// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հայոց թագավորի կողմից Սիրիան և Կիլիկիան գրավելու փաստը և Հայաստանի սահմանները Փոքր Ասիայի սահմաններին մերձենալը հռոմեացիք համարեցին իրենց իրավունքների ոտնահարում։ Բուն Իտալիայում ծագած խռովությունների պատճառով հռոմեացիք ստիպված եղան ժամանակավորապես հաշտվել այդ փաստի հետ և խուլ ու համր մնացին Իսրայելի, Եգիպտոսի, Սելևկյան թագավոր Փիլիպպոս VI-ի դիմումներին, որոնք ռազմական օգնություն էին խնդրում Տիգրանի դեմ։ Երբ Միհրդատ Եվպատորը, օգտվելով Հռոմի ներքին խռովություններից, կռիվ հայտարարեց նրան և դիմեց Տիգրան II-ի օգնությանը, վերջինս մերժեց։ Այդ մերժումը պետք է բացատրել հետևյալ նկատառումներով.

Առաջին, Տիգրանը մտադիր էր նվաճումներ կատարել ոչ թե Արևմուտքում, այլ Արևելքում, հետևապես նա կարիք չուներ խճճվելու Արևմուտքում Հռոմի դեմ պատերազմի մեջ։ Նա ձգտում էր ստեղծել մի պետություն, որը ելք ունենար դեպի Միջերկրական, Սև և Կասպից ծովեզրերը։

Երկրորդ, ոչ միայն անհնարին, այլև կործանարար կլիներ Տիգրանի համար, եթե կռիվ սկսեր Հռոմի դեմ այն ժամանակ, երբ դեռ կարգի չէր բերել պետական շինարարությունն իր նվաճած երկրներում և վերջնականապես չէր յուրացրել իր խլած երկրները, որոնցում դեռ կային նրա դեմ ակտիվ գործող խմբակցություններ։

Երրորդ, այդ ժամանակ Տիգրանի ուշադրությունը կենտրոնացած էր երկրի խաղաղ շինարարության կենսագործման և հելլենիստական կուլտուրայի տարածման վրա։ Ուստի նա բացառիկ նշանակություն էր տալիս հելլենիստական քաղաքների, այդ թվում այնպիսի խոշոր քաղաքի կառուցմանը, ինչպիսին էր Տիգրանակերտը։

Չորրորդ, դեռ 73 թ. (մ.թ.ա.) Տիգրանը չէր ավարտել իր գործերը Սիրիայում և պատերազմ էր վարում Փյունիկիայում և Եգիպտոսի թագավոր Պտղոմեոսի դեմ։ Պատերազմ սկսել Հռոմի դեմ՝ նշանակում էր կռիվ վարել երեք ճակատով, որը, ըստ երևույթին, Տիգրանը համարել է աննպատակահարմար, քանի որ իր երկիրը կարող էր դնել ծանր վիճակի մեջ։

Հինգերորդ, Պարթևական պետությունը հարմար առիթ էր փնտրում Հայաստանի դեմ կռվի դուրս գալու համար։ Հռոմի հետ պատերազմ վարել նշանակում էր ստեղծել այդպիսի հարմար առիթ պարթևների համար։ Հայաստանի համար այդ նույնպես կլիներ ուժից վեր։

Վեցերորդ, նկատի ունենալով Հռոմի ներքին երկպառակությունները, Տիգրանը հույս ուներ, թե Հռոմի Սենատը չի վավերացնի Հայաստանի դեմ պատերազմ սկսելը, ինչպես որ չէր ենթադրում Լուկուլլոսի նենգ հարձակումը Հայաստանի վրա, հենց այդ էր պատճառը, որ Տիգրանը ոչ միայն Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի հետ դաշինք չկնքեց Հռոմի դեմ, այլև ամեն կերպ աշխատեց խիստ չեզոքություն պահպանել։

