// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

«ՀԻՐՈՒՐ ԽԵՏԸ» ՃԻՇՏ ԵՆՔ ՀԱՍԿԱՑԵԼ

Շիրակը Մեծ մարդ էր, ջրի պես պարզ: Թեև ցավում էր նաև գործի համար, սակայն այլ շահ բացի ազգի շահից չուներ. միայն հայրենիք և վերջ: Շիրակն իր անձնական օրինակով ապրում էր այնպես, որ այս երկիրը կարգին երկիր դառնա:  Հավատում էր դրան: Ասում էր. «Այսօր կարևորը մեր պետության հիմքերն ամրապնդելն է, և դեռ երկար ժամանակ դա առաջնային կլինի, բայց վատ պետությունն ավելի լավ է, քան կուշտ կյանքն առանց պետության»:
Մենք իրար հետ երկար ենք աշխատել, սակայն ոչ վերադաս ենթակա հարաբերությամբ: Պաշտոնական հարցերը նույնպես լուծում էինք միայն ընկերական հարաբերություններով: Նա մանրամասն ու խորը վերլուծում էր հարցերը, ապա կոնկրետ վճիռ կայացնում: Որպես մասնագետ բարձր կարգի էր, գործի նկատմամբ վերին աստիճանի պատասխանատու էր, պարտաճանաչ:
Թե՛ գործով, թե՛ կյանքով, թե՛… «խմելով», մենք ընկերներ էինք: Մեր կողմից շահագործման ենթակա օբյեկտները տարածված էին ամբողջ Հայաստանով: Միասին անցել ենք հայրենի սարերով, դաշտերով: Հաց ենք կտրել տարբեր մարդկանց հետ և չի եղել այնպիսի դեպք,  որ մեր պահվածքից մարդիկ բորբոքվեն, մեզանից բողոքներ էլ չեն եղել: Որովհետև մաքուր էինք, շա՜տ… Այո՛, խմել ենք «հիրուր խետ», այն շատ ենք ասել ու ճիշտ ենք հասկացել: Ռեստորաններ չէինք գնում: Նա ինքն էլ հարուստ չէր, ես էլ կողմնակի գումարներ չունեի, թեև շատ էին մեր հնարավորությունները: Բավարարվում էինք եղածով, դրա համար էր գուցե, որ նա ինձ շատ էր սիրում: Ոչ մի անգամ նա մեր մտերմությունը չօգտագործեց անձնական որևէ հարց լուծելու համար: Միշտ մնաց անշահախնդիր, օրինակ` երբեք չդիմեց, թե «պրեմիա» գրի, աշխատավարձս բարձրացրու և այլն:
Խորհրդային տարիներին կադրեր ընտրելիս ուշադրություն դարձնում էինք առաջինը մասնագիտական ունակությունների ու նաև մարդկային որակների վրա: Շիրակը դրանցից շատ ուներ և նրա քաղաքական, այդպես ասած «այլախոհական» հայացքները նրան գործի ընդունելիս անտեսվում էին:
Շիրակն իմ մոտ էր աշխատում, իսկ ՀՀ նախկին վարչապետ, այժմ  լուսահոգի  Անդրանիկ Մարգարյանը` եղբորս: Այդ առիթով Շիրակը կատակում էր, որ երկու եղբայրներով մեզ «վերահսկողության » տակ են պահում: Ընդհանրապես իր  քաղաքական գործունեության մասին չէր պատմում: Ես էլ չէի խանգարում, երբ ընկերներով գալիս էին մեր մոտ ու ազգային խնդիրներ  քննարկում: Նրանք բեռը իրենց ուսերին կամավոր էին կրում և չէին ուզում բարդել դա նաև իմ վրա: Սակայն երբեք իմ կուսակցական լինելը չի խանգարել, որ իրար նկատմամբ անկեղծ չլինենք, որ շփվենք ու հաղորդակցվենք իրար կասկածելով: 
Ես պրոֆեսորի ընտանիքում եմ մեծացել: Շիրակը մեր տուն հաճախ էր գալիս ու իրեն ազատ էր զգում: Գրքեր էինք փոխանակում: Ինձ զարմացնում էր նրա այդքան շատ կարդացած լինելը: Քաջատեղյակ էր համշխարհային գրականությունից, փիլիսոփայությունից: Նրա իմացության շրջանակը լայն էր, ծանոթ էր Կանտի, Հեգելի, Նիցշեի, Շոպենհաուերի աշխատություններին: Ինձ համար էլ էր հաճելի կարդացած մարդու հետ խոսելը, վիճելը` նույնպես: Նրանից շատ բան եմ վերցրել: 
Ընկերությունը փոխադարձ է: Մեր կյանքի մի մասը իրար հետ քայլեցինք` իրար լրացնելով: Նա իսկական կյանքի մարդ էր, մեծ փորձով, կարևոր հարցեր էր լուծում` բարձր մակարդակով, բայց ոչ «խուլիգանական»,  փողոցային, «ախպերական» եղանակներով: Այդպիսի ձևերը չէր հանդուրժում և կյանքին լուրջ էր վերաբերվում: 
Միաժամանակ իր բարիությամբ ու ազնվությամբ ուժեղ անձնավորություն էր, խիստ էր ու պահանջկոտ:
Շիրակի երկրորդ դատվածությունից հետո մի քանի անգամ այցելել եմ Սևանի կալանավայր, այնտեղ մի առանձնահատուկ վերաբերմունք կար Շիրակի նկատմամբ: Հարգում ու գնահատում էին: Իրոք հեղինակություն էր:
Երբեք չեմ մոռանում, երբ նման տպավորություն էլի ստացա Էրեբունի օդանավակայանում, ուր Շիրակը զբաղված էր Արցախ բեռնափոխադրման հարցերով: Ծանր տարիներ էին: Գիշեր-ցերեկ Շիրակը այնտեղ էր: Միշտ մտահոգված էր: Նրա մոտ ցանկացած անլուծելի թվացող հարց լուծում էր ստանում: Ցուրտ ձմեռ էր, Շիրակի հագին մի հնամաշ, բարակ «կուրտկա» էր: «Կռվող» տղաների համար տաք մուշտակներ էր ուղարկում ու երբեք նույնիսկ մտքով չէր անցկացնում իր համար դրանցից վերցնել:  Դեռ հակառակը, հագի վերջին շապիկն էլ կհաներ կուղարկեր նրանց…
Շատ ափսոս, որ Շիրակն այսքան վաղաժամ հեռացավ մեզանից: Եթե նա ողջ մնար, անպայման որոշ մարդկանց վրա շրջադարձային ազդեցություն կունենար: 

