// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ


ՏՈՄԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Թամար Հայրապետյան

Հայ ժողովրդի տոմարական ու աստղաբաշխական գիտելիքները, ունենալով պատկառելի հնություն, իրենց արտահայտությունն են գտել թե՛ հայկական դիցաբանական պատկերացումներում և թե՛ բանահյուսական կենցաղում՝ մասնավորապես հրաշապատում հեքիաթներում: «Օց-Մանուկին հաքյաթը», «Որսորդ Հայրապետ», «Արտուճ և խաղաղ թագավոր», «Չոփչի», «Օձվենի ծառ» և մի շարք հեքիաթներում տեղ գտած աստղալից երկնքի օրական պտույտի, կենդանաշրջանի 12 համաստեղությունների ու մարդու մարմնի համապատասխան մասերի, Կենաց ծառի ու աշխարհի հավերժությունը խորհրդանշող չորս տարրերի (օդ, ջուր, հող, կրակ) փոխառնչությունների վերաբերյալ մոտիվները համապատասխանում են նաև միջնադարյան ձեռագրերի՝ աստղաբաշխական հաշիվների վրա հիմնված հմայական - գուշակողական տվյալներին: Երկնոլորտում աստղերի բաժանումն ըստ համաստեղությունների կատարվել է շատ հին դարերում, քանի որ դրանցով է անցնում Արեգակի տեսանելի ուղին: VII դարի հեղինակ Անանիա Շիրակացու հիմնավորմամբ՝ համաստեղություններով են անցնում Արեգակի, Լուսնի ու մոլորակների ճանապարհները, դրանցով են պայմանավորվում գիշերվա ու ցերեկվա տևողությունները, տարվա եղանակները:
Բանահյուսական կենցաղում ժամանակը ալեհեր ծերունու կերպարանքով իշխում է ցերեկվա լույսի և գիշերվա խավարի կանոնավոր ընթացքի վրա, ինչն իր արտահայտությունն է գտել Ա. Աարնեի և Ս. Թոմփսոնի հեքիաթային տիպերի միջազգային համացույցի թվահամարին համապատասխանող հայկական «Պստիկ Միրզան և դև Գորգոչան», «Կրակոտ Ոսպ», «Զվալ աստղ և Նռանհատ ու Օսկեծամ» հեքիաթներում:
Այսպես, «Պստիկ Միրզան և դև Գորգոչան» հեքիաթում «հալևոր նստեր դարի գլուխ, սև թելե կծիկ մը ձեռք, կը կծկե, սպիտակ թելե ջոջ կծիկ մ’էլ դրեր կուշտ: Կերթա մոտ կը հարցուցե:– Էդ ինչ կծիկներ են. դու ո՞վ ես:
– Որդի,– կասե,– ես Ժուկն ու Ժամանակն եմ, սև կը կծկեմ գիշեր է, սպիտակ կծկեմ ցերեկ»: «Կրակոտ Ոսպ» (Չարսանճագ), «Զվալ աստղ և Նռանհատ ու Օսկեծամ» (Բաղեշ) հեքիաթներում հերոսների հարցին՝ թե ի՞նչ է կծկում, «ըխտիար բաբան» պատասխանում է նույն կերպ. «Լուսն ու մութ ա, կու կծկեմ» կամ «Գիշերը գիշեր կինիմ, ցորեկը ցորեկ, կծիկը կը թոփիմ լոսնայ»: Հայաստանում օրվա ժամի որոշումը աստղագիտության տարածված կիրառություններից է եղել: Հայերը օրը բաժանել են 12 ցերեկային և 12 գիշերային ժամերի:
Դրանք ունեցել են իրենց հատուկ անունները՝ պայմանավորված այդ պահի լուսավորվածության աստիճանով:
Վերոհիշյալ հեքիաթների ծերունին ոչ մի կերպ չի հանդուրժում իրեն ուղղված թախանձանքը` «Մե քիչ հո՛ւշիկ կծկա, էրթամ էս տեղ, չուրի կրակ առնիմ իգամ», քանի որ չի կարելի խախտել աշխարհի տարածաժամանակային ամբողջությունը. «Չըլլիր,այ որդի, հայվնները, թռչունները, մարդիկ խորթլանմիշ կըլլին, տի կծկիմ»:
Գիշերվա և ցերեկվա, ինչպես նաև նախնական պատկերացումներով պայմանավորված երկու հիմնական եղանակների (գարնանա - ամառային և աշնանա - ձմեռային) հարաբերակցությունն իբրև վերածնունդ և մահ դիցաբանման է ենթարկվել թե՛ հայկական միջնադարյան ձեռագրերում և թե՛ հրաշապատում հեքիաթներում. «Որսորդ Հայրապետ» (Չարսանճագ) հեքիաթում Մասիսի պես մի բարձր լեռան ստորոտում մի ծերունի «պոռուն դրեր է բերնին, կը փչե, հա կը փչե. երկինք՝ գետին էդոր փչելուն կը թողան. աշխարք բուք ու քամի դառուցեր է»: Որսորդ Հայրապետը գավազանով հարվածում է ծերունուն. «Էաս ծերունին պոռուն ցգելուն պես, աշխարք էղավ արև, տաք, քամին կըյրվավ. հավան աղկեկ»: Նույն Չարսանճագի բարբառով գրառված «Գորտ» հեքիաթում հերոսը «գիշեր - ցորեկ կերթա ու կերթա», «գնըց