// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Եվ այսպես, զույգ եղբայրները կառուցեցին իրենց քաղաքն ու բերդը, և մի իմաստուն ծերունի այն անվանեց, Սասնա-Բերդ։ Սակայն ինչպես գիտենք, բնակչությունն աղքատ էր, սարսափելի աղքատ։ Իսկ Սանասարն ու Բաղդասարը չէին կարող կերակրել քառասուն ընտանիքներ։ Եվ ոչ միայն չէին կարող, այլ նույնիսկ պարտավոր էլ չէին։ Մարդկային քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ ոչ թե թագավորներն են պարտավոր կերակրել ժողովրդին, այլ ժողովուրդն է պարտավոր կերակրել իր թագավորին։ Քննարկվող օրինակում տեսնում ենք, որ ո՛չ Սասնա - Բերդի տերերը կարող էին հոգալ իրենց հպատակների կարիքները, և ո՛չ էլ վերջիններս կարող էին զորացնել իրենց նորաստեղծ պետությունը։ Ապա ո՞րն է ելքը։ Կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Սասուն - Բերդի կառուցումը, բնավ էլ ինքնանպատակ չէր։ Սանասարը հետապնդում էր հեռու գնացող նպատակներ։ Իսկ այդ նպատակներին հասնելու և համաշխարհային թատերաբեմում իր հաստատուն, տեղն ապահովելու համար, Սանասարին անհրաժեշտ էր հաղթական պատերազմ, ընդ որում աշխարհիս հզորների նկատմամբ։ Իսկ այդ ժամանակ, ինչպես նկարագրում է հայոց «Սասնա Ծռեր» էպոսը, գերիշխողը Բաղդադի Խալիֆան էր, զույգ եղբայրների խորթ հայրը, նրանց մայր Ծովինարի ամուսինը։ Հենց վերջինիս մոտից փախչելով էր, որ եղբայրները կառուցեցին Սասնա - Բերդ քաղաքը։ Եվ ահա, իրենց գերագույն նպատակին հասնելու ճանապարհին, զույգ եղբայրներն իրենց քաղաքի շինարարությունն ավարտելուց հետո կատարում են հաջորդ ուժեղ քայլը։ Նրանք վերադառնում են Բաղդադ, սպանում են Բաղդադի Խալիֆային և արդեն իրենց մոր հետ վերադառնում են Հայասատան։ Ընդ որում, սպանելով Խալիֆային, նրանք հրաժարվում են նրա գահից, և հնարավորություն են տալիս Խալիֆայի հպատակներին ինքնուրույն ընտրել իրենց երկրի ղեկավարներին։ Արդյոք այս քայլը չէ՞ր բխում հին հայերի, Արդարության նկատմամբ ունեցած պատկերացումներից։ Արդյո՞ք նման քայլերը չեն գնահատվում բռնակալներից ազատագրված ժողովուրդների կողմից։
Վերադառնալով Հայաստան, Սանասարն ու Բաղդասարը, իրենց մայր Ծովինարի հետ գնում են ոչ թե Սասնա - Բերդ, այլ իրենց պապ, հայոց Գագիկ թագավորի մոտ, նրա
մայրաքաղաք Բերդ- Կապոտին։ Ահա այստեղ, եղբայրների և պապի մեջ տեղի ունենում մի խոսակցություն, որը հաստատում է մեր այն ենթադրությունը, որ Սանասարը ուներ լուրջ, շատ լուրջ քաղաքական ծրագրեր։ Նա խնդրում է, որ պապն իրեն թույլ տա հեռանալ մայրաքաղաքից և հաստավել իր Սասնա - Բերդ քաղաքում, ընդ որում խնդրում է մի փոքր մեծացնել իր տերության սահմանները։ Առաջ քաշված հարցը առավել քան անսպասելի էր հայոց Գագիկ թագավորի համար։

