// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հռոմի սենատը 66 թ. (մ.թ.ա.) արևելյան երկրների հետ պայմանագրեր կնքելու և նրանց «Հռոմի բարեկամների ու դաշնակիցների» շարքերն ընդունելու իրավունք տալով Պոմպեոսին, նրան նշանակեց գերագույն հրամանատար, Արևելքից ետ կանչելով զորավարներ Մարկիուս Ռեքսին և Մանիոս Գլաբրիոնոսին։ Հայ-պոնտական դաշինքի դեմ պատերազմ նախապատրաստելով, Պոմպեոսը Հռոմի դաշնակից և հպատակ ասիական երկրներին հրամայեց օժանդակ զորքեր տրամադրել իրեն։ Ամեն տեսակի սպառնալիքներով ու խորամանկություններով Պոմպեոսը կարողացավ համախմբել արձակուրդավոր զինվորներին, որոնք հրաժարվել էին ծառայել Լուկուլլոսին։ Դեռ Կիլիկիայում գտնվելիս կարճ ժամանակամիջոցում նա կազմեց ավելի քան հիսունհազարանոց նոր բանակ։ Փոքր Ասիա գալուն պես Պոմպեոսը այդ բանակին պետք է միացներ այնտեղ գտնվող Մարկիուս Ռեքսի երեք լեգեոնները՝ ավելի քան տասնութ հազար մարդ, ինչպես նաև Հռոմի դաշնակից Բյութանիայի, Գալաթիայի և Փռյուգիայի զորքերը։

Պոմպեոսը մարտական որոշումներ ընդունելիս իրեն դրսևորել է որպես փորձված և զգույշ զորավար, նախքան ռազմական երթը սկսելը նա զգուշությամբ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը դիվանագիտորեն նախապատրաստելու համար։ Բարեկամական բանակցությունների անվան տակ, բայց իրականում հետախուզական և լրտեսական նպատակներով, նա Պոնտոսի թագավոր Միհրդատի մոտ որպես դեսպան է ուղարկում վտարանդի Միտրոֆանին։ Պոմպեոսը շտապեց հայկական և պոնտական թագավորների դեմ դաշինք կնքել ու բանակցություններ վարել պարթևական թագավոր Հրահատ III-ի հետ՝ խոստանալով Հրահատին վերադարձնել ամբողջ Միջագետքը մինչև Եփրատ գետը և Տիգրանի նվաճած պարթևական բոլոր երկրները։ Այդ պայմանագրով Հրահատը պարտավոր էր Հայաստանի վրա հարձակվել հարավ-արևելքից, երբ Պոմպեոսը մարտական գործողություններ սկսեր նախ Պոնտոսի, այնուհետև հայոց թագավորի դեմ։

66 թ. սկզբին Տիգրանի դեմ է ապստամբում փոքր որդին՝ Տիգրան կրտսերը։ Տիգրան II-ը դադարեցնում է իր հաղթական արշավանքը Կապադովկիայում և վերադառնում է Հայաստան։ Տիգրան կրտսերը փախչում է Տիզբոն, ամուսնանում Հրահատ III-ի աղջկա հետ և պարթևական բանակով արշավում Տիգրան II-ի վրա։ 66 թ. սկզբին քաղաքական իրադրությունը աննպաստ էր դաշնակից թագավորների՝ Տիգրան II-ի և Միհրդատ Եվպատորի համար։

Պոմպեոսը 66 թ. գարնանը լավ նախապատրաստությունից հետո մեծ բանակով ներխուժեց Պոնտոս։ Աստ Մոմզենի, այդ բանակը կազմված էր 40-50 հազար միայն հռոմեացի մարտիկներից, չհաշված դաշնակիցների օժանդակ զորքերը։ Ըստ Ռեյնաքի ենթադրության, հիմնական հռոմեական բանակը կազմված էր 60 հազար մարդուց։ Մանանդյանը գտնում է, որ Պոմպեոսը Պոնտոս ներխուժելիս ունեցել է ավելի քան հիսուն հազար մարտիկ միմիայն հռոմեացիներ, իսկ դաշնակից երկրների օժանդակ զորքերի հետ միասին Պոմպեոսի զորքերի քանակր հասել է 100-110 հազար մարտիկի։ Բացի այդ, 270 նավեր սպառնում Էին Պոնտոսի ափերին։ Այդ վիթխարի ուժի դեմ Լուկուլլոսի արշավանքներից ավերված և ուժասպառ Պոնտական պետությունն անզոր էր պաշտպանվել։ Պաշարված լինելով Դաստեյրի մոտ, Միհրդատը չկարողացավ խուսափել մարտից։ Ճակատամարտը տեղի ունեցավ։ Միհրդատի զորքերը կրեցին ծանր պարտություն։ Միհրդատը հազիվ փրկվեց և փախավ Հայաստանի սահմանի վրա գտնվող Սինորիա բերդը։

