// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայրենասիրություն

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Գարուն», 1989թ. թիվ 1

«Ո՞վ էր Սերոբը, Աղբյուր մականված սողորդցի այդ հանրածանոթ գյուղացին, որի առջև սասանում են երկու ամբողջ գավառներ, որի անունով թնդում են Բաղեշի և Խլաթի լեռներն ու ձորերը…»
Քրիստափոր Միքայելյան
Հայոց հինավուրց Տարոնո աշխարհի Ախլաթ (Խլաթ) գավառի Սողորդ գյուղի համբավավոր, հարուստ Խչեի տոհմից էր Սերոբը (Սերոբ Վարդանյան), ծնված 1864 թ.։ Սերոբը Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Մանուկ հասակից սիրում էր շրջել հայրենի Նեմրութի լանջերին, ապրել սարերի ու լեռների շնորհած ազատությամբ։ Բնատուր որսորդ էր. մի զարմանալի հատկություն՝ բնորոշ մեծ հայդուկներին։ Որսորդության մեծ սիրահար էին Նիկոլ Դումանը, Գևորգ Չաուշն ու Սեբաստացի Մուրադը։
Տասնութ տարեկանում ավագ եղբայրը՝ գյուղի ռես Մխեն Սերոբին նվիրում է հրացան և դաշույն, և նա ամբողջությամբ նվիրվում է որսորդության, ամեն օր սարերից վերադառնում հարուստ որսով։

Նա բարձրահասակ էր, բնականից օժտված ֆիզիկական հրաշալի տվյալներով, իսկ լեռներում անցկացրած ազատ կյանքը, որսորդությունն ու ձիավարժությունը մեծապես նպաստեցին ձևավորելու ապագա մեծ ռազմիկին բնորոշ ֆիզիկական հզոր կոփվածք, բնության տարերքներին դիմագրավելու ուժ և անվրեպ նշանառուի հմտություն։ Նա մանկությունից տեսավ հայ գյուղացու իրավազուրկ, թշվառ վիճակը, և այդ ամենը նրա անաղարտ հոգում սերմանեցին հայության ազատությունը բռնադատող ամեն կարգի անարդարությունների դեմ պայքարելու բուռն ձգտում։

Երբ բոլորում է Սերոբի 21 տարին, Պոլսից գյուղ է վերադառնում ազգային կյանքով տարված, ուսյալ հորեղբայրը՝ Առաքելը։ Հորեղբորը հիացմունք են պատճառում եղբորորդու հրաշալի ֆիզիկական կատարելությունը, հրազենին տիրապեւոելու անզուգական վարպետությունն ու բնատուր ընդունակությունները։ Եվ մի օր էլ, երբ Սերոբը վերադառնում էր սարերից՝ որսի հերթական զոհը շալակին, հորեղբայրը դիմում է նրան. «Սերոբ, իրաւ դան լաւ, կտրիչ որսորդ ես, նշան բռնած տեղը կը գամես, բայց բաւական չէ վայրի գազաններ որսալ, ատիկա հեշտ է, երբեմն մարդ գազաններ ալ որսալու է»։

Հորեղբայրը հայրենասիրական գաղափարներ ու պայքարի ոգի է սերմանում նրա հոգում։

Հետագայում արդեն ֆիդայապետ Սերոբը բազմիցս խոստովանել է, որ «իր յեղափոխական մտքերու մեծագույն մասը պարտական է մեռած հորեղբորը՝ Առաքելին»։ Հաշվի առնելով նրա անսանձ, ըմբոստ խառնվածքը՝ որոշում են ամուսնացնել։ Սակայն ամուսնությանը երբեք չի խոչընդոտում Սերոբին՝ ժամանակի զգալի մասն անցկացրեց Նեմրութի լանջերին, մանավանդ որ կինը՝ Սոսեն, նույնպես ըմբոստ բնավորությամբ հրաշալիորեն ներդաշնակում էր ամուսնուն։

Մի օր, երբ սովորույթին համաձայն լեռներում զբաղվում էր որսորդությամբ, երկու քրդեր նկատելով նրան, տուրք տալով հային թալանելու հարազատ ավանդույթին՝ փորձում են խլել Սերոբի ձին, հագուստներն ու զենքերը։ Սերոբը համարձակորեն կռվի է բռնվում և հրացանի առաջին իսկ հարվածով տապալում է մեկին, իսկ մյուսին հաջողվում է փախչել։ Այդ ժամանակներում հայի կողմից քուրդ սպանելը անօրինակ երևույթ էր։ Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակից ների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Մշտապես սրճարան այցելող հայերի միջև հաճախակի ծայր էին առնում վեճեր, գերիշխողը միշտ հայրենիքի ազատագրության հարցն էր։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրը մեծ մտածողին բնորոշ խորագիտությամբ նկարագրում է Երկրում, մասնավորապես Տարոնում և Սասունում, հայության թշվառ, անօգնական վիճակը, կոչ է անում հայերին զենք ձեռք բերել և վերադառնալ հայրենիք։ Հրայրի հորդորը անպտուղ չի անցնում։ Բազմաթիվ հայեր, ընդգրկվելով մարտական խմբերում, վերադառնում են Երկիր։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։ 1893 թ. վերջին հայրենիք մեկնելու հաստատ վճռականությամբ Սերոբը թողնում է Սուլինան և մեկնում Բաթում, ապա՝ Թիֆլիս։ Թիֆլիսում ծանոթանում է Քրիստափորի և Ռոստոմի հետ, որոնց խորհրդով և օգնությամբ 1894 թ. սկզբներին երեք ընկերներով վերադառնում է հայրենի Ախլաթ։ Քանի որ տեղացի էին և հրաշալի ծանոթ գավառին, առանց դժվարության շրջում էին գյուղերում և ամենուրեք տարածում ազատության, պայքարի գաղափարներ։ Ախլաթի շրջանում ժողովրդին կոչելով ինքնապաշտպանության՝ Սերոբն ասում էր. «… տղաք, առանց հացի մնացէք, առանց զէնքի մի մնաք»։

Առաջին հաջողությունները հուսադրող էին, պայքարի տրամադրությունների ծիլարձակման համար Ախլաթում բավականին պարարտ հող կար, ազատության գաղափարները գյուղերում ոգևորությամբ էին ընդունվում։ Իսկ որպեսզի այդ գաղափարները իրական կյանք ձեռք բերեին, անհրաժեշտ էին ոչ միայն նախապատրաստական աշխատանքներ, այլև զենք։ Երկրում զենք հայթայթելը չափազանց դժվար էր։ 1894թ. գարնանը զենք բերելու նպատակով Սերոբը մի փոքրիկ խմբով ուղևորվում է Կովկաս։ Կովկասում բացառապես ախլաթցիներից կազմում է 27 քաջակորով երիտասարդներից բաղկացած մարտական խումբ և 1895թ. հոկտեմբերի 1-ին խմբի վալադ (ուղեցույց) Խնուսի Դաման գյուղի Գոգո Առաքելի ուղեկցությամբ Կաղզվանի մոտից անցնում սահմանը։ «Սերոբը զինեալ խումբի գլուխը անցնելէն յետոյ, անվերադարձօրէն անձնազոհ մըն էր։ Կոչում մը կը զգայիր մէջ Հայու մարտական հզորութիւնը մարմնացելու»։ Տվյալ պատմական ժամանակաշրջանում ազգային-ազատագրական պայքարի և հատկապես 1877— 78 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Թուրքիան զրկվեց Բալկանյան երկրների մեծ մասից։ Բալկանյան ժողովուրդների պայքարը, ռուս -թուրքական պատերազմը և ռուսական զորաբանակներում բարձրաստիճան հայազգի հրամանատարների առկայությանը ազատության որոշակի հույսեր, պայքարի տրամադրություններ էին հաղորդել հայությանը։ Սակայն օտար տերությունների «մարդասիրությունից» սպասվող ազատության ձեռք բերելու հույսեր փայփայող հայությունը այս անգամ ևս մատնվեց դառը խաբկանքի ու հուսահատության։ Ոչ Սան Ստեֆանոյի և ոչ էլ Բեռլինի վեհաժողովները Հայոց դատի լուծմանը ոչինչ չտվեցին։

Սուլթան Համիդը, որպես սուր հայ ժողովրդի գլխին, կյանքի կոչեց մուսուլմանական հեծելազորային գնդերը (համիդիե), որոնց ստեղծմանը հիմնականում ներգրավվեցին քրդական հրոսակախմբերը։ Սկսած 1894թ. Սասունի հերոսամարտերից մինչև 1896 թ. Վանի ինքնապաշտպանությունը, հայության նկատմամբ իր ջարդարար քաղաքականությունն իրականացնելու համար թուրքական կառավարությունը գործադրեց ամենասոսկալի միջոցները։ Եվ թուրքական հայաջինջ քաղաքականության դեմ մարտնչելու անհողդողդ վճռականությամբ ծառացավ հայության ազատատենչ ոգու արտահայտիչն ու բռնակալության դեմ պայքարելու վրեժխնդրությամբ բռնկված հայրենաշունչ ֆիդային։

