// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

Ժողովուրդը կը նմանի իր երկրին, որն իր ներքին ուժերի աշխատանքով բարձունքներ է կարկառում: Մասիս թե Մեսրոպ - հավասարապես սրբազան կատարներ, որոնց տրված է գոյության բարձունքներում պահել հայ միտքն ու հայացքը:

Կան դանդաղ զառամող և մեռնող ժողովուրդներ - նրանք, որոնց անցյալ գոյության դպրոցն` իրենց երկրի աշխարհագրական դիրքի և արտաքին այլ ազդակների շնորհիվ, եղել է նվազ դժվարին: Պատմության կողմից բարերարվածներն են դրանք` տեր միջակ մորալի, որոնք` կորցրած իրենց անհատականությունը, շարունակում են ապրել իրենց անցյալի վարկով միայն:
Ամեն ժողովուրդ իր ուսերի վրա է կրում իր պատմական բախտի բեռը:
Նվազ ոգելից և խոստումնալից է այն ժողովուրդը, որը գնալով չի երիտասարդանում հոգեպես, որին պակասում է իր պատմական առաքելության գիտակցությունը: Նմանին, զլանալով իր հարգանքը, աշխարհն ասում է` ապրելու և ստեղծագործելու համար նախ ճանաչիր և ճանաչել տուր քեզ:

Փոխադարձ է ազդեցությունը երկրի և այն մշակող ժողովրդի միջև: Հնագույն ժամանակներում, ինչպես և քաղաքակրթության լուսաբացին, առավել չափով զորավոր է եղել բնության ազդեցությունը մարդու վրա: Անհամար թելերով է կապված իր գետերին, իր Վոլգային ռուսական հոգին: Ծովի, ծովեզրերի ծնունդ է հույնը: Անապատն է կաղապարել արաբի էությունը: Իսկ հայ էությունը մշակելու գործում ազդեցության առյուծի բաժինն ընկել է Հայոց լեռներին:
Մասիսն է դայակը հայ հոգու:

Ծով է ժողովուրդը: Ինչպես հողմերից առաջացած ալիքները չեն դրսևորում ծովի ողջ դինամիկան, նրա զորությունը, այնպես էլ ժողովուրդների առօրեական մանրագործությունները չեն սպառում այն ամենը, որ տեղի է ունենում նրանց հոգու խորքում:
Կան խորքային ալեկոծություններ, որոնք ընդգրկում են բովանդակ ծովը: Կան նաև հոգեշարժեր` պատերազմ, հեղափոխություն, վերածնունդ, որոնց ընթացքում ժողովուրդն իր էությունն ու ուժերը բացահայտում է առավելագույն չափով:
Այո, ծով է ժողովուրդը: Դա հոգու միասնություն է: Ով չգիտե, ով չի զգում այդ, թող հեռու մնա նրանից:

Ժողովուրդն է մեր ժամանակների աստվածությունը: Թեև նրա մասին և նրա անունից խոսում են իր բոլոր զավակները, քիչերը, սակայն շատ քիչերն են էաբանորեն ճանաչում նրան:
Ժողովրդին, ինչպես և բնությանը, ճանաչել կարելի է իր ամբողջության և խորքի մեջ: Այսպես միայն, և ոչ այլ կերպ:
Երկուսն են դեպի նրա խորք-էությունը տանող ճանփաները` իր պատմությունը և իր աչքերը` գերագույն պահերում: Առաջինը վկայում է այն մասին, թե ինչ էր նա անցյալում և ինչ կարող էր մնացած լինել նրանից: Երկրորդը խոսում է այն մասին, թե ինչ է նա այժմ և ինչ կարող է դառնալ վաղը:
Ժողովրդի աչքը, որի արտահայտչականությունը տրված չէ մարդկային խոսքին: Կան գորագույն պահեր` ժողովրդի գոյությանն ու ճակատագրին սպառնացող արտաքին վտանգի ժամեր, երբ դա լայնանում է, խորանում արծվի աչքի պես, երբ այդ վերջինն իր բնին, իր ձագերին երկարող թշնամու ձեռքը, ժանիքը, մագիլն է տեսնում: Նման դեպքերում ժողովուրդն ամբողջովին աչք է դառնում, որին նայելու արիություն չի պակասում սակավաթիվներին միայն: Նրա հայացքից փախչում, թաքնվում են այն բոլորը, որոնք մինչ այդ կ'աղմկեին, կը խուժանավարեին հրապարակում` կրկեսայինները, ինքնակոչները, սովորականները: Եվ իրենց դիրքերի վրա վտանգի պահին մնում են զորավորները միայն:

<<Իմ զավակը չէ նա, ով ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում ինձանից>>, - անխոս ասում է հրաբխի պես արթնացած ժողովուրդը և գործում իր ապրած դարերի իմաստությամբ` սահմանելով և պարտադրելով գերպարտականության գործեր: Նման վայրկյաններին նա զորավորների մեջ փնտրում է զորավորագույններին և նրա ափի մեջ դնում իր ճակատագիրը:
Այսպես է առաջ գալիս ճշմարիտ առաջնորդը:
Խորքի կանչին արձագանքում է խորքը, ժողովուրդ և առաջնորդ գտնում են իրար, միանում, ամբողջանում էութենական մի միասնության մեջ: Այսպես է ստեղծվում հավաքական սիրտը: Նման պահերին է սրբազանում ապրումը, խոսքը, գործը: Նման մթնոլորտում են հղացվում հերոսները և ծնունդ առնում գործերը հերոսական:

Ես տեսել եմ մեր ժողովրդին նման հոգեվիճակում, տեսել նրան իր բիբերի մեջ, տեսել խռովքոտ տողանցն իր սերունդների, տեսել ռազմի իր սուրբերին և գայլերին` Վարդաններին և Վահաններին...
Եվ ժողովրդի հզոր շնչով օժտված երկու անգամ անհավասար ճակատամարտի եմ առաջնորդել նրա զավակներին` Ղարաքիլիսայի օրհասական օրերին, երբ թուրք հորդաների հետ մահը կ'անցներ Ախուրյանը, ու երկու տարի անց` Սյունիքում, ուր պանթուրանականները կը նկրտեին լեռնահայությունը վերածել դիակների կամուրջի` թուրք և թաթար հայրենիքների միջև: Եվ երկու դեպքում էլ հայ մարդը կատարել է ռազմի մեծագործություններ, քանզի մեզ հրամայել ու վարել է աչքը ժողովրդի:

Ժողովուրդ ավելի է, քան իր պետությունը, իր իշխանությունը, անգամ` իր կուլտուրան: Իր ոգու հայտնությունը դժվարեցնող բազմազան արգելքների պատճառով նրան հաջողում է իրականացնել իր կարողական ուժերի մի չնչին մասը միայն: Պետության, ճշմարիտ պետության, բանականության և մարդկայնության վրա կառուցված պետության դերը հենց այդ արգելքներն աստիճանաբար վերացնելու մեջ է կայանում:
Ժողովուրդ - դա Անտեյն է առասպելական: Պարտվում է նա, հենց որ կտրվեց հողից: Իսկ այդ վերջինը` հայրենի հողը, խորհրդանշում է կուլտուր-ազգային այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որ ստեղծել է ինքը ժողովուրդը:

Անհատը պարտական է իր ընթացքն արդարացնել իր ժողովրդի առջև, իսկ ժողովուրդը` պատմության:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:

<<Ես գրում եմ մի ձեռքով, պայքարում` երկուսով>>:
Այսպես` Վիկտոր Հյուգոյի պես վարվիր, երբ ժողովրդիդ գերագույն բարիքներն ես պաշտպանում: Ժողովրդի համար զույգ ձեռքով` այսպես բոլոր դեպքերում:

Կյանքում խղճմտանքես զատ ես ճանաչեցի երկու այլ դատավորներ ևս` Աստված և Ժողովուրդ: Առաջինի դեմ մեղանչեցի, երկրերդի դեմ` երբեք:

Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: Նարի (28-Դկտ-2010) | Հեղինակ: Գարեգին Նժդեհ Դիտումներ: 1176
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]