Մինչ Պոմպեոսը պատերազմ էր մղում Միհրդատի դեմ, Հրահատ III-ը պարթևական բազմաքանակ զորքով, հոր դեմ ապստամբած Տիգրան կրտսերի և հայ խռովարար նախարարների ուղեկցությամբ, ներխուժեց Հայաստան և, գրավելով երկրի հարավ-արևելյան շրջանները, հասավ Արտաշատ։ Հանկարծակիի եկած Տիգրան II-ը ստիպված փախավ Հայաստանի լեռնային շրջանները։ Տիգրանին հավատարիմ բերդի կայազորը համառ դիմադրություն ցույց տվեց։ Քաղաքի պաշարումը խիստ երկարաձգվեց։ Վրա հասավ ձմեռը։ Հրահատը պարթևական զորքերով վերադարձավ իր երկիրը ձմեռելու, զորքերի մի մասը թողնելով Տիգրան կրտսերին՝ պաշարումը շարունակելու համար։ Սակայն Հրահատի հեռանալուց հետո Տիգրան II-ը վերադառնում է և, իր շուրջը հավաքելով երկրի ռազմական ուժերը, հարձակվում է դավաճան որդու և ապստամբ հայ նախարարների վրա, ջախջախում, հետապնդում է նրանց ու գրավված շրջաններում վերականգնում է իր իշխանությունը։ Այս անգամ Տիգրան կրտսերը փախչում է իր պապ Միհրդատ Եվպատորի մոտ, բայց, ճանապարհին իմանալով, որ Պոմպեոսը սրան ջարդել է, փոխում է ծրագիրը, ներկայանում է Պոմպեոսին և սկսում դավեր նյութել հոր դեմ։

Պոմպեոսը Տիգրան կրտսերին հանդիպելուց հետո դադարեցրել է Միհրդատի ջախջախված զորքերի հետապնդումը, իջել է Արաքս գետի հովիտը՝ հայոց թագավոր Տիգրան II-ի դեմ պատերազմելու համար։ Տիգրան կրտսերը բազմապիսի օգնություն է ցույց տվել թշնամուն, մինչև իսկ դարձել է հռոմեական զորքերի ուղեկցող և ուղիղ գծով նրանց հասցրել Արտաշատ։

Տիգրան II-ը համոզվում է, որ երկու ճակատով՝ մի կողմից Հրահատ III-ի, մյուս կողմից՝ Պոմպեոսի դեմ պատերազմ վարելը անհնար է։ Ուստի ծերունի Տիգրանը բանակցություններ է սկսում Պոմպեոսի հետ։ Բայց Տիգրան կրտսերը ամեն տեսակ խոչընդոտներ է հարուցում և ամեն կերպ դժվարացնում սկսված բանակցությունները, որով և խանգարում է իր հորը՝ Տիգրանին, հաշտություն ձեռք բերել չափավոր և շահավետ պայմաններով։

Պոմպեոսը հյուսիսային կողմից մոտենում է Արտաշատին և զորքերը դասավորում քաղաքից ոչ հեռու (երեք մղոն հեռավորությամբ), չհանդիպելով որևէ դիմադրության։ Այնուհետև, նա իր դեսպաններին զորքերի փոքրիկ կայազորով ուղարկում է բանակցություններ սկսելու, ավելի ճիշտ՝ բանակցությունների հրավիրելու Տիգրանին։

Տիգրանը, հաշվի առնելով ստեղծված դրությունը, չի խուսափում բանակցություններից և Պոմպեոսի հետ կնքում է մի պայմանագիր, որով հրաժարվում է իր բոլոր նվաճումներից Սիրիայում, Արևելյան Կիլիկիայում, Փյունիկեում, Կապադովկիայում, Կորդուքում և Ծոփքում։ Պոմպեոսի և Տիգրան II-ի կնքած պայմանագրից դժգոհ է մնում Տիգրան կրտսերը։ Նա հրաժարվում է կատարել պայմանագրում իրեն վերաբերող պարտականությունը, որի պատճառով Պոմպեոսը բանտարկում է նրան։

