// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

 ՊՈԼԻՍ. 1914—1921

Ծանր էին համաշխարհային պատերազմի չորս տարիները։ Նրանք ինչպես մղձավանջ վարագուրել էին կյանքը մահվան արհավիրքով, սովի սպառնալիքով, աղքատությամբ։ Ցնծում էին Էնվեր փաշան ու Թալեաթը, երկիրը կառավարող նաև մյուս դահիճները։ Հասել էր հայերիս տեղահան անելու և ոչնչացնելու հարմար պահը։ Առաջին հերթին նրանք գլխատեցին պոլսահայությանը, աքսորելով նրա մտավորականներին դեպի մահ։ Նրանց մեջ էին Կոմիտասը, Զոհրապը, Դանիել Վարուժանը և գրականության, գիտության, արվեստի լուսավորության հազարավոր անխոնջ մշակներ, որոնց հանցանքը հայ լինելն էր միայն, «գյավուր» լինելը։
Նրանցից վերադարձավ միայն Կոմիտասը, սակայն, վերադարձավ խելագարված, տեսած քսաներորդ տարի «քաղաքակրթության» սարսափները, ոճրագործությունների չգերազանցված և թուրքական ղեկավարների կիրառած հրեշավոր ձևերն ու մեթոդները։
Ձերբակալեցին նաև հորս։ Երկու ոստիկաններ, հրելով ու հայհոյելով, տարան հորս, այնպես, ինչպես տանում էին բոլոր նրանց, ովքեր կասկածելի էին։ Մթության մեջ ես հետևեցի նրանց մինչև թաղային ոստիկանատուն։ Այնտեղ սպասեցի մինչև առավոտ, երբ նրան տեղափոխեցին քաղաքային ոստիկանության շենքը։ Երեք օր շարունակ հերթապահեցի ոստիկանատան առաջ։ Չորրորդ օրը հորս տարան կենտրոնական բանտ։ Այդ նշանակում էր՝ վերջ։ Սակայն բախտը ժպտաց մեր ընտանիքին։ Քսաներկու օր հետո հայրս գիշերով վերադարձավ, դեղնած ու ծեծված, տանջված ու հյուծված։ Հորս չարչարել էին և պահանջել հայտնել թաքստոցը իր ընկերոջ` ուսուցիչ Գյուզելյանի, որը, կանխատեսելով ձերբակալությունը, փախել էր ու պահվել։ Հայրս չնայած իմացել էր նրա ապաստարանը և օգնել նրան թաքնվելու, սակայն համառորեն լռել էր և այդպիսով համոզել ոստիկանությանը, որ ինքը անտեղյակ է։
Վրա հասավ մի այլ դժբախտություն։ Սարգիս հորեղբորս կանչեցին զինվորագրության։ Գնալ թուրքական բանակ և ծառայել ոճրագործներին, նշանակում էր նետվել մահվան գիրկը: Ընտանեկան խորհուրդը որոշեց հորեղբորս թաքցնել մեր տան վերևի հարկում։
Պոլսո տներն ունեն յուրահատուկ կառուցվածք։ Փողոցի երկարությամբ նրանք շարված են կողք-կողքի ծայրահեղ խտությամբ, մեկը մյուսին կպած։ Նրանք նեղ են, հազիվ վեց մետր լայնությամբ, բայց չորս հարկ բարձրություն ունեն։ Հին թաղամասերում տները սովորաբար փայտաշեն են, դեպի փողոց պատշգամբներով։ Իսկ փողոցների մեծ մասը այնքան նեղ է, որ հազիվ կառքը կարող է անցնել։ Կան նաև ավելի նեղ փողոցներ, որտեղից և ոչ մի տրանսպորտ անցնելու հնար չունի։ Այդպիսի փողոցների տան պատշգամբներից կարելի է հեշտությամբ անցնել դիմացի հարևանի տունը, իսկ կտուրների վրայով հնարավոր է պտտվել թաղամասով մեկ։ Պատմության մեջ հայտնի են Պոլսո հրդեհները։ Եղել են դեպքեր, երբ հրդեհի զոհ են գնացել ամբողջ արվարձաններ, գյուղեր կամ ավաններ։ Փայտաշեն թաղամասերի հրդեհն անհնարին է հանգցնել։ Նրանք սարսափելի ճարճատյունով վառվում են՝ տարածելով շուրջը դժոխային մի ջերմություն։ Ես ականատես եմ եղել այդ ահավոր հրդեհներին ու դառնացել հազարավոր մարդկանց դժբախտությամբ։ Այդպիսի հրդեհներից ոչինչ չէր կարելի փրկել։ Այրվում էր ամեն ինչ. մարդիկ մնում էին անօթևան և զրկվում իրենց ինչքից։ Այդպիսի հրդեհը համաժողովրդական սուգ էր… Այն ժամանակ Պոլիսը զուրկ էր հեռախոսային կապից։ Բոսֆորի երկու ափերին ցրված էին գյուղեր, քաղաքատիպ ավաններ, ամառանոցային վայրեր, որոնց տները բացառապես փայտաշեն էին։ Հրդեհի դեպքում լուրը տարածվում է ոչ թե հեռախոսով, այլ թաղի պահակի միջոցով։
