ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐԻԱԿԱՆ ՆԱԽԱԴԻՐՔ ԱՌԱՋԱՒՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ
Ա.
ԴԱՏ ԵՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ
(ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ)
Սույն աշխատությունն առաջին անգամ լույս է տեսել 1942թ. Սոֆիայում, որից էլ կատարված է վերատպությունը: Աշխատության Բ հատորը երբեւէ լույս չի տեսել, եւ նրա ճակատագիրը մեզ անհայտ է: Խմբ.
Ամբողջ մի գրականութիւն կայ բովանդակ մարդկութեան պատմութեան մէջ ծաւալով ամենամեծ, խորքով ամենազարհուրելի այս եղեռնագործութեան մասին: Քառորդ դար է անցել աշխարհաժխոր այդ դէպքից, բայց հայ յիշողութիւնը, մտածումը դեռ նրանով են կլանուած: Տասնեակներով հատորներ են յօրինել հայ գրողները, պատմագիրները, իսկ հայ մամուլը շարունակում է նորանոր դրուագներ արձանագրել: Եւրոպացիներից Լեպսիուսը Գերմանիայում, Լորդ Բրայսն Անգլիայում, Ժագ դը Մորգանը Ֆրանսիայում եւ ուրիշ շատերը նոյն այդ երկրներում, Զուիցերիայում, Իտալիայում, Սկանդինաւիայում թէ Ամերիկայում գրի են առել անօրինակ նախճիրի այլ եւ այլ դրուագներ: Բայց դրանք տուել են այն, ինչ հնարաւոր է վերարտադրել անպատմելիօրէն սարսափելի մարդկային երեւակայութիւնը տանջող եւ անմեկնաբանելիօրէն մղձաւանջային մի երազի փշրանքներից: Հայկական աղէտն սպասում է հանճարաւոր իր դիւցազնեղերգուին: Օրուայ հայը դեռ հոգեկան կարողութիւն չունի ծնել նմանին. նա շա՛տ է մօտ արիւնոտ դէպքին, դեռ լալիս է իր զոհերի վրայ: Բեկորային են նաեւ եւրոպացի գրագէտների գեղարուեստական վերարտադրումի փորձերը` «Տրապիզոնցի Անթառամը», «Մուսա Լերան Քառասուն օրերը» եւ նման գրուածքները շօշափում են միայն մասնակի դէպքերը: Պատմական նիւթը լիագումարօրէն ուսումնասիրուած չէ դեռ. իր ծաւալով ու մանաւանդ ներքին բնոյթով դա նաեւ անսպառ է: Երկու միլիոն մարդիկ են ոչնչացել հոգեկան եւ մարմնական տանջանքներով: Նրանցից իւրաքանչիւրին վիճակուել է առանձին մի ողբերգութիւն չարչարանքի հազարաւոր ձեւեր, հոգեկան անյոյս խռովքներ: Նրանք բոլորը քաջարի մի ցեղի զաւակներն էին, որոնք, սակայն, խաբուած` դահիճներից եւ դաւադրուած` աշխարհից, մատնուեցին կրաւորական նահատակութեան ճակատագրին: Կրօնապէս անհունօրէն խորազգաց եւ պատուախնդիր մարդիկ` նրանք տեսան իրանց սրբավայրերի կործանումը, իրանց սրբութիւնների պղծումը: Կենսազգացութեամբ յաւիտենապաշտ` նրանք մեռան` ապրելով իրանց ցեղի վախճանի սարսուռները: Բարոյապէս ամենաբարձր չափով զգայուն` նրանց վիճակուեց կրել ազգային իրանց պատուի անարգումը` ամենասպանիչ վիրաւորանքների, նողկալի պղծագործութիւնների անհաւատալիօրէն հրիշաւոր ձեւերով: Օտար մի ականատես (սիրիացի քրիստոնեայ մի բժիշկ) վկայում է. «Յիսուսը պիտի հրաժարուէր իր առաքելութիւնից, եթէ նա ապրելիս լինէր այն բոլորը, ինչ մահից առաջ վիճակուեց ամէն մի հայի»: Ամերիկացի կրօնական մի գործիչ (Վիքըրի) աւելացնում է. «Նման պարագաներում, ամերիկացիները հաւանաբար կրօնափոխ դառնային»: Բայց հայերը մեռան` հաւատարիմ իրանց ազգային թէ կրօնական ուխտին, մեռան որպէս քրիստոնէական գաղափարի առաքեալներ: Կրաւորական նահատակութիւն, բայցեւ ի՛նչ կամք, ի՛նչ հերոսական, գերմարդկային ի՛նչ մաքառումներ, ի՛նչ տագնապներ:
|