// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Նորագույն հետազոտողներ ակադ. Հ.Մանանդյանը և մյուսները Տիգրանի զորքերի քանակին վերաբերող տվյալները բացահայտորեն խիստ չափազանցված են համարում։ Այդ գիտնականները իրականությանն ավելի մոտ են համարում Մեմնոնի տվյալները, ըստ որի Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրանի զորքն ունեցել է 80000 մարդ, և Ֆլեգոն Տրալլացու տեղեկությունները, ըստ որի Տիգրանի բանակը կազմված է եղել 30000 ձիավորից և 40000 հետևազորից։ «...Ւնչպես հայտնի է,— գրում է Մանանդյանր,— հռոմեական զորավարներն իրենց պաշտոնական զեկուցագրերում թշնամու բանակի մասին տալիս էին միշտ չափազանցված ու սուտ տեղեկություններ»:

Հ.Մանանդյանը շատ դիպուկ նկատում է, որ եթե Տիգրանն ունենար 260 հազարանոց բանակ, ապա նա այդպիսի հսկայական բանակով, մեծաքանակ գումակով, տարբեր բեռնատար կենդանիներով չէր կարող տեղափոխվել Տավրոսի լեռների նեղ կածաններով։ Մանանդյանը գտնում է, որ «Տիգրանի զորքը կարող էր Լուկուլլոսի զորքից ավելի լիներ ոչ թե քսան, այլ առ առավելն երկու անգամ»։ Կարելի է ասել, որ այդքան էլ չի եղել, և դա հաստատվում է այն ժամանակ Հայաստանի համար ստեղծված վիճակից։ Հայոց զորքերի մի մասը հենց այդ ժամանակ զորավար Բագրատունու գլխավորությամբ գտնվել է Սիրիայում և պաշտպանել է Տիգրանի նվաճումները։ Մյուս մասը Տիգրանի եղբայր Գուրոսի գլխավորությամբ պահպանել է Մծբինը (Նիզիբիան), երրորդ մասը պաշտպանել է սահմանները պարթևների և հռոմեացիների կողմն անցած Ծոփքից և կորդուեններից, այնպես որ Հայաստանի մնացած երկրամասերից, ինչպես և դաշնակից Աղվանքից, Իբերիայից ու Մեդիայից Տիգրանը կարող էր կազմավորել իր զորքը, լավագույն դեպքում, ոչ ավելի, քան 70000 մարդ։

Ըստ Պլուտարքոսի, գրում է Մանանդյանը, Տիգրանն իր զորքերի մարտական կարգը դասավորել է «150-200» մետր բարձրությամբ բլուրի հարավ-արևմտյան զառիվայրի վրա, ընդհանուր ճակատով՝ հետևազորը, աջ թևում, ելուստն առաջ՝ ամբողջ հեծելազորը1։ Տիգրանը դասավորել է մարտական կարգը՝ առջևից և կենտրոնում հեծելազորը, նրա հետևից հետևակը, ապա գումակային զորամասերը2։ Տիգրանը չի զբաղեցրել «150 — 200» մետր նշված բլուրը։ Տիգրանի զորքերի դասավորման մասին կազմված սխեմաները ճիշտ չեն։ Նրանց մեջ չեն ցույց տված Տիգրանի զորքերի զրահավոր հեծելազորի, սակրավոր զորամասերի և գումակի դասավորումը։ Կենտրոնի առաջ եղել է թեթև հեծելազորը, որի վրա Լուկուլլոսը հրամայել է հարձակվել փռյուգիական և գալլական հեծելազորին։ Թեթև հեծելազորի հետևից շարված է եղել հետևակը, սրա հետևից՝ սակրավորները։ Հայկական բանակի աջ թևում նույնանման դասավորվել են Հայաստանի դաշնակից Ատրպատականի և Մարաստանի, իսկ ձախ թևում՝ Ադիաբենի, Իբերիայի և Աղվանքի զորքերը։

Կենտրոնական զորքերը գլխավորել է անձամբ Տիգրանը։ Աջ թևի զորքերի հրամանատարությունը նա դրել է Մարաստանի թագավորի վրա, իսկ ձախ թևինը տվել է Ադիաբենի թագավորին, որի զորքերի կազմի մեջ է եղել իբերիական բանակը։

