// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

Տաշիր գավառին բնագրավումը
Տաշիրը` անուն մը, որ այժմ չի գործածվիր, մեր հին Գուգարքի մեկ գավառն է, որ հետո Լոռի կոչվեցավ, Լոռիի բերդին անունով և հիմա ծանոթ է իբրև Բորչալու: Հայաստանի այդ հյուսիսային  գավառը երբեմն առանձին հայկական թագավորություն է ունեցած, բայց ընդհանրապես եղած է հյուսիսային բդեշխության մեկ մասը և Հայաստանի պաշտպանը ընդդեմ ՙՀյուսիսականաց՚: Մեզ շատ հեռուն պիտի տաներ, եթե պատմեինք Տաշիրի փառավոր անցյալը: Անոր պատմությունն այնքան ճոխ է ու բազմազան և այնքան շաղկապված Հայաստանի ընդհանուր պատմության հետ, որ սկսիլ անցյալեն, կնշանակի  Մամիկոնյանց, Գուգարաց, Բագրատունյաց տոհմերու պատմությունն ամփոփել: Տաշիրի գավառը պատմականորեն բնորոշելու համար կրնանք առանց չափազանցության բաղդատել զայն Տարոնի հետ: Եթե Տարոնը տեղավորված է Տավրոսի մեջտեղը, Սասունի  լեռներուն և Մուշի դաշտերուն մեջ, Տաշիրը նստած է  Փոքր Կովկասին մեջտեղը` Լոռիի լեռներուն և Բորչալուի  մեծ դաշտին մեջ: Եթե Տարոնը հարավի թշնամիներուն դեմ կանգնած է, Տաշիրն ալ հյուսիսականաց դեմ ծառացած է: Եթե հոն Մուշեղ, Վասակ Մամիկոնյանները ծնած են, հոս ալ Վահան Մամիկոնյանները թև առած են:  Եթե Տարոնի մեջ Ս.Սահակները երգած են Հայոց հոգևոր կյանքը, այստեղ ալ Օհան Օձնեցիները նույն  դերը կատարած են: Եթե Մուշի Ս.Կարապետ վանքը հայկական կեդրոն դարձած էր, ապա Տաշիրի մեջ անոր դերը կկատարեին Հաղբատն ու Սանահինը: Այսօր Տաշիրի չորս գավառներեն երեքը կգտնվին Վրաց սահմանի մեջ և միայն մեկ գավառակը, Ջալալ Օղլու (այժմ Ստեփանավան), կցված է Հայաստանի: Ինչու այս անջատումը: 
Ինչպես դիտել տված ենք նախորդ հոդվածներով, պատերազմեն առաջ ռուս կայսրությունը իր վարչական բաժանումները  չէր վարեր ոչ պատմական, ոչ ազգագրական և ոչ ալ տնտեսական ու աշխարհագրական պայմաններով, այլ ավելի հակակշռելու քաղաքականությամբ  և պատահական տրամադրություններով: Այդ նկատումով ալ Բորչալուի գավառը կկազմվի նախկին Տաշիր գավառեն և կմիացվի Թիֆլիզի նահանգին: Մանավանդ 1905-ի հեղափոխութենեն հետո, երբ Անդրկովկասյան ժողովուրդները գիտակցության գալով ինքնավարության(զեմստվո) խնդիր կդնեին, հայերն ալ Բորչալուն Թիֆլիզին միացնելը անբնական գտնելով, առաջարկեցին Բորչալուն բաժանել Թիֆլիզեն և միացնել Ալեքսանդրապոլի նոր կազմվելիք նահանգին, որի բնական բաղկացուցիչ մաս կհամարեին աշխարհագրականորեն, պատմականորեն, ազգագրական և ուրիշ տեսակետներով: Այդ ձգտումին դեմ չէին և վրաց ղեկավար մենշևիկները և ռուս կառավարությունը: 1917-ին սահմանային փոփոխման ծրագիրը ընդունվեցավ Կերենսկիի կառավարության կողմե, որուն կմասնակցեին վրացի մենշևիկ Ծերեթելլի, Չխենկելի և այլն: 1918-ին, երբ ստեղծվեցան անկախ Վրաստանը և Հայաստանը և թուրքերը ծանր կացության մատներ էին մեզ` առնելով Կարսը, Ալեքսանդրապոլը, Ղարաքիլիսե-Դիլիջան ճանապարհը և թնդանոթները զետեղեր էին  Երևանի դիմաց ու ամեն  վայրկյան կսպառնային բնաջնջել հայության և Հայաստանի վերջին մնացորդը , վրացական զորքերը կմտնեն Տաշիր և Ջավախք և կատարված իրողության առաջ կդնեն Հայաստանը` գրավելով այդ գավառները:  Թուրքերու գրավման