// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Ազգի և պետության նյութական արժեքների արդար վերաբախշման փայլուն օրինակների ենք հանդիպում հայոց «Սասնա Ծռեր» էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում: Եվ տարօրինակն այն է, որ արդար վերաբախշումն իրականանում է տակավին պատանի Դավթի պահաջով ու  անմիջական հսկողությամբ: Քնարկենք մի քանի այդպիսի դեպքեր:
Դավիթը` հեռանալով հորեղբոր տնից, քնում է բաց դաշտում: Առավոտյան նրան գտնում է քեռի Թորոսն ու տանում է իր տուն: Որոշ ժամանակ անց Թորոսը նրան կարգում է նախրչի: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դավիթը հորեղբայր Հովանի մոտ նախ հովիվ գառնարած էր, իսկ հետո` հորթարած: Ակնհայտ է աճը: Արդեն նրան հոտի փոխարեն նախիր են վստահում: Պետք է հասկանալ, որ գործ ունենք այլաբանության հետ, և հովիվներն ու հոտերը, պետք չէ բառացի հասկանալ: Կրոնա-փիլիսոփայական տեսանկյունից դիտարկելիս նկատում ենք, որ Քրիստոսը հովիվ գառնարած էր, իսկ Կրիշնան` հորթարած: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ, որտեղ զարգացած էր խոզաբուծությունը, առաջնորդը, պատանեկության տարիներին խոզապահ էր:
Գերմանացիներ, սերբեր ու խորվաթներ, կելտեր և այլն: Արաբների մոտ ջորեապաններ ու ուղտապաններ: Փաստորեն գործ ունենք կամ կրոնական, կամ փիլիսոփայական, կամ էլ ռազմական մի դպրոցի աստիճանակարգի հետ, որն էլ իր հերթին ենթադրում է` որքան բարձր այնքան ավելի մեծ իրավունքներ ու լիազորություններ, և իհարկե նաև պատասխանատվություն: Սակայն այս մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա վերադառնանք մեր Դավթին, որին վստահել են Սասուն-Հայաստանի նախիրը: Սակայն Քեռի Թորոսը բավականին վատ ժամանակ էր ընտրել նման պատասխանատու գործի համար: Իսկ միգուցե մտածված էր նման քայլի գնացել, Դավթին ստուգելու համար: 

Գարուն էր, խալխի մալ զաբուն էր…
Անձրև էր, թացություն էր, տիլ էր…
Մալեր կը չոքվեին տիլ, կը պաղեին,
Օրական յոթ-ութ հատ տըլի մեջ կը մնային:

Ակնհայտ է, որ Թորոսը հրաշալի ծանոթ էր այս դժվարությունների հետ, սակայն նրա համար կարևոր էր, թե Դավիթը ի՞նչպես կպահի իրեն ստեղծված իրավիճակում: Վերջին հաշվով պետք չէ մոռանալ, որ Դավիթը հասարակ տղա չէր: Նա Մեծ Մհերի որդին էր, հայոց գահի գահաժառանգը: Նրա պահվածքից էլ պիտի որոշեին, կարելի է արդյոք նրան վստահել հորական գահը: Դավիթը փայլուն է լուծում իր առջև դրած խնդիրը:

Դավիթ կը քաշեր դուրս, տըլից կը հաներ,Իր փետ էնոնց ոտներ կը կապեր,
Փետ մ՚էլ կը մտուցեր մալերու ոտներ.
Կը դներ ուսին, ու կը բերեր գեղ.
Կը բերեր տիրու տուն, կարձակեր,
Ու կընկտոց կ՚ասեր.-Նանե, ձեր կովեր նիհար են
Եղանակ ցուրտ է, կը պաղեն, կը տլվեն,
Չեն կարնա էլնի, կը փետնան, մեղք են:

Ահա ճշմարիտ առաջնորդի, ճշմարիտը պահվածք: Եվ կարևոր չէ, թե կրոնական, քաղաքական կամ էլ ռազմական առաջնորդի մասին է խոսքը: Այսպես պետք է հոգ տանել քեզ վստահված յուրաքանչյուր կենդանի արարծի մարմնի ու հոգու փրկության համար: Իսկ նման բաներն աննկատ չեն անցնում:

Էդ վախտ կընկտիք կ՚օրհնեին Դավթին, կ՚ասեին.
-Շատ դատիս, շատ ուտիս.
Քիչ դատիս, շատ ոտիս.
Աստված քո արև պահի.
Ըր դու չէղնեիր էս տարի`
Մեր կովեր ամեն կը փետնին:

Հազար երանի այն առաջնորդին, որն իր կենդանության օրոք արժանանում է իր ժողովրդի Օրհնությանը: Իսկ այս ընթացքում, Դավիթը շատ արագ ընկերանում է ուրիշ վայրերից եկած նախրչիների հետ: Պայմանը հետևյալն է: Նրա ընկերները պահում են նաև Դավթի նախիրը, իհարկե Դավիթը այդ ընթացքում հանգիստ քնում է, իսկ որևէ վտանգի դեպքում, Դավիթը պաշտպանում է բոլորին: Եվ շուտով առաջանում է հենց այդպիսի իրավիճակ: Մոտակա գյուղերից մեկում հարիսա են եփում: Դավիթը թողնելով ընկերներին, գնում է հարիսայի ետևից, որովհետև ընկերներից ոչ մեկն էլ չի համարձակվում մտնել օտար գյուղ և հարիսա վերցնել: Դավիթը մոտենում է հարիսան եփող կանաց ղեկավար մի պառավի: Քանի որ գործ ունենք նյութապաշտական համակարգի հետ, բնական է, որ համակարգը պիտի ղեկավարեր կինը, այն էլ ծեր կինը, որն առավել քան վտանգավոր է: Սակայն Դավիթը գիտի Տիեզերականորեն ճշմարիտ մոտեցումը:

Դավիթ ասաց.-Նանե, նանե,
Ինձի  քիչ մի հարիսա տուր,
Յոթ գեղի նախրորդ ժողովեր ենք մեկտեղ,-
Դեհ, գեղի աղքատ որ կա,
Գեղի նախրորդն է, հոտաղն է,-
Քո հոր խերին` մեզի հարիսա տուր-
Տանենք, ուտենք:

Խնդրանքն այնպես է ձևակերպված, որ թվում է թե պառավը չի կարող մերժել, սակայն նա հենց այդպես էլ վարվում է: Դավիթը կրկնում է խնդրանքը, նորից մերժում: Երրորդ խնդրանքից հետո պառավը թույլ է տալիս կոպիտ սխալ:

Էդ կընիկ ասաց.-Չեմ իտա.
Չուրի տերտեր չը գա, հարիսեն չօրհնի, չեմ իտա:

Առաջին հայացքից թվում է, թե կնոջ ասածի մեջ ոչ մի վատ բան չկա: Նույնիսկ կարելի է ենթադրել, թե նրա մտադրությունը բարի է, ցանկանում է տղային օրհնած հարիսա տալ, սակայն նրա հաջորդ խոսքերը ցույց են տալիս, որ նա ուղղակի ցանկություն չունի հարիսա տալ անծանոթ նախրչիներին:

Թող ժամավորն էլ գա, ուտի,
Մնացորդը կը տամ` տարեք, կերեք:

Բոլորս էլ հասկանում ենք, որ հարիսայից մնացորդ չի մնում: Ընդհակառակը, հարիսայի մնացորդները ոսկորներն են, որը դուրս են թափում պատրաստելու ընթացքում: Դավթի պատասխանը ծանր ապտակի է նման:

Դավիթ ասաց.-Նանե, մնացորդ շան կիտան:
Որ ասաց` նանեն քրվեց:

Բարի, շատ բարի կին էր սույն պառավը: Սակայն այս բանը «նանեն» ոչ մի դեպքում չպիտի աներ: Ոչ մի դեպքում չէր կարելի հայհոյել Դավթին, հատկապես այն եզակի
դեպքերից մեկում, երբ նա դիմացինին խնդրանքով է դիմում: Ուղղակի նա չգիտեր, թե ում հետ գործ ունի: Լավ չէր պատկերացնում, թե ի՞նչ ասել է Սասուն - Հայաստան, և ինչ ասել է Սասունա Ծուռ:

Դավթի հերս էլավ.
Իր ձեռ թալեց, պղինձ թոնդրեն առավ,
Դրեց թոնդրան պռունկ,
Իր փետ անցուց պղնձի ունկ,
պղնձով կերակուր էր պատրաստում իր ընտանիքի համար: Վերցուց պղինձ շալկեց,
Վերցուց տաշտ մ՚էլ դրեց գլխուն,
Եղի փարխաջ առավ իր ձեռ,
Ինչքան, որ հաց թխած էին, վերցուց,
Զարկեց տակ իր իր թևին:
Յոթ շերեփ էլ վերցուց, ասաց.
-Էդա էլ մեզի գդալ:
Աստված թող ձեր մատաղ ընդունելի անի:

Պառավի կանչին վրա հասած գյուղացիները որոշում են հետապնդել Դավթին, իրենց հարիսան, ասել է թե պատիվը ետ բերելու հույսով, սակայն նրանց մեջ  լինում ենայնպիսիները, որոնք, ի տաբերություն պառավի, հասկանում էին, թե ում հետ գործ ունեն: 

Քահանան էլ ասաց.
-Մ՚էրթաք, էրկու պղինձ հարիսա կա դեռ կրակին.
Էն Սասունա Ծուռ է, մ՚էրթաք,
Ձեզ տի զարկի, ձեզ տի խեղի,
Մեզ էլ բենամուս տ՚անի:

Առավել համոզիչ է մի ծերունու խոսքը, որն ուղղակի ուժի համեմատության հարցով է կանգնեցնում տաքացած գյուղացիներին:

Ծերունի մարդ մ՚էլ էնտեղ ասաց.
-Էն Մհերի զարմից է, մ՚էրթաք:
Թե որ կարցաք` էն չորս ունկանի պղինձ
Չորսով տեղից վերուք` գնացեք,
Թե չէ, մ՚էրթաք, չէ՞ դուք խեղճ եք… 

Այստեղ պետք է հիշենք «Տորք Անգեղ» առասպելի իսկապես բարի հսկաներին և նրանց մորը, որը նույնպես «Քառականթ» պղնձով կերակուր էր պատրաստում իր ընտանիքի համար: Գյուղացիները հրաշալի հասկանում են, որ նույնիսկ չորս հոգով չեն կարող տեղից շարժել այդ մեծ պղինձը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք միշտ էլ հարկերի բեռի տակ են ապրել, և ուրեմն մանրացել, մի բուռ մարդեր են դարձել: Միայն մարմին առանց Ոգու: Իսկ Դավիթը մենակ վերցրեց պղինձը, և ոչ միայն պղինձը: Հասնելով ընկերներին, Դավիթը հյուրասիրում է բոլորին: Այդպես է պահանջում «Արդարության Օրենսգիրքը»:

Հարիսեն լիք լցրեց,
Եղ էն շերեփով լիք լցրեց`
Բոռաց ընկեր նախրորդներուն.
-Արեք, տղեկներ, հարիսա կերեք:

Սակայն ընկերների աչքերին այլևս ոչ մի հարիսա էլ չէր երևում: Դավթի բացակայության ժամանակ Դևերը հարձակվել և տարել էին ողջ նախիրը: Միշտ էլ այսպիսի ճակատագիր է սպասում այն «Նախիրին», որի առաջնորդը բացակայում է: Դավիթը հանգստացնում է ընկերներին և գնում է Դևերի ետևից: Շուտով նա գտնում է նրանց քարանձավը: Դևերը մորթել էին անասուններին և կարակի վրա դրած, իրենց համար ուտելիք էին պատրաստում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կովերի թիվը քառասուն էր, իսկ պղինձը, որն օգտագործում էին, քառասուն ունկանի էր:
Հիշեցնենք, որ գյուղացիները իրենց հարիսան եփում էին չորս ունկանի պղնձի մեջ:Դավիթը մտնում է քարանձավ և տեսնում է հանգստացող Դևերին: Այստեղ Դավիթը կատարում է մի այնպիսի քայլ, որը հոգեբանորեն ոչնչացնում է Դևերին:

Դավիթ դարձավ ու էլավ դուրս,
Մեկ մեծ քար մի առավ, գրկեց,
Էկավ մտավ մեջ քարայրին,
Էդ քար դրեց քարայրի դուռ,
Որ էդոնք չ՚էլնեն, չը փախչեն:
Դավիթ էդտեղ մեկ որ բոռաց,
Սարսափ թափավ հարամի դևերու վերան.

