// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Եգիպտոսի  հայ  թագուհիները

Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի և այլ երկրների միապետների հետ: Ուսումնասիրությունները պարզել են, որ մ.թ.ա. 18-րդ դարից սկսած Խուրրի-Միտանի պետությունը կարևոր դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական ու տնտեսական կյանքում: Այն առևտրական կարևոր հանգուցակետ էր հարևան երկրների համար: Իր հզորության ժամանակ Խուրրի-Միտանիի արքաները իշխում էին Սիրիա-Պաղեստինին, որով սահմանակից էին դարձել հզոր Եգիպտոսին: Եգիպտոսը ևս ցանկանում էր տեր դառնալ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Սիրիա-Պաղեստին երկրամասին: Սկսվում են փոխադարձ ռազմական արշավանքներ: Եգիպտական փարավոնները իրենց արձանագրություններոմ պարծենկոտությամբ նշում են, որ արշավել են Խուրրի (նաեւ Նահարինա, Նաիրի) երկրի վրա, ավերել են, այրել ու մեծ ավարով վերադարձել: Սակայն շատ հաճախ կրկնվող այս արշավանքները ցույց են տալիս, որ հաջողությունը միշտ չէ, որ ուղեկցել է եգիպտացիներին, այլապես այդքան հաճախ չէին կազմակերպվի արշավանքներ դեպի Հայկական լեռնաշխարհ:
Թութմոս 4-րդ փարավոնը (1465-1455թթ.) հետևելով իր նախնիներին՝ նոր արշավանք է ձեռնարկում դեպի Խուրրի-Միտանի, սակայն այդ արշավանքն ավարտվում է Արտատամա /Արտադամա/ 1-ին արքայի հետ կնքված խաղաղության ու բարեկամության դաշնագրով: Թութմոս 4-րդը համոզվում է, որ իրեն ու իր երկրին ավելի ձեռնտու է Խուրրի-Միտանի երկիրն ունենալ իբրեւ դաշնակից ու բարեկամ, և կնքված պայմանագիրն ավելի ամրապնդելու համար խնամախոս դեսպաններ է ուղարկում Արտատամա 1-ինի մոտ՝ կնության խնդրելով նրա դստերը: Խնամախոսները 7 անգամ այցելում են Արտատամայի արքունիք, որն ի վերջո տալիս է իր համաձայնությունը և արքայադուստրը դառնում է Եգիպտոսի թագուհի՝ Մուտեմույե անունով: Ամառնայի նամակները ցույց են տալիս, որ Արտատամա 1-ինի դուստրը եգիպտական հաջորդ փարավոն Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) մայրն էր: Այս փարավոնը ևս ամուսնացել է Խուրրի-Միտանիի արքայադուստրերից մեկի հետ: Մինչև իր թագավորության 10-րդ տարին (մոտ 1445թ. մ.թ.ա.) Ամենհոտեպ 3-րդը դեսպան-խնամախոսներ է ուղարկել Խուրրի-Միտանիի հաջորդ թագավոր Սուտառնա /Շուտառնա/ 1-ինի մոտ՝ խնդրելով նրա դուստր Գիլու Հեպայի ձեռքը: Հայտնի է, որ 6 անգամ Սուտառնայի արքունիք այցելելուց հետո միայն դեսպաններին հաջողվել է ստանալ արքայի համաձայնությունը: Գիլու Հեպան 317 կանանց ուղեկցությամբ ուղևորվել է Եգիպտոս: Ամենհոտեպ 3-րդը ունեցել է խուրրիական ծագումով մեկ այլ կին ես՝ Թիա անունով (հավանաբար Գիլու Հեպայի մահվանից հետո, որովհետև նրա մասին այլևս տեղեկություններ չկան նամակներում): Թիան ոչ արքայական ծագում է ունեցել: Նրա դամբարանում հայտնաբերված արձանագրություններից պարզվել է, որ Թիայի ծնողները եղել