«Հայդուկը,— գրել է Րաֆֆին,— բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված և յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի։ Հայդուկը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ»։

Հայդուկի կերպարի և նրա գործի հրաշալի բնութագիր՝ տրված մեծ վիպասանի կողմից։ 1895թ. դաժան օրերին, երբ ողջ հայության գլխին ծառացել էր համիդյան ջարդարար սուրը, Սերոբը մարտական խմբով հասնում է Ախլաթ և անմիջապես հայտնվում մարտերի հնոցում։ Ախլաթ գավառը՝ շրջապատված Վանա լճով, Նեմրութ, Սիփան և Գրգուռ սարերով, ինքնապաշտպանության առումով բավականին անմատչելի դիրք ուներ։ Գավառը բացառապես հայաբնակ էր, մահմեդականությունը բնակչության աննշան մասն էր կազմում։ Թուրքական իշխանությունները, տեղում չունենալով կայուն հենարան, հայ բնակչությանը կոտորելու նպատակով օգտագործեցին հարևան շրջանների քուրդ և չերքեզ մահմեդականությանը։ Արևմտահայության տարբեր շրջաններից ջարդերի մահաշունչ լուրը հասնում էր Ախլաթ, ուր ժողովուրդը սարսափի ու դաժան սպասումի ծանր օրեր էր ապրում։ Օրվա կարևորագույն խնդիրը գավառի ինքնապաշտպանության կազմակերպելն էր։ Սերոբի խումբը փաստորեն այն միակ մարտունակ ուժն էր, որը հիմք պետք է ծառայեր ողջ գավառի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Քաջ գիտակցելով, որ միայն իր խմբով անկարող կլինի ապահովելու գավառի ինքնապաշտպանությունը, Սերոբը հայրենի շրջանը կոտորածից փրկելու, ժողովրդին ոգեկոչելու, մարտական ինքնապաշտպանական խմբեր ստեղծելու նպատակով զինակիցներին ուղարկում է թշնամու կողմից սպասվող հարձակման առավել վտանգավոր ուղղությունները, իսկ ինքը 10 ֆիդայիներով մնում է Սողորդում։ «Բոլոր գիւղերում, Սերոբի հայդուկների շուրջը համախմբուեցան տեղական, երիտասարդութիւնը, իսկ ինքը Սերոբը մի քանի ընկերներու հետ շրջում էր գիւղից գիւղ՝ հսկելու ապահովութեան վրայ»։ Սերոբի զինվորները, քաջածանոթ լինելով գավառին, կարողացան կարճ ժամանակամիջոցում գյուղերում կազմակերպել մարտունակ ինքնապաշտպանական խմբեր։ Բաղեշի (Բիթլիս) նահանգի թուրքական իշխանությունները, օգտագործելով քրդական ու չերքեզ հրոսակախմբերի ուժը՝ փորձեցին հայության սպանդն ու թալանը իրականացնել նաև Ախլաթի շրջանում։ Սակայն Սերոբն ու քաջազուն ֆիդայիներ Փալաբեխ Կարապետը, Մուշեղը, Առյուծ Ավագը, Զուլամաթը, Առաքելը, Սիմոնը, Նադոն, Ճարտարն ու մյուսները հրաշալիորեն էին նախապատրաստել գավառի ինքնապաշտպանությունը։ Հարևան գավառներում առանց դիմադրության հանդիպելու ժողովրդին կոտորելուց, թալանելուց հետո ջարդի ու կողոպուտի վայրի հաճույքից արբեցած քուրդ և չերքեզ զինված ամբոխը արշավում է Ախլաթ։ Թշնամին ուշադրությունն առավելապես կենտրոնացրել էր Սողորդ գյուղի վրա, որը շնորհիվ աշխարհագրական ամուր դիրքի, քաջակորով զավակների և հատկապես Խչեենց անվանի գերդաստանի՝ Ախլաթի ինքնապաշտպանության ոգին էր։ Սողորդի վրա հարձակում գործելուց մի քանի օր առաջ ոստիկանությունը նպատակադրվելով դավադրաբար ձերբակալելու Սերոբի ավագ եղբորը՝ Մխեին, գյուղ էր ուղարկել զինվորական մի փոքրիկ ջոկատ։ Սակայն Մխեն հասկանալով նրանց նենգավոր մտադրությունը, համախմբում է երիտասարդությանը, զինաթափ է անում թուրքերին և գյուղից դուրս շպրտում, Բաղեշի կոտորածից մի քանի օր անց թուրք զինվորների աջակցությամբ հասնանցի քրդերն ու Դիարբեքիրի չերքեզները հարձակվում են Սողորդի վրա։ Չսպասելով հայերի կողմից դիմադրության՝ լրբության կատարելագույն աստիճանին հասնելով, հայի ունեցվածքը թալանելու հաճույքից խենթացած՝ նրանք իրենց հետ բերել էին մեծ թվով ձիեր, էշեր ու սայլեր, որպեսզի բարձեին գյուղացու արյուն-քրտինքով վաստակած ապրուստի միջոցները։ Սերոբը մշակում է թշնամուն ոչնչացնելու հետաքրքիր ու համարձակ պլան։

Գյուղացիների կազմած մարտական խումբը դիրքեր է գրավում գերեզմանոցի մոտակայքում, իսկ ինքը ֆիդայիներով դարանակալվում է գյուղից գետով բաժանվող ձորերում, որպեսզի վճռական պահին թիկունքից հարվածի թշնամուն։ Քրդերը հայերի նախապատրաստությունից անտեղյակ, համարձակորեն անցնելով ձորն ու գերեզմանոցը՝ մոտենում են սողորդցիների դիրքերին։ Սկսվում է մարտը, 600 զինված քրդերի ու չերքեզներ գերակշռությունն ակնհայտ էր: Գյուղացիների  մարտական խումբը մի փոքր դիմադրելուց հետո սկսում է նահանջել, և այդ վճռական պահին թշնամու թիկունքից հարվածում է Սերոբի խումբը։ «Ու Սերոբ կընտրէ վճռական անձնազոհաթիւնը: Իր հետ եղող տասը մարտիկներով կատաղի յարձակումը կը գործէ թշնամիին վրայ, դիակներ կիյնան և խուճապ կառաջանայ»:

Նման ճակատագրական պահին միայն մարտական արտակարգ հզոր կամքով ու վճռականությամբ օժտված մարդը կկարողանար հանդգնել մի բուռ մարտիկներով հարձակվել հարյուրավոր զինված թշնամիների վրա։ «Սերոբի խմբի հարվածը ճիշտ ժամանակին էր։ Ոգևորված ֆիդայիների հուժկա գրոհից՝ գյուղացիները համարձակորեն նետվում են թշնամու վրա։ Անակնկալի եկած քրդերը՝ մարտադաշտում թողնելով սպանվածներին և 40 գերի, խուճապահար փախչում են։ Հետաքրքիր է, երբ գավառապետի միջնորդությամբ գերվածները ազատ են արձակվում, նրանք չհավատալով, որ հայերը ընդունակ են նման հանդգնության, գավառապետին ասում են. «Էֆենտիմ, այս կեավարները չէին որ մէզի յաղթեցին, այլ Մոսկովին կեավուրները բռնեցին մեր ետևէն և երկնքէն կրակ կը թափէին մեզ վրայ, մեր գնդակները անոնց չէին հասներ, իսկ անոնցները մեզմէն մարդ չը թողացին վար գլորեցին»։

Հաջորդ օրը մահմեդական խուժանը վայրի մոլուցքով պաշարում է Տապավանք գյուղը։ Սերոբը գիշերով օգնության է հասնում, և նրա անսպասելի հարվածից քրդական ցեղախմբերն այս անգամ էլ ջարդվելով սարսափահար փախչում են։ Երկու օր հետո քուրդ ձիավորները արշավում են Փրխուս գյուղի վրա։ Այստեղ Սերոբի զինակիցներ Նատոն և Կարոն գյուղացիներից կազմած մարտական խմբով կազմ ու պատրաստ դիմավորում են թշնամուն։ Իսկ Ուրտափ և Խնձորկին գյուղերում հայերի ինքապաշտպանական ջոկատները քաջ ֆիդայիներ ուրտափցի Փալաբեխ Կարապետի և խնձորկենցի Նադրոյի գլխավորությամբ ոչ միայն կասեցնում, այլև անցնելով հակահարձակման թշնաման արժանի ջարդ տալուց հետո հետ են շպրտում ջարդարարներին գյուղի սահմաններից։ Սերոբը իր քաջազուն հայդուկներով մրրիկի արագությամբ օգնության էր հասնում աղետալի վիճակում հայտնվող գյուղացիներին, և ամեն տեղ նրա ներկայությունից մարտական շունչ ու վճռականություն ձեռք բերած հայությունը արժանի հակահարված էր հասցնում թշնամուն։ Համանման պատկեր էր տիրում գավառի ամբողջ տարածքում։ Ամենուրեք ֆիդայիների գլխավորած ինքնապաշտպանական խմբերի հերոսական դիմադրությունից ջախջախված քուրդ և թուրք ամբոխը նահանջում էր։ Սերոբը ֆիդայիներով փայլուն կերպով կազմակերպեց Ախլաթի հայության գոյապայքարը։ Գավառի հերոսական դեպքերը զարմանք էին հարուցել ոչ միայն քրդերին ու թուրքերին, այլև նահանգի իշխանություններին. «Կառավարաթիւնը կը զարմանար այդ արտասովոր երևույթի վրա, քիւրդերը սովալլուկ գայլերու նման փորերնքն կըճմրէին և իրենց կորսընցուցած աւարները կողբային, իսկ հայերը կ՚օրհնէին Սերոբի անունը և անոր համբաւին թևերը տված, հրաշագործ սուրբի պէս կը պաշտէին զայն»։

