// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՄՈՒԹ ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ 

Սահմանադրութիւնն ազատութիւն չբերեց Թուրքիայի ժողովուրդներին, ո՛չ էլ փրկութիւն` Օսմ. կայսրութեան: Վարչաձեւի փոփոխութիւնը չեղաւ ոգու յեղաշրջումով: Թուրքը մնաց նոյն անհանդուրժողը` փոքրամասնութիւնների ազատութեան: Դժգոհութիւնները խորացան Արաբիայում, ուր տեւական կռիւ էր մղւում օսմանեան իշխանութեան դէմ: Ապստամբեցին ալբանացիները, անգամ քիւրդերը: Իտալիան գրաւեց Տրիպոլին եւ Կիրենայկան` Ափրիկէից վերջնօրէն վտարելով օսմանեան դրօշը: Այդ պատերազմը հազիւ վերջացած` ոտքի ելան բալկանեան քրիստոնեաները: Բուլղարիան, Յունաստանը, Սերբիան, Սեւ Լեռը միացած` թուրքերին դուրս էին քշում ե՛ւ Եւրոպայից: Բուլղարական բանակը հասաւ Չաթալճա եւ սպառնաց Կ. Պոլսին: Սկզբում սրտառուչ էր Բալկանի քրիստոնեայ ժողովուրդների համաձայնութիւնը: Խանդավառ էին նաեւ հայերը, որոնք կամաւորների փոքրիկ մի զօրախմբով կռւում էին բուլղարական բանակի շարքերում եւ տրամադիր էին շա՛տ աւելին անել: Արեւելեան Թրակիայում, ազատագրուած հայերը զինական իրանց ծառայութիւնն էին առաջարկում բուլղարներին: Ռոդոստօ հայաբնակ քաղաքում շքեղ ընդունելութիւն ցոյց տրուեց Բուլղարիայի թագաւոր Ֆերդինանդին, որ դրել էր նաեւ Հայաստանի ազատագրման հարցը: Բայց մեծ պետութիւնների հակամարտութիւնները Բալկաններում հրահրեցին ուխտադաւութեան ոգին: Անհամաձայնութիւնը աւարի բաժանման խնդրում` յանգեց նոր պատերազմի: Նախկին զինակիցներից երեքը, միացած Ռումանիային, իրանց զէնքը դարձրին Բուլղարիայի դէմ: Ապերախտուեց եւ չարաչար կերպով պարտուեց հակաթուրք պայքարի իսկական դրօշակիրը: Տխուր այդ կացութիւնից կրկին օգտուեց Թուրքիան: Առանց դիմադրութեան հանդիպելու, Էնվէրը մտաւ Ադրիանուպոլիս եւ ձրի շահեց յաղթականի պսակը: Քայքայուած թուրք պետութեան մէջ դերասանութիւնն աւելի եւ աւելի գրաւեց քաջութեան տեղը: Բայց դրանով էլ թուրքերը կարողացան Եւրոպայում որպէս ոյժ ծախել իրանց:
    Հայերը փախցրեցին փրկութեան ամենայարմար առիթը: Նրանք չօգտագործեցին օսմանեան պետութեան ամենատկար վայրկեանը. չապստամբուեցին: Պատճառները չեն արդարացնում ժամանակի հայ գործիչներին, որոնք, լքած կռուի միջոցը, տարուած էին բնաշրջական նախապաշարումներով: Ազդեցին, անշո՛ւշտ, նաեւ մի քանի դէպքեր. 1) Կարճ տեւեց բալկանեան քրիստոնեաների համաձայնութիւնը. հայերը դառն փորձառութիւններ ունէին եւրոպական դիւանագիտութեան մասին եւ ցաւով հասկանում էին, որ ապերախտուած ու դաւադրուած Բուլղարիայի կրած աղէտները հետեւանք են հզօր ոյժերի սադրանքներին, մութ հաշիւներին: 2) Քաղաքականութիւնը բարոյականով պայմանաւորող ժողովուրդ` նրանք ասպետական գործ չէին համարում զարկել կործանուող Թուրքիայի թիկունքից, մանաւանդ որ պատճառներ ունէին չվստահել ռուսական դիւանագիտութեան: 3) Հայերը տեսնում էին, որ Թուրքիայում օրից օր ուժեղանում է Գերմանիայի ազդեցութիւնը, որի հետ նոյնպէս կապում էին ընդհանուր մի վերածնութեան յոյսեր: 4) Նրանք նկատում էին ռուսեւգերման շահերի վտանգաւոր հակամարտութիւնը Փոքր Ասիայում, ուստի եւ գիտէին, որ մի ապստամբութիւն կարող է առիթ ծառայել ո՛չ միայն իրանց համար անորոշ հետեւանքներով ռուսական միջամտութեան, այլեւ` ռուսեւգերման պատերազմի: 
