// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հեփթաղների դեմ պատերազմում պարտված Հազկերտ II-ը 450 թվականի աշնան վերջերին վերադառնում է Տիզբոն և ներման խոստումով ցանկանում է հայ ապստամբներին հնազանդեցնել։ Սակայն Հազկերտի այդ խոստումները հավատ չեն ներշնչում հայրենասեր հայ նախարարներին, որի համար էլ նրանք 450-451 թվականի ձմռանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց ռազմական ուժերը համախմբելու ուղղությամբ` նախապատրաստվելով ահեղ թշնամուն դիմադրելու։
 
Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով բռնի կրոնափոխության առաջարկ է անում հայերին, սակայն մերժում է ստանում։ Եվ ահա Հայաստանը վերջնականապես նվաճելու և հայերին պարսիկների մեջ ձուլելու նպատակով Հազկերտը, զորավար Միհրներսեհի գլխավորությամբ, մեծ բանակ է ուղարկում Հայաստան, որը Փայտակարանի ուղղությամբ մտնում է Հայաստան և 451 թվականի ապրիլին բանակ դնում Հեր և Զարևանդ գավառների սահմաններում։ 
Հայրենիքի համար այդ ահեղ օրերին փաստորեն պասսիվ դիրք են բռնում Վասակ Սյունին և նրան համակիր որոշ նախարարներ։ Բացի այդ, հայոց զորքը զրկվել էր դրսից սպասվող օգնությունից, նրանց օգնության չեկան հոները, որոնք խոստացել էին, իսկ այդ հանգամանքը բավականին ծանրացրեց ապստամբների վիճակը։ Մինչև ճակատամարտ սկսելը, երկու կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ։ Թե ինչպիսի կարևոր նշանակություն է տրվել այդ ժամանակ հետախուզությանը, ցույց են տալիս Եղիշեի հետևյալ տողերը։

«...Միհրներսեհը... հարցնում և ստուգում էր, թե ընդամենը քանի մարդ կա հայոց աշխարհում Վարդանի գնդի մեջ։ Երբ... լսեց թե վաթսուն հազարից ավելի են... տեղեկություններ պահանջեց յուրաքանչյուրի քաջության մասին, կամ թե՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազեն, կամ քանի՞ հոգի են առանց զենքի լոկ աղեղնավորներ, նույնպես և վահանավոր հետևակների մասին... քանի՞սն են քաջ զինվորների պարագլուխները, որպեսզի նրանց յուրաքանչյուրի դեմ երեքը պատրաստի...։ Մինչև անգամ ամեն մեկի դրոշների մասին էլ էր տեղեկություններ հարցնում, թե զորքը քանի գնդի են բաժանելու և նրանցից ովքեր պետք է հրամանատարներ լինեն, և որ զորագլուխը որ կողմից պետք է պատերազմի մեջ մտնի, և ինչ են յուրաքանչյուրի համհարզների անունները, և քանի փողհար պետք է ձայն արձակեն գնդի մեջ։ Արդյոք (ցցապատնեշներով ու խրամատով շրջապատված) բանակ պիտի դնեն, թե արձակ դաշտում տեղավորեն, ճակատ առ ճակատ պիտի գործեն, թե համագունդ մի տեղի վրա պիտի գրոհ տան։ Նրանցից որը պետք է տատանման մեջ մնա և կամ նրանցից ո՞րը ջանք թափի՝ իր անձը մահվան ենթարկելով»:

Պատերազմական վիճակի մասին Հազկերտ II-ին զեկուցելու նպատակով Տիզբոն է մեկնում Միհրներսեհը` պարսկական զորքերի հրամանատարությունը թողնելով Մուշկան Նյուսալավուրտին։ Վերջինս 451 թվականի ապրիլ ամսին, համախմբելով ուժերը, մի փոքր ևս առաջ է շարժվում Հայաստանի հարավում՝ Հեր և Զարևանդ գավառների սահմանագլխից։ «Այնտեղ՝ գավառում կանգ առնելով,— վկայում է Եղիշեն,— բանակ դրեց, փոս փորեց, պատնեշ շինեց, ցցապատերով փակեց և ամեն պատրաստությամբ ամրացրեց ինչպես քաղաք։ Նրա զորքերից մեծաթիվ գունդ բաժանվեց, ասպատակելով արշավեց և կամենում էր բազմաթիվ գավառներ կողոպտել։ Երբ այդ բանը լսեց հայոց զորքը, բոլոր զորականների միջից ընտրեցին Ամատունյաց ցեղից մի սեպուհի Առանձար անունով, որ իմաստությամբ և քաջությամբ լցված մի մարդ էր։ Սա երկու հազարով դուրս եկավ նրա դեմ, ջարդեց, սատկեցրեց նրա գնդից շատերին, իսկ մնացածներին փախցրեց-հասցրեց նրանց բանակը...»:

Առանձարի ջոկատը հասնում է Արտազ գավառի Ավարայր գյուղը, ուր գտնվում էր պարսից զորքը և բանակ էր դրել Տղմուտի դաշտում։ Հենվելով այդ տեղեկությւոնների վրա և օգտվելով այն բանից, որ պարսից բանակը իր հետ ծանր բեռնավորված խոշոր գումակ է տանում, Վարդան Մամիկոնյանը շտապում է կտրել դեպի Արտաշատ տանող պարսից զորքերի ուղին:

Ռազմական երթի դուրս գալուց առաջ Վարդան Մամիկոնյանը Արտաշատում անց է կացնում հայկական զորքերի ստուգատես և, դիմելով ռազմիկներին, քաջալերում է նրանց։ Դրանից հետո հայկական զորքը Արտաշատի կամուրջով անցնելով Արաքս գետը, նրա աջ ափով, Փոքր Մասիսի արևելյան լանջերով, Մակուի մոտով, հասնում է Ավարայրի դաշտը և կանգ առնում Տղմուտ (Աղ-չայ) գետի ձախ ափին, որի աջ ափին արդեն բանակ էր դրել պարսից զորքը։ Արտաշատից մինչև Տղմուտ գետը, որ հավասար է 140-150 կմ, հեծելազորը կարող էր արագացրած ռազմերթով անցնել երեք օրում, իսկ հետևակը ոչ պակաս հինգ օրում։ Ուրեմն, հայկական զորքը Արտաշատից ռազմերթի էր ելել ոչ ուշ, քան մայիսի 20-ին կամ 21-ին։

Վարդան սպարապետի նպատակն էր հանկարծակի հարվածով պարտության մատնել պարսկական զորքերին։ Բայց մայիսի 25-ի ցերեկը Ավարայրի դաշտ էր հասել միայն հեծելազորը, որն առանց հետևակի չէր կարող ռազմական գործողություններ ծավալել։ Հայկական հեծելազորը սպասում է հետևակին, որն իր շարքերում ուներ անվարժ, դանդաղ շարժվող ռազմաշխարհազորային ուժեր։ Հայկական բանակի հետևակը Ավարայրի դաշտն է հասնում միայն մայիսի 25-ի գիշերը։ Այստեղից, իհարկե, դժվար չէ կռահել, որ հետևակը Արտաշատից ռազմերթի էր դուրս եկել հեծելազորից երկու օր շուտ։

Հակառակորդ կողմերի զորքերի քանակը և կազմը։ Պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու վկայությունները Ավարայրի ճակատամարտում մասնակցած թշնամի բանակների քանակի և կազմի մասին քիչ հավանական են թվում։ Ավարայրի ճակատամարտի դերն ու նշանակությունը ավելի ընդգծելու և մեծարելու նպատակով պատմիչներն աշխատել են ավելի վիթխարի ներկայացնել այն, բազմապատկել նրա պոտենցիալ հնարավորությունները, մեծացրել են ճակատամարտին մասնակցող բանակների քանակն ու զենքի տեսակները։

Ինչպես Եղիշեն, նույնպես և Փարպեցին վկայում են, որ Ավարայրի ճակատամարտում հայկական բանակը կազմված էր 66 հազար մարդուց, իսկ պարսկականը՝ ավելի քան 200 հազար։ Մեզ թվում է, որ այս թվերը հավաստի չեն։ Ակնհայտ է, որ Հռոմն ու Պարսկաստանը, Հայաստանը բաժանելով իրար միջև, նպատակ են ունեցել խորտակել հայոց աշխարհի հզորությունը, թուլացնել նրա պաշտպանունակությունը, նրան զրկել ռազմական ուժերից և դրանով իսկ հեշտացնել նրան կլանելը։ Այդ նպատակին հասնելու համար նրանք երեք և ավելի անգամ կրճատել են հայկական հեծելազորի քանակը։ Իսկ չէ՞ որ Արշակունիների ժամանակ Հայաստանը ուներ հզոր հեծյալ բանակ շուրջ 120 հազար մարդով։ Ն. Ադոնցը ցույց է տալիս, որ Արշակ II-ի ժամանակ սպարապետ Վասակ Մ ամիկոնյանի հրամանատարության ներքո կար շուրջ 120 հազար հեծյալ, որ պարսիկների դեմ վարած բազմաթիվ պատերազմներում մարտի դաշտ են դուրս բերվել 70, 60, 40 հազար հեծյալներից կազմված բանակներ։

Պապ թագավորի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարության ներքո եղել է 40 հազար մարդուց կազմված ընտրովի հեծելազոր։ Նպատի ճակատամարտում նրան հաջողվել է մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց և բանակի թիվը հասցնել շուրջ 90 հազարի։ Սակայն պարսկական արքունիքի վարած քաղաքականության հետևանքով, մարզպանության շրջանում, հայկական հեծելազորը կրճատվել է և հասցվել մինչև 30 հազարի: Ըստ «Զորանամակի», հայոց 70 նախարարներից 50-ը ունեցել են շուրջ 48 հազար հեծյալ։

Այդ 50 նախարարներից, ըստ Եղիշեի, միայն քսանվեցն էր Վարդանի կողմը, որոնք, ըստ «Զորանամակի», ունեին շուրջ 14 հազար հեծյալ։ Դրանցից վեցը Ռշտունյաց Արտակը, Խորխոռունյաց Գադիշոն, Վահևունյաց Գյուտը, Գաբեղենից Արտենը, Ակեացի Ընջուղը և Ամատունյաց Մանեճը, անջատվելով իրենց նախարարական տներից, շուրջ 2000 հեծյալներով չեն մասնակցել ճակատամարտին։ Այդպիսով, սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտի նախօրյակին ուներ շուրջ 12 հազար հեծյալ։ Սակայն, ապստամբելով պարսից պետության դեմ, նա իրավացիորեն խախտեց այդ պետության կողմից Հայաստանի վզին փաթաթած «Զորանամակի» պահանջները և կրկնապատկեց ու եռապատկեց իր հեծելազորի թիվը։ Հենց այդ էր պատճառը, որ Եղիշեն նշում է, թե ով զենք չուներ՝ Վարդանը զենք էր տալիս, ով ձի չուներ՝ ձի։ Սակայն, ինչքան էլ ավելացներ իր զորքի թիվը, Վարդանը կարող էր հավաքագրել միայն 35—40 հազար զինվոր։ Չնայած պատմիչները չեն հիշատակում աշխարհազորայինների թվի մասին, բայց նշում են, որ նրանցից կազմված էր մի գունդ, որի հրամանատարին Վարդանը հրամայել էր չբռնանալ և ստիպողական չքաշել ռազմի դաշտ։ Այդ ժամանակվա գնդերը կազմվում էին մատյան գնդի օրինակով և իրենց կազմում ունեին ոչ ավելի, քան 10000 մարդ։