հետևանքով, անհնար էր պաշտպանել այդ հողերը: Վրաստան, օգտվելով առիթեն, սկսավ  բռնություններ կատարել իր գրաված գավառներու մեջ: Տեղական ժողովրդին ատելությունը սաստկանալով, հանգեցավ Լոռի գավառին ապստամբության, որ պայթեցավ թուրքերու Ալեքսանդրապոլի շրջանեն քաշվելու օրերուն: Ապստամբությունը ծավալվեցավ ամբողջ Տաշիր գավառին մեջ. Հայկական փոքրաթիվ զորքերը հասան օգնության. Վրացիները պարտվեցան և բազմաթիվ գերիներ ու մեծաքանակ ռազմական նյութեր ձգելով հեռացան: Անգլիացիներու միջամտությամբ զինադադար կնքվեցավ, որպեսզի բարեկամությամբ լուծվեր վիճելի խնդիրը: Սկսան 1918-ի բանակցություններ, որոնք որևէ դրական արդյունք չտվին: Բոլշևիկները հասնելով տիրեցին թե Հայաստանի և թե Վրաստանի, բայց Տաշիրի վիճելի խնդիրը ձգեցին այնտեղ ուր մնացած էր Հայաստանի դաշնակցական և Վրաստանի մենշևիկ կառավարությանց ատեն: Բոլշևիկները տվին Հայաստանեն այն, ինչ Դաշնակցականները զենքով ետ առեր էին Վրաստանեն և միայն մեկ-երկու գյուղախումբ, որ չեզոք գոտի կկազմեին Ալլահվերտիի շրջանին մեջ` միացուցին Հայաստանի. Իսկ Վրացիներուն թողուցին Տաշիրի երեք գավառակները, ուր դեռ չէին ամրացած հայկական զորքերը: Ուրեմն, այսօր ալ Տաշիրի խնդիրը կմնա անլույծ  Հայաստանի և Վրաստանի միջև, և հայ-վրացական հարաբերությունները կգտնվին նույն անբաղձալի վիճակին մեջ, ինչ որ հինգ տարի առաջ:
Համառոտակի ներկայացնենք Տաշիրի աշխարհագրական դիրքը: Տաշիրի սահմանը կկազմեն արևմուտքեն` Ախալքալակը, հարավեն` Շիրակն ու Փամբակը, արևելքեն` Հին Ձորափորի  (ներկա Դիլիջան) գավառները, հյուսիսեն` Թիֆլիզի գավառը: Ուրիշ խոսքով` երեք կողմը հայկական գավառներ են, իսկ միայն հյուսիսը` Վրաստանի սահմանին է կցված: Գավառը ամբողջությամբ  կիյնա Փոքր Կովկասի վրա, գրեթե մեջտեղը և նույն դիրքն ունի, ինչ որ Դիլիջանի գավառը, այսինքն անոր պես կնայի դեպի մեծ Կովկասը, դեպի հյուսիս,  և իր բոլոր ջուրերը կհոսին  դեպի հյուսիս` Կուր գետը: Այդ երկիրը լեռներու, անդունդներու ամբողջ հյուսվածք մըն է , որ մեկ-երկու վայրերու մեջ միայն փոքրիկ լեռնադաշտեր  կկազմե, իսկ ընդհանրապես ամեհի ձորերու, բարձր կատարներու քաոս մը ներկայացնելով  հանդերձ, ընդհանուր գիծ մը կպահե և դեպի հյուսիս կխոնարհի և հասնելով Խրամ գետին, դաշտ մը կձևացնե և այնտեղ կվերջանա:Այդտեղ ալ կվերջանա Հայաստանը: Այս կետեն ծնունդ կառնեն  նոր կլիմա և երկու նոր տեսարան: Այն մասը, որ դեպի արևելք կերթա, դաշտային է, տաք ու չոր և բնակիչները Թաթարներն են. իսկ այն մասը , որ դեպի հյուսիս կերթա, կբարձրանան թավուտ Թրիալեթի լեռները. Կլիման խոնավ է, բնակչությունը` վրացի:
Ուրեմն Տաշիր գավառը իր երեք կողմերեն թեև շրջապատված է Հայաստանով, բայց իր չորրորդ կողմով փաստորեն սահման կկազմե երկու տարբեր կլիմաներու , երկու տարբեր ժողովուրդներու և երկու տարբեր պետությանց- Վրաստանի և Ադրբեյջանի: Աշխարհագրականորեն դժվար չէ որոշել թե ուր կսկսի և ուր կվերջանա Տաշիր գավառը. բնությունը բացորոշապես ճշտած է սահմանները: Երեք կողմերեն կբարձրանան հայկական լեռնաշղթաներ և ծնունդ կուտան երկու մեծ գետերու` Դեբետին(Ձորագետ) և Խրամին:Առաջինը կերթա հարավեն հյուսիս, երկրորդը` արևմուտքեն արևելք, և