// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Պատմություն

    King Pap by Davit HakobyanԺամանակ առ ժամանակ մեր պատմության վճռորոշ պահերին ի հայտ են եկել անհատներ, ովքեր, տոգորված ազգայինով, իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին եւ մեկ անգամ եւս ապացուցել աշխարհին հայ կամքի ամենազորությունը: Իհարկե, նրանցից շատերը չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից՝ սերունդներին ներկայացվել են մտացածին ձեւերով, հակառակ կողմից: Նույն բախտին արժանացավ եւ Արշակունի Պապը: Ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ: Սակայն, հարցին ավելի լուրջ մոտենալու պարագայում դժվար չէ համոզվել, որ արատավոր բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին, կեղծիք են ու սադրանք եւ, չնայած երիտասարդ տարիքին, նա առնական տղամարդ եւ ազգային մտածողությամբ խորաթափանց թագավոր էր: Պապին փնովողները կրոնականներն էին, որոնց նա զրկել էր մի շարք արտոնություններից… 

    468թ. պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ-ից հետո երկիրը արհավիրքների առջեւ էր: Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո, ի վերջո, Արշակի այրի Փառանձեմը գերի ընկավ եւ, անարգվելով պարսիկների կողմից, մահացավ Տիզբոնում: Երկիրն սկսում էր ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին, կործանվում են բազմաթիվ քաղաքներ, բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության: Այդ պայմաններում շարունակվում է անհաշտ, պառակտիչ պայքարը հունասեր եւ պարսկասեր խմբավորումների միջեւ: Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից եւ միացվում են Պարսկաստանին: 

   …Համատարած այս հուսալքության պահին էր, որ ասպարեզ իջավ Պապը՝ պետական մտածողությամբ մի գործիչ, ով իր վարքով ապացուցեց, թե աղիողորմ լացն ու օտարաշունչ աղոթքը չէ, որ փրկելու են մեզ, այլ համառ ու անզիջում պայքարը՝ հանուն անկախության, հանուն ազգային վերածննդի: 

   Պապը որդին էր Արշակ Բ-ի եւ Փառանձեմ թագուհու. վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր եւ մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա: Հայոց պետությանը հավատարիմ եւ զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակել էր նախնյաց բարքերով ու հավատով: Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը, Պապի մասին գրելիս պատմում է, թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դեւերին: Ավելորդ չէ ասել, որ եկեղեցին դեւեր էր անվանում Հայոց հին Աստվածներին:Վերոհիշյալ կարծիքի վկայությունն է եւ այն, որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծերի ժողովը որոշում է թե՝ քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է, ապա նպատակահարմար չէ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսեր հետ: Այսպես հայ եկեղեցին մշտապես իր շահը գերադասել է Հայոց ազգային ու պետական շահից… 

   Դեռեւս Արշակ Բ-ի կենդանության ժամանակ Պապն ուղարկվում է Բյուզանդիա՝ կրթություն ստանալու: Սակայն, օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա: Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցին հունասիրության: Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ամբողջ գործունեությունը, կարճ, բայց փառահեղ կյանքը:

   Ձիրավի ճակատամարտից հետո (371թ.) ամրապնդվելով գահին՝ Պապը եռանդուն միջոցներ ձեռնարկեց երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ: Ցուցաբերելով պետական ու ազգային գործչի փայլուն ունակություններ՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական զորքերի թիվը հասցնում է շուրջ 90 հազարի: Դա հնարավորություն է ընձեռում վերականգնել երկրի բնական սահմանները: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում եւ Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները: Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը, սակայն, չդարձավ Բյուզանդիայի կամակատարը, որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին եւ հունասերների խմբավորումը: Հայրենապաշտ արքան, ի տարբերություն իր նախորդների, շատ լավ էր հասկանում, որ տարբերություն չկա պարսկական եւ բյուզանդական տիրապետությունների միջեւ, եւ վարում էր միանգամայն անկախ քաղաքականություն: 

   Անհողդող կամք եւ սթափ դատողություն է ցուցաբերում Պապը հատկապես Պարսկաստանի հետ հարաբերություններում: Հայկական նվաճված հողերը վերանվաճելուց հետո, Պապը դրականորեն է արձագանքում Շապուհ 2-րդի բարեկամության առաջարկին: Այս քաղաքականության շնորհիվ Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից, եւ Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից: Սակայն պապը շատ լավ էր գիտակցում, որ առանց կենտրոնական-կենտրոնաձիգ իշխանության ուժեղացման եւ ներքին կարգուկանոնի Հայաստան աշխարհի անկախությունը երկար չի գոյատեւի: Այստեղ է, որ ի հայտ են գալիս թագավորի մեծ ունակությունները: 

   Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց, Պապը ձեռնամուխ է լինում մի շարք կարեւոր վերափոխումների: Լավ հասկանալով գոյություն ունեցող եկեղեցական համակարգի վնասակարությունը պետության համար՝ Պապն առաջին հայ արքան էր, որ խարխլեց այդ համակարգի տնտեսական եւ, հատկապես, քաղաքական հզորությունը: Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն: Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ: Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք "քամում” էին պետության միջոցները եւ լցված էին ձրիակերներով: Վերացվեցին կուսանոցները. բոլոր կույսերին Պապը ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով հայության բազմացման գործին: Եկեղեցուց խլվեցին դրա կալվածքների մեծ մասը, վերացվեցին բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման, հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները եւ դրանք ծախսել բանակի ու այլ կարիքների համար: 

    Հասկանալի է, որ խարխլելով եկեղեցու հզորությունը, Պապը չէր կարող գովերգվել կրոնականների ու նրանց պատմիչների կողմից: Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ՝ եկեղեցին, համակված կղերական ատելությամբ, սկսեց կատաղի, անհաշտ ու վարկաբեկիչ պայքար հայոց արքայի դեմ: Պապին վերագրվեցին ամենաստոր, անասնական արատներ: Հետագայում՝ Փավստոս Բուզանդը (իհարկե կղերականների պատվերով) Պապին մեղադրում էր համասեռամոլության, անպարկեշտության մեջ: Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ հայ եկեղեցին սերունդների առջեւ Պապին "դարձրեց” անբարոյական, Նեռ ու մարդասպան հրեշ: Սակայն Պապի ժամանակակիցներից ոմանց (նաեւ Փավստոս Բուզանդի) տեղեկություններից էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը… 

    Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ Ներսես կաթողիկոսի մահից հետո (372թ.): Առիթը չկորցնելով՝ եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ: Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին: Սա պատահական չէր: Բուն հայկական ծագում եւ քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը:

    Բացառություն չէր եւ Հուսիկը, ով նույնպես նվիրված էր Հայոց պետությանը, Պապին: Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա, որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները, Պապը նրան ձեռնադրեց տեղում: Դրանով Պապը մի անգամ եւս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը: Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն Արեւմուտքից: Սակայն հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին ընդունեցին հունասերներն ու հուդա-քրիստոնեական եկեղեցականների մեծ մասը: Քաղաքական տհասությունը, ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարահակությունը խանգարում էին նրանց հասկանալու պատանի արքային, եւ ծայր առավ մի դավադրություն, որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին, թե՛ մեծ թվով քրիստոնյա ազնվականներ (հետո էլ մեղադրում ենք կաթոլիկ եկեղեցուն հերետիկոսության ու դավադրություններ կազմակերպելու մեջ…): 

    Այն ժամանակ, երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ Բյուզանդիան դուրս էր բերելու Հայաստանի արեւմտյան մասերից իր կայազորները, վերոհիշյալ ուժերի դրդմամբ, Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին՝ պատժել Պապին: Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան:

  …Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ հայ իշխաններ, կրոնականներ: Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը: Չպետք է մոռանալ, որ նա եղավ պապի գլխավոր դաշնակիցը անկախ պետականություն ստեղծելու ճնապարհին, եւ նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած հունասեր արքա Վարազդատին՝ իր քաղա-քականության համար, ինչի համար եւ սպանվեց: Մանկությունից մեծանալով Պապի հետ՝ իրենց համատեղ գործունեության ամբողջ ընթացքում Մուշեղ սպարապետը ապահովեց Պապի քաղաքականության ռազմական հիմքը: Եվ, հավանաբար, հայրենանվեր ռազմական գործչի անունը եկեղեցական պատմիչը նույնպես փորձել է օգտագործել Պապի դեմ: 

   Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո: 

   Պապ արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները, սառը դատողությունն ու վճռականությունը, որոնք նա անմնացորդ նվիրաբերեց հայոց պետականության հզորացման գործին: Նա եկավ ապացուցելու, որ "այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար”: Եվ սրա համար պարտական ենք այն հայեցի դաստիարակությանը, որ տրվեց Պապին իր մոր կողմից: 

    Ազգային դաստիարակությունն էր, որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք եւ իր փառահեղ նախնիներին հավատարիմ մնալու շնորհ:

    Այսօր էլ կարիք ունենք Պապ թագավորի նման պետական ղեկավարի, ով ապազգային ու կրոնական խարդավանքներից զորավոր կգտնվի ու ազգային արմատներին, հավատին հենվելով կվերածնի Հայոց Հայրենիքը: 

Հայկ Թորգոմյան 

"Լուսանցք” Թիվ 59, 23 – 29 մայիսի, 2008թ.


Աղբյուր: http://vahagnakanch.wordpress.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80%D5%A1% Կարգ: Պատմություն | Ավելացրել է: ANI (07-Մրտ-2011) Դիտումներ: 1865 | Պիտակներ: Պապ թագավոր, Ձիրավի ճակատամարտ, Մուշեղ Մամիկոնյան, Փառանձեմ թագուհի, պատմություն, հայրենասիրություն, հայոց պատմություն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]