// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Նոր տարի - Կաղանդ
(ավանդական տոնի տոնածիսական համալիրը)


«Նոր տարի» հասկացությունն ազգագրության մեջ  հուշում և բնորոշում է ոչ այնքան որոշակի ամսաթիվ, որքան տոմարական ծեսերի, արարողությունների համալիր, որ ուղեկցում է  տիեզերական և տնտեսական փուլի ավարտին և անցմանը հաջորդ փուլ: Թե որ օրը կընտրվի իբրև տարեշրջանի հաշվառման սկզբնակետ, կախված է տվյալ մշակույթի առանձնահատկութուններից , տեղանքի կլիմայական պայմաններից, պատմականորեն ձևավորված տոմարի ճշգրտությունից: Այժմ հայերի տարեմուտի հանդիսությունները կապված են հունվարի մեկի և հունվարի վեցի տոների հետ: Հունվարմեկյան քրիստոնեական տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Մինչ այդ, տարբեր ժողովուրդներ ունեցել են գարնանային, ամառային, աշնանային, ինչպես նաև լուսնային շարժական նոր տարի:

Ամանորի տոնածիսական համալիրը
 
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայոց մեջ այնտեղ, որտեղ մեծ շուքով նշվել է հունվարի մեկը` իբրև տարեմուտ, ավելի պասիվ է նշվել հունվարի 6-ի տոնը` Ս.Ծնունդը և հակառակը:Այսինքն, ժողովուրդը,ելնելով որոշակի ավանդույթներից, տարեմուտ է ընկալել մի դեպքում` հունվարի մեկը, մյուս դեպքում` Ս.Ծնունդը`հունվարի 6-ը:Ամանորյա 2 տոները` Կաղանդ-Նոր տարի և Ս.Ծնունդ հայտնությունը, կառուցված են միևնույն ձևով և ընդգրկում են ավանդական հետևյալ ծեսերն ու արարողությունները:
 
