// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Եվ այսպես, պատանի Դավիթը սպանեց Հարամի Դևերին, և Սասունից թալանված ոսկին վերադարձրեց Սասուն: Իսկ ի՞նչ կատարվեց հետո: Ո՞րոնք էին Դավթի հետագա քայլերը: Կամ էլ այդ քայլերի մեջ կա՞ր որևէ տրամաբանություն: Ցավոք սրտի այսօր էլ հայերիս մեջ գերիշխող է Խորհրդային էպոսագետների կողմից առաջ քաշված այն տեսությունը, ըստ որի, իբրև թե հայոց «Սասնա Ծռեր» էպոսի գլխավոր հերոսները պարզ, միամիտ, անգրագետ, բարի տղաներ էին, որոնց խնդիրը թշնամու դեմ պայքարելն էր:
Օրհասական պահին նրանք ներկայանում էին որպես ժողովրդի հավաքական կերպար և ազատում էին հայրենիքը օտար բռնակալներից: Այս ամենը սարսափելիորեն հեռու է իրականությունից: Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի Մեծ Ծռեր Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթն ու Փոքր Մհերը հրաշալի ծանոթ էին Տիեզերական Տեղեկատվական համակարգին: Լինելով Տիեզերական Հուր-Արական համակարգի առաջնորդներ, նրանք իրենց ամեն մի քայլը կատարելիս առաջնորդվում էին հենց այդ Տիեզերական Գրքի դրույթներով: Իսկ պատանի հասակում նրանց ուսուցանում էին Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը: Ոչ մի պատահական քայլ, ոչ մի զգացական մոտեցում: Եվ ահա Դավթի հաջորդ քայլն էլ հրաշալիորեն տեղավորվում է Տիեզերական Տեղեկատվական համակարգի տրամաբանության մեջ: Դավիթի մանկությունն անցել է Մըսրում, Տիեզերական Նյութապաշտական-Կին համակարգում, որի առաջնորդն էլ հենց կին էր` Իսմիլ Խաթունը:
Տիրապետելով այդ համակարգին և իրապես նեղելով այդ համակարգի ժառանգորդ Մըսրա Մելիքին, նա վերադառնում է հայրենի Սասուն` Տիեզերական Հոգևոր-Արական
համակարգ: Այստեղ նա սկսում է ամենացածր` «Գառնարած» աստիճանակարգից և հասունանալով, իվերջո սպանում է Սասունը թալանող Նյութապաշտական-Կին համակարգի զինվոր Հարամի Դևերին: Հոգևոր-Արական համակարգի Նյութական արժեքները վերադարձվում են Հայաստան: Սակայն Դավիթը, ինչպես ժամանակին իր պապ Աստվածային Սանասարը, ուներ հեռու գնացող ծրագրեր: Իսկ այդ ծրագրերը կարող էին իրականանալ միայն մի դեպքում, եթե Սասուն-Հայաստանին վերադարձվեին նաև նրա Հոգևոր արժեքները, առաջին հերթին հավատն առ Աստված ու հավատ սեփական ուժերի նկատմամբ: Իսկ մինչ այդ, Դավիթը, Տիեզերական-Հոգևոր-Արական համակարգում բարձրանում է ևս մեկ աստիճանով: Նա այլևս «նախրչի» չէ: Դավիթը դառնում է Սասնա Տան հզոր որսորդ: Եվ սա Հարամի Դևերին սպանելուց հետո: Տղան արդեն պատրաստ է ավելի լուրջ համակարգային խնդիրներ լուծելու համար.

Դավիթ Դևերուն որ կոտորեց,
Էդ վախտ էղավ տան ազիզ.
Գտավ աղեկ բազե մի,
Ընկավ արտեր, որս կ՚աներ.-
Ճնճղուկ կը սպաներ, կաքավ կը սպաներ:

Արտատեր Պառավի խորհրդով նա նախ հորեղբոր տնից վերցնում է իր հոր նետն ուաղեղը: Հորեղբոր կին Սառյեն, որի մասին հենց Ձենով Հովանն է ասում, որ օտար զարմից է, ասել է թե հայուհի չէ, իհարկե պետք է ամեն ինչ անի, որպեսզի Մեծ Մհերի նետ ու աղեղը, որը Հայկ Նահապետի Եռաթև նետն ու Լայնալիճ աղեղն է, նորից դուրս չգա հրապարակ: Դավիթն իվերջո, Արտատեր Պառավի խորհրդով, ուժով ստիպում է Սառյեին ցույց տալ հոր Նետ ու աղեղը.