իրարու հետ եռանկյուն մը կկազմեն, որու մեջ ինկած տարածությունն է Տաշիր գավառը, ակոսված խոր անդունդներով և բազմաթիվ գետակներով: Եթե Դեբետ գետը իր բոլոր գետակներով կբխի հայկական լեռներեն, Խրամ գետը, որ արևմուտքեն-արևելք  կերթա, նույն հարազատ ծագումը չունի. իր աջ կողմեն եկած գետակները հայկական բարձրավանդակեն կուգան, իսկ ձախ կողմեն  եկածները բոլորն ալ Վրացական` Թրիալեթի լեռներեն: Այս խառնածին գետը աջ կողքով հայկական է, իսկ ձախով` Վրացական, և ճիշտ սահմանը կկազմե Վրաստանի և Հայաստանի: Խրամի ակունքեն մինչև Կուրը թափվելու վայրը գրեթե զուգահեռաբար կձգվին երկու շղթաներ,- հարավեն` Փոքր Կովկասը , Բզովտալեն ցածնալով, իջնելով կհանգչի և կվերջանա Խրամի աջ ափը. իսկ  ձախ ափեն կսկսին Թրիալեթի լեռնաշղթային ոտքերը, որոնք բարձրանալով, կհասնին Թիֆլիզի և Գորիի սահմանները:  Այս երկու զուգահեռ շղթաները տարբեր են թե բնությամբ, թե բուսականությամբ և թե ազգաբնակությամբ: Բնական այդ սահմանավորումն է եղած պատճառը, որ հին ժամանակներե, նույնիսկ վրացական պատմագիրներու վկայությամբ, Խրամն է եղած սահմանը Հայաստանի և Վրաստանի, Տաշիրի և Թիֆլիզի (Վախուշտիի աշխարհագրություն, Brosset, <<Description>> Georgie au s. du Kour): Բայց աշխարհագրական  ամբողջությունը նկատի չէ առնված ոչ ցարերու կառավարության և ոչ ալ այժմ բոլշևիկներու կողմե: Ցարական  կառավարությունը  ձեռնարկած էրանբնական գործողության մը, Թիֆլիզի գավառի հյուսիսային  մասերեն քանի մը կտորներ միացնելով Տաշիրին: Այդպիսով Թրիալեթի լեռներեն կտոր մը, և Թրիալեթի ստորոտի դաշտավայրերու  և մաս մըն Կարաեազի դաշտեն Կուրի աջ ափեն անբնականորեն միացված և Բորչալուն ընդարձակված է ի հաշիվ Թիֆլիզի գավառին: Երբ ցարական իշխանությունը հեռացավ և մենշևիկները եկան, անոնք առաջադրեցին մինչև Բզովտալ Վրաստանին միացնել: Այդ ձգտումը ճիշտ էր աշխարհագրականորեն, քանի որ կուզեին միացնել աշխարհագրական ամբողջություն մը, հասնելով Փոքր Կովկասի կատարները: Բայց այդ ձգտումը խափանվեցավ հայկական զորքի և հայ ժողովուրդի կամքով: Իսկ երբ բոլշևիկներն եկան, անոնք ալ ինկան ցարական կառավարության մյուս ծայրահեղության մեջ. Դեբետի ափունքները տվին Հայաստանին, ամբողջ Խրամի հովիտը տվին Վրաստանին, այսինքն, Փոքր Կովկասեն հովահարի նման դեպի Խրամ ձգված բազմաթիվ հովիտներ կիսեցին խաչաձև. Հովիտներու հյուսիսի մասը թողին Վրացիներուն,հարավի մասը` Հայոց: Այս ավելի քան անբնական  բաժանումով, ոչ միայն աշխարհագրական ամբողջությունը խաթարվեցավ, այլ և մեկ  հովիտեն   մյուսի հետ կապը խիստ դժվարացավ և տնտեսական, ազգագրական ամբողջությունն ալ անբնականորեն կիսվեցավ, քայքայվեցավ: Բայց ինչ  էր նպատակը այս անբնական բաժանման: Ինչու վրացի մենշևիկները կձգտեին դեպի Բզովտալ և կես ճամբան ստիպվեցան կանգնիլ,  ինչու անոնց հաջորդ բոլշևիկները նորեն կանգ առին կես ճամբան և աչքերը հառած են նորեն Բզովտալ: Վրաստանը կազմավորման առաջին օրեն իսկ, սկսավ մասնավոր ուշադրություն դարձնել դեպի Օսեթիա և դեպի Տաշիր: Առաջին ակնարկով տարօրինակ կթվի այս պարագան: Պարզենք պատճառը-Վրաստանը կիյնա մեծ և փոքր Կովկասներու միջին տարածութեան վրա. այդ ամեհի, անանցանելի լեռնաշղթաները կփակեն
