// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հեքիաթներ


ԲՈՒԺՈՂԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

Հայկական հեքիաթներում հաճախ է պատահում, որ հերոսներից մեկին պատուհասում է հիվանդությունը, և հարկ է լինում դիմել բուժողի օգնությանը: Բուժողի մասին պատկերացումները հեքիաթում առանձնապես չեն շեղվում միջնադարյան բժիշկների կերպարը բնութագրող հատկանշական գծերից, որոնցով
նրանք առանձնանում, յուրահատուկ տեղ են գրավում այլ մասնագիտություն ունեցող անձանց մեջ:
Ո՞վ է նա` բժի՞շկ, թե՞ դոքթոր, Լողմանի՞, թե՞ հեքիմ, շամանական հատկություններ ունեցող կախա՞րդ, թե՞ գուշակ, թուղթ գցո՞ղ, թե՞ գրբաց, օձ պարեցնո՞ղ, ֆալչի՞, դերվի՞շ, թե՞ տատմեր, տերտե՞ր, թե՞ իմաստուն: Նա հայտնվում է մարդու համար ճգնաժամային պահերին և կռիվ տալիս նրա կյանքին սպառնացող չար ուժերի դեմ, օգնության հասնում ծննդկան կնոջը, բերկրանք ապրում դանորածին մանկան ճիչը լսելիս և տխրում` անհույս հիվանդի հոգեվարքի ուղեկիցը դառնալով: Ականատես է լինում ծնողական երջանկությունը չվայելած, ամուլ ամուսինների տրտմությանը և ջանում օգնել նրանց, ծերացած արքաներին վերադարձնում է երիտասարդությունը, խեղված, մասնատված մարմինները փորձում կյանքի կոչել, օգնում է այլանդակված, վերքոտ հիվանդներին, որոնցից բոլորը զզվանքով փախչում են: Նա ազատ ելումուտ է անում տները, տեղեկանում մարդկանց ամենածածուկ, մտերմիկգաղտնիքներին, շահում նրանց վստահությունը, սեղան նստում տիրակալների հետ, դառնում նրանց կանանց ու աղջիկների հավատարիմ մարդը1, միջամտում անձնական հարցերին, օգնում հասնել սրտի ուզածին, երբեմն մասնակից դառնում նրանց խարդավանքներին: Հիվանդի սահմանային իրավիճակներում բուժողի ներկայությունը,տարիք ու սեռ, սոցիալական կարգավիճակ չճանաչող շփումները նրան դնում են աշխարհիկ սոցիալական կառուցվածքից դուրս վիճակում: Բուժողը, ինչպես և շամանն ու մարգարեն, ունի, այսպես կոչված, «անկարգավիճակ կարգավիճակ»: Այդ առումով նա նմանվում է տարիքային անցումային ծեսերի (ինիցիացիա) նվիրագործող ծիսարարին, որն ապահովում է հասարակության նոր անդամների հոգևոր, ֆիզիկական հավասարակշռությունը` դրան հասնելու համար նրանց հասու դարձնելով բոլոր շերտերի, բոլոր խավերի ապրումներին:
Հեքիաթում հեքիմ է անվանվում իմաստունը, որի մոտ թագավորը տանում է իր որդուն դասեր առնելու` հետագայում գահը ժառանգելուն պատրաստ լինելու համար: Սակայն պետք է նկատի առնենք այն, որ հեքիմ-բուժող իմաստափոխությունը տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ հմայական հատկություններ ունեցող, պայծառատես մարդիկ հնում կոչվել են տեսանողներ և իմաստուններ, ու հենց նրանք էլ իրագործել են բոլոր ծեսերը, այդ թվում` գուշակությունը և բուժման ծեսը 