Յուրաքանչյուր թաղամաս ուներ իր գիշերային պահակը։ Նրանցից ամեն մեկը կրում էր հաստ ու ծանր մի գավազան, երկաթե ծայրով, որը գործածվում էր ոչ միայն որպես «սառը զենք» այլ նաև, հրդեհի դեպքում, որպես ազդարարող գործիք։ Խորը գիշերին, երբ քաղաքը կամ գյուղը քուն էր մտնում, լսվում էին փողոցի սալահատակին գիշերապահի ամուր խփած գավազանի հարվածների խուլ ու ազդեցիկ ձայնը և նրա անդրշիրիմյան ողբը հրդեհի վայրի, սկզբի և վախճանի մասին։ Նա ողբագին ձայնով, գիշերվա մթության մեջ, յուրաքանչյուր նախադասության վերջում գավազանը խփելով մի քանի անգամ գետնին, հայտարարում էր, որ Ստամբուլում, այսինչ թաղամասում, այսինչ փողոցում, այսինչ համար տանը սկսվեց հրդեհ և այլն։ Հրդեհի լուրը, այդպիսով, թաղամասից թաղամաս, մեկ գիշերապահից մյուսին անցնելով արագությամբ տարածվում էր և հասնում քաղաքի մեկ ծայրից մյուսը։ 
Գիշերապահի այդ գույժը, ամեն անգամ սարսափ էր առաջացնում իմ մեջ, ես վախից թե ցավից գլուխս քաշում էի վերմակի տակ չլսելու համար այդ ոռնոցը։ Մեր տունը կիսափայտաշեն էր, ուներ չորս հարկ։ Յուրաքանչյուր հարկում կային զույգ սենյակներ։ Վերջին հարկում կար լայն պատշգամբ, որտեղից բացվում էր Բերայի պեյզաժը։ Չորրորդ հարկի առաստաղում, մենք պատրաստեցինք մի թաքստոց, որտեղից վտանգի դեպքում հնարավոր էր կողքի անցքից դուրս գալ դեպի պատշգամբ և կտուրների վրայով փախչել հարևան թաղամասը։ Այդ թաքստոցում մենք ամբողջ երեք տարի պահեցինք Սարգիս հորեղբորս, մինչև պատերազմի վերջը, մինչև 1918 թվականը։ Երեք անգամ նրան բախտ վիճակվեց փորձելու թաքստոցից փախչելու ձևերը և կտուրների վրայով կատարելու պտույտներ։ Ոստիկանները այդպես էլ նրան չգտան։
Եղբայրս՝ Պատրիկը, ինձնից երեք տարով մեծ էր, նա ծնվել էր 1899 թվականին։ Մոտենում էր նաև նրա զինվորագրվելու ժամկետը։ Հարկ էր փրկել նաև եղբորս։ Փրկության համար անհրաժեշտ էր հինգ օսմանյան ոսկի։ Փաստաբաններից մեկը խոստացել էր ազատել, եթե այդպիսի մի գումար տրվեր իրեն։ Պատրիկն արդեն 18 տարեկան էր, վտանգը մեծ էր և եթե չտայինք այդ գումարը, ապա նրան մի օր էտապով կուղարկեին այնտեղ, որտեղից երիտասարդները այլևս չէին վերադառնում։
Պատրիկն աշխատում էր ինչ-որ գրասենյակում, աշխատում էի նաև ես։ Հայրս իր ստացած չնչին աշխատավարձով անկարող էր պահել ընտանիքը, այն էլ ահեղ պատերազմի սարսափելի օրերին, երբ հացն ու միսը, շաքարն ու ալյուրը տասնապատիկ թանկացել էին։
Սկզբում ես աշխատանքի մտա որպես ցրիչ թուրք իրավաբանի մոտ։ Այդտեղից քիչ ավելի բարձր աշխատավարձով անցա քաղաքային էլեկտրացանցի շրջանային արհեստանոց, որտեղ ինձ նշանակեցին մոնտյորի օգնական։ Վարպետս հայ էր, մոնտյոր Մարկոսը, նիհարակազմ, փոքրիկ, քիչ կուզիկ, երկար և ոսկրոտ դեմքով, աչքերը խոռոչներից դուրս ընկած, բարակ ու երկար մատներով և այդ բոլորին հակառակ թավ ձայնով։ Արտաքինը խիստ հակասում էր ձայնի ամրությանն ու տեմբրին։ Մոնտյոր Մարկոսը բարկացկոտ էր, անսիրտ ու անխիղճ, քանի՜-քանի անգամներ նրա ոսկրոտ թաթերից, աջից և ձախից, ես ապտակներ եմ ստացել, երբ նորոգումների ժամանակ ինչ-որ բան սխալ եմ արել։ Նա չգիտեր բացատրել, սխալը կանխել կամ սովորեցնել, այլ միայն գիտեր ապտակել ու հայհոյել։ Ապտակն անցնում էր անարդյունք, չէի հասկանում, թե ինչի՞ համար է։ Ես նրա պայուսակը կրողն էի։ Փողոցով անցնելիս նա իր չնչին կազմվածքով գնում էր միշտ առաջից, ես նրան հետևում էի մի ձեռքիս կրելով գործիքներով լի ծանր պայուսակը, մյուս ձեռքիս՝ մի փոքր աստիճան կամ աթոռակ։
