// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Զօր. Նժդեհ. - Խռովիչ ճշմարտութիւնների մի գիրք


(հատված Հայկ Ասատրյանի ՀԱՅԱՍՏԱՆ - ԱՐԻԱԿԱՆ ՆԱԽԱԴԻՐՔ ԱՌԱՋԱՒՈՐ ԱՍԻԱՅՈՒՄ  գրքի 1942թ. հրատարակության առաջաբանից) 


    Հայաստանին վիճակւեց Արեւմտեան էութիւնը Արեւելքի դէմ դարերով պաշտպանելու որքան ծանր, այնքան պատւաբեր պատմական դերը:
    Նրա արիականութիւնը, ինչպէս եւ հետագայում քրիստոնէութեան առաջամարտիկի հանգամանքը պատճառ դարձան, որ նա աւելի թշնամիներ ունենայ, քան զինակիցներ, եւ որ յաճախ մենակ կուրծք տայ իր գոյութեան եւ երկրին` Արիականութեան Առաջաւոր Ասիոյ նախադիրքին սպառնացող բազմապիսի ոյժերին:
    Մենակի այդ իր ողբերգութիւնը աւելի եւս շեշտւեց այն ժամանակից, երբ Հռոմը քաշւեց Արեւելքէն:
    Ճի՛շդ է, միջին դարերում քրիստոնեայ աշխարհը ղեկավարելու չափ զօրաւոր ոյժեր առաջ եկան Եւրոպայում, բայց ճիշդ է ու այն, որ դրանք իրենց ներքին հակամարտութեանց շնորհիւ չկարողացան իրական օգնութիւն ցոյց տալ իսլամի եւ մոնգոլ թուրքերի դէմ եւրոպականութեան ու քրիստոնէութեան դատի համար օրհասօրէն մաքառող Հայաստանին: 
    Եւրոպական մարդկութեան այդ ապերախտ թերացումը` իր նիւթապաշտիկ աշխարհզգացողութեան շնորհիւ, նոր եւ նորագոյն ժամանակներում հանգեց բացայայտ դաւաճանութեան` դէպի հայկական ճակատագիրը` մի բան, որ եւ կարելի դարձրեց անօրինակ ջարդը հազարամեակների պատմութեան ու մշակոյթի տէր մի ամբողջ ժողովրդի: 
    Այսպէս, մեծ եղաւ Եւրոպայի ուրացումը, այնքա՛ն, որքան մեծ էր եղել քրիստոնէութեան մատուցած մեր ցեղի ծառայութիւնը` կրօնա-ցեղագրական ամենածանր պայմաններում. այսպէս ապերախտւեց այն ազգը, որի արիութիւնն ու արիական հաւատարմութիւնը ճակատագիրը փորձել էր դարերի հարւածներով:
    Ազգերը դեռ չեն ճանաչել հայը, որն իր պետութեան անկումից յետոյ իսկ մնաց արժէքաստեղծ` օտար գահերին թագակիրներ, բանակներին` յաղթական զօրավարներ, երկիրներին` բարեկարգիչներ, արւեստներին ու գրականութեան հանճարեղ վարպետներ տալով: Իր բնաշխարհում թէ իբրեւ տարագիր` նա եղաւ ստեղծագործ, որով եւ` յաղթանակ կանգնեց ժամանակների ու մահւան դէմ, ու յաճախ իր հանճարի լոյսով լուսաւորեց յաւիտենականի բարձունքները: Նա գիտցաւ արժէքագործել, եւ դրանով հաստատեց երեք բան, այն է` որ մեծ, շա՛տ մեծ է իր հոգեւոր զօրութենականութիւնը, որ անխաթար է կենսաբանական իր բարոյականը, եւ որ ընդունակ է իր ճակատագրի հանդէպ եղած անարդարութիւնները հատուցանել մարդկութեան բերած իր ծառայութիւններով: 
    Աշխարհը դեռ չի հասկացել նաե՛ւ մեր նորագոյն ողբերգութիւնը: Դա միայն նրանում չէ, որ թուրքը դաւադրաբար ջարդի մատնեց մեր ժողովրդի կէսը, այլ` որ հին նենգաշահ Եւրոպան իր ընթացքի անբարոյականութեամբ ներշնչեց նրան, թէ կարելի է միլիոնաւոր քրիստոնեաներ ջարդել եւ անպատիժ մնալ: Դա նրանում չէ, որ գերեզմանոցի վերածւեց լոյսի եւ արդար վաստակի աշխարհ մեր հայրենիքը, այլ` որ այդ վանդալականութիւնը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ Եւրոպան քաղաքականապէս ամենազօր էր, իսկ Թուրքիան` անկեալ:
    Մեր ողբերգութիւնը պայմանաւորւեց ու խորացաւ նրանով, որ անպատիժ մնաց պատմութեան մեծագոյն չարագործը, որն ըստ նոյն Եւրոպայի հոգեւոր ընտրանիին պատկանողներէն մէկի` «մարդկութիւնը տառապեցնողնէրն ամենէն զարհուրելին եղած է» (Ժ. դը Մորգան): Նա` հին Եւրոպան, որի նրբագոյն արհեստն էր «նախ սուրբ գիրքը եւ հաց, յետոյ սուրը» մտցնել օտար երկիրներէն ներս, Թուրքիա միայն հաց եւ կաշառող ոսկի մտցրեց: Մենք ի զուր սպասեցինք, սպասեցինք մարդկօրէն, որ նա հայկական ողբերգութիւնը դարձնէ ի՛ր ողբերգութիւնը: Աւա՛ղ, նա չհասկացաւ, որ արեւմտականութեան եւ քրիստոնէութեան Արեւելքի հերոսական պահակի ֆիզիքական մահը համազօր պիտի դառնար իր բարոյական մահւան: 
    Աւելի՛ն, նա ո՛չ միայն յամառեց չհասկանալ այդ, այլ եւ հայկական եղեռնից յետոյ նրա մտաւորականութեան տականքը իր գրիչը ծախու հանեց թուրքին, որպէսզի հայհոյւի ու վատահամբաւուի սրբազան զոհը` Հայութիւնը…:
    Իբրեւ հետեւանք եւ թագն ու պսակն այդ բոլորի` մեզ վիճակւեց նաե՛ւ Լոզանը` Եւրոպայի բարոյական անկման ու ամօթանքի Գողգոթան, ուր խաչ հանւեց մօտ երկու միլիոն անթաղ մեռելների դատը, առանց անդրադառնալու, որ դրանով նա բարոյապէս մեղսակից է դառնում ջարդարարին, եւ անլուր ու անարիւն կոտորածի դատապարտում իր կենդանի յաւիտենականից` հայրենի հողից կտրւած մէկ միլիոն հայ տարագրութիւնը: 
    Այսպէս, իր քաղաքա-նիւթական հզօրանքի մէջ մարդկայնօրէն սնանկացած Եւրոպան, որի համար Գլադստոններն ու Ժոռէսները մնացին իբրեւ սուրբ գիրք` հեթանոսների մէջ, ոչ միայն չզգաց մեր աղէտի վեհութիւնն ու ահաւորութիւնը, այլ եւ զայն վերստին սակարկեց մեր ցեղի գոյութեան թշնամիների հետ:
    Այստեղ է ահա՛, որ մահացու վէրքեր ստացան նրա անունը, բարոյականը, հեղինակութիւնը:
    Հետեւա՞նքը` քառորդ դար է, ինչ մեր ազգին վիճակւած ողբերգութեան չափ մեզ տառապեցնում է Աստծուց լքւած հին Եւրոպայի բարոյական անկումը: Մենք ողբում ենք թէ՛ մէկը, թէ՛ միւսը, հաւասարապէ՛ս:
    «Եւրոպայի մեղքերի ամօթից այլեւս կարելի չէ նայել երկնքին» (Մարքւարտ): Այո՛, վաղուց է, ինչ մենք առանց ցաւախառն ամօթանքի չենք կարողանում նայել նաեւ աշխարհի աչքի մէջ, որովհետեւ, իբրեւ արիացեղ ժողովուրդ, մեզ վիճակւած ողբերգութիւնը մենք ապրում ենք նաե՛ւ իբրեւ եւրոպական մարդկութեան հոգեւոր անկման ողբերգութիւնը:  Այդ ողբերգութեան պատճառների վերլուծման է նւիրւած Դոքտ. Հ. Ասատրեանի այս գիրքը:
  Շատերը, հարազատ թէ օտար, շատերն են գրել հայկական եղեռնի մասին, դրանք, սակայն, յաջողագոյն դէպքում հանդիսացել են իբրեւ մի պտղունց խունկ կամ առկայծող մի պատրոյգ անգիտութեան ու մոլորանքի մութ անապատում:  Առաջին անգամն է, ինչ հրապարակ է դրւում մի գիրք, արժանի մեր ցեղի անցեալին, օրւայ մեր տառապանքի մեծութեան եւ մեր դատին: Դա պատկանում է ճշմարտօրէն մեծ այն մատեանների կարգին, որոնք գալիս են խռովելու եւ լուսաւորելու ընթերցողի գերագոյն խղճմտանքը:
    Իբրեւ գիտութեան եւ տեսական խղճմտանքի մարդ` հեղինակն իր խօսքը ծառայեցրել է ճշմարտութեան, իսկ փրկարար ճշմարտութիւնը` իր անիրաւուած ժողովրդին: Չի կարելի խորանալ այդ գրքի մէջ եւ իրեն չզգալ խաչւած հայկական խաչով, նաեւ` չլեցւել խորագոյն յարգանքով դէպի հաւատքի, սրի եւ իմացականութեան հսկաներ ծնող հայ ցեղը:
    Պատմական փաստերի եւ փաստաթղթերի լոյսի տակ ներկայացւած են` ոճրագործ թուրքը, ոճիրի բարոյական հնարաւորիչը` հին Եւրոպան եւ սրանց զոհը` հայութիւնը: Հետեւեցէ՛ք իրերի եւ երեւոյթների սիրտը շօշափելու կարող հեղինակի քաղաքական ու հոգեբանական վերլուծումներին եւ դուք թուրքն ու մասոնացած Հին Եւրոպան պիտի գտնէք կողք կողքի, միասին: Չլինէր Եւրոպայի ուրացումը` թուրքը չէր յանդգնի գանկերի ոսկրադէզերով ծածկել մի ամբողջ հայրենիք. ահա՛ այն համոզումը, որով ընթերցողը փակում է այդ գիրքը: Մի վաւերագրեալ ամբաստանագիր է դա, որում ամենայն առարկայականութեամբ ճշդւած են մեղքերի բաժինները մեր ժողովրդի գոյութեան դէմ դաւող բոլոր մութ ոյժերի: Դա գալիս է Հին Եւրոպան յանձնելու նորի` ճշմարիտ եւրոպականութեան դատաստանին: Գալիս է ճշմարտութեան ջրով սրբելու օրուայ եւ վաղւայ հայութեան աչքերը, որպէսզի նա, իրեն պատճառւած ամբողջական չարիքի հետ, տեսնէ նաե՛ւ տիեզերական արդարութեան երկաթէ բռունցքն այն հարւածների մէջ, որոնց տակ այսօր կործանւում է հին աշխարհը: 
    Մեր ողբերգութիւնը կատարեալ դարձնելու հաշւով` մեր ցեղի դիւամիտ թշնամիները աշխատեցին, ինչպէս ասացի, որ հայը մնայ անտեղեակ իր դժբախտութեան հիմնական պատճառներին: Իսկ նմանը` անհատ թէ ժողովուրդ, դառնում է առօրեահոգ, տեսլազուրկ, անհամերաշխ, պառակտեալ ու պարտւողական, որով եւ` անընդունակ վերանորոգումի, հերոսականի, նորակերտումի` անընդունակ երբեւիցէ տիրապետելու իր ճակատագրին: Հոգեւորապէս ապաքինում են միայն այն հարւածւած, աղիտւած ժողովուրդները, որոնք սիրում են ճշմարտութեան հարցը: Ո՛ղջ ճշմարտութիւնը ժողովրդին` ահա՛ թէ ինչ են պահանջում քաղաքական դաստիարակութիւնը եւ ճշմարիտ հայրենասիրութիւնը: Այո՛, ո՛ղջ ճշմարտութիւնը, որովհետեւ ժողովուրդները միայն ճշմարտութեամբ են յաջողում յաղթահարել իրանց դժբախտութիւնը եւ հարւածախոյս լինել վաղը, գալիքում: Այդ գրքի հեղինակը, որ մեզ նման չի սիրում ճշմարտութիւնը անտեսել, գալիս է, միաժամանակ, քաւելու հայ ղեկավար մտաւորականութեան վերջին երկու տասնամեակների անգործութեան մեղքերը, այն կուսակցականացած մտաւորականութեան, որ յանցաւոր թեթեւամտութիւն ունեցաւ կարծելու, թէ իր կոչումը սոցիալիզմ եւ դեմոկրատիա բառերը անլրջօրէն հոլովելու մէջ է եւ ոչ թէ իր ցեղը մութ զրպարտութիւնների դէմ պաշտպանելու:
    Այս օրերին, վերածնւող ցեղայնութեան այս մեծ օրերին, երբ դրւում է Նոր Եւրոպայի, որ ասել է` քաղաքական նոր բարոյականի եւ մարդկայնութեան խնդիրը` բացարձակապէս անհրաժեշտ է դառնում հայասիրական լուրջ պրոպագանդի կազմակերպումը, մի բան, որ հնարաւոր է միայն նման գրքերով, որպէսզի մարդկութիւնը ուղիղ հասկացողութիւն կազմէ ջարդւած, խաբւած ու զրպարտւած մեր ժողովրդի մասին: Չմոռանա՛ք, որ այս կամ այն ժողովուրդը Եւրոպայի կողմից քաղաքականապէս անիրաւուելուց առաջ մի՛շտ էլ վատահամբաւուել է, վարկաբեկւել: Դոքտ. Հ. Ասատրեանի այս մեծարժէք մատեանը նաե՛ւ այդ տեսակէտից մի մեծ տուրք է` տրւած ճշմարտութեան ու մեր ցեղին, ահա՛ թէ ինչո՛ւ նրա երեւումը մեր ընթերցող հասարակութեան կողմից պիտի ողջունւի երախտագիտութեան խորագոյն զգացումով: 

ԶՕՐ. ՆԺԴԵՀ
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (05-Հնս-2011) Դիտումներ: 1121 | Պիտակներ: Հայրենիք, Հայկական հարց, Հայաստան, Եվրոպա, Հայկ Ասատյան, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]