// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հատուկ

Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների գործնեության առավել խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ առաջնորդվել են մեզ համար առայժմ անիմանալի ինչ որ սկզբունքներով։ Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն Մեծ Ծռերին՝ Աստվածային Սանասարին, Առյուծաձև Մեծ Մհերին, Վիշապաքաղ Դավթին ու Հավերժական Փոքր Մհերին, այլ նաև Հովանին, Թորոսին, և նույնիսկ հայոց հրեղեն կանանց։ Ակնհայտ է, որ գոյություն է ունեցել ինչ որ, մեզ համար դեռևս անծանոթ, մի Սրբազան Գիրք, որը կարդալով, հայոց առասպելական հերոսները կարողացել են հասկանալ իրենց շուրջը կատարվող Տիեզերական երևույթների իմաստը, ապա նաև ըստ այդ Գրքի տրամաբանությամբ առաջնորդվելով, կատարել են իրենց  քայլերը։ Այն, որ այդպիսի Գիրք իսկապես գոյություն է ունեցել, ուղղակիորեն նշվում է հենց, «Սասնա Ծռեր» էպոսում։
Էպոսի պատումներից մեկում, որը հրատարակվել է 1951 թվականին, Երևանում, կարդում ենք հետևյալ զարմանալի տողերը։ Սանասարը մահացել է, նրա մինուճար որդին, որի անունը այս տարբերակում Ջոջ Մելքոն է, դեռ պատրաստ չէ Սասնա Տունը կառավարելու համար։ Երկրի կառավարումը իր ձեռքն է վերցնում Սանասարի կին Խանդութ Խանումը։ Եվ ահա, մեկ անգամ, երբ Խանդութը Սանասարի ձին հեծած և Սանասարի զենք ու զրահը հագած շրջում է երկրի սահմաններով, հասնում է մեկ աղբյուրի։ Հոգնած տիկինը իջնելով ձիուց, նախ ինքն է խմում այդ աղբյուրից, հետո էլ ձիուն է խմեցնում աղբյուրի ջրից։ Հետո Խանդութը քնում է աղբյուրի մոտ և արթնանալով տեսնում է որ և՛ ինքն է հզորացել, և՛ իր ձին։ Գալով տուն, նա այդ հրաշքի մասին պատմում է ամուսնու մորը, Մեծ Տիկին Սանդուխին։ Եվ ահա թե ի՞նչ է պատասխանում իր հարսին, Սանդուխը։
«- Շատ մի զարմանա,- ասաց Սանդուխ,- մի գիրք ըմ կա. Ինոր մեջ գրուկ ի զաթի, թե վով վոր են ախպրի ջրից խմի՝ շնոխք ու զորություն կառնի. ինոր խամար ի, վոր թե՛ տու, թե՛ քո ձին ըսկնա փոխվաք բիրդան»։
Իմաստուն Գրքի հետ հանդիպում ենք նաև մեր էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում, Դավթի և Խանդութ Խանումի ամուսնության ժամանակ: Ցավալիորեն Դավթի դեմ դուրս է գալիս իր իսկ հորեղբոր որդի Պարոն Աստղիկը, որը, իտարբերություն Դավթի, չգիտեր, որ գործ ունի իր եղբոր հետ: Դավիթը խուսափում է մենամարտից: Խանդութ Խանումին զարմացնում է իր ընտրյալի նման պահվածքը: Նրան առավել զարմացնում է կռվի ժամանակ Դավթի պահվածքը, որը ոչ մի հարված չի հասցնում իր թշնամուն, այլ միայն պաշտպանվում է: Այն էլ բավականին անհաջող: Չկարողանալով գտնել հարցի պատասխանը, Խանդութը դիմում է Սրբազան Գրքի օգնությանը:Խանդութ Խանում իմաստուն, կարդացվոր էր.

Գիրք էդիր էնտեղ, գիրք կարդաց,
Տեսավ Դավթի հրողբոր տղան էր.
Ինչ թուր կը շարժեր էնոր գլխուն,
Կրակ կը թափեր վեր Դավթին, կ՚էրթար անդունդք:
Դավիթ էնոր բան չէր անի:

Ակնհայտ է, որ Գրքում Սասնա Տան դյութազունների լուսանկարները փակցված չեն եղել: Կարծում ենք, որ այնտեղ նկարագրված է եղել Հրեղեն համակարգը ներկայացնող հայոց դյութազունների զենքերը, ձիերն ու հանդերձանքը: Ինչպես նաև մենամարտելու արվեստը: Սակայն ոչ միայն դա:
Իսկ ինչպես հայտնի է, միայն հայոց դյութազուններն էին հրեղեն, իրենց թրերը` հրեղեն, ու ձիերն էլ հրեղեն: Ասել է թե հայերը Տիեզերական Հուր - Հոգևոր տարերքի ներկայացուցիչներն են, Երկիր մոլորակի վրա: Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ Սրբազան Գիրքը հասու էր իմայն հայ կանանց: Իրականում վիճակն մի փոքր այլ է: Հայոց տղամարդիկ ոչ միայն կարդալով առաջնորդվում էին Սրբազան Գրքով, այլ կարողանում էին կարդալ, կամ էլ հասկանալ Տիեզերքի խորհուրդն առանց Գրքի: Նրանք որպես կանոն Մեծ Աստղագետներ ու Աստղագուշակներ էին: Պատումներից մեկում վերոհիշյալ Աստղիկը, որի անունը Աստղիկ Թագավոր էր, հասկանում էր աստղերի շարժից և հետևելով նրանց դասավորությանը, կարողանում էր հասկանալ, թե երկրից դուրս գտնվող Սասնա Ծռերիը ի՞նչ ծանր իրավիճակում են հայտնվցել: Մեծ Աստղագուշակ էր նաև Ձենով Հովանը:   Վերոհիշյալ պատման մեջ Աստղիկ Թագավորն ու Ձենով Հովանը եղբայրներ են, Ջոջ Մելքոնի որդիները, այն ջոջ Մելքոնի, որի տատ Սանդուխը տեղյակ էր Սրբազան Գրքին: Հիմա տեսնենք, թե ի՞նչ է պատմում էպոսը այս եղբայրների մասին:

«…Ովան որեոր կը ճոճաներ,
ըսկուն վոր յեփ վոտն իթալ մեչ իրեք տարվան, 
դու կ՚ասիր` յոթ-ութ տարեկան տղա յեր. 
են տեսակ պետ-բերթակ էր: 
Երկու իրեք տարուց վերջ Ովան դրին վարժատուն: 
Ըսկուն իմաստուն եր, վոր քիչ ժամանակի մեչ շատ առաջացավ. 
ուր ծեն ել են տեսակ պանցր ու քաղցր եր, 
վոր թե պոռալու ելներ` ծեն կը խասներ 
չուր քառասուն որվան ճանպախ մեկ…»:

Իհարկե պետք է հասկանալ, որ խոսքը զուտ գոռալու մասին չէ: Ձենով Հովանը տիրապետել է մեզ համար անհայտ մի գիտելիքի, որի միջոցով էլ կարողացել իր խոսքը հասցնել տարածության մեջ, իր համար կարևոր կետին: Հիշենք նաև, որ Հովանը կարողանում էր խոսել իր ձիերի հետ: Այժմ անդրադառնանք Աստղիկ Թագավորին: 

«…Աստղիկ Թակավոր վոր ճոճացեր եր` 
վարժատուն կ՚երթեր, շատ առաջացեր եր, 
հըմեն երկնուց, աստղերուց կը խասկներ,
ինչ վոր ընցներ դառներ: 
Են որ եսա Աստղիկ Թագավոր աստղունքից խասկացավ, 
թե ուր խեր Մելքոն շատ նեղութնի մեջ ի. 
չունքի տեսավ, վոր ինոր աստղ են որ նղժորուկ եր…»:

Ինչպես տեսնում ենք, Սասնա տան երեխաները պետք է պարտադիր հաճախեին «Վարժատուն»: Եվ այս միտքը Կարմիր թելի նման անցնում է էպոսի բոլոր պատումներում: Ուրեմն ի՞նչու էր պետք գրագետ լինելը: Ի՞նչու այսօր էլ հայերը աշխարհիս միակ ազգն են, որի ծնողների համար, երեխային կրթության տալը համարվում է պատվի ու արժանապատվության հարց: Ի՞նչ պիտի կարդային «Ծուռ» սասունցիները: Ակնհայտ է նաև այն, որ էպոսի ամեն մի հերոսն ու հերոսուհին ունեցել են իրենց աստղը: Այս ամենը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սակայն այս ամենի մասին դեռ կխոսենք իրենց տեղում, իսկ հիմա վերադառնանք մեր Սրբազան Արդարության Օրենսգրքին:    
Հասկանալի է, որ այս Գիրքը ամբողջովին նվիրված չի եղել Անմահական Աղբյուրներին ու Հրեղեն հերոսներին։ Մեզ իրավունք ենք տալիս ենթանդրելու, որ հայոց հնագույն Սրբազան Գրքում գրված են եղել երկրի կառավարման ու դյութազնական կարևորագույն Օրենքները։ Օրենքներ, որոնց ճիշտ կատարումն էլ ապահովել է Սասնա Տան հզորացումն ու նրա տիրակալների հիրավի առասպելական սխրագործությունները։
Ասվածը հաստատելու համար, քնարկենք այսպիսի մի քանի օրինակներ։
Առաջին օրինակը, որի մասին կցանկանայինք խոսել, վերաբերում է հենց Սասնա Տան, ասել է թե Հայաստան Աշխարհի կառավարմանը։ Բոլորս լավ հիշում ենք, որ Սասունցի Դավթի հորեղբայր Ձենով Հովանը, տեղի տալով պատանի Դավթի համառությանը, մի գեղեցիկ օր նրան տանում է Ծովասար և ցույց է տալիս նրա հոր, Մեծ Մհերի, որսատեղը։ Ամբողջ օրը որս անելուց հետո, սասունցիները, որոնք եկել էին Դավթի, Հովանի ու Վերգոյի հետ, վերադառնում են Սասուն։ Սակայն պատանի Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասարում։ Նրանք որոշում են բաց երկնքում գիշերելուց հետո, առավոտյան վերադառնալ Սասուն։ Հենց այդ գիշերվա ընթացքում է, որ Դավիթը տեսնում է երկնքից իջնող Լույսը, որի օգնությամբ գտնում է հոր գերեզմանն ու այդ գերեզմանի վրա վերակառուցում է հոր տաճարը:
Մեզ համար անհասկանալի էր մնացել միայն այն հանգամանքը, թե ի՞նչու Դավիթը, Հովանն ու Վերգոն, սասունցիների հետ չվերադարձան Սասուն, և որոշեցին գիշերել բաց երկնքի տակ։ Եթե նրանք որսով տարված ետ էին մնացել սասունցիներից, ապա դա էլ հոգս չէր։ Չէ՞ որ Հովանն ու Վերգոն, Մեծ Մհերի մահվանից հետո, այդ ժամանակ, Սասնա Տան տերերն էին և նրանց համար ոչ մի խնդիր չկար իրենց ցանկացած ժամին մտնել Սասուն։
Ցավոք սրտի, էպոսի համահավաք տարբերակը, որը մշակվել է Խորհրդային գիտնականների կողմից, այս հարցի պատասխանը չի տալիս։ Վստահ լինելով, որ գիշերով դրսում մնալու մեջ ինչ որ պատճառ պետք է լիներ, սկսեցինք ուսումնասիրել բանահավաք բոլոր պատումների հենց այս հատվածը։ Եվ պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց։Երևանում, 1979 թվականին հրատարակված «Սասնա Ծռեր» գրքի տարբերակներից մեկում, որը պատմել է ապարանցի Գևորգ Պետրոսյանը, գտնում ենք մեզ հուզող հարցի պատասխանը։ Եվ այսպես, Դավիթը, իր հորեղբայրներ Հովանի ու Վերգոյի հետ, որսից վերադառնում է Սասուն։

«Գիկան մեգ ժամանագ ճամպեն,
Կըտեսնան, օր մութ տվեր ա, կըսա.
-Դավի՛թ ջան, արի, գիշեր մնանք էստեղ,
Յառավոդ նոր .յելնինք էրտանք քաղաք։.
Կըսա.— .Յընչի՞։
Թե.—Քաղաքի դարգյահներ զարգաձ ան,
Դռներ փագաձ ան, չըն բանա մեր դեմ»։

Եվ սա ասում է Սասունի տիրակալ Ձենով Հովանը  Աստվածային Սանասարի թոռանը, Առյուծաձև Մհերի որդուն։ Առաջին հայացքից, արադարացի է թվում պատանի Դավթի զարմանքն ու ցասումը։ Բայց դա միայն առաջին հայացքից։

«Կըսա.— .Յընչի՞  ես  չըկյեռնա՞մ բանամ,—
Կըսա,—կըզըրգիմ, բանամ։
—Ա՛խր,—կըսա,—չէ՞ օր մեր կարկադրութենն ա,
Քաղաքի տեր մենք ինք,
Մենք օր մեր կարգ խանգարինք,
Բոլորն էլ կըխանգարին։—
Կըսա.—Մեգ գիշեր ա, կըմնանք էստեղ,
Յառավոդ գելնինք էրտանք»։

Հիրավի իմաստուն թագավորի, իմաստուն խոսքեր։ Այսպես են մեր նախնիները վարվել, և այսպես են դաստիրակել ապագա գահակալներին։ Միայն սեփական օրինակով կարող է երկրի տերը կարգ ու կանոն հաստատել իր երկրում։ Սեփական օրենքները խախտող տիրակալը, ուժային ոչ մի միջոցներով չի կարող Օրենքի Իշխանություն հաստատել երկրի ներսում։ Եվ համաձայնվեք, որ Ձենով Հովանն այս մասին պիտի որ կարդացած լիներ հայոց հնագույն Սրբազան Գրքում։ Հենց Ձենով Հովանը, որը  կարողանում էր աստղերին նայելով հասկանալ, թե ի՞նչ իրավիճակում է հայտնվել Դավիթը, իսկ հետագայում նաև Փոքր Մհերը։ Ուրախալին այն է, որ ապագա գահակալ Դավիթն անմիջապես հասկանում է հորեղբոր խոսքերի իմաստն ու նշանակությունը։

«-Դե՛, օր էդպես ա, մնա՛նք, հորոխպե՛ր»։

Հաջորդ օրինակը, որը կցանկանայինք ներկայացնել, պարզորոշ ցույց է տալիս, թե ի՞նչպես են Սասնա Տան տերերը ոչ միայն հարգել իրենց իսկ կողմից հաստատված Օրենքները, այլ նաև, թե ինչպես են հոգ տարել իրենց երկրի հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Սանասարն ու Բաղդասարը փախչելով Մըսր-Եգիպտոսից, մեկ զորավորգետակի ակունքին փորձում են իրենց համար բերդը կառուցել։ Սակայն երկուսով չեն կարողանում գործն ավարտին հասցնել։ Պատանիները ստիպված ծառայության են մտնում Թևաթորոս թագավորի պալատում։ Որոշ ժամանակ բարեխղճորեն իրենց պարտականությունները կատարելուց հետո, նրանք խնդրում են, որ թագավորը թույլ տա, որպեսզի իրենք հեռանան նրա մոտից և ավարտեն իրենց բերդի կառուցումը։ Թագավորը համաձայնվում է և եղբայրներին, իր կողմից տալիս է նաև քառասուն ընտանիք, բերդը բնակեցնելու և քաղաք կառուցելու համար։

«Թագավորի սիրտ կռչաց վեր էնոնց.
Էտու էնոնց քառասուն տուն.—
Հե՛յ գիտի տուն...
Ամեն մեկուն մեկ էշ ու մեկ ճախարակ»։

Հասնելով իրենց կիսակառույց բերդին, Սանասարը մի զարմանալի հարց է տալիս Բաղդասարին։

«Սանասար ասաց Բաղդասարին.
—Առաջ զմեր բե՞րդ շինենք,
Թե չէ՝ զէդա աղքատ—ուղքատի տներ»։

Հարցը զարմանալի է նրանով, որ Սանասարը լինելով ավագ եղբայր, կարող էր նույնիսկ չհարցնել Բաղդասարին։ Սակայն Աստվածային Սանասարին անհրաժեշտ էր, որ եղբայրն իսրտե լծվեր գործին։ Բաղդասարը տալիս է Սանասարի համար ցանկալի պատասխան։

«Բաղդասար պատասխանեց.
-Առաջ շինենք զէդոնց տներ.
Ու նոր շինենք զմեր բերդ.
Էդ խեղճ ու կրակ մարդեր չեն կարնա
Արևուն առջև կենա։
Ու սկսեցին զտներ:

Բավականին հետաքրքիր է շինարարության ժամանակ, աղքատ ընտանիքների պահվածքը: Նրանք իրենց վրա են վերցնում եղբայրներին կերակրելու խնդիրը:

Տղեկներ որ զտներ կը շինեին,
Օրեն մեկի տուն հաց կ՚ուտեին,
Վիր տուն որ հաց կ՚ուտեին,
Էնոր տաշտ ու մաղ կը կախին:
Երբ որ քոչեր իրենց տներ նստան,
Տղեկներ կրկին ըսկսեցին ըզբերդ շինել»։

«Տաշտն ու մաղը» անմիջականորեն կապված են հացթուխության հետ, և այստեղ հացի առատության խորհուրդն ունեն: Այսպես են հայոց Մեծ Ծռերը պետություն կառուցել, այսպես են հոգ տարել իրենց քաղաքացիների նկատմամբ և այսպես են հարգել իրենց իսկ կողմից սահմանված Օրենքները։ Եվ այս ամենը չէր կարող պատահականորեն կամ էլ տարրերայնորեն տեղի ունենալ։ 


Վարդան Սեդրակյան
«Դե Ֆակտո»։  Երևան 10. 2006 թ.:


Աղբյուր: http://www.sedrakyan.net Կարգ: Հատուկ | Ավելացրել է: Նարի (07-Ապրլ-2011) | Հեղինակ: Վարդան Սեդրակյան Դիտումներ: 3161 | Պիտակներ: Սասնա ծռեր, Վարդան Սեդրակյան, էպոս
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]