Որ Տիգրանը հետևել է չեզոքության, երևում է նաև Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի՝ պարթևական թագավոր Արշակին գրած նամակից. «...Քանի որ նրա պետությունը չեն շոշափել, Տիգրանը մտադրություն ունի վերջացնել պատերազմը իր տնից հեռու, ռազմական գործում հմուտ իմ զինվորների օգնությամբ...»: Բայց հանգամանքները դասավորվեցին ոչ այնպես, ինչպես մտածել է Տիգրանը։

Հռոմի Սենատի ուղարկած Լուկուլլոս զորավարը Կիզիկոս քաղաքի մոտ պարտության մատնեց Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին և, հետապնդելով նրան, վերջնականապես ջախջախեց պոնտական բանակը։ Խուսափելով գերի ընկնելուց, Միհրդատը ապաստանեց Մեծ Հայքի սահմաններում։ Նրա փեսան՝ Տիգրանը, կարգադրեց ցույց տալ նրան արքայական մեծարանք, բայց անձամբ չհանդիպեց նրան, պահեց հեռու մարզերի սահմանում և չհրավիրեց իր արքունիքը։ Լուկուլլոսի այդ հաղթանակով (72 թ. մ. թ. ա.) Հռոմին ենթարկվեցին ամբողջ Պոնտոսն ու Փոքր Հայքը։ Իսկ Տիգրանի դեմ պատերազմ վարելու գործում իրեն արդարացնելու համար Լուկուլլոսը առիթ համարեց Միհրդատի Հայաստանում գտնվելը։

Լուկուլլոսը 71 թ. վերջին Տիգրանի մոտ ուղարկեց Ապպիանոս Կլավդիոսին, պահանջելով իրեն հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորին։ Երբ Ապպիանոս Կլավդիոսը ներկայացրեց Լուկուլլոսի ուղերձը Միհրդատին հանձնելու մասին, Տիգրանը կտրականապես հրաժարվեց։ Լուկուլլոսը դա առիթ ծառայեցրեց Հայաստանի դեմ պատերազմելու համար։ 70 թվականին, Սինոպ և Ամիզա քաղաքները գրավելուց հետո, Լուկուլլոսը վերադարձավ Հռոմեական Ասիա և Տիգրանից գաղտնի սկսեց պատերազմ նախապատրաստել Հայաստանի դեմ։ Լուկուլլոսը պատերազմն սկսեց իր սեփական պատասխանատվությամբ, դիմելով այնպիսի խորամանկ միջոցի, ինչպես Տիգրանի նվաճած երկրներում ներքին պառակտումներ կազմակերպելն էր, որին գործուն մասնակցություն ունեցավ Ապպիանոս Կլավդիոսը։

Անցնելով Եփրատ գետը, Լուկուլլոսի զորքերը, ըստ Մանանդյանի ուսումնասիրության, ընթացել են Տոմիսայից «թագավորական ճանապարհով», Խարբերդի դաշտավայրով դեպի Արղանա (այժմ Դիարբեքիր)։ Այդ վայրից մինչև Տիգրանակերտ մնացած է եղել մոտավորապես 150 կիլոմետր։ Շուտով իրադրությունը Տիգրան II-ին ստիպել է այլևս չսպասել և միջոցառումներ ձեռնարկել թշնամուն հակահարված տալու համար։ Այդ ժամանակ Տիգրանը իր տրամադրության տակ բավականաչափ զորք չուներ։ Անպատրաստ լինելով պատերազմի և հանկարծակիի գալով, նա ստիպված էր քաղաքը մասնակիորեն դատարկել և հեռանալ մի անվտանգ վայր, որտեղից հնարավոր լիներ դիմադրություն պատրաստել։ Ժամանակ շահելու և հակառակորդի ուժերը Տիգրանակերտից հեռու մատույցներում կազմալուծելու նպատակով, Տիգրանն իր զորավար Մեհրուժանին (Միտրոբարզանեսին) տրամադրում է երկու հազար մարդուց կազմված հեծելազորի մի ջոկատ և պատվիրում թեկուզ ժամանակավորապես կասեցնել թշնամու շարժումը դեպի Տիգրանակերտ։ Մանկայոսին (Մանեճին) հանձնարարում է գլխավորել Տիգրանակերտի միջնաբերդի պաշտպանությունը՝ բերդի զինվորական կայազորով։