-Հրողբոր կնիկ, էնա ի՞նչ է:
Ասաց.-Չեմ գիտի, հրողեր գիտի:
Դավիթ ըռկավ, ասաց.-Հրողբոր կնիկ,
Ասա, էն ի՞նչ կոռուկ փետ է:
Խառյեն ասաց.-Էլիր,
Թե էնա թել գցեցիր էնա չախմախ, կ՚ասեմ,
Թե չէ` չեմ ասի:
Դավիթ ինչ ձեռ տվավ էդա փետին`
Թել թալեց վեր չախմախին:
Խառյեն շատ շշկլավ, ասաց.
-Մհեր սհաթ մի կը բաներ, նոր կը գցեր էդ թել,
Էսի մեկ դիր որ ձեռ էտու, գցեց չախմախ:-
Դարձավ, ասաց.-Ես չեմ գիտի` էդ ինչ է, թող:

Սառյեն օտար Նյութապաշտական համակարգի ներկայացուցիչն է, բնական է` կնոջ տեսքով, որը ներմուծված է դրսից և որի նպատակն է հայերին հանգիստ, առանց աղմուկի հեռացնել իրենց նախնիների Տիեզերական Զենքերից, ու Տիեզերական Գիտելիքներից, նրանց դարձնելով կառավարելի Նյութապաշտ նախիր: Հայոց Տիեզերական Հրեղեն Որսորդների գոյությունը ոչ մի կերպ չի մտնում  Նյութապաշտական համակարգի ծրագրերի մեջ: Իսկ հետո կգան իրենց հովիվներն ու մարգարեները: Սակայն այս մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ ուրիշ անգամ, երբ կքննարկենք հայոց Արտատեր Պառավի կերպարը: Հիմա միայն նշենք, որ այս համակարգը խոնարհվում է միայն ուժեղի առջև, երբ զգում է, որ վտանգված է իր գոյությունը: Այն բանից հետո, երբ Դավիթը Հրեղեն Քարե Աղանձ է լցնում Սառյեի բռի մեջ ու ամուր սեղմում է այն, Սառյեն տեղի է տալիս:

Էդ վախտ Սառյեն ասաց.-Դավիթ,
Էդա քո հոր նետ-աղեղն է,
Էնով Մհեր որսի կ՚էրթար:
Դավիթ էր` խնդացավ,
Զնետ-աղեղ առավ,
Բերեց մաքրեց, լվաց,
Ժանգեր-մանգեր քերեց,
Զնետ-աղեղ իր թև էթալ
Ըւ ամեն օր որսի կ՚էրթար:

Իսկ հետո էլ նույն Արտատեր Պառավի խորհրդով Դավիթը ստիպում է, որ արդենհորեղբայրն իրեն տանի իր հոր որսասարը, ավելի մեծ գազաններ որսալու համար: Հորեղբայրն էլ իր կնոջ նման, բավականին երկար խաբում է Դավթին, խուսափում է ցույց տալ Մհերի որսասարը, սակայն Սառյեի պես խոնարհվում է ուժի առաջ:

Դավիթ նորեն ըռկավ, ասաց.-Հրողբեր,
Ծովասարի տեղ թե հիմիկ կ՚ասես, ասա,
Չասես` հացն ու գինին, տեր կենդանին,
Սիլա մի կտամ նքո էրես, քո վիզ ծռի:
Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ,
Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է:
Ասաց,-Տղա, լավ, մի հերսոտի,
Արի, տանեմ, քեզ նշանց տամ: 

Հատկանշականն այն է, որ Սասնա Տան բոլոր Մեծ Ծռերն էլ որոշակի տարիքում անցել են Տիեզերական-Որսորդ համակարգի դասընթացները: Գիշերը Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասար - Որսասարում, թե ի՞նչու, այդ մասին արդեն խոսել ենք: Եվ ահա գիշերվա մի ժամի, երբ հորեղբայրները քնած էին`.

