// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Դեռևս Արտաշես 1-ից առաջ հասունացել էր միասնական պետության ներքո հայկական մանր իշխանությունները միավորելու գաղափարը, բայց այն իրագործվեց Արտաշես I-ի գահակալության ժամանակ (189—160:
Հայկական հողերի միավորման գործում Արտաշես I-ը հարկադրված եղավ հաղթահարել ոչ միայն Սելևկյան և Պարսից պետությունների, այլև ներքին կենտրոնախույս ուժերի դիմադրությունը: Սկզբնաղբյուրներից երևում է, որ Արտաշեսը, ամենից առաջ, միավորել է Հայաստանի ծայրամասերից հարևան պետությունների խլած մարզերը։ Այդ մասին վկայում է Ստրաբոնը:
 
Արտաշեսի այդ գործողությունները չէին կարող պատերազմ չառաջացնել հարևանների և Հայաստանի միջև։ Դժբախտաբար, այդ պատերազմների մասին մեզ չեն հասել պատմական հավաստի տվյալներ։ Միայն Խորենացու մոտ հիշատակություն կա Այրարատյան թագավոր Երվանդի դեմ վարած պատերազմի մասին։ Ըստ այդ հիշատակության, երբ Երվանդը տեղեկություն է ստանում, որ Արտաշեսը ցանկանում է արշավել իր թագավորության վրա, իր և դաշնակից պետությունների զորքերը հավաքում է Երվանդաշատի հյուսիսային հեռու մատույցների մոտ և բանակ դնում Արտաշեսի զորքերի դիմաց:

Ըստ Խորենացու նկարագրության, Արտաշեսի և Երվանդի զորքերի միջև եղած ճակատամարտը եղել է հետևյալ կերպ։ Լսելով որ Արտաշեսն իր զորքերը դասավորել է Արագած լեռան լանջերին, Երվանդը հավաքում է իր զորքերը, որոնք գտնվում էին 300 ասպարեզ (մոտ 55-60 կիլոմետր) հեռու, Երվանդաշատի հյուսիսում, Ախուրյանի առափնյա ճամբարում, և կենտրոնացնում է մայրաքաղաքի ոչ հեռու մատույցներում, Արտաշեսի զորքերի ճամբարի դեմ։

Այն ժամանակ Արտաշեսը և նրա զորքերի հրամանատար Սմբատ Բյուրատյանը կառուցում են իրենց զորքերի մարտակարգերը։ Երբ զորքերը պատրաստ էին մարտի, Սմբատը «հրամայեց պղնձե փողերը հնչեցնել և իր զորքի ճակատն առաջ շարժելով սլացավ, ինչպես արծիվը՝ կաքավների երամի վրա»։ Մարտը սկսվում է։ Զորավար Արգամը և Երվանդի զորքերի մարտակարգերի աջ ու ձախ թևերի նախարարները իրենց զորքերի հետ անցնում են Արտաշեսի կողմը։ Չնայած կատաղի դիմադրությանը, Երվանդի զորքերը այդտեղ պարտություն են կրում և նահանջում։

Երվանդը, լուր ստանալով, որ Արտաշեսը և Սմբատը պարսից օժանդակ զորքերով շարժվում են դեպի իր ճամբարը, իր ամբողջ բանակով գնում է դեպի Երվանդաշատ, այն պաշտպանելու նպատակով։ Սակայն, նկատելով Արտաշեսի զորքերի բանակատեղը, Երվանդը դասավորում է իր զորքերի մարտական կարգերը ամառային ճամբարից շուրջ 10 կիլոմետր հարավ, Ալաջա լեռան հարավային ստորոտներում, Արտաշեսի զորքերի բանակատեղի դիմաց։ Երվանդի զորքերի այդ դասավորումը եղել է Երվանդաշատից 35-40 կիլոմետր հեռու։ Ճակատամարտի ընթացքում, նեղվելով Արտաշեսի բանակի հարվածներից, Երվանդի զորքերը, հավանորեն, կռվով ետ են քաշվել և հետո փախուստի դիմել` կրճատելով ճակատամարտի վայրի և Երվանդաշատի միջև եղած տարածությունը 12—15 կիլոմետրով։ 
Ճակատամարտից փախած Երվանդի զորքերի տեղից մինչև Երվանդաշատ մնացած պետք է լինի 23-25 կիլոմետր, որն Արտաշեսը իր պահապան հեծյալներով անցել է ճակատամարտի երկրորդ օրվա առաջին կեսին, իսկ հետևակը` նույն օրվա երկրորդ կեսին։ Այդպիսով, Երվանդի և Արտաշեսի զորքերի միջև այդ ճակատամարտի տեղը պետք է համարել այժմյան Անիպեմզայի, Կարակալայի և Տեկորի միջև գտնվող և Տեկորի սարահարթ կոչվող տեղանքը։

