ներկայացվում են բոլորովին այլ ժայռեր և բոլորովին այլ լճեր ու աղբյուրներ: Փաստորեն մենք գործ ունենք տարբեր նահանգների էպոսների խառնուրդի հետ: Այս շփոթը առաջացել է 1915 թվականի ջարդերի պատճառեով: Դատարկված երկրից ողջ մնացածները պատմել են ամեն մեկն իր երկրի էպոսը, սակայն ցավոք սրտի և ոչ մեկի պատումն էլ ամբողջական չի եղել, քանզի խաթարված հոգեբանության պատճառով, մեր գաղթական պապերը շատ մանրամասեր մոռացել են: Սակայն վերադառնանք Տորք Անգեղին:
Ինչպես իրեն հարգող ցանկացած դյութազուն, նա իր ապագա կնոջը տեսնում է երազում: Նույնն է վիճակը նաև «Սասնա Ծռեր» էպոսում: Մեծ Ծռերը իրենց ապագա կանանց կամ տեսնում են երազում, կամ էլ գեղեցկուհիները նրանց մոտ ուղարկում են իրենց գուսաններին, որոնք գովում են իրենց տիրուհուն, կամ էլ իրենց չնաշխարհիկ գեղեցկության մասին նամակ են ուղարկում դյութազունին: Գեղեցկուհու ետևից գնալուց առաջ, ահա թե ի՞նչ է ասում Տորք Անգեղը` հայոց արքային:

-Ու՞մ պետք է ընտրեմ հարմար իմ սրտին,
Ես դեռ չեմ գտել ինձ համար մի կին,
Հեռու աշխարհում մեր սերնդից կան,
Բայց ես չգիտեմ այն երկրի ճամփան:

Իր սրտի տիրուհու ետևից գնալով, Տորքը հասնում է նախ Լոք լեռանը, որի գագթից էլ նրա առաջ բացվում են Կովկասյան լեռները:

Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փռված են ինչպես աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպես ցամաքի մի լևիաթան,Գլուխը թաղել է Եվքսինյան ծովում,
Պոչը Վրկանա ծովումն է շարժում:

Հիշեցնենք, որ Եվքսինյան ծովը, դա Սև ծովն է, իսկ Վրկանա ծովը` Կասպից ծովը: Ահա այստեղ Տորքը հանդիպում է մի հովիվի, որին, ըստ պատմիչի, Աստված, որպես Արեգակի հրեշտակ ուղարկել էր մեր Տորքի մոտ: Ահա այս հովիվն է, որ Տորքին մանրամասն պատմում է նրա երազի գեղեցկուհու մասին: Պատմելով տեղի քաղաքների մասին, հովիվը հասնում է Տորքին հուզող հարցին:

Իսկ այս էլ ահա ամրոցն է Ուփրեթ,
Որ պատկանում է մի շատ աննման
Եվ շատ գեղեցիկ մի որբ աղջկան:
-«Այդ ի՞նչ աղջիկ է, ի՞նչ է նրա անուն»:
-«Նրա անունն է Հայկանուշ-Սիրուն»:

Անունը պարզ ցույց է տալիս աղջկա ծագումը: Մեր դյութազունը ներկայանում է գեղեցկուհուն և խնդրում նրա ձեռքը:

-Աղջիկ առնելը չի լինի այդպես.
Դու շատ ուժով ես, այդ ես լավ գիտեմ,
Բայց ի՞նչ էլ լինես, ես պետք է կռվեմ:
Քո եղունգներըդ, այո, շատ են սուր,
Բայց ես էլ ունիմ վահալանի թուր,
Որին չի դիմնալ և ոչ մի հսկա
Թեկուզ նա լինի քեզ պես աժդահա:

Այ քեզ հայոց հրեղեն գեղեցկուհի: Հայոց օրիորդի արժանապատիվ կեցվածք: Եվ քիչ էր մնում Տորք Անգեղը վախից փախչեր Հայաստան: Տորքը ընկերանում է տեղացի հսկաների հետ, սակայն առաջանում է մի նոր խնդիր: Պարզվում է, որ վերջիններս էլ են ցանկանում ամուսնանալ տասութամյա գեղեցկուհւու հետ: Հայկանուշ-Սիրունը պահաջում է, որ Տորքը ոչնչացնի այդ հսկաներին, որից հետո էլ ինքը կամուսնանա Տորքի հետ: Մեր սիրահարված դյութազունը, մի հսկա գերան ուսին դրած, հիշենք Բարդու ծառով կռվող Սասնա Ծռերին, մտնում է Ձորոփորցիների քարանձավը: Սակայն վերջիններս, իրենց օրենքի համաձայն, նախ հյուրասիրում են Տորքին:

-«Բարով ես եկել, մեր աչքի լույսն ես»:

Չորս օր վայելելով տանտերերի հյուրասիրությունը, Տորքը հասկանում է, որ այլևս չի կարող կռվել այս բարի հսկաների դեմ: Ահա այստեղ է, որ Տորքը անդրադառնում է Սրբազան Աղ ու Հացի խնդրին:

«Երբ վայելեցի այսքան աղ ու հաց»,
Մեր Տորքն ինքն իրան այնպես մտմտաց,
«Էլ ինչպես կարամ սրանց հետ կռվել,
Մեկի կամ մյուսի մի մազին դիպչել.