Չնայած Հրահատ III-ի դժգոհությանը, Պոմպեոսը շարունակում է հավատարիմ մնալ կնքված պայմանագրին և Տիգրան II-ին նույնպես դասում է «Հռոմի բարեկամների ու դաշնակիցների» շարքը։ Հրահատի համար վրդովեցուցիչ է եղել մանավանդ իր փեսա՝ արքայորդի Տիգրանի բանտարկությունը։ Այդ բանտարկությունը Հրահատ III-ը համարեց թշնամական ակտ, դեսպան ուղարկեց Պոմպեոսի մոտ և պահանջեց իրեն վերադարձնել Տիգրան կրտսերին։ Պոմպեոսը ուշադրություն չի դարձնում Հրահատի բազմաթիվ բողոքներին և Տիգրան կրտսերին ու նրա կնոջն ուղարկում է Հռոմ՝ իր հաղթանակի առթիվ տեղի ունեցող հանդիսավոր երթին մասնակցելու։

Հռոմեական զորավար Լուկուլլոսը հռոմեական Սենատին հղած իր զեկույցներում ու հաղորդումներում ամեն տեսակ անհեթեթություններ է գրել հայ ժողովրդի և նրա թագավոր Տիգրան II-ի զորավարական տաղանդի մասին, իսկ Լուկուլլոսի հռոմեական պատմաբան-գովերգուներ Պլուտարքոսը, Ապպիանոսը և մյուսները, օգտվելով այդ աղբյուրներից, աչառու կերպով ձգտել են չնչին չափերի հասցնել ականավոր պետական գործիչ և զորավար Տիգրանի գործունեությունը, որին մի շարք պատմաբաններ իրավացիորեն անվանել են Տիգրան Մեծ։

Քսանհինգ տարվա րնթացքում (95-70թ. մ.թ.ա.), Տիգրան II-ը կարողացել է միացնել հայկական հողերը, նվաճել հարևաններից այն մարզերը, որտեղից իր երկրի համար կարող էր վտանգ ծագել։ Պարթևստանի դեմ Հռոմի մղած բոլոր պատերազմներում հռոմեացիներին երբեք չի հաջողվել հնազանդեցնել պարթևներին։ Իսկ Տիգրանը 84 թ. (մ.թ.ա.) ջարդել է պարթևներին, նրանց դուրս է քշել Միջագետքից, գրավել է Մծբինը, Ատրպատականը և դարձել Կասպից ծովի հարավային ու արևմտյան ափերի միանձնյա տիրակալը։

Զորավարական այդպիսի սխրագործությունը անմատչելի է եղել Հռոմի որևէ զորավարի։

Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ Տիգրանի մղած բոլոր այն պատերազմները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի սահմաններից ներս և նպատակ են ունեցել միավորել հայկական մասնատված շրջանները, եղել են արդարացի պատերազմներ, իսկ այն դեպքում, երբ պատերազմները տեղի են ունեցել հայկական սահմաններից դուրս, օտար հողի վրա՝ եղել են նվաճողական պատերազմներ։ Չպետք է մոռանալ, որ Տիգրան II-ը ևս իր ժամանակի արևելևան բռնակալ թագավորներից մեկն է եղել։ Սակայն «Տիգրան II-ը ինքն էլ է եղել զինվոր, — ասում է Ամֆիտեատրովը, — ուստի նրա քառասունամյա թագավորությունը եղել է և´ պատերազմական, և՛ մարտական, և նա, նույնիսկ 80-ամյա հասակում, անձամբ հայտնվում էր մարտի դաշտում»:

Տիգրան II-ին է վիճակված եղել բարձրացնել իր բանակի հզորությունը, ամրացնել երկրի պաշտպանությունը, սպառազինել իր զորքերը նոր զենքերով և զարգացնել նրա մարտավարության ռազմական արվեստը։

Նրա վարած մարտերի ու ճակատամարտերի փորձը ցույց է տվել նոր տեսակի զորքերի կազմակերպման անհրաժեշտությունը՝ մարտի հաջողությունն ապահովելու համար։ Այդպիսի զորքերից էին սակրավոր ջոկատները և մարտական կառքերը։ Աղեղով և սրերով զինված սակրավոր զորամասերի համար ստեղծվել են ամրաշինական հատուկ գործիքներ` ճանապարհներ անցկացնելու, կամուրջներ կառուցելու, անտառներ կտրելու և այլն։