Հազկերտի հրամանով Մուշկան Նյուսալավուրտին տրվում է մատյան գունդը և այլ ընտիր զորքեր։ Հետազոտողներից շատերը, հենվելով Եղիշեի այն ցուցումի վրա, թե Նյուսալավուրտը «ամեն մի գազանի (փղի) աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջը ժողովեց...»1, նշում են, որ պարսկական բանակում կար 60 փիղ, ամեն մի փղին հաշվելով 3 հազար ռազմիկ, պարսկական բանակի թիվը հասցնում են 180 հազարի։ Մի բան, որ ճիշտ լինել չի կարող։ Նախ՝ պարսից արքունիքին հայտնի էր, որ հույների կայսր Մարկիանոսը հրաժարվել է հայերին օգնելուց և հայերի ապստամբության մասին հաղորդել էր Հազկերտին։ Պարսկական արքունիքը գիտեր նաև, որ Վիրքի ու Աղվանքի զինված ուժերը հայերին օգնության հասնել չեն կարող։ Եվ, վերջապես, նրան հայտնի էր նաև, որ հայ նախարարների շրջանում ստեղծված պառակտման հետևանքով մեծ զորաբանակ իրենց դեմ դուրս գալ չի կարող, հետևաբար, պարսկական բանակը այդքան մեծաքանակ դարձնելու հարկ չկար։

Այդուհանդերձ, պարսկական բանակն ուներ մեծ առավելություն, այդ փղերի գունդն էր։ Պարսից բանակում, սկսած Գավգամելայի ճակատամարտից մինչև Ավարայրի ճակատամարտը, փղերի գունդը կազմվել է 15 փղից։ Եվ եթե ճիշտ համարենք Եղիշեի վկայությունը, որ ամեն մի փղին կցված էր երեք հազար սպառազեն մարդ, ապա պետք է եզրակացնել, որ Ավարայրում պարսկական բանակում կար շուրջ 45 հազար ռազմիկ։

Այնուհետև, Ապահարցի (այժմ՝ Մազանդարայի գավառ), Կատշաց (այժմ՝ Թալիշի նահանգ՝ Իրանում), Գեղաց (այժմ՝ Գիլանի նահանգ) գնդերը հազիվ թե կազմակերպված լինեին մատյան գնդի սկզբունքով և կիսավայրենի լեռնցի այդ ցեղերից յուրաքանչյուրը կարողանար Ավարայրի ռազմադաշտը դուրս բերել մեկական գունդ։ Հավանական է, որ այդ գնդերի ռազմիկների թիվը այնքան փոքր է եղել, որ Եղիշեն աննպատակահարմար է համարել նշել։ Այս հաշվարկումներից հետո կարելի է ասել, որ Ավարայրի ճակատամարտում Վարդան սպարապետի 40000 մարդուց կազմված բանակի դեմ գործում էր կրկնակի անգամ ավելի, այսինքն՝ մոտ 80-90 հազար ռազմիկ ունեցող պարսկական բանակը։

Թշնամի բանակները զինված էին աղեղներով, սուսերով, նիզակներով, վահաններով, պաշտպանության համար ունեին զրահ և սաղավարտ: Հակառակորդների զորքերի մարտական կարգերը և մարտի վայրի ընտրումը։ Նյուսալավուրտը, ըստ Եղիշեի տեղեկության, «...կարգավորեց իր ամբողջ զորքը և ճակատը տարածեց-երկարացրեց մեծ դաշտի երկարությամբ։ Եվ ամեն մի գազանի աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջր ժողովեց. և այսպես մատյան գունդն2 ամրացրեց ինչպես մի հզոր աշտարակ և կամ մի անմատչելի բերդ։ Նշաններ բաշխեց, դրոշներ արձակեց և հրամայեց, որ մեծ փղի ձայնին պատրաստ լինեին։ Իսկ Ապահարցի գունդը և հոնաց և գեղաց գնդերր և էլի բազմաթիվ ընտիր-ընտիր զորականները մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի...»:

Այս վկայությունից ակնառու է, որ Նյուսալավուրտը իր զորքերի համարյա կեսը կենտրոնացնում է մարտական կարգի աջ թևում, այսինքն՝ սպարապետ Վարդանի զորագնդի դեմ։ Ըստ ռազմական պլանի, մատյան գունդր պետք է գործեր մարտական կարգի կենտրոնում, իսկ ձախ և աջ թևերում Նյուսալավուրտը դնում է մյուս գնդերը։ Ամբողջ ճակատի մարտական կարգի առջևից շարժվում է այրուձին։ Երկրորդ գծի վրա գտնվում է հետևակը, որի հետևից ընթանում են մարտական փղերը՝ նրան պահպանող հետևակով։ Փղերի վրա դրված էին աշտարակներ, որտեղից նետաձիգներր նետեր էին տեղում հակառակորդի վրա և կամ որպես դիտակետ դիտում էին ճակատամարտի րնթացքը։