ՌՈԼԱՆԴ ԱԴՈՆՑ, «Հայ-ռուսգազ» ՀՁ-ի նախկին տնօրեն


«ՀԻՐՈՒՐ ԽԵՏԸ»  ՃԻՇՏ  ՀԱՍԿԱՑԵՔ

 
«Հիրուր խետ»-ը` հայ ազգայնականներին ժառանգել է  Շիրակը: Այն գաղափարախոսություն է, ունի ոգեղեն իմաստ  և խորհրդանշում է հայի միասնականությունը:
  
 «Հիրուր խետ» բարբառային արտահայտությունը հայերեն լեզվի գիտակների կողմից մասնագիտորեն ստուգաբանվում է հետևյալ կերպ. 
«Բնականաբար` իրար հետ, այսինքն` միասին, մեկտեղ, համատեղ, միատեղ, միաջան, միաբան, միաշունչ և այլն:
Նոր Ջուղայի բարբառում ունենք յիրուր բարբառային ձևը, որը, ըստ հնչման, այսօր գրվում է հիրուր: Սա գրաբարյան իրեար բառի բարբառային տարբերակն է: Հետաքրքրական են նաև Ղարաբաղյան տարբերակը` խրիւր (յուրյուր), Ոզմի տարբերակը` հրօր, Ագուլիսի` յիւրւր (հյուրյուր), Մուշի` հիրար, և այլն: Իրեար բառից հետագայում առաջացել է իրար բառը, որ ցույց է տալիս գործողությամբ միմյանց հետ կապված անձեր կամ առարկաներ, նշանակում է նաև «մեկմեկու, մեկզմեկ»:
Հնարավոր է, որ առաջացել է ի «մի բան» արմատից, -ր ածանցիչով և -եար հին հայերենի հոգնակերտ-հավաքական ածանցից: Ինչ վերաբերում է խետ ձևին, ապա պարզ է, որ այն հետ բառն է, որի նախնական նշանակությունն է «ոտք»: Հետագայում փոխաբերաբար նշանակել է նաև «միասին, միատեղ, հետը»: Հետ-ը Վանա բարբառում դարձել է խետ:
Այսպիսով` «Հիրուր խետ», այսինքն` միասին, այսինքն` միով բանիվ և գործիվ»:

ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ («9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) 




Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ՄՀԷՐ (30-Ապրլ-2011) | Հեղինակ: ՌՈԼԱՆԴ ԱԴՈՆՑ, ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ Դիտումներ: 921 | Պիտակներ: ՌՈԼԱՆԴ ԱԴՈՆՑ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]