Ցավոք սրտի հայերիս պատմությունը ցույց է տալիս, որ մեր կրտսեր եղբայր արիացի ազգերը` պարսիկներ, հույներ, հռոմեցիներ, մեկ անգամ չէ, որ ոտնձգություն են կատարել նշված Տիեզերական Օրենքի նկատմամբ: Նրանք ոչ միայն կարողացել են մոռանալ միասին կերած Տիեզերական Աղ ու Հացը, այլ նույնիսկ հենց Երկրային Աղ ու Հացի սեղանի մոտ թափել են հայոց նախարարների, սպարապետների ու թագավորներիարյունը: Մի բան, որ ոչ մի կերպ չի կարող տեղավորվել հայերիս Աշխարահայացքի ու Տիեզերահայացքի սահմաններում: Սակայն Աստված իրենց հետ, կգա ժամանակը, և նրանք մինչև վերջ կհատուցեն Տիեզերական Օրենքներն արհամարելու համար: Իսկ Տո՞րքը: Տորքը հանուն այդ Աղ ու Հացի կարող է հրաժարվել նույնիսկ իր սրտի տիրուհուն տված խոստումից:

Թող Հայկանուշը այլ բան պահանջե,
Եվ ոչ իմ եղբարց արյունը ուզե.
Ինչ որ կարող է մարդ անել սիրով,
Նույնն անել կարող չէ նա իր ուժով:  

Կարծում ենք, որ միայն Տիեզերական Գիտեիքին ծանոթ անհատը կարող է Տիեզերական Եղբայրությունը ավելի բարձր դասել իր անձնական սիրուց: Տորք Անգեղը ստիպված տանտերերին պատմում է իր գալու բուն նպատակի մասին: Ձորոփորի հսկաները, իրենց իմաստուն ծերունի առաջնորդի խորհրդով, որոշում են օգնել հայոց դյութազունին, քանզի գտնում են, որ հենց Տորքին է վայել անուսնանալ Հայկանուշ-Սիրունի հետ: Եվ բնական է, որ հենց իմաստուն ծերունին կարող էր ճիշտ գնահատել Տիեզերական Գիտելիքների խորհուրդը: Այլ է խնդիրը Ծոբոփորի հսկաների մոտ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում հեշտությամբ հրաժարվել գեղեցկուհուց: Ծոբոփորցի քսան հսկաներ առավոտյան մտնում է գեղեցկուհու ամրոց, որտեղ Տորքը պատրաստվում էր ամուսնանալ Հայկանուշ-Սիրունի հետ: Սակայն մեր Տորքն էլ մենակ չէր, նրա հետ էին Ձորոփորի երեսուն հսկաներ: Ահա այստեղ, ժամանած հսկաների հետ հանդիպումը ցույց է տալիս, որ հայոց դյութազունը, իտարբերություն Ծոբոփորեցի հսկաների, ծանոթ էր Տիեզերական Գիտելիքի հետ:

Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չըպատասխանեց.
-«Բարև ձեզ, եղբայրք», կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկության շնորհքը.
Դարձյալ լռություն, ոչինչ ձայն, ծպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն:

Այս, բարև տալն ու բարևին պատասխանելը Տիեզերական նշանակություն ունի, որի իմաստը հասու է եղել միայն հայերին: Շուտով, երբ քննարկենք Սանասարի ամուսնության դրվագը, կտեսնենք, թե դա ի՞նչ որոշիչ նշանակություն կարող է ունենալ: Չստանալով հսկաների բարևը, Տորքի ձեռքերն արդեն ազատ են: Նա կարող է հանգիստ ոչնչացնել նրանց:

-«Ես ազգականն եմ այս Հայկանուշի»:

Տորքը հսկաներին առաջարկում է մենամարտել, պայմանով որ հաղթողն էլ հենց կամուսնանա Հայկանուշի հետ: Քսան Ծոբոփորցի և երեսուն Ձորոփորցի սկսում են մենամարտի շարքը: Իվերջո հաղթում է Ծոփոբորձի Ավագը, որին մնում էր հաղթել միայն Տորք Անգեղին: Տորքը Ավագին հանգստանալու հնարավորություն է տալիս, իսկ պարտվածների համար մարտական խաղեր է կազմակերպում, որին հենց ինքն էլ սկսում է մասնակցել: Հենց այս խաղերը դիտելիս է, որ Ավագը հասկանում է, թե հանձինս Տորքի, ի՞նչ հակառակորդի հետ պետք շուտով մենամարտի:

-Ես արժանի չեմ,-ասաց Ավագը,-
Քանի որ մեր մեջ կա հզոր Տորքը. Նա բարձր է կանգնած ամեն նախանձից,
Այդ երևաց հիմիկվան խաղից.
Սա մարմնեղեն չէ, այլ ժայռից կազմված,
Կամ թե` ո՞վ գիտե` մա՞րդ է, թե` ա՞ստված.
Մենք պաշտել միայն կարող ենք սըրան,
Եվ ոչ թե դառնալ ախոյան մրցման:

Այս ամենն ավարտվում է Տորք Անգեղի ու Հայկանուշ-Սիրունի հարսանիքով, իսկ բոլոր դյութազունները եղբայրանում են: Ընդ որում Տորքը, Ավագ անունով հսկային և իր բոլոր ընկերներին ամուսնացնում է Հայկանուշ-Սիրունի պալատական օրիորդների հետ: Այս քայլը, եղբայրներին ամուսնացնելն ու նոր վերադառնալը խիստ կարևոր, նույնիսկ պարտադիր մի քայլ է, որը հետևողականորեն կատարել են նաև «Սասնա Ծռեր» էպոսի դյութազունները: Վերջում գալիս է արքայի հրամանը, որով Տորք Անգեղը նշանակվում է հայոց արևմտյան մասի կուսակալ: Այսպիսով մենք տեսանք, թե ինչպես հայոց դյութազունը կարողացավ ամուսնանալ հեռվում ապրող հայոց հրեղեն գեղեցկուհու հետ և նրան բերել Հայաստան: Քանի որ էպոսներում կինը մարմնավորում է Նյութական համակարգի խորհրդանիշ, ապա պարզ է դառնում, որ հայ կինը, հայոց Հուր-Հոգևոր-Արական համակարգի կին ներկայացուցիչն է, որն ինչ-ինչ պատճառներով օտարված է հայրենիքից: Ահա այս պատճառով էլ Հայաստանից դուրս, Նյութապաշտական-Իգական-Կին համակարգհի արական ներկայացուցիչները չէին կարողանալու հաղթել միայնակ գեղեցկուհուն: Նրան կարող էր միայն հաղթել, ինչու չէ, նաև սիրով, իր հայրենի Արական-Հոգևոր համակարգի տղամարդ ներկայացուցիչը: Կարող ենք ասել, որ գործ ունենք հայկական նյութական արժեքները վերադարձնելու գործընթացի հետ: Սա նույնն է, ինչ Դավթի կողմից Հարամի Դևերին սպանելուց հետո Սասնա Տան ոսկին Սասուն տեղափոխելը: Եվ քանի որ, ինչպես ասացինք Տորքի Անգեղի մասին պատմությունը մեզ հասել է առասպելի տեսքով, խիստ վնասված, հիմա տեսնենք, թե նույն խնդրի լուծումը ինչպես է տրված հայոց «Սասնա Ծռեր» էպոսում:
Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի առաջին Մեծ Ծուռ Սանասարն իր ապագա կնոջից ստանում է նամակ, որը երկու եղբայրների մեջ վեճի պատճառ է դառնում: Սակայն նախ անդրադառնանք գեղեցկուհու նամակի բովանդակությանը: Նամակ, որը նա գրում է այն բանից հետո, երբ Սանասարը սպանում է Բաղդադի Խալիֆային, կառուցում է իր Սասնա Բերդը և սկսում է մեծացնել իր տերության սահմանները: Լսելով Սանասարի մասին, շատ երկրներից մարդիկ վերաբնակվում են Սասունում: այս ամենի մասին մենք արդեն խոսել ենք: Սակայն հայուհի գեղեցկուհին չի կարող իր ոտքով գալ Սասուն: Պատվի ու արժանապատվության խնդիր կա:

«Քաջաց թագավորի աղջիկ Դեղձուն-Ծամից`
Շատ բարև Սանասարին.
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին:
Սանասար տղա,
Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ:
Իմ սիրտ` քանց էսա դատարկ կուժ սար-սուրբ է.
Իմ գլուխ,` քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.
Աստըծու շնորհքով լցուկ եմ:
Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.Քառասուն տեղե քառասուն մարդ է էկած,
Սանասար տղա,
Արի, ինձ տար քեզ համար»:

Հետաքրքիր է նաև նամակը տեղ հասցնելու եղանակը: Դեղձուն - Ծամը նամակը, նամակի հետ նաև իր «պատկերը», հանձնում է իրեն ծառայող երկու քույրերի, որոնք էլ ընդունելով աղավնու կերպարանք,նամակը հասցնում են Սասուն: Այստեղ գործ ունենք Նամակ-Տեղեկատվությունը ժամանակի ու տարածության մեջ փոխանցելու, դեռևս մեզ անհայտ ինչ որ Տիեզերական եղանակի մասին, որին ազատ տիրապետել են մեր նախնիները: Ցավոք սրտի աղջիկները սխալվում են, և նամակը ընկնում է Բաղդասարի ձեռքը: Միշտ էլ այսպես է լինում, երբ պատասխանատու գործը վստահում են կանանց, թեկուզև կախարդ կանանց: Խև Բաղդասարը կռիվ է սկսում եղբոր դեմ, լոկ այն պատճառով, որ գեղեցկուհին Սանասարին երկու ողջյուն է ուղարկել, իսկ իրեն ընդամենը մեկ: Նա վստահ է, որ Սանասարը իրենից գաղտնի գործ է բռնել: Սանասարի բոլոր բացատրությունները անիմաստ են: Խևիկ Բաղդասարը ոչինչ չի ցանկանում լսել: Ճարահատյալ Սանասարը հրաժարվում է Դեղձուն-Ծամից: 

Սանասար ասաց.-Աղբեր,
Էս պա՞տկեր, էս թու՞ղթ ապով է որ ըռըկեր ես,
Հետ ինձի զրուց չես իտա.
Ես մեռնիմ քո աչք-էրեսին,
Ինձ պետք չէ, գնա բեր քեզ համար:

Սանասարի պահվածքը չափից ավելի նման է Տորք Անգեղի պահվածքին: Երկուսն էլ պատրաստ են Եղբայրությունը վեր դասել անձնականից: Եղբայրներն իվերջո հաշտվում են, այստեղ էլ համընկնում են Բաղդասարի ու Ավագ հսկայի խոսքերը:

-Աղբեր, ես չգիտեի,
Որ դու քանց իս էդքան ուժով էիր;
Ես քո պստիկ աղբեր, դու իմ ջոջ աղբեր.
Էլի, գնա, էն աղջիկ առ, բեր քեզ համար:

Սակայն Սանասարը չի ցանկանում գնալ, քանզի հասկանում է, որ եղբոր սրտում կարող է ինչ որ շատ կարևոր բան փշրվել: Միայն այն բանից հետո, երբ Բաղդասարը երեք անգամ պնդում է, որ եղբայրը պետք է գնա աղջկա հետևից, Սանասարը համաձայնվում է: Ընդ որում Բաղդասարը հարցը ներկայացնում է այնպես, որ Սանասարը այլևս չկարողանա հրաժարվել:

Էն լսեր է` մենք ջոջ մարդ ենք.
Էն մեր ձեն լսեր է, մեզ թուղթ ուղարկեր է:
Որ դու չէրթաս, էն աղջիկ բերես,
Մենք էլ կ՚ըլնինք պստիկ.
Տ՚ասեն` էնոնց ձեռեն չէ՚կավ,
Էրթային, աղջիկ մի իրենց համար բերեն:

Սանասարը ճանապարհ է ընկնում և քառասուն օրվա ճանապարհը անցնում է մեկ օրում: Երբ արդեն մոտենում է Քաջաց թագավորի երկրին, հանդիպում է մի բարի ծերունու, որն էլ Աստվածային մի խորհուդ է տալիս Սանասարին:

Էն էլ ասաց.-Որդի, որ կ՚էրթաս,
Ինչ որ քեզ ռաստ կը գա,Թե քար, թե թուփ, թե անասուն, թե գազան,
Ամենուն էլ բարև տաս,
Առանց բարև տալու չանցնես:
Թե որ առանց բարևի անցար,
Էն Քաջանց էրկիր հմայքի էրկիր է,
Մեզ շատ վնաս կը տա:

Աստվածային խորհուրդ, և Աստվածային Իմստություն: Միթե կարող էր դյութազուն Տորք Անգեղը առանց անցնելու համապատասխան առաջնորդական դպրոց, իմանալ այն, ինչը գիտեր իմաստուն ծերունին: Իհարկե, ոչ: Հասնելով գեղեցկուհու պալատին, Սանասարը տեսնում է քառասուն ալեհեր ծերունիների: Սակայն դրանք հզոր դյութազուններ էին, որոնց իր հմայքներով ծերացրել, ասել է թե անզորացրել է չքնաղ գեղեցկուհին: Սանասարը կատարում է բոլոր սխրագործությունները և տիրում է Դեղձուն-Ծամին: Ամենածանր պահերին նրան միշտ էլ օգնության է հասնում Բաղդասարը: Իսկ այն պահին, երբ եղբայրները Դեղձուն-Ծամի հետ փորձում են հեռանալ Քաջաց թագավորի երկրից, Սանասարը մոռանում է ծերունու խորհուրդը: Նա հեռանալիս բարևում է բոլոր առարկաներին ու կենդանիներին, սակայն երկրի սահմանի մոտ.

Էնտեղ մեկ մուրտառ գազան մի ռաստ էկավ,
Էնոր բարև չէտուր:
Էն գազան էլ հետ էրկնուց.
Բարձր ձենով կանչեց.
«Հա, տարավ, տարավ.
Սանասար Քառսուն-Ճուղ-Ծամ աղջիկ տարավ»:

Այս անգամ թագավորության ողջ բնակչությունն է ոտքի կանգնում և հալածում եղբայրներին: Միայն միասին, այն էլ ծանր ճակատամարտի գնով, եղբայրները կարողանում են մի կերպ հաղթել Քաջաց թագավորի բանակին ու աշխարհազորին, կատաղությունից գործը հասցնելով այն աստիճան բնաջնջման, որ նույնւսկ համառ թագավորն է տեղի տալիս:

-Աստծու սիրուն, Սասնա Ծռեր,
Բավ է զիմ մարդիկ սպանեք.
Ինչ որ կ՚ուզեք, ես կը տամ.
Աղջիկ կ՚ուզեք, ես կը տամ,
Թագավորություն էլ ուզեք, ես կը տամ:
Ասին.-Աղջիկ կ՚ուզենք, կո կը տանենք:  

Ահա այսպես, պարզ ու հասարակ: Այն ինչ որ կուզենք, արդեն վաղուց վերցրել ենք: Դեռ լավ է որ Դեղձու-Ծամը եղբայրների հետ էր և կարողացավ իր հմայքներով օգնել նրանց, հակառակ դեպքում Աստվածային պատգամը մոռացած Սանասարի համար շատ ավելի դժվար պիտի լիներ: Փատորեն հենց նրանց սերն էր, որ հաղթեց բոլոր թշնամիներին: Եղբայրները հարսնացու են նվաճում նաև Բաղդասարի համար: Տուն վերադառնալուց առաջ Սանասարը ևս մեկ անգամ է հիշեցնում իրենց միջև ծագած վեճի մասին:

Սանասար ասաց.-Աղբեր,
Էս Դեղձուն աղջիկ դու առ:

Սանասարի համար շատ կարևոր է, որ հարցը լուծվի այնպես, ինչպես կցանականա իր կրտսեր եղբայրը: Դա է Տիեզերական Եղբայրության կարևոր պահաջը: Փոքրը, որը նաևթույլ է, չպետք է վիրավորված մնա և ոչ մի հարցում: Սակայն Բաղդասարն էլ իր հերթին ցույց է տալիս, որ ինքն էլ հեռու չէ Ասպետական Օրենքներից:

-Բաղդասար ասաց.-Չէ, ես զէն չեմ առնի.
Էնի էրկու դիր քեզ բարև գրե,
Կռիվն էլ դու արիր, դու տ՚առնես:
Ո՞վ է լսե, ո՞վ է տեսե,-ասաց,
Աղբեր զաղբոր նշանածն առնի:
Ես կ՚առնեմ իմ նշանած,
Զեն աղջիկ, որ վիշապից ազատեցինք:

Սակայն տուն վերադառնալուց առաջ Սանասարը կատարում է ևս մեկ կարևոր քայլ: Նա պահանջում է, որ Դեղձուն-Ծամը իր հմայքներից ազատի ծերացած քառասուն դյութազուններին, որոնք միանգամից դառնում են ժիր ու երիտասարդ ասպետներ: Դրանից հետո Սանասարը հարցնում է նաև վերջիններիս կամքը:

Սանասար ասաց.-Այ կարիբ աղբերներ,
Դուք հոժար կ՚ըլնի՞ք` ես աղջիկ տանեմ,
Էդոր հետ կյանք վայելեմ:

Առաջին հայացքից թվում է թե Սանասարի ի՞նչին է պետք քառասուն դյութազունների կարծիքը: Ինքն արդեն ապացուցել է, որ մենակ գերազանցում է բոլորին միասին վերցրած: Սակայն Սանասարին պետք էր ինչպես Բաղդասարի, այնպես էլ իր մյուս քառասուն եղբայրների օրհնությունը: Դա շատ կարևոր հանգամանք է: Ո՞վ գիտի, հաջորդ անգամ ի՞նչպիսի պայմաններում ինքը, կամ իր սերունդները կհանդիպեն քառասուն կտրիճներին, կամ էլ նրանց հետնորդներին: Անհրաժեշտ է, որ Սասուն աշխարհը շրջապատող և ոչ մի երկրի, և ոչ մի դյութազուն, հոգու խորքում վիրավորված չմնա Սասնա Տան կտրիճներից: Սա Աստվածային Բարև տալուն հավասար մի բան է:
Բավական է մի «մունդառ» գազանի չբարևես, և նա մի այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ ողջ Տիեզերական գործընթացը կարող է տապալվել:

Էնոնք դարձան, ասին.
-Տար, բարի տեսնես մոտեն,
Շնորհավոր ըլնի, բարով վայելես:
Էն քառասուն մարդեր կաց-բարով արին.
Էլան, գնացին իրենց էրկրներ,
Դարձան ամեն մեկ իր տուն:

Այստեղ էլ տեսնում ենք, որ համընկնում են քառասուն կտրիճների ու Տորք Անգեղին եղբայրացած հիսուն հսկաների խոսքերը: Այստեղ պետք է նկատենք, որ Տորք Անգեղի մասին առասպելը, որից մենք մեջբերումներ կատարեցինք, Ղազարոս Աղայանի կողմից մշակվել և հրատարակվել է 1884 թվականին, իսկ էպոսի առաձին պատումները գրի են առնվել 1874 թվականին: Ընդ որում Սանասարի մասին պատումները գրի են առնվել Աղայանի մահվանից շատ ավելի ուշ, և նա ոչ մի կերպ չէր կարող ծանոթ լինել այս պատումի հետ: Նշանակում է, որ և առասպելում, և էպոսում ներկայացված է ճշգրիտ Տիեզերական համակարգ: Անուններն այլևս կարևոր չեն: Կարևորը հենց համակարգի աշխատանքը հասկանալն է: Հակառակ դեպքում չէին կարող բոլորովին տարբեր հերոսներ, տարբեր վայրերում բառացիորեն նույնությամբ կրկնել մեկը մյուսի քայլերն ու խոսքերը:
Նույնն է վիճակը նաև Սասունցի Դավթի պարագայում: Նրա հարսնացու ԽանդութԽանումը իր գոյության մասին Դավթին հայտնում է գուսանների միջոցով: Դավիթը հասնելով Խանդութ Խանումի դղյակին, եղբայրանում է դարպասների պահապան Գորգիզի հետ: Այս եղբայրությունը շատ նման է Տորք Անգեղի ու հսկա հովվի եղբայրությանը: Ասենք որ Գորգիզն էլ հասարակ մի մարդ չէր, նա մի հզոր-ահռելի դյութազուն էր, որին հեռվից տեսնելով, Դավիթը մտածում է:

-Ինչ մորե մեկներ եմ, մարդու բարև չեմ տվե.
Էսօր Գորգիզն եմ տեսե`
Ահու բարև եմ տվե,
Լգո, ահու բարև եմ տվե:

Սա հազվագույտ մի դեպք է, երբ հայոց դյութազունը թշնամու միայն տեսքից, արդեն վախվորում է: Եվ նորից ճանապարհը բացում է Աստվածային Բարևը, որի մասին արդեն խոսել ենք: Դավթի տեսքից էլ պակաս վախվորած չէր նաև Գորգիզը, որի համար էլ Աստվածային Բարևը փրկության Լույսի մի շող էր:

Քառասուն տարի դռնապանություն եմ արե`
Մարդու բարև չեմ առե.
Էսօր Դավիթն եմ տեսե`
Ահու բարևն եմ առե,
Լգո,ահու բարև եմ առե:

Եվ սա տրամաբանական է: Մարմնով, սրտով ու ուղեղով «Ջոջ» մարդիկ միայն կարող են եղբայրանալ: Նրանք կարողանում են ճիշտ գնահատել մյուսի արժանիքները: Պարզվում է, որ այստեղ էլ կան քառասուն փահլևաններ, որոնք եկել են Խանդութ Խանումի ետևից: Սակայն այստեղ կա մի գեղեցիկ նրբություն: Քառասուն փահլևանները հրաժարվում են մենամարտել Դավթի հետ և ճանաչում են նրա գերիշխանությունն այն բանից հետո, երբ Խանդութ Խանումի պալատի ախոռապանը, Քուռկիկ Ջալալուն, իհարկե Դավթի ուղեկցությամբ, տանում է ախոռ, որտեղ արդեն կանգնած էին քառասուն փահլևանների ձիերը: Այստեղ Դավիթը խոսում է իր ձիու հետ:

-Թե դու էդ ձիեր հաղթեցիր,
Ես էլ էնոնց տերվանք տի հաղթեմ:

Ձին էպոսում ներկայացնում է գաղափարախոսությունը: Այն ավելի հզոր է ձիավորից: Սասնա Մեծ Ծռերը սերնդեսերունդ փոխվում են, իսկ Քուռկիկ Ջալալին անփոփոխ է: Հայերի ձին , իտարբերություն մեր արիացի կրտսեր եղբայրների ձիերի` հրեղեն է: Ասել է թե հայերը Տիեզերական բարձրագույն Հուր-Հոգևոր գաղափարախոսության ներկայացուցիչներ են: Արիացի ազգերի ձիերը, ճիշտ է կարողնում են թռչել, սակայն հրեղեն չեն: Եվ ուրեմն նրանք Տիեզերական Օդ տարերքի ներկայացուցիչներ են, որոնք մասամբ Հոգևոր, մասամբ էլ Նյութական համակարգն են ներկայացնում: Նյութապաշտական ազգերի մոտ ձիուն փոխարինում է ուղտը, ինչպես Բաղդադու Խալիֆայի դեպքում, կամ էլ ցուլը, եզը կամ գոմեշը, ինչպես ասենք Սպիտակ Դևի դեպքում, որը փախցրել էր Մեծ Մհերի ապագա կնոջը, գեղեցկուհի Արմաղանին: Բայց այս մասին իր տեղում:
Գաղափարախոսության հաղթանակը կարող է ապահովել նաև այն կրողի հաղթանակը: Քուռկիկ Ջալալին հրաշալի է լուծում իր առջև դրված խնդիրը:

Քուռկիկ Ջալալին խրխնջաց,
Էն քառասուն ձիու կեր մոտերուց առավ,Էտու իրեն դոշի առջև, ճղթեց, կպցուց պատ,
Էնոնց ամենի դարման կերավ:
Ծառաներ խաբար տարան Խանդութին, ասին.
-Ձին իր հունար ծախսեց, մնաց տեր:

Քառասուն փահլևանները, որոնք որոշել էին սպանել Դավթին, տեսնելով Քուռկիկ Ջալալու արածը, հրաժարվում են իրենց մտադրությունից: Դավիթը զինաթափում է քառասուն փահլևաններին և նրանց թրերը տալով Գորգիզին ասում է.

-Էսոնք խորոտ կանգրհան կ՚էլնեն,
Գարուն աղջիկներ տանեն, բանջար հանեն:

Այս դիպվածից հետո քառասուն փահլևանները մղվում են ետին պլան: Կատարելով բոլոր սխրագործությունները և տիրանալով Խանդութ Խանումին, Դավիթը վերադառնում է Սասուն: Այստեղ պետք է նշել, որ մենամարտ է տեղի ունենում Դավթի ու Խանդութի միջև: Բանն այն է, որ Խանդութի ետևից եկած այլ թագավորների դեմ տևած մարտը բավականին երկարում է: Խանդութը հագնելով իր զրահները, որոշում է օգնության հասնել Դավթին:
Արդեն աղջամուղջին, դիակներով լցված մարտադաշտում Խանդութը տեսնում է իրեն մոտեցող մի արյունոտ դյութազունի: Նա ենթադրում է, որ հենց սա կարող էր սպանած լինել Դավթին: Մենամարտի վերջում, երբ Դավիթն արդեն պատրաստվում է գլխատել Խանդութին, վերջինս հասցնում է հանել իր սաղավարտը: Միայն դրանից հետո սիրահարները ճանաչում են միմյանց: Ահա թե ի՞նչ առասպելական ուժի են տիրապետել հայոց հրեղեն դիցուհիները: Եվ սա բնական է: Չէ՞ որ նրանք Տիեզերական Հուր-Արական համակարգի նյութական ներկայացուցիչներն էին, և նրանք էին, որ Լույս Աշխարհ էին բերում Հուր համակարգի հերթական ներկայացուցչին: Թե որքան էին նրանք գերազանցում Տիեզերական Նյութական-Կին համակարգի արական ներկայացուցիչներին, պատմում է հենց Խանդութ Խանումը:

-Դավիթ, բան մի պատմեմ քեզի.
Էրկու-իրեք տարի կ՚ըլնի`
Ինձի տարան մեկ թագավորի տղի,
Դրին մեկ սենեկի մեջ.
Մարդս էլ էկավ, մտավ էնտեղ.
Հետ իրարու հանաք արինք.
Ձեռս թալի որ թև բռնեմ, տեղեն պրծավ,
Թագավորի տղա է, ասի.
Չ՚էրթա վար-ցանք ինձի համար.
Անթև էլ ինձ բավական է:
Ձեռս թալի էն մեկէլ թև,
Համ մեջք կոտրավ, համ թև պրծավ,
Շունչ փչեց, ընկավ մեռավ:
Ես նոր իմացա իմ ուժի չափ:

Եվ սա «հանաք» անելիս: Իսկ եթե հանկարծ մենամարտի դուրս գա՞ր: Ահա թե ինչպիսին են հայոց հրեղեն կանայք: Մեր կանանց մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք Սասուն: Որոշ ժամանակ Սասունը կառավարելուց հետո, Դավիթը հիշում է քառասուն փահլևանների մասին:

Ավուր մեկ Դավիթ ասաց.-Խանդութ,Էն, ինչ ես քեզ բերի`
Էն քառասուն փահլևանի մեղաց տակ ընկա.
Իմ խիղճ չի տանի` քեզի էնոնց ձեռքեն խլեցի:
Կ՚էրթամ, գըտնեմ էն քառասուն փահլևաններ,
Քառասուն ազապ աղջիկ պսակեմ վեր էդոնց,
Որ աղջիկ իրենց քեֆ կ՚ուզի,
Նոր դառնամ, գամ Սասուն:

Իմաստուն էր Դավիթը, շատ իմաստուն: Նա իր ապագա սերունդների խաղաղ գոյության խնդիր էր լուծում: Դավիթն ինչպես որ որոշում է, այնպես էլ անում է:

Քառասուն փահլևանին աղջիկ գտավ:
Փահլևաններ առան իրենց աղջիկներ,
Գլուխ տվին, ասին.
-Շնորհակալ ենք քենե, Դավիթ,
Որ հասուցիր մեր մուրազին:
Կաց-բարև արին, գնացին:

Միայն Տիեզերական Արդարության Օրենսգրքի դրույթներին ծանոթ անհատը կարող էր նման Տիեզերականորեն Ճշմարիտ լուծումներ գտնել: Համակարգային տեսանկյունից վիճակը նույնն է նաև Մեծ Մհերի ու Փոքր Մհերի ամուսնության դեպքում: Սակայն այս բոլոր ամուսնություններն ավելի մանրամասն կքննարկեն մեկ ուրիշ անգամ: Նախ ՄեԾ Մհերի ու Սանասարի ամուսնությունների ժամանակ պայքարը տեղի է ունենում հայոց դյութազունների ու Դևերի և Վիշապների միջև: Այս հերոսները ժամանակագրորեն ավելի հին են և նրանց պայքարը մենք պայմանականորեն անվանում ենք «Դիվամարտ» կամ էլ «Վիշապամարտ»: Մեզ հետաքրքրում է, ա՞րդյոք Դևերն ու Վիշապներն էլ են ծանոթ եղել Տիեզերական Արդարության Օրենսգրքի հետ: Եվ եթե այո, ապա ինչպես են պահպանել այդ Օրենքները: Իսկ Դավթի ու Մեծ Մհերի ամուսնությունները լեցուն են հայկական Հոգևոր-Արական համակարգի Օրենքների ոտնահարմամբ, այն էլ հայերի կողմից, որի արդյունքում, եղբայրը դուրս է եկել եղբոր դեմ: Իսկ սա մի առանձին քննարկելու թեմա է:
Պետք է հրաշալի հասկանալ, թե ի՞նչ պատիժ է սպասում Վերգոյին, Հովանին ու Քեռի Թորոսին, երբ նրանք մտածված խախտում են այդ Օրենքները: Ավելացնենք նաև, որ պատժվում են նույնիսկ Մեծ Ծռերը, քանզի արդեն ասացինք, որ գաղափարախոսությունն ավելի հզոր է քան այն կրող ժառանգորդները: Առանձին խոսելու թեմա է նաև հայոց կանանց պահվածքը, որոնք հաճախ իրենք են ապագա գահաժառանգին սովորեցնում Տիեզերական Արդարության Օրենսգիրքը:


Վարդան Սեդրակյան: Երևան: 31.01.2007թ.:


Աղբյուր: http://www.sedrakyan.net Կարգ: Հատուկ | Ավելացրել է: Նարի (07-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդան Սեդրակյան W Դիտումներ: 3132 | Պիտակներ: Սասնա ծռեր, Վարդան Սեդրակյան, էպոս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]