Թուրքերը ի դեմս ֆիդայիների սկսում են կասկածել, որ գործ ունեն առավել կատարելագործված զենքերով զինված մարտական հատուկ խմբերի հետ։ Ախլաթի ինքնապաշտպանական կռիվները Սերոբի ֆիդայական կյանքում առաջին մարտական գործողություններն էին։ 1895 թ. Սերոբի խմբի առաջնորդությամբ Ախլաթի հայության մղած պայքարը մեկ անգամ ևս հավաստեց, որ ջարդերի արհավիրքները կարելի է կանխել միմիայն ընդհանուր ինքնապաշտպանության կազմակերպմամբ։ Համիդյան արյունոտ տարիներին, երբ թուրքական ջարդարարների վայրագություններին զոհ գնացին 300.000 հայեր, Տարոնը Արևմտահայաստանի այն եզակի շրջանն էր, որը զերծ մնաց կոտորածներից։ Ի՛՛նչ կլիներ Ախլաթի հայության վիճակը, եթե ժամանակին ֆիդայիների գլուխն անցած այնտեղ չգար Սերոբը. «Այդ աղետալի թւականին, Հայաստանի արիւնի ու կրակի տարին, Ախլաթի 27 գեղերը Սերոբի խումբին շնորհիվ անվնաս մնացին»։

Ախլաթի գոյամարտում Սերոբը ձեռք բերեց արտակարգ մեծ ժողովրդականություն։

Հայի ծարավ սիրտը զովացնող «Աղբյուր», ահա ժողովրդի կողմից նրա սխրանքների ճշմարիտ գնահատականը։ «Անոր թափած անդուլ ջանքերն ու տարածած գաղափարներ ու արժէքը գնահատելով, հայ ժողովուրդը «Աղբիւր» կոչեց զայն»։ Սերոբի գործը հավերժացնող լավագույն հուշարձաններից մեկը մեծ բանաստեղծի՝ Ավետիք Իսահակյանի հայրենաշունչ երգն է.

Նեմրութայ սարը հազար ակն ունի՝
Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթայ.
Մենակ Աղբիւրի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովրդի սրտի մէջ կերթայ
Ազատ օրերի, դալուկ օրերի
Ծարաւ ժողովրդի սրտի մէջ կերթայ…

«Սերոբ իր կռւողի անզուգական տաղանդին հետ ունէր նաև կազմակերպողի ձիրք և ընդունակութիւն։ Ոչ միայն մարտական խումբեր կազմակերպեց, զինւորական կարգապահութիւնով և հնազանդութիւնով, այլեւ իր գտնւած շրջանակին մէջ փորձեց տեսակ մը ինքնավարչական դրութիւն հաստատել»։

Մինչև Ախլաթի գավառում Սերոբի հայտնվելը, իշխանության ներկայացուցիչներն էին արդարության դատավճիռը կայացնում, ելնելով խեղճ ու միամիտ գյուղացիներից վերցրած կաշառքի չափերից։ Սերոբն այս այլանդակ կացությանը վերջ տալու նպատակով ստեղծում է հատուկ մարմին, որը պետք է զբաղվեր գյուղերում ծագած վիճելի հարցերի լուծմամբ։ Միայն այն դեպքում, երբ հարցը շատ բարդ էր, և տեղերում չէին կարողանում արդար վճիոներ կայացնել, դիմում էին Սերոբին, իսկ նա արդար դատավոր էր. «Սէր, միութիւն և եղբայրութիւն զգալիօրէն իրենց լուս երեսը կը ցցնէին Ախլաթ գավառի մէջ. խռովաթիւնները, անկարգութիւնները կըսկսէին անհետանալ, ժողովուրդը բարելաւ դրաթեան մէջ իր հացին ու ջրին տէրն էր, շնորհիւ այն ապահովութեան, որ հայ յեղափոխականները ստեղծած էին։ Մինչեւ վերջ այդպէս էր նաեւ Սասունին մէջ»։

Սերոբը մեծ գործունեություն է ծավալում գյուղերում ստեղծելու գաղտնի մարտական կազմակերպություններ, և ջանք չէր խնայում ինքնապաշտպանությունը գավառում դնել ամուր հիմքերի վրա։ Այդ նպատակով նա հաճախակի ծպտված շրջում էր գյուղից գյուղ՝ ամենուրեք պայքարի կոչելով ժողովրդին. «Սերոբ առիուծի սիրտ ունէր, ինչպես նաև քաղցր լեզու, այնպէս որ իր անուշ և վեհանձն բնաւորաթեան շնորհիւ այնքան սիրելի ու պաշտելի եղաւ ժողովրդին, որ անոր մէկ խօսքը երկունք չէր ընէր»։ Իսկ Տարոնի և Սասունի գյուղերում այդ նպատակով մեծ աշխատանք էր տանում Հրայրը։ Գնալով ընդարձակվում էին Սերոբի գործունեության շրջանակները։ Անհրաժեշտ էր հուսալի, խելամիտ գործընկեր, որը կարողանար կազմակերպել, հուսալի հիմքերի վրա դնել հեղափոխական շարժումը Բաղեշի նահանգի ողջ տարածքում։ 1897 թ. ամռանը մի փոքրիկ խմբով Ախլաթ է գալիս Գուրգենը։ Նա մեծապես օգնելով Սերոբին՝ կարճ ժամանակամիջոցում Բաղեշում ստեղծում է Սալնո–Ձորի կենտ. կոմիտեն, որը փաստորեն նահանգի հեղափոխական կազմակերպությունների ղեկավար մարմինն էր։

Մինչև Գուրգենի Ախլաթ գալը, Սերոբի փոթորկալից կյանքում կատարվում են բազում արժանահիշատակ դեպքեր, որոնց հարկ է անդրադառնալ։

Թուրքական իշխանություններին հաջողվում է տեղեկանալ նահանգում հայերի կողմից իրականացվող աշխատանքներին։ Հեղափոխական շարժումները բացահայտելու և այն ոչնչացնելու նպատակով, թուրքական կառավարությունը ստեղծում է լրտեսների ու մատնիչների լայն ցանց, որի հաղորդած գաղտնի տեղեկություններից Բաղեշի թուրքական ոստիկանությունը քաջատեղյակ էր, որ Ախլաթում գործող մարտական կազմակերպությունների գլխավոր դեմքը Սերոբն է։ 1897 թ. հունվարի 28-ին հայ ծախու դավաճաններից տեղեկության ստանալով Սերոբի Սողորդում գտնվելու մասին՝ նրան ձերբակալելու դիտավորությամբ 2000 ոստիկաններ և զինվորներ շրջապատում են գյուղը։ Թուրքական զորախմբերին առաջինը նկատում է Սոսեն և անմիջապես տեղեկացնում է անկողնում պառկած ամուսնուն։ Սերոբն անմիջապես հագնվում, կապում է զենքերը և պատրաստվում կռվի։ Չսպասելով դեպքերի նման ընթացքին՝ նա հայտնվում է անելանելի կացության մեջ. «Եթե դիմադրէր, կռիւ պիտի լինի եւ ոչ միայն ինքը, այլ ամբողջ գիւղը կոտորածի պիտի ենթարկուի։ Իսկ փախչիլ, երբ լեռներն ու ձորերը ծածկուած են խոր ձիւնով, գրեթէ անկարելի է։ Ավելի եւս ծանր է անձնատուր ըլլալ»։