Վրաստանի ճամփան հյուսիսեն և հարավեն: Մեծ Կովկասը մեկ անցք ունի դեպի Վլադիկավկազ, ուր կբնակին օսերը. Իսկ Փոքր Կովկասը նույնպես մեկ անցք ունի դեպի հարավ` Դեբետի հովիտով: Ուրեմն իր հյուսիսային դուռը- դեպի Ռուսաստան-Օսեթիան է, հարավային դուռն ալ, դեպի Հայաստան` կներկայացնե Տաշիրի գավառը: Այս դուռները գրավելու բուռն տենչով էր որ մենշևիկ կառավարությունը մեկ կողմեն կռմբակոծեր Օսեթիան, մյուս կոմե օդանավերով, զրահապատներով կռմբակոծեր Դաղեթեն մինչև Շուլավեր, Ուզունլար, Տաշիրի կարևոր կեդրոնները: Բոլշևիկները գրավելու մեթոտը փոխեցին. Օրժոնիկիձեները իմաստորեն օգտագործեցին Հայաստանի մեղկությունը և անոր ղեկավարներուն միամտությունը և ՙեղբայրաբար՚ հաստատվեցան երկու կարևոր դուռներուն վրա. ներքին Օսեթիան որոշ ինքնավարություն ստացավ և դրվեցավ Վրաստանի իշխանության տակ. վերին Օսեթիան մինչև Ինգուշեթիա, մինչև Վլադիկավկազ բանակցություններով կջանա միացնել Վրաստանին. իսկ հարավեն Տաշիրի գավառի բոլոր անցքերու գլուխը, Ծալկան, Շուլավերը, Օպռեթի և այլ շրջանները միացված են, Հայաստանի ձգելով միայն Ջալալ Օղլուի շրջանը: Ուրիշ խոսքով թե հյուսիսային Կովկասի և թե Հայաստանի դուռներուն տիրապետած են Վրացիները: Թողունք Օսեթիան և խոսինք Տաշիրի մասին: Ինչպես ըսի վերը, միակ դուռը, որ Հայաստանը երկաթուղով կկապե Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, հյուսիսի կողմեն է,- Տաշիրի գավառը, որ ճամբա կբանա Խրամի աջ ափեն դեպի Ադրբեջան-Գանձակի շրջանները և այստեղեն Բաքու-Ռուսաստան. իսկ Հյուսիսի կողմեն դեպի Վրաստան և հյուսիսային Կովկաս: Վրաստանի գրավման տակ, Խրամի աջ ափը հետևյալ պատկերը կներկայացնե.-

1. Հայաստանը անմիջական հաղորդակցութենե կզրկվի բանուկ ճանապարհներով Ադրբեջանի, Բաքվի, Ռուսաստանի հետ, հետևաբար իր կապը պիտի պահե Թիֆլիզի վրայով և ընդմիշտ Վրաստանը պիտի դառնա Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխանցման, ՙտրանզիտի՚ շրջան մը: Այս հանգամանքը երկու առաքելություն կուտա անոր-ա.Քաղաքական և  բ. Տնտեսական: Քաղաքական` այն մտքով, որ Հայաստանը չի կրնար անմիջականորեն կապվիլ Ռուսիո և Ադրբեջանի հետ, և հետևաբար Հայաստանի քայլերը միշտ Վրաստանի հակակշռին ենթակա պիտի ըլլան, իսկ տնտեսական կողմեն Հայաստանը բացարձակորեն կախում պիտի ունենա Վրաստանի բարյացակամութենեն: Ատկե զատ Վրաստանը պիտի դառնա մեծ ճամբու վրա նստած հարկահավաք մը: Այսօր իսկ, երբ Անդրկովկասը դաշնակցություն է, Վրաստանը փութի վրա տուրք կգանձե Հայաստանեն, այդ միակ ճամբով կատարված արտածումներուն և ներածումներուն  համար: Այդ վիճակը միևնույն ատեն Վրաստանին կուտա գերակշիռ դիրք մը, զայն կդարձնե  թելադրողը Անդրկովկասյան ժողովուրդներու քաղաքական և տնտեսական անկախության: Եվ իսկապես, այսօր Վրաստանի կամքն է, որ կիշխե Անդրկովկասի մեջ:Եթե փոքրիկ տարածություն մը- Լամբալո-Հայաստանի սահմանեն մինչև Խրամ, ընդամենը 15 վերստ, միացվի Հայաստանի և Խրամը դառնա հայկական սահմանը, այդ դժվարություններն ամբողջ պիտի վերանան. Ալեքսանդրապոլ-Սատախլուեն երկաթուղագիծը եթե ձգվի դաշտերով  մինչև Ադրբեջանի սահմանը, Ադրբեջանը և Հայաստանը իրենց տնտեսական, քաղաքական անկախությունը