Մընաց. էղավ գիշերվա կես:
Դավիթ զարթնավ քնից.
Էլավ, նստեց, իրիշկեց-ի՞նչ տեսավ.
Սարի գլուխ ճրագ մի կը վառվի:
Տեսավ` լուս կամար կանգներ է.
Դավիթ իրիշկեց էն կրակ, էլավ գնաց վեր:
Գնաց, տեսավ կո, գերեզման մի կա էնտեղ,
Կանաչ-կարմիր բոցն էդ գերեզմանեն կ՚ելնի:
Լուս կամար գերեզմանի վերան կանգնե:
Դավիթ գնաց մոտ, ձեռ էտու բոցին - ձեռ չ՚էրեց:
Հող թալեց վերան - չը հանգավ:
Նոր մեջ իր խելքին մտածեց.
«Էն, ինչ Մարութա բարձր Աստվածածին կ՚ասեն`
Սա է»: Զնետ-աղեղ էզար էնտեղ նշան:

Եվ ուրեմն ո՞րտեղ էր լսել պատանի Դավիթը Մարութա բարձր Աստվածածնի մասին: Սակայն գնանք առաջ: Դավիթն արթնացնում է քնած հորեղբայրներին և նրանցից իմանում է, որ դա իր հոր գերեզմանն է: Այդտեղ իր հայրը` մեծ Մհերը կառուցել էր հայոց հավատի Տաճարը, որն էլ նրա մահից հետո ավերել էր Մըսրա Մելիքը: Հետաքրքիրն այն է, որ Մըսրա Մելիքը լինելով Մեծ Մհերի ավագ, սակայն ապորինի որդին, նույն Դավթի եղբայրը, և ինչպես արդեն ասացինք հանդիսանալով Տիեզերական Նյութապաշտական-Իգական համակարգի ապագա ժառանգորդը, հրաշալի հասկանում էր թե ի՞նչ է ավերում, և ի՞նչ նպատակներով: Դավիթը որոշում է վերաշինել հոր կառուցած Տաճարը, ասել է թե ազգին վերադարձնել նրա Հոգևոր հարստությունը: Տարօրինակ է Ձենով Հովանիպահվածքը, որն մինչ այդ միշտ էլ քամհարանքով էր վերաբերվում Դավթին և ծառայում էր օտար Սառյե համակարգին:

Ձենով Հովան ասաց.
-Ես էս լաճու խորհուրդ տի կատարեմ:

Ի՞նչու: Որովհետև Դավիթն առաջին անգամ հորեղբոր առաջ դրեց ոչ թե Նյութական, այլ Հոգևոր խնդիր: Սակայն հետևենք Դավթի քայլերին:

Իր նետ - աղեղով էդա մարմար քարի բոլոր
Գիծ մի քաշեց, նշան արավ,
Լուսու ձևով խորաններրի կամար քաշեց,
Սեղանատեղ քաշեց, հիման տեղ էլ քաշեց
Ասաց.-Էսա էսպես տի շինվի:

Միթե միամիտ, անգրագետ, ինչ որ տեղ նաև պարզամիտ, թեկուզև բարի պատանին կարող էր տիրապետել Տաճարաշինության նրբություններին: Իհարկե ոչ: Էպոսի մեջբերված տողերը ապացուցում են, որ Դավիթը ծանոթ էր հայոց հնագույն Սրբազան Արդարության Օրենսգրքին, որի բաժիններից մեկն էլ հարկավ Տիեզերական Ճարտարապետությունն էր, որին իմիջիայլոց, այսօր էլ ծանոթ են միայն հայերը: Մեր կրտսեր արիացի եղբայրները յուրացրեցին այդ Տիեզերական Գիտելիքի միայն մակերեսային` նյութական մասը, սակայն այս մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ: Իսկ Դավթի գիտելիքները սրանով չեն ավարտվում: Նա նույնիսկ գիտի, որ նման գործ կարող է գլուխ բերել ողջ ազգը, և այդ պատճառով նա հորեղբոր առաջ դնում է նոր խնդիր:

-Հրողբեր, մեռնեմ քեզ, հրողբեր, ես քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-քար կտրող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-քար տաշող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-խիճ բերող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-ջրող կրող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-պատ շարող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-սվաղ անող, քենե կ՚ուզեմ.
Հինգ հարիր-համար հազար-փայտ փորող, քենե կ՚ուզեմ:

Փաստորեն, տեսնում ենք, որ Դավիթը մտածված կերպով գեներացնում է ազգի ողջ Արարչագործչական համակարգը: Համազգային գործին լծվում են ազգի ողջ կարող ուժերը: Իրենց գործի վարպետները: Հարցը բացահայտորեն Ձենով Հովանի սրտովն է: Նա նույնիսկ գիտի վարպետներին բերելու ճիշտ եղանակը:

Ես Ձենով Հովանն եմ, ի՞նչ կը վախենաս,
Քառասուն ավուր ճամփա իմ ձեն կ՚էրթա:
Իմ ձեն յոթ քաղաքի ուստա մարդիկ, Հազար-հազար բանող մարդիկ տի լսեն, տի գան:
Վեր, յոթ հատ վիրու եզ զարկի,
Առնեմ, էրթամ քաղաք, պատիվ տամ քաղքըցոց.
Էն ժամանակ ուստեք ու բանողներ
Ամեն կը ժողովվեն,
Դուն էլ սրտիդ մուրազ կը կատարես-վանք կը շինվի:

Եվ մինչ Հովանը Սասունում հավաքում է վարպետներին, Դավիթը ձեռքերը ծալած, նստած չի սպասում նրանց գալուն:

Դավիթ էդ վախտ ի՞նչ է արե.
Գնացե, էնտեղ, ուր նետ-աղեղով
Էնա մարմար քարի բոլոր գիծ էր քաշե.
Գընացե` հիմ էր թալե, հիման քարեր բոլոր դրե,
Պատ էլ մեկ մեջք բարձրցուցե:

Մի՞թե հնարավոր է առանց Գիտելիքներ ունենալու, միայնակ նման գործ սկսել: Իհարկե ոչ: Հովանի հետ տեղ հասած բանվորներն ու վարպետները, տեսնելով Դավթի բերած քարերը, մի պահ երկմտում են:

Ուստեք կը տեսնան, կը զարմանան էնտեղ.
Էնպես ջոջ քարեր բերեր, դրեր է մեջ հիման.
Որ ամեն բանողներ ճողվեն մեկտեղ`
Չեն կարնա էն քարեր բերեն:

Սակայն Դավիթը շատ արագ գտնում է ծագած խնդրի լուծումը, գործի ողջ ծանրությունը վերցնելով իր վրա:

Ուստեք կը կանգնեն պատի վերա,
Դավիթ էն ջոջ քարեր ձեռ կը տա,
Կը վերցու, կը բերի, կը դնի իր տեղ:
Ոչ բանողներ կարնան էն քարեր բերեն,
Ոչ ուստեք կարնան վերցուն, դնեն տեղ:
Բանողներ էլ էնա պստիկ քարեր կը բերեն,
Ուստեք էդ պստիկ քարեր կը տան ջոջ քարերու բոլոր,
Բանողներ տիլ կը շինեն, կը տան ուստեքին,
Ուստեք տիլ կը զարկեն էդ քարերու բոլոր:
Չուր մութ կը տա գետին,
Էդ վանք կը գլխեն, կը լմնցուցեն,
Օրե` Մարութա բարձր Աստվածածին կը շինեն:

Ճշմարիտ առաջնորդի ճշմարիտ պահվածք: Առաջին հայացքից թվում էր թեվարպետները պետք է կառուցեն Տաճարը, սակայն տեսնում ենք, որ աշխատանքի ողջ ծանրությունը ընկնում է հենց Դավթի ուսերին: Վարպետները, ըստ էության միայն օգնող - օժանդակող խնդիրներ են լուծում: Այսպես էլ պետք է լինի: Միայն գաղափարի հեղինակը կարող է իրականություն դարձնել իր երազանքը: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, բայց Դավիթը առաջինը չէր, որ հենց այս եղանակով շինարարություն իրականացրեց:
Սասունցի Դավթի պապը, Աստվածային Սանասարը, ճիշտ և ճիշտ նույն եղանակով է կառուցում իր Սասնա Բերդը: Շինարարությունը սկսելուց անմիջապես հետո զույգ եղբայրները գնում են քաղաք, վարպետներ բերելու: Վարպետները տեսնելով Սանասարի ու Բաղդասարի բերած քարերը, հրաժարվում են աշխատելուց: Եղբայրները երկրորդ անգամ են վարպետներ բերում:

Էս վարպետ էլ որ տեսավ էն ջոջ քարեր,
Ասաց.-Սանասար, էս ի՞նչպես տի շարենք.
Ես չեմ կարնա էս քարափներ իրար տալ:
Էն ժամանակ Սանասար վերուց, ասաց.
-Դե դու, վարպետ, լարեր կապի, տեղեր շտկի
Ինձի ասա, ես քար դնեմ իր տեղ:
Էսպես իրենց բերդ շինեցին:
Ջոջ ջոջ քարեր կը բերեին հրեշալի,
Վարպետների հետ էլ մեկտեղ կը բանեին:

Տեքստերի համեմատությունը մեզ հուշում է, որ ոչ մի կերպ չէին կարող պապ ու թոռ, որոնք երբեք էլ իրար չեն տեսել, բառացիորեն կրկնել մեկը մյուսի կատարած քայլերը: Տրամաբանությունը հուշում է, որ գոյություն է ունեցել Հոգևոր-Արական համակարգի առաջնորդի դասագիրք, որտեղ հստակ գրված է եղել, թե ի՞նչ պետք է կառուցի առաջնորդը, ի՞նչի համար, և ամենակարևորը` ի՞նչպես պետք է կառուցի: Փաստորեն իրական առաջնորդն իր գործով պետք է օրինակ ծառայի և իր ետևից տանի բոլոր նրանց, ովքեր կհավաքվեն իր կանչով: Սակայն Դավթի դեպքում, որը Հոգևոր Տաճար էր կառուցում, ինչ որ բան մնացել էր թերի: Գիշերը Տաճարը փլվեց: Սակայն մեղքը Դավթինը չէր: Տիեզերական Տեղեկատվական համակարգում կան քայլեր, որոնք ոչ մի դեպքում, ոչ մի գրքում էլ չեն գրվում: Տիեզերքը կառավարող ուժերը որոշ գաղտնիքներ բացում են կոնկրետ առաջնորդին, և այն էլ միայն այն դեպքում, երբ տեսնում են, որ վերջինս ձեռքերը ծալած, նստած, իր օրին չի սպասում: Գաղտնիքները բացվում են միայն այն անհատներին, որոնք փորձում են երկրի վրա վերահաստատել Տիեզերական Արդարության համակարգը:
Եվ ահա, հենց այն ժամանակ, երբ Տաճարը քանդվում էր, Դավիթը խոր քնի մեջ տեսնում էր հետևյալ երազը:

Մարութա բարձր Աստվածածին կը գա էրազ, կ՚ասի.
«Քո թուր քո մեջքեն քաշի,
Իմ հիմ քո թրի վերա ձգի,
Օրե մի կը շինես, կը թամամցես,
Պատարագ մեջ վանքիս կը մատուցես,Որ ես վեր հիման կանգնեմ»:
Էլավ Դավիթ, Հովանին ձեն տվավ,
Քեռի Թորոսին ձեն տվավ…

Փաստորեն հայոց «սասնա Ծռեր» էպոսը մեզ սովորեցնում է, որ եթե նույնիսկ նպատակը Աստվածային է, իրականացումը` Տիեզերական, խնդիրը` Համազգային, միևնույն է ցանկացած նման Տաճար կամ էլ նախաձեռնություն դատապարտված է փլուզման, եթե գործի հիմքում չկա Առաջնորդական Զորություն: Թույլ առաջնորների, /որոնք իրականում առաջնորդներ չեն, քանի որ առաջնորդը չի կարող թույլ լինել/, ցանկացած նախաձռնություն էլ արդյունք չի ունենալու, քանզի հիմքում չունի Զորություն:
Դավիթը Քեռի Թորոսի, Ձենով Հովանի ու վարպետների հետ միասին երկրորդ անգամ է կառուցում Մարութա բարձր Աստվածածինը, այս անգամ իր թուրը դնելով Տաճարի հիմքում: Այս անգամ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում: Սակայն շինարարության ավարտից հետո Դավիթը մի այնպիսի քայլ է կատարում, որը ցույց է տալիս, որ տղան հրաշալի տիրապետում է Արդարության Օրենսգրքի այն դրույթներին, որտեղ ներկայացվում են նյութական արժեքների Արդար բախշման հիմունքները:

Մինչ մութ կը տա գետին, կը շինեն, կ՚ավարտեն:
Իրիկուն Դավիթ կ՚ասի.-Հերահոտ հրողբեր,
Էդա վարպետներու վարձ տուր,
Էդա բանողների վարձն էլ տուր…
Առանց վարձ մի թող:
Հովան կը գնա կը բերի էրկու-իրեք բեռ ոսկի,
Կը բերի, Մարութա բարձր Աստվածածնա դուռ,
Էդտեղ ամեն մարդու մեկ ոսկի կը տա,
Մարդիկ կ՚էրթան իրենց տուն:

Ի՞նչու է Դավիթը բարձրացնում  վճարման հարցը: Ի՞նչ պետք է անեին խեղճ վարպետները Դավթին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց աչքերով էին տեսել Դավթի ահռելի ուժը: Ոչինչ: Ոչինչ էլ չէին կարող անել: Եվ ու՞մ պիտի բողոքեին: Իհարկե Սասնա կառավարիչներին: Իսկ ո՞վքեր էին կառավարում Սասունը: Սասունը կառավարում էին այն նույն Հովանն ու Վերգոն, որոնք Դավթի հորեղբայրներն էին ու Թորոսը, որը Դավթի քեռին էր: Այս երեքն էլ մասնակցել էին շինարարությանը, և իհարկե իրենք ավելի շուտ իրենց ձեռքով կոչնչացնեին բողոքող վարպետներին, քան կցանկանային պատժել Մարութա բարձր Աստվածածին վերակառուցող Դավթին: Վարպետները նման հիմար քայլ չէին կատարի, նրանք ավելի ուժեղ ու դաժան քայլի կգնային: Ուղղակի հաջորդ նմանատիպ դեպքում, շտապ կհեռանային Սասունից և չէին արձագանքի Ձենով Հովանի կանչին: Իսկ այն երկիրը, որտեղից հեռանում են բանիմաց վարպետներն ու բանվորները, դատապարտված է ոչնչացման: Եվ թող որևէ մեկը պնդի, թե Դավիթն անգրագետ, բարի ու զգացական մի տղա է, որ օրհասական պահին դուրս է գալիս Մըսրա Մելիքի դեմ: Դավթի մտածված ու հաշվարկած այս քայլերն են, որ հետագայում ապահովեցին նրա հաղթանակը Նյութապաշտական-Կին համակարգի ժառանգորդ ՄըսրաՄելիքի նկատմամբ: Հակառակ դեպքում, տիրապետելով ահռելի ուժի, նա ինքը կդառնար մի յուրօրինակ Նյութապաշտ Մըսրա Մելիք, սակայն արդեն Սասուն քաղաքում: Եվ երկու Նյութապաշտ եղբայրների միջև տեղի կունենար պայքար, մյուսի Նյութական արժեքներին տիրելու և ավելի մեծ կայսրություն ստեղծելու համար: Հիշենք, որ Դավիթը սպանելով Մըսրա Մելիքին, հրաժարվում է նրա գահից, և Մըսըրը չի միացնում Սասունին, ինչը որ հուշում է և տրամաբանությունը, և Իսմիլ Խաթունը: Դավթի պայքարը, պայքար էր հանուն Արդարության: Ահա թե ի՞նչու էր Դավթին պետք, որ իր վարպետներն ու բանվորները, և իր բոլոր Սասունցի արյունակիցները, իր մեջ տեսնեն Արդարության պահապանին: Այնպես որ տղան այնքան էլ պարզամիտ չէր, որքան որ կարող է թվալ առաջին հայացքից:
Ուշադրության է արժանի նաև «ամեն մարդու մեկ ոսկի» արտահայտությունը: Հիշենք, թե Գագիկ թագավորի Բերդ Կապոտինի բնակիչները, դեռևս պատանի Քեռի Թորոսի անմիջական հսկողությամբ, երբ դեռ Դավթի պապ Սանասարն էլ նորածին մի մանուկ էր, ի՞նչպես էին բաժանում Բաղդադի Խալիֆայի ջախջախված բանակի ցորենի պաշարները իրար մեջ, որպես բաժանարար կարգելով իրենց մեջ եղած ամենաանհավատին:

Էն անհավատ բերին, դրին չափրար,
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն ուտեն:

Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչպես Սասունցիները բաժանեցին Դևերի թաքցրած ոսկին: Այն ոսկին, որը Դևերը ժամանակի ընթացքում թալանել էին հենց սասունցիներից:

Էլան, առան ջորիք, էլան էրեսունինն էլ կանգնան,
Առան էրեսունինը ջվալ,
Ձենով Հովան ու Վերգոն էլ
Առան ամեն մեկ - մեկ ջվալ,
Ընկան Դավթի հետև, գնացին…

Ընդգծված տողերը ցույց են տալիս, որ հայերի մոտ նյութական արժեքների բախշման համակարգն անփոփոխ է, անկախ այն բանից, թե էպոսի որ հերոսներն են, կամ էլ որ համակարգերն են տվյալ պահին կառավարում Սասուն-Հայաստանը: Նյութական արժեքների բաժանման միակ ու անփոփոխ սկզբունքը` ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆ է, անկախ այն բանից, թե դա Սասնա Մեծ Ծուռ է, թե Մեծ Ծռերի հորեղբայրն ու քեռին է: Նույնիսկ հասարակ սասունցին ստանում էր Սանասարի, Մեծ Մհերի, Դավթի, Փոքր Մհերի, Քեռի Թորոսի, Ձենով Հովանի ու Ցռան Վերգոյին հավասար, որովհետև Նյութական արժեքները պատկանում էին ողջ ժողովրդին: Համենայն դեպս այդպես է սովորեցնում հայոց «Սասնա Ծռեր» էպոսը:
Ավարտելով մեր այսօրվա խոսքը, կցանկանայինք մի պահ կանգ առնել այն հանգամանքի վրա, որ Դավթին սարսափելի դուր եկավ Տիեզերական Շինարարությունը:Եվ Տաճարն օծելուց անմիջապես հետո, երբ բոլորով միասին Ծովասարից վերադառնում էին Սասուն, Դավիթը, հենց «ոտքի վրա» մի նոր կարևոր շինարարություն է իրականացնում:

Մեջ Սասունա, մեջ Մարութա սարի գետ մի կանցնի.
Դավիթ ասաց.-Պետք է էսա գետին կամուրջ շինվի:
Թե չէ` մարդիկ տի գան, տի ընկնեն գետ:
Բերին` կամուրջի հիմ թալեն`
Ամա թալած քարեր ջուր կը տաներ`
Հիմ չէր բռնի: Էն ժամանակ էլավ Դավիթ`
Սարից էն տեսակ ջոջ քարեր գլորեց տակ,
Որ ամեն քար քանց ջոջ տուն մի:
Էդ ջոջ քարեր կամրջի չորս հիմներ թալին,
Քիչ ետ` կամուրջ կապին, պրծան:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ Դավթի կառուցած կամուրջն ունի չորս հիմք: Հայոց «Սասնա Ծռեր» էպոսն էլ ունի չորս ճյուղ: Եթե մի պահ պատկերացնենք, որ գետը, դա Տիեզերական Ժամանակի գետն է, որը մեզ բաժանում է մեր անցյալից, իսկ կամուրջն էլ հայոց էպոսն է, ապա մեզ մնում միայն մի փոքր համարձակություն ձեռք բերել և այդ կմրջով կապվել հայոց Մեծ Էպոսի, Մեծ Ծռերի հետ:


Վարդան Սեդրակյան: Երևան: 29.01.2007թ.: 


Աղբյուր: http://www.sedrakyan.net Կարգ: Հատուկ | Ավելացրել է: Նարի (07-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդան Սեդրակյան W Դիտումներ: 3053 | Պիտակներ: Վարդան Սեդրակյան, էպոս, Սասնա ծռեր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]