69 թ. հոկտեմբերի 5-ի գիշերը իր զորքերով եկել է Լուկուլլուսը և բանակ դրել Բաթման գետի աջ ափին, որտեղ այդ գետը միանում է Ֆարկինի հետ։ Լուկուլլոսը մանրազնին հետախուզել է Տիգրանի զորքերի մարտական կարգերի դասավորումը և պարզել, որ Տիգրանի զորքերի գումակի անմիջապես հետևում գտնվող բլուրը հայկական զորքերը չեն գրավել, ուստի որոշել է ինքը գրավել։ Դրա համար գետն անցնելու տեղ է գտել Բաթմանի հոսանքի արևելքից-արևմուտք ոլորանում։ Դասավորելով հեծելազորի մարտական կարգերը Բաթման-սու գետի աջ ափին, իր հեծելազորին հրամայում է թշնամուն նեղել ճակատի կողմից, նրան քաշել դեպի իրեն և կամավոր կերպով ետ նահանջել, որպեսզի հետապնդողների շարքերը քայքայվեն։ Իսկ ինքը հետևազորի հետ միասին անցնելով թշնամու թիկունքը՝ գաղտնաբար զարտուղի ճանապարհներով բարձրանում է բլուրը1։ Այդ ծածուկ զարտուղի գետանցը կատարվել է ըստ երևույթին հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը (69 թ. մ.թ.ա.):

Ճակատամարտի առաջին փուլը։ Երբ Լուկուլլոսը հասնում է «150-200» նշանագրված բլուրին, իր հեծելազորին ազդանշան է տալիս սկսել մարտը։ Փռյուգիական, գալլական և հռոմեական հեծելազորները մոտենում են Տիգրանի բանակատեղին և, ըստ Լուկուլլոսի նախօրոք տված հրահանգի, գալիս շրջվում են, հասկացնելով, թե իբր նահանջում են։ Այն ժամանակ, գրում է Պլուտարքոսը, «Տիգրանը ծիծաղելով կանչեց Տաքսիլեսին և ասաց. «Մի՞թե դու չես տեսնում, որ հռոմեական զորքերը փախչում են առանց ճակատ տալու»։ Իսկ Տաքսիլեսը պատասխանեց. «Ես կուզենայի, ո՜վ թագավոր, որ այդպիսի մի բան քո բախտից հանկարծ պատահեր, սակայն, ճանապարհ գնալիս՝ ոչ փայլուն հանդերձանքներ են հագնում, ոչ էլ մաքրված վահաններ ու մերկ սաղավարտներ, ի՞նչպես է, որ այժմ դուրս են հանված զենքերը կաշվե պատյանների միջից. այդ պայծառությունը, սակայն, սպասվող ճակատամարտի և, անշուշտ, թշնամու դեմ ելուստի համար է»»:

Տիգրանի զորքերը սկսում են հետապնդել հռոմեական նահանջող հեծելազորին և երկարաձգվում են լայնարձակ ճակատով։ Հայկական զորքերի շարքերը նոսրանում են և, տարվելով հետապնդմամբ, նրանք մոռացության են տալիս թիկունքում անպաշտպան գտնվող իրենց մեծաքանակ գումակն ու բեռնատար կենդանիներին։ Հակառակորդի այդ «փախուստից» Տիգրանը կարծում է, թե ինքը հաղթանակել է:

Երկրորդ փուլը։ Գիտելով մարտի ընթացքը, Լուկուլլոսը նկատում է, որ իր հեծելազորի կեղծ նահանջի ցույցը կատարվում է հաջող, որ Տիգրանի զորքերը զվարճանում են իրենց հաղթանակի հույսով։ Այն ժամանակ նա բարձրացնում է դիրքերից իր ամբողջ հետևակը և նետվում Տիգրանի գումակի ու բեռնատար կենդանիների վրա։ «Իսկ գրաստագումակն իսկույն աղմկելով փախավ և ընկավ հետևազորի վրա, հետևազորը՝ հեծելազորի վրա,— գրում է Ապպիանոսը։— Այնուհետև պարտությունը եղավ լիակատար, որովհետև հռոմեական հեծելազորը ևս ետ դառավ ու կոտորեց նրանց, որոնք հարձակվելիս ցրվել էին հեռուներր։ Իսկ գրաստագումակը, սեղմված լինելով՝ ընկել էր մյուսների վրա։ Եվ այդ մեծ խուճապի մեջ շատերը տրորվել էին ոտքերի տակ, բայց չգիտեին ճշտիվ, թե որտեղից էր սկսվել այդ արհավիրքը»:

Երրորդ փուլը։ Հռոմեական զորքը հետապնդում է Տիգրանի զորքերին։ Պարտություն կրելով, Տիգրանի զորքերը դիմում են փախուստի։ Լուկուլլոսի զորքերը սկսում են հետապնդել նրանց։ Տիգրանի նահանջող զորքերը դիմադրություն են ցույց տալիս հռոմեացիներին։ Նրանք դեռ լուրջ վտանգ էին ներկայացնում Լուկուլլոսի համար, ուստի վերջինս իր զորքերին ստիպում է չտարվել թալանով, որը կարող է իրենց շարքերը թուլացնել։ Եվ երբ մոտենում է գիշերային խավարը, Տիգրանի զորքերը պոկվում են հռոմեացիների հետապնդումից և անցնում Տավրոսի լեռները։ Հռոմեացիների համար վտանգը վերացած է լինում, ուստի միայն այդ ժամանակ Լուկուլլոսը թույլատրում է զբաղվել ավարառությամբ։ Այդ մասին պարզ վկայում է Ապպիանոսը. «Կոտորածը շատ մեծ եղավ, որովհետև ոչ ոք ժամանակ չէր կորցնում կողոպուտի վրա, այդ խստիվ արգելել էր Լուկուլլոսը. ուստի և, ձեռք չտալով նույնիսկ ապարանջաններին ու մանյակներին, նրանք առաջ էին գնացել մոտ 120 ստադիոն1, մինչև որ վրա էր հասել գիշերր։ Իսկ այնուհետև միայն նրանք վերադարձան ու կողոպտեցին դիակները, որովհետև այդ այժմ թույլ էր տվել Լուկուլլոսը»:

Հռոմեական գրեթե բոլոր պատմաբանները միակողմանի մատնանշում են այդ ճակատամարտում հայկական զորքերի կորուստները, չեն ցույց տալիս իրենց կորուստները: Օրինակ, Պլուտարքոսը, օգտվելով Լուկուլլոսի զեկուցագրերից, հաղորդում է. «...ասում են, որ [հայկական] հետևազորից կոտորվել էր ավելի քան 100000 մարդ, իսկ հեծելազորից շատ քչերն էին ազատվել։ Հռոմեացիներից վիրավորվել էին 100 մարդ և սպանվել 5 մարդ»: Կասկածից դուրս է, որ կորուստների այդպիսի հարաբեբակցությունը անհավատալի է և ցույց է տալիս Լուկուլլոսի հաղորդումների ստահոդ լինելը։

Էքհարդի «կարծիքով,— գրում է Հ. Հ. Մանանդյանը,— իրականին կարող է համապատասխան լինել ավելի շուտ Փլեգոն Տրալլացու վկայությունը, որի մոտ Տիգրանի զորքի ամբողջ կորուստը ցույց է տրված մոտավորապես 5000 մարդ։ Այս փոքր թիվն ինձ ևս ստույգ և գերադասելի է թվում, որովհետև Փլեգոնի տեղեկությունը ակներևաբար քաղված է փոքրասիական չեզոք աղբյուրից, իսկ այդ աղբյուրները, ինչպես մեր ուսումնասիրության ընթացքում տեսանք, ավելի արժանահավատ են, քան հռոմեական կողմնապահ ու աչառու երկերը»:

Իրականությունն այն է, որ այդ ճակատամարտը չէր կարող լինել այդքան արյունահեղ, որտեղ, ըստ Պլուտարքոսի, զոհված հայոց հետևակի թիվը հասել է 100000-ի, իսկ հեծյալներինը՝ 50000-ի։ Նույն Պլուտարքոսի և Ապպիանոսի վկայությունների համաձայն, մարտի հենց սկզբից, Տիգրանի բանակի թիկունքում ստեղծված խառնաշփոթության հետևանքով, Տիգրանն իսկապես ստիպված էր նահանջել՝ հռոմեացիներին համառ դիմադրություն ցույց տալով։ Հետևապես, այդպիսի մեծաքանակ կորուստ չէր կարող լինել։