Բարեբախտաբար այդ տանջալի օրերը երկար չտևեցին։ Վեց ամիս անց ինձ նշանակեցին մոնտյոր, Մարկոսին հավասար։ Ես ուրախացել էի ոչ այնքան պաշտոնի բարձրացման, որքան Մարկոսի ապտակներից փրկված լինելու և նրա երեսն այլևս չտեսնելու բարեբախտության համար։
Պատերազմի վերջին տարիներին ես արդեն դրա սենյակում աշխատում էի որպես գծագրող։ Նկարչական շնորհքս ինձ ծանր աշխատանքից փրկել էր։ Քաջ ծանոթ լինելով էլեկտրական լարերի անցկացման և լուսակետերի տեղադրման տեխնիկային, ինքնուրույն կերպով պատրաստում և մոնտյորներին հանձնում էի հիմնարկների ու բնակելի տների էլեկտրական սարքավորման պլաններն ու գծագրերր։ Ազատ ժամերիս կատարում էի բազմաթիվ ճեպանկարներ մեր բանվորներից, ծառայողներից։ Այդպիսով ես շատ շուտով աչքի ընկա որպես նկարիչ և պատիվ ու հարգանք նվաճեցի։
Իմ և եղբորս աշխատավարձերը զգալիորեն թեթևացնում էին հորս ֆինանսական դժվարին կացությունը։ Հայրս որոշեց հավաքել մեր աշխատավարձերը, ծախել իր և մորս հարսանեկան մատանիները, ծանոթներից պարտք վերցնել ու վճարել Պատրիկի փրկությանն անհրաժեշտ հինգ օսմանյան ոսկին։
Փաստաբանը այդ գումարից որոշ մաս հատկացնելով դատավորին և մյուս պաշտոնյաներին, գործը կազմակերպել էր այնպես, որ Պատրիկը պետք է ներկայանար դատարան, բողոքելով այն մասին, որ իր ծննդյան թիվը սխալ է արձանագրված մայր մատյանում, որ ինքը ոչ թե տասնութ տարեկան է, այլ տասնհինգ։ Բողոքի հիման վրա դատարանը պետք է վերանայեր ծննդյան թիվը և ապացուցած համարելով նախկինում կատարված սխալը, Պատրիկի տարիքը երեքով պակասեցներ։ Ամեն ինչ նախապատրաստված էր ճշտությամբ, գտնվեցին նաև երկու վկաներ, որոնք նույնպես կաշառված էին, հաստատելու համար այդ սխալը, իբրև Մաքրի գյուղի նախկին հարևաններ ու լավ ծանոթներ։
Եկավ դատի օրը։
Հայրս, նրա մոտիկ ընկեր պարոն Հակոբիկը, Պատրիկն ու ես գնացինք դատարան։ Այն մի անհրապույր շենք էր, երկար ու նեղ միջանցքներով, տասնյակ տարիներ չվերանորոգված գրասենյակներով, աստիճաններով ու առաստաղներով, որոնց տեսքը ճնշող տպավորություն էր թողնում այցելուի վրա։ Դատարանը լիքն էր տարբեր մասնագիտությունների, դիրքի և դեմքի մարդկանցով, հարուստից մինչև ցնցոտիների մեջ թաթախված աղքատը, մարդիկ, որոնք եկել էին գազազած մեկը մյուսի հանդեպ և իրավունք էին խնդրելու կամ աղերսելու օսմանյան «արդար» դատարանից։
Այնտեղ ամեն ինչ որոշում էր կաշառքը, նա էր արդարադատության նժարը շարժողը. ով շատ ոսկի էր թափում նժարի մեջ նա էլ դատը շահում էր։ Կարմիր ֆեսերի և սև փյուսքյուլների տակ թաքնված ուղեղները շարժվում էին միայն ոսկու ուժով, և արդարությունը գտնում էին այնտեղ, որտեղ դրամ շատ կար։
Այդպես էր նաև մեր գործը։ Հինգ ոսկին փրկելու էր մեր ընտանիքին. նա մեզ բախտ էր բերելու։
Դատարանը քննում էր մի շարք գործեր, հերթը դեռ մեզ չէր հասել։ Փաստաբանը ներկա էր և պետք է պաշտպաներ մեր բողոքը։ Ամեն ոք իր տեղումն էր. չկային միայն վկաները։
Որոշ ժամանակ անց փաստաբանը դուրս թռավ հայտնելու համար, որ հետևյալը մենք ենք։ Փնտրեցինք վկաներին, չկան ու չկան։ Ի՞նչ անել. հետաձգել դատը նշանակում էր կորցնել հինգ ոսկին, կորցնել ժամանակը, Պատրիկը վտանգի տակ էր, ուրեմն անհրաժեշտ էր ելք գտնել, շահել դատը։
Փաստաբանը, որ ճարպիկ և խորամանկ մի անձնավորություն էր, մտածեց ու ելքը գտավ։
Ինչպես հմուտ ռեժիսոր, անմիջապես դերերը վերաբաժանեց մեր մեջ, հայտնելով, որ հարցերին պետք է պատասխանել կարճ և դիպուկ։ Յուրաքանչյուրին համառոտ բացատրեց անելիքը և խոսելիքը ու վերադարձավ դատական դահլիճ։
Դերերը միանգամից փոխվեցին։