են Նաիրի երկրից: Թիան կոչվել է «արքայի մեծ տիկին» և ազդեցիկ դիրք է ունեցել եգիպտական արքունիքում: Նա ունեցել է խելացի կնոջ համբավ և օգնել է ամուսնուն երկրի կառավարման գործում: Չնայած այդ արժանիքներին, ոչ արքայական ծագման պատճառով քրմերը հաճախ պահանջել են փարավոնից, որ բաժանվի նրանից: Սակայն Ամենհոտեպ 3-րդը միշտ մերժել է նրանց՝ պատասխանելով, որ Թիան հզոր փարավոնի կին է: Հայտնի հնագետ, եգիպտագետ Պետրին, որը մանրամասն քննել է Խուրրի-Միտանի արքայադուստրերի դիրքը եգիպտական արքունիքում, գրել է. «Թիայի դեմքը… տարբերվում է նախապես Եգիպտոսում տարածված տիպից …, Նեֆերտիտիի կերպարանքը շատ նման դիմագծեր ունի Թիայի հետ, այնքան շատ, որ հավանական է, թե երկուքն էլ պատկանում են նույն ցեղին»: Ամենհոտեպ 3-րդը երկարատև գահակալության շրջան է ունեցել և Ամառնայի նամակներից հայտնի է դառնում, որ նա, չնայած ծեր հասակին նորից ցանկացել է կին առնել Խուրրի-Միտանիի արքայադուստրերից մեկին: Այս անգամ հարսնացուն Տուշրատա արքայի դուստր Տադու Հեպան էր, որը հայտնի է Նեֆերտիտի անունով: Փարավոնը իր Մանե եւ Գելիա դեսպաններին ուղարկում է խնամախոսության: Դեսպանները իրենց հետ բերել էին փարավոնի նամակը, որտեղ գրված էր. «…Իմ եղբայր, ինձ կնության ուղարկիր քո դուստրն իբրեւ տիրուհի Եգիպտոսի»: Տուշրատան անմիջապես չի համաձայնվում, և սկսվում են երկարատեւ բանակցություններ: Միտանիի արքան մեծ քանակությամբ ոսկի է խնդրում փարավոնից, որը հավանաբար նրան անհրաժեշտ էր արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար (Խաթթի, Աշուր): Սակայն փարավոնը չէր շտապում ուղարկել պահանջված ոսկին և գրում է.  «…Ինչ որ ուղարկում եմ քեզ, սա չնչին է, իսկ եթե դու համաձայնվես տալ նրան ինձ կնության, որին ես փափագում եմ, նվերներ պիտի /գան ավելի շատ/»: Հերթական այցելություններից մեկի ժամանակ Մանե դեսպան-խնամախոսին է ներկայացվում հարսնացուն: Մանեն շատ է հավանում արքայադստերը և Տուշրատայի պատասխան նամակով, որտեղ նա նորից ոսկի էր խնդրում, վերադառնում է Եգիպտոս: Դեսպանների տեղեկությունները հարսնացուի մասին հավանաբար գոհացրել են փարավոնին, քանի որ Մանեն նոր նվերներով ու նոր նամակով նորից ուղևորվում է Հայոց աշխարհ, որպեսզի արքայադստերը առաջնորդի Եգիպտոս: Տուշրատան իր դստեր համար օժիտ է պատրաստում, որի համար ժամանակ էր պետք և որոշվում է, որ Մանեն պետք է 6 ամիս սպասեր Վաշուգանե մայրաքաղաքում, մինչև օժիտը պատրաստվեր: Նեֆերտիտիի օժիտը կազմված էր Հարմոհե և Մաշրիանի քաղաքների տուրքերից, ուղարկվում էին նաև մի քանի հարյուր կանայք, մի մատուռ՝ ազգային աստվածների պաշտամունքի համար: Տուշրատայի իշխանության տակ գտնվող քաղաքներն ու իշխանները ևս մասնակցում էին օժիտի պատրաստմանը: Ամառնայի նամակների հավաքածուի մեջ պահպանվել է Նեֆերտիտիի օժիտի մանրամասն ցանկը: Այն այսպիսին է. ոսկե, արծաթե ու պղնձե