Հայկական բանակին հաղթելուց հետո Լուկուլլոսը ավելի համարձակ և անվախ ուժեղացրեց Տիգրանակերտի պաշարումը։ Քաջարի զորավար Մանկայոսի գլխավորությամբ հռոմեացիներին դիմադրող Տիգրանակերտի հերոսական կայազորն արդեն որևէ օգնություն չէր կարող սպասել Տիգրանի թագավորական բանակից։ Տիգրանակերտի միջնաբերդի մարտական կայազորը բերդի պատերից թեև տեսավ թագավորի մեծաքանակ բանակի անկանոն նահանջը, այնուամենայնիվ, ո՛չ միայն չհանձնվեց, այլև շարունակեց ավելի համառորեն պաշտպանվել։ Եթե հռոմեացիներին հաջողվեց առանց խոշոր կորուստների և արյունահեղ մարտերի տիրանալ Տիգրանակերտին, ապա այդ կատարվեց Տիգրանակերտում գտնվող հույների դավաճանության և ապստամբության պատճառով։ Տիգրանակերտում կային մեծ թվով հույն գերիներ, որոնց Տիգրանը գերեվարել էր Կիլիկիայից և Կապադովկայից ու բերել էր մայրաքաղաքը կառուցելու համար։ Այդ հույները թեև դժգոհ էին Տիգրանից, սակայն, կայազորի հայկական զորամասերի հետ մեկտեղ, շարունակում էին պաշտպանել բերդը։ Բնավ էլ պատահական չէր, երբ Մանկայոսը հույներին կասկածեց դավաճանության մեջ և զինաթափ արեց նրանց, որից հետո միջոցներ ձեռք առավ նրանց բանտարկելու։ Իսկ հույները, գրում է Ապպիանոսը, «...վախենալով, որ իրենք կկալանավորվեն, բրերով զինված միասին գնացին և բանակ դրին բացօթյագում։ Իսկ երբ Մանկայոսը նրանց դեմ զինված բարբարոսներ ուղարկեց` նրանք, վերնազգեստները վահանների փոխարեն կապկպելով ձախ ձեռքերին՝ խիզախաբար հարձակվեցին դրանց վրա։ Եվ ում որ սպանում էին՝ իսկույն նրա զենքերը բաժանում էին իրար մեջ։ Իսկ երբ նրանք իրենց, որքան կարող էին, բավարարեցին՝ գրավեցին երկու աշտարակների միջև եղող պարսպի տարածությունը, կանչեցին դրսից հռոմեացիներին և ներս թողին վեր եկողներին։ Այսպես առնվեց Տիգրանակերտը, և նրա մեծ հարստությունները մատնվեցին կողոպուտի»:
 
Հույների դավաճանությունը և նրանց ապստամբությունը բերդը պաշտպանող հայերի դեմ՝ նախօրոք պատրաստել էր Լուկուլլոսը, խոստանալով ազատել նրանց և դրամով ապահովել հայրենիք վերադառնալու: Մայրաքաղաքում գտնվող թանկարժեք իրերը նա պահեց իրեն, իսկ քաղաքը տվեց զինվորներին թալանելու,— հաստատում է Պլուտարքոսը։ Բացի ուրիշ թանկարժեք իրերից նրա (քաղաքի) մեջ գտնվեց ութ հազար տաղանդ (մոտ 17 միլիոն ռուսական ոսկի ռուբլիներով)։ Դրա հետ միասին Լուկուլլոսը ձեռք բերած ավարից ամեն մի զինվորին տվեց ութ հարյուր դինար (ամեն մեկին՝ մոտ 280 ռուբլի ոսկով):
 
Տիգրանակերտի անկումը Հայաստանի համար քաղաքական ծանր հետևանքներ ունեցավ. Տիգրանի նվաճած բոլոր երկրները՝ Հյուսիսային Միջագետքը, Աիրիան, Արևելյան Կիլիկիան, Կոմագենը անջատվեցին Մեծ Հայքից և ընդունեցին Հռոմի գերիշխանությունը։ Տիգրանակերտը գրավելուց հետո Լուկուլլոսը իր բանակով 69/68 թ. ձմեռը անցկացրեց Կորդուքում։ Տիգրանակերտի մոտ հայկական զորքերի պարտության պատճառներն են՝ հարձակողական գործողությունների մտածված ծրագրի բացակայությունը, հայկական հողերի միացման գործում ձեռք բերած թեթև հաջողություններից Տիգրանի արբեցած լինելը, նրա քաղաքական անհեռատեսությունը, որ չի հավատացել Հռոմի հնարավոր ագրեսիային, անհոգ է եղել ու չի նախապատրաստել իր զորքերը պատշաճ դիմադրություն ցույց տալու համար։

Ճակատամարտից առաջ Տիգրանի թույլ տված սխալներն են.