Տիգրանակերտում կային բազմաթիվ ստրուկներ, որոնց բերել էր Տիգրանը՝ Կիլիկիան և Կապադովկիայի հելլենիստական քաղաքները նվաճելիս։ Մանկայոսի խնդիրն էր՝ պահել Տիգրանակերտը մինչև թագավորական բանակի և դաշնակից Ատրպատականի, Աղվանքի, Իբերիայի օժանդակ զորքերի հասնելը։ Տիգրիս գետի մոտ Լուկուլլոսը իր առաջապահ զորքերը դասավորեց բանակատեղում, սպասելով գլխավոր ուժերի գալուն, ըստ երևույթին գետանցը միատեղ կազմակերպելու նպատակով։ Մինչ այդ, Լուկուլլոսի հետախույզներր զեկուցել էին, որ թշնամին երևացել է։

Ըստ Պլուտարքոսի, Մեհրուժանի հեծելազորը կազմված էր 3000 հեծյալից, իսկ ըստ Ապպիանոսի, որը ավելի անկողմնակալ մոտեցում ունի, Մեհրուժանի հեծելազորը կազմված էր երկու հազար հեծյալից։ Ամենայն հավանականությամբ, Մեհրուժանի առաջապահ հեծյալ ջոկատի և Սիքստիլիուսի գլխավորած հռոմեական առաջապահ զորամասերի հանդիպումը տեղի է ունեցել ժամանակակից Ւլիջա լեռնանցքի շրջանում, Տիդրանակերտից 50-60 կիլոմետր դեպի արևմուտք։

Ըստ Պլուտարքոսի, հայոց փոքրաքանակ հեծելազորի ջոկատի երևալը խուճապի է մատնել և իրեն՝ Լուկուլլոսին, ուստի նա ստիպված է եղել անձամբ զբաղվել իր զորքերի մարտական կարգերի դասավորումով և իր ամբողջ հեծելազորն ու հետևազորը առաջ շարժել՝ ծուղակի մեջ չընկնելու համար։ Այս փաստերը չեն խոսում Լուկուլլոսի սխրագործությունների մասին, որին այնպես գովաբանել է Պլուտարքոսը։ Պլուտարքոսի վկայությունից երևում է նաև, որ Մեհրուժանի գլխավորությամբ հայկական հեծելազորի երկու հազարից բաղկացած ջոկատը ձեռնամարտում անվեհեր և քաջաբար կռվել է վեց-յոթ անգամ իրենից գերազանց հակառակորդի դեմ։ Եվ երբ անհավասար մարտում զոհվել է նրանց զորավար Մեհրուժանը, այն ժամանակ միայն նրա ջոկատի մնացորդները նահանջել են։

Սեքստիլիուսը արագաշարժ երթով մոտենում է Տիգրանակերտին։ Այնուհետև Տիգրանը, թողնելով Տիգրանակերտը, նահանջում է Տավրոս և սկսում հավաքել իր ուժերը։ Տիգրանակերտի պաշարման բոլոր աշխատանքները Լուկուլլոսը հանձնարարել էր իր զորավար Սեքստիլիուսին։ Շրջապատելով Տիգրանակերտում Մանկայոսի զինվորական կայազորը, Սեքստիլիուսի զորքերը հապճեպորեն և անմիջապես գրավում են քաղաքի պատերից դուրս գտնվող բնակավայրերը։ Սովորական ձևով կառուցելով բանակատեղը, հռոմեական զորքերն իրենց շրջապատում են խոր փոսերով և բանակատեղի շուրջը շինում բարձր պատերով աշտարակներ։ Հռոմեացիք քաղաքը շրջապատում են չորս մետրից ավելի բարձր հողապատնեշով և չորս մետրից ավելի խոր, մոտ չորս մետր լայնությամբ փոսերով։ Օգտվելով պաշարման երկարատև ժամանակից՝ հռոմեացիք պատրաստեցին մեքենաներ և բերդի պատերի տակ անցքեր փորեցին։ Սակայն բերդը գրոհով գրավելու նպատակով հռոմեացիների թափած բոլոր ջանքերը ապարդյուն անցան։ «Կրիաների» ամեն տեսակ գործադրումը, կործանիչ մեքենաները և այլ տեսակի մարտական տեխնիկան նույնպես ցանկալի արդյունք չտվին, որովհետև բերդի հերոսական կայազորը անսասան և համառ դիմադրում էր հռոմեացիներին, կորուստներ հասցնելով նրա կենդանի ուժին։ Քաղաքի պաշտպանները բերդի պատերից թշնամու գլխին էին թափում հրավառ նյութեր և ոչնչացնում պաշարող մեքենաները։

