// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Տիգրան II-ը, ինչպես հայտնի է, Պարթևստանի գերությունից ազատվելուց և հայրենիք վերադառնալուց հետո 95թ. (մ.թ.ա.) թագադրվել է պատմական Հայաստանի Աղձնիքի այժմյան Ֆարկին քաղաքում և գահակալել է մինչև 55թ. (մ.թ.ա.): Գահ բարձրանալուց հետո Տիգրան II-ը 94թ. (մ.թ.ա.) Մեծ Հայքին է միացնում Ծոփքը։ Տիգրան II-ի ռազմական գործողությունների առաջին շրջանն ընթացել է նրա համար միջազգային քաղաքական բարենպաստ պայմաններում։ Դրանցից կարելի է թվարկել հետևյալները.

Առաջին, ստրուկների կատաղի պայքարը Հռոմի իշխանության դեմ, միաժամանակ, հռոմեական տիրապետության տակ գտնվող ժողովուրդների՝ Բյութանիայի, Կապադովկիայի, Պափլագոնիայի, Գալատիայի և մյուսների ընդվզումները Հռոմին ստիպեցին թեկուզ ժամանակավորապես հրաժարվել Արևելքում ակտիվ գործողություններից։

Երկրորդ. քսան տարվա ընթացքում (115 թ. մինչև 95 թ. մ. թ. ա.) Սելևկյան պետության ներսում գահակալական կռիվներ էին տեղի ունենում, որի հետևանքով ծայր աստիճան թուլացել էր նա և ի վիճակի չէր դիմելու ռազմական ակտիվ գործողությունների։

Երրորդ. պարթևական Միհրդատ II-ի թագավորման վերջում խռովությունները սասանել էին այդ երկրի հզորությունը։ Պարթև ազնվատոհմիկների ապստամբությունը և Օրոդ թագավորի եղբոր միանալը նրանց՝ Միհրդատի տապալման և մահապատժի ենթարկելու պատճառ դարձան, որն ավելի վատթարացրեց պարթևական պետության դրությունը։

Օգտվելով ստեղծված միջազգային այս իրադրությունից և Պարթևստանի ներքին խռովություններից, Տիգրան II-ը դաշն կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ և սկսեց իր հաղթական արշավանքները մրցակից պարթևական Արշակունիների դեմ։

Ամենից առաջ, Տիգրանը խլեց գերությունից ազատվելու համար պարթևներին զիջած յոթանասուն հովուտները և Մեծ Աղբակը։ Այնուհետև Տիգրանը արշավեց Ադիաբենի վրա, որտեղ ավերեց Նինվեն և Արբելան։ Հնազանդեցնելով Ատրպատականը, Մարաստանը և Ադիաբենը, Տիգրանը շարժվեց դեպի պարթևական Արշակունիների ամառային գահանիստը՝ Եկբատան: Պարթևները ստիպված եղան զիջել Տիգրանին ամբողջ Միջագետքն ու նրա մեջ մտնող մարզերը՝ Միգդոնիան, Օսրոենը, և Տիգրանի հետ, իրենց համար աննպաստ, դաշինք կնքեցին:

Հայ-պարթևական պատերազմները ընթացել են 89 թ. մինչև 70 թ. (մ.թ.ա.)։ Զբաղված լինելով այդ պատերազմներով, Տիգրանը չի կարողացել մասնակցել Պոնտոսի թագավոր Միհրդատ Եվպատորի և Հռոմի միջև մղված կռիվներին, մանավանդ որ չի ունեցել դաշնագրային ոչ մի պարտավորություն։

Մոտավորապես 84-83 թվականներից Տիգրանը իր հայացքը ուղղեց դեպի Սիրիա։ Յուստինի վկայությամբ, սիրիական թագավորական ընտանիքում եղած թշնամությունն ու ներքին կռիվները ստիպել են սիրիական ժողովրդին իրենց երկրի համար կառավարիչ հրավիրել դրսից։ Դա եղել է Տիգրան II-ը, որը «հրավիրված լինելով սիրիական գահին, տասնյոթ տարվա ընթացքում կառավարել է կատարելապես անխռով։ Պատերազմներով նա չէր անհանգստացնում ուրիշներին, և նրան ոչ ոք չի անհանգստացրել, այնպես որ նա էլ կռվելու կարիք չի ունեցել»:

Այսպիսով, օգտվելով ստեղծված միջազգային կացությունից, Տիգրան II-ը քսանհինգ տարում (95—70 թթ. մ. թ. ա.) ընդլայնել է իր երկիրը Սև ծովից և Քուռ գետից մինչև Միջերկրական ծովը և Եգիպտոսի սահմանները, Մարաստանից մինչև Կիլիկիա և Կապադովկիա։ Բնական է, որ այդպիսի լայնածավալ պետություն կառավարելու և պաշտպանելու համար պահանջվել է հսկայական ռազմական ուժ, որը կլանել է վիթխարի նյութական միջոցներ ու մարդկային ուժ։

