// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Հայկական զորքերի մարտավարական եղանակ եղել է ճակատային ընդհարումը, ինչպես նաև թևերի պաշտպանությունը, կազմակերպված հետախուզությունը և պահպանությունը։ 
Հայկական զորքերը համեմատաբար լավ են պատրաստվել պաշտպանողական տեսակի մարտին, դրա համար կառուցվել են բերդեր, ստեղծվել ամրություններ, հարմարեցվել է լեռնային տեղանքը։

Թշնամու հարձակման ժամանակ կամ իրենց զորքերի պարտության դեպքում վահանակիրները շարվել են, շրջանակով և, իրենց առաջ դնելով սեփական վահանները, ստեղծել են պաշպանական պարիսպ, որի հետևից պաշտպանվել ու ետ են մղել թշնամու գրոհները։

Համառ ու երկարատև պաշտպանողական մարտ վարելու նպատակով հայերը բերդերն ու ամրոցները նախօրոք ապահովել են սննդամթերքներով, խմելու ջրով ու զենքով։ Փոքրաթիվ լինելու դեպքում հայկական զորքերը վարպետորեն հարմարվել են տեղանքին և, հմտորեն օգտագործելով մարտական զենքը, ոչ միայն պաշտպանողական մարտ են վարել, այլև անցել են հակահարձակման։

Հենց այն հանգամանքը, որ եղել են զորքի տարբեր տեսակներ` հետևակ և հեծելազոր, որոնք ըստ զինվածության ստորաբաժանվել են ավելի փոքր զորամիավորումների, ապացուցում է, որ զորքի վարժեցումը և պատերազմի պատրաստելը միատեսակ չի եղել բոլոր տեսակի զորքերի համար։ Նետաձիգները պետք է վարժվեին դիպուկ նետաձգության, սուսերավորները՝ սուրը լավ գործադրելուն, հեծելազորը, բացի զենք գործածելուց, սովորել է հեծյալ մարտ վարելու եղանակները։ Հեծելազորը ընդունակ է եղել գործել հիմնականում հարթավայրում, հետևապես, վարժվել է հեծյալ մարտավարության։ Հեծելազորը մարտի մեջ մտել է հետևակի հետ, կամ հետևակի թևերում, կամ կենտրոնում, կամ հետևել է հետևակին և առաջ է մղել նրան և կամ փակել է հետևակի թիկունքը։ Այսպիսով, զորքերի տեսակների մեջ փոխգործողության սաղմերը հայկական զորքերում եղել են շատ վաղ ժամանակից։

II և I դարերում (մ. թ. ա.) հայկական պետության առջև ծառացավ չափազանց կարևոր մի խնդիր՝ հայկական վաղեմի հողերը և մասնատված մանր իշխանությունները միավորել հայկական իշխանության միասնական դրոշի ներքո։ Այդ խնդրի հետ միաժամանակ անհրաժեշտ եղավ ավելացնել զորքերի քանակը, կազմակերպել նոր զորքեր՝ ավելի նպատակահարմար համակարգով, քան եղել էր մինչ այղ։

Նոր զորքերում ստեղծվեցին պահպանական հեծյալ և զրահավոր պահպանական հեծյալ գնդեր։ Հետևակը տրոհվեց թեթև և ծանր գնդերի։ Ստեղծվեցին նոր տեսակի ստորաբաժանումներ` սակրավոր ջոկատներ, մարտական կառքեր՝ պտտվող գերանդիներով, մարտական սայլակներ և թիկունքային զորամասեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին արշավանքներից պաշտպանվելուն, մասնավորապես երկրի ծայրամասերի անվտանգությունը ապահովելուն։ Եթե Արտաշես I-ի ժամանակ եղել են այդպիսի չորս ռազմական շրջաններ, որտեղ այդ նպատակի համար պահվում էր մշտական զորք, ապա Տիգրան II-ի ժամանակ սահմանապահ կայազորների թիվը հասավ վեցի` Ծոփքում, Աղձնիքում, Արվաստանում, Կորդուքում, Նուշիրականում և Գուգարքում։ Այդ կայազորների զորքերը գտնվել են բդեշխների հրամանատարության ներքո, որոնք միևնույն ժամանակ հանդիսացել են այդ մարզերի կառավարիչները։