Երբ Լուկուլլոսի զորքերը զբաղված էին Տիգրանակերտի պաշարումն ամրացնելով, Տիգրանր վեց հազարանոց մի հեծյալ բանակ ուղարկեց իր կանանոցը և գանձերը փրկելու։ Հեծյալների այդ ջոկատը 69 թ. մայիս ամսին գիշերային խիզախ գրոհով ճեղքեց Տիգրանակերտը պաշարող հռոմեական զորքերի օղակը։ Հեծելազորը աղեղներից դիպուկ նետաձգությամբ փակեց հռոմեացիների բանակատեղի ելքը, ուժով ներխուժեց բերդը և գիշերը Տիգրանակերտից դուրս բերեց Տիգրանի կանանոցն ու գանձերը։ Տիգրանակերտի պաշարման օրերին Տիգրանը իր արքունիքն է հրավիրում Միհրդատ Եվպատորին՝ ռազմական ծրագիր մշակելու և միասնական ճակատով գործելու համար։ Տիգրանի և Միհրդատի տեսակցությունը կայացել է 69 թ. գարնան վերջին-ամառվա սկզբին, այն ժամանակ, երբ հռոմեացիք պաշարում էին Տիգրանակերտի բերդը և երբ Տիգրանը պատրաստվում էր ճակատամարտի։ Տիգրանակերտի պաշարումը, որը սկսվել է 69 թ. (մ.թ.ա.) մայիս ամսին, տևեց ավելի քան հինգ ամիս։

Այդ ժամանակամիջոցը թշնամի կողմերն օգտագործեցին ճակատամարտի վճռական օրվան նախապատրաստվելու համար. Լուկուլլոսը ուժեղացրեց պաշարման աշխատանքները, իսկ Տիգրանը պատրաստեց նոր զորքեր՝ իր մայրաքաղաքը փրկելու համար։ Մոտ 160 օրվա ընթացքում Տիգրանակերտ ամրոցի մարտական ու քաջարի կայազորը, սպասելով Տիգրանի նոր կազմակերպվող բանակին, դիմացավ պաշարմանը։ Այդ միջոցին Տիգրանը Հայաստանի տարբեր մարգերից հավաքեց և կազմավորեց իր զորքերը։ Պլուտարքոսր հաղորդում է, որ Տիգրանին օգնության եկան Ատրպատականի, Ադիաբենի թագավորները և Աղվանքի, Իբերիայի ու մյուս դաշնակից նրկրների զորքերը։

Տիգրանն իր բանակով 69 թ. աշնանը ռազմերթով անցավ Տավրոսի լեռնաշղթան և շարժվեց դեպի հարավ՝ Տիգրանակերտում պաշարված կայազորը փրկելու համար։ Ահա այդ ժամանակ Միհրդատ Եվպատորը իր զորավար Տաքսիլիոսի միջոցով Տիգրանին խորհուրդ է տալիս չճակատամարտել հռոմեական զորքերի դեմ, այլ հեծելազորի օգնությամբ կտրել Լուկուլլոսի բանակի հաղորդակցության ուղիները, դժվարացնել սննդամթերքների հայթայթումր, սովի մատնել նրանց, ուժասպառել և հարվածներ տալ՝ առանց վճռական ճակատամարտի։ Բայց, ինչպես ասված է վերևում, ոգևորված լինելով վեցհազարանոց հեծելազորի հաջողություններով, հաշվի առնելով իր զորքերի գերակշռությունը, ինչպես և ցանկանալով Մանկայոսի կայազորին անհապաղ օգնություն ցույց տալ (որի պարտության հետևանքով Տիգրանակերտը կարող էր մոխրակույտի վերածվել), Տիգրանը որոշեց ճակատամարտ տալ։ Հայոց թագավորը հատկապես մտահոգված էր Տիգրանակերտի ազատագրմամբ։ Մեծ ծախսերով և հելլենիստական քաղաքների ձևով կառուցված Տիգրանակերտը պետք է դառնար Հայաստանի կուլտուր-լուսավորական կենտրոններից մեկը, նպաստեր գիտության, արվեստի ու առևտրի զարգացմանը։