3: Միևնույն անձի բազմակողմանիությունը հատուկ է եղել հնում: Հիշյալ հեքիաթում հեքիմը առաջին օրը թագավորի որդուց խլում է հացը և թողնում նրան քաղցած: Երկրորդ օրը փակում է մի մութ սենյակում, երրորդ օրը` ծեծում: Եվ երբ թագավորը բողոքում է, հեքիմն ասում է, որ նա թագավոր է դառնալու, եթե չիմանա, թե սովը, անազատ վիճակը, ծեծը ինչ են,ինչպե՞ս ճիշտ դատի, արդարամիտ լինի. «Էփօր մեգը գար, թէ ինձի նահախ տեղը ծէծէցին, մէգալը թէ` անօթի եմ, օղորմութեն էրէ,– տըղադ ի՞նչըղ պիտի անոնց հալը հասկընար, եփօր ինքը չըգիտէնար, թէ ծեծն ի՞նչ է, հափսն (բանտ – Եվա Զ.) ի՞նչ է,անօթութենն ի՞նչ է»4: Դրանք են կյանքի առաջին, ամենակարևոր դասերը:
Բժիշկները, ինչպես և ցանկացած մասնագետները, կարող են լինել լավ ու վատ, հմուտ ու անճարակ: Հեքիաթում բժշկի անճարակության պատճառները հաճախ գալիս են այն նպատակներից, որ դրված է հեքիաթում. եթե հիվանդությունն այն առիթն է, որը հերոսին մղում է գնալ փորձությունների և քաջագործություններ կատարելով բերել բուժման հրաշագործ միջոցը, հետևաբար, այստեղ բժիշկն անելիք չունի, նա ի վիճակի չի լինելու բուժել հիվանդին, և ամենաշատը, որ կարող է անել, հիվանդության ճարը` բուժամիջոցն առաջարկելն է:
Այսպես, կույր թագավորի աչքերը բուժելու համար Լողմա հեքիմը տարիներով անօգուտ չարչարվում է, մինչդեռ բուժման միջոցը` ծովի միջի Ոսկե ձուկը, բերում է որդին և բուժում հոր աչքերը:
Բժշկի` ամեն տուն ազատ մուտք ունենալու հնարավորությունից օգտվելու համար հեքիաթի հերոսը երբեմն հեքիմ է դառնում կամ ձևանում` իր նպատակներին հասնելու համար: Այսպես, հրաշագործ օգնականը` «ծերունի բաբանը», հերոսին շշով յուղ է տալիս, որով նա բուժում է հիվանդ թագավորին, ձեռք բերում վերջինիս վստահությունը, ազատ ելումուտ անում նրա տուն և կարողանում փախցնել դստերը 6: Այլ տեղ Շիրին Շահն է հեքիմ դառնում, բուժում թագավորի հիվանդ որդուն, այդպես մուտք գործում Քաջանց թագավորի պալատ ու փախցնում նրա դստերը: Հեքիաթում, ինչպես նաև իրական կյանքում, բուժողը ամենամեծ պարգևներն է ստանում, մինչդեռ ձախողման դեպքում` հատուցում կյանքով. «Թեկեր աղջիկս լավցուցիր, ի՞նչ օր ուզես կուտամ կը, թե չը լավցուցիր` գլոխդ կռռեմ կը»8: Թագավորը պատրաստ է մի քաղաք ընծայել որդուն բուժողին. «Էտ լուվոթունը վըեր տու ինձ ըրալ ըս, քզետե օզած տըեղըտ մին քաղաքըմ շիննական, ասա տըեսնամ հի՞նչ տըեղ ըս օզում»9:
Թագավորի աղջկան բուժելու դեպքում բուժողը կարող է ստանալ նաև աղջկա ձեռքը, նույնիսկ դառնալ թագավորության ժառանգորդ. «Վեր կրացիր վեչ իմ ըխճըկանը պժշկես, ես վրոշում օնեմ, քու կլոխտ կտրելու վեն... վեր ախճիկս լըվացավ, տալու վեմ քեզ, իմ փեսան կըտառնաս, իմ մռնիլան ետը նել իմ տեղը կնստես թաքավերոթուն կանես» :
Մի թագավոր իր մինուճար համր աղջկան բուժել չկարողացողների («հաքյիմ, գյիդացող, դերվիշ, փալչի») գլուխները կտրում, կույտ է անում. «էտ քըղաքեն մաչտըեղը մին խիլլա մարթու կըլխընե կըտորած, տարսած, մին զըեռ սար շինած»: Այլ հեքիաթում թագավորը ի ծնե անդամալույծ տղային բուժել չկարողա-