Կազմակերպչորեն նրանք միավորվել են գնդերում, ջոկատներում ըստ հարյուրյակների, հիսնյակների և ըստ զենքերի հատուկ տեսակների (տես սխեմա 4)։ Այդ զորքերը զինված են եղել աղեղներով, պարսատիկներով, կացիններով, նիզակներով, դաշույններով և սուսերներով, որպես պաշտպանական միջոցներ գործադրվել են վահանն ու զրահը։ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր թագավորը։ Մարզերի մշտական զորքերի հրամանատարները բդեշխներն էին և նախարարները, իսկ զորամասերն ու ստորաբաժանումները ղեկավարել են ավագանին և ազատները։ Հայրենիքին սպառնացող վտանգի ժամանակ նախարարները, թագավորի պահանջով, նրա տրամադրության տակ են դրել իրենց մարզերի աշխարհազորը։ 
Դեռ Երվանդյանների օրոք զորքերն առաջ են քաշել առաջապահ ջոկատներ, առանձնացրել են կողքերի և թիկունքի պահապան ջոկատներ։ Մարտական գողծողությունների թատերաբեմն ընտրելուց հետո , զորքերը հարմարվել են վայրին և համառ դիմադրության համար ամրացրել ու հարմարեցրել են տեղանքը, փորել են խրամատները կամ օգտագործել են փոսերը, ժայռերը, մեծ ապառաժները, ծառերը և այլն։

Սովորաբար մարտական կարգերը կազմվել են աջ և ձախ թևերից, կենտրոնից և թիկունքի զորքերից։ Երթի ժամանակ գեշերը կամ մառախլապատ ցերեկը զորքերը շարժվել են լուռ, տեղեկությունները հաղորդվել են շշուկով, հեծելապարեկները շարժվել են մեկը մյուսից փոքր հեռավորության վրա, որպեսզի թեթևացնեն նոր տեղեկությունների փոխանցումը: Ռազմերթի ժամանակ, կանգառներում, կրտսեր հրամանատարների և ավագների, ինչպես նաև մարտաշարքերի միջև կապ հաստատելու համար ուղարկվել են ձիավոր սուրհանդակներ:

Ազդանշանային կապը պահպանվել է փողեր նվազելով, պայմանավորված առարկաները թմբկահարելով և այլն։ Կենդանի կապ եղել է կրտսեր պետի սուրհանդակի կամ հենց իրեն կրտսեր պետի միջոցով, որն անձամբ ներկայանում էր ավագ պետին և զեկուցում մարտի վիճակի մասին։ Երկրի խոր թիկունքի հետ կապն ապահովել են իջևանները, որոնց մատակարարել են հանդերձանք, ձիասարք և ձիեր։ Մարտի սկիզբը նշվել է ազդանշանով։ Դեռ պարսից զորքերը, որոնց հետ գործել են հայոց զորքերը, մարտն սկսել են գլխավոր հրամանատարի հաղթերդով3։ Հետագայում հայոց զորքերում մարտի սկսվելը ազդարարվել է փողերի նվագով։

Հայկական զորքերի գերագույն հրամանատարի զորակայանը մարտի ժամանակ գտնվում էր բանակի մարտական կարգերի կենտրոնում կամ հետևում, այնպիսի վայրում, որտեղից կարելի էր դիտել ճակատամարտի դաշտը և անել լրացուցիչ կարգադրություններ։ Այդպես է վարվել Տիգրան II-ը Տիգրանակերտի մոտ։ Ապիանոսը վկայում է, որ Տիգրանը դիտում էր հակառակորդի գործողությունները և, տեսնելով, որ հռոմեացիները փոքրաթիվ են, ասաց. «...Եթե դրանք դեսպաններ են, ապա շատ են, իսկ եթե թշնամիներ են, անչափ քիչ են»: Պլուտարքոսը մատնանշում է, որ Տիգրանը, նկատելով հռոմեացիների հեծելազորի կեղծ ռազմացույցը, այն ընդունում է որպես իրականություն և, կարծելով, որ թշնամին նահանջում է, կանչում է իր մոտ գտնվող պոնտական թագավոր Միհրդատ Եվպատորի զորավար Տաքսիլին ու ասում, «Տեսնո՞ւմ ես ինչպես են փախչսում քո անպարտելի հռոմեական զորքերը»:

Անձամբ դիտելու այդպիսի սովորություն են ունեցել նաև մյուս ռազմական պետերը, ուրեմն պարզ է, որ նրանք ընդհանրապես գտնվել են իրենց զորքերի մարտական կարգերի կենտրոնում։ Մարտի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերի մարտական կարգերում, նրանց թևերում և մարտի ամենախոցելի տեղերում կայունություն ստեղծելուն։

Գործող բանակի կարևորագույն հարցերից է եղել վիրավոր և հիվանդ զինվորների բուժումը։ Բժշկությունը սկիզբ է առել դեռևս նախնադարյան հասարակության ծագման շրջանից, իսկ ռազմական բժշկությունը ստրկատիրական պետության առաջացման ժամանակաշրջանում, երբ ստեղծվեց մշտական բանակ։ Այն ժամանակվա կենտրոնացված ամենախոշոր պետությունը, որն ունեցել է ստվարաթիվ մշտական բանակ, եղել է հռոմեական կայսրությունը, որտեղ ռազմական բժշկությունը հասել է զարգացման բարձր աստիճանի։ Առաջին անգամ հին Հռոմում են բացվել «վալենտուդինարիաներ» (առողջարաններ), կոհորտներում, լեգեոններում, ճամբարներում և կայազորի զորքերում նշանակվել են բժիշկներ։

Բժշկության արվեստը թափանցել է Արևելքի և Արևմուտքի բոլոր երկրները, մեծ տարածում է ունեցել և հին Հայաստանում։ Հայաստանի միջով հունական 10000-անոց բանակի՝ Պարսկաստանից նահանջելու ժամանակ հույները շարժվել են մարտերով, ստիպված գնացել են մի մասը ճանապարհով, մի մասն էլ բլուրների վրայով, հասել են հայկական գյուղերը։ Նրանք, «...կանչել են 8 բժիշկներ, որովհետև եղել են շատ վիրավորներ»1։ Բժշկության կարիք ունենալու և տեղում մեծաքանակ սննդամթերք գտնելու պատճառով հելլենները երեք-չորս օր կանգ են առել այդ գյուղերում։

Խալդեյների դեմ մղված պարսիկների պատերազմում, որտեղ Տիգրան Երվանդյանի գլխավորությամբ գործոն մասնակցություն են ունեցել հայկական զորքերը, Կյուրոսի զորքերում բժիշկներ լինելու փաստը հաստատում է Քսենոֆոնը, ըստ որի, երբ պատերազմից հետո վիրավոր գերիներ են բերել Կյուրոսի մոտ՝ նա հրամայել է նրանց հանձնել բժիշկների խնամքին:

Բժշկական գործը Հայաստանում լայն տարածում էր ստացել և «գտնվում էր մերձավոր Ասիայի երկրների մակարդակի վրա»3։ Այդ տարածմանը նպաստել է Հայաստանում տարբեր տեսակի ծաղիկների և հանածոների առկայությունը, որոնցից դեղեր են պատրաստել։ Հանքային բազմաթիվ աղբյուրները նույնպես նպաստել են հիվանդների բուժմանը։ Արարատյան մարզի դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին Ղազար Փարպեցին հաղորդում է, որ այնտեղ գտել են տարբեր բույսերի արմատներ, որոնք բանիմաց բժիշկների արվեստի ու գիտելիքների շնորհիվ գործադրվել են որպես հիվանդությունները արագ բուժող սպեղանիներ և վերականգնել են հիվանդների առողջությունը:

«Հայոց թագավոր Տիգրանի մոտիկ բարեկամ,- գրում է ակադեմիկոս Լ.Ա.Հովհաննիսյանը,- Պոնտոսի հայտնի թագավոր և զորավար Միհրդատը, որը ըստ Պլինիուսի և Հույն պատմաբանների հռչակվել է որպես Արևելքի ամենանշանավոր բժիշկներից մեկը, Հայաստանում աճող խոտերից է պատրաստել փսխելու դեղը, որը հայերի միջավայրում կրում է «Միհրդատի դարման» անունը»1։ Հանածոներից որպես բուժիչ միջոց և քսուք օգտագործվել է կավը, որը հայ ժողովրդական բժշկության մեջ գործադրվում է մինչև այժմ2։ Բժշկությամբ գլխավորապես զբաղվել են հեքիմ-բուժակները և բժիշկ վանականները։

Կասկածից դուրս է, որ հայկական զորքերում բժշկական անձնակազմ մտցնելը և վիրավոր ու հիվանդ ռազմիկների բուժման կազմակերպումը պետք է սկսվեր երկրորդ դարից (մ. թ. ա.), երբ հայերն սկսեցին կազմակերպված բանակ ունենալ։ Հայաստանում այդ ժամանակ չեն եղել հռոմեական վալենտուդինարիայի (առողջարան) տիպի հիվանդանոցներ։ Վիրավորները բուժվել են մեկը մյուսից հեռու, առանձին տներում։

354 թվականին, հայոց Ներսես կաթողիկոսի նախաձեռնությամբ, հայ հոգևորականության Աշտիշատի ժողովի որոշմամբ կառուցված են եղել ապաստարաններ բորոտների, վարակվածների, հաշմանդամների և ընկնավորների համար՝ ապահովելով նաև նրանց սնունդն ու բուժումը։ Այդ առողջարանները մեծապես օգնել են բուժման գործը կազմակերպելուն, միաժամանակ ընդգրկել են բազմաթիվ վիրավոր և հիվանդ ռազմիկների։

Ութերորդ դարի հեղինակ Ղևոնդը իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ պատմում է հայերի և իսմայելացիների (արաբների) միջև Վարդանակերտ գյուղի մոտ մղված ճակատամարտի մասին, և հաղորդում, որ իսմայելացիք, պարտություն կրելով, խուսափեցին սրից, նետվեցին Արաքս գետը, որը սառած էր։ Սառույցը ջարդվեց և շատերը խեղդվեցին։ Ազատվեցին միայն 300 մարդ, որոնք գերվեցին և նույնպես պետք է սրի քաշվեին, բայց հայոց իշխանուհի Շուշանը թույլ չտվեց այդ և, կապելով վիրավոր գերիների վերքերը, բուժեց նրանց:

Մեջբերումից կարելի է հանգել այն եզրակացության, որ վաղ ֆեոդալիզմի շրջանում Հայաստանում գոյություն են ունեցել տնային հիվանդանոցներ և բուժարաններ, այլապես Շուշան իշխանուհին անզոր կլիներ միայնակ, ցրտաշունչ ձմռանը տեղափոխել մեծ քանակով հիվանդներ և վիրավորներ՝ տարբեր վերքերով ու հիվանդություններով, և զբաղվել բոլորի վերքերը կապելով ու բուժելով:

Սակայն մարտի հաջողությունը կախված է եղել ո՛չ միայն զորքերի կազմակերպումից, սպառազինումից, մարտի այլևայլ եղանակները հմտորեն կիրառելուց, ռազմիկների նկատմամբ ցուցաբերած հոգատարությունից, այլև պաշտպանական կառուցումների առկայությունից և մարտի ընթացքում դրանք հմտորեն օգտագործելուց։