Հայաստանի միայն բնակչության աճով և տնտեսության զարգացմամբ չի կարելի բացատրել այդ երկրի ասիական հզոր պետության վերածվելու փաստը։ Նպաստավոր այս պայմաններում հարկավոր էր լիներ ղեկավար մեկը, որը, օժտված լինելով կազմակերպչական և վարչական ընդունակություններով, խորապես գիտենար նաև ժամանակի ռազմական արվեստը։ Այդպիսրն է եղել Տիգրանը, որը քսանհինգ տարվա ընթացքում իր երկիրը դարձրել է Առաջավոր Ասիայի լայնածավալ և հզոր պետություններից մեկը։

Բայց Տիգրան II-ի այդ լայնածավալ պետությունը խայտաբղետ խառնուրդ էր տարբեր ցեղերի, լեզուների և կուլտուրաների՝ հասարակական տարբեր սոցիալ-տնտեսական կացութաձևերով։ Տիգրան II-ի միասնական, բայց խայտաբղետ պետությունր չէր կարող լինել համախմբված, միաձույլ, կայուն և ամուր պետություն։ Հավանորեն այդ է պատճառը, որ Տիգրանը այդպես վճռականորեն ձեռնամուխ եղավ իր բանակը վերակազմելուն՝ հագեցնելով նրան նոր զենքերով, լայնորեն գործադրելով հելլենիստական քաղաքների և նրանց պաշտպանության համար մեծ նշանակություն ունեցող բերդաքաղաքներ կառուցելու եղանակը։ Այդպիսի քաղաքներից էր Տիգրանակերտը։

Տիգրան II-ի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը (ժամանակակից Ֆարկինը), որը գտնվել է «արքայական ճանապարհի» վրա, հեշտացրել է Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների կապը։ Տիգրանակերտը ռազմա-ստրատեգիական նշանակություն ունեցող երեք կարևոր ճանապարհների հանգույցի վրա էր. 
ա) Տիգրանակերտ-Պարսկաստան «արքայական ճանապարհ», 
բ) Տիգրանակերտ-Արտաշատ, 
գ) Տիգրանակերտ-Արածանիի հովիտ։ Այս վերջինն ունեցել է ռազմագիտական բացառիկ նշանակություն։

Տիգրանակերտը կառուցված է եղել բարձր վայրում։ Երեք կողմից հյուսիս-արևելքից, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից Տիգրանակերտը պաշտպանել են ժամանակակից Ւլիջայի լեռները, իսկ հարավից՝ խոր կիրճը և Նիկեփորիոն գետափի անմատչելի, բարձր և ուղղաձիգ ժայռերը, որոնք ստեղծել են շրջապատող տեղանքի վրա իշխող դրություն։ Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն (20 մետր) բարձրություն ունեցող պարիսպներով, որոնց լայնությունն այնքան մեծ է եղել, որ տեղավորել են պահեստները, ախոռները, և ծառայնլ են աշտարակների կայազորների տեղաշարժերի ուղի։
 
Քաղաքի կենտրոնում կառուցված է եղել բերդը` իր բարձր աշտարակներով ու հրապարակներով։ Տիգրանակերտում, ինչպես երևում է, եղել են զենքեր արտադրելու բազմաթիվ արհեստանոցներ։ Այդ արհեստանոցների շնորհիվ զորքերը սպառազինվել են լավ որակի և բավականաչափ նոր զենքերով։ Այդ բոլորը նպաստել են Տիգրանակերտի բերդի անմատչելիությանը։ Հենց դրանով է բացատրվում, որ երբ հռոմեական զորավար Լուկուլլոսը շրջապատեց Տիգրանակերտի միջնաբերդը, ապա վեց ամիս բոլոր կործանարար տեխնիկական և կենդանի ուժերը գործադրելով չկարողացավ հաղթահարել բերդի փոքրիկ կայազորի դիմադրությունը։

Տիգրան II-ի գերիշխանությունը ճանաչող պետությունները պարտավոր են եղել վճարել որոշակի հարկ և պատերազմի դեպքում օժանդակ զորք տրամադրել նրան։ Տիգրան II-ը սահմանել է զորքեր կառավարելու հետևյալ կարգը. նա երկիրը բաժանել է 120 ստրատեգիայի, որոնցից յուրաքանչյուրի ռազմական պետը` ստրատեգը, ղեկավարել է իր մարզի կամ շրջանի ռազմական ուժերը։ Ստրատեգները պարտավոր էին խաղաղ ժամանակ տալ սահմանված տուրքը, իսկ պատերազմի ժամանակ, թագավորի առաջին իսկ կոչին, իրենց գլխավորությամբ, կազմակերպված, վարժեցրած և զինված հետևակի ու հեծելազորի ջոկատներով ներկայանալ թագավորին։ Պատերազմի ժամանակ ներկայացվող զորքի թիվը ամեն մի ստրատեգիայի կամ նախարարության համար որոշվել է առանձին՝ հաշվի առնելով տվյալ ստրատեգիայի բնակչության քանակը։

