// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Այսօր նոր օր է: Ով գիտե այդ` գիտե ճշմարտությունը...

 

Անասելիորեն ճակատագրական է ցեղային ազդակի նշանակությունը մի ժողովուրդի վերածնունդի, ազգային ամբողջացման և պետականացման գործում: Գիտենք հասարակագիտական այդ պարզ ճշմարտությունը, սակայն անկարելիության չափ դժվար է «ի՞նչ է ցեղը» հարցի սիրտը շոշափելը:

Մարդաբանության ցարդ տված սահմանումներից և ոչ մեկն է ընդունելի ինձ համար: «Ցեղ» հասկացողությունը սահմանելու համար բավական չեն հին եզրերը: Դրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը:

Այո՛, ցեղային գործոնն ավելի բարդ իրողություն է, քան ենթադրվում է:

Դժվար է դա սահմանել գիտական լեզվով: Այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել:

Ըստ մեզ, ասենք առանց տեսական խորացումների, ցեղն ավելի հոգի է, քան` կա:

 

Մեր դարում, մասնավորապես` մեր օրերում, ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակության ոգին, որքան այն աղետալի մոլորանքը, թե իրենց ճակատագիրը բարվոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ որ արտաքին ուժեր:

Ավելի պարզ: Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժերը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:

Հասկանանք, որ ցեղի ուժակշիռն ավելի մեծ է, նրա կարողականությունը բյուրաբյուր անգամ ավելի հարուստ, քան ժողովրդինը: Այն ժողովուրդը, որ գիտե այդ, գիտե ճշմարտությունը, փրկված է նա:

Հայ ցեղը հայ արյունն է, համակ բոց ու զորույթ, որ ասում է անխոս` «Ես սնվում եմ նրանցով, որոնց սնուցանում եմ»:

Ցեղը չի ծերանում, թիկնադարձություն չգիտե և չի պարտվում, երբեք: Դա հավիտենական հայն է, ժամանակների վկան, Աստծո գործակիցը:

Ցեղն սրսրիչ է, ժողովուրդը` արարած: Ժողովրդի ուժածին մեքենան է ցեղը, և նրա ուժակիրը, որի մեջ կրում է մի ինչ-որ տիեզերական և հարուցիչ ուժ: Դա այն հոգևոր շաղախն է, առանց որի ժամանակը հեշտությամբ է հյուլեացնում ժողովուրդներին:

Ժողովուրդը կարող է և շինարար լինել, ցեղի ազդեցությունը, սակայն, միշտ էլ ստեղծագործ է: Եվ այդ իսկ պատճառով ավելի մշակութունակ է ցեղը: Երբ չկա ցեղը, ժողովուրդների հոգևոր անդսատանն ավելի խծուծ է արտադրում, քան ցորեն: Հաճախ նվաստախոհ և նվաստախոս է ժողովուրդը, ցեղը միշտ էլ թագավոր է և գահընկեցություն չգիտե:

Հակառակահորդոր է ժողովուրդը` աննվեր ու անփառ, երբ նրա մեջ տկարացած է ցեղի ձայնը: Հարանվանական է ժողովուրդը` կաթողիկե, բողոքական, լուսավորչական և այլն, ցեղը միշտ էլ մի է և ամբողջական:

Ժողովուրդ, ասել է` դասակարգեր և դասակարգային եսականություն, ցեղը` ընկերային արդարություն և հնարավոր հավասարություն:

Ժողովուրդը կարող է գիտենալ, ցեղը միշտ էլ կարող է նաև:

Ժողովուրդը հաշվետես ուղեղ է, ցեղը` սիրտ, որ անհաշիվ կերպով զոհաբերել գիտե:

Միայն ցեղին է տրված «հարյուրեզյան զոհաբորությունը»` ամենամեծը:

Ապրել օրը օրին, թելն ու ասեղը ձեռքին` իր դրությունը կարկատելու գործի վրա` ահա ժողովրդի գորշ առօրյան: Ցեղը կարկատումի քաղաքականություն չգիտե: Միշտ էլ ամբոխանալու հակամետ է ժողովուրդը, ցեղն է, որ միաբան ու լարված կը պահի ժողովուրդի կամքը:

Ցեղը կարող է ժամանակավորապես և պարտվել, բայց պարտվողականություն չգիտե: Նրա մեջ ամեն ինչ նոր է, իսկ նորը հին է` իմաստությամբ շաղախված: Նա գիտե նախատեսել, նախազգալ վտանգը և արհամարել միաժամանակ:

Ժողովուրդը հաճախ տարակույսի և վարանումի կը մատնվի, ցեղը` բնազդորեն գիտե իր կտրելիք ճամփան:

Մինչ ժողովուրդն արդարություն կը խնդրե, ցեղը կը գործադրե այդ:

Ժողովուրդ` հաճախ ասել է կշիռ առանց սրի` իրավունքի անզորույթուն:

Ցեղը սուր է, հաճախ` սուրը առանց կշռի: Ժողովուրդն էլ կը խոստանա, բայց քիչ բան կու տա, երբ եղաշունչ չէ:

Ցեղին, միայն ցեղին է տրված ժողովրդի ստրկության ծանր շղթաներն արծվի թևերի վերածելու հոգեբանական արվեստը: Ստրկության մեջ իսկ նա չի կորցնում իր պատմական ճամփան: Անցեղունակ ժողովրդին տրված չէ այդ բնազդական կարողությունը:

Ժողովուրդը հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը` հերոսական:

Ժողովուրդն ավելի մեռելներ է տալիս, ցեղը` դյուցազններ:

Մեկը սիրում է քարշ գալ ծանոթ ճամփաներում, մյուսը` դժվարակոխ ուղիներ է փնտրում: 

Ժողովուրդն այն վախկոտն է, որին ուզեցին գործի ուղարկել, և առակեց նա. «Դուրսն առյուծ կա»:

Ցեղն իրենից դուրս առյուծ չի ճանաչում:

Ցեղն է մեր ապավենը:



Աղբյուր: http://www.facebook.com/notes/cegakron/cege-ev-zogovurde/173927639310344 Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (24-Հունվ-2011) Դիտումներ: 1074 | Պիտակներ: հայրենասիրություն, Ցեղակրոն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]