ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտերը: Մնացած մեր բոլոր հաղթանակներն ու պարտություններն ընդհանրացվել են դարեր ի վեր մաքառողի բրոնզե կերպարում: Հայոց զենքի փառաբանությունից բացի, այս հզոր ընդվզումները փաստարկումներ են, համաձայն որոնց՝
ա) Բելին կործանելով հայը հաստատեց ազատ ապրելու իր կամքը,
բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովվեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամութիւնը,
գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը:
Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է, բայց հայրենասիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար, իսկ գնահատումներն անառարկելի են եղել: Ավելին, հիմա էլ կարող է իբրև սրբապղծություն համարվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, բայց այդպիսով, միևնույն է, չես կարող ունենալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն բավարարվող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից: