// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Գ. ՆԺԴԵՀԻ «ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ» 
(խորհրդածութիւններ) 

Ա .

    Մի իմաստասէր նկատում է - մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից: 
    Շատ մտածողներ էլ ասում են - աշխարհի եղելոյթները տառապելով ապրել` նշանակում է իմաստասիրել: 
    Բացէ՛ք Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով: 
    Սովորական հայ գիրք չէ դա, այլ` ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում: 
    Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից: 
  Օրւայ հայը ձգտում է աւելի երեւոյթների կերպարանը ճանաչել, քան` նրանց բովանդակութիւնը ըմբռնել: Նրա մտածումը խորշում է իրերի խորքը, էութեան անդունդները թափանցելու ճիգից: 
    Այս ճիգը նկատւում է Նժդեհի իւրաքանչիւր խորհրդածութեան մէջ: 
    Օրւայ հայը զբաղւում է հարցերով, բայց չի շօշափում նրանց սիրտը: Նա ազդւում է դէպքերից, զգայուն է իրականութեան հանդէպ, բայց խուսափում է դրանց ծնուցիչ պատճառների իմաստը մեկնաբանելու տքնութիւնից: 
    Նժդեհը իր սիրտն է դրել հարցերի մէջ եւ իր երեւակայութիւնը լծել մի գործի - մեր ողբերգութիւնը ներկայացնել պատճառագիտօրէն
    Օրւայ հայը աշխատում է, նոյնիսկ աշխատասէր է, բայց քիչ դէպքերում յաջողւում է ճշմարտօրէն երկասիրել: Իր աշխատանքը նա պայմանաւորում է արտաքին դրդապատճառներով, աշխարհի պարտադրած կարիքներով, որով` իր ջանքը չունի ներբղխականութեան դրոշմ: 
    Նժդեհը ամէն վայրկեան բախում է իր ցեղի ոգու դուռը, պրպտումներ է անում նրա էութեան կրակարանում եւ ամէն միտք կամ ճշմարտութիւն բխեցնում է նրանից:
Օրւայ հայը սիրում է արտաքին դիտողութիւնը, դրա համար էլ նրա գրականութիւնը աւելի նկարագրական բնոյթ ունի: Նա նախընտրում է դիւրաբար տպաւորել եւ ոչ թէ իր էութիւնը ստեղծագործօրէն պարտադրել: Նա աւելի խօսում է, քան թէ ապրում, աւելի գրում է, քան թէ մտածում, աւելի քննադատում է, քան թէ քննում: 
    Նժդեհը աշխարհը դիտում է իր հոգու լուսամուտից եւ նրան պարտադրում իր ներապրումները: Նրա իւրաքանչիւր բառը արդիւնք է ներքին զննութեան, դրա համար էլ` ամէն մի խօսքը խտացեալ մտածում է: 
    Օրւայ հայը սիրում է օտար գաղափարներն ու մտքերը թարգմանել միայն, քիչ դէպքերում նա կարողանում է դրանք ներձուլել եւ մանաւանդ դրոշմել` ըստ իր էութեան պատկերի: Նրա մտաւորական ոգորումները յաճախ զուրկ են մնում ցեղային զգացումի վերահսկողութիւնից: Դրա համար էլ նա մտաւորապէս շուտ է այլասերւում: 
    Նժդեհը օգտագործում է միայն օտար մտքերն ու գաղափարները: Նա չի՛ ղեկավարւում նրանցով, այլ` ղեկավարում է դրանց: Իր հուժկու ցեղզգացութեան թափով նա ճմլում է նրանց սիրտը եւ ստիպում, որ սա տրոփի հայօրէն: 
    Օրւայ հայու իմացականութիւնը զինւած չէ կենսազգացութեամբ, այլ` միայն անթեւ բանապաշտութեամբ: Անզօր բանապաշտութիւնը յաճախ ենթակային մատնում է մտքի խուճապի, իսկ խուճապահար միտքը միշտ էլ ուրւականներ է ստեղծում, երեւակայութեան անտեղի տառապանք եւ խնդիրների քաոս: Նմանը դառնում է ջղային, զրկւում է ապրումների մշտավառ կրակից, ներքին լարումից ու լաւատեսութիւնից: Այդ է պատճառը, որ այսօր, երբ ազգերի կեանքը դառնում է մէկ էական կնճիռի - կենսաբանական-ցեղայինի - շուրջը, հայը հրապարակ է նետել անթիւ «կնճիռներ» եւ իր բանական ողջ պաշարը վատնում է դրանց վրայ: Նա չգիտէ խնդիրների «խնդիրը» զանազանել եւ հարցերի «հարցը», իր կեանքի մեծ հրատապը պարտադրել իր մտածում-զգացումին: Յաւիտենականը թողած` նա զբաղւում է առօրեայով, տունկը լքած` նա կոծում ու աղմկում է թափւող տերեւների համար, ինչպէս դասալիքը, որ կռւի ժամանակ իր սիրտն ու սուրը գործի դնելու փոխարէն` դժգոհում է իր ձիու պայտից, իր կօշիկի գամերից եւ նրանց տալիս «ռազմագիտական» նշանակութիւն: 