նալու համար բազմաթիվ բժիշկների, փիլիսոփաների, գուշակների, հեքիմների
գլուխները կտրում, շարում է «հասարին» (ցանկապատ): Մի օտար, իմաստուն բժիշկ ասում է, որ տղան անբուժելի է, և թագավորի գլուխը պետք էր կտրել` այսքան անմեղ զոհերի, «էսքան մարդու կյանքին վայիս» լինելու համար12:
Չբուժելու համար բժշկին պատժելու երևույթը գալիս է հնագույն ժամանակներից: Դեռևս Համուրապիի (մ. թ. ա. XVIII) օրոք Բաբելոնում օրենք կար` հասարակ մարդկանց վնասելու դեպքում բժշկին տուգանել, հայտնի մարդու դեպքում` կտրել ձեռքը, իսկ նրա որդուն սպանելու դեպքում սպանում էին բժշկի որդուն13:
Հայ բժշկության պատմության ամենաականավոր դեմքերից մեկը` Ամիրդովլաթ Ամասիացին, այսպես է բնորոշում բժշկի մասնագիտության դերն ու նշանակությունը. թագավորները և մեծավորներն իրենց մոտ միշտ մի իմաստուն բժշկի են պահում, որ պետք եղած ժամանակ չգնան փնտրեն կամ ուրիշ տեղից բերեն: Բժիշկը պիտի հետևի թագավորին, զննի նրա ուտելիքը, խմելիքը, հագուստները, որ թունավորված չլինեն, «այնոր համար, որ թագավորաց և մեծունաց չարկամն շատ է»14: Թունավորելու դեպքում` հակաթույն կա` այլ դեղ դրադեմ: Այս ամենի պատճառով էլ մեծ է բժշկի պատիվը. «այլ մարդիկ զայս փառս չունին, որ բժիշկն ունի5: Նա իշխանություն ունի թագավորի ընտանիքում, ծածուկ ցավերն էլ է իմանում, «Եւ պատեհ է, որ բժիշկն զէտ խոստովանահայր լինի
և զամէն ծածուկ խորհուրդն պահէ: Թէ բժիշկն այսպէս չի լինի` ինքն չէ բժիշկ»:
Ոչ միայն գաղտնապահ, այլև ծանր պահի իրեն, լինի ուսման տեր, ձեռքը բարի,ոտքը թեթև, որ օգտակար լինի հիվանդին: Իսկ եթե ոտքը ծանր լինի, ձեռքը ոչ թեթև, ինչքան էլ ուսում ունենա, օգուտ չի տա17:
Ինքը` Ամիրդովլաթը ծառայել է Կ. Պոլսի արքունի պալատում, բայց հետո
ինչ-ինչ պատճառներով (հնարավոր է բժշկության որևէ անհաջող դեպքի) հեռացել է այլ երկիր18: Նա բավական փոթորկահույզ կյանք է ապրել, դժվարություններ քաշել այլազգիների, անօրենների, դատավորների, թագավորների ու իշխանների ձեռքից, շատ բան տեսել կյանքում. «և շատ ղարիպութիւն էի քաշել, և
զժամանակի զչարն ու զբարին և զպատահմունքն էի կրել, զհարստութիւն և զաղքատութիւն էի քաշել, և ի յերկրէ ի յերկիր շատ բժշկութեան արուեստն էի գործել..., և շատ ծառայել էի հիւանդաց, և մեծամեծաց, և իշխանաց, և հազարապետաց, և հարիւրապետաց, և քաղաքացոց, և աղքատաց, մեծի և փոքրու, և շատ չար ու բարի էի տեսել, և հանց եղա ես հիմայ, որ ոչ հարստութեան կու խնդամ և ոչ աղքատութեան կու տրտմիմ, և զամէն չարն ու բարին մէկ կու տեսնում, և անհոգել եմ այս ամէն ցանկութենէն կենցաղոյս»19: Այս ամենը կարող էին ասվել հռչակ և անուն վաստակած ցանկացած բժշկի կողմից, քանի որ նման կենսաձևն արդյունք է նրա մասնագիտական գործունեության և ժամանակի հանրային ու բարոյական հարաբերությունների:
Հեքիաթներում ևս, ինչպես իրական կյանքում, անվճար բուժումների («ա-
ռանց փարա») դեպքեր են հանդիպում:
Հեքիաթներում բժիշկը մեծ մասամբ անկախ անձ է, որ շատ անգամ բուժումներ իրականացնելու համար ստիպված է լինում շրջիկ արհեստավորի նման տեղից տեղ թափառել, նա կարող է լինել նաև պալատական բժիշկ և բնակվել պալատում: Արցախյան հեքիաթներից մեկում Լողմանի անունով է կոչվում Մելիք-Շահնազարի բժիշկը, որը հայտնի էր ամեն տեսակ հիվանդություններ բուժելու հմտությամբ: Մի ծանր հիվանդ մարդու բուժելու համար հարկ է լինում Մելիք-Շահնազարից թույլտվություն ստանալ, որը ցույց է տալիս բժշկի ոչ անկախ կարգավիճակը (հմմտ. Հերոդոտի վերը բերված վկայությունը բժշկին պալատում բռնի պահելու մասին): Բժիշկների մեջ էլ կան հարուստներ ու աղքատներ: Եվ դա միշտ չէ, որ կապ ունի նրա մասնագիտական ունակությունների, հմտության, իմաստության հետ, այլ, անշուշտ, պայմանավորված է նրանով, թե ի՞նչ շրջանակների հետ են բժշկի շփումները, ի՞նչ միջավայրում է գործում, ինչ երկրում է ապրում: Եվ սա շնորհված է ճակատագրով: Ուստի հարուստ կամ աղքատ լինելը, ըստ ժողովրդական մտածողության, բախտի, նախախնամության որոշումն է:
«Լողմանին նան չոբանը» հեքիաթում24 Լողմանին իմաստուն է, ամեն ինչ գիտի, նաև հարուստ է, միշտ իր ծառայությունից տուն է վերադառնում լիքը բեռներով, ձի է վարձում, որ տանի իրեն ու բեռները: Մի օր ճանապարհին նա հանդիպում է մի չոբանի, և նրանք վեճի են բռնվում, թե չոբանի կովը, որ ծնելու է, ինչպիսի՞ն է լինելու հորթը: Լողմանին պնդում է, որ հորթի ճակատին սպիտակ նշան պիտի լինի` մոր նման: Չոբանն էլ պնդում է, որ պոչն է սպիտակ, ինչպես հորը, միայն այդ պոչը ետևից ծալվել է ու դրվել ճակատին (երկուսն էլ ներսը տեսնելու խորաթափանցություն ունեն): Ի վերջո, գրազ են գալիս, մորթում կովը և տեսնում, որ ճիշտը չոբանն էր: Այստեղ Լողմանին զարմանում է. «Ես շատ կարթած, աշխարք տըեսած մարթ ըմ, պենան տուս ա կյամ, վըեր տու ինձանա յէլ ըս շատ գյուդում, էտ հունց ա, վըեր տու չոբան մարդ, ես լողմանի, տու գյիդացեր, ես` չէ»: Չոբանը բացատրում է դա նախախնամությամբ. «...էն վախտը, վըեր ես ու տու մորա իլալ ընք, մին պարի սհաթ ա իլալ, մին իմաստուն սհաթ, ամմա տու ինիլիս վախտը վըեխճարն ուրան տիմակն ա լուզ տուվալ, իմ ինիլիս վախտը վըեխճարն ուրան վըեննավը ուրան պոզն ա քորալ, իմ փայըս վըեսկուռն ա ինգյալ, քունը` տիմակը նան եղը, տրա հետե յէլ ես չըրչըրվելավ, քյասիբ պիտի ապրեմ, տու` համ դինջ, համ հարուստ»25:
Բժիշկները, որոնք ծագում են տարբեր խավերից և ոչ հազվադեպ` ստորին,աղքատ խավից, հաճախ իրենց հմուտ բուժումներով մեծ հռչակի են հասնում, փառքի արժանանում, նյութական բարեկեցություն ձեռք բերում, բարձրացնում իրենց կարգավիճակը: Սակայն հանուն շահի սխալ է փորձել բուժել անհույս հիվանդին, դրանով կասկածի տակ դնելով բժշկի վարկը: Եվ բժիշկը չպետք է լինի ագահ և փող չպահանջի աղքատներից26: Այս վերջին միտքը հստակ ձևակերպված է բժիշկների բարոյական վարքագրում (կոդեքս)` Հիպոկրատի երդման մեջ (եթե պետք է` ձրի բուժիր, եթե մարդը միջոց չունի կամ օտարական է): Բժշկություն սովորելիս ոչ միշտ է հաշվի առնվում մարդու բարոյական նկարագիրը: Սակայն բժիշկ դառնալով, մարդը պարտավոր է ենթարկվել բարոյական որոշակի չափանիշերի: Այդ չափանիշերն առաջին անգամ մանրամասնորեն ու համակարգված իրենց արտացոլումը գտան Հիպոկրատի օրոք` երդման տեսքով, որը հանդիսավոր կերպով արտաբերելով` բժիշկը պարտավոր էր հավատարիմ մնալ դրան իր մասնագիտական ողջ գործունեության ընթացքում:
Բժշկի բարոյական այս պատվիրանները դարեր ի վեր ուղեկցել են այդ մասնագիտության հետևորդներին:
Հեքիաթում բուժողը հիմնականում բարոյական բարձր նկարագիր ունի: Երբ հեքիմություն իմացող քարվանբաշին (քարավանապետ) բուժում է թագավորի` օձի կծածից ուռած որդուն, վերջինս ուզում է վարձահատույց լինել նրան իր մոտ ունեցած մի խուրջին ոսկով, սակայն նա չի վերցնում, ասելով, որ տղան ջահել է,թող իր համար ծախսի: Սակայն որոշ դեպքերում բուժողները հանուն փողի պատրաստ են վաճառել իրենց խիղճը, վնաս պատճառել մարդկանց կամ դառնալ չար գործարքների մեղսակիցը` արատավորելով մասնագիտական պատիվը:
Հին ժամանակներում միմյանց շարքից հանելու ամենամատչելի միջոցը թույների գործածությունն էր: Զանազան ժողովուրդների պատմության էջերը լի են նման դեպքերով: Այդ պատճառով էլ մեծամեծերի ու հարուստների անձնական բժիշկները ամենուր ուղեկցել են նրանց` հետևելու սննդին ու կանխելու թունավորման դեպքերը29: Հեքիաթներում էլ հանդիպում են թունավորելու դեպքեր:
«Դեղ» բառն օգտագործվել է նաև թույնի իմաստով: Թույներն անվանվել են դեղեր, թունավորելը` դեղել: Մայրը թունավորել է որդուն, քույրը` եղբորը, խորթ մայրը` աղջկան, օգտագործելով զանազան թունավոր ուտելիքներ` դևի գերեզմանից բերած հող, դևի պոչից սարքած ճաշ և այլն: Թույները խառնել են թեյին կամ ուտելիքին: Որոշ դեպքերում նշվում է դեղի հեղինակը. նա բժիշկ է` հիպոկրատյան բարոյականությունից հեռու, չար կախարդի գործառույթներ իրականացնող մի կերպար: Այսպես` թագուհին սիրահարվում է «ցիգանի տղին»,բժշկից դեղ բերում, տալիս ամուսնուն, որից նա կամաց-կամաց շարքից դուրս է գալիս: Ամուսնուն հավատարիմ կինը բժիշկներից լավ գումարով դեղ (թույն) է գնում, որ եթե չկարողանա իրեն հետապնդող թագավորից ազատվել` խմի և մեռնի: Սա այն դեպքն է, երբ նպատակն արդարացնում է միջոցը:
Ի վերջո, բոլոր քնաբեր, թմրեցնող նյութերն ու դեղերն էլ բուժողների, դեղագործների (հնում դրանք նույն մարդն էր) ձեռքի գործ են, որ շատ դեպքերում կիրառվում են ոչ բարի նպատակներով` վնասելու, գողության, փսխեցնելու,առևանգման կամ մեկի գլխին խաղ խաղալու նպատակներով:
Հեքիաթի բժիշկը երբեմն գործում է` տուրք տարով հերոսների ցանկություններին, խախտելով բժշկի բարոյական սկզբունքը` մի՛ վնասիր: Բժշկի անձը հաճախ չի երևում, նա ընդամենը կատարող է, իսկ արածի հետևանքների համար պատասխանատվություն զգալու մասին ակնարկ անգամ չկա: Այսպես, հավատարիմ ամուսինը, որը երդվել էր սիրելի կնոջ մահից հետո կյանքում չմերձենալ այլ կնոջ, որի անհուսորեն ծանր հիվանդ ժամանակ խոստումը պահած լինելու համար գնում է բժշկի մոտ և ամորձատել տալիս իրեն37 կամ բժշկի տված դեղերով զրկում է իրեն առնականությունից38, մինչդեռ կինն անսպասելիորեն բուժվում է և պահանջում, որ այդուհետև ամուսինը հանդուրժի սիրեկանի գոյությունը:
Հեքիմն օգնում է հերոսին ոսկերչի կնոջը տիրանալու գործում, մեկ ոսկու դիմաց նրան այնպիսի դեղեր տալով, որոնց շնորհիվ տղան գունատ, ուժասպառ է երևում և հիվանդության պատրվակով մուտք գործում ոսկերչի տուն` այնտեղ խնամվելու համար և այդպես կարողանում հասնել սրտի ուզածին39:
Հեքիմը երբեմն չի երկնչում նաև անազնիվ այլ գործարքներից, եթե դրա դիմաց իրեն լավ վճարում են. հիվանդ ձևացող թագուհու մոտ հեքիմ են բերում,թագուհին նրան առատ ոսկի է խոստանում, եթե նա թագավորին ասի, որ իբրև իրեն բուժվելու համար հարկավոր է տաք ջրերն ուղարկել մի հավատարիմ մարդու հետ, մինչդեռ դա առիթ էր` սիրեկանի հետ առանձնության մեջ լինելու համար:
Բժիշկը, ի վերջո, զերծ չէ նաև մարդկային այլ արատներից, որոնց տրվելով` ի չարս է գործադրում իր մասնագիտական ունակությունները: Մի հեքիաթում Լողմանին ռանչպարի իմաստուն երեխային հանդիպելով, վախենում է, որ երբ նա մեծանա, կկտրի իր հացը: Նրանից ազատվելու համար նա թագավորի հիվանդ որդուն որպես բուժման միակ միջոց` առաջարկում է այդ տղայի սիրտն ու պլոճիկներն ուտել: Հնում եղել է այդ հավատալիքը, որ ուտելով զոհի մարմինը, տիրանում էին նրա զորավոր հատկություններին: Տվյալ դեպքում հին ու նոր սերունդների հակամարտության խնդիրն է, հեքիաթում հինը պայքարելով նորի դեմ, նրան փորձությունների է մղում, որոնց հաղթահարումով նորն անցնում է նվիրագործության` իր համար սահմանված ուղին:
Մի հեքիաթում Լողմանին չի կարողանում հանդուրժել ֆիզիկապես առողջ,
ուժեղ մարդու դրսևորած արհամարհական վերաբերմունքն իր հանդեպ,
ապարդյուն սպասելով մի օր նրա հիվանդանալուն: Ի վերջո, նա այդ մարդու կնոջից իմանում է նրա ամուր առողջության գաղտնիքը. բացի ողջ օրը բնության գրկում կատարած ֆիզիկական անդուլ աշխատանքից, նա նաև պահպանում է սննդակարգի ճիշտ կանոնները` ուտում է միևնույն ժամերին և ուտելիքները չի խառնում իրար: Լողմանին փող է տալիս այդ մարդու կնոջը, որ նա խանգարի ամուսնու սննդակարգը` ժամերն ու կերակուրների տեսականին: Արդյունքում մարդը հիվանդանում է և ստիպված լինում գնալ Լողմանի մոտ, մեղա գալ իր պահվածքի համար:
Նշենք, որ բժշկությունը հնում դասվել է արհեստների թվին, իսկ արհեստավորների միջև մրցակցությունը տարածված երևույթ էր ոչ միան միևնույն արհեստի շրջանակներում, այլև տարբեր արհեստների: Այդպիսի մրցակցություն է հիշեցնում որոշ դիպաշարերում միջանկյալ պատմությունների ձևով արվող հեքիաթ-հանելուկների շարքը, որոնցից մեկը պատմում է նույն աղջկան սիրահարված երեք ընկերների կամ եղբայրների մասին: Աղջիկը ճիշտ ընտրություն կատարելու համար նրանց ուղարկում է արհեստներ սովորելու (մեկ տարբերակում աղջիկը չկա, թագավոր հայրն է որդիներին ուղարկում արհեստներ սովորելու, որ հետո ըստ նրանց արժանիքների որոշի` ում է թողնելու թագավորությունը): Մեկը դառնում է հեքիմ, մեկը` գուշակ կամ աստղաբաշխ, կամ իմաստուն (այսինքն` ամեն ինչ իմացող, պայծառատես) և կամ կախարդական հայելի է ձեռք բերում ու դրա մեջ տեսնում աշխարհում կատարվող ամեն ինչ: Երրորդը արագ տեղաշարժվելու ունակությամբ է օժտված` նա կամ արագավազ է, կամ ձեռք է բերել կախարդական թռչող գորգ: Մեկ տարի անց ընկերները կամ եղբայրները հանդիպում են պայմանավորված տեղում: Գուշակն իմանում է (կամ հայելու մեջ տեսնում է), որ աղջիկը ծանր հիվանդ է, մահվան շեմին: Հեքիմն ասում է, որ ունի բուժման միջոցը, իսկ վազորդն առնում է դեղն ու արագ տեղ հասցնում և փրկում աղջկան: Այժմ հարց է ծագում` ո՞ւմ շնորհիվ փրկվեց աղջիկը և այժմ նա ո՞ւմ պիտի հասնի: Երեք տարբերակներում առավելությունը տրվում է դեղը բերողին44: Մեկ տարբերակում առավելությունը հեքիմին է
տրվում, քանի որ աղջիկն ընդունել-վերջացրել է նրա դեղը` անմահական խնձորը և միայն նրա հետ ամուսնությամբ կարող է հատուցել դրա դիմաց: Մեկ այլ տարբերակում աղջիկը նրանց միջև տարբերություն չդնելու համար նրանց երեքին էլ դարձնում է իր եղբայրները, քանի որ յուրաքանչյուրի կատարածն էլ իր կյանքը փրկելու հարցում հավասարապես կարևոր էր և առանց մեկի` մյուսի արածն էլ արդյունք չէր տա, ուստի բոլոր «մասնագիտություններն» էլ պետք են ու անհրաժեշտ` ամեն մեկն իր տեղում:
Բուժողը հայկական հեքիաթներում հանդես եկող մասնագիտական ուղղվածություն ունեցող կերպարներից ամենահաճախ հանդիպողն է: Նման այլ կերպարների հետ համեմատությունն առավելությունը տալիս է բժշկին ոչ միայն քանակական վիճակագրությամբ, այլև մասնագիտական կարևորության առումներով: Բուժողների առանձին տեսակներ` բժիշկ, հեքիմ, գուշակ, դերվիշ, տատմեր և այլն, տարբերվում են գործունեության իրենց բնորոշ գործառույթներով և ոլորտներով:
Այսպիսով` հեքիաթի բուժողներն էլ, ինչպես իրականության մեջ է եղել, լինում են անճարակ ու հմուտ, աղքատ ու հարուստ: Նրանք անհաջողության դեպքում ենթարկել են իրենց վտանգների, հաջող ելքի դեպքում տիրացել փառքի ու մեծ պատիվների: Նրանք հիմնականում հավատարիմ են մնացել բժշկի մասնագիտական կոչման պարտավորեցնող բարոյական վարքագրին, բայց հաճախ հանուն շահի մեղանչել են և խախտել «մի՛ վնասիր» պատվիրանը:

ԵՎԱ ԶԱՔԱՐՅԱՆ


Աղբյուր: http://www.facebook.com/heqiat Կարգ: Հեքիաթներ | Ավելացրել է: ՄՀԷՐ (07-Հունվ-2012) | Հեղինակ: ԵՎԱ ԶԱՔԱՐՅԱՆ Դիտումներ: 1612 | Պիտակներ: ԲՈՒԺՈՂ, հեքիմ, հեքիաթ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]