// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

«Մեր հայրենիքը մենք պիտի պաշտպանենք»

 
Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց
Բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ
Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից
Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց…
 
Պ.Սեւակ
 
     Այս գիշեր մի հրաշք եղավ իմ կյանքում…
    Ձնաբուքը խուլ հորզոններից զարկվում էր դեմքիս, ծեծում էր կուրծքս, ներխուժում խրամատի մեջ, սուրում, ոռնում, դուրս պրծնում, փաղչում, վազում հեռուներ, դարձյալ հետ վերադառնում մոլեգնած…Խլացնում են ինձ գայլերն ու բորենիներն իրենց աղիողորմ ոռնոցներով խառնված թշնամու զազրելի հռհռոցներին:
Իսկ ձյունոտ գիշերը դանդաղ պարուրում է ինձ, ձյունամրրիկը կամաց-կամաց ինձ տանում հեռու…
Ու հանկարծ կատարվում է անսպասելին`հրաշքը, տեսիլք ու հայտնություն է լինում ինձ մինչ ես հենված էի իմ սառը դիդակետին…
   «Ահա տեսնում եմ հայրենիքս պայծառակերպված: Երևում է ինձ սիրտը նրա բացված, հոգին տեսանելի: Նախ` տեսա Հայրենիքիս ծնունդը. Աստծո դրախտներից հանկարծ մի կաթիլ դրախտ ծորաց մի ամայի հողագնդում, ապա դարձավ լուսափայլ մի կանթեղ այդ մութ ու խավար երկրի վրա: Հետո կարծես ջրհեղեղ եղավ, ապա հայրենիքն իմ իր կրծքով պաշտպանում էր մի մարդու, որից սերվեց ողջ մի ժողովուրդ, ապա հենց այդ ժողովուրդը տարածվելով ու բազմանալով հետ է գալիս ու թունավոր բաղեղի նման փաթաթվում է նրան, ճանկում, խրում իր մագիլները հողի մեջ նրա…
     Ահա լսում եմ աղմուկը վայրի քուշանաց, դղրդոցը բարբարոս հոների, դոփ ու դրոփն ալանաց, պարսից ապա բիրտ հունաց: Լսում եմ հռոմեական մարտակառքերի զարհուրելի կռինչը, բութ խռխռոցը պարսից մարտափղերի: Ապա սելջուկյան սրերի շառաչ, բոց ու վայնասուն, մահացու հառաչ ու սարսուռ: Մոնղոլների թունավոր կոկորդից ժանտ պոկվում են պողպատյա նետեր, խոցում, խոցոտում…Տեսնում են, թե ինչպես է սիրտը քո վերածվում անսպառ արյան ջրվեժների քարափ: Վաչկատուններն են լլկում անողոք, Լենկ-Թեմուրն անցավ` ինչպես փոթորիկ, եկան թաթարներ, եկան արաբներ մոլեգնած, խոլ, արյունարբու, ահեղ, ավելի քան անապատի քամին… արյամբ լճացած նրանց ոտնահետքերը…
    Բայց ահա տեսնում եմ ժողովրդիս դարձած Սասնա Դավիթ, առյուծաձև իմ եղբայրք, ժայռերից տուն շինող Սանասար ու Բաղդասար, Մհերներ աժդահա…  Ներեցեք ինձ, որ ձեր հետ չեմ կեղեքվում, ձեր հետ չեմ շղթայվում… Օհ, մրմուռ է տալիս այս պատկերը տխուր. Լենկ-Թեմուրն ահա շարել է իր զորքը Մայր Արաքսից մինչեւ Ամարաս` պսակն Արցախի ու հրամայել վանքի քարուքանդ քարերը թափել գետի մեջ…
Ահա տեսա շքեղ թագուհուն Ուտյաց Գանձասարը դրախտի դարպաս Խաչենագետի ափին: Հիանում է նրանով Կիրակոսը Գանձակեցի գետի ափին, մեկ էլ հանկարծ հրոսակների տարափ, անավարտ աղոթք, գետն արյունվեց… Չեն լռում ղողոնջները գուժկան ծմակներում Դադիվանքի:
    Ծվատում են քեզ, դրախտի իմ հայրենիք: Ինչպես մատաղի գառ կանգնած ես դու լուռ անմռունչ: Ահա երեւում են զավակները քո դարից եկած քաջեր, հսկաներ. Հայեր դյուցազուն անթիվ, անհամար: Տեսա զառամյալ Տիգրանին, քո սեգ դավադիրների ճանկերում նսեմ, տեսա Արշակին ծնկած մղկտալիս սիրելի իր զորավարի դատարկ մարմնի մետ Անհուշում դժնի, Արտավազդին, որին տարան քաջքերն ի վեր… Պայքարներ տեսա, մաքառումներ, պատերազմներ…