Ես պետք է ներկայանայի դատարան Պատրիկի փոխարեն, այսինքն ես պետք է դառնայի Պատրիկ։ Հայրս և պարոն Հակոբիկը դատարանին ցուցմունքներ էին տալու բացակայող վկաների փոխարեն, ինչպես մեր ընտանիքի նախկին հարևաններ, կրելով նրանց անուններն ու ազգանունները։
Պատրիկը դատական նիստին ներկա պետք է գտնվեր, որպես հանդիսատես։ Իսկապես, այդ մի սարքովի ներկայացում էր, որտեղ զարմանայի կերպով գլխավոր հերոսը, դերակատարը, փոխանակ բեմի վրա լինելու, դահլիճում նստած պետք է տեսներ ինքն իրեն, դատական բեմում խաղալիս։
Փաստաբանը դուրս եկավ դահլիճից և բարձր ձայնով գոռաց. Պատրիկ Սարգսյան, Համբարձում Ճիտիճյան և Նիկողայոս Բոյաջյան, թող ներս գան։
Երեքս միասին գնացինք դահլիճ։
Դահլիճը բաժանված էր սովորականի նման։ Դատական կազմը, երեք հոգուց բաղկացած, նստած էր մեջտեղում, ձախ կողմում նստած էր գրագիրը, դիմացը, մի քիչ ներքև, մեր փաստաբանը։ Դահլիճի երեք քառորդ մասը գրավում էին նստարանները, որոնց վրա արդեն տեղավորված էին տարբեր կերպարանքի մարդիկ, լսողներ։
Փառապանը ինձ ցույց տվեց կանգնելու համար սահմանված իմ տեղը։ Նույնը նաև հորս ու պարոն Հակոբիկին։ Սկսվեց դատավարությունը։
Ես ինձ լավ էի պահում, պահում էի այն գիտակցությամբ, որ ինձանից էր ամբողջովին կախված Պատրիկի կյանքի հետագա ընթացքը, մեր ընտանեկան բախտը։
Իմ մեջ առաջ եկավ համարձակություն, վախն անհայտացավ։
Դատավորը հարցրեց.
— Անունդ։
— Պատրիկ։
— Հայրանունդ։
— Միհրանի։
— Ազգանունդ։
— Սարգսյան։
— Քանի տարեկան ես։
— Տասն և հինգ։
Դատավորը աջ և ձախ ատենակալներին ինչ որ բան բացատրեց, կանչեց փառապանին, տվեց ինչ որ հանձնարարություն և նորից շուռ գալով դեպի ինձ՝
— Ւնչի՞ց ես կարծում, որ դու տասն և հինգ տարեկան ես։
— Ես ծնվել եմ ոչ թե 1899 թվին, այլ 1902 թվականին։ Այդ կարող են վկայել բոլորը և իմ հասակը։
— Ի՞նչ լեզվանի ես,— եղավ դատավորի պատասխանը։ Այդ րոպեին կողմնակի դռնից մտավ մի օտարական և նստեց մեր փաստաբանի ու ատենակալի միջև։ Դատավորը շրջվեց դեպի նորեկը և՝
— Բժիշկ, քննեցեք։
Բժիշկը առանց հապաղման և վարանման ձեռքով նշան արեց ինձ և կանչեց իր մոտ։ Ես շարժվեցի ու կանգնեցի բժշկի առաջ։ Բժիշկը թե՝
— Ցույց տուր ատամներդ…
Ես վայրկենաբար բացեցի շրթներս ու ցույց տվեցի ատամներս, այնպես, ինչպես անասնաբույժն անխոս կենդանիների տարիքը որոշելու համար զննում է նրանց ատամնաշարը։
Բժիշկը նայեց ատամներիս, ծնոտս ուժեղ շարժեց, բռնևց, դեմքս քաշեց դեպի իրեն, ոսկե պենսնեի միջով նորից զննեց ատամներս և, ետ հրելով ինձ, դատավորին ինչ որ գլխով նշան արեց։
Ոչինչ չասաց։
Դատավորը ձեռքով ցույց տվեց առաջին կարգում ինձ հատկացված նստարանը։ Ես տեղավորվեցի նշված տեղում։
Դահլիճի լռության մեջ նորից լսվեց դատավորի ձայնը։
— Ո՞վ է այստեղ Համբարձում Ճիտեճյանը։
— Ես եմ,— պատասխանեց հայրս։
Այստեղ արդեն սիրտս սկսեց խփել ամենայն ուժգնությամբ. մտածում էի, պիտի կարողանա արդյոք հայրս ճշտությամբ կատարել իր դերը, թե պետք է սխալվի։ Չլինի հանկարծ դահլիճում նստած մարդկանցից մեկն ու մեկը ճանաչի նրան ու մատնի. կկորչենք բոլորս միասին… Ախ, ե՞րբ է վերջանալու այս տառապանքը։ Նորից դատավորի ձայնը…
— Որտեղի՞ց գիտեք այս տղին։
— Մաքրի գյուղից, մեր հարևան Միհրան Սարգսյանի տղան է։ Այն ժամանակ մենք ապրում էինք նրանց դիմացը, նույն փողոցում։ Ես Պատրիկի ծնած օրն էլ եմ հիշում։
— Քո կարծիքով քանի տարեկան կլինի։
— Պատրիկը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին (հայրս ճշտությամբ ասաց իմ ծննդյան տարեթիվն ու օրը)։
— Լավ, վերջացրու։ Հաջորդը։ Վկա Նիկողայոս Բոյաջյան, առաջ արի։