-Ո՛րդի, ես տղա չունիմ,
Ես կը մեռնիմ, իմ թագավորություն
Ձեզ կը մնա, կելնի ձեր տուն։
Ասին.-Չէ՛, թագավոր, ապրած կենաս,
Էկանք, ձեզի տեսանք,
Գոհություն աստծու, ողջ - առողջ եք, Իրարուց կարոտ առանք, կէրթանք մեր տուն։

Եթե Սանասարը չուներ ապագա գործողությունների հստակ ծրագիր, ի՞նչու պիտի հրաժարվեր օրինական գահից, և ի՞նչու Քեռի Թորոսն էլ, որը հայոց Գագիկ թագավորի սպարապետն էր, պիտի միանար նրան ու հաստատվեր Սանա - Բերդ քաղաքում։ Վերադառնալով Սասնա - Բերդ, որի տարածքները մի փոքր ավելացել էին Գագիկ թագավորի նվիրատվության արդյունքում, Սանասարը ձեռնամուխ է լինում իր տերության սահմանների ընդլայմանը։ Արշավանք արշավանքի ետևից Սասնա -  Բերդ քաղաքի տերերը մեծացնում են իրենց իշխանության սահմանները։ Սանասար շատ զորընդեղ մարդ էր, Օրերուց օր մէլ զարկեց, գնաց չուրի Մըսըր, Չուրի Բաթմանա կամուրջ, չուրի Անգղա ձոր։
Ինչպես Բաղդադի Խալիֆայի բռնապետության տապալումը, այնպես էլ Սանասարի հաջող արշավանքները չէին կարող աննկատ մնալ ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար։ Եվ ահա սկսում է իրականանալ Սանասարի նպատակներից թերևս ամենագլխավորը, այն է հարուստ և ուժեղ, հարևանների մեջ առաջնային գերտերության ստեղծում։ Իսկ Գագիկ թագավորի հնացած մայրաքաղաքով, ասել է թե հնացած գաղափարներով նման խնդիրներ լուծելն ուղղակի անհնար կլիներ։ Առավել ևս Գագիկ թագավորի կենդանության օրոք։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։

Էնպես փահլևան էղավ Սանասար, 
Որ էնոր ձեն աշխարք բռնեց։
Շատ մարդեր որ լսեցին, ասին,
«Ա՛ղբեր, մենք նստեր ենք էստեղ, ի՞նչ,
Գող մարդեր ամեն ժամանակիկ՝
Կը գան, մեր ապրանք զարնեն, կը տանեն։
Ըհը՛, էն աստված, մենք կէրթանք էդա Սասուն»։

Տարօրինակն այն է, որ այս նույն արշավանքների ժամանակ, Սանասարը, երկրի ներսում վարել է ճշմարիտ հարկային քաղաքականություն, որն ավելի է ոգևորում Հայաստանում բնակվել ու գործնեություն ծավալել ցանկացողներին։

«Որ էդ տեղի մարդուց ոչ հարկ կառնեն, ոչ տուրք,
Որ մեկ մարդ մեր ապրանք չզարնե տանի»։
Հա  քիչ քիչ, հա քիչ քիչ գնացին էնոնց մոտ,
Շատացա՜վ, մե՜ծ քաղաք էղավ Սասուն։

