// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Վատ չէ
5. Բավարար
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ 

    Այդ բոլորից յետոյ, 1889թ., Աբդիւլ Համիդը Կ. Պոլսի հայոց այդ օրերի պատրիարք Խորէն Աշըգետնին սպառնում է. «Անհնարին է ինձ զիջել տալ զինքնօրէնութիւն, զոր հայքն երազեն, եւ ո՛չ միայն ինձ` այլեւ ամէնեցուն որ զկնի իմ գալոց են սուլթանք նզով դնեմ ի վերայ չտալ հայոց այնպիսի ինչ` այլ մանաւանդ` ցջնջումն բովանդակ իսլամութեան յերեսաց երկրի` ուխտ դնեմ պատերազմել ընդդէմ անկախութեան հայոց»: 
    Մինչեւ այսօր էլ քիչ եւրոպացիներ են հասկացել հայեւթուրք կնճիռի տարողութիւնը: Եւրոպացին սիրում է ամէն բան ըմբռնել համեմատականի սահմանում: Քաղաքական, կրօնական, մշակութային, տնտեսական պայքարներ, դաւանական վէճեր, ազգային հարցեր, ապստամբութիւններ, բռնութիւններ, յեղափոխութիւններ եղել են միշտ եւ ամէն տեղ: Լաւագոյն դէպքում նրանք մտածել են, որ թուրքական բռնակալութիւնն ամէնից արիւնարբուն է եւ իսլամական մոլեռանդութիւնը` ամէնից ծայրայեղը: Իսկ հայե՞րը - դրանք էլ համարուել են քրիստոնեայ մի տարր, որ ձգտում է եւրոպական որեւէ պետութեան հովանու տակ ընկնել եւ այդ պատճառով էլ թուրքերի կողմից հալածւում է, ջարդւում: 
    Այստեղ` պակասում է ըմբռնումը պատմական այդ ողբերգութեան մասին, նա՛խ այն պատճառով, որ ողբերգութիւններն ընդհանրապէս չեն հասկացւում մտածումով, մտածումային համեմատութիւններով, այլ ապրումով, ապա այն` որ քիչ դէպքերում երկու ցեղերի պայքարն ստացել է խորապէս կրօնական բնոյթ եւ էութիւնների բովանդակ լարումով վերածուել միաժամանակ ֆիզիքական գոյութեան հարցի: 
    Երբ Սուլթանը վերի յայտարարութիւնն էր անում, բարեմիտ եւրոպացիները շարունակում էին խօսել հայերին «կեանքի, պատուի եւ գոյքի ապահովութիւն» երաշխավորելու մասին: Բայց հայերի համար պարզ էր այլեւս, որ Աբդիւլ Համիդը, քաջալերուած Եւրոպայի քաղաքական ոյժերի հակամարտութիւնից, վճռել է իսլամի միջոցով ջնջել իրանց ազգութիւնը: 
    Խաբուած` Եւրոպայից եւ կանգնած ոչնչանալու վտանգի առջեւ` հայերին մնում էր գերագոյն իրանց յուսահատութիւնից ստեղծել ինքնապաշտպանութեան կամք եւ միջոցներ: Այդ օրերի նրանց հոգեվիճակը բնութագրում էր պատրիարք Մատթէոս արք. Իզմիրլեանը. «Մենք յուսահատների մի ազգ ենք»: Իսկ հայկական սարսափները նկարագրող եւրոպացիներից Էմիլ Դիլոնն աւելացնում էր. «Մահը, ջարդը երկնքի ողորմութիւն է հայերի համար»: 
    Հայ յեղափոխութիւնը խմորուեց 80-ական թթ. վերջերին. 90-ականի սկիզբներին, դա սկսուեց բողոքի ցոյցերով, եւ, աստիճանաբար, մասնաւորապէս 1895-ի կոտորածներից յետոյ, վերածուեց յեղափոխական կռուի: 
    Հայ յեղափոխական այդ շարժումը դարձաւ ճշմարիտ մի դիւցազնական` աշխարհից մահուան դատապարտուած մի ժողովրդի: Գրեթէ ամբողջ մի 20-ամեակ (1890-1908) յարատեւ ու դաժան կռիւ մղուեց աշխարհի պատմութեան մէջ անօրինակօրէն անհաւասար ոյժերի  միջեւ: Հայ յեղափոխական փոքրաթիւ խմբերի դէմ կռւում էին` թուրք զօրամասերը, Աբդիւլ Համիդի կազմակերպած քիւրդ հեծելազօրը, իսլամական զինուած խուժանը: Գերազանց եղաւ հայերի ցուցահանած նուիրումը եւ մարտական կորովը: Շա՛տ յաճախ հայ յեղափոխական մի զինուորի վիճակուեց կռուել 10, 20, 50, 100 եւ աւելի թշնամիների դէմ: Ստեղծուեցին կայծակնաշարժ, թեթեւ հարուածային խմբեր, որոնց