Տղմուտ գետի աջ ափին, 15-18 կմ լայնությամբ, Նյուսալավուրտը ստեղծում է ամուր պաշտպանություն` փորելով անանցանելի փոսեր և կառուցելով պաշտպանողական պատնեշներ, ցցապատերով փակելով ու ամրացնելով իր պաշտպանության ամբողջ գոտին։ Որպես բնական արգելակ պարսկական բանակի առջևում էր վարարուն Տղմուտ գետը, իսկ աջ կողմից բնական արգելակ էին հանդիսանում Մարակերտի շրջակայքի ճահիճները, որոնք ապահովում էին պարսից զորքի աջ թևի անվտանգությունը։ Ձախից պարսկական բանակը պաշտպանվում էր Աղբակի (այժմ՝ Քուրդըստանի) բարձրաբերձ լեռնաշղթայով, իսկ թիկունքից` Նուշիրականի գավառում գտնվող դժվարանցանելի սարերով։ Բնական ու արհեստական այս ամրությունները պարսկական բանակի ճամբարի համար ստեղծում էին անխոցելի պայմաններ։

Ճակատամարտից առաջ հայկական բանակի հրամանատար Վարդան Մամիկոնյանը հրավիրեց նախարարների ու զորավարների խորհուրդ, զորքը բաժանեց գնդերի, նշանակեց նրանց հրամանատարներին և ստեղծեց մարտական կարգ։ Նկատի ունենալով այն, որ հայկական գնդերի թվի և նրանց հրամանատարների մասին պատմիչների մոտ կան տարբեր կարծիքներ, ուստի նպատակահարմար ենք համարում մեջբերել պատմիչների համապատասխան հատվածները ռազմական արվեստի տեսանկյունով այն ճշտորեն մեկնաբանելու համար։ «Իսկ քաջ Վարդանը առաջ գալով՝ հարց ու փորձ արեց մեծամեծներին,— վկայում է Եղիշեն,— և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխները նշանակեց այս ձևով։

Առաջին գունդը հանձնեց Արծրունյաց իշխանին և նրան նիզակակիր կարգեց Մոկաց մեծ իշխանին և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակիր նշանակեց, և գնդի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։ Երկրորդ գունդը հանձնեց Խորեն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քաջբերունուն։ Երրորդ գունդը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն, և նրան նիզակակից հրամայեց լինել Տաճատ Գնթունուն, և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։ Ինքը վերցրեց չորրորդ գունդը, և իրեն նիզակակից քաջ Արշավիրին և իր հարազատ եղբայր Համազասպին»: 
Այդ մասին Ղազար Փարպեցին հաղորդում է. «Պատերազմի ժամը հասնելով, պարսից գնդերին տեսնում էին նկատված կարգին համաձայն։ Կարգում էր և իր գունդը հայոց երանելի Վարդան զորավարը նրանց հանդեպ իրա բավական այրուձիով։ Երեք մաս բաժանելով տալիս էր ամեն մի զորապետին, աջ կողմին զորագլուխ կարգեց Արշարունյաց Կամսարական Արշավիր իշխանին, որ հայոց զորավար Մամիկոնյան սուրբ Վարդանի փեսան էր, այսինքն՝ դստեր ամուսինը, և նրան նիզակակից տվեց Դիմաքսյան ազգից մեծ իշխան Մուշին։ Ձախ կողմը տվեց Խորեն Խորխոռունուն և նրան օգնական կարգեց Հմայակ Դիմաքսյանին, իսկ ինքը՝ հայոց զորավար սուրբ Վարդանը պատրաստվեց, որ մեջտեղի վերա հարձակվի»:

Մ. Չամչյանն րնդունում է Եղիշեի կարծիքը։ Գարագաշյանը, Լեոն, Օրմանյանը և ուրիշներ իրենց հետազոտություններում հաստատում են, որ Վարդան Մամիկոնյանը ստանձնել է Հայկական բանակի երրորդ ձախ թևի, գնդի հրամանատարությունը և գործել է պարսից բանակի մարտական կարգի աջ թևի դեմ։ Եղիշեն նշում է, որ Նյուսալավուրտը «...Բազմաթիվ ընտիր-ընտիր զորականների մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի»։ Սակայն մարտի ընթացքի նկարագրությունից երևում է, որ Եղիշեի տվյալները հակասական են: Մեր կարծիքով, իրականությանը չի համապատասխանում նաև Ղ. Փարպեցու այն ցուցումը, թե Վարդանը եղել է ռազմաճակատի կենտրոնական մասում գտնվող գնդի հրամանատար։