Վերջ, այլևս Հայաստանը գերտերություն է, իսկ Սանասարը, Երկիր մոլորակի վրա Արարիչ-Աստծո Արդարության Օրենքների պահապան։ Ահա թե ի՞նչ պետք է անի ճշմարիտ Արքան։ Նա ընդամենը պետք է իր երկրի ներսում պահպանի Արդարության Օրենքները։ Իսկ ժողովուրդը տեսնելով իր առաջնորդի պահվածքն ու ապրելաձևը, ինքը ստեղծագործելով ու արարելով կշենացնի իր երկիրը։ Այսպիսի երկրում ապրել ու գործնեություն ծավալել ցանկացողների պակաս երբեք չի զգացվի։
Արդյո՞ք այս ամենը Սանասարն արեց ինքնուրույն, իր խելքով, թե՞ իր ամեն մի քայլ կատարելիս առաջնորդվել է հայոց հնագույն Արդարության Օրենսգրքի դրույթներով։ Իսկ այդ դրույթները արդյո՞ք Քեռի Թորոսը չէ՞ր, որ պարզաբանում էր Սանասարի համար։ Միգուցե նաև այս պատճառով էր Քեռի Թորոսը միացել երիտասարդ Սանասարին:Կարծում ենք, որ այո։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ Սանասարն ու Բաղդասարը ծնվել ու մեծացել էին Բաղդադում, որտեղ ոչ մի կերպ չէին կարող ծանոթ լինել հայոց հնագույն Արդարության Օրենսգրքի հետ։ իսկ Սասնա-Բերդում, նույնիսկ կարդալով, չէին կարող խորապես հասկանալ օրենքների դերն ու նշանակությունը։ Իսկ Քեռի Թորոսը, լինելով հայոց զորքերի սպարապետ, ոչ միայն ծանոթ էր Գրքին, այլ բազմիցս տեսել և ինքն էլ իրականացրել էր Օրենսգրքի բազում դրույթներ։ Մեր տեսակետը հաստատելու համար քննարկենք մի դրվագ, երբ դեռ Սանասարն ու Բաղդասարը փոքրիկ երեխաներ էին և իրենց մոր հետ ապրում էին Բաղդադում։ Խալիֆան խախտելով հայոց Գագիկ թագավորի հետ ունեցած իր խաղաղության պայմանը, մեծ զորք հավաքելով հարձակվում է Հայաստանի վրա։ Թագավորը փակվում է իր Բերդ-Կապոտին մայրաքաղաքում։ Սկսվում է երկարատև ու դաժան մի պաշարում։ Որոշ ժամանակ անց, պաշարված մայրաքաղաքում զգացվում է պարենի պակաս։ Սկսվում է ամենասարսափելին՝ սովը։ Իհարկե, նման պայմաններում առաջանում են հուսահատական տրամադրություններ։ Գլուխ են բարձրացնում անհավատ ու փոքրհոգի մարդիկ, որոնք փորձում են խուճապ տարածել, հույս ունենալով հանձնվել թշնամու ողորմածությանը, իրենց թշվառ գոյությունը մի փոքր էլ երկարացնելու հույսով։ Սրանց նմանների կողքին, բարեբախտաբար, առաջ են գալիս նաև մեծ սիրտ ունեցող ու բարի մարդիկ։ Եվ ահա մի անգամ վեճ է սկսվում պաշարվածների մեջ։ Մի բարի մարդ, հուսահատվածներին համոզում է, որ շուտով ամեն ինչ կարգավորվելու է, և հացը գին չի ունենա։ 

Էնոնց մեջ մեկ անհավատ մարդ կար,
Կրո անունով, էլավ ասաց.
—Առ էս մեկ ճանկ ոսկին, հաց տուր,
Տանեմ, տամ՝ իմ էրեխեքն ուտեն։
Ախար ա՛յ մարդ, ու՞ստ կը տաս։
Ես իմ աչքով հաց տեսնեմ,
Ես իմ բերնով հաց ուտեմ,
Ես չեմ հա՛վտենա, ես չեմ հավտենա։
Էն բարի մարդն էդոր անիծեց.
-Կրո՛, հուս ունիմ աստըծու,
Որ լուսուն հաց կլնի փալասանք,
Որ չես ա՛վատա իմ ասելուն,
Աչքով քո տեսնես, բերնով քո չուտես։
Գագիկ թագավորը, հավաքելով իր վերջին ուժերը, գիշերով հարձակվում է քաղաքը
պաշարած Խալիֆայի բանակի վրա։
Քեռի Թորոս, ջահել տղե՛ք
Սրով, թրով իջան Խալիֆայի զորքի մեջ,
Ու ջարդեցին, ու սպանեցին, ու կոտորեցին։

Ինչպես տեսնում ենք, Քեռի Թորոսն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ծավալված իրադարձություններում։ Բաղդադի Խալիֆան թողնելով կոտորվող զորքը, փախչում է Բաղդադ։ Ոչնչացված բանակի ողջ պարենը անցնում է հայերին, և կատարվում է մի զարմանալի բան։ 