Երվանդ թագավորի զորաբանակի մարտական կարգերի կենտրոնում, ինչպես երևում է, առջևից դասավորվել է հեծելազորը, նրա հետևից, Արգամ Մուրացանի գլխավորությամբ, հետևակը, որը ճակատամարտից առաջ անցնում է Արտաշեսի կողմը։ Աջ և ձախ թևերում դասավորվել են նախարարների զորքերը, որոնք ճակատամարտն սկսելուց անմիջապես հետո նույնպես անցել են Արտաշեսի կողմը։ Մարտական կարգերի երկրորդ գծում դասավորվել են Երվանդի դաշնակիցների զորքերը։ Մարտական կարգերի թիկունքում կանգնած են եղել Երվանդի թագավորական պահապան հեծելազորը և մյուս զորքերը։

Արտաշեսի զորաբանակի կենտրոնում առջևից շարվել է Սմբատի հեծելազորը, այնուհետև, երկրորդ գծի վրա, հետևակի հիմնական ուժերը` Արտաշեսի գլխավորությամբ։ Աջ և ձախ թևերում շարվել են Արտաշեսի կողմն անցած նախարարների զորքերը։ Աջ և ձախ թևերի պաշտպանության համար դասավորվել են արքայական թիկնապահ և նախարարների հեծյալ զորքերը։ Պարտություն կրելով, Երվանդը նահանջում է դեպի Երվանդաշատ։

Հետապնդելով Երվանդի փախչող զորքերին, զորավար Սմբատ Բյուրատյանի հեծելազորը նույն գիշեր հասնում է Երվանդաշատ բերդին։ Հանդիպելով Երվանդի և նրա դաշնակիցների զորքերի ուժեղ դիմադրությանը, Սմբատն իր հեծելազորի ջոկատներով կազմակերպում է քաղաքի պաշարումը, բերդի դարբասների հսկողությունը և սպասում է Արտաշեսի հրամանատարությամբ գործող հիմնական զորքերի մոտենալուն։

Հաջորդ օրն առավոտյան Արտաշեսը զորքերով գնում է Երվանդաշատ և ճակատամարտի երկրորդ օրվա կեսին հասնում է Երվանդի դաստակերտին, որը, ամենայն հավանականությամբ, գտնվել է ժամանակակից Արմավիրի մարզի Խերբեկլու գյուղի շրջակայքում։

Արտաշեսի մարտիկներն սկսում են համառ և ուժգին մարտերը բերդաքաղաքի պարիսպները պաշտպանող Երվանդի զորքերի դեմ։ Բայց բերդում գտնվող ժողովուրդն անձնատուր է լինում և բաց է անում դարբասը։ Բերդ ներխուժած Արտաշեսի ռազմիկներից մեկը սրի հարվածով ճեղքում է Երվանդի գլուխը և սպանում նրան։ Բերդի կայազորն անձնատուր է լինում և Երվանդաշատ միջնաբերդն ընկնում է Արտաշեսի ձեռքը։

