// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ` ՄՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՆԱՄԱԿ 

«...Ես քո զավակն եմ եւ պարտավոր եմ 
մնալ հավատարիմ քո ներշնչած ոգուն»*

   Իմ շատ սիրելի մայր
   Հոգիս, վատություն կլինի իմ կողմից, եթե փորձեմ քեզ վշտացնել, նաեւ` եթե փորձեմ ինձ պաշտպանել: Թերություններ ունեմ ես եւ` շատ, եւ դրանցից մեկն էլ` թերեւս քո հանդեպ իմ պարտականությունների մեջ թերանալն է:
   Կարծում ես, որ ինքս այդ չե՞մ զգում. զգում եմ եւ շատ խոր կերպով, եւ սակայն մի՞թե ես մեղավոր եմ: Ես էլ, դու էլ եւ մեզ հետ շատ ու շատ մարդիկ` զոհերն ենք նույն ճակատագրի. այնքան դեպքեր տեղի ունեցան մեր աշխարհում` մի ամբողջ ժողովուրդ կորավ. այդ բոլորից հետո մի՞թե աններելի քայլ կլիներ, եթե քո մեկ տղան խոտորեր քո ցանկացած ուղուց: Չլինի՞ մտածում ես, թե ես մի քարի կտոր եմ, մի անսիրտ, անհոգի մարդակերպ կենդանի, որ չի ուզում իր հարազատներին օգտակար լինել, բաժանել նրանց հետ կյանքի քաղցր ու դառն վայրկյանները: Կարծում ես, որ սիրով ե՞մ մնում Եվրոպայում, որ չեմ կարոտում եւ քեզ, եւ Տաճատին, եւ Արաքսուն (Ասատրյանի եղբայրը եւ քույրը - խմբ.) եւ շատ ու շատ սիրելի մարդոց: Դու, Տաճատը եւ Արաքսը մեղադրում եք ինձ, որ ես շատ եմ կառչել անցյալի հիշատակներին, ճիշտ եք ասում: Բայց ինչո՞ւ չեք մտածում, որ այդ անցյալի ամենասիրելի հիշատակները` հենց դուք եք: Լա՞վ կլիներ, եթե մոռանայի այդ հիշատակները` այսինքն Ձեզ, իհարկե` ոչ: Հավատա մայրս, որ ես լավ եմ անում, որ անցյալի ամեն դեմք ու հիշատակ չեմ մոռանում: Եթե կարողանայի մոռանալ նրանց` պիտի մոռանայի նաեւ քեզ: Բայց դու չես ուզում, որ ես մոռանամ քեզ, իրավունք ունես, դու պաշտպանում ես քո մայրական շահերը եւ արդար ես: Բայց դու մոռանում ես մի բան, որ ես էլ իրավունք ունեմ չմոռանալ այն ամենը, ինչ ինձ եւ քեզ համար ընդհանրական մայր է եղել: 
   Երբ ես քեզ պատկերում եմ` պատկերում եմ միշտ մեր գյուղում, իսկ մեր գյուղը մի աղքատիկ, բայց սիրելի ամբողջություն էր: Միայն այդ ամբողջության մեջ դու կատարյալ էիր, հարազատ ու բնական: Մի՞թե դու վատ չես զգում քեզ, որ Մանիշակին, Էթարին, Նազոյին ահա 10-12 տարի է, ինչ չես տեսնում եւ չպիտի տեսնես մինչեւ  հավիտյան: Դրանցից յուրաքանչյուրը, որ մեռել է, իր հետ մեռցրել է մի բան մեր գյուղից, եւ այսօր այլեւս չկա այն սրբազան ամբողջությունը. մենք նրա փշրանքները, մնացորդներն ենք, եւ մեր գոյությունը կատարյալ չէ: Մենք դուրս եկանք այդ գյուղից` նյութապես գրեթե ոչինչ չկորցրինք (ի՞նչ ունեինք, որ կորցնեինք), օտարության մեջ անհամեմատորեն քիչ անձնական վշտեր, սիրելիների կորուստներ ունեցանք, քան` մեր բոլոր գյուղացիները, բայց մի՞թե չես զգում, որ աշխարհի ամբողջ հարստությունն էլ եթե հիմա քեզ տան` չի ծագի էն հին արեւը քո հոգում, ուրախության են անուշ արեւը, որ մի ժամանակ ժպտում էր մեր գյուղում` քո, իմ բոլորիս գլխին: Եվ գիտես ինչո՞ւ, որովհետեւ այդ գյուղում մենք թողինք մեր առաքինությունները, մեր էության լավագույն տարրերը, ուրախության եւ ազնիվ թախիծի զգացումը, կարճ` մեր կյանքի ամբողջ խորհուրդը:
   Որքա՞ն ես փոխվել, մի՞թե դու իմ այն մայրն ես, որ ուշ երեկոներին մեղմաձայն եւ հուզիչ մեղմությամբ երգում էիր «տալվորեցիք արեք երթանք». նվիրական զգացումների մի կենդանի, հսկայական հնոց էր քո հոգին այդ հին, այդ անուշ օրերին. դու ջերմացնում էիր իմ սիրտը եւ գիտե՞ս այդ օրերին ես ինչպես էի սիրում քեզ: Այո, քո այդ սրտառուչ երգերով դու հանդիսանում էիր նաեւ իմ հոգեւոր կյանքի, իմ գաղափարների մայրը: Հասկանո՞ւմ ես ինձ, մայրս: Մի՞թե դու չես սիրում քո հեռավոր անցյալի նվիրական հուշերը: Ես որքան էի սիրում իմ աղոթող մորը, չնայած որ հաճախ ծիծաղում էի եւ խանգարում քո աղոթքը, գիտեմ` հիմա նա այլեւս չի աղոթի այնպես ջերմեռանդորեն, գուցե նաեւ` մոռացել է «ընկալ քաղցրությամբ»-ը եւ գուցե չի ցավում, որ մոռացել է, բայց ես կուզենայի նրա մեջ տեսնել հին շունչը, հին հոգեբանությունը, հին աղոթքը: Մայրս, չէ՞ որ այն հինը լավն էր, դու էլ ավելի լավն էիր այն օրերին, դու խորհրդապաշտ էիր, ապրում էիր քո ցեղակիցների տառապանքով, պատմում էիր ինձ Մշո դաշտի զանազան դեպքերից, մի հեղափոխական քարոզիչ էիր ինձ համար. ես քո զավակն եմ եւ պարտավոր եմ մնալ հավատարիմ քո ներշնչած ոգուն: Մի՞թե ուրախ չես, որ կարողացել եմ մնալ իբրեւ ժառանգորդ քո լավ հիշատակների: 
   Գիտեմ, քեզ տանջում է նաեւ այն հանգամանքը, որ դու կյանքում ինձնից «խեր չտեսար»: Չեմ մեղադրում, սակայն մի՞թե ես մեղավոր եմ: Իհարկե ոչ, այդ դու էլ գիտես: Բայց դու ուզում ես իմանալ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ ընկա Եվրոպա: Այստեղ էլ քո հին օրերի ոգին է մեղավոր եւ ոչ ինքս: Կարո՞ղ ես այժմ ուրանալ, որ հին օրերին դու ուզում էիր ինձնից ունենալ մի «ուսումնական» տղա, մի «մեծ» մարդ,  մի լավ «ազգասեր» գործիչ: Ես հավատարիմ մնացի քո հին մտայնության` մի՞թե ես մեղավոր էի: Այս իմ խոսքերը, սակայն, չեն նշանակում, թե ես անտարբեր պետք է մնամ քո տառապանքի հանդեպ, որ ես չպետք է օգտակար դառնամ քեզ: Քավ լիցի: Ես ուզում եմ, որ դու քեզ մի քիչ ինքնաքննադատության ենթարկես, որպեսզի համոզվես, որ իմ բռնած ուղին քո մի ժամանակվա ցանկացածն է: Եթե այդպես համոզվես, չես դառնա այլեւս աճապարող, կարող ես սպասել, համբերել…

Հայկ 
Ռոնսբերգ, 10 օգոստ. 1926թ. 


_______________
   * Հայկ Ասատրյանի` տարագրությունից մորը գրած այս նամակը առաջին հայացքից թեեւ զուտ անձնական բնույթի է, սակայն իր մեջ կրում է մի երեւույթի ողբերգականություն, որի դառնությունը հաճախ են ճաշակել Հայրենիքին անմնացորդ նվիրաբերված եւ անանձնական կյանք նախընտրած հայորդիները:     Նամակը սիրահոժար մեզ է տրամադրել մեծանուն իմաստասերի եղբոր աղջիկը` երեւանաբնակ Կլարա Ասատրյանը: Այն տպագրվում է որոշ կրճատումներով: - Խմբ.

Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (26-Մյս-2011) Դիտումներ: 1859 | Պիտակներ: Հայկ Ասատրյան
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]