1. Նկատի ունենալով հռոմեական բանակի համեմատաբար փոքր թիվը, Տիգրանը հավատացած է եղել իր հարձակողական գործողությունների հաջողություններին։ Այստեղից էլ բխել է ճակատամարտի նրա չմտածված հապճեպ կազմակերպումը, որի հետևանքը եղավ Տիգրանակերտի ծանր պարտությունը։

2. Մանրազնին հետախուզության բացակայությունը հնարավորություն չի տվել Տիգրանին ճշտորեն հայտնաբերել հակառակորդի ուժերն ու խմբավորումները, ինչպես և հռոմեական բանակի մտադրությունը։

3. Մարտը կազմակերպելիս Տիգրանը աչքաթող է արել թիկունքին սպառնացող վտանգը և հուսալի վերջապահ զորքով չի ապահովել գումակը, բեռնատար անասունները և մյուս թիկունքային զորամասերը։

4. Իր զորքերի մարտական կարգերը կառուցելիս Տիգրանը տեղանքին հատուկ նշանակություն չի տվել և չի գրավել վայրի վրա իշխող բարձունքները։ Ինչ չի արել Տիգրանը, արել է Լոլկուլլոսը։

5. Ճակատամարտում Տիգրանի անհեռատեսությունը արտահայտվել է նրանով, որ նա չի կարողացել կռահել հակառակորդի մտադրությունը և իր հետևակի ու հեծելազորի բոլոր ուժերով սկսել է հետապնդել Լուկուլլոսի կեղծ նահանջ ցուցադրող փոքրաքանակ հեծելազորին, որից երկարաձգել է ճակատը, մարտական ուժերի շարքերը նոսրացել են և զորքերի մարտական կարգերը թուլացել։

6. Հույս դնելով իր մեծաթիվ զորքերի վրա, Տիգրանը աչքաթող է արել այն կարևոր հանգամանքը, որ այդ զորքերը կազմված են նվաճված տարբեր երկրների ցեղերից, միասնական, ընդհանուր և պարզ նպատակի ձգտող մարտական ուժերի կոլեկտիվ չեն և պատրաստ են մասնատվել առաջին իսկ ոչ հզոր հարվածից։ Մոռացության տալով այդ կարևոր հանգամանքը, Տիգրանը չի հոգացել միաձուլել նրանց մի միասնական դրոշի ներքո, որից և հռոմեական զորքերի առաջին իսկ լուրջ հարվածը ժողովուրդների այդ փխրուն խառնակույտը տրոհել է ու քայքայել։

7. Տարվելով իր երկրի քաղաքների խաղաղ շինարարությամբ, տնտեսության և հելլենիստական մշակույթի ու արվեստի զարգացմամբ, Տիգրանը աչքաթող է արել հռոմեական Սենատի երկերեսանի քաղաքականությունը, չի հավատացել, որ Հայաստանի դեմ Լուկուլլոսը պատերազմ կսկսի առանց սենատի թույլտվության։

Չի կարելի համաձայնել այն պատմաբանների հետ, որոնք Տիգրանի պարտության պատճառը համարում են միայն Տիգրանի և Միհրդատ Եվպատորի միջև դաշինք չլինելը։

Լուկուլլոսը «զարմացավ,— ասում է Պլուտարքոսը,— որ Տիգրան արմենը, որը մտադրություն էր ունեցել հարձակվելու հռոմեացիների վրա՝ Միհրդատին պատերազմի համար չէր օգտագործել, երբ նա դեռ հզոր էր, և չէր միացրել իր ուժերը նրա մեծ ուժերի հետ, այլ թույլ էր տվել, որ դրանք պարտվեն ու ջախջախվեն, իսկ այժմ, երբ այդ ուժերն անկարելի է արդեն վերականգնել՝ նա պատերազմը սկսել է չնչին հույսերով, մատնելով իրեն կորստյան»:

Այդ իսկ պատրվակով Պլուտարքոսը Հռոմի հետ սկսած պատերազմի մեղքը դնում է հայոց թագավոր Տիգրանի վրա, այլ ոչ Լուկուլլոսի, որպեսզի Հռոմի Սենատի առաջ արդարացնի Հայաստանի դեմ Լուկուլլոսի ձեռնարկած գործողությունները։ Չի կարելի համաձայնել ոմանց հայտնած այն կարծիքի հետ, որ Տիգրանը կարող էր փրկվել, եթե չհրաժարվեր Միհրդատ Եվպատորի հետ դաշինք կնքելուց։ Ցավոք, այդ տեսակետը պաշտպանում է նաև հայրենական պատմաբանների մի մասը։ Նրանք, ոչինչ չապացուցելով, ելնում են միայն այն բանից, որ եթե Տիգրանը և Միհրդատը միատեղ գործեին, հռոմեացիները այդ դաշինքի դեմ մղած պատերազմում հաջողություն չէին ունենա։