Մաքրագործման արարողություններ

Մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ին բերած ջրով լվացվում էր ամբողջ ընտանիքը, որն այդ նպատակով հավաքվում էր թոնրի շուրջը: Մինչև այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը հատուկ են զարգացած հեթանոսության փուլին և հայտնի են բազում ժողովուրդների պատմությունից: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբ, անապական, նախնական վիճակ, որից սկսվում էր նոր տարվա պատմությունը, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ էին կրում: Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին: Համշենում ոչ կծու կերակուր էին ուտում, ոչ էլ «թթու» խոսք ասում միմյանց: Այս սովորությունները կապվում են խոսքի մոգության հետ: Անցումային այդ օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չաիրք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պիտի նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե տանը, թե հասարակական միջավայրում: Թխվում էր թարմ հաց, նույնիսկ եթե տանը կար բավականաչափ հաց: Ինչո՞ւ հենց հաց: Հացը հայերի մոտ պաշտվել է, ի տարբերություն բազմաթիվ այլ ժողովուրդների:Կովկասյան մի շարք ժողովուրդներ (աբազներ, աբխազներ) հաց ասվածը , որպես այդպիսին չունեն: Հացին փոխարինում է обыста կոչվող դոնդողանման զանգվածը: Հավանաբար այստեղից էլ паста բառը:
Ամանորյան տոնածիսական սեղանը բնականաբար տարբերվում էր մերօրյա տոնական սեղանից: Ավանդական Նոր տարին ուտիս օր չէ, այն պաս օր է: Եվ որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին` լոբի, ոսպ, չարազին, քաղցրավենիքներին: Այժմ գրեթե մոռացված է հատիկեղենի նշանակությունը Նոր տարվա սեղանին: Մինչդեռ բոլորովին պատահական չէ հատիկեղենի կիրառումը: Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Այն նման է սաղմի, այն թաղվում է հողում,խորհրդանշորեն մահանում է, ապա կրկին վերակենդանանում` ծիլ տալիս: Հատիկեղենը կամ դրանից պատրաստված կերակուրները առկա են բոլոր տոմարային տոների ծիսաշարում`հարիսան` Նավասարդին, Բարեկենդանին և Ս. Ծննդին` որպես ծիսական կարևորագույն ուտեստ,ձավարով պատրաստված կաթնապուրը` Ծաղկազարդին`որը ժողովուրդն  անվանում էր Կաթնապրի տոն: Ծաղկազարդին կաթնապուրը լցնում էին դաշտերի շուրջը` առատ բերք ստանալու ակնկալիքով: Իսկ Ս.Ծննդի ծիսական հարիսայի հետ պիտի հաղորդակցվեին տան բոլոր անդամները,ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսաըի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի հետ:Ընդ որում`հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան:Ամանորյան սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով հանդերձ, հատկապես Լոռիում:Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը`սաղմն է, էմբիրոնը` կրկին  նորացվող կյանքի և հավերժության գաղափարը: Խեթերը լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին իրենց աչքերը`միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով:Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարի հացը, տարեհացը,որը ևս խորհրդանշական հսկայական հիմքեր ունի:Տարեհացի մեջ դրվում էր «դովլաթը»` գուշակության դրամը: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում՝ տիեզերական, բաժանում էին 12 մասի:Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ «դովլաթը», նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ:Հավատում էին, որ եթե տարեհացը կտրելուց դանակը դեմ առնի կոպեկին,շատ վատ բան է սպասվում եկող տարում: Առատ էին մրգերը`կրկին որպես պտղաբերության և արգասավորության խորհրդանիշ: Քանի որ տարին նոր էր սկսվում,բոլորը ցանկանում էին իմանալ ինչպիսին է լինելու այն իրենց, իրենց ընտանիքի համար: Հենց դրա համար էլ Նոր տարի -Կաղանդը հարուստ է գուշակություններով, հատուկ դրա համար կատարվող ծեսերով և ուտեստով:Ամանորի տոնածիսական համալիրի մեջ կարևորագույն տեղ են զբաղեցրել ասիլիկ-վասիլիկները կամ ուղղակի վասիլները, երբեմն`բասիլները:Սրանք մարդակերպ փոքրիկ  գաթաներ էին, կարող էին ունենալ նաև առարկաների ու կենդանիների տեսք`եզների, քսակի, կովի պտուկների:Վասիլիկները թխվում էին թոնիրներում և ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում: Օր. տան երիտասարդ հարսի կերպարանքով վասիլիկ էին պատրաստում, եթե թխվելիս այն փքվում էր, հավատում էին, որ տանը երեխա կծնվի: Երիտասարդ աղջիկները ևս գուշակություններ էին անում: Կարմիր հինայի և սև ածուխի արանքում ձու էին դնում:Առավոտյան եթե այն կարմրած էր լինում հինայից, հավատում էին, որ տարին լավ է լինելու իրենց համար: Նման գուշակություններն ու ծեսերը աղերսներ ունեն անհիշելի ժամանակների կորած, մոռացված հավատալիքների հետ, որոնք վերապրուկների տեսքով պահպանել ու կատարել է ժողովուրդը` անկախ հեթանոսության կամ քրիստոնեության ժամանակաշրջանի:
Բազում ազգագրական շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմտի քյութակ ` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում:Այն պիտի վառվեր մինչև Ս. Ծնունդ: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում էր կարկուտից:Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը պարտադիր որևէ լույս վառն էին թողում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար: Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում: Հաց ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը:
Հին ժամանակներում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ. տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ծննդյան բոլոր կերակուրները:
Գերանը , որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր Տարեմտի քյոթուկ, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը և կանխեին կորուստը: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար,որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ են ապրում տան նախնիների հոգիները:
Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:

Ամանորյա ծիսական մաղթանքներ

Նախ,այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ,հատկապես` թթխմոր,դրամ,առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում,որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ:Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար:Միմյանց նվերներ էին տալիս,հատկապես մեծերը` փոքրերին: Տանը դուռը երբեք չէր փակվում:
 
Ամանորյա մաղթանքներ

Տունը շեն իլի,
Բարաքյաթ իլի,
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլմիշտ հիշեք
 Շնորհավոր նոր տարի:
 
