// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

ԽԱՐԲԵՐԴ

Հիշատակվում է անվան մի շարք տարբերակներով և բազմաթիվ ուրիշ անուններով Քարբերդ, Քարփութ։ Ստեփանոս Ասողիկը կոչում է Կարբերդ, բյուզանդական պատմագիր Կեդրենոսը հիշատակում է Քարպոտե ձևով, արաբ հեղինակները՝ Հիսն Զիադ, իսկ թուրքերը կոչել են Մամուրեթ-ուլ-Ազիզ, Էլյազըզ, Էլյազըգ։ Սովորաբար նույնացնում են հին Հորեբերդի հետ։ Անվան ծագման ու իմաստի մասին կան մի քանի կարծիքներ։ Դրանցից մեկի համաձայն Քարբերդ է կոչվել ժայռերով շրջապատված լինելու պատճառով, ըստ մի այլ կարծիքի՝ Խար գյուղի անունից է ծագել և որովհետև սկզբում միայն բերդ էր, ապա կոչվել է Խարբերդ, իսկ մասնագետների մի այլ խումբ գտնում է, որ «խար» մեզ անծանոթ մի հին լեզվով նշանակում է ճանապարհ և բերդն էլ շինված էր ճանապարհին իբրև հանգրվան, այստեղից էլ իբր կոչվել է ճանապարհների քաղաք-բերդ («խար»— «բերդ»)։ Ամենից հավանականը, ըստ երևույթին, այն վարկածն է, որի համաձայն միջնադարյան Հայաստանի այս բերդաքաղաքի անունը համապատասխանում է ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակված Խարտա քաղաքի անվանը։ Հ. Մանանդյանը Խարբերդի տեղում է տեղադրում Հայասա-Ազզի ցեղային միության Ուրա ամրոցը, իսկ ուրիշներն, ինչպես ասվեց, այն նույնացնում են հին հայկական Հորեբերդի հետ։
Տարբեր ժամանակներում հիշատակվում է իբրև ամրոց, բերդ, բերդաքաղաք, քաղաք։ Գտնվում է Արածանիի ստորին հոսանքի ձախ կողմում, գետափից 13—14 կմ հեռավորություն ունեցող սարավանդի վրա, Մալաթիայից մոտ 70 կմ հյուսիս արևելք։ Քաղաքից հարավարևելք Ծովք (Գյոլջիկ) լճակն է, որտեղից սկիզբ է առնում Տիգրիսի ակունքներից մեկը։ Այդ լճակում գտնվող փոքրիկ կղզյակի վրա միջին դարերում կառուցվել էր կաթողիկոսական դղյակ, որը որոշ ժամանակ իր աթոռանիստն էր դարձրել նաև Ներսես Շնորհալին։
Հնում Խարբերդը մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Անձիտ կամ Հանձիթ գավառի մեջ։ Նոր ժամանակներում համանուն նահանգի և գավառի կենտրոնն է։
Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների նման Խարբերդի բնակչության թվի վերաբերյալ նույնպես ստույգ տվյալներ չկան։ Այդ է պատճառը, որ տարբեր հեղինակների մոտ նրա ընդհանուր բնակչության և հայերի քանակի վերաբերյալ տրված են հակասական թվեր։ Ըստ դրանցից համեմատաբար ավելի արժանահավատների վկայությունների, քաղաքը XIX դ. սկզբին ունեցել է մոտ 3000 տուն հայ և թուրք բնակիչ, 1830—1850–ական թթ. նրա բնակչության թիվը հասնում էր մոտ 25 հազար մարդու, որից հայեր` 15400։ Էփրիկյանի տվյալներով XX դարի սկզբին Խարբերդի բնակչության քանակը մոտ 12200 էր, որից հայեր` 6080, իսկ թուրքեր և ուրիշ ազգություններին պատկանողներ՝ 6120 մարդ։ Նախորդ ժամանակների համեմատությամբ հայերի թվի նվազումը բացատրվում է 1895—1896 թթ. համիդյան ջարդերով և քաղաքի բնակիչներից շատերի դեպի Ամերիկա կատարած գաղթով։ 1895թ. թուրքերը կողոպտել ու ավերել են Խարբերդի հայկական թաղերը, քանդել այստեղի երկու եկեղեցիները, ուսումնարանները, կոտորել ավելի քան 700 մարդու, որոնց թվում էին տանջամահ արված մի շարք հոգևորականներ, բռնությամբ մահմեդականացրել ավելի քան 1000 հայերի (200 տուն):