Չկամենալով վտանգի ենթարկել գյուղացիներին և տեղիք տալով եղբոր՝ Մխեի և կնոջ հորդորանքներին՝ Սերոբն անելանելի պարագայում դիմում է միակ խելամիտ քայլին։ Անտեսելով բուքն ու ձյունը՝ կապում է լաքաները (դահուկները) և փորձում աննկատելիորեն գյուղից հեռանալ։ Սակայն թուրքերը նկատելով, նրան բռնելու համար կրակ են բացում ու սկսում հետապնդել։ Բարեբախտաբար ամբողջ շրջակայքը պատած էր ձյան հաստ շերտով, և թուրք ոստիկանները խրվելով ձյան մեջ չեն կարողանում հասնել արագորեն հեռացող Սերոբին։ Ուշադրություն չդարձնելով հետևից տեղացող գնդակներին՝ հանգիստ դուրս է գալիս գյուղից և հասնելով Նեմրութի բարձունքներին՝ ձայն է տալիս, «ձեր փնտրած Սերոբը ես եմ, եթէ մեռնիլ կուզէք, արէք բռնեցէք զիս»։ Անվրեպ հրացանաձիգ Սերոբը անշուշտ կարող էր գետին տապալել ոստիկաններից շատերին, բայց քանի որ այդ դեպքում թուրքերը կարող էին վրեժխնդիր լինելով կործանել ամբողջ գյուղը, միայն երեք կրակոց է արձակում և բարձրաձայն դիմում հետապնդվողներին. «Սուլթանի լակոտներ, խոստումս չկոտրելու համար, այսօր ձեզ կը խնայեմ ձեր կեանքը, թե ոչ, շատերիդ կրնամ շանսատակ ընել, թողէք ինձ շարունակելու իմ ճամփան»։ Բուքը գնալով սաստկանում էր։ Թուրքերը կարծելով, ՝ որ Սերոբը ձյունաբքի մեջ խեղդված կլինի, հետապնդումը դադարեցնում են։ Իսկ նա հաղթահարելով սարսափելի ձյունն ու բուքը՝ հասնում է սարի գագաթի տաք ջրերին։ Մի քանի շաբաթ ոչ ոք տեղեկություն չուներ նրա մասին, բոլորը համոզված էին, որ նա զոհ էր գնացել բնության տարերքին։ Երկու օր Նեմրութի գագաթին պատսպարվելուց հետո, թաքուն իջնում է Շամիրամ գյուղ։ Զարմանք է պատում բոլորին, երբ հայտնի է դառնում, որ նա ողջ է. «Ու առասպելներ կը հիւուսին անոր անձին շուրջ ոչ թէ հայերու, այլ քիւրտերու և թուրքերու կողմէն։ Սերոբի անունը կը դնեն Նեմրութի Սերոբ, Նեմրութի Ասլան»։ Այս նշանավոր դեպքից հետո Սերոբը հավաքում է ֆիդայիներին և վրեժի ողջ կատաղությունը թափում է օսմանյան իշխանություններին վաճառված դավաճանների ու մատնիչների, հայի արյունը ծծող թուրք ու քուրդ բռնակալների վրա։ «Սերոբը իր զէնքը կը դարձնէ յայտնի ոճրագործ ջարդարարներու դէմ, որոնք կիյնան դիտապարտ։ Անգութ ու կեղեքող պաշտոնեաները կը դողային աներեւույթ այս ուժէն, որ սակայն ամէն տեղ էր։ Բոլորն ալ գիտեին, որ Ախլաթի շրջանը լեցուն է Սերոբով։ Ամեն տեղ ֆետային կը տեսնէին»։

Բաղեշում ոստիկանության դաժան հարկադրանքով տեղի հայ երևելիները ստորագրել էին կոտորածների ամբողջ մեղքը հայերին վերագրող կեղծ փաստաթղթեր։ Նման ստոր ճանապարհով թուրքական բանտերն էին լցրել հարյուրավոր անմեղ հայերի։ Ախլաթ գավառում թուրք և քուրդ պարագլուխներին արժանի դաս տալուց հետո Սերոբը փոքրաթիվ խմբով գալիս է Բաղեշ և գնդակահարում տեղի հայտնի դավաճան Դավոյի Խաչոյին, որից հետո անցնում է Գյուզալդարե և նույն ճակատագրին արժանացնում մի խումբ մատնիչների։ Սողորդում գնդակահարում է իրեն մատնող համագյուղացի Գրիգորին։ Հայդուկների վրիժառու գնդակների զոհը դարձան բազում արյունարբու թուրք պաշտոնյաներ ու քուրդ ցեղապետեր։ Կարճկան գավառում հայերի նկատմամբ իր անգթությամբ հայտնի Մուսա բեյը, վախենալով ֆիդայիների վրեժխնդրությունից՝ որոշում է հեռանալ գավառից և բնակություն հաստատել Բաղեշ քաղաքում։ Սերոբն իմանալով այդ մասին՝ խստորեն պատվիրում է հետևել նրա ամեն մի քայլին և իրեն տեղյակ պահել։ Մի օր լուր է առնում, որ Մուսա բեյը 10 թիկնապահների ուղեկցությամբ Բաղեշից գնալու է Կարճկան գյուղ։ Նա առանց հապաղելու 8 ընկերներով Կարճկան տանող ճանապարհի մոտակայքում դարանակալ սպասում է Մուսա բեյին։ Ոչնչացնելով քուրդ դահճին ու նրա թիկնապահներին, մեկին կենդանի է թողնում՝ իշխանություններին հայտնելու, որ սպանողները ֆիդայիներն են։

Կարգապահության, արդարամտության հարցում Սերոբը չէր հանդուրժում ոչ մի մանրուք, ինքը կարգապահության ու անձնազոհության կատարյալ մարմնացում էր։ «Սերոբի նշանաբանն էր չխնայել իր անձը, ինչ պայմաններուն մէջ ալ ըլլար այդ, երբ պէտք է արդարութիւնն ու գաղափարը պաշտպանէ»։

Ահա մի պերճախոս վկայության.

1897թ. ամռանը 100 ձիավոր քրդեր թուրքերի դրդմամբ հարձակվում են Թեղուտ գյուղի վրա և բռնագրավում գյուղի նախիրը։ Պատահաբար 4 հայդուկներով գտնվելով պատահարի վայրում, հաշվի չառնելով թշնամու մեծաքանակ ուժերը՝ Սերոբը անվարան մարտի է նետվում։ Կատաղի կռիվը շարունակվում է վեց ժամ։ Հայդուկների մոսինների անվրեպ հարվածներից սպանվում և վիրավորվում են մի քանի քրդեր, իսկ մնացածները տեղի տալով հայորդիների խիզախությանը՝ լքում են մարտադաշտը։

Հիշյալ դեպքից մի քանի օր անց, երբ Սերոբը երկու զինակիցներով գտնվում էր իրենց գյուղի ս. Աստվածածին անունը կրող մատառում, հանկարծ ձորի ներքևի կողմից տագնապալի ձայներ է լսում։ Պարզվում է, որ նույն հասնանցի երեք քուրդ ձիավորներ օրը ցերեկով փախցրել էին Ծղակ գյուղի նախիրը։ Սերոբն անմիջապես ընկերներին ուղարկում է կտրելու քրդերի ճանապարհը, իսկ ինքը հետևում է նրանց գործողություններին։ Նկատելով հայերին՝ քրդերը կատաղորեն կրակ են բացում։ Սերոբը տեսնելով, որ գործը կարող է տխուր վախճան ունենալ, ցուցաբերելով նշանառուի իր անզուգական վարպետությունը՝ հենց առաջին կրակոցով թռցնում է քրդերից մեկի ձեոքի երկու մատները և քաջարի ասպետին բնորոշ շիտակությամբ ձայն է տալիս. «Ես Սերոբն եմ, այժմ երկու մատներնիդ կտրեցի, որովհետև համարձակվեցաք գնդակ արձակել ընկերներուս վրայ, եթէ շարանակէք՝ երեքիդ ալ աս րոպէին Նեմրութա թռչաններուն կեր կընեմ։ Քիւրդէրը տեսնելով իրենց վիրաւոր ընկերը, սարսափահար կը ձգեն նախիրը ու կծիկը կը դնեն»։ Երկյուղելով, որ ֆիդայիների արարքների դիմաց թուրքերը կարող էին պատժել հայ գյուղացիներին, Սերոբը սկզբունք էր դարձրել, ամեն անգամ թշնամու հանդիպելիս հայտնել. «Ես Սերոբն եմ, որ այս գործը կընեմ, չըլայ որ անմեղ ժողովրդին դիպչիք»։

Սերոբի անօրինակ սխրանքները ժողովրդի մեջ նրա կատարած գործերում աստվածային զորություն տեսնելու հավատ էին սերմանել, «Ընդհանուր հաւատք կար, չէ ուր որ Սերոբը կը գտնուի, հոն Աստուած իրեն օգնական է»։

Թուրքական կառավարության հրամանով Ախլաթի գավառում վխտում էին ոստիկանապետ Հիլմի բեյի լրտեսներն ու գործակալները։ Ձերբակալել էին Ախլաթի մի շարք գործիչների, որոնց թվում Սերոբի եղբորը՝ Մխեին, և նետել Բաղեշի բանտը։ Ֆիդայիները որոշում են մահապատժի ենթարկել ոստիկանապետին և ազատել քաղբանտարկյալներին։ Նրանց որոշումը անխախտ էր։ Այդ անհավատալի, հանդուգն որոշումը իրականացնելու համար Սերոբը ֆիդայիներով գալիս է Բաղեշի մոտակայքում գտնվող Պոռ գյուղը։ 1898թ. փետրվարյան ցրտաշունչ գիշերներից մեկում նրանց դաշույնների հարվածներից սպանվում է Հիլմի բեյը։ Իսկ երկու շաբաթ անց ֆիդայիները գիշերով ծակում են Բաղեշի բանտի պատը և փախցնում 17 հայ կալանավորներին։ Տեղեկանալով քաղբանտարկյալների փախուստի մասին՝ ոտքի է կանգնում Բաղեշի ողջ ոստիկանությանը։ Պոռ գյուղի մոտերքում, ուր Սերոբը սպասում էր բանտարկյալներին, ոստիկանները հասնում են ֆիդայիների խմբին, և անխուսափելի մարտն սկսվում է։

Երեք ժամ թուրք ոստիկաններին անմոռանայի դաս տալուց հետո, ֆիդայիները ճեղքում են թշնամու օղակը և հեռանում են լեռները՝ իրենց հետ տանելով նաև ազատված կալանավորներին։ Բաղեշի ոստիկանապետի սպանությունն ու քաղբանտարկյալների փախուստը ցնցող տպավորություն է գործում։ Գազազած նահանգապետը հրամայում է ոստիկանական և զինվորական ջոկատները հանձնել չերքեզ Ալա բեյին և խստորեն պատվիրում է գործադրել հնարավոր բոլոր միջոցները` գավառը հայ հեղափոխականներից վերջնականապես մաքրելու։ Թուրքական կանոնավոր ու ոստիկանական ջոկատները լցվում են Ախլաթ։ Քանի որ գավառը դեռևս պատրաստ չէր ինքնապաշտպանության, իսկ ֆիդայական խմբերի ներկայությունը կարող էր նոր ընդհարումների և ավելորդ արյունահեղությունների տեղիք տալ, Սերոբն ու Գուրգենը Ախլաթի և Բաղեշի շրջանների հեղափոխական կազմակերպությունների ղեկը հանձնում են Սալնո-Ձորի կենտ. կոմիտեին և 1897թ. վերջերին անցնում են Մշո դաշտ, ապա՝ Սասուն։

Կրկին հասունանում էր Տարոնում ու Սասունում ընդհանուր ապստամբություն բարձրացնելու գաղափարը։ Եվ այդ նպատակի իրականացման համար հսկայական աշխատանք էր տանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման ամենամեծ ջատագով Հրայրը։ 1894թ. կոտորածներից հետո ժողովուրդը դեռևս չէր արթնացել ջարդերի սարսափների մղձավանջից։ Ընդհանուր ապստամբության կազմակերպման հարցում Հրայրի և Սերոբի տեսակետներն ընդհանրություններով հանդերձ ունեին և որոշակի տարբերություններ։ Հրայրը գտնում էր, որպեսզի իշխանություններն ուշադրությունը չբևեռեն իրենց վրա, պետք է գործել զգույշ, գաղտնի, առանց ավելորդ պոռթկումների ու կռիվների։ Ըստ նրա, անհրաժեշտ էր բազմակողմանիորեն՝ գաղափարապես, բարոյապես և ֆիզիկապես նախապատրաստել ժողովրդին, բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, որպեսզի ինքը հասկանա պայքարի անհրաժեշտությունը։ Այս տեսակետը պաշտպանում էր Գուրգենը։

Սերոբը նույնպես կողմ էր ընդհանուր ապստամբության նախապատրաստությանը, սակայն հիմք ունենալով Ախլաթում վարած հայդուկային կռիվները, գտնում էր, որ անհրաժեշտ է նաև շեշտակի հարվածներով ահաբեկել, վախեցնել հայ գյուղացիներին կեղեքող թուրք պաշտոնյաներին, քուրդ բեգերին և հայ մատնիչներին։ Սերոբի պայքարի սկզբունքների համախոհներն էին Սասունի բազմափորձ ֆիդայիներ Գևորգ Չաուշն ու Սպաղանցի Մակարը։ Բայց Հրայրը իր խոհեմությամբ ու հեղինակությամբ կարողանում էր զսպել ըմբոստ ֆիդայիների բուռն պոռթկումները։ Ապստամբության կազմակերպման խնդիրները վճռելու նպատակով Բերդակ լեռան վրա գումարվում է գաղտնի ժողով։

Ժողովականներից ոմանք մտավախություն են հայտնում, որ Սերոբի ներկայությանը կարող էր թուրք իշխանությունների հիմնական ուշադրությանը բևեռել Սասունի վրա, որից տեղի ժողովուրդը գուցե հայտնվի վտանգավոր կացության մեջ։

«Խոսք վերցնելով,— պատմում է Գևորգ Չաուշը,— Սերոբը հետևյալ միտքն է արտահայտում. «Պետք է, որ ես նորէն վերադառնամ Ախլաթ, անոր համար, որ արդէն ծանոթ եմ այս շրջանի հայութեան. կրնայ ըլլալ իմ ներկայաթիւնս վնաս պատճառէ գործին, որ մենք չկարենանք հասնիլ մեր նպատակին…Ախլաթ մեկնելով շատ աւելի կրնամ օգտակար ըլլալ զէնքի փոխադրաթեան գործին Վասպուրականէն և Անդրկովկասէն դեպի Սասուն»։ Գուրգենը մնում է Սասունում, իսկ Սերոբը վերադառնում է Ախլաթ, որտեղ կազմակերպում է Վասպուրականից, Կովկասից զենքի տեղափոխության դժվարին ու կարևորագույն գործը։ Սերոբի կազմակերպած խմբերը տիտանական ջանքերի գնով զենք ու փամփուշտ են հասցնում երկիր։ Զինատար խմբերից արժանահիշատակելի է Սերոբի հորեղբորորդու՝ Ճարտարի (Հակոբ) գլխավորած 66 ֆիդայիների զենքով ու զինամթերքով բեռնված խմբի բարեհաջող անցումը Կովկասից Երկիր։ Մեծ դժվարությամբ ձեռք բերած զենքի զգալի մասը Սերոբն ուղարկում է Սասուն։ Սերոբի և զինատար խմբերի համարձակ գործողությունները լարված վիճակ են ստեղծում Ախլաթի և Բաղեշի շրջաններում։ 
«Ֆետայիներու նոր զէնքերու հրաշագործութիւնը,— գրում է Կարո Սասունին,— անոնց թիւի բազմապատկութիւնը շրջանեշրջան առասպելական չափազանցութիւններով կտարածուէին։ Կառավարութիւնը բազմապատկում է ջանքերը Սերոբին գլխատելու.  նահանգը ֆետայիներից արմատախիլ անելու համար»։ Ալա բեյի ոստիկանական, զինվորական ջոկատները հայկական գյուղերում դաժան տանջանքների ու հալածանքների են ենթարկում գյուղացիներին։ Բաղեշի բանտը վերստին դառնում է հայերի հրեշային տանջանքների վայր։ Սերոբը հայդուկներով գտնվում էր Նեմրութի լեռներում։ Հայ գյուղացիների խոշտանգումների հառաչանքները հասնում էին Նեմրութ և փոթորկում փոխվրեժի տենչով բռնկված ֆիդայիներին։

Նույն տրամադրությամբ համակված Սերոբը դրսևորում է զարմանալի ինքնազսպվածաթյան ու կազմակերպվածություն։ Սթափ գնահատելով իրադարձությունների իրական կացությունը՝ որոշում է առայժմ նախահարձակ չլինել և աշխատում է համոզել հայի տանջանքներից բորբոքված, վրեժի տենչացող հայդուկներին, հատկապես նրանցից ամենադյուրաբորբոք Սիմոնին՝ չդիմել չմտածված քայլերի։ Նրա գլխավոր մտահոգությունը ինքնապաշտպանության գործը հաջողությամբ կազմակերպելն էր, և այդ նպատակով գիշերները շրջում էր գյուղից գյուղ, ժողովրդին հորդորում տոկալ ու համախմբվել։ Տվյալ պարագայում Սերոբն առաջնորդվում էր «ժողովուրդը համոզելով ինքնապաշտպանութեան գիտակցութեան պիտի հասցնենք» սկզբունքով։

Հրայրի համագործակցությունը իզուր չի անցել…

Սիմոնը, հակառակ Սերոբի, պնդում էր, որ ժողովրդին ոչ թե համոզելով, այլ բռնի ուժով պետք է ստիպել՝ դիմելու ինքնապաշտպանության, որպեսզի հարկադրված զենք ձեռք բերի և դուրս գա պայքարի։ Առանց Սերոբի համաձայնության Սիմոնը համախոհ ընկերներով որոշում է վրեժխնդիր լինել հայ գյուղացիներին անլուր խոշտանգումների ենթարկող Ալա բեյից։ 1898թ. ամռանը տեղեկանալով, որ Ալա բեյը գտնվում է Դատվան գյուղում, ֆիդայիների հնգյակը` Սիմոնի առաջնորդությամբ, լեռներից իջնում է գյուղ և ընկնում թշնամու կողմից վաղօրոք պատրաստած ծուղակը։ Մինչև մութն ընկնելը քաջազուն ֆիդայիները մարտնչում են, սակայն ինչ կարող էին անել մեծաքանակ թշնամու դեմ։ Մաքառելով մինչև վերջին փամփուշտը՝ ֆիդայիները հերոսաբար զոհվում են, բացառությամբ Նադոյի, որն էլ Սերոբին է հասցնում խմբի նահատակության լուրը։ Բիթլիսի նահանգում ֆիդայիների ներկայությունը մեծ տագնապ է առաջացճում սուլթանի արքունիքում։