Պետական նշանակություն ունեցող բոլոր բերդերը, ամրությունները Հայաստանում կառուցվել են գլխավորապես հաղորդակցության գլխավոր ուղիների վրա։ Այդպիսի կառուցումներ են ստեղծվել նաև Հայաստանի սահմանային գոտիների վրա՝ օտարերկրյա զորքերի ներխուժումերն արգելակելու նպատակով։ Ավելորդ չենք համարում բերել այդպիսի կարևոր կառուցումները բնութագրող մի քանի օրինակներ։

III դարի վերջում և II դարի սկզբում (մ. թ. ա.) հայոց Երվանդ թազավորը իր աթոռանիստը Արմավիրից տեղափոխում է նոր հիմնադրած Երվանդաշատ քաղաքը։ Նոր մայրաքաղաք Երվանդաշատը գտնվում էր ՛այն վայրին մոտ, ուր Ախուրյան գետը թափվում էր Արաքսի մեջ։ Այդ մայրաքաղաքի մասին Մովսես Խորենացին գրում է. «...(Երվանդը) բլուրը պարսպում է, իսկ պարսպից ներս շատ տեղերում քարերը կտրել տալով իջեցնում է մինչև բլուրի հատակը, գետին (մակերևույթին) հավասար, այնպես որ գետից ջրերը հոսեն այդ փորված տեղը, խմելու ջուրը մատակարարելով։ Միջնաբերդն ամրացնում է բարձր պարիսպներով, պարիսպների մեջ պղնձե դռներ է դնում ու երկաթե սանդուղքներ՝ ներքևից մինչև վեր, մինչև դուռը, սանդուղքի վրա, աստիճանների միջև, թաքնված որոգայթներ է շինում, որպեսզի եթե մեկը կամենա գաղտնի բարձրանալ թագավորին դավելու նպատակով, բռնվի...»: Այսպիսով, այդ ժայռոտ բլուրի վրա բարձր պատերով կառուցված բերդը դառնում է անմատչելի։

Հին Հայաստանի մյուս կարևոր մայրաքաղաքն է եղել Արտաշատը։ Այդ քաղաքը տեղադրված է թերակղզու նման վայրում։ Նրա շուրջը, չհաշված պարանոցր, գետի առջևից ձգվում է պարիսպը։ Պարանոցը շրջապատված է խրավանդներով ու թամբերով։ Փոսը լցված է լինում ջրով, որը ծառայում է որպես ջրային պատնեշ բերդի վրա հարձակվող թշնամու դեմ։ Իր ճարտարապետական ոճով աթոռանիստ Արտաշատի ձևավորումը եղել է գեղեցիկ. հռոմեացիները Արտաշատը անվանել են Հայաստանի Կարթագենը։ Հայաստանի պաշտպանության պատմության մեջ հայերի համար կարևոր դեր է կատարել Գառնի բերդը, որի վերականգնումը Տրդատ I-ը ավարտեց I դարի 70-ական թվականներին։ Գառնի ամրոցը Հայաստանի անմատչելի միջնաբերդն է եղել և կարևոր նախամուտքը նրա մայրաքաղաք Արտաշատի պաշտպանման համար, ուստի այն հաճախ է ենթարկվել ավերումների Պարսկաստանի և Բյուզանդիայի, արաբական խալիֆների և թաթարա-սելջուկյան ասպատակների կողմից։

Գառնի բերդը կառուցված է եղել ծովի մակերևույթից ավելի քան 1400 մետր բարձրության վրա, Գեղամա լեռների զառիվայրում։ Բերդի հարավային կողմից վեր են խոյանում հսկայական ժայռեր, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 150 մետրի և ուղղաձիգ իջնում են Ազատ գետի կիրճը։ Հյուսիսային պարսպի երկարությամբ, 170 մետր տարածության վրա կառուցվել են աշտարակներ՝ միմյանցից 10—12 մետր հեռավորությամբ։ Աշտարակների այդպիսի խտությունը բացատրվում է երկու հանգամանքով։ Առաջին, հյուսիսային կողմում չկան կիրճեր և ուղղաձիգ ժայռեր, իսկ դա հակառակորդին հնարավորություն էր տալիս գրոհել բերդը այդ կողմից, և երկրորդ՝ Գառնի բերդը չի դասվել սովորական բերդերի շարքը, այլ եղել է «արքայական ամրոց», ուստի նրա պաշտպանությունը պետք է ապահովված լիներ ավելի ուժեղ պատվարներով։ Հարավ-արևելյան և հարավային կողմերից բերդը ոչ մի պաշտպանական կառուցում չի ունեցել, որովհետև ուղղաձիգ վեր բարձրացող հսկայական ժայռերը բնական արգելակներ են հանդիսացել և այդ կողմից բերդը դարձրել են անմատչելի։