Ավարայրի ճակատամարտի մանրազնին ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրակացության, որ Եղիշեի հիշատակած չորրորդ գունդը եղել է պահեստային և մեծ դեր չկատարել այդ ճակատամարտում։ Այս հարցում էլ միանգամայն ճիշտ է Փարպեցոլ հաղորդած հետևյալ տեղեկությունը, «...մոտեցել էր արեգակի ծագելու ժամանակը, պարսից զորքերն էլ պատրաստվում էին պատերազմելու։ Մամիկոնյան սուրբ Վարդանն իրա գունդն երեք մասի բաժանելով, միջին գնդին գլխավոր կարգեց Արծրունյաց իշխանին, և մարդպետ (ներքինապետ) Միհրշապուհին, Արշարունյաց Արշավիր իշխանի, Մոկաց Արտակ իշխանի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Աջ կողմին գլխավոր կարգեց երանելի Մախազ Խորենին, Վանանդի իշխան երանելի Թաթուլի, Քաջբերունի Ներսեհի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Ձախ կողմից ինքը պատրաստվեց իրա գնդովն Առավեղենից Փափագ իշխանի և հայոց ուրիշ նախարարների հետ... Իրա եղբայր Համազասպյանին վերջապահ թողեց, պատվիրեց նրան ոչ մեկին չստիպել, այլ միայն խոսքերով հորդորել իրանց փրկության համար»: 
Սխալ կլիներ կարծել, թե Ղ. Փարպեցու այս մեջբերումը հակառակ էր նրա մյուս վկայություններին։ Փարպեցու վերը նշված տողերից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը, որը Արտաշատից ռազմերթի դուրս գալուց առաջ իր զորքերը արդեն բաշխել էր գնդերի և նշանակել նրանց հրամանատարներ, մարտից առաջ ընդունում է նոր մարտական կարգ և իր զորքերի ձախ թևի գնդի հրամանատարությունը վերցնում է իր վրա։ Հետևապես ճիշտ չէ Եղիշեի այն վկայությունը, թե Ավարայրի ճակատամարտում հայկական զորքի ձախ թևի երրորդ գնդի հրամանատարությունը Վարդան Մամիկոնյանը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն։ Պետք է նկատի ունենալ, որ մեր պատմիչը ամեն կերպ ձգտել է բարձրացնել իր հերոսին, չտեսնել մարտավարական նրա որոշ սխալներն Ավարայրի ճակատամարտում, ուստի և միտումնավոր կերպով Մամիկոնյանին է վերագրել չորրորդ պահեստային գնդի հրամանատարությունը։

Ավարտելով մարտ սկսելու բոլոր նախապատրաստական աշխատանքները, Վարդան Մամիկոնյանը իր ուժերը մարտական կարգի է բերում Տղմուտ գետի ձախ ափին։ Հայկական բանակի աջ թևում Կարմիր գետի հովիտն էր, իսկ հետևում` Տղմուտ, Մակու և Արաքս գետերի միջև ընկած լայնածավալ հարթ տարածությունը՝ 60-65 կմ երկարությամբ և 40-45 կմ լայնությամբ։ Այս դիրքը թեև նպաստել է հայկական հեծելազորի բացազատմանը և մարտի հաջող վարմանը, բայց թիկունքից եղել է խոցելի, որովհետև բնական խոչընդոտների բացակայությունը նպաստել է պարսկական զորքում եղած փղերի առաջխաղացմանը, իսկ հայկական բանակի նահանջի դեպքում բացասաբար անդրադարձել նրանց մանևրման և թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում։ 
Հայկական զորքերի առաջին շարքերում գտնվում էին հեծյալները, նրանց հետևից ըստ գնդերի ու ջոկատների շարժվում էին նետաձիգները և պարսատիկավորները։ Վերջին շարքերում էր պահեստային գունդը՝ կազմված աշխարհազորականներից, որոնք պահպանում էին թիկունքը և գումակը։ Բանակի աջ և ձախ թևերում հետևակից առաջ գտնվում էր նախարարական հեծելազորը։ Այդպիսին էր հայկական բանակում դասավորությունը մայիսի 26-ի առավոտյան։ 
Ճակատամարտի առաջին փուլը։ Մայիսի 26-ին, արեգակը ծագելուն պես, պարսկական և հայկական բանակները սկսում են առաջին մարտերը։ Հայերի հմուտ նետաձիգների դիպուկ հարվածներից պարսկական գնդերը, նրանց թվում նաև «անմահների» գունդը գամվում են Տղմուտ գետի աջ ափին։ Աստիճանաբար մոտենալով հակառակորդին, հայ նետաձիգները ավելի դիպուկ և շեշտակի են դարձնում հարվածները։ «...Երկու կողմերի աղմուկն ու աղաղակր ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից,— գրում է Եղիշեն,— և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտները ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց ու բազմախառն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչ մեծ տագնապ և անչափ իրարանցման աղետ կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, որովհետև թանձրամիտները հիմարանում էին ու վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին և անվեհեր կտրիճներն աղաղակում։ Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով՝ գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած պարսից զորքն սկսեց տեղում վխտալ։ Իսկ հայոց զորքն անցավ գետը, և ձի նստած՝ մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելով երկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թփրտում էին»: Հայոց այրուձին անցնում է գետը և վճռական ու սրընթաց հարձակվում պարսիկների վրա։ Հարձակման այդ փուլում հայկական հեծելազորը փախուստի է մատնում պարսկական բանակի մարտական կարգի առաջին դիրքերում գտնվող զորամասերը։ 
Մարտի երկրորդ փուլում պարսկական բանակի աջ թևի գնդերը, որոնք մեծ քանակությամբ նոր ուժեր էին ստացել, ուժեղ թափով հակագրոհի են անցնում և փախուստի մատնում հայկական բանակի ձախ թևի գնդի ջոկատները։ «Այս մեծ տագնապի մեջ,— գրում է Եղիշեն,— դեպի վեր նայեց քաջ՝ Վարդանը և տեսավ, որ պարսից զորքի րնտիր-ընտիր քաջ զորականները Հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին, նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և պարսից զորքի աջ թևը ջարդելով՝ քշեց գազանների կողմը և շուրջը պտտելով կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց, ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած՝ փախուստ տվեց»: Այդ ժամանակ հայկական զորքի կենտրոնական գունդը Վահան Արծրունու գլխավորությամբ, վճռական հարձակման է անցնում «մատյան» գնդի դեմ։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերի համատեղ հարվածների տակ պարսկական մատյան գունդը, 140 զինվոր կորուստ տալուց հետո, դիմում է փախուստի:

Պարսկական բանակի աջ թևի զորամասերը՝ մատյան գունդը և Վասակ Սյունեցու ջոկատները նահանջում են դեպի իրենց զորքերի կենտրոնը, ուր գտնվում էին փղերը։ Վարդան Մամիկոնյանը, նկատելով այդ, ավելի համառորեն սկսում՝ է հետապնդել նրանց։ Նույն ժամանակ հայկական բանակի աջ թևի զորքերը կատաղի մարտեր էին մղում պարսից բանակի ձախ թևի գերակշիռ ուժերի դեմ։ Այդ անհավասար կռվում հերոսի մահով զոհվում են Խորեն Խորխոռունին, Ընծայոց Արսենը, Քաջբերունյաց Ներսեհը։ Այս հրամանատարների կորուստը հուսալքում է մարտական փորձ չունեցող շատ աշխարհազորականների, որոնք դիմում են փախուստի և ապաստան գտնում աջակողմյան լեռների լանջերում։ Այս հանգամանքը թուլացնում է հայկական զորքերի մարտական կորովը:

Ճակատամարտի երրորդ փուլը։ Նկատելով հայկական աշխարհազորական գնդի փախուստը և հայերի կենտրոնական ուժերի կտրվածությունը աջ թևի զորքերից, Մուշկան Նյուսալավուրտն արագ վերականգնում է իր քայքայված զորքերի շարքերը և փղերը արագ դուրս է բերում մարտի։ Նա իր զինված ուժերը բաժանում է երկու մասի։ Փոքրաթիվ մասով կաշկանդում է հայկական զորքերի աջ ու ձախ թևերի ուշադրությունը, իսկ գլխավոր ուժերով շրջանց կատարելով ծուղակի մեջ է վերցնում Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը։ Փոքրաթիվ հայ նիզակակիրներն արիաբար մարտնչում և մեծ կորուստ էին պատճառում թշնամուն։ Սակայն աջ և ձախ թևերի հայկական գնդերը, որոնց անցուղին փակել էին մարտական փղերը, չեն կարողանում օգնության հասնել կենտրոնական զորամասերին։ Վարդանի և Վահանի շրջապատված գնդերին, չնայած նրանց մեծ հերոսությանը, չի հաջողվում ճեղքել շրջապատման օղակը, իսկ հեռվում գտնվող հայկական գնդերի օգնության փորձերը արդյունք չեն տալիս։ Տեղի է ունենում ահեղ ու անհավասար մարտ. հայերը կռվում էին մեծ հերոսությամբ, բայց ուժերը խիստ անհավասար էին։ Մարտում զոհվում են շատերր, նրանց թվում նաև մեծ հայրենասեր Վարդան Մամիկոնյանը։

Մինչև երեկո տևած այս մարտի մասին Եղիշեն գրում է. «Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումը և աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների սուրբ մարմինները. և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար։ Իսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը»:

Ճակատամարտի չորրորդ փուլը։ Տեսնելով սպարապետ Վարդան Մամիկոնյանի մահը և մնալով առանց ձեռնհաս ղեկավարի, հայկական բանակը տեղի է տալիս։ Օգտվելով երեկոյան մթությունից, նա դուրս է գալիս շրջապատումից և նահանջում։ Կազմալուծված այդ գնդերը, հեռանալով ճակատամարտի վայրից, ապաստանում են հայրենի երկրի անառիկավայրերում։ Պարսկական զորքը հետապնդում է նրանց, փորձելով ոչնչացնել բոլորին։ Ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու, հայկական բանակը Ավարայրի ճակատամարտում կորցրեց 1026 մարդ, իսկ՝ պարսկական բանակը 3544 մարդ։ Սակայն պետք է նշել, որ այդպիսի վիթխարի բանակների՝ այդքան ահավոր մենամարտում, ուր տեղի ունեցան բազմաթիվ ձեռնամարտեր, օգտագործվեցին ժամանակի զենքի գրեթե բոլոր տեսակները, երկու կողմերից այդքան փոքր կորուստ չէր կարող լինել։ 
Եվ իսկապես, հայկական բանակի աջաթևյան գունդը, որն իր շարքերում ուներ մոտ 10 հազար մարտիկ, օրվա կեսին կորցրեց իր հրամանատարներ Խորեն Խորխոռունուն, Ներսեհ Քաջբերունուն և ծանր կորուստ կրեց, այլևս չկարողացավ վերականգնել իր մարտական վիճակը։ Փախուստի դիմեցին նաև՝ աշխարհազորականները։ Այնուհետև, պարսկական բանակի մարտական փղերի գունդը և նրա պահապան հետևազորը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը և մեծ կորուստներ տվեցին նրանց։ Ուստի մեր պատմիչների հաղորդած թվերը այդ ճակատամարտում հայկական բանակի, ինչպես նաև պարսկական բանակի կորուստների մասին ճիշտ լինել չեն կարող։ Պատմիչները այդ թվերը միտումնավոր կերպով փոքրացրել են կամ չեն կարողացել ճիշտ տվյալներ տալ։

Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, թեև տարան բարոյական հաղթանակ։ Պարտության պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն է, որ հարևան վրաց և աղվան ժողովուրդները ի վիճակի չգտնվեցին օգնելու հայերին։

Հայտնի է, որ 450 թվականին Խաղխաղի ճակատամարտի փառավոր հաղթանակը արդյունք էր նաև այն բանի, որ ապստամբ աղվանները միացան հայկական բանակին և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ համառ կռվի մեջ մտան պարսից գերակշռող ուժերի դեմ։ Սակայն այդպես չեղավ Ավարայրի ճակատամարտում։ Բացի այդ, կտրելով հոնաց երկրից Հայաստան տանող երթուղիները, Հազկերտը թույլ չտվեց հոներին օգնելու հայերին։ Այդպիսով, Ավարայրի ճակատամարտում հայերը մնացին մենակ, առանց դաշնակցի, որը մեծ չափով նպաստեց նրանց պարտությանը։ Պարսկական արքունիքին փաստորեն օգնեց բյուգանդական կայսրը, որը ոչ միայն օգնություն ցույց չտվեց իրեն դիմող հայերին, այլև Հազկերտին հաղորդեց Հայաստանում նախապատրաստվող ապստամբության մասին։

Ավարայրի ճակատամարտի նախօրյակին հայ նախարարների, հոգևորականների և ազատների շրջաններում խորացավ պառակտումը և նրանք միասնաբար չկանգնեցին թշնամու դեմ։ 
Ավարայրի ճակատամարտում և նրանից առաջ հայերը թույլ տվեցին նաև մարտավարական սխալներ։ Պարենային պաշարների պակասության պատճառով Վարդան սպարապետը ստիպված է եղել ձմռան ամիսներին իր զորքերն արձակել տները և նրանց ետ կանչել միայն 451 թվականի ապրիլին, Ավարայրի ճակատամարտից միայն մեկ ամիս առաջ։ Ուստի, ամբողջ ձմեռվա րնթացքում ինչպես ողջ զորքը, այնպես էլ աշխարհազորականները, անհրաժեշտ չափով չեն նախապատրաստվել մարտի, ինչպես հարկն է չեն զինվել ու ռազմական վարժություններով չեն զբաղվել։ Բնական է, որ այդպիսի զորքով մարտի ելնել լավ զինված, թվական տեսակետից գերակշռող թշնամու դեմ հաղթանակ բերել չէր կարող։ Վատ էր նաև հայերի հետախուզությունը։

Հենվելով սխալ տվյալների վրա, սպարապետ Վարդանը հրաժարվել է պարտիզանական պայքարի և փոքր խմբերով մարտեր մղելու տակտիկայից և ընդունել բաց դաշտում թշնամու երկու անգամից ավելի ուժերի դեմ վճռական ճակատամարտ տալու որոշումը։ Դրան պետք է ավելացնել նաև այն, որ արագ երթով Արտաշատից մինչև Տղմուտ գետի ափը հասած հայկական բանակը առանց հանգիստ առնելու, հոգնած, մայիսի 26-ի վաղ առավոտյան անցնում է գետը և հարձակվում պարսկական բանակի վրա։ Հայկական զորքերի պարտությանը նպաստել է նաև այն, որ Վարդան Մամիկոնյանը, հետապնդելով հակառակորդին, բացել է իր գնդի աջ թևը, որով նպաստավոր դրություն է ստեղծել պարսկական զորքի համար աքցանի մեջ վերցնելու հայոց գունդը։

Հայկական բանակի հրամանատարությունը ճակատամարտի վայրն ընտրելիս կարևոր նշանակություն չի տվել տեղանքին։ Նա անուշադրության է մատնել այն, որ պարսից վիթխարի բանակը զուրկ է մանևրելու հնարավորությունից, որովհետև նրա աջ թևում էին Զիլբեր–չայի հովտի ճահիճները, իսկ ձախ թևով ամուր սեղմվել էր Կարադաղ լեռների արևելյան լանջերին։ Այդպիսի վայրը նպաստավոր չէր պարսից հեծելազորի և փղերի շարժման համար։ Ուստի հայերը չպետք է շտապեին, այլ լավ նախապատրաստվեին ու անցնեին պաշտպանողական մարտի և բաց դաշտի վրա ճակատամարտ տալու փոխարեն սկսեին լեռնային պարտիզանական կռիվներ։ Այս բոլորին պետք է ավելացնել նաև այն, որ աշխարհազորականներից կազմված գունդը վճռական պահին ոչ միայն չի կարողացել օգնության հասնել մարտական կարգերի առաջին շարքերում նեղն ընկած զորամասերին, այլև դիմել է փախուստի։