քաջութիւնն անցաւ առասպելների կարգը եւ երգուեց ո՛չ միայն հայ, այլեւ քիւրդ, անգամ թուրք ժողովուրդների կողմից: Թշնամին այդ հերոսներին տուեց «ջանֆեդա» անունը, որ ասել է` «անձնազոհ»: Կռուադաշտում, անզօր այդ անձնազոհների դէմ` թուրքերը մեթոդ դարձրին անզէն ժողովրդի` կիների, երեխաների կոտորածը: Եւրոպան անտարբեր մնաց թափուող արեան հանդէպ: Սասունում, 1894թ. հայ աղջիկները հարիւրներով ժայռերից գահավէժ` ինքնասպանութիւն էին գործում, իսկ եւրոպական դիւանագետները սոնքում էին, որ դեռ չեն կորցրել մարդկային տառապանքի լեզուն հասկանալու ընդունակութիւնը: 
    Բայց եւ այնպէս, Սասունի ահաւոր դիւցազնեղերգն որպէս թէ ցնցում է Եւրոպան: Լոնդոնում Գլադստոնը բարձրացնում է ցասումի ձայն ո՛չ միայն «Կարմիր սուլթան»-ի, այլեւ նրա ոճիրները հնարաւոր դարձնող քաղաքական Եւրոպայի դէմ: Անգլիական կառավարութիւնը դիմում է վեց մեծ պետութիւններին` յիշեցնելով Բերլինի վեհաժողովից մնացած յանձնառութիւնները, Եւրոպայի բարոյական պատասխանատուութիւնը` հայկական աղէտի մէջ, եւ առաջարկում է միջամտութիւն: Ընդառաջում են միայն Ֆրանսիան եւ Ռուսաստանը: 

«ՄԱՅԻՍԵԱՆ ԾՐԱԳԻՐ» 

    Անգլիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի Կ. Պոլսի դեսպաններն իրանց կառավարութիւնների համաձայնութեամբ եւ հրահանգով` կազմում են բարենորոգումների ընդարձակ, այսպէս կոչուած «Մայիսեան Ծրագիր»-ը եւ 1895թ. մայիսին ներկայացնում Սուլթանի կառավարութեան` պահանջելով նրա գործադրութիւնը: 
    Այդ ծրագիրը նախատեսում էր վարչական լայն բարենորոգումներ, համաձայն Բերլինի դաշնագրի 51-րդ յօդուածի եւ 1880թ. վեց մեծ պետութիւնների ծանուցագրի ոգուն: 
    Որպէս գործնական խնդիրներ` աւելացւում էին.
    1. Բանտարկուած կամ քաղաքական յանցանքով դատապարտուած հայերի ներումն: 
    2. Հայ տարագիրների եւ աքսորականների վերադարձը` իրանց հողերի վրայ: 
    3. Բանտերի վերահսկողութիւնը եւ բանտարկեալների դրութեան քննութիւնը` մի քրիստոնեայ եւ մի մահմեդական քննիչների կողմից:
    4. Նահանգներում մտցուելիք բարենորոգումների գործադրութեան վրայ հսկող բարձր մի յանձնաժողովի նշանակում (իւրաքանչիւր նահանգի համար` մէկական քրիստոնեայ եւ մահմեդական):
    5. Կ. Պոլսում մնայուն հսկող մի մարմնի հաստատում (վեցանդամեայ – 3-ը` քրիստոնեայ եւ 3-ը` մահմեդական):
    6. Սասունի, Տալուորիկի եւ այլ տեղերի դէպքերի ժամանակ հայերի ունեցած զոհերի եւ կրած վնասների հատուցում: 
    7. Կրօնական հաւատափոխութեան հետ կապուած գործերի կանոնաւորում (կրօնափոխ կարող են լինել միայն չափահասները):
    8. Հայերի վայելած (կրօնական) իրաւունքների եւ առանձնաշնորհումների պահպանութիւնը եւ ճիշդ գործադրութիւնը:
    9. Ասիական Թուրքիայի միւս նահանգների հայերի վիճակի բարելաւումն:
    Յունիս 3-ին (1895թ.) թուրք կառավարութիւնը, Սուլթանի անունից, պատասխանում է Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսիայի ծանուցագրին: Ձեւականօրէն, նա ողջունում է բարենորոգումների այդ ծրագիրը` նրա «կէտերի մեծ մասը յարմար» գտնելով «վիլայէթների օրէնքի տրամադրութեան» եւ քանի որ «Սուլթանի գլխաւոր ցանկութիւնն իր երկրի եւ բոլոր հպատակների բարգաւաճումն ամէնից արդար եղանակով աճեցնելն ու զարգացնելն է», առաջարկում է` «վարչական այդ բարենորոգումների կիրարկումը չսահմանափակել միայն կայսրութեան մի մասում, այլ` բոլոր նահանգները նպաստաւորել նրանցով»: Դրանից յետոյ` խուսափողական ընդհանուր խօսքեր: Կրկնւում է 1880-ի պատմութիւնը: Այժմ, պայմաններն աւելի էին նպաստաւոր: Վեց մեծ պետութիւններից միայն երեքն էին ստորագրել. 15 տարի առաջուայ բարոյական միութիւնն էլ չկար: 