Այդ նոր տեսակի զորքերը բաշխվել են ըստ ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։

Զորքերի ընդհանուր քանակը, ներառյալ և բդեշխների զորքերը, կազմել է մոտավորապես 61-62 հազար հետևակ և 35-36 հազար հեծյալ։

Տիգրանին է պատկանում ռազմական այն տակտիկան, որով պետք է հակառակորդին քաշել երկրի խորքը, տանել անծանոթ վայրերով և հարված հասցնել այնտեղ, որտեղ նրան չի սպասում հակառակորդը, օգտագործելով անմատչելի բարձունքները, անանցանելի կիրճերն ու անտառների խուլ տեղերը` հակառակորդի զորքերին անդարմանելի հարվածներ հասցնել և պարտության մատնել։

Մարտը կազմակերպելու համար կատարել տեղանքի ընտրություն՝ հաշվի առնելով հետևակի, հեծելազորի և մյուս տեսակի զորքերի մարտ վարելու հատկությունները։

Մարտը կազմակերպելիս հմտորեն օգտագործել կլիմայական պայմանները։

Ռազմագիտության տեսակետից ճիշտ որոշել մարտական գործողությունների գլխավոր ուղղությունները։

Մարտը կազմակերպելուց առաջ Տիգրանը հմտորեն գնահատել է հակառակորդի զորքերի ֆիզիկական ու բարոյական վիճակը, ըստ այդմ էլ կազմակերպել է իր զորքերի մարտական գործողությունները։

Առաջին անգամ նա է արմատավորել մեծաքանակ կազմակերպված բանակով պարտիզանական մարտեր վարելու եղանակները։

Մարտը սկսելուց առաջ Տիգրանը կազմակերպել է մանրազնին հետախուզություն` հակառակորդի ուժերը և կազմը հայտնաբերելու համար։

Տիգրանը և Միհրդատ Եվպատորը եղել են Փոքր Ասիայի այն ժամանակի առաջին զորավարները, որոնք այդ երկրների ժողովուրդների պատմության մեջ առաջին անգամ գործադրել են հակառակորդին խաբելով ծուղակի մեջ գցելու, իրենց երկրի խորքերը քաշելու, ուժասպառ ու արյունաքամ անելու և մանր ու արագընթաց մարտերով և անսպասելի հարվածներով, իսկ այնուհետև հակահարձակման անցնելով նրան ջախջախելու տակտիկան։

Ահա թե ինչու Տիգրանին չի կարելի դասել սովորական և միջակ զորավարների շարքը։

Տիգրան II-ը, վերոհիշյալ դրական գծերի հետ, ունեցել է նաև շատ թերություններ։

«...Ասիայի մեծ անունները եղել են կամ նվաճողների կամ շինարարների անուններ, ուրիշ անուններ չկան,— գրում է Ամֆիտեատրովը։— Բայց պատմաբանների ուշադրությանը նրանք արժանանում են միայն այն դեպքում, երբ իրենց իշխանությունը գործադրել են իրենց պետությունները կազմակերպելու, դրանց մեջ վարչակարգ հաստատելու և աշխատանքը հովանավորելու։ Այդ իսկ հայացքով Տիգրանը ոչնչով չի զիջել ո՛չ Դարեհին, ո՛չ Նաբուգոդոնոսորին։ Միայն պետք է ցավել, որ նա զերծ չի եղել նաև Քսերքսեսի ու Սարդանբալի խևությունից, թեթևամտությունից և փափկակեցությունից...»:

Այնուհետև Ամֆիտեատրովը գրում է. «Հայկական հնադարյան ավանդավեպի մեջ Տիգրան Հայկազնը մնացել է հզորագույն դեմք, դյուցազնական էպոսի արքայական կենտրոն, բիլինաների վեհապետ Արթուր արքայի, Վլադիմիր Կրասնի-Սոլնիշկայի նման, կամ գուցե ավելի ճիշտ կլինի համեմատել՝ Իվան Ահեղի հետ...»: 
Տիգրան II-ը մահացել է 56—55 թ. (մ.թ.ա.), ապրելով ութսունհինգ տարի։


Աղբյուր: http://ayrudzi.info/news/1 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 1158 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]