Բայց չէ՞ որ Դևերը քառասունն էին, իսկ նման քայլով Դավիթը փակում էր նաև իր նահանջի ճանապարհը: Սա դյութազնական, ասպետական մոտեցում է: Կռիվը լինելու էր կենաց ու մահու: Միայն հաղթողը կարող էր դուրս գալ քարայրից: Նման քայլերը անհետևանք չեն մնում: Թշնամին շատ արագ է գնահատում դիմացինի հնարավորությունները: Կարևոր է նաև գոռալու պահը, որը նույնպես ցույց է տալիս ներս մտնողի հզորությունը:

Դևերու մեծ էնոր ձեն լսեց, ասաց.
-Էլեք, ծառայություն արեք, որ չըսպանի մեզի:
Էնի Դավիթն է, էլեք վեր:

Սակայն արդեն ուշ էր: Դավիթը սպանում է բոլոր քառասուն դևերին, նրանց մարմինները քարայրից թափում է դուրս և նոր միայն նկատում է, թե ի՞նչեր կան քարայրի խորքում:

Դավիթ դարձավ տեսավ` քարայր էնպես է լիք-
Խազինա է էնոնց քարայր:
Մարդու ինչ բան որ պետք կը գա` լիքն էր էդտեղ:
Տեսավ` էդտեղ ոսկի էրկանանք…
Տեսավ կուտակ ոսկի է, մեկէլ` արծաթ:
Ողջ Սասունա ապրանք, հարստություն`
Քանի Դավթի հեր մեռեր էր`
Էդոնք ավերություն արած,
Բերած են էդա տեղ:

Փաստորեն Քեռի Թորոսը պատահականորեն չէր Դավթին, իր նախիրի հետ, ուղարկել հենց այս ուղղությամբ: Հիշեցնենք, որ Դավիթը նախիրը տարել էր Սասուն - Հայաստանից դուրս, Դաշտու Պադրիալ, Սպիտակ Քարի մոտ: Այս անուններն իրենք իրենցով շատ բան են ասում, սակայն կարևորն այն է, որ օտար տնտեսական համակարգերը միշտ էլ կարողանում են երկրի ներսից տանել նյութական արժեքները, երբ երկրի կառավարումը անցնում է Հովանին, Վերգոյին ու Թորոսին: Ծիծաղելի կլիներ մտածելը, թե Քեռի Թորոսը չգիտեր Դևերի ու նրանց արած ավերածությունների ու թալանիմասին: Չէ՞ որ հենց էպոսն է ասում, որ Դևերը ավերում էին Սասունն ու տանում Սասունա ոսկին: Ուրեմն ամեն ինչ հաշվի էր առնված: Պետք էր Դավթին հանել Դևերի դեմ: Եվ դա միայն այն բանից հետո, երբ նա կանցնի գառնարածի ու հորթարածի աստիճաններով:
Կարելի է հիշել, որ Կրիշնան էլ, հորթեր պահելու ժամանակ, հաջորդաբար սպանում էր Ասուրներին, որոնք պարբերաբար հարձակվում էին իր հայրենիքի վրա: Դավիթը իր հետ վերցնելով մի փոքր ոսկի վերադառնում է Քեռի Թորոսի մոտ: Ահա այստեղ է երևում հայերի մոտեցումը, նյութական արժեքների վերաբախշման ժամանակ:

Մտավ, բարև էտու, հարցուց.-Քեռի,
Մեր տուն քանի՞  մարդ ենք:
Ասաց.-Լաո, քեզանով քառասուն մարդ ենք:
Ասաց.-Քեռի, օղորմի քո պապուն,
Մեր տուն քանի՞ տղամարդ ենք:
Ասաց.-Տղա, լաո, չէ՞ որ ասի,
Քեզանով քառասուն կը թամամենք:
-Էդ լավ,-ասաց.-Բա մենք քանի՞ ջվալ ունենք:
-Քո ջվալով քառասուն ջվալ ունենք, ի՞նչ կուզես:
Դավիթ ասաց,-Քեռի ջան, դու մի նեղանա.
Էլիր, մարդոց խաբար արա,
Ջվալ առնեն` էրթանք ոսկի բերենք:

Կարող էր արդյոք Դավիթը յուրացնել ոսկին: Իհարկե կարող էր: Չէ՞ որ հենց այդպես վարվեց սկանդինավների Սիգուրդը, Ֆանֆիր հրէշին սպանելուց հետո: Այսպես վարվեց նաև գերմանացիների Զիգֆրիդը, Նիբելունգներին սպանելուց հետո: Թե ի՞նչու նրանք գանձերը չվերադարձրին ժողովրդին, հասկանալի է: Սիգուրդը, որը նույն Զիգֆրիդն է, Հայկական Լեռնաշխարհից եկած հերոս էր, և այդ գանձերը բնավ էլ վիկինգներինը կամ էլ գերմանացիներինը չէին, և ոչ էլ Նիբելունգներինն էին: Նրանց մոտ այն հայտնվել էր թալանի արդյունքում: Սիգուրդ - Զիգֆրիդը կարողացավ ոսկին տեղափոխել Հայսատան, ստեղծելով գաղտնարանի պատրանք: Հենց այս գաղտնարանն է, որ առ այսօր անգլո-սաքսոններն ու գերմանները որոնում են ողջ Եվրոպայով մեկ: Չգտնելով ոչինչ, նույնիսկ վերջինիս գերեզմանը, մեր եղբայրները հայտարարեցին, որ սա լոկ առասպել է: Ավելի լավ, թող այդպես էլ կարծեն: Մի փոքր այլ է անգլո-սաքսոնական մեկ այլ հերոսի` Բեովուլֆի մոտեցումը: Նա նույնպես դրսից եկած հերոս է, որը սպանելով Հրենդել հրեշին, ազատություն է պարգևում դանեմարքերին: Վերադառնալով հայրենիք, նա բազմում է երկրի գահին, և հիսուն տարի կառավարելուց հետո կանգնում է ծանր խնդրի առաջ:
Պարզվում է, որ իրենից առաջ, երկրի ողջ հարստությունը թաքցված է եղել քարանձավում, որը պահպանել են դյութազնական մի ինչ որ ցեղի ռազմիկներ: Սրանցից վերջինի ծերանալուց ու մեռնելուց հետո գանձերը հսկում է մի Դև - Հրէշ, որին էլ սպանելուց հետո, մենամարտի վերքերից մահանում է Բեովուլֆը: Սակայն մահանալուց առաջ, նա ասում է ամենակարևոր խոսքերը.

Владыке Вселенной хвала! - я вижуэти сокровища и славлю Господа,
Небоправителя, в день мой последний
мне ниспославшего победу в битве,
а эту добычу - народу нашему!
В обмен на богатства жизнь положил я -
теперь державу сами храните! -
мой срок истекает! 

Սակայն վերադառնանք մեր հերոսներին: Սասունցիները, Քեռի Թորոսի առաջնորդությամբ, ոսկին վերադարձնում են Սասուն: Եվ ամեն մեկը իր համար վերցնում է մեկ ջվալ: Իսկ մնացածը: Չէ որ ոսկին շատ-շատ էր:

Էդ ամեն լցրին Սասնու ամբարներ:
Սասուն էնպես էղավ, որ կը ճըճեր:

Հուսանք, որ Աստծո Կամոք, մենք էլ մեր աչքերով կտեսնենք մեր այն առաջնորդին, որն առաջնորդվելով հայոց «Սասնա Ծռեր» էպոսի «Արդարության Օրենսգրքի» դրույթներով, կկարողանա Հայաստան ետ վերադարնել մեզնից խլված նյութական արժեքները` տարածք, ոսկի և այլն: Իսկ ի՞նչ կմնա նման առաջնորդին այդ գանձերից, կմնա այն, ինչ որ մնաց Դավթին:

Դավիթ իր համար մենակ ձի մի առավ քարայրեն:



Վարդան Սեդրակյան: Երևան: 21.01.2007թ.:


Աղբյուր: http://www.sedrakyan.net Կարգ: Հատուկ | Ավելացրել է: Նարի (07-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդան Սեդրակյան Դիտումներ: 2022 | Պիտակներ: Վարդան Սեդրակյան, էպոս, Սասնա ծռեր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]