Հայոց բանակի թույլ տված սխալները գլխավորապես վերաբերում են Վարդան Մամիկոնյանին, իսկ նա միջին ունակությունների զորավար չէր, ուստի պիտի հաշվի առներ այս ամենը։ Մեր պատմիչների մոտ ոչ մի ցուցում չկա, թե պարսկական մեծ բանակը պարտության է մատնել հայերին։ Պատմիչները միայն այն են հաղորդում, որ պարսկական բանակի մարտական կարգերի աջ թևում գտնվող գունդը, որը կռվում էր անմիջապես Վարդան սպարապետի գնդի դեմ, կատարել է կեղծ նահանջ, հետապնդող սպարապետի գունդը ընկել է ծուղակի մեջ։ Թշնամու տակտիկական այդ մանևրը առանձին նշանակություն չէր ունենա, եթե Վարդան սպարապետը ժամանակին գուշակեր այդ նահանջի նպատակը։ Նա մոռացության է տվել, որ իր փոքրաթիվ բանակով երբեք չէր կարող թշնամու վիթխարի բանակին զրկել մանևրելու հնարավորությունից։ Դա էր Վարդանի հիմնական սխալներից մեկը։ 
Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից հայտնի է, որ բոլոր հայ զորավարները, ինչպես և հակառակորդ բանակների զորավարներն անձամբ մասնակցել են կռիվներին՝ գրոհներին և հակագրոհներին։ Դա ոգեշնչել է մարտիկներին, բարձրացրել նրանց մարտունակությունը, նրանց բարոյական ու քաղաքական ոգին։ Բայց Վարդան սպարապետի տակտիկական սխալը նրա մեջ էր, որ նա ճակատամարտի հենց սկզբին, իր վրա վերցնելով ձախ թևի գնդի հրամանատարությունը, քիչ ուշադրություն դարձրեց մյուս գնդերի վրա։ Ինչպես մեր հին պատմիչները, այնպես էլ հետագա շատ հետազոտողներ գտնում են, որ եթե Վարդան սպարապետը չսպանվեր, ապա Հայոց բանակը չէր պարտվի, մոռանալով, որ Վարդանի սպանվելուց հետո էլ հայերը համառորեն շարունակել են կռվել մինչև ուշ գիշեր։

Հինգերորդ դարի հայ մատենագիրների վկայությունից երևում է, որ թիկնապահ գունդը կազմված էր աշխարհազորականներից, որոնցից շատերը զենք չունեին և դժվար մոմենտին դիմել են փախուստի։ Այս հանգամանքն էր, որ Վարդանին ստիպեց իր եղբայր Համազասպին հրամայելու գունդը կռվի մեջ չմտցնել։ Նույն պատմիչները հիշատակում են նաև, որ գունդը փախուստի է դիմել թշնամու գաղտնի գործողությունների հետևանքով։ Երբ, նահանջող մատյան գնդին հետապնդելով, Վարդան սպարապետի գունդը սեպաձև խրվում է պարսից բանակի աջ թևի և կենտրոնի զորքերի միջև, հենց այդ ժամանակ ճակատը լքում է հայկական աշխարհազորայինների գունդը։ Իսկ դա պարսկական զորքերին հնարավորություն է տալիս աշխուժանալ և թևանց կատարել հայոց բանակի թիկունքը։ Գուշակելով այդ վտանգը, սպարապետը իր գունդը շարժում է դեպի աջ թևը և Արծրունյաց իշխան Ներշապուհի գնդի հետ միասին կասեցնում խուճապը, վերականգնում մարտական կարգը։ Սակայն այդ բանը կատարելիս Վարդանը բացում է և անպաշտպան թողնում իր գնդի ձախ թևը։ Օգտվելով դրանից, պարսից բանակի աջ թևում կանգնած մատյան գունդը և Վասակ Սյունեցու գունդը իրականացնում են թևանցը։ Այդ իսկ ժամանակ Արտաշիրը մարտի է հանում փղերի գունդը, և հայոց գնդերը հայտնվում են աքցանի մեջ, որտեղ և հերոսի մահով ընկնում է Վարդան սպարապետը։

Անդրկովկասյան ժողովուրդների հայերի, վրացիների, աղվանների, լազերի և մյուսների 450—451 թվականների պատերազմները պարսից զավթիչների դեմ եղել են համաժողովրդական, արդարացի պատերազմներ։ Այդ մարտերում մասնակցել են սոցիալական բոլոր խավերը՝ նպատակ ունենալով իրենց ուսերից թոթափել օտարերկրյա տիրակալների լուծը։ Խաղխաղի ճակատամարտը, որտեղ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվում էին հայերի, վրացիների, աղվանների քաջարի զավակները և որոնք փառավոր հաղթանակ տարան պարսից հզոր բանակի դեմ, այդ ժողովուրդների դաշինքի արդյունքն էր։

Ավարայրի ճակատամարտում հայերի ռազմական պարտությունը ոչ միայն չթուլացրեց, այլև ավելի համախմբեց ու ամրացրեց կովկասյան ժողովուրդների՝ հայերի, վրացիների, աղվանների և մյուսների դաշինքը, որը հետագայում ցայտուն կերպով դրսևորվեց այդ ժողովուրղների ազատագրական հաջորդ շարժումների ժամանակ։ Ավարայրի ճակատամարտում կրած ռազմական պարտությունը ոչ միայն չխախտեց հայ ժողովրդի դյուցազնական զավակների աննկուն կամքը, այլև նրանց ոգևորեց դիմելու նոր գոտեմարտի։ Ավարայրն ավելի սերտացրեց հայերի և Կովկասի մյուս ժողովուրղների դաշինքը՝ պայքարելու իրենց ազատության համար։


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_18/2010-03-30-47 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (22-Հունվ-2011) Դիտումներ: 1003 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]