    Դեռեւս 1912թ. գարնան, ռուս կառավարութիւնը լրջօրէն անհանգստանում էր գերմանեւհայ մի հասկացողութիւնից` Փոքր Ասիայում: Հենց Կովկասում զգալի թիւ էր կազմում գերմանասէր հայ մտաւորականութիւնը: Փոքր Ասիայում Գերմանիայի համար լաւագոյն առիթն էր ներկայանում բարերարել հայ ազգը եւ Առաջաւոր Ասիայում ստեղծել ամուր, տեւական, արիական մի խարիսխ: Նման մտքեր տեղ էին գտնում այդ օրերին հայոց պաշտօնական օրգանի հանգամանք ունեցող Կ. Պոլսի «Ազատամարտ» թերթում: Հայերն անտարբեր չէին դէպի գերմանական ծրագիրը, որ ռուսեւգերման այդ հակամարտութիւնների օրերին, նոյն թերթում պարզում էր հայութեան գերմանացի բարեկամներից դր. Լեպսիուսը. «երմանական քաղաքականութիւնը կատարեալ յեղաշրջում է կրել Հայկական Խնդրի նկատմամբ: Որքան գերման նախաձեռնողները մտնում են Փոքր Ասիայի խորքերը, այնքան նրանք աւելի եւ աւելի այն համոզման են գալիս, որ գրեթէ չեն կարող յաջողութիւն գտնել… առանց հայերի աջակցութեան: Ուստի` գերմանացիք վճռել են խրախուսել այդ ընդունակ, բայց անտարբերութեան մատնուած ժողովրդին: երմանական դիւանագիտութիւնն ըստ ամենայնի աշխատելու է Հայաստանում բարենորոգումներ մտցնելու եւ միանգամընդմիշտ վերացնելու այդ երկրում անդորրութիւնը խանգարող պատճառները: Այս հոգացողութիւնն անհրաժեշտ է մանաւանդ այն պատճառով, որ նա նպատակ ունի պահպանել ասիական Թուրքիայի անձեռնմխելիութիւնը…: Ամէնից առաջ բանակի կազմակերպումը կը յանձնուի բացառապէս գերմանացի սպաներին… ուստի` կարելի է վստահ լինել, որ… բնակչութեան կեանքը կ’ապահովուի: Երկաթուղու կառուցումն, իր բոլոր ճիւղերով, աստիճանաբար առաջ է գնում. Սեբաստիա-Խարբերդ-Տիգրանակերտ գիծը մեր ձեռքին կը լինի, այս է երկրի վերածնութեան նոր միջոցը: Բայց լուսաւորութեան ջերմ կողմնակից հայերին առանձնապէս կ’ուրախացնի Կ. Պոլսում գերմանական համալսարան հիմնելու ծրագիրը: Սակայն ամէնից առաջ պէտք է փոխել դասաւանդման եղանակը ստորին եւ միջնակարգ դպրոցներում: Այդ բանի համար մենք կ’օգտւենք հայերից»: 
    Անհանգստացած հայերի` Գերմանիային հակուելու վտանգից, Պետերբուրգի կառավարութիւնը դիմում է մի շարք քայլերի` ձեռք բերելու «հայոց բարերար»-ի պատիւը: Էջմիածնի նորընտիր Կաթողիկոսի (Գէորգ Ե.)` ցարին արած աւանդական այցելութեան առիթով (1912-ի գարնան), Պետերբուրգի պալատը նրան հաւաստիքներ է տալիս, թէ փոխուել է ռուսների հայկական քաղաքականութիւնը: Միաժամանակ, թելադրւում է Հայոց Հայրապետին, առաջարկ բերել` Հայկական Հարցի լուծումը Ռուսաստանին վստահելու իմաստով: Մի քանի ամիս յետոյ (հոկտ. 2-ին) Կաթողիկոսը դիմում է Նիկոլայ Բ.