Սուլթանի հիշողության մեջ, անշուշտ, դեռ թարմ էին մի խումբ անձնազոհ հայորդիների կողմից Բանկ Օտոմանի գրավումն ու Սամաթիայի ցնցող դեպքերը։ Այս անգամ նրա խելագար երևակայությունը սարսափահար էր արել Սերոբն իր քաջերով։ Աբդուլ Համիդը հրաման է արձակում Բաղեշի նահանգի կուսակալին, ցանկացած զոհողությունների գնով կենդանի թե մեռած, ձեռք գցել Սերոբին։ Սուլթանի հրամանը իրականացնելու նպատակով թուրք իշխանություններն արդեն որերորդ անգամ նորից ասպարեզ են դուրս բերում ոստիկանության լրտեսներին ու մատնիչներին և Ախլաթի, Բաղեշի ողջ տարածքը վերստին հեղեղում են զորքով ու քրդական հրոսակախմբերով։ Ժողովրդի ազատության ու արժանապատվության ձգտումների ոգին մարմնացնող և բռնության դեմ վրեժխնդրության մոլուցքով մարտնչող հայդուկի համար երբեք էլ կռիվը, սպանությունը ցանկալի երևույթներ չէին։ Իրավացի է Սմբատը՝ նշելով, որ Սերոբը «Ամբողջ կեանքը կռիւով անցուց, ինկաւ կռուի։ Բայց երբեք կռիւ չէր փնտռած։ Կազմակերպած էր շրջանները` ինքնապաշտպանութեան համար։ Կռուի կը բռնուէր պաշտպանելու համար տկար ժողովուրդը բարբարոսաթեան դէմ»։

Մղած բազմաթիվ կռիվներում Սերոբն իր ողջ հմայքով, քաջությամբ ու երկաթյա կամքով առավելապես աչքի է ընկնում Բաբշենի դյուցազնամարտում։ Նրան հայտնաբերելու իշխանությունների ձեռնարկումներն անընդհատ անհաջողության էին մատնվում։ Սակայն 1898թ. հոկտեմբերի 20-ին, երբ Սերոբը 16 մարտիկներով գտնվում էր Բաղեշից ոչ հեռու գտնվող Բաթշեն գյուղում, թուրքերին վերջապես հաջողվում է մատնությամբ հայտնաբերել նրա տեղը։ Օգտագործելով պատեհ առիթը, առավոտյան լույսը բացվելուն պես թուրքական կանոնավոր զորքերի մի քանի վաշտեր, նահանգի ոստիկանական հեծյալը և հետևակ ջոկատները պաշարում են գյուղը։ Սերոբն անմիջապես ոտքի է հանում մարտական խումբը, հրամայում արագորեն բարձրանալ բլրակների վրա և դիրքեր գրավել ժայռերի ետևում:

Թուրքերը բուռն գրոհով նետվում են հայերի վրա։ Քաջարի հայդուկները չերկնչելով թշնամու բազմությունից՝ հանգիստ ու սառնարյուն անվրեպ հարվածներով դիմավորում են թշնամուն։ Թուրքերի բոլոր գրոհները փշրվում են՝ հանդիպելով հայ ֆիդայիների անկոտրում կամքին ու վճռականությանը:

«Սերոբը,– գրում է Հրայրը,– իր խրոխտ, ազդու հրահանգները կորոտար հայդուկներին, կը դիտեր նոցա դիրքերը ու կըսեր, մի վհատվիք, Աստուած մեր կողմն Է, յաղթությունը մեր բաժին»։ Թուրքական վաշտերի գրոհին ավելի մարտական ու ազդեցիկ տեսք տալու դիտավորությամբ անընդհատ հնչում Է փողհարների մարտակոչը։ Սերոբի հրամանով Մուշեղը, Բալաբեխ Կարապետն ու Ճարտարը դիպուկ հարվածներով ընդմիշտ լսեցնում են թուրք փողհարների ձայնը. «Մուշեղի մէկ գնդակը փողի ծակէն կանցնի եւ կը սպաննէ այն զինուորը, որ փողը բերնին փչելով գրոհ կուտար դէպի հայդուկները»։ Փողհարների սպանվելը ծանր տպավորություն է գործում թուրքերի վրա։ Ոգեշնչված հայ քաջորդիները վճռական հակահարված են հասցնում։ Գլուխը կորցրած Լիվա փաշան ֆիդայիներին ընկճելուց հուսահատ վերադառնում է քաղաք՝ նոր զորք և թնդանոթներ բերելու։ «Ի՞նչպես,— եղավ,— կը հարցնէ կուսակալը։ Պիտի բռնենք, այս անգամ ձեռիցս չեն ազատվի,–– կը պատասխանէ Լիվա փաշան»։

Բաղեշի թուրքերին հայերի դեմ գրգռելու համար քաղաք են տանում սպանված թուրքերի դիակներ և ի ցույց մոլեռանդ ամբոխի, պտտեցնում են քաղաքի փողոցներով։ Սերոբին բռնելու պատվին արժանանալու ցանկությամբ արբած, օգնության շտապող զորքին միանում է թուրք զինյալ ամբոխը։ Շուտով հասնում են նաև քրդական ցեղախմբերը։

Սակայն այդ ամենը իզուր էր։ Հրաշքներ էին գործում ֆիդայիների մոսինները։ Մեծ հեռավորության վրա անընկճելի հայորդիների գնդակներից տապալվում էին թուրք զինվորները, քրդերից ու թուրք խուժանից շատերը։ Լիվա փաշայի կարգադրությամբ թնդանոթներից կատաղի կրակ են բացում հայ մարտիկների դիրքերին, և զորավաշտերը, թուրք և քուրդ ամբոխը ֆիդայիների վրա տեղացող ռումբերի աջակցությամբ անցնում են վճռական գրոհի. «Սերոբը,— շարունակում է Հրայրը,— քմծիծաղով կդիտէր թշնամին և կը պօռար. «Սեդրակ, Նշան, Մուշեղ, ինչու՞ ձայն տալով չէք կռուի»։

Մուշեղը, ուշադրության չդարձնելով տեղացող գնդակներին, մոսինի դիպուկ հարվածներով գնդակահարում է թնդանոթաձիգներից երկուսին, և նրա մահացու հարվածներին ներդաշնակում են ֆիդայիների երգն ու միահամուռ համազարկերը մնացած թնդանոթաձիգների ուղղությամբ։

Թշնամու թնդանոթները լռում են։ Այս տեսարանից գազազած Լիվա փաշան գրոհի է տանում թուրքական, քրդական ամբողջ զորքին ու հրոսակախմբերին։ Բայց ամեն ինչ անցնում է ապարդյուն, ֆիդայիների դիպուկ հարվածները հնձում են թշնամու մարտաշարքերը։ «Աղբիւրը ամբողջ կռուի ընթացքին բոլոր ճգնաժամերուն օգնութեան կը հասնի եւ իր ներկայութեամբ ու խրախուսական խօսքերով առիւծի կը փոխէ պաշարած հայ քաջերը, որոնք արիաբար կը կռուին»։ Կռիվը չթուլացող կատաղությամբ շարունակվում է մինչև մութն ընկնելը, և մինչև թշնամին կհասցներ համախմբել ցաքուցրիվ եղած աժերը, Սերոբը ֆիդայիների գլուխն անցած ճեղքում է թշնամու շղթան և անցնում Գրգուռ սար։ «Սերոբը իր հայդուկներով ազատեցաւ, և հոն կանգնեց հաղթաթեան կոթող մը»,– ահա Բաբշենի կռվի Հրայրի գնահատականը։ Բաբշենի հերոսամարտում ֆիդայիներից զոհվում է միայն Սարգիսը, իսկ Զուլումաթը ծանր վիրավորվում և անկարող է լինում շարժվել։ Որպեսզի վիրավոր հայդուկը չընկնի թշնամու ձեռքը, և չարատավորվի նրա ֆիդայական պատիվը, Սերոբը հանձնարարում է Փալաբեխ Կարապետին սպանել հարազատ ընկերոջը։ Սակայն ընկերոջ հետ բազում արհավիրքներով անցած Կարապետը որոշում է չկատարել հայդուկապետի հրամանը։ Կապելով Զուլումաթի վերքը՝ նրան շալակած տանում է գյուղ, թաքցնում մարագներից մեկում և վերքը դարմանելուց հետո նրա հետ ներկայանում Սերոբին. «Սերոբը չի բարկանար, այլ կը կանգնեցնէ բոլոր զինվորները և անոնց ներկայութեամբ կը համբուրե Կարապետին ճակատը, իսկ զինվորները, ուրախութեան արցունքը աչքներներին, կը հետեւին անոր եւ կը համբուրէն արդէն կազդուրուող Զուլումաթը»։ Բաբշենի կռիվը հսկայական տպավորության է թողնում Բաղեշի նահանգի ողջ շրջանների վրա։ Թուրքական կանոնավոր զորաջոկատները և նրանց միացած թուրք ու քուրդ հրոսակախմբերը թնդանոթներով զինված խայտառակ պարտություն էին կրել՝ բախվելով ընդամենը 17 առյուծասիրտ հայորդիների հերոսական դիմադրությանը։ Երբեմն ամենաբիրտ թշնամին անգամ ըստ արժանվույն է գնահատում հակառակորդի մեծությունն ու քաջագործությունը։ Թուրքերն առաջինը հայ ֆիդայիներից Սերոբին անվանեցին «Փաշա»։ Սակայն ազատության պայքարի զինվորը երբեք չընդունեց թշնամու «շնորհած» տիտղոսը.