    Կ. Պոլսի հայոց այդ օրերի պատրիարք Իզմիրլեանը անգլիական դեսպան Սըր Ֆիլիպ Քըրրիին ուղղուած մի գրութեամբ (14 յունիս 1895) արդէն կասկած է յայտնում, որ «պատրաստուած ծրագիրը, հակառակ ձեր ազնիւ բաղձանքների, պիտի չկարենայ դարման բերել հայ ժողովրդի տառապանքներին եւ իրագործել Բերլինի վեհաժողովից ի վեր սպասուած բարւոքումներն ու բարենորոգումները»: Նա ճանաչում է թուրքերին եւ չի հաւատում ո՛չ նրանց խօսքին, ո՛չ էլ այն բանին, թէ նրանք կարող են փոխել իրանց բնութիւնը, ուստի` առաջարկում է բարենորոգումները կիրարկել «եւրոպական մնայուն վերին մի յանձնախումբի» հսկողութեամբ:
    Բանակցութիւնները շարունակւում են, եւ թուրք կառավարութիւնը յուլիս 20-ին (1895թ.) ներկայացնում է «բարենորոգումներ»-ի ձեւով` կէս զիջողական, ըստ էութեան` մերժողական մի հակածրագիր: Սրա կապակցութեամբ, 5 օգոստ. 1895-ին, ֆրանսիական դեսպանը գրում է արտաքին գործոց նախարար Հանոտոյին. «Բ. Դրան պատասխանն ո՛չ մէկ կերպով ի նկատի չի առնում մեր առաջարկութիւնները եւ բարենորոգումի այն խոստումները, որ օսմ. կառավարութիւնը նախապէս արել էր… Օսմ. կայսրութեան ասիական նահանգների վարչական ներկայ կազմակերպութիւնն ո՛չ մի յոյս չի տալիս: …Բարենորոգումների մեր առաջարկները միայն մի նպատակ ունէին` ապահովել հայերի կեանքը, գոյքը եւ բարեկենցաղը` պաշտօնեաների եւ զինուորների կամայականութեան եւ բնութեան դէմ, ինչպէս նաեւ քիւրդերի աւեր ու աւարառութեան դէմ:… Բ. Դուռը մերժում է բոլոր այն առաջարկութիւնները, որոնք վերաբերւում են բարենորոգման իսկական կէտերին… Բ. Դուռը երբեք չգործադրուած եւ յաճախ բռնաբարուած օրէնքների կրկնումից այն կողմը չի անցնում …նա բաւականանում է խօսել «կատարելիք բաներ»-ի մասին»…
    Երեք դեսպաններն իրանց կառավարութիւնների հրահանգով պահանջում են ընդունել եւ անխախտ կերպով գործադրել առաջարկուած ծրագիրը: Թուրքերը շարունակում են բանակցել, բայց ամբողջ երկուեւկէս ամիս մնում են լսողի եւ խորհրդաւոր կերպով լսողի դերում: 
    Արիւնոտ մի դաւ էր կազմակերպւում հայ ժողովրդի դէմ: Լռութեան այդ ամիսների ընթացքին, թուրքերն Եւրոպայում աշխատանք էին տանում հող պատրաստելու հայկական մի ջարդ կազմակերպելու համար: Շուտով պիտի ներկայանար ե՛ւ պատրուակը: 
    Կ. Պոլսի հայերն 1890թ. նախընթացով` բողոքի մի ցոյց են կազմակերպում: Ցոյցի օրը նշանակում են սեպտ. 30-ը (1895թ.) եւ այդ մասին նախապէս յայտնում են վեց մեծ պետութիւնների դեսպաններին: Նրանք որոշում են խաղաղ ցոյցով գնալ «Բարձրագոյն Դուռը», եւ պարզելով Հայաստանի տագնապալից վիճակը, պահանջել բարենորոգումների իրագործումը: Թուրքերը երեւի եւրոպական որեւէ դեսպանատնից, նախապէս ծանօթ հայերի ձեռնարկին` դէպի Բ. Դուռը առաջնորդող փողոցները պաշարում են զօրքով եւ զինուած ամբոխով: Հայկական թափօրի վրայ բացւում է կրակ եւ սկսւում է անխնայ մի կոտորած, որ տարածւում է Պոլսի բոլոր թաղերում: Սպանւում են հազարաւոր մարդիկ: Դրանից մի շաբաթ յետոյ, (8 հոկտ. 1895թ.) յայտնապէս թէ՛ եւրոպական պետութիւնները, թէ՛ հայերը