կստանան և կազատին Վրաստանի միջնորդի դերեն և հարկատվութենեն: Վրաստան ամուր կառչած է Տաշիրի գավառեն նաև ուրիշ պատճառով: Իր ձեռքը պահելով Խրամի աջ ափը, ամրացված կըլլա  Ախալքալակի բռնագրավումը և վտանգված Գուգարքի մյուս գավառները- հին Ձորափորը, արդի Դիլիջանը իբրև դմակ  մը կախվածկմնա Ադրբեջանի և Վրաստանի  միջև. մեկ դանակով երկուքեն մեկը կրնա դյուրությամբ կտրել Հայաստանի այդ թանկագին գավառը. իսկ ավելի հեռու, դեպի հարավ, դեպի Ալեքսանդրապոլի ճամբաները կբացվին Վրաստանի առջև և հարմար ատենին, երբ որ կուզեն առանց արգելքի մտնել հայկական բարձրավանդակի սիրտը: Հիմա այս ռազմական գերակշռությունը նախատեսելով է, որ վրացիները կձգտին Բզովտալ հասնիլ: Կարելի չէ ըսել, թե Վրաստանը Տաշիրը գրաված է հողային և այլ հարստություններե շլացած: Ավելի շատ Տաշիրի հաղորդակցական
միջոցները շահագործելու տեսակետեն է, որ վճռական դերը կկատարե այս բռնագրավման մեջ: Տաշիրի գավառը Վրաստանի համար դարձեր է դյուրին եկամտի աղբյուր մը: Բայց նույն տնտեսական շահագրգռություններն ունի և Հայաստանը. ան ալ կուզե  օգտվիլ Տաշիրի հաղորդակցության միջոցներեն, իր տնտեսությունը զարգացնելու համար, կուզե օգտվիլ Տաշիրի հանքային, հողային և այլ հարստություններեն: Բայց այս երկու միատեսակ շահագրգռություններու մեջ տարբերություն մը կա: Մինչ Վրաստանը նստելով Խրամի աջ ափին  վրա կուզե Հայաստանի ճամբան փակել դեպի Ադրբեջան և այդպիսով տուրքի տակ դնել Հայաստանը և Ադրբեջանը, Հայաստանը, ընդհակառակը, չուզեր ատով տուրքի  ենթարկել Վրաստանը, այլ միայն ազատիլ հարկատվութենե: Մինչ Վրաստան Տաշիրը համարելով Սոմխեթիա (Հայաստան), կուզե ուրիշի հողեն, հանքեն և ջուրեն օգտվիլ, Հայաստանը իրեն համարելով զայն, իր երկրի և Վրաստանի շահերեն, կա և Տաշիրի բնիկ ժողովրդին շահը զոր անտես չպիտի առնենք: Խրամի աջ ափը գտնվող դաշտաբնակները և լեռան ստորոտի բնակիչները պետք ունին Ջալալ Օղլուի լեռներուն, իրենց ամառանոցներուն համար, իրենց բերքերը ծախելուն համար և ընդհակառակը լեռնցի Դսեղցին կարիք ունի Շուլավերին, Սատախլուին- թե աշխատանքի և թե հողի ու հարուստ բերքերու համար: Երկրին ամբողջությամբ է, որ բնակիչները պիտի կրնան մեկ հավաքական տնտեսություն ստեղծել, և եթե տեղական ժողովրդին շահերը նկատի առնվեին, ներկա անբնական սահմանները պիտի համարվեին տնտեսական մահվան  գիծեր Տաշիրի ազգաբնակչության համար:
Բայց հիմնականը` ժողովուրդներու ինքնորոշման իրավունքի տեսակետն է: Իբրև այդ քննենք Տաշիրը.-Համաձայն 1913-ի Կովկասյան Տարեգրքին` Բորչալուի գավառը կբռներ 6036 քառ. վերստ տարածություն, 155.900 ազգաբնակչությամբ, որմե
Ռուս և աղանդավոր 9.840
Եվրոպացի 3.453
Վրացի 7.533
Հայ 63.148
Հույն 27.543
Շիա 17.930
Սուննի 26.910
Այս թվերը ցույց կուտան, որ ցարերու վարչական բաժանումով բացի Տաշիրեն, անոր վրա ավելցած են  և Թիֆլիզ գավառեն մասեր, որ կգտնվին Խրամեն դեպի հյուսիս, անոր ձախ ափը, ուր նորեն հայերը կկազմեն մեծամասնություն: Մինչ ամբողջ բնակչության 4.8 %-ը կներկայացնեն վրացիները, հայերը 46.9 % են: Ուրեմն ազգագրական տեսակետով ամբողջ Բորչալուն հայերու պիտի պատկաներ, բայց եթե նկատի առնենք և աշխարհագրական ամբողջությունը և տնտեսական կապակցությունը, այդ պարագային պետք էր դուրս