    Տեսա վերեւից ծովը քո Խաղաղից էլ մեծ, Քրտինքի ծովը Ատլանտյանից խորը, Վրեժի ծովն ավելի ահեղ, քան Սառուցյալը, իսկ Արցունքի ծովը… Տեսա ծովակներ իմ Վանա, ափերին թափառող Նարեկա վանքը սուրբ, որ հառաչում էր իր խորքն Աստծո հետ ի խորոց սրտի: Տեսա Մաշտոցյան, Տարոնական, Սասնական ու քաջերով բռնած քոչարին Նեմրութի լանջին: Անցանք հավերժի միջով, հասանք մի բոսոր ծխացող նավահանգիստ, մթագնել է այստեղ երկնակամարը, սեւ են ամպերը, գարուն է կարծես, բայց ձյուն է թափվում մարդկանց վրա, օհ այսինչ նախճիր է, կոտորած ու սպանդ, տխուր եղեռնական: Իմ բնավեր Հայրենիք, ոնց են հոշոտում ու գիշատում քեզ օսման վիշապներն ահեղ: Ներիր ինձ, Հայրենիք, որ ես չկայի, որ քեզ հետ չէի տառապում ու արտասվում, որ չէի տոկում քեզ հետ: Տեսա Սասունն իմ խաբված, բարձրիկ լեռներդ դավթադեմ` ներկած արյամբ քո Անդրանիկների ու Արաբոների: Տեսա Սասնաց ծռերի վերջին յարխուշտան Մարութա լեռան վրա ինչպես հրաբուխ, ինչպես շանթարգել, ինչպես Ավարայր, ինչպես Ձիրավ… Ծակում է սիրտս խեղճ ու խելառ Կոմիտասի «Տեր ողորման» սուրբ Կարապետից: Տեսա Մշո լացակումած վերջին գորանին շարաններ բռնած, մոմերը ձեռքերին, ապա այդ շարանները դարձան գաղթի շարաններ ձեռք ձեռի բռնած: Դու, Մեղրագետ, կամաց-կամաց դառնում ես լացի ու դառնության գետ, չես ուզում կլանել քո իսկ զավակների դիերը: Մայր Տաճար, դարձար կրակի խառնարան քո իսկ սրբերի համար: Թոնրի երկիր, իմ շեն Հայաստան, հիմա ինքդ ես դարձել թոնիր բոցավառ: Ախ, ոնց պաշտպանեմ քեզ իմ այրվող հայրենիք: Ախր խաբեցին քեզ քո կեղծ ու դավադիր դրացիները` ժպտերես ու նենգ: Տարան ու բերին, կանչեցին Սան-Ստեֆանո, ապա Բեռլին, հույս տվին Սեւրում, ապա տվեցին ու առան, վաճառեցին, բայց թողեցին աշխարհի վայր գազաններին քեզ վրա, հետո ձեռքերը լվացին պիղատոսաբար: Խաբվեցիր դու քո թղթե շերեփներով պողպատյա սուր ժանիքների ու մագիլների մեջ. Ծակեցին երակներդ, արյունդ խմեցին. Չհագեցան, շատ համարեցին մեր բաժինը, նորից վաճառեցին, անդարձ, անպատիժ, անխիղճ ու անսիրտ:
   Վերջապես երեւաց վերջին քո ոխերիմ թշնամին, որ ուզում է  ճանկել քեզ արեւելքից: Ահա մի ծերունի գայլ, երախով իր գազրելի, որից նավթահոտ է բուրում: Ով դու գազան նավթի տիղմից բուսնած, միթե չգիտեիր, որ նավթր հողերը քո սու չեն օգնի քեզ հասնել Մռով, Քիրս ու Խութասան: Միթե չգիտեիր, որ «մենք խաղաղ ենք մեր լեռների պես, դուք հողերի պես խուժեցիք վայրագ, բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ»: Օհ, կարծես երեւում է մի նոր ցղնված շնագայլ, որը ոռնում է դողերոցքի մեջ ու պատերազմ է ուզում իր մոր կաթի պես: Հայրենիք վսեմ, Բաբելոնն է անցել. Ասորեստանը չքացել քո շուքի տակ… այժմ նորածին շնագայլերն են քեզ սպառնալով պատերազմ հայտարարում իրենց փլատակներից սարդոստանային…
    Ախ, հայրենիք իմ զառամյալ, թող որ սրբեմ արյունախառն քրտինքը քո տանջալլուկ ու սեգ ճակատից, թող շոյեմ աչքերը քո արցունքի ծով, թող որ համբուրեմ դեմքը քո լեռնոտ: Թող, որ պսակը դնեմ ճակատին քո հաղթական, դառնամ լուսապսակ քո գլխին, դառնամ վահան քո կրծքին: Թող, որ մեռնեմ քեզ համար քո ոտքերի առջեւ:
Թող, որ վերջապես պաշտպանեմ քեզ իմ տառապած, իմ դյուցազուն, իմ խեղճ, իմ հպարտ, իմ դժբախտ, իմ դրախտ, իմ սրբացված ու սրբապղծված արյունոտ ու արցունքոտ, իմ զառամյալ, հնամենի ու պատանի հարուցիալ իմ Հայաստան»:
…Աչքերս բացվեցին մի խուլ կրակոցից: Արդեն առավոտ էր: Ձնաբուքը դադարել է: Կուսական ձյունը փայլում ու ճայթում է արփիական ճաճանչներից: Այնպես գեղեցիկ է առավոտը… մի նոր կյանք է լուսացել իմ ու հայոց աշխարհի համար: Իսկ ձմեռն այնքան չքնաղ է պատմական Վարանդա գավառում:
Այս առավոտ Հայրենիքս վերջապես տեսա ժպտերես, տեսա պաշտպանված, այս առավոտ երջանիկ ենք ես ու Հայրենիքս թեւ թեւի տված…
 
Սերժանտ Արշակ Հակոբյան
Թիվ N զորամաս, 5-րդ գումարտակ
Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (07-Հնս-2011) | Հեղինակ: Սերժանտ Արշակ Հակոբյան Դիտումներ: 2358 | Պիտակներ: Հայրենիք, հայասատն
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]