Պարոն Հակոբիկը մոտավորապես նույնն ասաց, ինչ իմ հայրը, փոքր տարբերությամբ։
Դատավորը ձայնը տվեց դատապաշտպանին, մեր փաստաբանին։ Նա պնդեց, որ մայր մատյանում սխալ է արձանագրված, որ այս հասակի և կազմվածքի տղան երբեք տասնութ չի լինի, այլ ամենից շատ նա կարող է լինել տասնհինգ տարեկան։ Դառնալով դեպի բժիշկը, փաստաբանը պերճախոս նախադասություններով շոյեց նրան և գտավ, որ նրանից է կախված դատարանի վճիռը։
Մեզ դահլիճից դուրս արին։ Ամեն ինչ ավարտվեց. Փաստաբան-«ռեժիսորի» միզանսցեններով մեր դերակատարումներն ընթացան ավելի սահուն, քան նրանք երբեմն լինում են իսկական թատրոնում։
Դրսում մենք հանդիպեցինք Պատրիկին, սփրթնած, դեղնած, լեզուն կապ ընկած։ Տարօրինակ էր, դերակատարները մենք էինք, ինքը դիտողը, սակայն նա ավելի էր վախեցել, քան մենք։ Դա հասկանալի էր, մենք արդեն դատական դահլիճում մտել էինք մեր կերպարների մեջ և ամեն մեկս խաղում էինք մեր դերերը։ Մինչդեռ Պատրիկը ոչ մի դեր չուներ, բացի հանդիսատես լինելուց։
Երեք ժամ անց հայտարարեցին դատարանի վճիռը. «Հանուն օսմանյան արդարադատության և այլն և այլն — Պատրիկ Միհրանի Սարգսյանին համարել տասնհինգ տարեկան և մայր մատյանում փոխել նախկինում թույլ տրված սխալը»։
Ուրախությունը մեծ էր ու անչափ։ Պատրիկը շահել էր՝ երեք տարի։ Ինչե՜ր չէր կարող պատահել երեք տարվա ընթացքում…
Բոլորս դուրս եկանք օսմանյան դատարան կոչված այդ մռայլ, մարդկանց իրավունքները կաշառակերությամբ հոշոտող որջից։ Շրջվեցինք դեպի մեծ փողոցը, հազիվ անցել էինք փողոցի անկյունը, երբ լսեցինք անցորդների ու հորս՝ սարսափահար ճիչերը և տրամվայի կայծակնահար արգելակումը։ Ես նայեցի ետ և ի՜նչ տեսնեմ, Պատրիկը, որի փրկությանը մենք բոլորս օրերով նախապատրաստվել էինք և քիչ առաջ խաղացել մի ամբողջ ներկայացում, հազիվ էր դուրս՝ պրծել տրամվայի անիվների տակից… Ի՜նչ ճակատագիր։
Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին, աշխարհով մեկ շռնդում էր Բեռլին—Բաղդադ առանցքի հաղթական պատրանքը։ Դա չորս պետությունների միացյալ ուժերն էին, որոնք կազմել էին իրենց մայրաքաղաքների անունով տխրահռչակ այդ առանցքը՝ Բեռլին — Բելգրադ—Պոլիս—Բաղդատ։
Պոլսո թաղամասերում վխտում էին գերմանացի զինվորները և լկտիաբար տնօրինում, հարբում, ջարդում և հարձակվում կանանց վրա։ Ոչ ոք չէր կարող նրանց ձեռք տալ կամ բողոքի ինչ որ ճիչ արձակել։ Երբ գերմանացի զինվորը քայլում էր մայթով, բոլորը պարտավոր էին քաշվել մի կողմ և նրան ճանապարհ տալ։
Մի օր ես կանգնել էի գրախանութի ցուցափեղկի առաջ և հափշտակված դիտում էի արվեստի գրքերը, մեծ արվեստագետների օտար լեզուներով տպագրված շքեղ հրատարակությունները, երբ զգացի մի ուժեղ հարված ձախ ուսիս և ինձ գտա մայթի վրա փռված։ Անցնում էր գերմանացին, իսկ ես մայթի վրա կանգնել էի ճիշտ նրա շարժման ուղեգծի վրա, նա չէր թեքվել, այլ առանց ուղղությունը փոքր-ինչ շեղելու, եկել էր իմ վրա և, վայրկենաբար հարվածելով, ինձ գետին գլորել։
Ահա պատերազմում գազազած տեվտունի կերպարը, որը ոչ մի տարբերություն չուներ չորքոտանի գազանից կամ մարդակերից։
Մի առավոտ հայտնեցին, որ Անտանտայի ռազմանավերը մտել են Բոսֆոր և կանգնել Պոլսո դեմ հանդիման։ Վերջ պատերազմին…
Ցնծում էր ժողովուրդը, ուրախությունից մարդիկ լաց էին լինում։
Քաղաքային Էլեկտրական ցանցի շենքը վեց հարկանի էր և գտնվում էր Ղալաթիայի բարձունքի վրա։ Գրասենյակի աշխատողներս մի շնչով վազեցինք դեպի վեր, վերջին հարկի կտուր-պատշգամբը, որտեղից բացվում է մի չքնաղ տեսարան՝ ամբողջ Ոսկեղջյուրի ու Բոսֆորի համայնապատկերը։