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրերշատ ունենաք,
Կարմիր օրով,կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Շնորհավոր,ձեր նոր տարին առատ,ուրախ,անկորուստ տարի լինի,բարով հասնեք մեկ էլ էս օրվան,առողջ,երջանիկ լինեք,բոլոր պանդուխտները վերադառնան:
 
Գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Կաղանդի կեսգիշերը գնում էին ջուր բելեու:Աղբյուրի մոտ լվացվում էին ջրով, կորկոտ ու լոբի էին ցանում ջուրը, ջրում թրջում էին Կաղանդի հացը, անպայման ջուր էին տանում տուն:Ընդ որում տուն էին գնում առանց հետ շրջվելու: վանում հունվարի 1-ի առավոտյան կանայք ու աղջիկները ծիսական հացեղենը տանում էին աղբյուրի մոտ և թրջում ջրում, ապա հացի կտորները պահում էին ամբողջ տարվա ընթացքում: Ջուր բերելու ծեսն անհերքելի ապացույց է այն բանի, որ Կաղանդը  և Ս. Ծնունդը հնագույն արևադարձի տոներ են:Ջուր բերելու ամանորյա ծեսեր կան նաև այլ հին ժողովուրդների մոտ:

Ամանորի տոնածառը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ:Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում:Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը,այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս,հետ բերում տուն և ամրացնում գերանինՏոնածառի խաղալիքները հասկերից ,ընկույզներից /թվով`յոթ/պատրաստված զարդարանքներ էին,որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:
Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:
Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված:Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:

Ծիսական այցելություններ

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել:Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ,ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր,հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն,ընդեղեն,չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է այդ տղամարդու կինը դառնալ եւ նրա համար զավակներ ունենալ: Իսկ ի պատասխան աղջիկների փոխադարձ սիրո` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը:
Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն, թե տնեցիները,թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդությունները անպակաս կլինեին:Տարվա առաջին օրը, լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, որտեղ պիտի դիպչեր արև առաջին շողը: Կամ կարմիր շոր էր փռում տան շեմի դիմաց, քանի որ տան շեմը համարվել է այն ջրբաժանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Մեղրով խաչ էին նկարում նաև գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողոթւյունները կապված են տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ: Ջավախքում տանտիկինը հարսների հետ Տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք, ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»:Ամանորի առաջին որը սկզբում այցելում էին տոհմի մեծերին,ծնողներին,խնամիներին,քավորին,հարևաններին,գյուղապետին, քահանային:Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում,առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

Ծիսական սովորություններ

Նոր տարին պետք էր նոր հացով սկսել:
Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի անմեղ աղջնակ շաղում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:
Ջուր կաղանդելու սովորույթ
«Կաղնդել» նշանակում է կախարդել, կամ բաշխել, նվեր տալ: Այսինքն  երբ գնում էին Ջուր կաղնդելու` ջրի մեջ հատիկներ ու քաղցրավենիք էին լցնում, զոհաբերում այլ կերպ ասած, որ տարին առատ ու բարի լինի:
Կեսգիշերին երիտասարդները գնում էին ջրի,իսկ տարեց կանայք ջրի մեջ հատիկներ ու հացի,խմորեղենի կտորներ էին գցում,այնուհետև`հմայական,շնորհավորական խոսքեր ասում`կաղնդում էին ջուրը:Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ,որպեսզի հացը առատ լիներ, իսկ Հացի հոր կոչվող կլոր,ծակ թխվածքը կախում էին տան պատից:
Գիշերը թրջած խոտը, ինչպես նաև տան կենդանիների,երկրագործական գործիքների պատկերներով թխված հացիկները կաղանդած ջրում առավոտյան թրջելուց հետո ուտեցնում էին կենդանիներին:Ուտեցնելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով:
Բացի այդ, Ամանորին Հայաստանում ընդունված էր շնորհավորել անգամ անշունչ առարկաներին:Շնորհավորում էին նաև տան ոգիներին, ասելով`Ովքեր չեն երևում, շնորհավոր նոր տարին։
Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (17-Փետր-2012) Դիտումներ: 3023 | Պիտակներ: Տարեմուտ, Նոր տարի, Սուրբ ծնունդ, կաղանդ, ամանոր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]