«Մեր հայրենիքը մենք պիտի պաշտպանենք»
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց
Բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից
Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց…
Պ.Սեւակ
Այս գիշեր մի հրաշք եղավ իմ կյանքում…
Ձնաբուքը խուլ հորզոններից զարկվում էր դեմքիս, ծեծում էր կուրծքս, ներխուժում խրամատի մեջ, սուրում, ոռնում, դուրս պրծնում, փաղչում, վազում հեռուներ, դարձյալ հետ վերադառնում մոլեգնած…Խլացնում են ինձ գայլերն ու բորենիներն իրենց աղիողորմ ոռնոցներով խառնված թշնամու զազրելի հռհռոցներին:
Իսկ ձյունոտ գիշերը դանդաղ պարուրում է ինձ, ձյունամրրիկը կամաց-կամաց ինձ տանում հեռու…
Ու հանկարծ կատարվում է անսպասելին`հրաշքը, տեսիլք ու հայտնություն է լինում ինձ մինչ ես հենված էի իմ սառը դիդակետին…
«Ահա տեսնում եմ հայրենիքս պայծառակերպված: Երևում է ինձ սիրտը նրա բացված, հոգին տեսանելի: Նախ` տեսա Հայրենիքիս ծնունդը. Աստծո դրախտներից հանկարծ մի կաթիլ դրախտ ծորաց մի ամայի հողագնդում, ապա դարձավ լուսափայլ մի կանթեղ այդ մութ ու խավար երկրի վրա: Հետո կարծես ջրհեղեղ եղավ, ապա հայրենիքն իմ իր կրծքով պաշտպանում էր մի մարդու, որից սերվեց ողջ մի ժողովուրդ, ապա հենց այդ ժողովուրդը տարածվելով ու բազմանալով հետ է գալիս ու թունավոր բաղեղի նման փաթաթվում է նրան, ճանկում, խրում իր մագիլները հողի մեջ նրա…
Ահա լսում եմ աղմուկը վայրի քուշանաց, դղրդոցը բարբարոս հոների, դոփ ու դրոփն ալանաց, պարսից ապա բիրտ հունաց: Լսում եմ հռոմեական մարտակառքերի զարհուրելի կռինչը, բութ խռխռոցը պարսից մարտափղերի: Ապա սելջուկյան սրերի շառաչ, բոց ու վայնասուն, մահացու հառաչ ու սարսուռ: Մոնղոլների թունավոր կոկորդից ժանտ պոկվում են պողպատյա նետեր, խոցում, խոցոտում…Տեսնում են, թե ինչպես է սիրտը քո վերածվում անսպառ արյան ջրվեժների քարափ: Վաչկատուններն են լլկում անողոք, Լենկ-Թեմուրն անցավ` ինչպես փոթորիկ, եկան թաթարներ, եկան արաբներ մոլեգնած, խոլ, արյունարբու, ահեղ, ավելի քան անապատի քամին… արյամբ լճացած նրանց ոտնահետքերը…