-ին` խնդրելով Թուրքիայի հայերին ընդունել իր հովանաւորութեան տակ: Որ այդ քայլը կատարուել է որոշ հարկադրանքի տակ, դա պիտի պարզուէր հետագայ դէպքերից: Կաթողիկոսարանի արտասահմանեան օրգանները (Կ. Պոլսի Պատրիարքարան եւ սրան համախորհուրդ գործող հայ քաղաքական մարմինները) Լոնդոնի «Անգլեւհայկական Կոմիտէ»-ի անունից դիմեցին 6 մեծ պետութիւններին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Թաֆթին: Կաթողիկոսը նշանակեց նաեւ մի պատուիրակ (Պօղոս Նուբար փաշա), աշխատանք տանելու եւրոպական մայրաքաղաքներում: Այս քայլերը ցոյց են տալիս, որ Էջմիածինը չէր ուզում ամբողջովին անձնատուր լինել ռուսական քաղաքականութեան եւ Հայկական Խնդրի լուծումը ցանկալի էր համարում համաեւրոպական ճիգով ու համաձայնութեամբ: 
    Կ. Պոլսի ռուսական դեսպան Գիրսը Սազոնովին ուղղած պաշտօնական մի գրութեամբ (26 նոյեմբեր 1912) ահազանգ է հնչեցնում Պետերբուրգում, որ հայերը պատրաստւում են դիմել եւրոպական մեծ պետութիւններին, որով` «նախաձեռնութիւնը դուրս կը գայ մեր ձեռքից»: Նա աւելացնում է. «Անհրաժեշտ է հաւաստիացում տալ թէ՛ Կաթողիկոսին, թէ՛ Կ. Պոլսի Պատրիարքին, թէ կայսերական կառավարութիւնը հայ ժողովրդին… ցոյց կը տայ… հնարաւոր հովանաւորութիւնը: Այսպիսի մի խոստում… Թուրքիայի հայերին յոյս կը տայ, թէ մենք կ’օգնենք… Դա կարող է նրանց յետ պահել պետութիւններին դիմելուց… Բայց պէտք է նկատի առնել ե՛ւ այն հնարաւորութիւնը, որ ներկայումս Թուրքիայում տիրող անիշխանութեան մէջ բարենորոգումները սպասուող հանգստացումը չեն բերելու եւ պատրաստ լինել այն բանին, որ մեր զօրքերի մուտքը հայկական նահանգներում գուցէ անհրաժեշտ դառնայ»: 
    Պետերբուրգի կառավարութեան թելադրանքով Կովկասի փոխարքան մի պաշտօնագրով (22 դեկտեմբեր 1912) յայտնում է Կաթողիկոսին. «…Կայսերական կառավարութիւնն առաջարկութիւն է արել թուրք կառավարութեան… այժմ իսկ լուրջ կերպով զբաղուել բարենորոգումներով` թուրքաց Հայաստանում… Հետեւելով դարաւոր աւանդութիւններին եւ խորին զգացմունքով վերաբերուելով հայ ժողովրդի տանջանքներին կայսերական կառավարութիւնն այսուհետեւ էլ մտադիր է ամենաբարեացակամ կերպով վերաբերուել Թուրքիայում հարստահարուող հայ ժողովրդի կարիքներին… անհրաժեշտ բարենորոգումներն իրագործելու նպատակով: Կայսերական կառավարութիւնը, սակայն, գտնում է, որ հայերի շահերին անհամապատասխան է Հայկական Հարցի քննութեան առնելը պետութիւնների առաջիկայ խորհրդաժողովում (Լոնդոնի), որ հաւաքւում է բալկանեան տագնապը կարգաւորելու, որովհետեւ հիմք ունի կասկածելու, թէ եւրոպական պետութիւնները միակամ կը լինեն հայերի համար կենսական հարցի լուծման ժամանակ: Եւ սակայն, պետութիւնների այսպիսի միակամութեան բացակայութիւնը… ինչպէս ապացուցել է պատմական տխուր փորձը, պիտի ստեղծի նպաստաւոր պարագաներ, որպէսզի թուրք վարչութիւնը խուսափողական վերաբերմունք ցոյց տայ դէպի հայերի դրութեան բարւոքման գործը: …Ես առանձնապէս կարեւոր կը համարէի, որ ներկայ վճռական վայրկեանին հայերը ցոյց տային առանձին շրջահայեցութիւն…եւ հաւաքական անժամանակ դիմումներով չբարդացնէին կայսերական կառավարութեան գործը` Թուրքիայի հայոց դրութեան լաւացման խնդրում»…