Արտաշեսը մեծապես հոգ է տարել կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Հայաստանի պաշտպանության և զորքերի ղեկավարման գործը կարգավորելու նպատակով նա երկիրը բաժանել է չորս ռազմավարական շրջանների։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ երկրի վարչա-տնտեսական կարգը կանոնավորելու հետ միասին, Արտաշեսը «Զորքի իշխանությունն էլ չորս մասի է բաժանում, արևելյան կողմի զորքը թողնում է Արտավազդին, Արևմտյանը տալիս է Տիգրանին, հարավայինը վստահում է Սմբատին, իսկ Հյուսիսայինը՝ Զարեհին...»:

Արտաշես I-ի առաջ խնդիր է ծագում ընտրել հայոց միացյալ պետության կենտրոնի տեղը, որն իր տնտեսական, կուլտուրական և առևտրի զարգացմամբ ունենա միջազգային նշանակություն և որ նրա միջով անցնեն ռազմական նշանակություն ունեցող ուղիները։ 
«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են,— գրում է Մովսես Խորենացին,— և այնտեղ բլուրն հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»:

Պլուտարքոսը գրում է, որ Արտաշատ քաղաքը կառուցվել է Հայաստանում ապաստան գտած Կարթագենի զորավար Հաննիբալի խորհրդով: Նոր մայրաքաղաք Արտաշատը կառուցվել է 180—160 թթ. (մ.թ.ա.): Նրա բերդի ամուր պարիսպներին և անմատչելի միջնաբերդին զարնվելով, իրենց գլուխներն են ջարդել շատ հզոր պետությունների լավագույն զորավարներ։ Նա մեծ և վճռական դեր է խաղացել երկրի պաշտպանությունը կազմակերպելու գործում։

Խոսելով Արտաշես I-ի մասին, որպես քաղաքական և ռազմական գործչի, կարելի է նշել հետևյալը.

1. Արտաշես I-ը եղել է Առաջավոր Ասիայի քաղաքական աչքի ընկնող դեմքերից մեկը։ Այդ հաստատվում է նրանով, որ Պոնտոսի, Փոքր Հայքի, Կապադովկիայի և Պափլագոնիայի միջև 179 թ. (մ.թ.ա.) խաղաղության պայմանագիր կնքելուն, այդ պետությունների հրավերով, գործունյա մասնակցություն է ունեցել Մեծ Հայքի թագավոր Արտաշես I-ը։

2. Արտաշեսը պատմական Մեծ Հայքի թագավոր եղած ժամանակ (189-160 թթ.) կարողացել է միավորել հայկական հողերը և ստեղծել կենտրոնացված պետություն։ Հյուբշմանը ենթադրում է, որ Արտաշեսի և Զարեհի ժամանակ այս եփրատյան ընդարձակված Հայաստանը, հավանորեն, իր մեջ ընդգրկում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը, Կորճեքը, Ուտիքը և Արցախը:

3. Արտաշեսը հայոց թագավորներից առաջինն էր, որ բաժանել է երկիրը ռազմական չորս շրջանների, նշանակել է այդ շրջաններում զինվորական պետեր` բդեշխներ, դասավորել է զորքերը սահմանները պահպանելու արտաքին հարձակումներից, որով ապահովել է երկրի ճկուն պաշտպանությունը։

Արտաշեսը հմտորեն գործադրել է մարտական գործողությունների գլխավոր ուղղությամբ զորքերի հիմնական ուժերը կենտրոնացնելու տակտիկան՝ մարտի հաջողությունները և կարճատևությունը ապահովելու նպատակով։ Ինչպես վկայում են պատմական աղբյուրները, Արտաշեսի ժամանակ քսանհինգ տարվա ընթացքում մղված բոլոր պատերազմներում հայկական բանակը պարտվել է միայն 166 թ. Անտիոքոս IV Եպիֆանի դեմ մղած ճակատամարտում։ Այդ բացատրվում է նրանով, որ Արտաշեսը հմտորեն կազմակերպել է զորքերի մարտական գործողությունները, վարպետորեն օգտագործել է տեղանքը՝ ճակատամարտը կազմակերպելու համար, և կարողացել է ժամանակին համախմբել քաղաքական ու ռազմական ուժերը։ 


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_6/2010-02-18-28 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 1066 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]