// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

    Որքան մեծ էր հայ ժողովրդի պատմական առաքելութիւնը, այնքան ահաւոր եղաւ նրա ճակատագիրը: 
  Ծագումով եւրոպացի, ցեղով արիական-դինարեան, լեզուով հնդկա-գերմանական, կրօնով քրիստոնեայ` այս ժողովուրդը ներկայացրեց եւրոպականութեան առաջին «մղում յԱրեւելս»-ը, նրա նախադիրքը` Առաջաւոր Ասիայում: 
  Շրջապատուած ոչ-արիական եւ հակաքրիստոնէական թշնամիներով` նրան վիճակուեց մենակութեան ողբերգութիւնը, որից, սակայն, նա կարողացաւ դիւցազնական ստեղծել: Յաւէտ վտանգուած` այս ժողովուրդը ցուցահանեց մեծագործումի ոգի, իր ճակատագրի, նպատակի եւ պատմութեան իմաստը տեսնելով Ե. դարի հռչակաւոր պատմագիր Մովսէս Խորենացու հետեւեալ խօսքում - «Թէպէտ եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ… սակայն բազում գործք արիութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս»...
    Իր հայրենիքը - Առաջաւոր Ասիայի ռազմագիտական բանալի, շրջակայ երկրների աշխարհագրական հանգոյց Հայկական Բարձրաւանդակը - հանդիսացաւ պատմութեան ամենաարիւնոտ այն թատերավայրը, ուր Ժ. դարի արաբ աշխարհա-պատմագիր Իբն ալ-Ֆաքիհի խօսքով` մարդկային ճակատագիրն ենթարկուեց «կայծակին, երկրաշարժին եւ նժոյգի պայտին»: 
    Բայց եւ այնպէս, հայ ժողովուրդն արիական իր էութեան եւ Եւրոպայի մշակութային, կրօնական արժէքների պաշտպանութեան համար` կատարեց անհաւասարելիօրէն հերոսականը:
    Նրա պատմութիւնը հանդիսացաւ ամենահմայիչ մէկ օրինակը գերմարդկային պայքարի - անգերազանցելի նպատակի կամքով, անհասանելի` նահատակութեամբ:
    Որպէս արիականութեան թէ քրիստոնէութեան առաջամարտիկ` Հայը գործեց ճակատագրի զինուորի կամքով եւ նուիրումով, իր քաջութիւնն օծելով սրբութեամբ, իր սրից անբաժան պահելով խաչը:
    Գրեթէ 27 դար անընդհատ դաժան կռիւ տարաւ դա ասիական ոգու - իրանականութեան, սեմականութեան, մոնղոլականութեան դէմ: Հնում կազմեց պաշտպանութեան բնական գիծը դասական Հելլադայի քաղաքակրթութեան, քրիստոնէութիւնից յետոյ` կրօնակից Եւրոպայի:
    Հայն եղաւ աշխարհի քրիստոնեայ առաջին ազգը, մէկը սոյն կրօնի գլխաւոր տարածիչներից եւ ամենից ուխտուածը սրա ուսմունքն ու բարոյականը զէնքով պաշտպանելու գործում: Երեք դար դա կրօնական պատերազմ վարեց հեթանոսութեան, տասներեք դար` իսլամի դէմ: Երկու դար - Կիլիկեան Հայաստանում - դարձաւ Եւրոպայի խաչակիրների նուիրուած զինակիցը, ապահով միակ խարիսխը նրանց համար, առհասարակ քրիստոնէութեան ուխտուած պահակը` Երուսաղէմի ճանապարհին: Հետագային` որպէս կամաւոր, դա երեւաց վտանգի բոլոր այն գծերին, ուր իսլամն ու քրիստոնէութիւնն իրար բաղխուեցին: Այդ պայքարին ծառայեցրեց ո՛չ միայն իր քաջութիւնն ու հաւատարմութիւնը, այլեւ օտարութեան մէջ ստեղծած առեւտրական իր սիստեմը, սրա մէջ դնելով ո՛չ թէ հրեա-մասոնական օթեակների թխած ու եւրոպացի վաճառուած գրչակների կրկնած առասպելական խորամանկութիւնը, այլ` հենց մեծահանճար իմացաբան Կանտ փիլիսոփայի նկատած «ջանասիրութիւն»-ը, «ողջամտութիւն»-ը, «գերազանց նկարագիր»-ը: 
    Որպէս հակամարտ երկու աշխարհների-Արեւելքի եւ Արեւմուտքի-շփման կէտ եւ փոթորկալից պայքարների առաջաւոր դիրք` Հայաստանը ձեռնատու չեղաւ պետական թէ քաղաքակրթական մեծ ու տեւական կառոյցներ ստեղծելու: Բայց եւ այնպէս, այս մարզերում էլ հայ ցեղի արիական կորովը դրսեւորեց անկարելին:
    Հայերը մշակեցին զինուորական մի ոգի, որ երբեմնի թշնամի Հռովմի բանաստեղծներ Ովիդից այնուամենայնիւ այլաբանուեց որպէս «Վագրային», Վիրգիլիոսից` որպէս «կամուրջներ չհանդուրժող»: Նրանց զինուորական բարոյականը յենւում էր «սրբութեան ուխտ»-ի վրայ եւ դեռ Ե. դարից առաջ էլ պատգամում էր. «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր»: Քրիստոսից մի դար առաջ, հայ դրօշի տակ կազմուեց, Կիկերոնի խօսքով` «Ասիայի մեծազօր արքայ» Տիգրան Մեծի կայսրութիւնը:
    Հայաստանում երեւան եկաւ սերունդը Մամիկոնեան դիւցազնաշունչ զօրականների, որոնք թէպէտեւ միայն հայոց պատմութեան մէջ անմահացած` իրանց ճակատին կրեցին արիական ցեղի ամենամեծ հերոսների հանճարի, նուիրումի, մեծագործութեան կնիքը: Այդտեղ կազմակերպուեց հին աշխարհում այնքա՛ն հռչակուած հայկական այրուձին: Գրեթէ ամբողջ հինգ դար - մասնաւորապէս քրիստոնէութեան ծանր տագնապաժամերին - հայ կայսրերն ու սպարապետները ղեկավարեցին Բիւզանդիոնը, ստեղծելով սրա պատմութեան «ամենափայլուն շրջան»-ը, ինչպէս շատերի հետ` Գելցերն է նկատում հայազգի Վասիլ Ա.-ի հարստութեան կապակցութեամբ: Հակառակ  յետնական ժամանակների զարհուրանքին` զինուորական այդ ձիրքը կենդանի մնաց հայ ցեղի ոգում, ինչպէս կրակը` մոխիրի տակ: Մասնաւորապէս Ռուսաստանին հայերը տուեցին զօրավարների փայլուն մի շարք, իսկ իրանց ազատագրական պայքարներին, գերման գրագիտուհի Իլզէ Ֆրաբտնի որակումով` «ամենաարիւնոտ երկնակամարի տակ, շողշողուն աստղերի պէս մեծ ու պայծառ հերոսներ, նահատակներ»:
    Նուազ կշռութաւոր չեղան այս ազգի մշակութաստեղծ ոգու նուաճումները: Հայը զարգացրեց երկրագործական ինքնուրոյն մի քաղաքակրթութիւն: Նոր շատ բան մտցրեց մետաղագործութեան մէջ: Ստեղծեց հոյակապ մի ճարտարապետութիւն: Շատ արուեստներում դարձաւ ո՛չ միայն իր շրջապատի, այլեւ եւրոպական ազգերի ուսուցիչը: Մշակեց հնդկաեւրոպական սքանչելի մի լեզու` նրբութեամբ յունարէնին, նորակերտումի ուժականութեամբ` գերմաներէնին հաւասար: Դա երկնեց պատմագիտական, աստուածաբանական, իմաստասիրական, գեղարուեստական, գիտական մեծ մի գրականութիւն, կրօնական անգերազանցելի մի բանաստեղծութիւն, եկեղեցական շատ սրտայոյզ մի երաժշտութիւն, փառաւոր մի դիւցազներգութիւն եւ երանգներով թէ իմաստով շատ հարուստ ժողովրդական երգերի մի գանձարան:
    Այս ժողովրդի մեծ յղացումներից է ազգային ապրումի, ոգու մշակումը: Դա քրիստոնէութիւնը վերածեց ազգային դաւանանքի, ստեղծեց ազգային մի եկեղեցի, որի մասին ամէն ոք Ալենիի հետ կարող է կրկնել` միակը որ «աշխարհիս վրայ ամենից աւելի ներկայացնում է մի ազգի ոգու մարմնացումը»: Դա յօրինեց ամենակատարեալ այբուբենը, որ երբեւէ կարող է արտայայտել մարդկային հնչիւնների նրբութիւնը: Հնում` որոշ ազգերի գիր տուեց, նոր ժամանակներում` տպագրութիւն եւ առհասարակ հոգեւոր անկախութեան այն զէնքերը, որոնցով քաղաքականապէս անբախտ ժողովուրդները կարողանում են ազգային իրանց դիմագծութիւնը պահել, որոնցով թուապէս փոքրերն էլ յաւիտենականի առաջ մնում են մեծ: 
    Էութեամբ արիական` այս ժողովուրդը, քաղաքական իր հզօրանքի թէ խորտակումների մէջ, մնաց եւրոպականութեան իդէալների խաչակիր դերում եւ յաւիտենականութեան չափ անանց, նրա չափ խոր մի հաւատարմութեամբ նուիրուեց իր այդ առաքելութեան: Անխորտակելի մնաց առաքելական նրա կամքը, չնայած որ նա միշտ գործ ունեցաւ ամենավայրագ մի շրջապատի կոյր ու դաժան ոյժերի հետ:
    Ամենախոր յուսահատութեան մէջ իսկ` բարոյապէս թէ իմացապէս դա չկտրուեց Եւրոպայից – տարածեց սրա ոգին, բառը, գիրը, քաղաքական տեսիլքը` Արեւելքում: Վերջին դարերին, ենթակայ իսլամական պետութիւնների տիրապետութեան, դա իր վրայ կրեց սրանց ամբողջ ատելութիւնը` քրիստոնէութեան դէմ: Դա իմաստ տեսաւ անգամ այդ ճակատագրի մէջ, շրջապատի մոլեռանդութեան եւ բարբարոսութեան դէմ մաքառելով ողբերգական մի հայրենասիրութեամբ - անօրինակ` տառապանքով, անօրինակ` նուիրումով եւ հաւատարմութեամբ: Դա ամենօրեայ արցունքով օծեց հայրենի յիշատակարանները, կեանքի գնով պահեց հայ տաճարը, հայ գիրքը եւ մարդասպանների, աւազակների սրի տակ` մնաց բարեպաշտ երկրագործ: Աշխատանքից չարչարանքը միայն բաժին հանեց իրան, վաստակը տուեց թուրքին, թաթարին, քիւրդին, եւ ամէն օր ձեռքն առած բարեպաշտ իր հայրերի մագաղաթը, խորհուրդի նստեց Աստծու հետ` իր քրիստոնէութիւնը, իր ցեղի արիւնը, պատիւը անարատ պահելու ուխտով:
    Հենց այդ ժողովրդին պիտի վիճակուէր քրիստոնէութեան եւ արիականութեան մեծագոյն նահատակի ճակատագիրը: Դա ապրեց մարդկային պատմութեան ամենաքստմնելի եղեռնները, միայն քառորդ դարի ընթացքին (1895-1920) տալով 300.000+30.000+ 2.000.000 զոհեր: Մահուան ճանապարհին իսկ ցուցահանեց բարոյական մեծութիւն` որպէս զանգուած կրելով մի խաչ, որ հազուադէպ պարագաներում միայն ընդունակ են տանել գաղափարի մեծ առաքեալները, եւ ինչպէս Ե. դարի իր պատմագիրներից Եղիշէն է ասում` «իր կենդանութեամբ տեսաւ իր անձի դիակը», բայց մնաց ոգու ժողովուրդ: 

* * *

    Մի ժամանակ մարդկային սրտից արձակուեց ցաւագին աղաղակը. «Եգիպտո՛ս, Եգիպտո՛ս, հետագայ սերունդներին անհաւատալի առասպելներ միայն պիտի մնան քեզանից, եւ բարեպաշտ քո գործերը ծանուցող ոչինչ կայուն, քան քար կտրած խօսքերը»:
    Անհունօրէն զարհուրելին վիճակուեց Հայաստանին: Այստեղ, 20-րդ կոչուած դարում, եւրոպական հզօր ոյժերի աչքի առաջ եւ նրանց մեղսակցութեամբ, քրիստոնեայ մի ազգ եւ մէկը արիական ցեղի ամենահին, ամենամեծ եւ ամենաինքնուրոյն մշակոյթներից` խորտակուեցին մոնղոլական բարբարոսութեան հարուածների տակ: Այստեղ, իսլամական մոլեռանդութիւնը պատմական յուշարձանների քարերին անգամ չխնայեց: 
    Կատարուածից յետոյ «ցնցուեց» քրիստոնեայ մարդկութիւնը եւ շատ բան ասաց-գրեց ահաւոր եղեռնի մասին, թէպէտեւ տարողութեամբ դա պատկանում է անցաւոր այս աշխարհի անպատմելի դէպքերին, իսկ իմաստով` դեռ անըմբռնելի է մնում Եւրոպային: 
    Ամէնից աւելի բարոյական ըմբռնողութեան պակասից է մարդկային տկարութիւնը սարսափներ վիժում: Մեղսակից հայ ազգի ահաւոր նահատակութեան` քաղաքական Եւրոպան նրան էլ պիտի պարտադրէր սպանիչ մի «Վերսայլ»: Դա ո՛չ հայ ժողովրդի արեան եւ արցունքի հեղեղներից ազդուեց, ո՛չ դեռեւս խղճի եւ պատուի զգացում չկորցրած 7.000.000 եւրոպացիների եւ ամերիկացիների բողոքից, ո՛չ իսկ Լլոյդ Ջորջի քննադատութիւններից: Լոզանի դաշնագրով (1923թ.) դա հայերի դարաւոր հայրենիքը թողեց նրանց սպանիչներին: 
    Այդ քայլով հին Եւրոպան կնքեց բարոյական իր մահկանացուն: 
    Սրտի տէր ամէն մարդ, որ դեռ չէր կորցրել իր Աստծու հետ խօսելու իրաւունքը` մատնուեց բարոյական տանջանքի: Շատերը Բերլինում պրոֆեսորներից Մարքւարտի հետ զգացին, որ «Եւրոպայի մեղքերի ամօթից այլեւս կարելի չէ նայել երկնքին»: Ուրիշները Ֆրիդեօֆ Նանսէնի հետ տառապելով հայկական արժէքներն ուրացող, հերոսականը, նահատակութիւնը մոռացող, դատը, յոյսը տապանաքարող Եւրոպայի համար` ողբացին հայ ճակատագիրը, աղաղակելով. «Խաբուա՛ծ ժողովուրդ»:
    «Ցաւն ասում է` անցի՛ր»… բայց եւ այնպէս, կեանքի ամենատխուր ցաւի ոյժով ապրում է հայ ժողովուրդը – ոգու ժողովուրդը, որի դիւցազնական զօրավարների, կայսրերի եւ հնահռչակ այրուձիի քաջութեան եւ նուիրումի շնորհիւ շատ անգամներ փրկուեցին Եւրոպան եւ քրիստոնէութիւնը, որ սակայն, իրերի ապերախտ մի դարձակէտում զոհ դարձաւ եւրոպական ոյժերի քաղաքական հակամարտութեան, նրանց բարոյական կարճատեսութեան, նրանց դաւաճանութեան:
   Թուրքե՞րը յաղթեցին հայերին:… Բայց հայոց նահատակութիւնը տեղի ունեցաւ քաղաքական դաւադրութիւնների պատմական մի շրջանում, երբ աշխարհում տիրում էր ոգու ստորնացումը, երբ վախկոտի խորամանկութիւնը շղթայակապում էր հերոսների ասպետականութիւնը, երբ առիւծի եւ աղուէսի կռւում` յաղթանակը վիճակւում էր վերջինին:

Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (06-Հնս-2011) Դիտումներ: 1118 | Պիտակներ: Հայկ Ասատրյան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]