    Պարզ են ռուսների ձգտումները. 1) ապահովել Հայկական Հարցի նախաձեռնութիւնը` չէզոքացնելու համար գերմանական ազդեցութեան վտանգը, 2) անմիջապէս պատերազմ չյայտարարել Թուրքիային (որովհետեւ այդ քայլին դէմ էր անգամ զինակից Անգլիան), 3) բարենորոգումներ մտցնել Հայաստանում, գիտենալով, որ դրանից յետոյ թուրքերը, ըստ սովորութեան, պիտի մղուեն հայկական նոր կոտորածներ սարքելու, 4) այդ կոտորածներն առիթ համարելով` քրիստոնեաների պաշտպանութեան խնդիր յարուցել եւ գրաւել թուրքաց Հայաստանը: 
    Հայերն հասկանում էին այդ բոլորը, եւ հակառակ Կաթողիկոսարանի կամայ թէ ակամայ ռուսահակ քաղաքականութեան` նախապատուութիւն էին տալիս ինքնավարութեան` եւրոպական մի ոյժի ազդեցութեամբ բարեկարգուած Թուրքիայում, քան թէ ընկնել ռուսական հովանաւորութեան տակ: Նրանց սրտում դեռ լայն տեղ էր գրաւում երկիւղը լոբանովեան քաղաքականութիւնից: Պատմական դառն յիշողութիւնը սնուցում էր տխուր հեռանկարներ: երմանացիք թերեւս հասկանում էին այդ բանը եւ Կ. Պոլսի դեսպան բարոն Ֆօն Վանգենհայմը թելադրում էր թուրքերին` զիջող լինել Հայկական Խնդրում: Վերջինները, սակայն, ապաւինած կեղծաւորութեան եւ դերասանութեան` զլանում էին ընդառաջել որեւէ բարի ցանկութեան: Ներքին գործերի նախարար Թալաաթ բէյը շարունակ այցելում էր Հայոց Պատրիարքարան եւ խնդրում` հրաժարուել եւրոպական միջամտութիւնից: Դրա հանդէպ` թուրք կառավարութիւնը մշակում էր եւ հայերին ներկայացնում 17 յօդուածներից բաղկացած «բարենորոգումներ»-ի խեղկատակային մի ծրագիր` Աբդիւլհամիդեան օրինակով: Այդ ծրագիրը Հայաստանից կտրում էր Կարինի եւ Սեբաստիայի նահանգները եւ իբրեւ հայկական շրջան ճանաչում միայն Վանի, Բաղէշի, Տիգրանակերտի եւ Խարբերդի նահանգները: Սրանց մասին էլ ծրագրի յօդ. 1-ը տնօրինում էր. «Օրէնքները, որոնք որոշում են պաշտօնեաների յարաբերութիւնները, ինչպէս եւ վարչական, ելեւմտական, իրաւական, զինուորական օրէնքները, շէրիի օրէնքը, որոնք գործում են ամբողջ պետութեան մէջ` իրանց ոյժում են մնում ե՛ւ յիշեալ չորս նահանգներում»: Մնացեալը` նոյնանման թթու իսլամամոլ զառանցանքներ, արդիւնքի տեսակէտով գործնական նշանակութիւնից զուրկ, մութ, երկդիմի դարձուածքներ–ընդհանուր մի տեսուչ (անշո՛ւշտ, Սուլթանից նշանակելի, որով` թուրք), օժանդակ մի յանձնախումբ (3-ը` մահմեդական, 3-ը` քրիստոնեայ), «ընդհանուր տեսուչն իրաւունք ունի հեռացնելու նահանգի պաշտօնեաներին (այսինքն` թուրքերի հաշուին չեկած քրիստոնեաներին), բացի շարիաթի պաշտօնեաներից» (յօդ. 8): Բայց այդ բոլորից յետոյ` նաեւ մի խոստում (յօդ. 11). «Վճռել, արդարութեան հիմքերի վրայ (շարիաթի՞, որ մասնաւորապէս Թուրքիայում, գեավուրների ստացուածը «հալալ» է անում միւսիւլմաններին) հողային վէճերը` քիւրդերի եւ հայերի միջեւ» (թուրքերի խլած հողերի մասին ո՛չ մի խօսք): «Վերացնել երկու այդ տարրերի (հայերի եւ քիւրդերի) պառակտումների առիթները եւ նրանց միջեւ հաստատել կատարեալ համաձայնութիւն»: Եւ այդ ա՛յն օրերին, երբ քիւրդերն ապստամբական լայն շարժում էին սկսել եւ կոչ էին անում հայերին` միասնաբար խորտակել «բոլոր չարիքների, անգթութիւնների հեղինակ, բոլոր թշուառութիւնների պատճառ նենգադաւ թուրքի* իշխանութիւնը: 
    Հայերի երկրորդ սխալն եղաւ, որ նրանք չմիացան քրդական այդ ապստամբութեան` կործանելու իշխանութիւնը մի ժողովրդի, որ անընդունակ է հաւատարմութեան եւ անարժան նման վերաբերմունքի: Մենակ մնացած քիւրդերը չկարողացան ընդլայնել շարժումը եւ Բաղէշը հազիւ գրաւած` ջարդուեցին: Շարժումը համարուեց արդիւնք ռուսական հրահրումի: Դրանով, երեւի, ռուսները ձգտում էին անապահովութեան մթնոլորտ ստեղծել հայկ. նահանգներում եւ հայերին աւելի եւ աւելի հարկադրել իրանց քաղաքականութիւնը: Եւ իրօք, դէպքերի ազդեցութեան տակ, Էջմիածնի Կաթողիկոսը եւ Կովկասի հայկական մարմինները նոր դիմումներ են անում ռուս կառավարութեան` ապահովելու Թուրքիայի հայութեան ինքնապաշտպանութեան գործը: Կառավարութիւնը, սակայն, նկատելով, որ Թուրքիայի հայերը քիւրդերից են անհանգստանում եւ տրամադիր չեն կանգնել օսմ. իշխանութեան դէմ` մերժում է զէնք տալ նրանց: Այդ առիթով, Կովկասի փոխարքայ Վորոնցով-Դաշկովը, 24 մայիս 1913-ին, գրում է Հայոց Կաթողիկոսին. «Ապրիլ 27-ին զինուորական մասի իմ օգնական զօր. Շատիլովին ներկայացաւ մի պատգամաւորութիւն Կովկասի հայերի կողմից, որ հրաւիրելով զօր. Շատիլովի ուշադրութիւնը թուրքահպատակ հայերի առանձնապէս ծանր դրութեան վրայ ներկայ վայրկեանում, խնդրեց աջակցութիւն ցոյց տալ նրանց, ինքնապաշտպանութեան միջոցներ հայթայթելով թշնամի մահմեդական ազգաբնակութեան դէմ» (այսինքն` քիւրդերի եւ ո՛չ թէ թուրք կառավարութեան)… «Այժմ արտաքին գործոց նախարարն ինձ ծանուցեց, որ կայսերական կառավարութիւնն արդէն ձեռք է առել բոլոր միջոցները Թուրքիայի հայ ժողովրդի դրութիւնը շուտափոյթ կերպով բարելաւելու համար: …Ես անհրաժեշտ համարեցի .…տեղեկացնել Ձեր Վեհափառութեան, թէ այժմ ի՞նչ փուլի մէջ է գտնւում թուրքաց Հայաստանի բարենորոգումների հարցը, որպէսզի Դուք, Ձեր լուսաւոր հեղինակութեամբ, հանգստացնող ներգործութիւն անէք հայ ժողովրդի… յուզուած մտքերի վրայ եւ մի անգամ եւս պնդէք նրան ինքնազսպման եւ հանդարտութեան անհրաժեշտութիւնը»: 