Խարբերդի հայերի գաղթը դեպի Կովկաս մասնակիորեն սկսվել էր տակավին XIX դարի 50-ական թվականներից։ Սակայն զանգվածային արտագաղթն ու բռնի տեղահանությունը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1915 թ. մեծ եղեռնի օրերին։ Այստեղ տարագրությունը սկսվել էր 1915 թ. հունիսի 26–ից։ Այդ նույն թվականի վերջերին, մեծ տեղահանությունից հետո, քաղաքում մնացել էր միայն 2000 հայ բնակիչ, իսկ մեր դարի 60–ական թվականներին՝ 1000։ Խարբերդցիները սփռվել են աշխարհով մեկ։ Նրանց մի զգալի մասն էլ գաղթել ու բնակություն է հաստատել Սովետական Հայաստանում։ Հանրապետության մայրաքաղաք Երևանի հարավարևելյան կողմում 1929 թ. հիմնադրված Նոր Խարբերդ ավանի (որն այժմ վերածվել է քաղաքատիպ ավանի) առաջին բնակիչները հիմնականում խարբերդցիներն էին։
Խարբերդի հայ բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով և, մասամբ, երկրագործությամբ ու այգեգործությամբ։ Արհեստներից զարգացած էին որմնադրությունը, ջուլհակությունն ու մանածագործությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, պղնձագործությունը, թիթեղագործությունը։ Առանձնահատուկ նշանակություն էին ստացել մետաքսագործությունն ու գորգագործությունը։ 1881թ. Գրիգոր և Սարգիս Քյուրքճյան եղբայրներն այստեղ հիմնել էին մետաքսի գործարան, որը 1894 — 96 թթ. քարուքանդ էր արվել թուրքական իշխանությունների ձեռքով։ Մետաքսյա գործվածքների հետ միասին քաղաքի ձեռնարկություններն արտադրում էին նաև բամբակյա գործվածքներ, կարմիր կտավ։ Քաղաքի կտավագործական երկու ձեռնարկությունների արտադրանքի զգալի մասն արտահանվում էր Կարին (Էրզրում), Կարահիսար, Դիարբեքիր, Մալաթիա, Բալու և այլ քաղաքներ։ Ավելի զարգացած էր գորգագործությունը։ Խարբերդի գորգագործական ձեռնարկությունների թիվը հասնում էր 8-ի։ Դրանց հիմնադիրը ոմն Պենյանն էր։ Քաղաքի ձեռնարկություններում արտադրված հայկական գորգերը վաճառվում էին զանազան երկրներում և մեծ համբավ ունեին։ Դրանք արտահանվում էին նույնիսկ ԱՄՆ։ 1908թ. Նյու Յորքում բացվել Էր Խարբերդի գորգերի հատուկ խանութ, որտեղ դրանք վաճառվում էին մեծ հաջողությամբ։
Քաղաքի ձեռնարկությունների ու արհեստանոցների կարիքները հոգալու և տնային գործածության զանազան շինվածքներ արտադրելու համար 1880 թ. սկզբին Բարիկյան եղբայրներն այստեղ հիմնել էին մեքենաշինական գործարան, որն արտադրում էր ջրհան պոմպեր, գյուղատնտեսական ու արհեստավորական զանազան գործիքներ և տնային գործածության իրեր։