մտավ մութ աշխարքը», ուր «վեց ամիս պիր տյուզիյե (միաժամանակ) գիշեր է, վեց ամիս պիր տյուզիյե ցորեկ»: Հայտնի է, որ «Երկիրը մեկ հյուսիսային կիսագնդով է թեքված լինում դեպի Արեգակը, մեկ (վեց ամիս հետո) հարավային կիսագնդով: Այստեղից էլ փոփոխվում ենգիշերվա և ցերեկվա տևողությունները, ինչպես նաև առաջանում են տարվա եղանակները»: «Գորտ» հեքիաթի տղան անհանգիստ էր. «Էաս գիշեր ի՞նչ շատ էրկեան եղավ,կըսեր, չէր գիտեր օ վեց ամիս գիշեր է»: «Ընդ որում, եթե հարավային կիսագնդում լինում է ամառ, ապա հյուսիսայինում լինում է ձմեռ և հակառակը»: Տղայի հարցին, թե ինչու իր տան դռները հակառակ են բացված («մեկը մեկ թարաֆ ես բացեր, մեկը մեկ թարաֆ») ի պատասխան՝ հեքիաթի հալիվորը մեկնաբանում է տարվա տաք ու սառը եղանակների փոխհաջորդականությամբ. «Ըսի ամրան տեղ է, ամառը հոս կը պարկիմ,սէրին է: Ձմեռն էալ հոս կը պարկիմ»:
Հայ ժողովրդական հեքիաթներում առկա են մի շարք աստղաբաշխական տեղեկություններ, որոնք համախոս են հնագիտական պեղումների արդյունքներին և որոնց տրված է որոշակի կողմնորոշում՝ դեպի հարավ: Սակայն, ինչպես իր ժամանակին բոլոր հին ժողովուրդները, այնպես էլ մեր նախնիները դեռևս ճշգրիտ պատկերացում չունեին, թե լուսատուները մայր մտնելուց հետո որտեղ են «թաքնվում». ենթադրվում էր, որ մտնում են սարերի ետևը կամ ընկղմվում ջրերի մեջ: Արևի երթուղու այս ըմբռնումն առկա է «Օձեմանուկ, Արևմանուկ», «Արևի հեքիաթը», «Օց-Մանուկին հաքյաթը», «Արտուճ և խաղաղ թագավոր» ու այլ հրաշապատում դիպաշարերում.
« – Ինչպե՞ս կը խաղա արևը մեարը մտած ժամանակ, էրկու սահաթեն ետև արևըո՞ւր կերթա:
– Արևը կը մննա ղաֆեսը (վանդակ), ղաֆեսին տյուման (ղեկ) կա, կօլրվի, տյումանն էալ հետը կօլրվի:
Աղջիկը ըսըց.– Չիմ հավատար:
– Իրիկուն քիզի կը սալխցնեմ (լուր կտամ), ըսըց տղան»:
Վերոհիշյալ «Արտուճ և խաղաղ թագավոր» հեքիաթի հերոսը ցուցում է նաև երկնքի այն տեղը (Ծիր կաթին), որը համաշխարհային ջրհեղեղի առասպելի համաձայն՝պատռվել է ժամանակին և ջրհեղեղի ջրերը տեղացել են երկրի վրա. «Երկինքը պառած տեղը հայեավ, քարսուն օր քարսուն գիշեր արզև կուգար:
– Ըդ կարը տեսա՞ր,– ըսըց տղան, ըս կարը կօլրվի կուգա... (լեռան անոն) վրան, կլոսնայ»:
Հայկական հրաշապատում հեքիաթներում Արևի ծագման տեղի մասին մոտիվները համապատասխանում են Աարնե - Թոմփսոն համացույցի «Ժողովրդական հեքիաթների տիպերի» AT 461 A թվահամարին: Չոփչին խարդախ «բեզրգյանի» հետ գրազ է գալիս Արևի՝ արևմուտքից ծագելու հնարավորության վերաբերյալ: Հեքիաթի հերոսները երկուստեք համոզված են գրազի անհեթեթության մեջ, հետևաբար, չոփչին հաղթող է դուրս գալիս ոչ թե տիեզերական կարգուկանոնի խախտման ու արևի շրջապտույտի կամայական փոփոխության, այլ առասպելական ժամանակը մարմնավորող հալիվորի կամ Աստծո օգնությամբ. «Որ կգա մարջ գալու, դու կասես՝ արևը ո՞րդիան ա դուս գալի, նա կասի՝ արևելքիցը, դու ասա՝ արևմտիցը, վախենաս ո՛չ:– Ասեց հալիվորը ու համփարցվեց » («Չոփչի» - Այրարատ): Այրարատից գրառված մեկ այլ նույնանուն հեքիաթում չոփչուն սատարում է Աստված. «Որ մարջ էկար, էն վախտը ես արևը քու ասած դհիցը կհանեմ: Մարջը կտանես, մալ ու դովլաթդ էլ եդ կգա քու ձեռը»:
Արճեշի բարբառով գրառված «Անձը պողպատ» (Ճան Փօլատ) հեքիաթում առկա են ձիերի միջոցով արևակառքի տեղափոխման մասին պատկերացումների վերապրուկներ: Հրեղեն ձին թագավորի փոքր որդուն սաստում է, որ Արևին մոտենալիս թաքնվի իր փորի տակ. «Խողածին, ինչի ձիկ կը խեծնիս. ես կելնիմ վի, կուտամ քե հառջև արեգական. կը վառիմ: Ինչ էն գախ կը բարձրնա արևի մոտ, դու սրջվի ձիու փորի տակ»:
Հայկական հրաշապատում հեքիաթներում Արևը բոցեղեն, ոսկեհեր պատանի է, որին անհնար է մոտենալ առանց մոխրանալու. «Ախճի, հոր ը՞ս եկալ, արեգակը էս սհաթ վըեր կըկյա, քյեզ խանձող շինի», «Դու տղիս չես կարա խոսի, նա քեզ կվառի» կամ «Հիմա որդիս կուգա՝ չըլլի թե էրվիս» (Արևի էներգիայի մասին առասպելաբանական պատկերացումները հմմտ. արդի աստղագիտական տվյալների հետ):
Հայոց մեջ գերագույն դյուցազնի՝ Հայկի անունով է կոչվել Հրատ (լատ. Մարս, հուն.Արես) մոլորակը, ինչպես նաև Արեգակի ամենապայծառ աստղատունը՝ Օրիոն համաստեղությունը «արեգակնային ամիսների բաժանմամբ, շարժական ու անշարժ տարիների միաբանությամբ, ինչը օտարների մեջ կոչվում է Շնիկի, իսկ մեզանում՝ Շրջան Հայկին»: Մատենագրական ամենավաղ վկայությամբ հայոց աստվածացած նախնիներից ևս մեկի՝ Վահագնի անվան հետ է կապված «Ծիր կաթին» կամ «Հարդագողի ճանապարհ» կոչված աստղաբույլը, ինչը գիտական շրջանակներում իբրև կենաց ծառ համադրվում է հրաշապատում հեքիաթների ոսկեպտուղ - խնձորենուն:
Հայոց տոմարական հաշիվներում կենդանակերպերից ու բնության ստեղծագործ չորս ուժերից բացի հատուկ տեղ է գրավում նաև Կենաց ծառը (Տիեզերական ծառի մի տարբերակը)՝ իբրև տիեզերքն ու ժամանակը բովանդակավորող ամբողջություն. «Հազարան բլբուլ կամ Ալո - Դինոյի նաղլը» (Այրարատ) հեքիաթում աղքատ հալիվորը խնձոր է խնդրում թագավորի այգեպանից և մերժվելով՝ անիծում է այգին: «Ընչար Հազարան բլբուլը բերեք ո՛չ», այգին ու խնձորենին չի կանաչի,– ասում է հալիվորը: Իսկ բլբուլը բերելը «շատ դժար է», այն գտնվում է «Չաչոնց թագավորի պալատի ծովի դիհում»: Որպեսզի տղան բարձրանա և հասնի բլբուլին, պետք է կարողանա հնազանդեցնել ծովեղեն ձիուն (ջրի տարերքը) և ամբողջ ուժով մտրակի նրան. «Կարա՞ս ինձ մի ընենց ղամշի տաս, որ իրենք հարիր վաթսունըվեց տամարս դողա, ես բանցրանամ ընչար փանջարեն, ձեռդ քցես՝ միհետից ղաֆազը վեր ունես, թե վե չըկալար, էրկուսս էլ վե կընկնենք, կմահանանք»: Մարդու մարմնի մասերի և տարվա բաղադրիչների համապատասխանությունը, ինչը բնորոշ է Կենաց ծառին, վերոհիշյալ հեքիաթում արտահայտվում է ձիու մարմնի մկանների և տարվա օրերի թվի համախոսությամբ: Սա վկայում է հեքիաթում առկա տոմարական հաշիվների հնավանդության մասին, չէ՞ որ ի սկզբանե համաստեղություններն ու մոլորակները պատկերվում էին ոչ թե մարդակերպ, այլ կենդանակերպ (Կենաց ծառի գագաթին թառած թռչունը հմմտ. չորացած խնձորենին հազարան բլբուլի միջոցով կանաչեցնելու և Տիեզերքի կարգուկանոնը վերականգնելու պատկերացումների հետ). «Ա՛ կնիկ, վեր կաց, էթանք մեր հայրենիքը: Մեր թագավորությունը խանգարված ա, սաբաբ՝ էս ղուշը»:
«Քաչլիկի հեքիաթում» (Մուշ - Բուլանըխ) քամեղեն ձին (օդի տարերք) հեծած հերոսը քնում է ծառի տակ, որի վրա բուն կա, բնի մեջ՝ «չորս հատ հավքու ձագ»: Հերոսն արթնանում է ձագերի աղեկտուր ծվծվոցից և սպանում ծառն ի վեր մագլցող վիշապօձին: Մայր հավքն ի նշան երախտագիտության՝ տղային խոստովանում է, որ ինքը Սինամ հավքն է. «Իդա դիմացի բանձր սար կը տեսնա՞ս, էդ լե Սինամա սարն է. էդ սարի վրեն մեկ թաք ծառ կա, էդ ծառի վրեն տարին յոթ խնձոր կը հասնի, ըշտե Անմահական խնձոր օր կըսին՝ էդ է: Մարդ չը կռնա հելնա էդ սար, հողածնի հոտք չը կոխերե զընդրա հող..»:

Առասպելաբանական պատկերացումների համաձայն՝ սարը իրար է կապում Երկինքն ու Երկիրը, բարձր ծառը խորհրդանշում է տարին (12 ամիս), չորս ձագը՝ բնության չորս տարերքը կամ տարվա չորս եղանակները, յոթ խնձորները՝ երկնքի յոթ շերտերը կամ շաբաթվա օրերը, վիշապը՝ մահը: Կենաց ծառի այս ինվարիանտային (անփոփոխ) մոտիվների և տիեզերքի տարածաժամանակային միավորների հարաբերությունը «իրագործվում է ծառի վրա գտնվող թռչունի կամ կենդանու զոհաբերությամբ կամ նրա որևէ մասի (կաթի) օգտագործումով (դարձյալ զոհաբերության գաղափար)».