ձգել Խրամեն դեպի հյուսիս գնացող հողամասերը իրենց ազգաբնակչությամբ, որով Բորչալուն պիտի մտներ իր աշխարհագրական սահմաններու մեջ. Այդ հաշվով Ծալկայեն (Թրիալեթի գավառակ) պետք է դուրս ձգել Առջևան, Սարվանի, Բաշքեյի, Բեշթաշի, Գոնիա Կազի գյողախմբերը և միացնել Թիֆլիզի գավառին: Եկատերինֆելտի գավառակեն անջատել Կիզիլ Աջիլի, Սարվանի գյուղախումբերը և միացնել Թիֆլիզի գավառին և վերջապես Բորչալուի գավառակեն ալ պետք է դուրս ձգել Բայտարի, Գեավուրարխի, Դեմուրչի Հասնալիի գյուղախմբերը  և միացնել նորեն Թիֆլիզ գավառին: Այդ պարագային պիտի ստացվեր բնական, ազգագրական և տնտեսական միավոր մը նախկին Տաշիրի սահմաններով, եզերված Խրամ գետով և ազգաբնակչության հետևյալ կազմով
.Ռուս և աղանդավոր 9.840 կամ 7.9%
Եվրոպացի  3.453    ,,   2.8%
Վրացի 7.533    ,,   6.1%
Հայ 63.148  ,,    50.7%
Հույն 15.546  ,,    12.4%
Շիա և Սուննի 25.038   ,,    20.1%
Գումարը` 124.658 ,,    100%
Այս է բնական սահմաններով բաժանված և տնտեսապես շաղկապված Տաշիրը, որ մեր իրավունքն է ոչ միայն պատմական, աշխարհագրական, տնտեսական, այլև ազգագրական տեսակետով, քանի որ հայերը բացարձակ  մեծամասնություն են (50.7%), իսկ վրացիները (9.1%), միայն գերմանացիներեն ավելի են և շատ ողորմելի թիվ կներկայացնեն: Եթե ազգերու ինքնորոշման սկզբունքը կընդունին վրացի, հայ կամ ռուս բոլշևիկները, ինչու այդ երկրամսը ամբողջությամբ չեն միացներ Հայաստանի: Միացում մը կատարված է Դաշնակցության հարկադրանքին տակ, Տաշիրի գավառակներեն Ջալալօղլին իր շրջանով (2182 քառ, վերստով 45.119 ազգաբնակչությամբ) կցված է Հայաստանի. Սակայն անկատար է այդ միացումը. Հայաստանի կցված մասը լեռներ, կատարներ էին, զուրկ հարստություններե. այդ աղքատ երկրամասին ճամբարները կուղղվին դեպի Խրամ, բոլոր ճամբաներու գլխուն կանգնած է Վրաստանը, իսկ այդ լեռներուն վրա կեդրոնացած է զուտ հայությունը: Այս ձևի բաժանման հիմնական նպատակն է` նախ տնտեսապես տկարացնել Ջալալօղլի շրջանը (Ստեփանավան), և երկրորդ` Հայերու տոկոսը պակսեցնել Վրաստանի բռնագրաված երեք մյուս գավառներուն մեջ: Ահա այս մաքիավելյան հաշիվներով է, որ ի վերջո Օրժոնիկիձեները ողորմելի մաս մը զիջած են Հայաստանի: Այսպես թե այնպես, քանի որ Վրաստանի կողմեն Ջալալօղլիի 2182 քառ. վերստ տարածությունը և 45.119 ազգաբնակչությունը Հայաստանի մաս կհամարեն և մյուս կողմե քանի որ մենք ևս ակնկալություններ չունինք Խրամի ձախ ափը գտնվող երկրամասերուն վրա,  տեսնենք թե Խրամի և ներկա Հայաստանի միջև եղած վիճելի հողամասը ինչ տարածություն կբռնե և ինչ ազգագրական պատկեր կներկայացնե:


Ահա այս է այն հողամասը, որ Վրաստանը տարբեր միջոցներով և ձևերով  հաջողած է գրավել Հայաստանեն. այս է և այսօրվա վիճելի երկրամասը, բացի Ախալքալակի գավառեն: Իբր երկրամաս մեծ պատառ չի ներկայացներ այդ հողը, մոտ 3000 քառ. վերստ, բայց եթե ան քիչ նշանակություն ունի Վրաստանի համար իբր տարածություն, Հայաստանի համար խոշոր երկիր մըն է, համեմատած իր ( Ծանոթ. Գյուղախումբերն են)
1.Բորչալուեն.-Կաչագան, Օփրեթ, Սատախլու, Չոչկանի մնացածը, Շուլավեր, Կըրըխլի, Սառայլ.
