// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Ցեղակրօն

Մարդս իր խոսքի մեջ դրսևորում է
իր հոգու բովանդակությունը:

    Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը: Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է: Մեկին մտերմորեն ճանաչելու համար, հարկավոր է լսել նրա խոսքը, անշուշտ երբ որ չի կեղծում:
    Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը: Երբ որ դա գործածվում է որպես քող մտածումների համար, եթե դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում քան բարոյականության, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբությանց եւ սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, և այդ ամենի պատճառով՝ տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականության:
    Երբ մի ժողովրդի մեջ - ինչպես մեզանում - որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբություն, և՛  սկզբունք, և՛ Հայրենիք, առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ մի ժողովրդի մեջ խոսքը ավելի գրգռում է, պառակտում, բաժանում, երբ դա կորցնում է լույսն ու ջերմությունը - դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած՝ իր խոսքի հետ:
    Այսպիսին է, չնչին բացառությամբ, գաղութահայ խոսքն այսօր:
    Հետևա՞նքը: - Հավասար չափով՝ կեղծիքի ահավորություն և ճշմարտության թշվառություն մեր կյանքում: Չարության թույն, կատաղության լորձունք և քացախ - ահա՛ թէ ի՞նչ են գործածում որոշ գրիչներ ու գրչակներ: էլ ոչինչ է մնացել մեր գռեհկացած իրականութեան մեջ, որ հայհոյված չլիներ:
    Պոռոտ, տգէտ ու չար ճառատողներ!
    Կարծեք, պետք է հայհոյել համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անվանարկել: Կարծեք, անհրաժեշտ է դաստիարակելու համար խոսքը լինի բարձր և հայհոյալից, որ կարողանան ընթերցողին խաբել, թե իրենք արդար են, ուժեղ, հեղինակավոր: Այնպէս են խոսում և գրում մեր գաղութներում, որ կարծեք իրենք են տերը աշխարհի ողջ իմաստության և միակ տերը Հայաստանի, զոր շատ-շատերը գուցե և չեն էլ ճանաչում, նույնիսկ քարտեզի վրա:
- <<Ես էլ աքացի տւի նրան, առիւծին: Թող աւանակի սմբակի ոյժն էլ զգայ !?...≫:
     Այս է շատերի խոսքի իմաստը ու շեշտը՝ իրենց հակառակորդների մասին: Կատաղի՜ գրչամարտ: Գրում են, անձանձիր գրում, մրոտում անվերջ իրենց հակառակորդների մասին, առանց կարդացվելու նրանց կողմից, բայց և այնպես ոչ ոք է հուսահատվում:
    Տոլստոյի երրորդ որդին սկսել էր մամուլի մեջ քննադատել տոլստոյականությունը: Հայրը՝ դժգոհ որդու արարքից, գանգատվում է իր մի բարեկամին.
- Կատարվեց, ինչ-որ պիտ կատարվեր: Լսեցի որդուս գրածների մասին և չկարողացա չկիտել հոնքերս: Աակայն, մի բան ուրախացնում է ինձ: Վեճը վարելու համար որդիս ստիպված պիտ լինի կարդալու իմ որոշ աշխատությունները և խորհրդածելու նրանց մասին: Այդ ինձ հուսադրում է, թե մի օր նա էլ կհասկանա ինձ...
    Հայ գրիչ շարժողներն ունի՞ն այդ հույսը, թե իրենց հակառակորդները մի օր կհասկանան իրենց: Իհարկե՝ ոչ: Հասկանալու համար պետք է կարդալ հակառակորդի գրածները, մի բան, որ մեզանում չի արվում, իսկ չի արվում, որովհետև ծաղրով, հայհոյանքներով խնկված հոդվածները գուցե  և  հաճույքով գրվում են, բայց ոչ կարդացվում:
    Ընկած է հայ տպագրական խոսքը, որից ամեն մեկն օգտվում է իր ցանկությանց համաձայն: Օրվա հայ խոսքը - երբեմն՝ մերկ սուսեր, երբեմն՝ բութ տապար, և միշտ էլ՝ անբարոյավետ: 
    Բանակռվողներին ցավագնորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն, արդարախոհություն: Ընդդիմախոսողի մեջ ոչ ոք է ազնվություն ու շիտակություն տեսնում: Անխնա են, որպիսին չէին և  վաղը չեն լինելու թուրքի հանդեպ:

* * *

«Պտույտի ժամանակ հանդիպակաց բլուրի վրա նշմարեցի մի հրեշային պատկեր: Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ դա մարդ է: Հասնելով նրան՝ տեսա, որ դա իմ եղբայրներից մեկն»...
Որքա՜ն հարուստ հոգեբանություն եւ գեղեցկություն, եվրոպացի քարոզչի այդ անպաճույճ օրինակի մեջ: Դադարում է մարդկանց միջև գոյություն ունեցող սառնությունը, երբ նրանք հաճախ են հանդիպում իրար: Տարակարծությունները տեղի են տալիս հասկացողության: Մեր կասկածը, հակակրանքը, թշնամանքը շարունակում են աճել, երբ դեռ հեռու են իրենց առարկայից: Ընդհակառակը, մեր այդ զգացումները ամեն անգամ աստիճանական շոգիացումներ են կրում, երբ մոտենում են իրենց առարկային:
«Իմ կարծածը չէ այդ պարոնը»,- հաճախ ասում ենք այն մարդկանց մասին, որոնցից անիմաստնաբար խուսափել էինք, որոնց թյուրիմացաբար չար էինք համարել: Իսկ մեզանում - Աստւա՜ծ իմ - մեր իրականությունն ավելի զարհուրելի է, քան երկու ցեղերի միջև բորբոքված պատերազմը: Պատերազմող կողմերի համար գոյություն ունին զինադադարը, հաշտությունը, իսկ մեր կյանքում՝ անվերջ իրարակերություն: Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրա, որովհետև սովոր ենք ծունկի գալ արտաքին թշնամու առաջ: Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանութեամբ ներում ենք արտաքին թշնամիներին:
   «Ամենօր տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, հանուն իրենց կուսակցության, կատարում են այն, որ չէին կատարի իրենց համար, եթե դրանով վտանգելու լինեյին իրենց կյանքն իսկ»:  Ատելությունն ու ոխը, բոլորին, գրեթե բոլորին դարձրել են կրքից կուրացած և աչառու: Քչերն են այլևս խտիր դնում միջոցների մեջ, և ոչ ոք է ուզում հասկանալ, թե կրքոտ վեճերի ժամանակ ի սպառ մոռացվում է ճշմարտությունը, որ հայկական վեճը ընդհանրապես թշնամացնում է և ոչ թե համոզում:
    Հետեւա՞նքը: Կատարեալ բաբելոնյան աշտարակաշինություն, երբ այլևս մարդիկ իրար չեն հասկանում:
    Հետեւա՞նքը: Բարոյական մի մեծ դժբախտություն: 
    Հասկանանք, սակայն, որ դրանք դեռ դժբախտության ծաղիկներն են, պտուղները կվայելենք վաղը, մոտիկ ապագայում, երբ մեր երկրի գլխին կպայթի թրքական վտանգը, երբ կարիք կզգանք միակամ, կուռ եւ միաիդեալ ժողովրդի:

* * *

   Խոսքը միաժամանակ մեր բարոյական պատկերն է. Հասկանանք այդ: Ծնունդը մտքի՝ նա իր հերթին ազդում է մեր մտածումների վրա: Օրինակ՝ չի կարելի ծաղրել սրբությունը և շարունակել երկյուղած լինել նրա նկատմամբ: Չի կարելի քամահրել մեկին և շարունակել հարգալից լինել դեպ նրա անձը:
   Մեր արտաբերած ամեն մի խոսք, ուրիշներից ավելի մեզ է ազդում: Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ: Ինչպես և չի կարելի անբարոյական, բայց և սրբախոս լինել: Գռեհկաբանելով, մարդս խրախուսում է և սնուցանում իր ստոր մտածումները՝ ուժեղացնելով նրանց: Խուսափիր վայրաբանությունից: Ազնվացրու լեզուդ, խոսքդ, իսկ այդ անելու համար, նախ ազնվացրո'ւ մտավոր կյանքդ: Թույլ մի՛ տուր, որ «անկոչ հյուրերը» տեղ գրավեն ուղեղիդ մեջ:
    Մտածումների խստաբարոյություն, - ահա՛ թե ինչ պիտ լինի քո մտավոր կյանքը: Եղա՞ր այդպիսին - դու կլինես վսեմախոհ, ուժեղ և գրավիչ: Եղիր ճշմարտության քարոզիչը, առավել՝ ճշմարտության ուսուցիչը մեր կյանքում: Երկու դեպքում էլ՝ եղիր առաքյալ և ոչ անաղ ու անհամ դպիր: Երկու դեպքում էլ՝ վսեմաբան: Քարոզիչը բազմություններ է փնտրում և նրանց ուղղում իր խոսքը: Ուսուցիչը՝ քչերին: Առաջինին՝ զանգվածն է պետք, երկրորդին՝ աշակերտողներ, հետեևորդներ: Ավելի՝ ուսուցի՛չ: Կեղծիքը զինաթափելուց հետո, եղի՛ր կարեկցող և ոչ դատավոր. կարեկցող ուսուցիչ և  ոչ անսիրտ մերկացնող: Այդպիսի՛ն եղիր, որովհետև գրեթե անանձնական սխալանքների և հավաքական թերությունների արդյունք է մեր ժողովրդի ապրած անլուր աղետը: Ավելի բարվոք վիճակ չեն ունենում չկատարված պարտականության կնիքը իրենց ճակատին կրող ժողովուրդները: Քո ժողովուրդի մի մասը միայն որպես Հայ և մարդ կատարեց իր պարտականությունը և այսօր հավասարապես կտառապի՝ մյուս մասի տկարության և անպարտաճանաչության երեսից:
     Մոտեցի՛ր բոլորին, բոլորի՛ն ուղղիր խոսքդ սիրո և համերաշխության: Եվ եթե քեզ հարցրին, թե ի՞նչ պետք է անել, որ այսուհետև մեր ժողովուրդը հեռու մնա նորանոր աղետներից - պատասխանիր անմահ Դեմոսթենեսի խոսքերով՝ «ոչի՜նչ այն ամենից, ինչ որ անում էք»:
    Երևա՛ բոլորին, կանչի՛ր, հորդորի՛ր բոլորին, որպես անհանգիստ հոգին վիրավոր Հայրենիքիդ: Եվ թող գիտնան բոլորը, որ քեզ զբաղեցնողը ցեղիդ գոյությունն է, որ
վտանգված է:
    Ասա՛ ամեն մեկին, մե՛կ էլ, հազար անգամ կրկնիր բոլորին, մինչև որ հասկանան ու հարազատեն Ռընանի խոսքերի վսեմ իմաստը. «Հոգևոր եղբայրներ են մի ժողովրդի անդամները: Եվ որպեսզի համերաշխություն տիրի եղբայրների միջև, անհրաժեշտ է, որ ամեն մեկը որոշ բաներ մոռացության տա և մտահոգվի միայն ամենաէականով»:
    Դարձի՛ր - ժամանակի պահանջն է դա - դարձի՛ր կենդանի արձագանքը ճակատագրի մարգարեի, որ վաղուց է քարոզում. «ժողովուրդնե՜ր, պատրաստվեցե՛ք արյան օրվա համար: Պատրաստվեցե՛ք երկոտասան ժամվա համար: Ձիթենու յուղի փոխարեն պատրաստեցե՛ք արյուն և արցունք...»:
     Պատրա՞ստ ես դու, հա՛յ ժողովուրդ:

* * *

    Ես արդեն լսում եմ քո ձայնը, Հա՛յ երիտասարդ, քո խոսքը, որ ազդում է որպես ջահել գինի: Ոգևորության հեղեղ են առաջացնում քո հայրենապաշտ շրթունքները: Անցնում ես, որպես կենդանի մագնիս, որ անդիմադրելիորեն դեպ իրեն է ձգում իր անցած ճամբաների ցանցնված երկաթի փշրանքները - հոգիները: Դու դառնում ես այն հրաբերան պերճախոսը, որ, դասական ժողովուրդների պատկերացմամբ, իր շրթունքներից դուրս եկած ոսկե շղթաներով իր հետևից քաշ կտար ունկնդիր բազմությունները:
Դու այդպիսին պիտ լինես, քանզի միտքն ու սիրտը թև ու թռիչք են առնում, երբ վեհ է իրենց առարկան, քանզի չի կարելի ողջ էությամբ նվիրված լինել մի վսեմ առաքելության - և չդառնալ ոսկեբերան:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ


Կարգ: Ցեղակրօն | Ավելացրել է: ANI (03-Մրտ-2011) Դիտումներ: 1490 | Պիտակներ: ժողովուրդ, հայրենասիրություն, փիլիսոփայություն, խոսք, Ցեղակրոն, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]