«… Մենք փաշաներուն ու աղաներան դէմ կը կռւինք, այժմ ե՞ս փաշայ ըլլամ»։

«Բաբշէնի դեպքէն ետք տեղիս թիւրք ժողովուրդը ահ ու սարսափի մէջ է. ֆիդայիի սոսկումը իր գագաթնակէտին հասած է, այնպէս որ մութը պատելէն ետք, ալ տնէն դուրս ելլել չկայ, գիշերներն ալ քուներնին վրդուած է, կը վախենան որ Սերոբ փաշան յանկարծ քաղաքի վրան չյարձակի»։

Բաղեշի նահանգապետը, հասկանալով, որ Սերոբի հետ ընդհարվելը կարող է նոր խայտառակության և իր դիրքը վտանգելու տեղիք տալ, պատգամավորի միջոցով Սերոբի մտադրությունները պարզելու նպատակով հրավիրում է տեսակցության։ Սերոբը մերժում է հրավերքը, իսկ պատասխանը լինում է ֆիդայուն վայել արժանապատվությամբ կրտրուկ ու հասկանալի։ «Թողեք, որ մենք հանգիստ ապրինք»։ Թուրք իշխանությունները երբեք չհաշտվեցին Սերոբի խմբից կրած ամոթալի պարտության իրողությանը և կատաղության թույնը թափեցին Խչեի գերդաստանի վրա, թալանի ու ավերի ենթարկվեց Սերոբենց ողջ կարողությունը։ Ձերբակալվեցին Մխեն ու նրա կինը, իսկ Սոսեն, որդին՝ Հակոբը և Սերոբի մյուս եղբայրները դժվարությամբ ազատվելով դահիճների ճիրաններից՝ միացան ֆիդայիների խմբին։

Խչեի երբեմնի հարուստ, մեծահամբավ տունը վերածվեց ավերակի։ Սակայն այդ ամենը երբեք չընկճեց Նեմրութի Ասլանին, չխաթարեց ազատության պայքարի նկատմամբ ունեցած հավատը։ «Պետք Է,— ասում Էր Սերոբը,— բախտաւորները երբեմն լան, որ թշվառները մխիթարւին։ ՏեսԷք, կըսէր, մեր տունը ձեզի օրինակ, ես նախ մեր տունը, Ախլաթի Խչէի մեծ օճախը քանդեցի, որ շատ մայրեր իրավունք չունենան զիս անիծելու ըսելով. «Մեր տունը քանդողին տունը քանդւի»։ Թուրքական կառավարությունը չէր կարող մարսել Բաբշենի խայտառակությունը և Ախլաթում բազմապատկեց պատժիչ ջոկատների թիվը։ Գավառում Սերոբի խմբի հետագա ներկայությունը անխուսափելիորեն կհանգեցներ նոր բախումների, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ։

Սերոբի մեծությունը բնութագրելու համար տեղին է հիշատւսկել Զորավար Սմբատի կարծիքը։ Քաջածանոթ լինելով Սերոբին, Անդրանիկին և Սեբաստացի Մուրադին, համեմատելով երեք նշանավոր ռազմիկներին՝ նա գրում է. «Բոլորովին ուրիշ է Սերոբը։ Ոչ մէկն է, ոչ միւսը։ Այլ միանգամայն երկուքն է, եւ Անդրանիկ եւ Մուրադը։ Քաջերուն քաջն է, ի ծնէ քաջը։ Կենդանական քաջաթեան տիպար»։

Բաբշենի կռվից երկու շաբաթ անց Սերոբը Նեմրութից իջնում է Մշո դաշտ, ապա անցնում Սասուն, ուր պետք է կենտրոնանային Հայոց Ազատամարտի մարտական խմբերը։

«Սերոբը,— գրում է Ռուբենը,— կուգար բավականաչափ զէնքով եւ իր ընտանիքի անդամներուն հետ միասին։ Բանտէն փախած էր մեծ եղբայրը՝ Մխօն, անոր կինը, միւս եղբայր Զաքարը, Սերոբի կինը՝ Սօսին և զաւակները կուղեկցէին անոր։ Խչէի հարուստ օջախը այսպէսով աւերակ դարձած, անօր ժառանգները փախստական վիճակի մէջ կը դեգերէին Սասնոյ լեռները»։

1897—98 թթ. Տարոնի և Սասունի շրջաններում համեմատաբար խաղաղ էր։ Միավորելով հիշյալ շրջաններում մարտական խմբերի գործողությունները, Հրայրի ու Գուրգենի նախաձեռնությամբ ստեղծվել էր հեղափոխական շարժումը ղեկավարող Դուրան-բարձրավանդակի կենտ. կոմիտե։ 1898 թվի կեսերից Տարոնում և Սասունում իրավիճակն աստիճանաբար շիկանում էր։ Թուրքերն ու քրդերը հայկական գյուղերում դարձյալ վերսկսել էին իրենց հարազատ զբաղմունքը՝ կողոպուտն ու թալանը։

Սերոբի հայտնվելը Սասանում նոր տրամադրություն ու մարտական շունչ հաղորդեց 1894թ. ջարդերի սարսափներից արթնացող քաջարի լեռնականներին։ Սասունում էին հայ ազատագրական պայքարի դրոշակակիրները՝ Հրայրը, Գուրգենը, Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Մակարը և ուրիշներ։ «Ֆէտայիներու ստվար փաղանգ մըն է, գրում է Մ. Վարանդյանը,— որ երևան կուգար հայոց աշխարհի բունի իսկ սրտին մէջ. Տարոնում։ Անոր հոգին էր —Խլաթցի Սերոբը։ Հայ յեղափոխական դիւցազնավէպի ամէնեն հմայիչ դէմքերէն մեկը, որ կը յիշեցնէ հելլեն դիւցազներգութեան բապտիստները և բոլոր ապստամբ ազգեր ու լեգենդական հերոսները»։

Մինչև 1898 թ. ամառը Սերոբը Սասունում գործող հեղափոխական ընկերների հետ խաղաղությամբ պահպանեց Սասունը։ 1899 թ. ապրիլի 25-ին Տարոնի Ցրոնք գյուղում մատնությամբ հայտնվելով շրջապատման մեջ՝ զոհվում է Գուրգենը։ Նրա կորուստը մեծ հարված էր Տարոնի հեղափոխական կազմակերպությունների հետագա գործունեությանը։ Գուրգենը տաղանդավոր կազմակերպիչ էր, նրա եղերական մահով Սերոբը զրկվեց իրեն աջակցող կարող ուժից։

Արդեն 1899թ. ամռանից Սերոբի մարտական միավորումը, չուներ նախկին կարգապահության միասնությանը։ Ֆիդայիներից շատերը դժգոհում էին, որ արշավանքների ընթացքում Սերոբից միշտ անբաժան էին նրա կինը՝ Սոսեն և ընտանիքի մյուս անդամները։ Քանի որ անընդհատ հետապնդումների մեջ էին, ուստի կնոջ և երեխաների ներկայությունը դժվարացնում էր խմբի արագ տեղաշարժերը։ «Ի՞նչ կարող էր ընել սակայն դժբախդ Սերոբը։ Այդ թշվառ ընտանիքը, որ յեղափոխաթեան պատճառով կորսնցուցած էր իր հարաբերութիւնն ու անդորութիւնը եւ Սերոբի պատճառով լեռներն էր ինկած՝ այժմ խուսափելու համար մահէ ու բանտէ»։

