// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հռոմեական Տրայանոս կայսրը նոր ագրեսիա է սկսում Արևելքի երկրների, այդ թվում և Հայաստանի դեմ։ Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ 
Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինեին Արտաշատի վրա հին և փորձված ռազմագիտական ուղիով` Մելիտինե, Սատաղ, Կարին, Բագավան և այնուհետև Կուջաղի կամ Քարվանսարայի լեռնանցքով` Արտաշատ։ Այդ զորքերի ձախ թևը հյուսիսից եղել է անվտանգ, քանի որ Հռոմի դաշնակիցներն իրենց զորքերով պահպանում էին այդ թևը։

Չնայած Հայաստանի համար ստեղծված աննպաստ կացության, ինչպես հաստատում է Մոմզենը, առաջին իսկ ճակատամարտերում, Եփրատ գետի մոտ, հռոմեացիները պարտություն կրեցին, ուստի դա եղավ հիմնական առիթը, որ 115 թ. գարնանը, խիստ ծերացած, բայց մարտերում կոփված, հաղթանակների սովոր Տրայանոս կայսրը ստիպված ինքը գլխավորեց զորքը։

Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը` թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»:

115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը: Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը:

Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում:

117 թ., Տրայանոսի մահից հետո, հռոմեական գահ բարձրացած Անդրիանոսը հռոմեական քաղաքականությունը արևելքում աննպատակահարմար է համարում և զորքերը դուրս է բերում Փոքր Ասիայի երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ «Հայաստանը դադարում է լինել Հռոմի նահանգ,— գրում է Մոմզենը,— և դառնում է Պարթևստանի սեփականությունը»2։ Հայոց թագավորական գահն է բարձրանում Արշակունիների տոհմից Վաղարշ I-ը (117—140 թթ.): Հայաստանում տիրում է խաղաղություն, որը շարունակվում է շուրջ 40 տարի։

Վաղարշ I-ի մահից հետո Հռոմը հայոց գահի համար առաջադրում է հռոմեական ավագանուց ինչ-որ Սոյեմի։ Օգտվելով երկպառակության հետևանքով Պարթևստանի թուլությունից, հռոմեացիները ձգտում են ամրացնել իրենց գերիշխանությունը Հայաստանում. Վաղարշապատ քաղաքը վերածում են իրենց զորքերի կենտրոնացման վայրի` ստեղծելով ամրություններ և պաշտպանության կետեր։ Անմարդկային վերաբերմունքը և անսահման շահագործումը տեղի էին տալիս հաճախակի ապստամբությունների։

Օգտվելով Հայաստանում հռոմեացիների համար ստեղծված ծանր կացությունից, Պարթևստանի թագավոր Վաղարշ III-ը (148—191 թթ.) Հայաստանի թագավոր է նշանակում Բակուր III-ին։ Պարթևական զորքերը 161 թ. մտնում են Հայաստան։ Տրդատ նախարարի գլխավորությամբ ապստամբած հայ ժողովուրդը միանում է պարթևներին։ Ապստամբների և հայ-պարթևական զորքերի միահամուռ ուժերով Հայաստանից վտարվում են Սոյեմը և նրա հռոմեական լեգեոնները։

Նահանջող հակառակորդին հետապնդելով, հայ-պարթևական դաշնակից զորքերը գրավում են Կարին քաղաքը և պատրաստվում շարժվել դեպի Կապադովկիա։ Հայ-պարթևական զորքերի շարժման ճանապարհը կտրելու, նրանց կասեցնելու և Սոյեմի հռոմեական լեգեոններին օգնություն ցույց տալու համար Կապադովկիայից Հայաստան ուղարկվեց զորավար Էլիոս Սևերիանոսը։ Սա հասավ մինչև Էլեգիա (այժմ՝ Իլիճա, Էրզրումից արևմուտք)։ Նրա դեմ դուրս եկան հայ-պարթևական զորքերը՝ զորավար Խոսրովի գլխավորությամբ։ Մարտերը տեղի ունեցան Եփրատ գետի ակունքների մոտ, Կարինից Արևմուտք, Էլեգիայից ոչ հեռու։ Այդ ճակատամարտին մասնակցեցին Սոյեմի հռոմեական երկու, Էլիոս Սևերիանոսի երկու լեգեոնները։ Հռոմեական այդ չորս լեգեոններում կար հետևակ 24000 մարդ և հեծյալ շուրջ 3000 մարդ։ Նկատի ունենալով, որ Հռոմի դաշնակից երկրները հռոմեական հրամանատարությանը տրամադրել են այդ քանակից ոչ պակաս օժանդակ զորքեր, կարելի է ասել, որ այդ ճակատամարտում հռոմեական բանակն ունեցել է հետևակ՝ 48-49 հազար և հեծելազոր՝ 6-7 հազար մարդ։