Թեթև թեքություն ունեցող և ժայռածածկ ձորի կողմից բերդի բնական պաշտպանությունը լրացվել է արևելյան պարսպով, որը 144 մետր տարածության վրա ունեցել է միայն չորս աշտարակ՝ իրարից 25-ից մինչև 32 մետր հեռավորության վրա։ Գառնի բերդի դարբասը ունեցել է 2,16 մետր լայնություն։ Այդ բավական է եղել, որպեսզի մարտական կառքերը, հետևակն ու հեծելազորր 3-4 շարքով անցնեն։ Դարբասը կառուցվել է բերդի հյուսիսային կողմում, որտեղ մուտքը մատչելի է եղել, հետևաբար և հենց այդտեղ են կառուցվել պաշտպանողական նպատակ ունեցող հիմնական սարքավորումները՝ հարձակվող հակառակորդի գործողությունները անվտանգ դարձնելու համար:

Բերդի պաշտպանության խնդիրներն ու հնարավորությունները աչքի առաջ ունենալով, կառուցողները հյուսիս-արևելյան պարիսպը առաջ են քաշել, օգտվելով նրա առջևում գտնվող խոր կիրճի բարձր ուղղաձիգ ժայռից, որն ապահովել է բերդի անմատչելիությունը։ Դրանով իսկ միաժամանակ ստեղծվել է այդ պարսպի կենտրոնական աշտարակների համար նետաձգության տեսածիր` հակառակորդի թևերի ուղղությամբ, եթե նա գրոհեր պարսպի աջ և ձախ թևերի աշտարակների վրա։

Տեղ-տեղ, հատկապես կենտրոնում, հյուսիս-արևմտյան պատը ետ է քաշված, ասես դրանով ստեղծել են կորագիծ։ Ամրոցի վրա հարձակվող հակառակորդի համար պատի այդ մասն ամենամատչելի տեղն էր։ Թևային աշտարակները հիմնական պարսպից դուրս դնելը ստեղծել է «պարկ» կենտրոնական պատի վրա գրոհող թշնամուն մեջը գցելու համար։ Դեպի առաջ շարժած հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան աշտարակներից աղեղնաձիգները խաչաձև նետաձգություն են կատարել պարկն ընկած հակառակորդի վրա և օգնել են կենտրոնական պարսպի կայազորի գործողություններին։ Այդպիսով, ամրոցր բաշխվել է ըստ պաշտպանողական զորամասերի և կազմակերպվել է կենտրոնական պարսպի ու աշտարակների զորքերի փոխգործողությունները։

Պաշտպանական սիստեմում վճռական նշանակություն ունեցող պարսպի աշտարակները ուղղանկյուն են և գրավում են մոտ քառասուն մետր տարածություն։ Դրանք դրված են եղել հիմնական պարսպից 2,35 մետրից մինչև 3,65 մետր առաջ։ Պատերի աշտարակներն այդ ձևով դուրս ցցելը նույնպես օժանդակել է աշտարակների պաշտպաններին ուժերը կենտրոնացնելու ամրոցի հիմնական պարսպի վրա հարձակվող թշնամու թևերի դեմ։ Ներսի կողմից այդ պարսպի աշտարակները դուրս են ցցվել 0,95 մետրից մինչև 2,33 մետր։ Աշտարակների այդպիսի դուրս ցցումը ստեղծվել է գլխավորապես մի նպատակով՝ ավելացնել նրանց տարածությունները պաշտպանների մեծաթիվ կայազոր և մեծաքանակ ռազմամթերք տեղափոխելու համար։ Քարից շարած պատերը ունեցել են 2 մետր հաստություն։ Պատերի այդպիսի հաստությունն անհրաժեշտ է եղել բերդի պաշտպաններին, որպեսզի կարևոր ուղղություններում վերախմբավորելու համար ցած չիջնեն, ժամանակ և ուժ չկորցնեն, ինչպես նաև մշտապես դիտեն թշնամու գործողությունները։