Խարբերդում հավասարապես զարգացած էին և՛ ներքին, և՛ արտաքին առևտուրը։ Նրա ընդարձակ շուկահրապարակում և դրա տասնյակ խանութներում ու կրպակներում վաճառվում էին գործվածքներ, գորգեր, գյուղատնտեսական արտադրանքներ, արհեստավորական զանազան շինվածքներ, անասուններ, մրգեր, բամբակ ու հում մետաքս և այլ ապրանքներ։ Խարբերդից արտահանվում էին հաշիշ, մետաքս, ոչխարի մորթի, նուշ, մեղրամոմ, բամբակ, գինի, գորգեր, մետաքսյա ու բամբակյա գործվածքներ և այլ ապրանքներ։ Քաղաքի վաճառականությունը Եվրոպայից ներմուծում էր զանազան մեքենաներ և գործարանային այլ ապրանքներ։ Խարբերդի ներերկրյա և արտաքին առևտրական կապերն աշխույժ բնույթ ունեին մանավանդ XIX դարի վերջին քառորդից մինչև առաջին համաշխարհային պատերազմն ընկած տասնամյակներում։ Դրան նպաստում էին Խարբերդ-Դիարբեքիր, Խարբերդ–Մալաթիա, Խարբերդ—Կապան — Մադեն, Խարբերդ — Չմշկածագ սայլուղիների բարեկարգումն ու խճապատումը, որ կատարվում էին 1870–ական թվականներից, երբ արդեն ավարտվել էին 15 տարի տևած (1856—1871թթ.) Տրապիզոն — Բաբերդ— Կարին խճուղու կառուցման աշխատանքները։ Մոտավորապես հենց այդ ժամանակներից ի վեր Խարբերդում, նրա հին բերդի ընդարձակ հրապարակում կազմակերպվում էին տոնավաճառներ։
Քաղաքի շենքերը զանգվածորեն քարակերտ էին, մեծ մասը երկհարկանի։ Կառուցապատումը կատարված էր առանց նախօրոք կազմված որոշակի հատակագծի։ Այդ պատճառով էլ նրա շենքերը խառնիխուռն էին, փողոցները՝ նեղ ու ծուռումուռ։ Համեմատաբար բարեկարգ էին միայն հայկական թաղերը, որոնք էլ երկու անգամ (1895 — 96 թթ. և 1915 թ.) ավերվել են թուրք ցեղասպանների կողմից։ Ուներ մի քանի բաղնիքներ, որոնք գտնվում էին հակասանիտարական վիճակում։
Խարբերդի հնությունների մեջ մեր կարծիքով ամենից կարևորը բերդն էր, որով քաղաքն այնքան հայտնի էր ամբողջ միջնադարում և մասամբ նոր ժամանակներում։ Բերդը գտնվում էր Հայկական Տավրոս լեռնահամակարգին պատկանող մի լեռնագագաթի վրա, որի հարավարևելյան կողմը խիստ զառիվեր է և անհրաժեշտություն չի զգացվել այս կողմում կառուցել պարսպապատեր։ Պարսպապատեր էին կառուցել միայն նրա հյուսիսային և արևելյան կողմերից։ Նրա ձևը, շինարարական հնարանքները և ոճը լիովին հայկական են, ուրարտացիներից ժառանգած ճարտարապետական արվեստի նկատելի տարրերով։ Այդ պատճառով էլ ապառաժների վրա կերտված այդ բերդի կառուցումը վերագրում են կամ Ծոփաց նախարարներին ու թագավորներին (II դ. մ. թ. ա.— IV դ. մ.թ.) կամ էլ մեր նախիններին՝ ուրարտացիներին (880 — 860 թթ. մ. թ. ա), առաջիններին համարելով խոր հնից գոյություն ունեցած բերդի սոսկ վերակառուցողներ կամ վերականգնողներ ու վերանորոգողներ։
Այստեղ կան ինքնատիպ կառուցվածքներով քառակուսի սենյակներ, մի քանի ներքնուղիներ, որոնք փորված են բերդի տակ, ժայռի մեջ և տանում են դեպի տարբեր կողմեր։ Մուտքի մոտ դեռևս պահպանվում են պարսպահատվածները, կրկնակի դռներ։ Դռներից մեկը (իսկ բերդն ունեցել է 2 դուռ) մինչև 1915 թ, դեռևս կար։ Աշտարակներից շատերը կործանված են։ Կանգուն են արևելյան պարսպի առանձին հատվածներ և մի աշտարակ։ Կիսակործան վիճակում մեզ են հասել կամարներ, ժայռափոր աստիճաններ, գաղտնի անցքեր, ճանապարհներ։ Բերդը տեղում ջուր չի ունեցել։ Նրա համար ջուրը բերում էին ժայռի ստորոտում բխող աղբյուրներից։
XIX դ. երկրորդ կեսին Խարբերդում կային տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր վիճակում գտնվող հայկական 6 եկեղեցի, որոնցից 5-ը լուսավորչական, իսկ մեկը՝ բողոքական։ Առաջինները կրում էին ս. Կարապետ, ս. Հակոբ, ս. Նշան, ս. Ստեփանոս և ս. Սարգիս անունները, իսկ բողոքականների եկեղեցին կոչվում էր ս. Աստվածածին, որին թուրքերը տվել էին Կզըլ–քիլիսա անունը։ Քաղաքում կային նաև մի քանի մզկիթներ։
Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների նման, Խարբերդի պատմությունը ևս հատուկ ուսումնասիրության հարց չի դարձել, եթե նկատի չունենանք տարբեր առիթներով մի շարք հեղինակների առանձին դիտողություններն ու դատողությունները, որոնք էլ գերազանցապես վերաբերում են միայն նրա քաղաքական պատմության առանձին պահերին։ Մինչդեռ Խարբերդի մասին կան շատ վկայություններ (Մատթեոս Ուռհայեցի, Ստեփանոս Ասողիկ, Միխայիլ Ասորի, Էվլիա Չելեբի և ուրիշներ), որոնք տեղում պահպանված հնությունների հետ միասին կարող են ատաղձ ծառայել նրա պատմությունն ուրվագծելու համար։ Քաղաքական ելևէջներով լեցուն պատմություն է ունեցել Խարբերդը։ 654թ. այն Բյուզանդիայից գրավել են արաբները, 751-ին նորից անցել է Բյուզանդական կայսրությանը, 1057թ, գրավել են սելջուկները, ապա Փիլարտոս հայ իշխանը, XII դ.՝ Պալակ թուրք ամիրան, XV դ,՝ Սկանդար բեկը` ավերելով ու կողոպուտի ենթարկելով ամբողջ քաղաքը, իսկ 1617թ. սուլթան Ահմեդ 3-րդի օրոք ոմն Չոփան օղլին նորից է ավերում մի կերպ վերականգնված քաղաքը ու նրա շրջակայքի գյուղերը՝ սրի քաշելով ամբողջ բնակչությանը։
Այդ բոլորով հանդերձ, Խարբերդը XIX դարում և ХХ-ի սկզբներին հայկական մշակույթի զգալի կենտրոններից էր։ Այստեղ եկեղեցիներին կից գործում էին թաղային հինգ կրթարաններ և Սմբատյան երկսեռ վարժարանը, որի աշակերտների թիվը 1872—73-ին հասնում էր 410-ի (340 տղա և 70 աղջիկ)։ Քաղաքի միջնակարգ միակ դպրոցը Եփրատ անունով կոլեջն էր։ Գործում էին մի քանի գիշերօթիկներ, որբանոցներ, ժողովարաններ, առաջնորդարան։
Խարբերդը հայ գրչության նշանակալի կենտրոններից է։ Այստեղ ընդօրինակված ձեռագրերից մեզ են հասել ավետարաններ, հայսմավուրք, մաշտոց, ճաշոց և այլն։ Միայն XV դարում ընդօրինակվածներից մեզ հայտնի են 6 ձեռագիր։ Դարի գրիչներից է Մինաս դպիրը, իսկ ծաղկողներից Գրիգոր ծաղկողը, որը 1444թ. այստեղ ծաղկել է (նկարազարդել) մի հայսմավուրք։ Քաղաքում XX դարի սկզբներին հրատարակվել են «Եփրատ» ազգային-գրական, գիտական և քաղաքական հանդեսը (1909 —1914 թթ.), «Դէտ» աստվածաբանական պատմական գրական երկշաբաթաթերթը (1913—1914թթ.), «Ամենուն համար» կրոնական–բարոյական, գրական շաբաթաթերթը։ Այստեղ են ծնվել հայ մանկավարժ, Եփրատ կոլեջի պրոֆեսոր, Ն. Հ.
Թենեքեճյանը (1864թ,), բանասեր, թատերագիր, մանկավարժ Թ. Վ. Թովմաճանյանը (1864-ին), քանդակագործ Թուրը (Թուրունճյան, 1888թ.), ֆրանսահայ գրող Հ. Ռ. Զարդարյանը (1892 թ.), Վահե Հայկը և ուրիշ երախտավորներ։

հատված Թադևոս Հակոբյանի ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ գրքից
Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (28-Ապրլ-2011) | Հեղինակ: Թադևոս Հակոբյան Դիտումներ: 1144 | Պիտակներ: պատմություն, Արևմտյան Հայաստան, հին հայկական քաղաքներ, Խարբերդ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]