Հայ պարթևական զորքերի քանակը զգալիորեն պակաս է եղել։ Այդ ժամանակ Տրդատը ապստամբած հայերից կարող էր հավաքել միայն շուրջ 6-7 հազար հեծյալ և 10-12 հազար հետևազոր։ Պարթևստանում տիրող երկպառակության հետևանքով Վաղարշ III-ը ճակատամարտին մասնակցելու համար իր զորավար Խոսրովին կարող էր տալ մոտ 5-6 հազար հեծելազոր և 12-13 հազար հետևազոր։ Այդպիսով, հայ-պարթևական դաշնակից բանակը կարող էր ունենալ շուրջ 11-13 հազար հեծյալ և 22-25 հազար հետևակ։

Ճակատամարտի առաջին փուլը։ Տեղեկություն ստանալով, որ հարձակման նպատակով մոտենում են հռոմեական զորքերը, մարտի հենց առաջին օրը հայ-պարթևական զորքերը գրավեցին Էլեգիայից հարավ Եփրատ գետի ձախ ափին 2430 բարձունքի հյուսիսային լանջի գերիշխող տեղանքը։ Նշված լեռան հյուսիսային զառիվայրը Էլեգիայից 1000 մետր բարձր է։ Հայ-պարթևական զորքերը դասավորեցին իրենց մարտական կարգերը` աջում առջևից հեծելազորը, իսկ նրա հետևից Պարթևստանի հետևակը: Ձախում նույն կարգով դասավորվեց Հայաստանի հեծելազորը և հետևակը։ Մարտական կարգերի թևերը պահպանվել էին հեծելազորի առանձին ջոկատներով։ Մարտական կարգերի հետևից դասավորվեցին գումակը և թիկունքային մյուս ստորաբաժանումները։ Թիկունքը պահպանելու համար առանձնացվեց թիկնապահ ջոկատ։

Հռոմեական զորքերը Էլիոս Սևերիանոսի ղեկավարությամբ բանակատեղ գրավեցին Էլեգիայից 5-6 կիլոմետր արևմուտք։ Կառուցելով մարտական կարգեր` առջևից և թևերում ըստ սովորականի դասավորեցին հռոմեական ու Հռոմին դաշնակից երկրների հեծելազորի լեգեոնները, իսկ հետևում` նրանց հետևակը։ Դրանից հետո Սևերիանոսն անցավ հարձակման։ Վայրի կտրվածությունը սահմանափակում էր հեծելազորի բացազատվելը և արգելակում նրա մարտական գործողությունները։ Ամրանալով բարձունքների ու բլուրների վրա, հմտորեն օգտագործելով տեղանքի առավելությունները, ճակատամարտի առաջին իսկ օրը հայ-պարթևական զորքերը զգալի կորուստ հասցրին հռոմեական բանակին և ետ շպրտեցին իրենց ճամբարը։

Երկրորդ փուլը։ Կողմերը նախապատրաստվում են նոր ճակատամարտի։ Քաշվելով իրենց բանակատեղը՝ հռոմեական զորքերը մարտական կարգի են բերում մարտում ջախջախված կոհորտներն ու լեգեոնները, բարձրացնում են նրանց մարտական ոգին, արիություն ու քաջություն են ներշնչում երկրորդ օրվա ճակատամարտի համար։

Իսկ պարթևա-հայկական զորքերը էլ ավելի վարպետորեն են ամրացնում վայրը` հռոմեական ասպատակներին ավելի համառ դիմադրություն ցույց տալու համար։ Երկրորդ օրը նույնպես հարձակման է անցնում Սևերիանոսը։ Մարտի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և ճակատամարտը հօգուտ հռոմեացիների շրջելու նրա բոլոր ջանքերր այս անգամ էլ ապարդյուն են անցնում։ Հայ-պարթևական բանակը գլխովին ջախջախում և ետ է շպրտում հռոմեական զորքերին։