առարկաներ, անոթներ, հագուստի թանկարժեք գործվածքներ, ասեղնագործված իրեր, ոսկեհյուս պատմուճան, թանկագին գոհարներով գինդեր, դրվագված ապարանջաններ բազկի ու սրունքների համար, զարդեղեն, բաժակներ, տուփեր, անուշաբույր յուղերով սրվակներ, պղնձե սպասք, ոսկե ու արծաթե արձանիկներ: Կան նաեւ արծաթապատ կառքեր իրենց ձիերով, զենք ու զրահ, պղնձե սաղավարտներ, արծնապատ, ոսկով ու գոհարներով զարդարված ոսկեպատ աղեղներ ու այլ զենքեր: Ծերունի փարավոնի համար ուղարկվում էր ինչ-որ կախարդական բալասան, որը պետք է երկարացներ նրա կյանքը: Ուղարկվում էր նաեւ Աշշուրից բերված (իբրև ավար) Իշտար աստվածուհու արձանիկը, որը պետք է բուժեր փարավոնին իր հիվանդության ժամանակ: Երկարատեւ պատրաստություններից հետո, երբ խնամախոսները 6 անգամ այցելել էին Տուշրատայի արքունիք, արքան իր դստերը ճանապարհում է Եգիպտոս՝ տալով իր օրհնությունը: Արքայադուստրը հասնում է Եգիպտոս և ընդունվում արքայավայել պատիվներով: Եգիպտացիները հիացած էին նրա գեղեցկությամբ և կոչում են նրան Նեֆերտիտի, որը «գեղեցկուհին եկավ» իմաստն ունի: Սակայն շուտով մահանում է Ամենհոտեպ 3-րդը և գահ է բարձրանում Ամենհոտեպ 4-րդը  (1419-1400), Ամենհոտեպ 3-րդի և Թիայի շատ երիտասարդ որդին: Նոր փարավոնը հոր մահը անմիջապես հաղորդում է Տուշրատա արքային և խնդրում հոր հետ սկսած բարեկամությունը շարունակել իր հետ, քանի որ ինքը որոշել է Նեֆերտիտիին ընդունել իր կանանոցը՝ իբրեւ «մեծ իշխանուհի, իշխանուհի բոլոր կանանց եւ տիրուհի հարավի ու հյուսիսի»: Բարեբախտաբար մեզ է հասել գեղեցիկ ու հմայիչ Նեֆերտիտիի պատկերը: Ամառնայից հայտնաբերվել է վարպետ Ջեխուտիմեսի կերտած Նեֆերտիտիի դիմաքանդակը: Պատկերված է նուրբ դիմագծերով, երկար վզով ու երազկոտ, նշաձեւ աչքերով հմայիչ մի կին: Ուսումնասիրողներից Բեցոլդը խոսելով Նեֆերտիտիի օժիտի մասին, այնուհեեւ գրում է. «Պետական թելադրանքներ, կառավարական սկզբունքներ ամենից առաջ, սակայն և կրոնական գաղափարներ նույն ճանապարհը պետք է բռնած լինեն»: Ամենհոտեպ 4-րդ փարավոնը, չնայած երիտասարդ հասակին, ուժեղ անհատականություն էր, որի անցկացրած բարեփոխումներն արմատապես փոխել են Եգիպտոսի դարավոր սովորույթներն ու լայն, սուր բախումների տեղիք տվել: Նոր փարավոնը ժխտել է բոլոր հին աստվածներին և ընդունել արևի Ռա Աստծո պաշտամունքը: Գերագույն աստծուն անվանել է Աթոն՝ «Արեւի սկավառակ», իսկ ինքն անվանափոխվել է Էխնաթոնի, որ նշանակում էր «Աթոնի վահան»: Էխնաթոնը այնուհետեւ իրեն նվիրել է նոր կրոնի քարոզմանը, գրել է բազմաթիվ ներբողներ, կառուցել է նոր մայրաքաղաք Ախեթաթոն անունով, որ նշանակում էր «Աթոն աստծո քաղաք»: Կառուցել է նաեւ տաճարներ, որոնց պատկերը զարդարել է տվել իր սիրելի կնոջ՝ Նեֆերտիտիի ու երեք աղջիկների պատկերներով: Էխնաթոնը իր գրած ներբողների մեծ մասը նվիրել է Նեֆերտիտիին: Այդ ներբողներում նա գովերգում էր նրա հմայքն ու գեղեցկությունը.