Փոքր Ասիայի և Պոնտոսի դեմ Սուլլայի և Լուկուլլոսի մղած արշավանքների տարիներին Տիգրանի և Միհրդատի միջև դաշինք չի կնքվել, որովհետև այդ ժամանակ Տիգրանը զբաղված էր իր պետության ամրապնդմամբ, բանակը վերակազմելով և նրա զինվորական կարգապահությունը բարձրացնելով, հելլենիստական կուլտուրա տարածելով, նոր քաղաքներ, այդ թվում Տիգրանակերտ մայրաքաղաքը, կառուցելով։ Մյուս կողմից, Տիգրանը հաշվի է առել, որ եթե ինքը պատերազմ սկսի Հռոմի դեմ, ապա պարթևական պետությունը, օգտվելով այդ հանգամանքից, կարշավի Հայաստանի վրա։ Այդ հանգամանքներն էլ դարձել են Տիգրանի չեզոքության պատճառը։

Հետևապես, իրավացի չեն այն պատմաբանները, որոնք Տիգրանի ճակատագրական սխալը համարում են այն, որ նա հրաժարվեց մասնակցել Հռոմի դեմ Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի վարած պատերազմին։

Չի կարելի համաձայնել նույնպես գերմանական գիտնական Հանս Դելբրյուկի հետ, որը Տիգրանակերտի պարտության առթիվ գրում է. «Հայոց թագավորը... ինքը տիրել է մի աննշան լեռնային սակավաբնակ պետության, հանել փոքրաթիվ զորք, հայերին էլ ընդհանրապես հազվադեպ են վերագրվել մարտական հակումներ»1։ Այստեղ Դելբրյուկը աչքաթող է արել Յուստինի հայտնի ցուցումը, որ «չի կարելի լռության մատնել մի այդպիսի մեծ թագավորություն, քանի որ Պարթևստանից հետո նա իր մեծությամբ գերազանցում է մնացած բոլոր թագավորություններին։ Հենց միայն Հայաստանը տարածվում է Կապադովկիայից մինչև Կասպից ծով՝ տասնմեկ հարյուր հազար քայլ, և լայնությամբ յոթ հարյուր հազար քայլ»2։ Հետևապես, չի կարելի համաձայնվել Դելբրյուկի հետ, որը Տիգրանի ռազմավարական սխալների պատճառով տեղի ունեցած Տիգրանակերտի պարտությունը բացատրում է հայ ժողովրդի մարտական հակումների բացակայությամբ։ Դելբրյուկը շտապել է եզրակացություն անելիս։ Տիգրանակերտի հաղթանակից արբեցած Լոլկուլլոսր շարունակեց պատերազմը Հայաստանի դեմ՝ արշավելով Արտաշատ քաղաքի վրա։ Այդ նոր արշավանքում քաջարի հայ ժողովուրդը, նույնպես Տիգրանի ղեկավարությամբ, վերջնականապես ջախջախեց Լուկուլլոսի զորքերը։

Հայաստանի ռազմական արվեստի կլասիկ օրինակ չի կարելի համարել Տիգրանակերտի ճակատամարտը, ինչպես և չի կարելի պատերազմի սկզբնական շրջանի առանձին ճակատամարտերի արդյունքով գնահատել ամբողջ պատերազմը, որովհետև պատերազմը գնահատվում է միայն նրա վերջնական արդյունքներով։ Տիգրանակերտի ճակատամարտում, բացի Տիգրանի սխալներից, ոչ մի դրական բան նրա մեջ չենք գտնում։ Հայաստանի ռազմական արվեստը պատշաճ զարգացում ստացավ Լուկուլլոսի նոր սկսած ռազմարշավի ժամանակշրջանում 68թ. (մ.թ.ա.) ամռանը, Արտաշատի վրա արշավելու ընթացքում:

Ինչքան էլ մեծ լիներ հայոց զորքի հրամանատարության սխալները և պարտությունը Տիգրանակերտի մոտ, այնուամենայնիվ, դրանք չկարողացան խորտակել հայ ժողովրդի աննկուն կամքը իր երկրի ազատության ու անկախության համար մղած պայքարում։ Կարճ ժամանակում հայերը ստեղծեցին մի նոր, ընտիր բանակ՝ Լուկուլլոսի հրոսակախմբերի դեմ պայքարելու համար։


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_9/2010-02-19-31 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 1015
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]