Երրորդ փուլը։ Հռոմեական զորքերի հարձակման անցնելու նոր փորձերը նույնպես անհաջողության են մատնվում։ Երկար և համառ մարտերից հետո հայ-պարթևական զորքերը Էլեգիայի մոտ Եփրատ գետի հովտում շրջապատում և ոչնչացնում են հռոմեական զորքերին։ Հռոմեացիների զորքերի մնացորդները փախուստի են դիմում։ Հայ-պարթևական զորքերն անցնում են Եփրատը և նրանց հետապնդում են մինչև Կապադովկիա ու Սիրիա։ Այսպիսով, եռօրյա երկարատև ու համառ մարտերում հռոմեական զորքերը ջարդվում և ոչնչացվում են։ Սևերիանոսը, չկարողանալով տանել խայտառակ պարտության դառնությունը, ինքնասպանություն է գործում։

Պարթևները և հայերը, անցնելով Եփրատ գետը, մտնում են Կապադովկիա և Ասորիք, որտեղ հռոմեական զորքերի զորավար Ատտիդիոս Կորնելիանոսը նույնպես ծանր պարտություն է կրում և ստիպված է լինում փախուստի դիմել։

161 թ. մարտերում հռոմեական զորքերը ցուցաբերեցին անմարտունակություն և կրած պարտություններից բարոյալքվեցին։ Հավասարակշռությունը կորցրած Հռոմը հռոմեական զորքի հեղինակությոլնր վերականգնելու նպատակով արևմուտքից և Հռենոսից ետ կանչեց իր լեգեոնները և ուղարկեց պարթևա-հայկական միացյալ զորքի դեմ։ Այդ նպատակով կարգադրություն արվեց զորահավաք կատարել նաև Իտալիայում։

Այսպիսով, Հռոմեական կայսրության համար ստեղծվեց անտանելի դրություն։ Կացությունը փրկելու համար Մարկոս Ավրելիոս կայսրը (161—180) որպես գերագույն հրամանատար 162 թվին Արևելք ուղարկեց իր գահակից Լուկիոս Վերային։ Արևելքում սրան միացան այն ժամանակվա լավագույն զորավարներ՝ Կապադովկիայի փոխարքա Ստատիոս Պրիսկը, այնուհետև Մարկոս Վերան, Սիրիայից՝ Ավիդիոս Կասիոսը: Այդ պատերազմը սկսվեց 163 թ. և կոչվեց հայ-պարթևական պատերազմ Հռոմի դեմ։

Այս անգամ հռոմեական զորքերը պարթևական զորքերի դեմ շարժվեցին երկու ուղղությամբ՝ Միջագետք-Մծբին և Կապադովկիա--Հայաստան։ Հռոմեական բանակը Ստատիոս Պրիսկի հրամանատարությամբ 163 թ. ամռանը Կապադովկիայի վրայով ներխուժեց Հայաստան։ Հայ ժողովուրդը կատաղի դիմադրություն ցույց տվեց, սակայն մի շարք համառ մարտերից հետո 163 թ. աշնանը հռոմեական զորքերին հաջողվեց խորտակել հայերի դիմադրությունը, պաշարումով ու գրոհներով գրավել, հիմնահատակ ավերել ու թալանել Արտաշատ քաղաքը։ 166-167 թթ. ապարդյուն անցան հայերի բոլոր փորձերը դուրս գալու Հռոմին վասալ լինելու վիճակից։

Նեգերի և Ալբիոնոսի դեմ տարած հաղթանակից հետո 197 թ. Սեպտիմիոս Սևերոսը Միջագետք է գալիս՝ Արևելքում Նեգերի կողմնակիցներից վրեժ լուծելու։ Հայոց թագավոր Վաղարշ II-ին, որր հռոմեական եռապետության պայքարի ժամանակ չեզոքություն էր պահպանել, հաջողվում է խաղաղության դաշինք կնքել Սեպտիմիոս Սևերոսի հետ։ Վաղարշապատից դուրս են բերվում հռոմեական կայազորները։ Հայոց թագավորին թույլ է տրվում ուժեղացնել հայկական բանակը, որի կարիքների համար Սեպտիմիոս Սևերոսը ամեն տարի բաց է թողնում ահագին գումար՝ Կովկասյան լեռնաշղթայի լեռնանցքների պահպանությունը կազմակերպելու նպատակով` Հյուսիսային Կովկասի բարբարոս ցեղերի դեմ։

Միջագետքը պրովինցիայի վերածելու և այնտեղ ռազմական խոշոր կենտրոն հիմնելու հետևանքով, ասում է Մոմզենր, «Հայաստանը կորցնում է երկու մեծ պետությունների միջև բուֆերային լինելու իր կացությունը... նա կարողացավ պահպանել իր նախկին վիճակը և խուսափել կայսրությանը ձևականորեն միացվելուց։ Այդպիսով երկիրը պահպանեց իր սեփական զորքերը, իսկ հետագայում կայսերական կառավարությունը նույնիսկ կայսերական գանձարանից բաց թողեց նրան լրացուցիչ գումար»:

Հոր գահը բարձրանալով՝ Սևերիոս Կարակալլան (211-217 թթ.) 215 թ. մեծաքանակ զորքով մեկնում է Անտիոք և հայտարարում, որ Հայաստանը պետք է լինի Հռոմի պրովինցիա։ Այդ մտադրությունն իրագործելու համար նա ընտրում է նենգ ուղի։ 216 թ. Կարակալլան «խաբելով Օսրոյենի Աբգար թագավորին, որ իր մոտ գա իբրև բարեկամ, նրան բռնեց ու կալանավորեց և այդպիսով տիրեց Օսրոյենին, որն անտերունչ էր մնացել, իսկ հայոց թագավորին,— վկայում է Կասիուսը,— որը վեճի մեջ էր իր որդիների հետ, բարեկամական նամակներով նույնպես կանչեց, իբրև թե համոզելու, որ նրանք խաղաղությամբ ապրեն, և սրանց հետ ևս վարվեց այնպես, ինչպես Աբդարի հետ։ Սակայն հայերը չհպատակվեցին նրան և դիմեցին զենքի, և նրանցից այլևս ոչ ոք և բնավ ոչ մի բանում նրան չէր հավատում, այնպես որ նա փորձով սովորեց, թե որքան վնասակար է ինքնակալ մարդուն խարդախորեն վարվել բարեկամների հետ»։ Այնուհետև Կասիուսը շարունակում է. «Արդ Թեոկրիտոսը, որին զորքով ուղարկել էր հայերի դեմ՝ մեծ դժբախտության մեջ էր ընկել և նրանց կողմից ծանր պարտության էր մատնվել»:

Հոր փոխարեն հայոց թագավոր ընտրվեց Արշակունիների տոհմից Տրդատը և ղեկավարեց ապստամբությունը։ Այդ չէին կարող հանդուրժել հռոմեացիները։ Եվ ահա 216 թվականին Անտոնիոս Կարակալլան ռազմական մեծ ուժերի գլուխ անցած հանդես է գալիս Արևելքում, որպեսզի հնազանդեցնի հայերին, իսկ անհրաժեշտության դեպքում ջախջախի պարթևներին։ Ինքը՝ Տրդատը, հուսահատվելով, հրաժարվում է հետագա պայքարից և փախչում։ Նա ապաստան է գտնում Պարթևստանում։ Իսկ Կարակալլան պատերազմի սպառնալիքով Վաղարշ V-ից պահանջում է իրեն հանձնել Տրդատին։ Վաղարշը ստիպված է լինում համաձայնվել։ Սակայն Տրդատը Պարթևստանից մեկնում է Հայաստան և հաջողությամբ գլխավորում է ապստամբած հայերի պայքարը հռոմեացիների դեմ։ Հենց, այդ ժամանակ է, որ Տրդատը պարտության է մատնում զորավար Թեոկրիտոսին և դուրս է քշում հռոմեացիներին Հայաստանից։ 217 թ. գարնանը Կարակալլան նորից արշավի է ելնում պարթևների և հայերի դեմ, բայց ապրիլի 8-ին, Եդեսիայից Խարան տանող ճանապարհին, սպանվում է իր զինվորների ձեռքով։

217 թ. Մծբինի մոտ հայ-պարթևական մարտական խոշոր, ուժերով պարթևական թագավոր Արտավանը երկու անգամ՝ ծանր հարվածներ է հասցնում Կարակալլայի հետնորդ, զորավար Մակրինոսի հռոմեական բանակին։ Արտավանի հետ, կնքվում է խաղաղության դաշինք, որի հիման վրա Մակրինոսը պարտավորվում է Արտավանին ու նրա դաշնակիցներին, ռազմատուգանք վճարել և վերականգնել Հայաստանի թագավորական գահը։ Նա այդ գահը ուղարկում է մահացած Խոսրով I-ի որդուն՝ Տրդատ II-ին, ազատում և Հայաստան է ուղարկում Տրդատի մորը, վերադարձվում է հայերից խլված ավարները և Տրդատ II-ի ծնողների կալվածքները Կապադովկիայում։ 


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_14/2010-03-02-40 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (22-Հունվ-2011) Դիտումներ: 828 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]