Ես սիրում եմ քաղցր շունչը քո,
Ամեն օր հիանում եմ քո գեղեցկությամբ,
Իմ ցանկությունն է լսել քո ձայնը հմայիչ,
Որ հնչում է ինչպես շրշյուն հյուսիսային քամու:

Կրոնական  այս հեղափոխության մեջ  մեծ է եղել արևապաշտ Նեֆերտիտիի դերը, որն իր հետ Եգիպտոս էր բերել իր նախնիների` հայ-արմենների  կրոնը՝ Արև-Աստծո՝ պաշտամունքը:  Այդ մասին պրոֆեսոր Պետրին գրում է.  «Էխնաթոնի մայրը միտանական-հայկական ծագում  ուներ և նա էր բերել Աթոնի կրոնը իր հայրենիքից և սովորեցրել որդուն»:  Ամառնայի նամակներից պարզ է դառնում, որ Էխնաթոնի ու Տուշրատայի հարաբերությունները այնքան էլ բարեկամաբար չեն զարգացել: Նոր փարավոնը չի ուղարկում Ամենհոտեպ 3-րդի խոստացած նվերները: Տուշրատան հատկապես շատ էր ուզում ստանալ իր դստեր 2 ոսկե արձանները, որոնք պատրաստի վիճակում ցույց էին տվել դեսպաններին: Որպես պատասխան Ամենհոտեպ 4-րդը ուղարկում է փայտե ոսկեզօծված արձաններ, որը խիստ վիրավորական էր Տուշրատայի համար: Հետագա նամակագրությունները և իրադարձությունները ցույց են տալիս, որ հարաբերությունները ավելի ու ավելի սառն են դարձել և ի վերջո խզվել են: Սա այն ժամանակն էր, երբ Խուրրի-Միտանին թուլանում էր, իսկ Եգիպտոսն էլ հավանաբար չէր ցանկանում շարունակել բարեկամությունը թուլացող երկրի հետ: Էխնաթոնը եւ Նեֆերտիտին որդի չեն ունեցել, այդ պատճառով էլ, երբ կյանքի 30-րդ տարում վախճանվել է փարավոնը, գահն անցել է փեսաներին, նախ՝ Սեմնեխկարին, ապա Թութանհամոնին: Ամուսնու մահից հետո ապրելով  ևս մի քանի տարի, Նեֆերտիտին մահացել է 37 տարեկանում:
 Այսպիսով, գրեթե 3 սերունդ շարունակվել են Խուրրի-Միտանիի եւ Եգիպտոսի արքայական ընտանիքների ազգակցական-խնամիկան կապերը: Կարճ ժամանակամիջոցում Եգիպտոս հարս են գնացել Արտատամա 1-ինի դուստր Մուտեմույան, Սուտառնա 1-ինի դուստր Գիլու Հեպան, իշխան Յուայի դուստր Թիան և Տուշրատա 1-ինի դուստր Տադու Հեպա-Նեֆերտիտին: Հայոց աշխարհի արքայադուստրերը մեծ համբավ են ունեցել եգիպտական արքունիքում1: Նրանք աչքի են ընկել իրենց բացառիկ խելքով, հմայիչ գեղցկությամբ և խելացի խորհրդատուներ ու օգնականներ են եղել իրենց ամուսին-փարավոնների համար: Հայոց արքայադուստրերի հետ անկասկած Եգիպտոս են մեկնել նաև հարյուրավոր կանայք՝ դայակներ, սպասավորներ, պալատական այլ կանայք, որոնք եգիպտական արքունիք էին մտցնում իրենց հայրենիքի բարքերը, սովորությունները, ինչպես նաև կրոնական  հայացքները: Եգիպտոսի պատմության մեջ աչքի է ընկնում հենց այս՝ նոր թագավորության շրջանը, որը սկսվում է 18-րդ հարստության փարավոնների գահակալությամբ: Այս շրջանը համարվում է եգիպտական պետության ծաղկման ու բարգավաճման ժամանակաշրջանը: Կարելի է մտածել, որ այս հաջողությունները պայմանավորված են եղել նաև Խուրրի-Միտանիի թագավորների և եգիպտական փարավոնների միջև  հաստատված ազգակցական ու բարեկամական կապերով:

----------------

 Համեմատության համար նշենք, որ խեթական թագավոր Խաթթուսիլի 3-րդի (մ.թ.ա. 13-րդ դար) կինը՝ խուրրիական ծագումով Պուդո Հեպան ևս մեծ ազդեցություն է ունեցել խեթական արքունիքում: Նա խուրրիաբնակ Կիցվատնայի (Կիլիկիա) քրմի դուստրն էր, եղել է կիրթ, զարգացած ու ազդեցիկ թագուհի «tawannas»: Նրա ազդեցությունը մեծ է եղել նաև կրոնական  ու մշակութային հարցերում: Խաթթուսիլի 3-րդը այնքան մեծ վստահություն է ունեցել կնոջ՝ Պուդո Հեպայի հանդեպ, որ հաճախ թույլատրել է իր անունից կազմված փաստաթուղթը վավերացնել միայն Պուդո Հեպայի կնիքով:
Թեմայի մասին ավելի մանրամասն տես Ա. Տերյան, « Միտանի, Հայոց հնագույն պետություն»   ու « Հայաստանը և Պատմությունը»  գրքերը:




Աղբյուր: http://angelateryan.wordpress.com/2011/04/28/%D5%A5%D5%A3%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A9% Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (30-Հնս-2011) | Հեղինակ: Անժելա Տերյան Դիտումներ: 2771 | Պիտակներ: Էխնաթոն, Եգիպտոս, Անժելա Տերյան, Խուրրի-Միտանի, Նեֆերտիտի, հայ թագուհիներ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]