 2.Եկատերինֆեկեն.-Սարուխլի, Բոլոնիս Քափանան, Եկատերինֆետ, Կվեշ, Սարաչլի, Ֆախրալո, Դարբազ. 3.Ծալկայեն-Ավրալի, Ալեքսանդրաֆելտ, Ամամլի, Աշկալա, Բարմակսըզ, Բաշեզիտ, Գոմարեթ, Դեմուրբուլաղ, Դումանիս, Կամարլխկ, Նարտեվան:
4  Ծանոթ. Բորչալու գավառեն Տինիխի երկու հայ, Քյորփալուի երկու թուրք գյուղերը և Չոչկանի երկու հայ գյուղերը միացված են Հայաստանի. Այն, ինչ  տարօրինապես նույն գյուղախումբի մնացած հայ գյուղերը միացված են Վրաստանին. Այդպիսով համայնքի կեսը կիյնա Վրաստանի, կեսը` Հայաստանի մեջ:
5  Ծանոթ. Տարածությունները առնված են մոտավոր հաշվով, բայց տարբերությունը չի կրնար անցնիլ 100-150 վերստը:
 Այստեղ միայն հողի խնդիր չկա, այլ և այդ հողերու բնակեցման խնդիր, որ ավելի հրամայական է Հայաստանի- քան որ և է երկրի համար: Վրաստանի մեջ 300.000 հայություն ունինք, որուն մեկ խոշոր մասը տարագիր է, առանց հաշվելու թրքահայ գաղթականներու հարցը, որ այսպես թե այնպես պիտի ծանրանա Հայաստանի վրա: Սակայն ավելի հրամայական պահանջ կդառնա այդ փոքրիկ տարածության Հայաստանի կցելը, երկրի ամբողջականության և Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապակցության տեսակետներեն: Ազգաբնակչության տոկոսային հարաբերություններեն կտեսնենք, որ հայերը, բացի Եկատերինֆելտ գավառակեն բացարձակ կամ համեմատական մեծամասնություն կկազմեն, իսկ ամբողջ վիճելի մասին մեջ` համեմատական մեծամասնություն: Այդպես, չնայելով որ Ջալալօղլիի շրջանը բաժնելով իր ամբողջութենեն կհասցվի հայությունը փոքրամասնություն դարձնել մնացած երեք շրջաններու մեջ, բայց այդ մասամբ կազդե համեմատության վրա և նորեն հայերը կմնան մեծամասնություն: 28.849 հայերու թիվը  պետք է համարել նվազագույնը, քանի որ զայն առած ենք 1912-ի վիճակագրական հաշիվներեն: Այսօր այդ թիվը  բարձրացած է առնվազն 35-40.000-ի, մեր ժողովուրդին համար զգալի է այդ կորուստը: Քիչ ե±նք ունեցեր կորուստներ, ինչու այս անտեղի վնասը: Հողի այդ միացումով հայ ժողովուրդին հավաքման խնդիրն ալ կթեթևանա 40.000-ով: Ինչ կվերաբերի վրացիներուն, անոնք բոլոր գավառակներու մեջ ոչինչ թիվ կկազմեն. Մեկին մեջ բնավ չկան, երկրորդի մեջ ողորմելի, երրորդին մեջ մինչև 16 %, ընդամենը ամբողջ վիճելի մասին մեջ 7.633 հոգի(9.5 %) : Ինչու այդ ողորմելի քանակության համար 81.000 ժողովուրդ 3000 քառ, վերստ տարածությամբ պիտի միանա Վրաստանի: Ինչու այդ անարդարությունը: Եթե Վրաստանի համար թանկ են 7.633 վրացիները, նույնքան և Վիրահայոց լեռներից Դմանիսի, հեռվում` Ծալկայի տեսարանները ավելի թանկ են մեր 30-40.000 հայրենակիցները: Եթե Վրաստանը բնավ չուզեր, որ իր ցեղակիցները իյնան Հայաստանի սահմաններուն մեջ, այդ պարագային մենք ալ նույն տեսակետներով  պիտի պահանջենք ոչ միայն Բորչալուն, այլև Թիֆլիզ գավառը և քաղաքը, քանի որ մենք ենք մեծամասնությունը իրենց մայրաքաղաքին և ամբողջ գավառին մեջ: Միայն այդ գավառին մեջ մենք ունինք 100.000 հայություն,  առանց հաշվելու Վրաստանի այլ մասերու մեջ ձգված 200.000-ի մոտ հայությունը: Եթե մենք բարեկամութենե մղված պատմական, ազգային տեսակետներե հարց չենք բարձրացներ հայացված Թիֆլիզը Հայաստանի մաս կամ միջազգային քաղաք դարձնելու մասին, ինչպես երբեմն կընդունեին Ժորդանիաները, ինչու վրացիները մեր արդար, բնական իրավունքներու դեմ երթալով չպիտի զիջեն  7-8000 Վրացիներ ձգել մեր սահմաններուն մեջ:Ինչ որ ալ ըլլա. այդ հողամասը ազգագրական տեսակետով բնավ չեն կրնա մաս դառնալ Վրաստանի: Վրացիներեն ավելի իրավունք ունին հույները, որոնք մեկ գավառակի մեջ 35 % կկազմեն, իսկ ամբողջը` 17.2 %: Հույները բնավ նպատակ չունին ոչ ինքնավարություն ստանալու և ոչ ալ կհետաքրքրվին Հայաստանով կամ Վրաստանով. անոնց հետաքրքրությունը  միայն Մեծ Հունաստանն է և ա-