Տիգրանի զորքերը կազմված են եղել հետևակից, հեծելազորից և սակրավորների ջոկատներից։ Հետևակը բաժանվել է գնդերի, ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։ Միևնույն ժամանակ, հետևակը բաժանվել է թեթև և ծանր գնդերի՝ ըստ սպառազինման։ Հետևակը զինված է եղել աղեղներով, նիզակներով, սրերով և վահաններով։

Տիգրանի զորքերում հատուկ նշանակություն է ունեցել հեծելազորը, որի կազմում եղել են թեթև և զրահավոր գնդեր։ Հեծելազորը նույնպես բաժանվել է ըստ գնդերի, ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։ Հեծելազորը զինված է եղել երկար նիզակներով, աղեղներով, սրերով և զրահներով։ Ըստ երևույթին, զրահավոր հեծյալ գնդերը մարտում ստացել են հատուկ առաջադրանքներ և գործել են ճակատամարտի ավելի վտանգավոր հատվածներում։

Տիգրանի բանակը ունեցել է և սակրավորների ջոկատներ, որոնք զինված են եղել ռազմախրամատային բահերով, կացիններով կամ տապարներով և այլ գործիքներով։։ Սակրավոր ջոկատները պարտավոր էին զորքերի համար անցկացնել ճանապարհներ, կառուցել կամուրջներ, սարքել բանակատեղեր, խարավանդներ, խրամատներ և այլն։ Վերջապես, զորքերի հետևից գնում էր հսկայական գումակը՝ սննդամթերքներով, զենքերի պաշարով, ճամբարի պարագաներով ջորիների, եզների, ձիերի և այլ կենդանիների վրա բարձած։

Տիգրանի զորքի րնդհանուր թիվը եղել է մոտ 70—80 հազար մարդ, երբեմն էլ հասել է մինչև հարյուր հազարի։ Զորքերի կորիզը կազմել են գյուղացիները, շինականները, և քաղաքային բնակչությունը։ Պատերազմի ժամանակ ներգրավվել են նաև նվաճված երկրների զորքերը։ Զորքերի գրոհը սկսվում էր խոշոր դափեր ու թմբուկներ խփելով, ծածանվում էին ոսկեհուռ դրոշակներ և զորքերը վայրագ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում։

Գնդերի ջոկատները և հարյուրյակների պետերը, ինչպես և անվանի նախարարներն ու ազնվականները ունեին ավելի կատարելագործված և ավելի ճոխ զարդարված զենքեր ու հարուստ զգեստներ։ Ազնվականները սովորություն են ունեցել ոսկեզօծել կամ նույնիսկ թանկագին քարերով զարդարել իրենց զենքերը։

Արքունիքն ունեցել է մշտական բանակ, որի հիմնական մարտական կորիզն է կազմել հեծելազորը։ Հեծելազորը բաժանվել է պահապան գնդերի, խնդիր ունենալով պաշտպանելու միայն բերդերն ու ամրոցներր, որոնք Հայաստանում բավականին շատ էին և որոնցում պահվում էին թագավորական գանձերը։ Մշտական զորքեր եղել են նաև Հայաստանի սահմանամերձ մարզերում՝ Ծոփքում, Աղձնիքում, Արվաստանում, Կորդուքում, Նուշիրականում և Գուգարքում։ Անհրաժեշտության դեպքում, այսինքն՝ պատերազմի ժամանակ, այդ զորքերը համալրվել են։

Ի դեպ, Սալյուստոսն իր «Պատմության պատառիկներ» աշխատության մեջ («Հայկական պատերազմը» գլխում) հայտնում է պատերազմում հրդեհ առաջացնելու գործադրվող միջոցների մասին՝ նավթ, մայրի ծառի ընկույզի յուղ և այլն։ Վերոհիշյալ գրքի մեկնաբանություններում Ս. Լ. Ուտչենկոն պնդում է, որ այդ վերաբերում է Տիգրանակերտի պաշարմանը, «...երբ նավթի այրվող ջահերով վառում էին հակառակորդի պաշարողական միջոցները»:

Խոսելով Տիգրանի զորքերի մարտական կարգերի մասին, նույն աշխատության մեջ Գայոս Սալյուստոսը հաղորդում է, որ «...ուղևորվում էին հեծյալները երկաթյա զրահներով... Ձիերի վրա եղել են նույնպիսի (թամբատակներ), որովհետև քաթանի վրա նրանք կարել էին երկաթյա թիթեղիկներ, ձկան թեփուկների նման... նրանց առաջից գնացել են երկաթե զրահ հագած հեծյալները»: 


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_7/2010-02-18-29 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 877 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]