Տիգրանակերտ քաղաքը պաշարելով, Լուկուլլոսը հասկանում էր, որ Տիգրանը չի հանդուրժի այդ, անպայման ստիպված կլինի վերադառնալ և իր մայրաքաղաքը փրկելու համար ճակատամարտի բռնվել։ Ուստի Լուկուլլոսը մանրազնին նախապատրաստում էր իր զորքերը Տիգրանին ըստ արժանվույն դիմադրելու։ Եվ այսպես, 69 թ. հոկտեմբերի սկզբին Տիգրանի զորքերը մոտեցան Տիգրանակերտի հարավային մատույցներին և բերդի պաշտպանների աչքի առաջ բանակ դրեցին։ Հռոմեացիների հետ վճռական ճակատամարտ մղելն արդեն անխուսափելի էր։ Տիգրանի զորքերի դասավորման մասին մանրամասնորեն գրել է գերմանական գիտնական Բելքը, որի հետ, ինչպես հաստատում է ակադ. Հ. Մանանդյանը, համաձայն են բոլոր գիտնականները։ Այդ նկարագրությունը կարևոր ենք համարում մեջ բերել ըստ Հ. Մանանդյանի թարգմանության.

«Ֆարկին-սուի լայնանիստ ձորադաշտից հանդարտ ցած իջնելով դեպի հարավ-արևելք,— ասում է Բելքը,— մոտ քսան կիլոմետր անցնելուց հետո՝ հասնում ենք մի մեծ դաշտ, ջրառատ Բատման-սուի գետադաշտր, որը հյուսիսում սկսվում է մեր գտնված տեղից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կամուրջի տակից և շարունակվում է այնուհետև 12—15 կիլոմետր դեպի հարավ, և ապա վերջանում է։ Դաշտի լայնությունը տարբեր տեղերում մեկից մինչև երեք կիլոմետր է...: Սա կատարյալ հարթավայր է առանց որևէ ելևէջների և այնքան ընդարձակ, որ կարող է իբրև բանակատեղ ծառայել ամենաստվար զորքի։ Իսկ գետը... որը պետք է անցներ Լոլկուլլոսը՝ Բատման-սուն էր, որը 30, 40 և կամ 50 մետր լայնությամբ, հանդարտ ու անաղմուկ, սակայն սրընթաց՝ հոսում և թափում էր իր հորդառատ ջրերը ավելի փոքր Դիարբեքիրի գետի մեջ... Ուղիղ [Բատման-սուի] դեմ... գտնվում է մի մեծ սարահարթ, որը գրեթե գահավիժորեն իջնում է արևմտյան ուղղությամբ դեպի Բատման-սուն, որը սարահարթի ստորոտից հեռու է գտնվում մոտ 5-6 կիլոմետր, իսկ հարավ-արևմտյան ուղղությամբ ցածրանում է, ընդհակառակն, աստիճանաբար դեպի գետը... Այստեղ, հենց այս մեղմ սարալանջի վրա, բանակել էր Տիգրանի մեծ զորքը, որը 150-200 մետր համեմատական բարձրություն ունեցող այս կետից կարող էր տեսնել Տիգրանակերտը և պաշարող զորքի վրանները։ Նմանապես և պաշարվածները կարող էին սրանց տեսնել, որովհետև այնտեղից պարզ տեսնվում է ամբողջ տարածությունը՝ սարահարթը, մեղմ սարալանջը, Բատման-սուն և հարթավայրը»:

Հենվելով Տիգրանակերտի ճակատամարտի վայրի մասին Բելքի տված նկարագրության վրա, կարելի է եզրակացնել, որ հայկական բանակի ճամբարի համար Տիգրանն ընտրել է Բատման-սու գետի ձախ ափի հարթավայրը։ Նշված վայրը Տիգրանակերտից մոտ 20-22 կիլոմետր հարավ-արևելք է։ Ճակատամարտի համար Տիգրանակերտից այդպիսի հեռու վայրի ընտրելը, հռոմեական պաշարող զորքերի վրա չհարձակվելը, քաղաքի պարիսպների պաշարումը չվերացնելը հետևանք է նրա, որ Տիգրանը խուսափել է ճակատամարտ տալ թշնամու զորքերին Տիգրանակերտի պարիսպների մոտ՝ զգուշանալով, որ կռվող ուժերի հարվածներից քաղաքն ավելի կավերվի։ Ուստի Տիգրանը բանակ է դրել Բատման և Ֆարկին գետերի միացման տեղում։

69 թ. հոկտեմբերի 5-ին Լուկուլլոսը բանակ է դնում Ֆարկին-սու գետի աջ ափին, Բատման-սու գետի հետ նրա միացման տեղում, այսինքն՝ հայկական զորքերի բանակատեղի դիմաց։ Պլուտարքոսը հաղորդում է, որ Լուկուլլոսը «...թողնելով Սորնատիոսին վեց հազարանոց ջոկատով Պոնտոսի ափերը պաշտպանելու համար, ինքը քսաներկու հազար հետևակով և համարյա երեք հազար հեծելազորով շարժվեց նոր արշավանքի...»1։ Իսկ ըստ Ապպիանոսի, Լուկուլլոսը Տիգրանի դեմ հանել է երկու լեգեոն և 500 հեծյալ։

Պլուտարքոսի և Ապպիանոսի այդ երկու հաղորդումները ոչ միայն ճիշտ չեն, այլև նրանք դիտմամբ պակասեցրել են հռոմեական զորքի քանակը։ Այդ հաղորդումներում կանխամտածված կերպով չեն ցույց տրված Հռոմի դաշնակից Փոքր Ասիայի երկրների՝ Բյութանիայի, Գալատիայի, Կապադովկիայի և մյուսների զորքերի քանակը, որոնք մասնակցել են այդ ճակատամարտին։ Իսկ ըստ այն ժամանակ գոյություն ունեցող հռոմեական հրահանգների, Հռոմի վարած պատերազմներում դաշնակից զորքերի քանակը չպետք է պակաս լիներ հռոմեացիների զորքերից։

Ըստ Պլուտարքոսի հաղորդումների, Լուկուլլոսը Հայաստանի դեմ է գնացել քսաներկու հազար հետևակով և 3000 հեծյալներով։ Այդ դեպքում որտեղի՞ց է Լուկուլլոսը Սեքստիլիուսի տրամադրության տակ դրել 6000 հեծյալ և կրկնակի հետևակ՝ Միտրոբարզանի հայկական հեծելազորի ջոկատին դիմադրություն ցույց տալու համար, որի մասին նույնպես գրում է Պլուտարքոսը։

Ըստ նույն Պլուտարքոսի, Տիգրանակերտը պաշարող հռոմեական հետևակը ընդամենը 17 հազար մարդ էր. Լուկուլլոսը դրանից թողել էր Մուրենայի կարգադրության ներքո 6000 մարդ, իսկ 11 հազար հետևակ էլ պաշարումից դուրս է եկել և Տիգրանի դեմ բանակատեղ է կազմել Բատման-սու և Ֆարկին-սու գետերի միացման մոտ։ Նույն Պլուտարքոսի վկայությամբ, Հայաստան արշավող Լուկուլլոսի զորքերը ոչ մի մարտում ոչ մի կորուստ չեն ունեցել։ Բայց այդ 22 հազար զորքից (հետևակ) Տիգրանակերտի մոտ գտնվել է միայն 17 հազարը, Պլուտարքոսը լռում է այն մասին, թե ո՞ւր մնացին հինգ հազար «հռոմեական ասպետները»։ Այս մեկ անճշտություն։