«Իդա իմ չորս ձգերուց լե մեկ քըզի փեշքեշ, տար մորթե, զմաշկն էրե տիկ, բի՛, օր զիմ կաթ կթիմ մեջ, առնիս տանիս: Լե հմալ տեղ մե տանիս մորթիս, օր ուր ձեն չընկնա իմ ականջ, թե չէ՝ զքըզի կը ձվըռնիմ, կէնիմ կտոր - կտոր»: «Արտուճ և խաղաղ թագավոր» հեքիաթում Կենաց ծառի և տարվա ժամանակային բաղադրիչների հարաբերությունը խմբագրվել է քրիստոնեական գաղափարախոսությամբ: Հեքիաթի տղան տարվա 1ամիսները համեմատում է Քրիստոսի աշակերտների, ավելի վաղ ժամանակներում ընդունված տարվա 3 եղանակները՝ Քրիստոսի և սուրբ Երրորդության հետ:
Հայկին երկնքում դասող մեր նախնիների պատկերացումները՝ մթնոլորտի շերտերի եռահարկ, յոթնահարկ կամ իննահարկ կառուցվածքի մասին իրենց հիմքով նախնական են և հանդիպում են ոչ միայն հայկական ավանդություններում, այլև հրաշապատում հեքիաթներում: Ըստ Ավետիք Ամդեցու՝ Հայկ համաստեղության աստղերի պարի մեջ է մտնում Քերքեզը: Չարսանճագից գրառված «Կրակոտ Ոսպ» հեքիաթում.«քանի հազար տարեկան Չեչել - քերքեզ» թռչունը գլխատված հերոսին կենդանացնելու նպատակով կարողանում է բարձրանալ մինչև երկնքի չորրորդ հարկը: Արևը վառում է նրա գլուխը. «Իննը խաթ է էրկինքը, էլավ մեկ խաթը, արևին մոտեցավ. արևը անցնելուն քիմի գլոխը էարավ. գլոխը կոխեց գինու մեջ, բարսըցավ արևի վրա, իրեք սահաթ արևեն բարսըցավ, ընկավ սառոցը, ցուրտ տեղը, շատ զարմանալի ցուրտ է: Իրեք դասը անցավ. դեորտյունճի (չորրորդ) դասը կայնավ: Աստված հրեշտակը ճանփեց. էկավ տեսավ Չեչել - քերքեզին գլոխը էարած է»:
Մեկ այլ` «Կրակոտ Ոսպ» հեքիաթում տիեզերական եռամիասնությունը (Երկինք, Երկիր, Ստորերկրայք) անհատակ ծով է պատկերացվում, որը «ներքուստ թեպետ հակադիր, բայց իրականում մեկ ամբողջություն է կազմում». «Կրակոտ Ոսպի տունը ծովու մեջտեղն է, տասվերկու ղաթ է, մերմեր քարով. քրեճ խորասանով շինած է, էրդիկ ու դուռ չկա, մի փենճերե կա, ո՞ւր տի էրթս»: Ընդ որում՝ Երկինքը ևս հաճախ ըմբռնվում է իբրև ծով, որը քաոսային ջրերի տարերքի մաս կազմելով, «սահմանափակում է տիեզերքը բոլոր կողմերից... և այդ իմաստով այն համարժեք է ստորին աշխարհին»:
Եվ քանի որ Ստորերկրայքը, հայոց պատկերացումներում նույնական է քաոսին, ուստի այն կարելի է տարանջատել Տիեզերքի՝ իբրև Քաոսին հակադիր ստեղծված միասնության եռամասն կառույցից. «Գնըց հասավ ծովուն քնարը, զարկեց ձինը ծովը, գնըց հասավ սարայը. չորս դին օլրտավ դուռ չկա, էրդիկ չկա, տարվեր հայավ, մի փենճերե կա. տեսավ օ աղջիկը վերի ղաթը մի ճնճղա պար կերևա, տղան պոռաց,– Բռնածդ ինչ է, պարան կապե էջիր: Աղջիկը պարան կապեց, էջավ, տղան հանեց ծովուն քնարը»:
«Արտուճ և խաղաղ թագավոր» (Չարսանճագ) բանաձևային հեքիաթի հիմքում հաստատապես ընկած են Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների տոմարական և աստղաբաշխական գիտելիքները, որտեղ Արևն ու Լուսինը սոսկ բնական տեսարանների վերարտադրություններ չեն, այլ գաղափարների ու գիտելիքների հետ կապված մոտիվներ: Հեքիաթի՝ փորձությունների փուլում հայտնված հերոսին թագավորը սթափության է կոչում.