Ես տեսա հսկա ռազմահավեր գույնզգույն դրոշակներով, տեսա և լսեցի նրանց հաղթական համազարկերը, որոնք ազդարարում էին պատերազմի ավարտը։
Ամբողջ երեք օր, հատկապես պոլսաբնակ հայերը, հույները և այլազգի բնակիչները տոնում էին զինադադարը, պատերազմի վերջը, կորցնելով այն գիտակցությունը, որ այդ ցնծությունը արմատապես հակասում էր թուրքերի պարտվողական դառնագին վիճակին, հոգեբանությանը։ Հետևանքը եղավ այն, որ ազգայնամոլ թուրքերը, գրգռելով գազազած ու վայրենացած ամբոխին, կրոնամոլ խավարածիններին, հավաքելով բաշիբոզուկների, խուժեցին Բերա, քրիստոնեական թաղամասերը, և կազմակերպեցին անմարդկային ջարդ ու կոտորած։
Ես տեսա այն զարհուրելի պատկերը, երբ Ղալաթիան Բերայի հետ կապող Յուքսեք Գալդրմի զառիվերից հազարավոր մորուքավոր թուրքեր, մարդկային հեղեղի նման, քարերով, մահակներով, երկաթներով ու տարբեր ձևերի սառը զենքեր առած, խելակորույս ու արյունռուշտ, ոտաբոբիկ վազում էին դեպի մեր թաղամասը։ Ես հազիվ մտա այդ կողմերում մեր ծանոթներից մեկի տունը և թաքնվեցի՝ ամբողջ ժամանակ մնալով մահվան սարսափի տակ։
Բաշիբոզուկների այդ ոհմակները գազանային ոռնոցով, հայհոյանքներով ջարդ ու փշուր էին անում քրիստոնյաների խանութների ապակիները, գողանում ու թալանում ամեն ինչ, ջարդում բնակելի տների ապակիները, դռները, մարդկանց քաշում դուրս ու խոշտանգում։
Նրանք Բերայով մեկ անցան գազանային ատելությամբ լցված, ասես հրաբուխից ժայթքած լավա, իրենց ճամփին ամայացնելով ամեն ինչ։ Բռնկվեց ահռելի մի հրդեհ։ Այրվեցին թաղամասեր, կործանվեցին տներ, ընտանիքներ։
Պատերազմի ավարտը պսակվեց նորից հայության դժբախտությամբ, կոտորածով, ավարով, աղքատությամբ, մահերով։
Ամբողջ քսանչորս ժամ տևեց այդ գազանային ահավոր արշավը։ Պոլիսը գրաված Անտանտայի և ոչ մի զինվոր, լիներ անգլիացի, ֆրանսիացի կամ իտալացի, չմիջամտեց «ներքին կարգ» կոչված անմարդկային անկարգությանը։ Նրանք քսանչորս ժամ չերևացին մեր քաղաքում, այդպիսով ազատություն տալով թուրքերին իրենց պարտության մաղձը թափելու քրիստոնյաների՝ հայերի, հույների գլխին։
Սակայն զարմանալի արարած է մարդը…
Նա կարող է ամեն դժբախտոկթյունից դուրս ճողոպրել։ Այդպես էլ եղավ ավերածությունից հետո։ Մարդիկ դուրս եկան թաքստոցներից, վերանորոգեցին իրենց տները, խանութները, գործատեղերը, վերսկսվեց առևտուրը և որոշ ժամանակ անց կյանքն ընթացավ դարձյալ իր հունով։
Զինադադարից մի տարի անց ինձ հաջողվեց ընդունվել Պոլսո գեղարվեստի վարժարանը։ Դպրոցի հիմնադիրներից էր հայտնի պոլսահայ քանդակագործ տաղանդավոր Երվանդ Ոսկանը։ Նրա աշխատանքներից մի քանիսը դեռ պահպանվում էին այդ դպրոցում։ Սենյակներից մեկի մեջտեղում դրված էր ինքնասպանություն գործած, խեղդամահ երիտասարդ պատանու դիակի մուլյաժը, որը Երվանդ Ոսկանը դիակից հանել էր ամենայն մանրամասնությամբ։
Գեղարվեստի վարժարանում քանդակագործության ուսուցիչս էր Ւհսան բեյը, Ե. Ոսկանի աշակերտը։ Ոսկանը մահացել էր 1914 թվականին, համաշխարհային առաջին պատերազմը դեռ չսկսած։
Իհսան բեյը, որն այդ օրերին վաթսունին մոտ մարդ էր, նույն գեղարվեստի վարժարանում միջնակարգ ուսումն ավարտելուց հետո մեկնել էր Փարիզ, ընդունվել Ժյուլիենի ակադեմիան և սովորել մի քանի տարի։ Սակայն նա ավելի շատ զբաղվել էր ֆիզկուլտուրայով, քան քանդակագործությամբ։ Փարիզում որպես մարմնամարզիկ շահել էր մի քանի մրցանակ և վերադարձել Պոլիս։