Գառնի բերդի կառուցողները նկատի են ունեցել և հակառակորդի կործանիչ տեխնիկայի գործողությունները։ Ուստի պատերն ու աշտարակներր շարել են խիտ, լցրել են քարերի միջև եղած ամենաաննշան ճեղքերը և կործանիչ տեխնիկայի ճիրանների բռնելու տեղ չեն թողել։

Մարզի մասնակցությունը երկրի պաշտպանության ընդհանուր սիստեմին` նախարարներին հարկադրել է ստեղծել պաշտպանության հենարաններ նաև մարզերում։ Թագավորի ցուցումով նախարարները նույնպես կառուցել են բերդեր ու ամրոցներ։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է եղել, թագավորի կոչով նախարարներն իրենց զորքերն առած հավաքվել են թագավորի գերագույն հրամանատարության ներքո, թողնելով իրենց բերդերում փոքր կայազոր` նախարարական ամրոցը պաշտպանելու համար։ Նախարարական բերդերն ու ամրոցները կառուցվել են որպես մայրաքաղաքի պաշտպանակ ֆորպոստ։ 
Նախարարների կառուցած բերդերը, ամրոցները և ամեն տեսակ ամրությունները սկզբունքորեն հետապնդել են նույն պաշտպանական նպատակները։ Կառուցել են դրանք նույնպես բարձունքների, սուր կարվածքով ժայռոտ կիրճերի վրա, ուր հակառակորդին դժվար է եղել հասնել։

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ամրոցները շինելիս հատուկ ուշադրություն է դարձվել այնպիսի հնարավորություն ստեղծելուն, որ կարողանան դիտել թշնամու զորքերի շարժումները և ազդանշան տալ նրանց հայտնվելու, ձեռնարկած գործողությունների մասին։ Դրան օժանդակել են ամրոցների բարձր պարիսպներն ու աշտարակները։ Բացի դրանից, ամրոցներից դուրս, բարձր ժայռերի վրա, ոչ բարձր պատերով և փոքր տարածությամբ կառուցվել են հատուկ դիտակետեր, ուր տեղավորել են մի քանի տասնյակ մարդիկ` դիտելու այն վայրերը, որտեղից սպառնացել է հակառակորդի հայտնվելու վտանգը։ Թեպետ այդ կայազորները չեն կարողացել էական դեր կատարել ռազմական գործողության մեջ, բայց իրենց զորքերին ժամանակին զգուշացրել են հակառակորդի հայտնվելու, զորքի կազմի ու քանակի վերաբերյալ, և ամրոցի կայազորին հնարավորություն տվել պատրաստվելու անկոչ հյուրերին արժանի դիմադրություն ցույց տալու համար: Այդ ամրոցները կառուցվել են երկրի կենտրոնում կամ ծայրամասերում այն հաշվով, որ երկրի պաշտպանության հետ միասին հենակետեր ծառայեն Հայաստան տանող բոլոր մուտքերը փակելու համար։

Այդպիսով, ամբողջ Հայաստանի տարածքում բնական և արհեստական արգելակները ավելացնում էին երկրի պաշտպանական հզորությունը։ 


Աղբյուր: http://ayrudzi.info/news/haykakan_r'azmakan_arvesty'_2/2010-02-11-20 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (21-Հունվ-2011) Դիտումներ: 848 | Պիտակներ: պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]