Երկրորդ անճշտությունը. Պլուտարքոսը խուսափում է ասել, թե հռոմեական զորքերի հետ միասին Տիգրանի դեմ ճակատամարտին մասնակցել են Հռոմի դաշնակից երկրների՝ Կապադովկիայի, Գալատիայի, Բյութանիայի, Փյունիկիայի և այլ երկրների օժանդակ զորքերը, իսկ դրանց քանակը, ինչպես ասացինք, պակաս չի եղել հռոմեական զորքերից։ Հաշվի առնելով հայ-պոնտական միության դեմ պատերազմելու ծանրությունը, Լուկուլլոսը պահանջել է լիովին կատարել հռոմեական դաշինքից բխող հրահանգը, օժանդակ բանակների հաշվին կրկնապատկել է իր զորքերի քանակը, հասցնելով 44-45 հազար հետևակի և մոտավորապես 6000 հեծյալի։ Որ Տիգրանակերտի ճակատամարտում կռվում էին և Հռոմի դաշնակից երկրների զորքերը, այդ ապացուցվում է նույն Պլուտարքոսի վկայությամբ։ «Լուկուլլոսը հրամայեց,— հայտնում է Պլուտարքոսը,— իր տրամադրության ներքո գտնվող փռյուգիական և գալլական հեծելազորին հարձակվել թշնամու թևերի վրա»: Հետևակից 6000 մարդ Լուկուլլոսը թողել է Մուրենային՝ Տիգրանակերտի պաշարումը շարունակելու, իսկ մնացած 38-39 հազար հետևակով և 6000 հեծելազորով բանակ է դրել Տիգրանի դեմ։ Լուկուլլոսի բանակի այս թվի և նրա բանակի կորուստների մասին Պլուտարքոսը լռել է, որովհետև լռել է ինքը` Լուկուլլոսը, և Սենատին զեկուցել է միայն իր «սխրագործությունների» մասին։ Լուկուլլոսը կրկնակի պակասեցրել է Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հռոմեական զորքերի քանակը և թաքցրել է նրանց կորուստները, որպեսզի գովաբանի իր ռազմական տաղանդը։ Իսկ Պլուտարքոսը «Լուկուլլոսի կենսագրությունը» իր աշխատությունը գրելիս օգտագործել է Լուկուլլոսի արխիվային նյութերը, այդտեղից էլ առաջացել է Պլուտարքոսի կողմնակալությունը։

Ավելի պարզ է դառնում հռոմեական պատմիչներ Պլուտարքոսի և Ապպիանոսի՝ դեպքերի միտումնավոր լուսաբանումը, երբ մեջբերում ենք նրանց հաղորդումները Տիգրանի գլխավորությամբ Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հայկական բանակի քանակի վերաբերյալ։ Ըստ Պլուտարքոսի «...նրա [Տիգրանի] հետ եղել է 20000 աղեղնավոր և պարսավոր, 55000 ձիավոր... 150000 ծանրազեն հետևակ` բաժանված ըստ կոհորտների և փաղանգների, ճանապարհաշեն, կամուրջներ կառուցող և ուրիշ աշխատանքներ կատարող զինվորների թիվը հասնում էր 35000 մարդու»: Ճիշտ չէ նույնպես Ապպիանոսի հաղորդումը Տիգրանակերտի ճակատամարտին մասնակցած հայկական զորքերի քանակի մասին։ Ապպիանոսի տեղեկությունները գերազանցում են Պլուտարքոսից։ «Տիգրանր հավաքելով,— գրում է Ապպիանոսը, — 25000 հետևազոր և մոտավորապես 50000 ձիավոր, ուղարկեց նրանցից մոտ 6000-ը Տիգրանակերտ։ Նրանք ճեղքեցին հռոմեացիների ամրությունները դեպի բերդի կայազորը և, վերցնելով թագավորի կանանց, վերադարձան. մնացած զորքերի հետ ինքը Տիգրանը շարժվեց Լուկուլլոսի դեմ»:


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_8/2010-02-19-30 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 1155 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]