    Ռուսները զէնք չէին տալիս հայերին, որովհետեւ սրանք չէին ուզում դուրս գալ Օսմ. պետութեան դէմ: Հայերն այդ չէին անում, որովհետեւ այդ պետութեան թիկունքում կանգնած էր եւրոպական այլ մի ոյժ` Գերմանիան, որի նպատակների դէմ գործելու միտում չունէին նրանք: Կար նաեւ այն հաւատը, թէ Գերմանիան բարեկարգութիւններ մտցնելով Թուրքիայում, ինքնաբերաբար պիտի լուծի նաեւ Հայկական Հարցը: Եւ վերջապէս, որպէս վիպապաշտ քրիստոնեաներ, հայերը չէին ուզում առիթ ծառայել մի պատերազմի` քրիստոնեայ երկու պետութիւնների միջեւ: 
    Բայց եւ այնպէս, ռուս դիւանագիտութիւնը դիմեց վճռական քայլերի: Արտաքին գործերի նախարար Սազոնովը համաձայնութիւն կայացրեց անգլիական եւ ֆրանսիական կառավարութիւնների հետ` Հայաստանում բարենորոգումներ մտցնելու նպատակով: Հայերը, տեսնելով, որ անգլեւռուս աղիտաւոր հակամարտութիւնը վերացած է, իսկ Գերմանիան ինքն եւս անհրաժեշտ է համարում հայկական նահանգների բարենորոգումը` հաւատացին, որ Եւրոպան վճռել է քաւել արիւնոտ իր գործերի մեղքերը եւ ոյժ տուին ձեռնարկին: Կ. Պոլսի ռուսական դեսպանատան աւագ խորհրդական Մանդէլշտամը մշակեց հայկական նահանգներում մտցուելիք բարենորոգումների նախագիծը (8 յունիս 1913թ.), որի էական կէտերն են. «Կարին, Վան, Բաղէշ, Տիգրանակերտ, Խարբերդ եւ Սեբաստիա նահանգներից կազմւում է մի նահանգ: Հայկական Նահանգի Ընդհանուր - նահանգապետը պիտի լինի քրիստոնեայ - օսմ. հպատակ, կամ որ աւելի նախադասելի է` եւրոպացի, որ նշանակւում է Սուլթանից, պետութիւնների համաձայնութեամբ: Վեց խորհրդականներ (3-ը` քրիստոնեայ 3-ը` մահմետական): Ոստիկանութիւնը կազմւում է նահանգի մահմեդական եւ քրիստոնեայ բնակիչներից` կէս առ կէս: Կազմակերպումն ու հրամանատարութիւնը յանձնւում է թուրքական ծառայութեան մէջ գտնւող եւրոպացի սպաներին: Խաղաղութեան ժամանակ, նահանգի զինուորցուները ծառայութիւնը կատարում են տեղում: Քրդական Համիդիէ զօրագնդերն արձակւում են: Միայն նստակեաց բնակիչները կ’օգտուեն ընտրական իրաւունքից: …Հայերը յետ կը ստանան իրանցից խլուած հողերը կամ նրանց փոխարժէքը` փողով կամ հողով: Նահանգի հողերի վրայ արգելւում է մուհաջիրներ բնակեցնել: Նոյն այս սկզբունքների ոգով բարելաւուելու է դրութիւնն այն հայերի, որոնք ապրում են Նահանգի սահմաններից դուրս, մանաւանդ Կիլիկիայում: Պետութիւնները հետեւում են բոլոր այս որոշումների գործադրման»: 
    Այս նախագծին համաձայնութիւն տուին Անգլիան եւ Ֆրանսիան: Գերմանիան եւ իր զինակիցներն ընդդիմացան: Վեց մեծ պետութիւնների դեսպանատներից նշանակուեցին լիազօրներ: Վիճաբանական նիստերն սկսեցին յուլիս 3-ից (1913), Կ. Պոլսի աւստրիական դեսպանատան մէջ: Պայքարը մղւում էր ռուսական եւ գերմանական լիազօրներ Մանդէլշտամի եւ Շոնբերգի միջեւ: Ի վերջոյ, ռուսները զիջեցին: երմանական եւ ռուսական դեսպանները համաձայնութիւն կայացրին բարենորոգումների ծաւալի մասին եւ միասին յայտարարութիւն արեցին թուրք կառավարութեան: Այս ձեւով, նախաձեռնութեան պատիւը չմնաց միայն Ռուսաստանին, այլ անցաւ նաեւ Գերմանիային: Վերջապէս 26 յունուար (18 փետր.) 1914-ին, ռուսական հաւատարմատար Գուլգեւիչի եւ թուրք վարչապետ ու արտ. գործ. նախարար Սաիդ Հալիմ փաշայի կողմից ստորագրուեց «Հայաստանի բարենորոգումների համաձայնագիր»-ը, որ վաւերացուեց սուլթանական հրովարտակով: Հայաստանը բաժանուել էր երկու մարզերի. 