Էն անհավատ բերին, դրին չափրար, 
Որ էնտեղի մնացած հացն ու կերակուր
Մարդուն մարդագլուխ տա, որ տանեն, ուտեն։
Մեկ մարդու բաժնից պակաս էտու.
Իր ձեռի չափ վերցին, զարկին գլխուն,—
Էն անհավատ չափրար մեռավ…
Ուղորդ որ աչքով տեսավ ու չկերավ։

Ահա՛, ահա՛ Արդարության Օրենսգրքի կարևորագույն դրույթներից մեկը։ Նյութական արժեքների վերաբախշման ժամանակ՝ «Մարդուն մարդագլուխ»։ Իսկ այս դրույթի խախտողը ենթարկվել է մահապատժի։ Եվ այս ամենը տեղի է ունեցել Քեռի Թորոսի ներկայությամբ, և միգուցե հենց նրա հրամանով։ Իսկ այն փաստը, որ մեր դյութազուն նախնիները ունեցել են պետական հարկային համակարգի սեփական պատկերացուները, պարզորոշ երևում է «Տորք Անգեղ» առասպելում: Հայոց երիտասարդ արքան իր մոտ է հրավիրում հայոց չորս բդեխշներին:

«Կուզեմ իմանամ, ասաց, մեր երկրում
Ինչպե՞ս ցեղեր կան, ինչպե՞ս են ապրում:
արդյոք մեր երկրում վաղվա պես չըկա՞ն
Խոշոր հսկաներ մեր Տորքի նման»:

Ավելորդ չենք համարում նշել, որ Տորք Անգեղը հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոս Քեռի Թորոսի առասպելական նախատիպն է:

Ամենից առաջ խոսեց Առանը`
Բաղաց աշխարհի հզոր իշխանը.
-Ողջ լեր, թագավոր, մեր երկրում դեռ կան
Հաղթանդամ մարդիկ` ճիշտ Տորքի նման.
Նրանք կենում են լեռնախորշերում,
Մթին ձորերում և քարայրերում.
Պնդոց են քաշվում, որ ազատ մանան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չըտան.
Տներ են շինում և գետնի տակին
Անքար ու անփայտ, սարերի միջին:
Մի դուռ ես գտնում, մտնում, և ահա
Քսան, երեսուն մարդիկ աժդահա,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստած են շուրջը մըռութնին կախած.
Իսկ նրանց մայրը` պառավ աժդահան`
Դրել է կրակին քառականթ կաթսան,
Երեք-չորս վարազ ողջ-ողջ մեջն ածած»:

Այս «Քառականթ կաթսային» դեռ կանդրադառնանք, երբ կուսումնասիրենք, թե պատանի Դավիթը ինչպե՞ս է մեկ այլ «Պառավից» խլում նմանատիպ մի կաթսա, որտեղ եփվում էր մի ամբողջ գյուղի հարիսան: Այս կաթսան և նրա կանթերի քանակն ու պառավը այլաբանական խորհուրդ ունեն, որի մասին դեռ կխոսենք իր տեղում, իսկ այժմվերադառնանք մեր «Տորք Անգեղ» առասպելին:

«- Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բդեխշը Գուգարաց երկրի.-
Մեր հսկաներն էլ ձորերը մըտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չըտան.
«Ով որ, ասում են, որ գզրի ձայն լըսի,
Նա տեղնուտեղը ձյան պես կըհալչի.
Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
Ու մեջքներից թեքվել, կըռացել,
Որ հարկ են տալիս գզրին ու քյոխվին,
Այն էլ դրամով, որ բնավ չունին:
Մենք չունինք գզիր, քյոխվա, քյաթոխուդա,
Էնդուր ենք մնացել այսպես աժդահա»: 

Փաստորեն մեր նախնիների պատկերացումներով, հարկերը ոչնչացնում են անհատի ինքնությունը, նրա եսը, նրա մարտական ոգին: Ահա թե ինչու՞ ենք մենք այսպես մանրացել: Եվ խոսքը զուտ ֆիզիկական տվյալների մասին չէ: Այս պարագայում խիստ տրամաբանական է հայոց արքայի հարցը:

«- Բայց մեզ ի՞նչ օգուտ այդ հսկաներից,
Երբ որ փախչում են հարկահաններից»:
«-Հարկից խորշում են, բայց ոչ կռվելուց.
Ոչ հայրենիքի պաշտպան լինելուց.
Ունին ահագին աղեղ, պարսատիկ,
Կռիվ են գնում — ինչպես հարսանիք.
Քարեր ու նետեր կարկըտի նման
Թափում են են կռվող թշնամու վրան.
Իսկ երբ քար ու նետ չունին ձեռներին,
Դիմում են իրանց ուժեղ կռներին.
Մեկը հարյուրին, տասը` հազարին,
Ջարդում են, ինչպես գայլը` ոչխարին»:

Միայն հզոր անհատներին բնորոշ ռազմավարություն: Ցանկացած արքա կարող է միայն երազել նման հպատակներ ունենալ, և այդ պատճառով էլ խիստ կարևոր է հայոց
արքայի վերջնական որոշումը:

«-Եթե այդպես է, ազատ թողեցեք,
Այդ հսկաներից էլ հարկ մի առնեք»:

Հիմա հասկանալի է դառնում, թե ի՞նչու Սանասարն իր երկրի քաղաքացիներին ազատեց հարկային բեռից: Զարմանալին այն է, որ այսօր էլ, նույնինիսկ պետական կառույցների կողմից հաճախ լսում ենք հենց «Հարկային Բեռ» բառակապակցությունը: Եվ բոլորն էլ խոսում են «Հարկային Բեռը» թեթևացնելու մասին: Լավագույն դեպքում` թեթևացնելու, այլ ոչ իսպառ վերացնելու մասին: Սակայն դրանք դատարկ խոսքեր են, որոնք երբեք չեն կարող իրականանալ: Մանր մարդու հոգեբանությամբ դաստիրակվածները երբեք էլ ինքնակամ ազատություն չեն տա երկրի քաղաքացիներին,քանի որ այդպիսի ծրագիր իրենց ոչ հոգում, և ոչ էլ սրտում գոյություն չունի: Կարելի է կարծել, որ մեր դյութազուն նախնիները առաջնորդվել են լոկ իրենց հզոր մարմնով: Սակայն նույն առասպելը ցույց է տալիս, որ նրանք չափից ավելի իմաստուն են եղել: Նրանք հաղորդակից են եղել Տիեզերական Գիտելիքներին:

«…Վիրաբուժության գիտեն դեղ, ճարակ…
…Մոլություններից հեռու են կենում…
…Ոչ մեկը չկա հիվանդոտ տկար…

Մոլության մեջ տառապող իշխանական համակարգը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աստիճանաբար մոլությունների մեջ ներքաշի ողջ ազգաբնակաչությանը, սեփական գոյությունն հիմնավորելու և արդարացնելու համար: Իսկ մեր հզոր նախնիները այլ կերպ են պատկերացրերել ազգի միասնության սկզբունքները:

…Բոլոր անդամներն ամբողջ համայնքի
Զավակ են կարծվում մի ընտանիքի.
Մեկմեկու համար գլուխ ետ դրած,
Շատ հյուրասեր են և մեծահոգի.
Խիստ ավանդապահ և առաքինի…»

Ահա այսպես են ապրել մեր նախնիները։ Այսպես են պահպանել Արդարության Օրենքները և այսպես են պատժել այդ Օրենքները խախտողներին։
    


Վարդան Սեդրակյան:
Երևան, 14.11.2006 թ.։
«Դե Ֆակտո», 12.2006 թ.:


Աղբյուր: http://www.sedrakyan.net Կարգ: Հատուկ | Ավելացրել է: Նարի (07-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդան Սեդրակյան Դիտումներ: 2058 | Պիտակներ: Սասնա ծռեր, Վարդան Սեդրակյան, էպոս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]