Անզուգական հայդուկ հայուհին՝ Սոսեն, բազմաթիվ կռիվներում իր քաջությամբ ոչնչով չէր զիջում մյուսներին։ Չնայած այդ հանգամանքին՝ ֆիդայիներից շատերը, այդ թվում Անդրանիկն ու Մակարը, պահանջում էին Սերոբից, որ խմբից հեռացնի կնոջը։ Ֆիդայիներից ոմանք ձգտում էին անջատվել Սերոբից, ստեղծել նոր խմբեր, և դառնալ խմբապետներ։ «Դժգոհանքի այս մթնոլորտին մէջ Սերոբի բացարձակ հեղինակաթիւնը կը նուազէր, թէեւ պատկառանքը միշտ կը մնար այս անվիճելի հերոսին հանդէպ»։ Այս տարաձայնությունները չէին կարող չմտահոգել Սերոբին, և ֆիդայական երկաթյա կարգապահությունն ու Սասունում հաստատված մարտական միասնությունը պահպանելու համար նա շատերին, այդ թվում նաև Անդրանիկին զինաթափում և ուզում է ուղարկել Կովկաս։ Սերոբի մարտական միավորման տկարացման վրա ամենամեծ նշանակություն ունեցավ Գևորգ Չաուշի հեռանալը, որը ֆիդայիների խմբի ամենահզոր ուժն էր։ Գևորգի հորեղբայրը սիրահարվելով աղբիկցի մի կնոջ՝ Սասունում ընդունված կարգին հակառակ փախցնում է նրան։ Զայրացած գյուղացիները հետապնդելով բռնում են Գևորգի հորեղբորը և բերում Սերոբի մոտ դատավճիռ կայացնելու։ Սերոբը կանչում է Գևորգին և առանց հետևանքների մասին մտածելու նրան է հանձնում հորեղբոր դատը։ Խորապես վրդովված մոլեգին Գևորգը անմիջապես գնում է այն մարագը, ուր բանտարկված էին հորեղբայրն ու աղբիկցի կինը և երկու կրակոցով սպանում է երկուսին էլ։ Տվյալ պարագայում դրսեորվում է երկու մեծանուն ֆիդայիների ըմբոստ, փոթորկուն բնավորության, հայ լեռնականին բնորոշ մտածողության, գործելակերպի բնական պարզության ու անմիջականության համապատասխանությունը։ Թուրք իշխանությունները, տեղյակ լինելով ֆիդայիների միջև ծայր առած հակասություններին ու անախորժություններին, դիմում են ևս մեկ վճռական քայլի՝ վերացնելու հայդուկների անընկճելի առաջնորդին։ Սասուն է արշավում թուրքական պատժիչ մի զորախումբ, բայց Սերոբը վաղօրոք տեղեկանալով այդ մասին՝ 25 զինվորներով ապաստանում է Անդոկի անմատչելի բարձունքներում։ Սերոբին գերեվարելու գործը կառավարության հրամանով հանձնարարվում է անձամբ Բաղեշի նահանգապետ Թահսին փաշային։ Այդ պատճառով նահանգապետը գալիս է Մուշ և հավաքում նահանգի բոլոր քուրդ ցեղապետերին։ Սերոբին վերացնելու դժվարին խնդիրը հանձնարարվում է քուրդ ցեղապետերից Բշարե Խալիլին։ Վերջինս լավ Էր ճանաչում Սերոբին, մի անգամ նրան բռնելու փորձ կատարելիս ծանոթացել Էր ֆիդայիների գնդակների զորությանը։

Թուրք իշխանությունները Սերոբին վերացնելու համար կենտրոնացնելով զինվորական ու ոստիկանական մեծաքանակ ուժեր, քրդական զինված խմբեր և քաջ գիտենալով նրա տեղը՝ այնուամենայնիվ չհամարձակվեցին առճակատ փորձ անել նրան գերեվարելու։ Կարելի Է պատկերացնել, թե ինչպիսի ահավոր սարսափ Էր ներշնչել Սերոբը Բաղեշի նահանգապետին ու քուրդ ցեղապետերին, որոնք չապավինելով զինվորական մեծաքանակ ուժերին` նրան վերացնելու համար դիմեցին թունավորելու զազրելի միջոցին։

Սերոբին թունավորելու հայրենադավ գործը հանձն Է աոնամ Խալիլի ոսկիների փայլից շլացած Գեղաշենցի Ավեն։ Հայդուկների վստահությունը շահելու դիտավորությամբ նա մի քանի անգամ գալիս Է Գելիեգուզան և հանդիպում գյուղի քահանա Տեր Քաջի տանը ապաստանած Սերոբին։ Շողոքորթությունն ու ֆիդայիներին բազմիցս բերած ուտելիքը կատարում են իրենց սև գործը։ Սերոբը չկասկածելով Ավեին՝ բարեկամաբար ընդունում Է դավաճանի թունավորած ծխախոտը։ Իսկ մինչ այդ հայերի ուշադրությունը շեղելու նպատակով թուրքերը լուրեր են տարածում, թե Թահսի փաշայի զորագունդը պատրաստվում Է արշավել Խութ–Բռնաշեն` տեղի քրդական ցեղերի ապստամբությունը ճնշելու։ Բայց իրականում թուրքական զորախումբը Խալիլի հրոսակախմբին միացած արշավում Է Գելիեգուզան, ուր ապաստանել Էր Սերոբն իր 12 ֆիդայիներով ու ընտանիքով։

Գեղաշենցի Ավեն արդեն հասցրել Էր կատարել իր սև գործը և անհապաղ տեղեկացնել Բշարե Խալխին։ 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարում են գյուղը։ Նկատելով թշնամու բազմությանը՝ Տեր Քաջը շտապում Է հայտնել Սերոբին։ «Առտուան այդ պահուն,– պատմում Է Սոսեն,— ան մեր ճանչըցած կայտառ, փոթորկաշունչ Սերոբը չէր։ Մահը արդէն սկսեր էր իր չարաշուք նշանները դնել անոր դէմքին վրայ։ Դեղներ ու նիհարցեր էր մէկ գիշերուան մէջ, դէմքին գիծերը կծկուեր ու ցնցուեր էին եւ եթէ չըլլային անոր շանթարձակ աչքերը, ոչ ոք պիտի ըսէր թէ մեր լեռներու անպարտելի ոգին՝ Սերոբն էր»։

Այդ օրհասական պահին մրրիկի արագությամբ հայտնվում են Սերոբի չորս զինվորները և վերցնելով կիսամեռ հայդուկապետին՝ գյուղից դուրս են տանում։ «Սերոբը կարծես յոգնած խնդրեց իր հաւատարիմ հայդուկներէն. «Դրէք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գէթ ձեր կեանքն ազատել, մնաք բարեաւ»։ Տեսնելով Սերոբի անկարող վիճակը՝ թշնամին համարձակորեն նետվում է գրոհի։ Մի բուռ քաջեր հայդուկապետին փրկելու վճռականությամբ դիմադրում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Անհավասար կռվում զոհվում են Սերոբը, որդին՝ Հակոբը, եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Քաջարի ֆիդայուհի Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է քաջաբար մարտնչել։ Ահա այդ դրվագին ձոնված երգի քառյակը.

«Ձայնս քեզ վկայ, Սերոբ ջան, հոս եմ,
Ջինվուած, պատրաստուած ձայնիդ կը սպասեմ,
Քեզի հետ կռուելու, քու կողքիդ մեռնելու
Ամեն օր, ամեն ժամ պատրաստ է Սոսէն»։

Թշնամու գնդակներից վիրավորված՝ Սոսեն այլևս անկարող է լինում շարունակել մարտը, իսկ թշնամին արդեն հասել էր։ Բշարե Խալիլը կտրում է հերոսի գլուխը և գերեվարում ուշակորույս Սոսեին։ Թուրքերը հայերին ահաբեկելու նպատակով Սերոբի գլուխը ձողին Սասունի լեռներից հասցնում են մինչև Բաղեշ։

Կարճ տևեց Սերոբի հերոսական մաքառումներով լեցուն հայդուկային կյանքը։ Բազմաթիվ կռիվներում թշնամու մեծաքանակ ուժերի դեմ մարտնչելիս մշտապես հաղթանակի դափնիներ վաստակած Աղբյուր Սերոբը զոհ գնաց ստոր դավաճանությանը։ Սերոբի գլուխը կողովի մեջ դրած հանձնում են Բաղեշի հայոց առաջնորդարանին։

Բաղեշի հոգևոր առաջնորդ եպիսկոպոս Չիլինգարյանը Սերոբի գլուխը ամփոփում է տեղի Կարմրակնյա եկեղեցու բակում, ուր թաղված էր նաև Տարոնի մեծ հայրենասեր Մարգար վարժապետը։

Ամիսներ հետո Ալի փաշան եպիսկոպոսին է հանձնում նաև մի քանի տեղերից գնդակներով ու դաշույնով վիրավորված Սոսեին։


Աղբյուր: http://historyarmenia.org/?p=875 Կարգ: Հայրենասիրություն | Ավելացրել է: ANI (06-Ապրլ-2011) | Հեղինակ: ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ Դիտումներ: 3871 | Պիտակներ: ցեղասպանություն, ազգային-ազատագրական պայքար, ֆիդայի, Աղբյուր Սերոբ, Սոսե
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]