Թուրքերի առաջին քանդակագործն էր նրանց ամբողջ պատմության ընթացքում։ Չէ որ թուրքերը դեմ էին եղել սրբապատկերներին, մարդու կերպարանք նկարելուն կամ քանդակելուն։ Իհսանը առաջինն էր, որ կոտրել էր կրոնամոլ այդ սնոտիապաշտությունը։ Հիշում եմ, ուսումնարանում մի օր բոլորս նստած տղամարդու մերկ մարմին էինք նկարում։ Իմ կողքին էր ընկերներիցս Շուքրին։ Հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ մի անծանոթ: Շուքրին այլայլվեց։ Անծանոթը, տեսնելով սենյակի մեջտեղում կանգնած մերկ տղամարդուն և նրա շուրջը հավաքված երիտասարդներին, «ալլահ», «ալլահ» գոռալով փակեց դուռը և փախավ։
Դա Շուքրիի հայրն էր։ Նա հորը խաբել էր, թե դպրոցում՝ ծաղիկներ և զանազան իրեր են նկարում։ Հայրը մի օր գալով դպրոց հարցրել էր որդու մասին, իսկ պահակը միամտորեն ցույց էր տվել արվեստանոցը, ուր մենք նստած աշխատում էինք։Այլևս Շուքրին դպրոց չհաճախեց։ Ամիսներ անց մի օր նա հանդիպեց և հայտնեց, որ հոր այցելության այդ անիծյալ օրը վերջ էր դրել իր ապագային։
Իհսան բեյը այդ խավարամոլների մեջ իսկապես առաջավոր և լուսավոր դեմք էր, որ սիրել էր և խորապես հարգել Ոսկանին։ Նա ինձ միշտ ասում էր՝ «Ուզում եմ հարգած լինել իմ ուսուցչի՝ Ոսկան էֆենդու հիշատակը և նրա ժողովրդին շնորհակալությամբ վերադարձնել այն, ինչ նա ինձ է տվել»։ Եվ նա կատարեց իր խոստումը։
Իհսանը ուսումնարանից ոչ շատ հեռու ուներ մի արվեստանոց, ուր շատ սակավ էր լինում։ Տեսնելով իմ անզուսպ աշխատասիրությունը, կանչեց մի օր իր արվեստանոցը, բանալին տվեց ինձ ասելով` «Ահա այս բոլորը քեզ. կավ, գործիքներ, հենարաններ, գրքեր, օգտվիր և աշխատիր»։
Իհսան բեյից ես երբեք հայատյացություն չեմ զգացել, ընդհակառակը, նա դատապարտում էր ամեն մի նման քայլ։ Նրան որոշ չափով նաև հղկել էր Փարիզի կոսմոպոլիտ միջավայրը։
Ի նշան երախտագիտության, ես քանդակեցի իմ առաջին ուսուցչին, Իհսանին, և քանդակը նվիրեցի իրեն։ Մի օր, երբ թերթում էի արվեստանոցի գրադարանի իմ ամենաշատ սիրած գրքերից մեկը՝ Դյուվալի գեղարվեստական անատոմիայի հսկա ալբոմը, ալբոմի էջերից ընկան հինգ թուրքական թղթադրամներ։ Ես պահեցի և երբ Իհսանը մի շաբաթ անց եկավ արվեստանոց, հանձնեցի նրան, ասելով, որ մոռացել էր գրքում։ Իհսանը թեթև ժպտաց և վերին աստիճանի գոհ մեկնեց։ Ես կռահեցի, որ նա դիտմամբ էր թղթադրամները դրել ալբոմի մեջ, ինձ փորձելու համար։
Ուսումնարանում, բացի իմ սովորական պարապմունքներից, ես սկսեցի քանդակել իմ դասընկերների և ծանոթների պորտրեները։ Առաջին պորտրեն, որ ես քանդակեցի, Սաիմինն էր։ Նա աղքատ ընտանիքի տղա էր, ապրում էր Կում-գափուում, երեկոներն արածելու էր տանում իրենց երկու ոչխարներին, ընտանիքի միակ հարստությունը, որով և սնվում էին ծնողներն ու երեխաները։ Սաիմը շատ էր օժտված, արդեն այդ տարիներին նկարում էր հետաքրքիր կոմպոզիցիաներ։ Նրա գեղանկարը երազկոտ էր, թախծոտ, մոտիվները բանաստեղծական։
Հետևյալ պորտրեն Ջևադինն էր։ Նա հարուստի տղա էր, հագնվում էր շատ լավ. մեծախոս էր ու մեծամիտ։ Նա իր հոր տասնմեկերորդ կնոջ զավակն էր։
Գեղարվեստական ուսումնարանում կար նաև ճարտարապետական բաժին, այնտեղ սովորում էր հրաշալի բնավորությամբ մի ազնիվ տղա՝ Հյուսնին, նա հեռու էր ամեն տեսակի ազգայնական տրամադրություններից, զարգացած էր, հավասարակշռված, համեստ։ Իմ երրորդ աշխատանքը Հյուսնիի պորտրեն եղավ։ Ինձ հաջողվեց այն ձուլել գիպսից և նվիրել իրեն։
Այդ շարքում Իհսան բեյի պորտրեն չորրորդն էր։ Պատերազմը նոր էր վերջացել։ Մեծ եղեռնի ցավն ու կսկիծը մխում էր բոլոր հայերի սրտերում։ Ես մեկն էի նրանցից, որ խորն էր ապրում համազգային այդ ողբերգությունը և մի տեսակ ընկել էի հուսահատության մեջ։
Ահա, այդ տրամադրությամբ էլ ես քանդակեցի իմ «Հուսահատություն» մենաֆիգուր և նրան հաջորդող «Քաղցը» բազմաֆիգուր քանդակները։