« – Այ տղա. մեղք ես, աղջինը գլոխդ կը զինե:
- Ես պատասխանը կուտամ,– ըսըց տղան»:
Փորձությունը հաղթահարվում է հարց ու պատասխանի մակարդակում. «Աղջիկը ու տղան նստան օդի մեջ, աղջիկը հարցոց.
- Տղա, ըն ի՞նչ կենդանի է` էռսուն օր կապրի, մե օր կը մեռնի, մեկեալ օր կը սաղնա:
- Էան լուսնիակն է:
- Ըն ինչ մարդ է, իրեք ամիս սուգ է, նե կքնանա, նե կը պարկի, մարդու չերևար:
- Էնի արևն է»:
Թեև Լուսինը նվազ է, քան Արևը, «բայց նրա պաշտամունքը գուցե ավելի հին է ու քաղդեությանը ժամանակակից: Կա Ս. գրքի մեկնիչների կարծիքը, որ մեր ազգի կամ երկրի անունը ըստ օտարների՝ Ար - մենի կամ Ար - միննի, եբրայերեն նշանակում է «լուսնի լեռ», կարծես լեռան վրա՝ հիշատակված դրացի քաղդեացիների նման լուսնի դիտորդներ են եղել»: Այստեղ կարևորն այն չէ, թե որքանով է ճիշտ ստուգաբանված արմեն բառը, այլ այն, որ հայերը Լուսինը դիտելիս են եղել լեռներից: Այսինքն՝ հարևան հնագույն ժողովուրդների պես նշանակվել է հատուկ հերթապահություն՝ նորալուսնի նեղ մանգաղի երևալը ազդարարելու համար (եթե Լուսնի եղջյուրները արևելք են նայում, ապա նոր Լուսին է, իսկ եթե ուղղված են դեպի արևմուտք՝ հին Լուսին է):
«Արտուճ և խաղաղ թագավոր» հեքիաթում հերոսը Երկրի ու աստղերի շարժումները պատկերավոր հիմնավորում է Երկրի պտույտի օրինաչափությամբ.
«Էրկինքն էա՞լ ժաժ կուգա:
– Էանանկ ժաժ կուգա օ աստղերը կը խաղա, ժամանակ կըլլի էրկինքը ջաղցի քարի
պես կը դառնա»:
«Ճուկո և Ճեյրան», «Արտուճ և խաղաղ թագավոր», «Ուսկե խունձուրուն նաղլը» (Մեղրի), «Անմահական խնձոր» (Այրարատ) և այլ հեքիաթներում տոտեմիզմի, տոհմային միավորների ու հասարակական այլ կարևոր պատկերացումների հետ առկա են նաև տոմարագիտական ու աստղագուշական հաշիվների հետքեր՝ կապված Կենաց ծառի, բուսակենդանական աշխարհի չորս տարրերի հետ: Եթե «Քաչլիկի հեքիաթում» հողեղեն տղային սատարում են հուր, ջուր, օդ խորհրդանշող օգնական ձիերը` «Էն սպիտակ ձին՝ ծով է, էն կարմիր՝ հրեղեն, ես՝ քամեղեն», ապա «Որսորդ Հայրապետ» հեքիաթում համանուն հերոսն անիրագործելի թվացող հանձնարարությունները կատարում է մոր և «Կանի կուսույա» լեռան վրա ապրող 40 քեռիների մոտ գտնվող «աստղաբաց թղթի» օգնությամբ. «Որդի՛, շատ դժար տավա է, առ սը գիրքը, հայիր գրքի վրայ, գնը՛. էաս գիրքը օ չտանիս, չես կրնը էրթը»:
«Ճուկո և Ճեյրան» հեքիաթում երեք գուշակ դև քույրեր «ռամ են նետում» և նշանակի միջոցով գուշակում են «տասվերկու տարի ավ ու ղուշ անող արբուն հողուն մեջ» ընկած տղայի՝ Մախպութի ճակատագիրը. «Բերին էրկըթե լուծ մի տնկեցին, գետինը փորեցին, զարկեցին, էրկըթե սամի մ’էալ անցուցին գլոխը:– Տեսեք էաս լուծը նշանակ է. էկըր ինք իրան կորզուավ գետինը՝ տղան մեռած է. էկըր սամին կոյրված է՝ տղան նեղութեան մեջն է, ժմնեցեք, հանեք»:
Մարդու՝ բնության հետ ունեցած աստեղային համադրությունը առարկայացել է ոչ միայն վերոհիշյալ հեքիաթի դիպաշարում, այլև միջնադարյան որոշ ձեռագրերում:
Այդպիսին է, օրինակ, ձեռագրերից մեկի կենտրոնում պատկերված մարդը (գուշակողը), որի մարմնի տարբեր մասերը (գլխից մինչև ոտնաթաթեր) գծերով միացած են տարբեր կենդանակերպերի հետ, որովհետև հնագույն պատկերացումների համաձայն` «երկոտասան աստեղատանցդ» իշխում և տիրում են մարդկանց տասներկու անդամների վրա. «Եւ ամենայն բարուց և բնութեանց կամաց և գործոց՝ բարեաց և չարեաց՝ որ ինչ միանգամ ի մեզ իրք կրին, զաստեղոգ դնեն պատճառ»: Հետևաբար, տվյալ կենդանակերպի տանուտերության շրջանում աստղաբաշխական հաշիվները մարդկանց կարող են պաշտպանել մարմնի համապատասխան մասերի վնասվելուց, հիվանդություններից ու չար ուժերի ազդեցությունից, ինչն էլ փորձում են անել «Ճուկո և Ճեյրան» հեքիաթի «ռամ նետող» գուշակները: Հեքիաթի տղան՝ Մախպութը, սրտից է վիրավորվել: Բուժելու համար անհրաժեշտ է՝ «Սրտեն էարին առնել», իսկ Ղ. Ալիշանի վկայությամբ՝ «Հայկի աստղատան ներքո ծնվածը երկաթից է մեռնում»: Այրարատից գրառված հեքիաթներից մեկում «Աստղ ջոկողը տեհավ, որ երկնքում իրա ընկերների մի աստղը կորել ա, իմացավ, որ նրան մի բան ա պատահել»:
Ակներև է, որ հայ ժողովրդական հեքիաթների հերոսները նկատել են ինչպես Արեգակի, Լուսնի տեսանելի շարժումները, այնպես էլ աստղերի խմբավորումները (Կենդանաշրջանի համաստեղությունները): Աստղերի ճնշող մեծամասնությունը երկնոլորտի վրա պտտվում էր արևելքից արևմուտք, որոշ «աստղեր» էլ մերթ կանգ էին առնում, շարժվում հակառակ ուղղությամբ, գծում արտասովոր օղակներ: Թվում էր` նրանք մոլորվել են իրենց ճանապարհից: Այստեղից էլ` անզեն աչքով դիտվող այդ «աստղերի»մոլորակ անվանումը: Դրանք թվով յոթն էին` Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Արեգակ, Լուսին:

Որոշ հեքիաթներում «ռամչի ախպերը» երազի կամ մատանու խավարած ակի միջոցով է գուշակում, որ «ախպոր հալ նեղ է». «Թե իմ մատանըքի ակը խավարի, կիմանամ, որ ախպերտինքս նեղ տեղն են ընկե, կգամ կհասնեմ» (մատանու շաղափին տվող ակը հմմտ. ցոլացող աստղերի հետ):
Նռանհատի հեքիաթում նույնանուն հերոսը քեռու հետ հյուրընկալվում է ծայրամասում ապրող մի մարդու մոտ, որը հեռադիտակով հետևում է աստղերին. «Կը տեսնան օր տանտեր դուրբին մե դրեր է վըր աչքերուն, աստղեր կիշկե:
Նռանհատ կը հարցու.
– Հորոխպեր, էդ ի՞նչ է հմալ կիշկիս:
– Ես աստղաբախշ իմ, աստղեր կիշկիմ, տեսնամ ո՛ր կը մեռնի, ո՛ր կապրի, ո՛ր տղա յան աղջիկ ո՛ր մե աստղի տակ կը ծնի, ո՛ր իղբլով (բախտ) կէղնի, ո՛ր անիղբալ, ո՛ր -զանգին կէղնի, ո՛ր աղքատ»:
Աստղերի հետ ունեցած առնչությունների հիշողություն պիտի համարել «Սասնա ծռեր» դյուցազնավեպի հերոսներից մեկի` Աստղ Ցոլածնի (Պարոն Աստղիկ) կերպարը, ով իր անվամբ և օդում հանդես գալու գործառույթով «հըմեն երկնուց աստղերուց կը խասկնար, ինչ որ ընցներ, դառներ»:
Մեկ այլ պատումի համաձայն` Վերգոն աստղաբաշխ - գուշակ էր. «Ցռան Վերգո աստղապաշտ էր, աստղեր կը ճանչներ, ըմեն մարթու աստըղ»: Երազների միջոցով արտահայտվող աստղահմայությունը «Սասնա ծռերում», Ս. Հարությունյանի դիտարկմամբ, խորհրդանշում է յուրային և օտար էթնիկական միավորներ (Սասուն/Մսըր), որոնք հակադրված են միմյանց իրենց պայծառության աստիճանով (լուսավոր/խավար): Ահավասիկ Մսրամելիքի մոր երազը կռվից առաջ.

