// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ժողովուրդը կը նմանի իր երկրին, որն իր ներքին ուժերի աշխատանքով բարձունքներ է կարկառում: Մասիս թէ Մեսրոպ - հաւասարապէս սրբազան կատարներ, որոնց տրուած է գոյութեան բարձունքներում պահել հայ միտքն ու հայեացքը:

Կան դանդաղ զառամող ու մեռնող ժողովուրդներ - նրանք, որոնց անցեալ գոյութեան դպրոցը՝ իրենց երկրի աշխարհագրական դիրքի եւ արտաքին այլ ազդակների շնորհիւ եղել է նուազ դժուարին: Պատմութեան կողմից բարերարուածներն են դրանք՝ տէր միջակ մորալի, որոնք կորցրած իրենց անհատականութիւնը, շարունակում են ապրել իրենց անցեալի վարկով միայն:
Ամէն ժողովուրդ իր ուսերի վրայ է կրում իր պատմական բախտի բեռը:
Նուազ ոգելից եւ խոստումնալի է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպէս, որին պակասում է իր պատմական առաքելութեան գիտակցութիւնը:
Նմանին, զլանալով իր յարգանքը, աշխարհը ասում է՝ ապրելու եւ ստեղծագործելու համար նախ ճանաչիր եւ ճանաչել տուր քեզ:
* * *
Փոխադարձ է ազդեցութիւնը երկրի եւ այն մշակող ժողովրդի միջեւ: Հնագոյն ժամանակներում, ինչպէս եւ քաղաքակրթութեան լուսաբացին, առաւել չափով զօրաւոր է եղել բնութեան ազդեցութիւնը մարդու վրայ:
Անհամար թելերով է կապուած իր գետերին, իր Վոլգային ռուսական հոգին:
Ծովի, ծովեզրերի ծնունդ է յոյնը:
Անապատն է կաղապարել արաբի էութիւնը: Իսկ հայ էութիւնը մշակելու գործում ազդեցութեան առիւծի բաժինը ընկել է Հայոց լեռներին:
Մասիսն է դայեակը հայ հոգու:
* * *
Ծո՛վ է ժողովուրդը: Ինչպէս հողմերից առաջացած ալիքները չեն դրսեւորում ծովի ողջ դինամիկան, նրա զօրութիւնը, այնպէս էլ ժողովուրդների առօրէական մանրագործութիւնները չեն սպառում այն ամէնը, որ տեղի է ունենում նրանց հոգու խորքում:
Կան խորքային ալեկոծութիւններ, որոնք ընդգրկում են բովանդակ ծովը:
Կան նաե՛ւ հոգեշարժեր - պատերազմ, յեղափոխութիւն, վերածնունդ, որոնց ընթացքում ժողովուրդը իւր էութիւնն ու ուժերը բացայայտում է առաւելագոյն չափով:
Այո՛, ծով է ժողովուրդը: Դա հոգու միասնութիւն է: Ով չգիտէ, ով չի զգում այդ՝ թող հեռու մնայ նրանից:
* * *
ժողովուրդն է մեր ժամանակների աստուածութիւնը: Թէեւ նրա մասին եւ նրա անունից խօսում են իր բոլոր զաւակները, քիչերը, սակայն շատ քիչերն են էաբանօրէն ճանաչում նրան:
ժողովրդին, ինչպէս եւ բնութեանը ճանաչել կարելի է իր ամբողջութեան եւ խորքի մէջ:
Այսպէ՛ս միայն, եւ ոչ՝ այլ կերպ:
Երկու են դէպի նրա խորք-էութիւնը տանող ճամբաները - իր պատմութիւնը եւ իր աչքերը՝ գերագոյն պահերում:
Առաջինը վկայում է թէ ի՞նչ էր նա անցեալում եւ ի՞նչ կարող էր մնացած լինել նրանից: Երկրորդը խօսում է այն մասին, թէ ի՞նչ է նա այժմ եւ ի՞նչ կարող է դառնալ վաղը:
ժողովրդի ա՛չքը, որի արտայայտչականութիւնը տրուած չէ մարդկային խօսքին:
Կան գերագոյն պահեր - ժողովրդի գոյութեան ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր, երբ դա լայնանում է, խորանում արծուի աչքի պէս, երբ այդ վերջինը իր բնին, իր ձագերին երկարող թշնամու ձեռքը, ժանիքը, մագիլն է տեսնում:
Նման դէպքերում ժողովուրդն ամբողջապէս աչք է դառնում, որին նայելու արիութիւն չի պակասում սակաւաթիւներին միայն:
Նրա հայեացքից փախչում, թաքնւում են այն բոլորը, որոնք մինչեւ այդ կ՚աղմկէին, կը խուժանավարէին հրապարակում - կրկեսայիննե՛րը, ինքնակոչները, սովորականները: 
Եւ, իրենց դիրքերի վրայ՝ վտանգի պահուն՝ մնում են զօրաւորները միայն:
«Իմ զաւակը չէ նա, ով ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում ինձանից»,- անխօս ասում է հրաբխի պէս արթնացած ժողովուրդը: Եւ գործում՝ իր ապրած դարերի իմաստութեամբ՝ սահմանելով եւ պարտա- դրելով գերպարտականութեան գործեր:
Նման վայրկեաններին նա զօրաւորների մէջ փնտրում է զօրաւորագոյնին եւ նրա ափի մէջ դնում իր ճակատագիրը: Այսպէս է աշխարհ գալիս ճշմարիտ առաջնորդը: Խորքի կանչին արձագանգում է խորքը - ժողովուրդ եւ առաջնորդ գտնում են իրար՝ միանում, ամբողջանում էութենական մի միասնութեան մէջ:
Այսպէս է ստեղծւում հաւաքական սիրտը: Նման պահերին է սրբազանում ապրումը, խօսքը, գործը:
Նման մթնոլորտում են յղացւում հերոսները եւ ծնունդ առնում գործերը հերոսական:
* * *
Ես տեսել եմ մեր ժողովրդին նման հոգեվիճակում. տեսել նրան՝ իր բիբերի մէջ, տեսել խռովքոտ տողանցն իր սերունդների, տեսել ռազմի իր սուրբերին եւ գայլերին՝ Վարդաններին եւ Վահաններին.
Եւ ժողովրդի հզօր շունչով օծուած՝ երկու անգամ անհաւասար ճակատամարտերի եմ առաջնորդել նրա զաւակներին: Ղարաքիլիսէի օրհասական օրերին, երբ թուրք հորդաների հետ մա՛հը կ՚անցնէր Ախուրեանը, ու երկու տարի անց՝ Սիւնիքում, ուր պանթուրանականները կը նկրտէին լեռնահայութիւնը վերածել դիակների կամուրջի՝ թուրք եւ թաթար հայրենիքների միջեւ:
Եւ երկու դէպքում էլ հայ մարդը կատարել է ռազմի մեծագործութիւններ, քանզի մեզ հրամայել ու վարել է աչքը ժողովրդի:
* * *
ժողովուրդն աւելին է, քան իր պետութիւնը, իր իշխանութիւնը, անգամ իր կուլտուրան:
Իր ոգու յայտնութիւնը դժուարացնող բազմազան արգելքների պատճառով նրան յաջողում է իրականացնել իր կարողական ուժերի մի չնչին մասը միայն: Պետութեան - ճշմարիտ պետութեան, բանականութեան եւ մարդկայնութեան վրայ կառուցուած պետութեան դերը հէնց այդ արգելքները աստիճանաբար վերացնելու մէջ է կայանում:
ժողովուրդ - դա Անտէյն է առասպելական: Պարտւում է նա, հէնց որ կտրուեց հողից: Իսկ այդ վերջինը՝ հայրենի հողը խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժէքներն ու սրբութիւնները, որ ստեղծել է ինքը ժողովուրդը:
* * *
Անհատը պարտական է իր ընթացքն արդարացնել իր ժողովրդի առջեւ, իսկ ժողովուրդը՝ իր պատմութեան:
* * *
ժողովրդից է ամէն յաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամէն պարտութիւն:
* * *
«Ես գրում եմ մի ձեռքով, պայքարում՝ երկուսով»:
Այսպէ՛ս, Վիկտոր Հիւգոյի պէս վարուիր, երբ ժողովրդիդ գերագոյն բարիքներն ես պաշտպանում:
ժողովրդի համար՝ զոյգ ձեռքով - այսպէս բոլոր դէպքերում:
* * *
Կեանքում, խղճմտանքէս զատ ես ճանաչեցի երկու այլ դատաւորների եւս՝ Աստուա՛ծ եւ ժողովո՛ւրդ: Առաջինի դէմ մեղանչեցի, երկրորդի դէմ՝ երբե՛ք

Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (15-Մյս-2011) | Հեղինակ: Գարեգին ՆԺԴԵՀ Դիտումներ: 1012 | Պիտակներ: Բանտային գրառումներ, ГАРЕГИН НЖДЕ, Garegin Njdeh, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]