Իմ աչքերի առաջ էին միլիոնավոր մարդիկ, մանավանդ հայերը, հողից ու տնից զրկված, աքսորի ճանապարհներին համաճարակի մատնված, քաղցի ճիրաններում ուռած ու կապտած։
Քաղցից սովամահ լինելը հրեշավոր է, ամենաանմարդկայինը բոլոր անմարդկայինների մեջ… Ահա այդ պատկերները, հազարավորների սովամահությունը ես քանդակեցի և անվանեցի «Քաղցը»:
Քանդակը պատկերում է մի մարդակույտ՝ շերտ-շերտ ընկած իրար վրա, և քաղցը, որպես մի հրեշավոր էակ, խեղդում է նրանց։
Այդպես էի ես մեկնաբանում այն ժամանակ, պատանեկան հասակում, մարդկային ողբերգական այդ ամոթալի երևույթը։
Ես անչափ տարված էի նաև երաժշտությամբ։ Պատանեկության տարիներին ես սովորել եմ ջութակ նվագել։ Սակայն թողել եմ, հրապուրվելով մի ուրիշ արվեստով, արձանագործությամբ։ Դեպի երաժշտությունն ունեցած սերն էր, որ իմ մեջ ցանկություն առաջացրեց ստեղծել մի խմբաքանդակ «Երաժշտություն» անունով։ Դա սիմվոլիկ քանդակ էր (ինչպես նաև «Քաղցը»), ուր երաժշտությունը կնոջ կերպարանքով, քնարը ձեռքին, երազային ու մեղմիկ, անցնում է մարդկանց զանգվածների վրայով, գերելով իր մեղեդիներով նրանց սիրտն ու զգացմունքները։
Պոլսո գեղարվեստի ուսումնարանի դասընթացը, ինչպես նաև իմ ուսուցիչ Իհսան բեյի ղեկավարությունը ինձ այլևս չէին բավարարում։ Ես ծանոթ էի եվրոպական մի շարք քանդակագործների ստեղծագործություններին, չնայած պաշտում էի Ռոդենին, Մայոլին և ֆրանսիացի մյուս քանդակագործներին, սակայն սովորելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու լավագույն վայր համարում էի Իտալիան՝ Հռոմը։ Ձգտումս շատ էր մեծ։ Ծնողներս տեսնելով իմ հաջողությունները իրենք ևս եկել էին այն համոզման, որ ինձ անհրաժեշտ է թողնել գեղատեսիլ Պոլիսը և գնալ ապրել ու սովորել նոր, շատ ավելի քաղաքակրթված երկրներում։
Ես ավարտել էի Բերայի Եսայան սանուց հայկական վարժարանը, որտեղ մեծ մասամբ հաճախում էին արհեստավորների, ծառայողների, մի խոսքով աշխատավորական դասին պատկանող պատանիները։
Եսայանը, ում անվամբ կոչվում էր դպրոցը, որպես կտակ թողել էր զգալի գումար կազմող մի դրամագլուխ, հատկապես դպրոցն ավարտող շնորհալի երիտասարդներին հետագայում բարձրագույն կրթության կամ կատարելագործման ուղարկելու համար։
Դիմեցի Եսայան սանուց հանձնաժողովին՝ ստանալու համար անհրաժեշտ նյութական ապահովություն։ Հանձնաժողովը երկար խորհրդակցելուց հետո, որպես բացառիկ դեպք, մշակեց տասը պատվիրաններ՝ պայմաններ, նկատի ունենալավ, որ քանդակագործությունը կապված է կանանց ու տղամարդկանց մարմիններ պատկերելու անհաճո և վտանգավոր գործի հետ։
Հանձնաժողովը նշանակեց նվազագույն թոշակ, այն ստանալու համար առաջսդրելով խիստ պայմաններ։ Ես ամեն ինչին համաձայն էի, եթե անգամ ինձ առաջարկեին դառնալ դժոխքի դռնապահ, միայն թե ընկնեի քանդակագործության մեծագույն օրրան՝ հանճարների ժամադրավայր Հռոմ։
Հազար ինն հարյուր քսանմեկ թվականի մայիսյան մի առավոտ «Ադրիատիկ» կոչված կարապանման սպիտակ նավով կտրեցի Մարմարա և Էգեյան ծովերը, ապա Կորնթոսի նեղուցը, հասա Իտալիա, թողնելով իմ սիրելի ծննդավայրը և բյուրապատիկ սիրելի ու պաշտելի ծնողներիս, որոնց այլևս երբեք չտեսա…



Աղբյուր: http://historyarmenia.org/?p=765 Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (22-Ապրլ-2011) | Հեղինակ: Արա Սարգսյան Դիտումներ: 1483 | Պիտակներ: դանիել վարուժան, արա սարգսյան, բեռլին, Արևմտյան Հայաստան, անտանտ, բոսֆոր, բելգրադ, բաշիբոզուկներ, բերա, բաղդադ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]