// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Մշակույթ

Տխուր աչքերով կատակերգուն
 
Իմ երազած կերպարից,
իմ երազած ամբողջական,
կատարյալ կերպարից, որ ես
դեռ չեմ խաղացել, մի մաս,
մի գիծ, մի հատկանիշ կա իմ
խաղացած ամեն մի հերոսի մեջ:

Մհեր Մկրտչյան
   
Այդ ի՞նչ էր տեսել փոքրիկ Մհերի մեջ Վահրամ Փափազյանը, որ ասել էր. «Այս մանչուն հետ մեկը պետք է»: Ավաղ, այդ մշտամնա մեկը չեղավ նրա կյանքում: Դրա փոխարեն նա ունեցավ մեծ ճանաչում, համաժողովրդական սեր: Աշխարհով մեկ շատ է շրջել բացառիկ տաղանդով օժտված այս արտիստը, և ամենուր նրան ընդունել են ու սիրել. հասկացվել է նրա արվեստը:
Լոս Անջելեսի թատրոնի 1600 տեղանոց դահլիճում Պաղտասարի նրա դերակատարումն ապշեցուցիչ տպավորություն է գործել նաև ոչ հայ հանդիսատեսի վրա: «Խելագարության տեսարանից հետո… բեմում մենակ էի ու երեք րոպե մնացի լուռ: Սկզբում նայեցի ժողովրդին, մտորեցի, թե էս ինչ աշխարհ է, աչքերիցս արցունք գնաց, հետո սկսեցի մատներիս հետ խաղալ` երկա՜ր, երկա՜ր: Դահլիճում քար լռություն` լաց եմ լինում` լաց են լինում… Հետո վերջում կամաց ժպտացի` բոլորը թեթև ժպտացին, մի քիչ ավել` և բոլորն աշխուժացան, ու վերջացավ ծափահարություններով: Ներկայացումից հետո, կուլիսներում թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռիչարդ Բելլին մոտեցավ, թարգմանչի միջոցով անգլերեն ասաց. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես հասկացա»: Ես ասացի. «Թարգմանեք, որ ես լռեցի անգլերեն»: Էս հումորն ինքը շատ սիրեց, փաթաթվեց ու ասաց. «Ես էլ հասկացա հայերեն»:
Մեծ արվեստն անթարգմանելի է և թարգմանության կարիք չունի: Թե ինչ զինանոցից, ավելի ճիշտ` շտեմարանից էր օգտվում Մհեր Մկրտչյանը, այդ հարցին սպառիչ պատասխան հազիվ թե գտնվի: Առհասարակ, իսկական արվեստում միշտ գաղտնիք կա, առեղծված, որ վերծանման ենթակա չէ: Մենք կարող ենք միայն մտորել դրա շուրջ` վերլուծելու համար մեր տպավորությունները, գուցե ինքներս մեզ ավելի լավ հասկանալու համար նաև: Փորձելով ըմբռնել Մկրտչյան երևույթը` կարող ենք ասել, որ դրամատիկական արվեստում առկա ու նաև իր գտած կատակերգական և ողբերգական արտահայտչամիջոցներից նա սինթեզում էր բոլորովին նոր, մինչ այդ չտեսնված մի բան: Ու, երևի թե, այդ արվեստի մեծագույն գյուտը հենց նրա բնախոսությունն էր և արտիստական ինքնաճանաչողությունը` սեփական խառնվածքի առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհը: Հավանաբար, դերասանի այդ բնատուր կարողությունը նկատի ուներ բեմի վարպետ Խորեն Աբրահամյանը, երբ ասում էր. «Մհերին` Ֆրունզիկին, կարելի էր անել բաներ, որ, օրինակ, ինձ` չի կարելի»:
Այդուհանդերձ, ինքը` Մկրտչյանը, զարմանալի ինքնաքննադատությամբ ասել է մի առիթով. «Ամեն ինչում շատ կարևորում եմ չափավորությունը: Ես էլ դրա մի լավ օրինակը չեմ, երբեմն ինքս էլ չափավորության մեջ չեմ լինում, բայց շատ լուրջ ուշադրություն եմ դարձնում դրան»:
Թատրոնում իր ուսուցիչ, իր «թագադիր» նա համարում էր Վարդան Աճեմյանին: Կինոյում իր ռեժիսորն էր Հենրիկ Մալյանը: «Մալյանի նման տաղանդավոր ռեժիսորը չարչարվում է` քեզ դնելու մի վիճակի մեջ, որ դու ճիշտ ապրես: Մնացածը ինքդ կանես: Ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Երբեք չի կարելի մտածել դետալ, երբեք չի կարելի մտածել` ուր գնալ… ճիշտ վերապրելն ինքն է քեզ տանում»: Իբրև Մհեր Մկրտչյանի ուսուցիչ կարելի է վկայակոչել նաև Չապլինին, որի հետ ժամանակին համեմատել են հայ արտիստի խաղը: Այն մեծ «փոքր մարդու»` թափառաշրջիկ Չարլիի նման, Մկրտչյանի տրագիկոմիկական դիմակը ծնունդ է առել մարդկային կեցության երկու բևեռներից, որպիսին թախիծը և զավեշտականն են: Նրա ստեղծագործության հիմնական աղբյուրը նորին մեծություն Կյանքն էր, և իր խաղով նա ընդգրկում էր կյանքի բոլոր կողմերը միաժամանակ: Ավելացնենք, որ արտաքուստ պարզ նրա խաղաոճի հետևում ամեն ինչից զատ կային կյանքի խորիմացություն ու փիլիսոփայական հայացք: Նրան անվանում էին նաև «ազգային հետաքրքիր տեսակ, օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին»: Հիրավի մեծ այս դերասանի էքսցենտրիկ, երբեմն` նույնիսկ պաթետիկ խաղաոճը նրա ստեղծած համամարդկային կերպարներին հաղորդում էր ազգային, իսկ որոշ դեպքերում նաև` բանահյուսական հերոսի գծեր:
Երբ մի քանի տարի առաջ Գեորգի Դանելիային հարցրին, թե ինչու այլևս չի նկարահանում այնպիսի ֆիլմ, ինչպես «Միմինոն» է, նա պատասխանեց. «Ո՞նց նկարեմ այդպիսի ֆիլմ` առանց Ֆրունզիկ Մկրտչյանի»: Իսկ «Ունայնություն ունայնությանց» ֆիլմի ռեժիսոր Ալլա Սուրիկովան պատմեց, թե ինչպես ստիպված եղան ծայրից ծայր արտագրել` վերափոխել ֆիլմի սցենարը, այն բանից հետո, երբ Գալինա Պոլսկիխի խաղընկեր ընտրվեց Մհեր Մկրտչյանը: Այո, Մհեր Մկրտչյանի խաղացած բոլոր դերերը, թե՜ հայ, թե՜ խորհրդային մյուս ռեժիսորների ֆիլմերում, կարելի է ասել` գրված, մտածված են հատուկ այս դերասանի համար, ասես միայն նրա հագով կարված հագուստ լինեն: Ինքը` Մկրտչյանը, խիստ կարևորում էր արտիստի ներսում եղած թատրոնը, այն «ներքին թատրոնը», որ, ըստ նրա, պիտի ունենա ամեն մի դերասան, ինչ բեմում էլ որ լինի: Եվ ստեղծագործական մեծագույն բախտավորություն նա համարում էր այն, երբ «հնարավորություններով, նախասիրություններով ու ձգտումներով համընկնում, ներդաշնակում են դերասանի «ներքին» ու «արտաքին» թատրոնները»: Նա ուզում էր, որ բեմ դուրս գան «սեփական թատրոն ունեցող դերասանները»: Մհեր Մկրտչյանի այս մոտեցումը, ավելի ճիշտ, այդ մոտեցման արտահայտությունը հիացումով նկատել է մեր բեմի մի ուրիշ խոշոր անհատականություն` Խորեն Աբրահամյանը, նշելով դա իբրև իր խաղընկերոջ ոճի առանձնահատկություն: Հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմեց. «Մի անգամ ներկայացումից առաջ կուլիսներում ինչ-որ բան էր տեղի ունեցել, ու դրանից հետո Ֆրունզիկը բեմ դուրս եկավ` Պաղտասար խաղալու: Հետնաբեմից ես նայում էի, թե ինչպես էր նա խաղում երեք ներկայացում միաժամանակ: Մեկը` կուլիսներում գտնվողների համար, մեկը` հանդիսատեսի և մեկն էլ իր համար…»:
Բնական է, որ այդչափ ընդգծված դերասանական անհատականություն ունեցող արտիստը պիտի բախում ունենար «սովորեցնող» ռեժիսորների` այն տեսակ ռեժիսորների հետ, «ովքեր միշտ մտածում, իրենց պահում են այնպես, որ դերասանն առնվազն… գործիք է»: Նա սիրում էր աշխատել «դերասան սիրող» ռեժիսորների հետ, որոնք զգում են այդ «մեխանիզմի նրբությունը»: Միանգամայն հասկանալի է, թե ինչու 1992թ. բացված նրա թատրոնը կոչվեց «Արտիստական»: Ափսոս, որ մեծ արտիստն այն ղեկավարեց մեկ տարուց քիչ ավելի` Նոր տարվա շեմին, 1993թ. դեկտեմբերի 31-ին կնքելով մահկանացուն:
Երբ մտապատկերով անց ես կացնում Մհեր Մկրտչյանի ստեղծած կերպարների դիմասրահը, ակնհայտ է դառնում, որ դրանցում առաջնայինը նրա ինքնությունն է, անկրկնելի անհատականությունը: Պատահական չէ, որ վախթանգովյան դպրոցի ականավոր դերասան Ռոլան Բիկովն ասել է. «Նրա խաղացած և հետագայում խաղացվելիք դերերից ամենագերողը հենց իր` Ֆրունզիկ Մկրտչյանի դերն է»:
Ինքը նույնպես ինտուիտիվ գիտակցում էր դա` խոստովանելով, որ «ամեն մի դերասան ձգտում է մի կերպարի, մի առավել ամբողջական ու արտահայտիչ կերպարի, այն կերպարին, որ ամբողջացնում է իր թեման, խորացնում, իմաստավորում… Սարսափելի հեշտ է տարբեր դերեր խաղալը, ամենադժվար ճանապարհն է, որ կարողանաս թեմադ շարունակել, կրկնությունների մեջ կարողանաս թողնել նոր կերպար, և խորքում, արդյունքում հանդիսատեսին մնա քո թեման, մարդը, քո միջի մարդը»: Ո՞վ էր այդ մարդը, ո՞րն էր նրա թեման: Այդ մարդը մեծ և փոքր էր, միաժամանակ, իսկ նրա թեման` խորապես մարդկայինն էր, լինի ուստա Մկրտիչը, որ հնարել էր իր «գասպարալողի» առասպելը, որպեսզի կոտորածից փախուստի մեջ «քիչ մը սիրուն բան էղներ» («Եռանկյունին»), օրենքի պահապան միլիցիոներին իր անպարտելի «էհե՜յ»-ով հակադրվող անկոտրում Իշխանը («Մենք ենք, մեր սարերը»), խաբված միամիտ Պաղտասարը («Պաղտասարը բաժանվում է կնոջից»), «սև թուղթ» կուլ տվող հաշմանդամ փոստատար Նիկոլը («Հին օրերի երգը»), գնացքին հավասար վազել կարողացող զինվոր Արմենակ Գասպարյանը, որ Բեռլինից փիղ է բերում` «երեխաների համար տոն և ուրախություն» («Զինվորն ու փիղը»), թե` ԶԱԳՍ-ի կարմիր գորգի վրա շփոթված տեսքով իրկոստյումի կոճակը կարող Բորյուսյան («Ունայնություն ունայնությանց») և այլն, և այլն:
Վերհիշելով նրա բազմազան դերերը` մեծ ու փոքր, թեև ինքը` դերասանը, հավասարապես էր վերաբերվում իր հերոսներին, սիրում նրանց «ինչպես երեխաների», կարող ենք ասել, որ դրանք ակնհայտորեն հավաքվում են մեկ ամբողջական կերպարի մեջ, որ ընդհանրացնում է Մհեր Մկրտչյան մարդու և արտիստի բացառիկ անհատականությունն ու տաղանդը:




 Սիրանույշ Գալստյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու


Կարգ: Մշակույթ | Ավելացրել է: ANI (04-Հլս-2011) | Հեղինակ: Սիրանույշ Գալստյան Դիտումներ: 1167 | Պիտակներ: արվեստ, հայկական կինո, Մհեր Մկրտչյան, թատրոն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]