մեն կերպ կուզին փոխադրվիլ հոն և արդեն մասով մը փոխադրված են և իրենց բռնած հողերը նոսրացրած: Ով պիտի գրավե հայկական այդ երկրամասի դատարկված  կամ դատարկվելիք հողերը: Վրացիները թե հայերը. բնականաբար հայերը, քանի որ նախ` այդ երկիրը մերն է եղած և հույները` մեր երկրի հյուրերը,  երկրորդ` Վրաստանի մեջ իսկ կան 50-60.000 անհող հայեր, որոնցմե  շատ չեն ախորժիր Վրաստանի ղեկավարները. Ահա ճամփա մը ևս թե Վրաստանեն հեռացնելու այդ տարագիրները և թե հայ գաղթականական խնդիրը թեթևցնելու:
Ամփոփելով բոլոր տվյալները` կունենանք հետևյալ  եզրակացությունը`
ա) Տաշիրի գավառը պատմականորեն կպատկանի Հայաստանի:
բ) Անոր բնական սահմանները կսկսին  Խրամեն և կվերջանան Փոքր Կովկասի կատարներուն վրա:
գ) Այդ տարածությունը, 5000-5500 քառ. վերստ, մեկ ամբողջություն  կկազմե տնտեսական, աշխարհագրական և ազգագրական տեսակետներե:
դ) Այդ ամբողջական միությունը Հայաստանի օրգանական մասը կկազմե, քանի որ կիյնա հայկական Կովկասի վրա և բնակչությամբ հայ է:
ե) Այդ գավառը դուռն է Հայաստանի. այդ դռան բանալիները իր ձեռքն ունենալով է, որ ան կրնա ապահովել իր անկախ տնտեսությունը և անկախ քաղաքականությունը  հանդեպ Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի:
զ) Քանի ուրիշի ձեռքն է այդ դուռը, բոլորովին կորած պետք է համարել Ախալքալակը, կորսվելու վտանգին ենթակա` Դիլիջանի, Իջևանի շրջանները և անապահով նույն իսկ Շիրակը:
է) Հայաստանի համար խիստ կարևոր է իր գավառներու միացումը հայկական նահանգներուն:
Անհրաժեշտ է լրացնել այս տարրական պահանջը, վերջնապես արմատախիլ ընելու համար ժողովրդական դժգոհությունները: Օրժոնիկիձեները չպիտի կրնան ոչ սվիններով և ոչ ալ կեղծավոր ճառերով մթագնել միտքերը, իսկ հայ բոլշևիկները դժվար թե հաջողին տևականացնել իրենց տիրապետությունը  խմբական բանտարկություններով և աքսորներով: Ատոր կհասնին միայն այն ատեն, երբ հայ ժողովուրդը ամբողջությամբ քշեն  դեպի Ռուսաստանի սառնամանիքները: Իսկ եթե իրենց նպատակն է հայ ժողովուրդին հարազատ
կուսակցությունը դառնալ, պետք է այդ անմիտ, փորձված միջոցները մեկ կողմ նետելով ջանան գոհացնել ազգային հիմնական պահանջները:
--------------
 1  ՙԴրօշակ՚, 1926 թ., թիվ 3: Հոդվածն արտատպվել է նաև հետևյալ գրքում. Ռուբեն Տեր-Մինասյան, հոդվածների ժողովածու, Երևան, 2002, էջ` 81-91, կազմող` Խաչատուր Ստեփանյան: Ներկա հրատարակությունը կատարվում է լեզվական աննշան շտկումներով` ձգտելով հնարավորինս հարազատ մնալ Ռուբեն Տեր-Մինասյանի լեզվաոճական առանձ-
նահատկություններին: Հետագա բոլոր ծանոթագրությունները Ռ. ՏերՄինասյանինն են:
2  Ռուբեն (Մինաս) Տեր-Մինասյան (1882-1951): Ծնվել է Ջավախքում` Ախալքալաք քաղաքում: Հաճախել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, այնուհետև` Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Որպես Հայ Յեղափոխական Դաշնակցության գործիչ անցնում է Վան` Արամ Մանուկյանի մոտ, ապա` Սասուն, օգնելու Գևորգ Չաուշին, որի նահատակվելուց հետո (1907թ.),
Ռուբենը դառնում է դաշնակցական ուժերի ղեկավար: Երիտթուրքական
սահմանադրության հաստատման օրերին մեկնում է Ժնև` ուսումը շարունակելու: Վերադառնալով Մուշ` Ռ. Տեր-Մինասյանը վարում է Սասնո 1915թ. հերոսամարտը թուրքական բանակի դեմ: Վերջինիս հաջողվում է ճեղքել թշնամու ուժերի շղթան և փոքր խմբով անցնել Կովկաս: Ռ. Տեր-Մինասյանը եղել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ, ապա Հայաստանի առաջին Հանրապետության Ռազմական (Պաշտպանության) նախարար: 1920թ. բոլշևիկյան ապստամբության ճնշման օրերին Ռ. Տեր-Մինասյանը մասնակցում է անձամբ` ընկերանալով Արագածի ուժերի հետ: Բազմաթիվ անգամներ մասնակցել է ՀՅԴ Ընդհանուր ժողովներին և բազմիցս ընտրվել ՀՅԴ Բյուրոյի անդամ: Մահացել է Ֆրանսիայում` 69
տարեկան հասակում:



Աղբյուր: http://northlori.blogspot.com/2011/04/blog-post_01.html Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (02-Մյս-2011) | Հեղինակ: Ռուբեն Տեր-Մինասյան Դիտումներ: 1053 | Պիտակներ: Ծալկա, Վրաստան, Բորչալու, Հյուսիսային Լոռի, Տաշիր
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]