քնացնելու նպատակով` թուրք կառավարութիւնը յայտարարում է, որ ընդունել է հայկական նահանգները բարեկարգելու ծրագիրը եւ Շաքիր փաշան նշանակել է ընդհանուր քննիչ: Մինչդեռ Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսիայի դեսպանները 24 հոկտ. 1895-ին իրանց «գոհունակութիւն»-ն էին յայտնում «բարենորոգումներն ի գործ դնելու» առիթով, ամբողջ Փոքր Ասիայում տեղի էր ունենում մարդկային պատմութեան ամենազարհուրելի մի նախճիրը: Սուլթանն «ապահովութեան» մի թուղթ էր յանձնել եւրոպացիներին եւ կոտորածի սուրը դրել իր «քննիչ»-ի ձեռքում: Անակնկալի եկած հայերը շատ քիչ տեղերում կարողացան ինքնապաշտպանուել: Ահաւոր այս ջարդը նրանցից խլեց 300.000 զոհեր: Աւերակ գիւղերում, լեռներում եւ կիրճերում, իրանց ծնողների դիակների շուրջ` լքուած մնացին 50.000 երեխաներ: Թուրքերն հասել էին իրանց նպատակին – որոշ գաւառներում հայերը իրօք որ վերածուեցին փոքրամասնութեան: Քաղաքական Եւրոպան լուռ մնաց, իսկ միսիոնարների համար գործ բացուեց: Սրանք սկսեցին դրամական ժողովարարութիւն «նահատակ Հայաստանի որբերի փրկութեան համար»: 
    Ինչո՞ւ տեղի ունեցաւ մարդկային ահաւոր այդ սպանդը: Ինչպէ՞ս եղաւ, որ խաղաղ մի ցոյց վերածուեց հայկական ընդհանուր մի ջարդի պատրուակի: Ո՞վ էր հայերին թելադրել այդ ցոյցը եւ ո՞վ նրա մասին նախապէս հաղորդել թուրք կառավարութեան: Ինչպէ՞ս եղաւ, որ եւրոպական պետութիւնները լռեցին, երբ Պոլսի փողոցներում քրիստոնեաների արեան լճեր էին կազմւում: Ո՞վ քաջութիւն եւ վստահութիւն ներշնչեց թուրքերին` մի թղթով խաբել աշխարհը եւ ամիսներ շարունակ սրով ու կրակով գործել հայկական նահանգներում: Տխուր այս հարցերը կը պարզուեն, երբ թէկուզ ընդհանուր կերպով կը ծանօթանանք եւրոպական դիւանագէտների այդ օրերի սակարկութիւններին:
    Անգլիայում 1895-ի ամրան կառավարութեան գլուխ կրկին եկաւ Սալիզբուրին: Չինաստանում սրուել էին անգլեւռուս հակամարտութիւնները: Ռուսների նոր ցարը` յեղյեղուկ եւ սնոտիապաշտ Նիկոլայ Բ.-ն, ենթակայ էր քաղաքական ոգով անկեալ մի շրջապատի չար խորհուրդների ազդեցութեան: Չինաստանում յաջող` ռուսները խանդավառ երազներ էին հիւսում Հնդկաստանի ճամբաների մասին: Անհանգիստ այդ բոլորից` Սալիզբուրին ձգտում էր կրկին փոթորկել Մերձաւոր Արեւելքի խնդիրները եւ շեղել ռուսների քաղաքական ուշադրութիւնը: Գլադստոնի օրոք նուաճուել էր Եգիպտոսը եւ Անգլիան ցամաքով սահմանակցել Թուրքիային: Այժմ Սալիզբուրին հետապնդում էր Թուրքիայի վերջնական բաժանման ծրագիրը: Նա հաշւում էր Անգլիային բաժին հանել բոլոր այն մասերը, որոնք պիտի ստացուէին 1914-ի պատերազմից յետոյ: Դրանով պիտի վերանային Գերմանիայի` Բաղդադի երկաթուղագծին կապուած հեռանկարները: Հայկական Բարձրաւանդակում հայոց անկախ եւ չէզոք մի պետութեան ստեղծումով պիտի վերացուէին նաեւ ռուսների դէպի հարաւ թափանցելու կարելիութիւնները: Նեղուցներում, պետութիւնների իրար խաչաձեւող շահերը պիտի ստեղծէին մի տեսակ հակամարտութիւնների հաւասարակշռութիւն, բայց նաեւ տեւական թշնամութիւն մասնաւորապէս Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ: 
