// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

451 մայիսի 26 – Ավարայրի ճ-մ (Վասպուրական, Արտազ գավառ, Տղմուտ գետի ափին)

"Մենավոր մի դամբարան ծածկում է իր տակ ամփոփված մի հոգու հավերժական հանգիստը: Ասում են Վարդանն է այդտեղ: Ճշմարի՞տ է դա - դժվար է ասել: Բայց դաշտավայրի վճիտ լռության մեջ երբեմն կլսես կոկորդային մեղեդու մեղմաձայն մի գեղգեղանք...: Այդ մեղեդին երգվում է այն պահին, երբ ոտ են դնում Ավարայրի դաշտավայր: Վարդանանց նվիրված դարերի հին երգն է դա: Եվ այդ հավերժական երգի մեջ արդեն ճշմարտորեն ամփոփված են Վարդանը և Վարդանանք"

Դերենիկ Դեմիրճյան


Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը (մոտ 214.000, այդ թվում ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ) Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարների և նրանց գնդերի (ընդհանուր` 6.000 հեծյալ) ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակը (100.000 , որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ, 34.000 աշխարհազորային) իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար: Հաջորդ օրը վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին: 
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը:
Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:
I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար:
II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր: 
III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը:
IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև "անմահ" կոչվածներին: 
V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին: 
VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար: 
VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից: Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից: Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թ-ին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:


Աղբյուր: http://www.meronq.com Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (29-Դկտ-2010) Դիտումներ: 2170 | Պիտակներ: մշակույթ, պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]