1) «Կարինի, Տրապիզոնի եւ Սեբաստիայի նահանգները, 2) Վանի, Բաղէշի, Խարբերդի եւ Տիգրանակերտի նահանգները: Երկու այդ շրջանների համար նշանակւում են մէկական եւրոպացի ընդհանուր տեսուչներ: Զինուորական ծառայութիւնը կատարւում է տեղում, բայց, ցնոր կարգադրութիւն, տեղական որոշ զօրքեր ուղարկւում են Արաբիա: Ծովային զինուորները հաւաքւում են ամբողջ պետութիւնից: Համիդիէ գնդերը վերածւում են պահեստի հեծելազօրքի. նրանք զէնք կը ստանան միայն զինակոչի ժամանակ: Լուսաւորութեան նախահաշւում ամէն ազգի բաժինը համեմատական է տուեալ ժողովրդից գանձուած կրթական հարկերին: Միեւնոյն հաւատին պատկանող համայնքների անդամները պահում են իրանց սեփական դպրոցները: Հասարակական պաշտօնների բաշխման եւ ոստիկանութեան կազմակերպման մէջ գործադրւում է մահմեդականների եւ քրիստոնեաների հաւասարութեան սկզբունքը, ըստ հնարաւորութեան»:
    Բացի եւրոպացի տեսուչներից, հայերը գրեթէ ոչինչ էին ստացել: Դրա հանդէպ, տաճիկները շարունակելով բարեկամութիւն կեղծել, սրտում կուտակում էին ոչնչացուցիչ ոխը: Նշանակուեցին երկու տեսուչներ` նորվեգացի Հոֆը եւ հոլանդացի Վեստենենկը: Նրանց ներկայութիւնը Կ. Պոլսում` հանդուրժուեց լուռ ատելութեամբ: Ռուս դիւանագիտութիւնը քարիւղ էր թափում կրակի վրայ: Հենց համաձայնագիրն ստորագրող Գուլգեւիչն յայտարարում էր. «…Ի հարկէ, հայերը չստացան ինքնավարական լայն այն իրաւունքները, որ ուզում էր ապահովել ռուսական ծրագիրը»: Բայց «հայերը չեն կարող չգիտակցել, որ այժմ արուած է առաջին քայլը` նրանց թուրքական լծից ազատելու համար»: 
    Արուած էր վերջին քայլը` հայ ժողովրդի գերեզմանը փորելու համար: «Բերլինի վեհաժողով»-ից (1878թ.) մինչեւ 1914-ը, եւրոպական դիւանագիտութիւնը վաճառքի նիւթ էր դարձրել հայ ժողովրդի արիւնը: Ամբողջ 36 տարի նա միակամ չեղաւ Հայկական Խնդրի նկատմամբ եւ շա՛տ խորհրդաւոր կերպով «ելք» գտաւ միայն համաշխարհային ահաւոր մի փոթորիկի նախօրէին:
    Թուրքերը դանակները սրած` առիթի էին սպասում: Առիթը ներկայացաւ, երբ Հոֆը նոր էր ոտք դրել հայ հողի վրայ, իսկ Վեստենենկը դեռ ճանապարհին էր: Պայթեց համաշխարհային պատերազմը: Տաճիկները վայրկենաբար պաշտօնից արձակեցին եւրոպացի տեսուչներին եւ յայտարարեցին ընդհանուր զօրահաւաք: Իսկական նպատակն էր հայ ազգի ոչնչացումը` կռուի բռնուած Եւրոպայի անտարբերութիւնն ու հակամարտութիւններն օգտագործելու ճանապարհով: 
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (30-Մյս-2011) Դիտումներ: 1202 | Պիտակներ: Արևմտյան Հայաստան, Հայկ Ասատրայն, հայկական բարենորոգումներ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]