    Թուրքիայի բաժանման խնդրում Սալիզբուրին հետամուտ էր ամէնից աւելի Գերմանիայի համաձայնութիւնն ու գործակցութիւնն ապահովել: Նա ընդհանրապէս ձգտում էր անգլեւգերման մի համաձայնութեան: Այդ ուղղութեամբ բանակցութիւններ սկսեց կոմս Հացֆելգի հետ: Հետագային էլ Անգլիան բազմաթիւ եւ բազմատեսակ առաջարկութիւններ արեց. ամենանշանակալիցը` Չէմբըրլայնի փորձը (1899-ին), որով սա, Բիւլովի ցանկութեամբ, դրեց երրեակ ուխտի խնդիրը: Ցեղային սկզբունքով պէտք է միանային գերման-անգլեւսաքսոն (Գերմանիա, Անգլիա, Ամերիկա) պետութիւնները: Ի դժբախտութիւն ցեղակից այդ ազգերի ու եւրոպական քաղաքակրթութեան եւ ի վնաս տառապած հայ ժողովրդի` բոլոր այդ փորձերը ձախողուեցին: 
    Անգլիական պետական գործիչները Թուրքիայի բաժանման իրանց ծրագիրը բարոյապէս հիմնաւորում էին հայկական ողբերգութեամբ: Բայց Թուրքիան կռահելով իր վախճանը` նետուել էր Գերմանիայի գիրկը եւ Վիլհելմ Բ. կայսրը, որ 1888-ին յաջորդել էր միայն 99 օր թագաւորող եւ դեռեւս իր գահաժառանգութեան օրերին քրիստոնեայ հայերի ճակատագրով ջերմօրէն հետաքրքրուող հանգուցեալ Ֆրիդրիխ Գ. (Ա.)-ին, լքել էր գերման կայսրերի աւանդական քրիստոնէապաշտպան քաղաքականութիւնը: Վիլհելմ Բ.-ի Լոնդոն արած մի այցելութեան առիթով Սալիզբուրին նրան պարզում է հայկական աղէտի ծաւալը, հայերի գոյութեան սպառնացող վտանգը եւ որպէս փրկութեան միակ ելք` առաջադրում է Թուրքիայի բաժանման հարցը: Կայսրը, սակայն, ընդդիմանում է - Թուրքիայի զարգացումը «կամաց-կամաց առաջադիմութիւն է անում դէպի լաւը*»: Նա չէր ուզում զոհել ապագայ իր զինակիցը, որի միջոցով հաւատում էր Գերմանիայի ազդեցութիւնը տարածել Արեւելքում: Նա քաղաքական մեծ կշիռ եւ կարողութիւններ էր վերագրում իսլամին եւ նրա գաղտնիքների բանալին տեսնում թուրք սուլթանների ձեռքում: Բացի այդ, նա ենթադրում էր, որ անկախ մի Թուրքիա լայն շահաստան եւ գործի ասպարէզ պիտի դառնայ գերման առեւտրի եւ մասնագէտների համար: 
    Սալիզբուրիի այդ առաջարկը մերժելով` Վիլհելմ Բ.-ն մի համաձայնութիւն է կնքում Ռուսիայի հետ` պաշտպանելու Թուրքիայի ամբողջութիւնը որեւէ յարձակման դէմ: Այդ համաձայնութեանը միանում են Գերմանիայի զինակիցները` Աւստրիան եւ Իտալիան: Եւ որովհետեւ Ֆրանսիան էլ Ռուսիայի դաշնակիցն էր, Անգլիային կրկին վիճակուեց մենակ մնալ, ուստի եւ` ձախողուեց Թուրքիան անդամահատումի ենթարկելու նրա ծրագիրը: 
    Քաղաքականապէս ապահովուած` Թուրքիան այժմ հետամուտ էր զինակիցներ գտնել նաեւ ոճիրներ յղանալու եւ սարսափներ վիժելու գործում: Ու կատարուեց ամէնից չսպասուածը – շարժառիթներով` ամէնից յիմարականը եւ անբարոյականը միաժամանակ, հետեւանքով` ամէնից զարհուրելին: Աբդիւլ Համիդը դաշնակցել էր Նիկոլայ Բ.-ի կառավարութեան հետ: 
    Սալիզբուրիի «հայկական թումբ-պետութիւն» ստեղծելու երազը Ռուսաստանում հրահրում է հակահայ ոգին: 
    Անզօր` յաղթահարելու Անգլիայի ընդդիմութիւնը եւ տէր դառնալու Հայկական Բարձրաւանդակին, ռուսական դիւանագիտութիւնը տկարի եւ վայրագ ոչնչականի իր թշնամանքն ուղղում է հաւատարիմ իր զոհի` հայ ժողովրդի դէմ: Դա տրամաբանում է քաղաքական յիմարութեան վերածուած նախանձի ոյժով - ես ուզում եմ փրկել հայերին եւ օգտուել նրանցից, բայց որովհետեւ Անգլիան էլ նոյնն է ուզում, ուստի` պէտք է ոչնչանան հայերը: Եւ այդ դաւաճանութիւնը մի ժողովրդի հանդէպ, որ երկու ամբողջ դար հանդիսացել էր ռուսական նուաճման առաջապահը Կովկասում եւ Առաջաւոր Ասիայում ու իր գոյութեան այդ տագնապաժամին էլ կապուած էր ամէնից աւելի շօշափելիօրէն մերձաւոր քրիստոնեայ ոյժին, այսինքն` թուրքաց Հայաստանին սահմանակից Ռուսաստանին:
    Դեռեւս յունիս 4-ին (1895թ.) ռուսական արտաքին գործոց նախարար Լոբանով Ռոստովսկին (նա, որ Պոլսում «Հայաստանի կենացն» էր խմել) ասում է Պետերբուրգի անգլիական դեսպանին. «Ռուսաստանը չի ընդունում, որ Փոքր Ասիայում ստեղծուի մի շրջան… որ կարող է կորիզ դառնալ հայկական անկախ մի թագաւորութեան»: Նոյնը յունիս 13-ին աւելացնում է. «Ռուսաստանը չի ընդունի, որ իր սահմանների մօտ ստեղծուի երկրորդ Բուլղարիա»: 
    Չկամութիւն արտայայտող այս խօսքերին զուգահեռ` գազանի հրահանգներ են յղւում Կ. Պոլսի ռուսական դեսպան Նելիստովին: Սա դառնում է Աբդիւլ Համիդի խորհրդականը. «Կոտորեցէ՛ք, ձերդ մեծութիւն, կոտորեցէ՛ք»: Եւ ահա՛ Հայաստանից հասնում են Շաքիր փաշայի տեղեկագրերը. «Անդորրութիւնը կատարեալ է»: Մոխիրների տակից լսւում է դաւաճանուած ժողովրդի ձայնը: Եւրոպական մամուլը զարհուրանքներ է արձանագրում: Հանրային կարծիքն ընդվզում է դիւանագիտութեան դէմ: Գլադստոնը պահանջում է պատերազմ յայտարարել, պատուհասել Թուրքիային: Եւ Սալիզբուրին դառնօրէն պատասխանում է, որ Անգլիան մենակ է: Բողոքի ցոյցեր, ելոյթներ անգլիական, ֆրանսիական խորհրդարաններում: Ցնցում նաեւ Գերմանիայում, Իտալիայում, եւրոպական փոքր երկրներում: 
    Ոճրագործները` Աբդիւլ Համիդի եւ Նիկոլայ Բ.-ի կառավարութիւնները, գիտեն, որ ամէն բան անցուկ-մոռացուկ է, բայց եւ այնպէս, վայրկեանը փրկելու նպատակով` դիմում են բարոյական չարաշահութեան: Կ. Պոլսում Սուլթանը «խնդրում է» հայոց պատրիարքին` ազդարարել հայերին, որ չյարձակուեն մահմեդական ժողովրդի վրայ: Նոյնն է թելադրում Պետերբուրգի կառավարութիւնը` Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ուրեմն` «զոհերն ոճրագործ, ոճրագործները` զո՞հ». Պատրիարք Իզմիրլեանը ծառանում է Սուլթանի դէմ, իսկ Էջմիածնի Կաթողիկոս Խրիմեանը` Համիդի հետ նզովում է ե՛ւ Նիկոլային: Հակահայ հալածանք է սկսւում ե՛ւ ռուսաց Հայաստանում: Բանտարկւում, աքսորւում են հարիւրաւոր հայ մտաւորականներ: Նողկալի վերաբերմունք է ցոյց տրւում մասնաւորապէս թուրքական սրից Կովկաս ապաստանած հայերին: Փորձ է լինում խորտակել հայկական մշակոյթը, փակել դպրոցները: 

    ՄԻ ՔԱՆԻ «ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆՆԵՐ» 

    Անակնկալ այդ ջարդերից ցնցուեց դաւադրուած հայ ժողովուրդը: Մինչեւ այդ` հայ յեղափոխութիւնը կրել էր ցուցարարական բնոյթ: Այժմ դաժան իրականութիւնը հարկադրում էր դիմել զէնքի: Զէյթունում ընդհարումներ սկսեցին յարձակուող թուրք զօրամասերի եւ հայերի միջեւ: Քառասուն եւ ութ օրուայ արիւնահեղ կռիւները վերջացան թուրք բանակի ջախջախումով: Խայտառակ պարտութիւնը հարկադրեց Սուլթանին` դիմել եւրոպական մեծ ոյժերի դեսպանների միջամտութեան: Սրանք ներկայացուցիչներ նշանակեցին եւ բանակցութեան մէջ մտան Զէյթունի հայ ղեկավարների հետ: Զէյթունին խոստացան տեղական ինքնավարութիւն եւ լաւ օրեր` ամբողջ հայութեան: Հետեւանքը, սակայն, եղաւ Զէյթունի զինաթափութիւնը: Անարգ այս խաբէութիւնից յետոյ` Ֆրանսիայի ներկայացուցիչը գրում էր Հանոտոյի կառավարութեան. «Սրանով` պետութիւնները մեծ ծառայութիւն մատուցեցին Սուլթանին»:
    Ընդհանուր ջարդերից զերծ էին մնացել հայկական մի շարք կենտրոններ: Թուրք կառավարութիւնը հետամուտ էր խորտակել ե՛ւ դրանք: Վանում կենտրոնացումներ կատարելուց յետոյ, յունիս 2-ին (1896թ.) թուրքերն անցնում են յարձակման: Մինչեւ յունիս 8-ը հայերը ծանրածանր կորուստներով ետ մղեցին թշնամու յարձակումները, որոնք միշտ էլ վերածւում էին խուճապային փախուստի: Այդտեղ էլ երեւան եկան մեծ պետութիւնների հիւպատոսները, որոնք միջամտեցին, թելադրելով հայերին` հեռանալ Վանից եւ չդառնալ կոտորածի պատճառ: Նրանք համաձայնուեցին գիշերանց թողնել իրանց դիրքերը եւ ուղղուել Պարսկաստան: Եւ ահա՛ առեղծուած. ճանապարհին նրանք պաշարուեցին եւ կոտորուեցին թշնամի դարանակալ ոյժերից, իսկ Վանի շրջանի հայ գիւղացիութիւնից խլուեցին 20.000 զոհեր: 
    Կ. Պոլսում, երիտասարդ մտաւորական յեղափոխականների մի խումբ յղանում եւ Օգոստոս 14/26-ին (1896թ.) գործադրում է մի ծրագիր: Այդ հայ յեղափոխականները գրաւում են Օսմանեան դրամատունը, որում մեծ հարստութիւններ ունէին նաեւ եւրոպական պետութիւնները: Հ. Յ. Դաշնակցութեան Կ. Պոլսի Կենտրոնական Կոմիտէն վեց մեծ պետութիւնների դեսպաններին ներկայացնում է մի ծանուցագիր` պահանջելով անյապաղ գործադրումը հայկական նահանգների բարենորոգումների ծրագրի: Պետութիւններից պահանջւում էր նշանակել «ծագումով եւ ազգութեամբ եւրոպացի բարձրագոյն մի կոմիսար` Հայաստանի համար»: Ծանուցագրում խօսուած էր հայկական ողբերգութեան մասին. «Եւրոպան տեսաւ ահռելի այս ոճիրը եւ լռեց: Մեզ նախատեցին` զլանալով մարդկային մեր իրաւունքը: Մեր ազգային պատիւը ցմահ խոցոտեցին` ջանալով բողոքի մեր ձայնը խեղդել մեր արեան մէջ: Անցած է այլեւս դիւանագիտական խաղերի ժամանակը: Հարիւր հազարաւոր մեր նահատակների թափուած արիւնը մեզ իրաւունք է տալիս ազատութիւն պահանջելու»:
    Դրամատան տիրացած խումբը պահանջում էր վերի ծանուցագրի կէտերի անյապաղ գործադրումը եւ յայտարարում էր. «Այստեղից չենք հեռանայ 2 օր: Մեր պահանջներն են` պետութիւնների միջամտութեամբ կեանքի, պատուի եւ գոյքի ապահովութեան երաշխաւորում` քրիստոնեաներին: Դրամատան կահկարասիքին եւ հարստութեան ձեռք պիտի չդպցնենք, մինչեւ որ կատարուեն մեր պահանջները: Հակառակ պարագային` պիտի ոչնչացնենք դրամատան գանձը եւ թղթերը եւ բոլոր պաշտօնեաների հետ (դրանց թիւը 157 էր, մեծ մասը` եւրոպացի) պիտի դիմենք մեր մահուան` դրամատան աւերակների տակ: Մարդկութեան ոճրագործ անտարբերութիւնն է մեզ մղած այս ծայրահեղութեան»: 
    Թուրք զօրքի բոլոր յարձակումներն ետ մղուեցին յեղափոխականների աւերիչ ռումբերի հարուածների տակ: Մինչեւ կէսօրը` հարիւրաւոր դիակներ էին փռուել դրամատան շրջակայ փողոցներում: Պոլսի ուրիշ թաղերում էլ սկսուել էր կռիւը: Սամաթիայում մի քանի յեղափոխականներ ստեղծում էին սրտառուչ մի դիւցազնական: Հայերի մահառիթ ռումբերի որոտը խուճապի էր մատնում զօրքը եւ մահմեդական բնակչութիւնը: Սուլթանը հարկադրուեց կռուադաշտից ետ քաշել իր զօրքը եւ խօսքը տալ եւրոպական դեսպաններին: Սրանք լիազօրեցին ռուսական դեսպանի աւագ խորհրդական Մաքսիմովին` դրամատուն գնալ եւ բանակցել հայ յեղափոխականների հետ: Սա խօսում է աղուէսի լեզուով. «Երկրում խաղաղութիւն հաստատելու համար` միջոցներ ձեռք առնուած են: Ձեր եւ ձեր ընկերների վրայ յարձակումն արդէն դադարած է: Ապահովուած է ձեր ընկերների ազատ հեռացումը Պոլսից: æանք ենք թափում համոզել Սուլթանը, որ ձեր Կ. Կոմիտէի պահանջներին գոհացում տայ: Մինչեւ հիմա արիութիւն ցոյց տուիք եւ այդքանը բաւական է ձեր խնդիրը նորից յուզելու: Սպառնում էք օդ հանել դրամատունը. ի՞նչ պիտի շահիք 157 անմեղների մահուան պատճառ լինելով, եթէ ոչ ամբողջ Եւրոպայի հակակրանքը եւ թշնամութիւնը: Դուք պահանջում էք գրաւոր երաշխաւորութիւն (բարենորոգումների իրագործման համար): Կարող ենք մինչեւ իսկ  տալ այդպիսի թուղթ… բայց դա կլինի դանակը սրտին դրուած եւ խլուած մի խոստում, որ իրաւաբանական տեսակէտով` խոստում չէ: Դուք լաւ սկսեցիք եւ լաւ վերջացրէք»: 