… Ես կես գիշերին երազ մ’տեսա`
Մսրա աստղն մութն խավար էր,
Սասնա աստղն լույսն պայծառ էր103:
Մեկ այլ պատումում տոհմական հատուկ աստղը Դավթի անվան միջոցով ավելի որոշակիորեն է կապվում մեր նախնիների պաշտամունքի հետ.
Ձենով Հովան գիշերվա ժամանակ դուս էլավ.
Ըրըշկից` Դավթի աստղը մժղավիր իր.
Էկավ տուն, ասաց. – Կնի՜կ,
Ճրագ էրա, Դավիթ նեղ տիղն ի:

Հայ մատենագրության մեջ զգալի տեղ գրավող աստղաբաշխական տվյալների համաձայն՝ թագավորական պալատներում աստղագուշակները մեծ հարգանք էին վայելում` կանխատեսելով սպասվելիք պատերազմները, դրանց ելքը, համաճարակները սովը, պետությունների բախտը: Ըստ Եզնիկի` նայած թե որ կենդանին էր աստեղատան իշխողը, ըստ այդմ էլ որոշվում էր ծնվողի ապագան:
«Խեր էղնի» (Տուրուբերան - Մուշ) հեքիաթում Արևմտյան թագավորը Արևելյան թագավորին լուր է ուղարկում, թե` «Յամ մարդըմ կճամբե հ’իգա ընծիկ, աշխըրքի հ’որթալախ ցուցու ու ասե հ’էրկինք քա՞նի աստղ կա, աստված ի՞նչ կէնե յամ` կէլնիմ հ’իգամ ուր վրեն կռիվ»:
Հայ առասպելաբանական հավատալիքների համաձայն` «ամեն մարդ աշխարհ է գալիս մի աստղի տակ», իսկ աստղերն «իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի
լույս են տալիս: Դրանց մի մասը բարի է, մյուսը` չար: Աստղերը նույնպես սիրո կարիք ունեն, ինչը դրսևորվում է հատկապես Համբարձման տոնի չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը: Բախտավոր է այն մարդը, ով բարի աստղի տակ է ծնվում (ասել է թե` աստղով է), անբախտ է` չար աստղի տակ ծնվողը (աստղը թեքված է)»:
«Դերձիկի ախչիկ» (Այրարատ) հեքիաթում աստղաբաշխ աղջիկը գուշակում է, որ տղայի մահը տասն օրվա ընթացքում է գալու, իսկ «Սոյլամազ խանըմի հեքիաթում» պարզելու համար` աղջիկը կենդանի՞ է, թե՞ մեռած, «հ’իրիկվա աստղը ճառագայթելու ժամանակ» աստղապաշտ տղան նայում է երկնքին: «Խըսսիլ չուզուօղ մուօրդը» (Քեսապ) հեքիաթում Գաբրիել հրեշտակը ծերունուն տանում է վերև և բացատրում, որ երկնքի անհամար աստղերը մարդ էակներ են.

« – Խաչեղբայր,– կը հարցնե ծերուկը,– ես ասոնց մեջ կա՞մ:
– Անշուշտ կաս:
– Ես ո՞ր մեկն եմ:
– Ահավասիկ, ատիկա դուն ես:
Ծերուկը կը նայի, որ ճրագին ձեթը շատ պակսած է:
– Խաչեղբա՛յր,– կը՛սե ծերուկը,– կաթիլ մը ձեթ դիր ճրագիս:
– Չէ՜,– կը՛սե Գաբրիել հրեշտակը,– ատոր կրկին ձեթ չի դրվիր: Ահա, այդ ձեթը որ վերջանա` դուն ալ կը վերջանաս»:

Մարդու` բնության հետ ունեցած կապի այս առասպելաբանական անդրադարձման մասին է վկայում ժողովրդական այն հավատալիքը, ըստ որի` «յուրաքանչյուր մարդ մեռնելիս երկնքից ցոլալով վայր է ընկնում նաև նրա աստղը (ցոլացող մետեորիտներ)»:
Հայկական լեռնաշխարհի նախաբնակներին պատկանող տոմարական ու աստղագիտական բնույթի գոտիները, լուսատուների պատկերներով զարդարված տնային օգտագործման առարկաները, աստղաբաշխական բնույթի ժայռապատկերները (Մեծամորի բարձունքում, Սևանի շրջապատում, Վարդենիսի լեռներում), մ. թ. ա. I հազարամյակի կեսերից կատարելագործված լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցները, խավարումների մասին մատենագրական տեղեկությունները վկայում են, որ մեզանում ամենավաղ շրջանում աստղալից երկինքն անվանադրվել է ըստ համաստեղությունների: 
Ֆրանսիացի հայտնի աստղագետ Կ. Ֆլամարիոնի, աստղագիտության պատմության լավագույն գիտակ, անգլիացի գիտնական Վ. Օլկոտի և այլոց (Ա. Բերրի, Վ. Ռոսովսկայա) աշխատություններում բազմաթիվ հիշատակումներ կան Հայկական լեռնաշխարհի ու նրան սահմանակից երկրների բնակիչների աստղաբաշխական գիտելիքների մասին. «Ըստ այլ կարծիքի, որին մինչև այժմ քիչ է ուշադրություն դարձվել, և որը, սակայն, ինձ ավելի հավանական է թվում, առաջին աստղագիտական դիտումներն ու երկնոլորտի առաջին պատկերումը որոնելու համար անհրաժեշտ է բարձրանալ արևելքից (Եգիպտոսից – Թ. Հ.) դեպի միջին լայնությունները»:
Վ. Օլկոտը, հենվելով Մաունդերի ու Սվարցի հնագիտական ուսումնասիրությունների ու ենթադրությունների վրա, եզրակացնում է, որ «աստղաբաշխության տվյալները համապատասխանում են պատմական ու հնագիտական ուսումնասիրություններին այն բանում, որ համաստեղությունների հնագույն ձևերը հորինող մարդիկ, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան մոտակա շրջաններում»:
Եգիպտական ձեռագրերում գրառումներ կան այն մասին, որ նրանք իրենց աստղագիտական տեղեկությունների զգալի մասը վերցրել են քաղդեացիներից և հետագայում փոխանցել հույներին: Միանգամայն իրավացի էր հայ մշակույթի հանրագիտակ Ղ. Ալիշանը, երբ հայկական ու քաղդեական հեթանոսական կրոնների նույնանման փաստերի գոյությունը հիմնավորելիս գրում էր. «Քաղդէից և հին Հայոց երկիրն` գրեթե միջոց չկայ. Կորդուաց լերինքն` հիւսիսային կողմէն Հայոց են, հարաւէն` Քաղդէից…» ինչն էլ վկայում է այդ երկրներում թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ընդհանրությունների մասին:
Աստղալից երկնքի ու մեր նախնիների պաշտամունքի հետ կապված հնագույն հավատալիքները, ըստ էության, առնչվում են չար ու բարի ուժերի մասին մարդկանց ունեցած պատկերացումներին: Պատահական չէ, որ տարբեր ձեռագրերում Կենդանակերպերը կարող են հանդես գալ տարբեր ձևերով: Այսպես` Աղեղնավորը երբեմն պատկերվում է որպես սովորական մարդ` նետն ու աղեղը ձեռքին, բայց նրան հաճախ պատկերում են հակոտնյա եղբայրների ձևով: Աստղաբաշխական և տոմարական հաշիվները հուշում են, որ այս պատկերացումների հիմքում ընկած են գարնանա- ամառային և աշնանա - ձմեռային ցիկլերը կամ բնության մահվան ու վերածննդի գաղափարները: «Կուր թագավորի տղեն» հեքիաթում ծեր թագավորն իր չար կնոջն ու նրա տղային զրկում է ամեն բանից, իսկ հանիրավի հալածված բարի կնոջը մեծարում, որդուն էլ թագավոր նստեցնում` ամուսնացնելով աստղաբաշխի շնորհիվ փրկված բարի աղջկա հետ: Հեքիաթն ավարտվում է չար ու բարի ուժերի մշտական պայքարը խորհրդանշող փիլիսոփայական ընդհանրացումով. «Ինչ էլ կա՞ ըստեղ զարմանալու բան.– Բարին հաղթեց, չարը հաղթվեց: Բայց մի՞թե աշխարքում միշտ ըթենց ա: Հեքիաթներում – հա՛: Իսկ մարդկանց կյանքի մեջ ո՞վ գիտի… Էրնակ չէր ըլիլ, որ մեր կյանքն էլ հեքիաթի նման լիներ, ուր ամեն հետ բարին հաղթում ա, չարը հաղթվում: Էհ, թող բարին համ ընդեղ ըլի, համ ըստեղ, իսկ չարը կորչի, կորչի անդարդ…»:

Ամփոփելով կարող ենք ասել՝
  1. Հայ ժողովրդական հեքիաթներում առկա տոմարական և աստղաբաշխական պատկերացումները պայմանավորված են երկնային մարմինների տեսանելի շարժումների օրինաչափություններով, ժամանակային մեծ ու փոքր բաղադրիչների մոդելավորման և մարդու կենսագործունեության, մասնավորապես երկրագործության վրա դրանց ունեցած ազդեցություններով:
  2.  Աստղային համակարգությունների և մոլորակների մասին պահպանված բանահյուսական, ազգագրական, հնագիտական, մատենագրական տեղեկությունները և ամենավաղ ժամանակներում երկնոլորտն ըստ Կենդանակերպերի ու աստվածացած նախնիների անվանադրելու պատկերացումները վկայում են մեր ժողովրդի տոմարական ու աստղաբաշխական գիտելիքների պատկառելի հնության մասին:


Աղբյուր: http://www.facebook.com/heqiat Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ՄՀԷՐ (15-Հունվ-2012) Դիտումներ: 2869 | Պիտակներ: Սասնա ծռեր, Ատղագիտություն, էպոս, հեքիաթ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]