    Մաքսիմովն առաջարկում է տեղափոխուել ֆրանսիական «Ժիրոնդ» նաւը, ուր պիտի գան դեսպանները եւ սկսեն մանրամասն բանակցութիւններ… Նրանք չեկան, այլ` միայն անգլիական, ֆրանսիական եւ ռուսական դեսպանների խորհրդականները, որոնք յայտարարեցին. «Կատարուածն անխոհեմութիւն էր»: 
    Եւրոպական մամուլը (Լոնդոնի, Փարիզի, Բերլինի, Վիեննայի, Հռոմի թէ այլ մայրաքաղաքների եւ գաւառական կենտրոնների) մխիթարում էր հայերին` գովելով նրանց քաջութիւնը: Ահա՛ միայն մի նմոյշ: «Էտուալ Բելժ» թերթի թղթակիցը «Ժիրոնդ» նաւից գրում էր. «Ինչ որ այստեղ պիտի պատմեմ` անհաւատալի պիտի թուայ, բայց ստոյգ իրականութիւն է.. Այս դիւցազնավէպի ամբողջ պատմութիւնը անկարելի է մի քանի տողով տալ… Ուզում եմ միայն մի փաստ արձանագրել, այն` որ մի խումբ քաջեր կատարեալ անձնազոհութեամբ, օր ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում գրաւեցին Օսմանեան կայսրութեան ամենակարեւոր հաստատութիւնը, 13 ժամ մնացին այնտեղ, առանց մի սանթիմի ձեռք տալու, եւ ի վերջոյ հեռացան ամենապատուաւոր եւ յաղթական կերպով: Եւ ահա երիտասարդ այդ հերոսները, այդ առաքեալները մեզ հետ էին վեց օր շարունակ… Սպաներ եւ այլ պաշտօնեաներ` ամէնքս հիացած ենք…»:
    Եւրոպական դիւանագիտութիւնը մի անգամ ե՛ւս խաբել էր իր զոհերին: Կ Պոլսում սկսել էր հայերի նոր կոտորած, բայց միջամտողներ չկային այլեւս: Առեղծուածը շուտով պիտի պարզուէր: Թուրք ոստիկանական Ընդհանուր Տեսուչ Նազըմ բէյը բանտում ասում էր ձերբակալուած հայ գործիչներին. «Եթէ բոլոր հայերը ոչնչացնենք` Եւրոպայի հոգը պիտի չլինի… բայց եթէ նոյնիսկ մեր յօժար կամքով իշխանութիւն տանք հայերին` Ռուսաստանը մեզ թող պիտի չտայ, որ մի Հայաստան ստեղծենք իր սահմանի վրայ…»:
    Եւրոպայում բողոքի ալիքը բարձրանում էր ոճրագործ դիւանագիտութեան դէմ: Հայկական ողբերգութիւնը դառնում էր պրոպագանդի սքանչելի նիւթ սոցիալիստների համար: Փարիզում Ժորէսը փոթորկալից ճառեր էր ասում: Ֆրանսիական պարլամենտում անկարգութիւններ էին ծագում: Մերկացւում էր «Ռուսաստանին ծախուած» Հանոտոյի կառավարութիւնը: Անատոլ Ֆրանսը, Կլեմանսօն եւ գրական թէ քաղաքական անթիւ գործիչներ նուիրւում էին հայկական դատին: Աւելի կամ պակաս չափով նոյնն էր կրկնւում Եւրոպայի մնացեալ  երկրներում: Անգլիայում Գլադստոնը կրկին պահանջում էր պատուհասիչ միջոցների գործադրումը: Սալիզբուրին նամակներ էր գրում կառավարութիւններին: Ռուսաստանում քաղաքական յիմարութիւնը կրկին արիւնոտ քրքիջներ էր վիժում: Լոբանովը ցնծում էր եւ Տոլստոյը քրիստոնէական իր բարոյագիտութիւնը հիմնաւորելով չարիքի դէմ կրաւորական մնալու սկզբունքով` նախընտրում էր անտարբեր լռութիւնը: 

   
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (30-Մյս-2011) Դիտումներ: 1336 | Պիտակներ: Արևմտյան Հայաստան, Հայկական բարենորոգումների ծրագրեր, Հայկական հարց
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]