    Նժդեհի միտքը գործում է իր սրտի զարկով. այդ պատճառով էլ նա զբաղւում է կենսաբանօրեն էականով: Հոգու յորձանումով նա մղւում է դէպի ձգողական այն ոյժը, որ կոչւում է յաւիտենական-ցեղային. դրա համար էլ նա համակած է զգացումի կրակով, մշտախռով ապրումներով, անցումի կարօտով եւ լաւատեսութեամբ: Այս հոգեվիճակը նրան ընձեռում է մտքի լարում, ուշադրութեան կենտրոնացում, որով` հարցերից «հարցը» ընտրելու եւ նրա մասին յայտնութեան լեզւով խօսելու ընդունակութիւն: 
    Օրւայ հայը ծառայելով չոր բանապաշտութեան` անտեսում է այն ճշմարտութիւնը, թէ իմացութիւնը կենսաբանական մի գործիք է: Դրա համար էլ նա ոչ թէ բովանդակութիւնը, այլ ձեւն է դարձնում նպատակ: Նա վիճում է` յենւած կրքերի «տրամաբանութեան» եւ ոչ թէ կենսաբանական բարոյականին: Այդ է պատճառը, որ նա անվերջ խօսում է, բայց չի կարողանում իր «գաղափարական» հակառակորդը տարհամոզել: Նա մոռանում է, որ, ընդհանրապէս, տրամաբանութեամբ «տարհամոզելը» մի նախպաշարում է, որ աշխարհում ամէն նւաճում լինում է յաղթահարումով, իսկ վերջինս` կենսաբանական ըմբռնում է: Նա չգիտէ, որ «յաղթահարել»-ը պայմանաւորւում է ինքնայաղթահարումով, ներքին տկարութեանց նւաճումով: Նա չգիտէ, թէ նւաճել սեփական անձը` նշանակում է պատմագործութեան մարզը իջնել ամբողջական «Ես»-ով, այսինքն` ժառանգական եւ ստացական բոլոր կարողականութիւնների զօրահաւաքումով: Մինչդեռ օրւայ հայը գործի է լծել միայն իր լեզուն: Երբ սիրտը չի կառավարում լեզուն` սա դառնում է շփոթահարոյց գործիք: Սրտի իշխանութիւնը` դա «Ես»-ի օրգանաւոր ներդաշնակութեան, անձի ներքին հաւաքականութեան յայտարարն է: Անկարելի է ներքուստ ցրւած լինել եւ շինարար լեզու ունենալ: Իսկ ներքուստ ցրւած են բոլոր նրանք, որոնց իմացութեան աղբիւրը ցեղը չէ: Այդպիսիք ընդհանրապէս ունեն երկարապատում, մանւածապատ ոճ եւ բեկորային մտածում: 
    Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը` ամբողջական: Բեկորային ոճը արդիւնք է մտքի անհանգստութեան - Նժդեհը «ցեղահոգ» է: Մտածման ամբողջականութիւնը պայմանաւորւում է նրա խորին ցեղազգացութեամբ - Նժդեհը ցեղամարդ է: Ցեղամարդը կենսազգաց իմացականութիւն ունի. նրա լեզուն սիրտն է, որում ցեղի արիւնի հետ` տրոփում է նրա գոյութեան խորհուրդը: Սրտով եւ արիւնով խօսել, ասել է` էութեան կսկիծն ու բերկրանքը վերածել բառի, դառնալ պատգամախօս - Նժդեհը պատգամախօս է: Նմանի իմացութեան աղբիւրը ցեղի էութեան անդունդն է, ենթագիտակցականը, յաւիտենականը: Նմանի իմացական իդէալը ինքնապաշտպանութիւնն է, ներիմացութիւնը: Ներքուստ ամբողջացած, ինքնայաղթահարումի յանգած «Ես»-ը միայն ընդունակ է ներիմացական ապրումի: Այստեղ էլ ճշմարտագրվում է այն տեսութիւնը, թէ Բացարձակին ձուլւելը հնարաւոր է միայն սեփական ոգու երկնքի տակ` անցաւորը ապրելով եւ յաւիտենականի մասին մտածելով: 
    Երկու խօսք եւս: 
    «Ցեղը եւ Իր Տականքը» հակադրութեանց գիրք է: Կեանքի անկատարութեան պատճառներից մէկն էլ թերեւս այն է, որ օրգանաւոր «գոյ»-ը բազմատարր է եւ տարբերարժէք, որ նա, ինչպէս Նիցշէն է ասում, կազմւած է ե՛ւ ոգուց, ե՛ւ աղբից: Այս այլազանութիւնն ու այլարժէքութիւնը հիմք են դառնում մարդկային բարոյական զգացման: Դրանց վրայ է խարսխւում արժէքների ուսմունքը - բարոյագիտութիւնը: Վերջինս արժէքների հակադրութեանց գիտութիւն է: Համեմատական եղանակաբանութեան կիրարկմամբ, բարոյագիտութիւնը ճգնում է յանգել արժէքների համադրութեան իդէալին, հանրարժէք բարոյականի ըմբռնումին: 
    Այդպես է նաեւ Նժդեհի մեթոդը: Նա միմեանց է հակադրում ցեղազգաց ընտրանու լիարժէքութիւնն ու ցեղի տականքի անարժէքութիւնը, եւ մեր առջեւ դնում ցեղամարդ հայու գաղափարատիպը: 
    Ցեղամարդ հայը` դա զօրութենական բարոյականով օժտւած, ցեղային արժէքազգացութեամբ համակւած հայն է: Դա համադրական հայ «Ես»-ն է, հոգեւոր երկւութիւնից ձերբազատւած ամբողջական հայը: 
    Ա՛յս հայն է միայն ստեղծագործ, նա՛ է միայն հոգեւոր ինքնակառուցումի ընդունակ, նրա՛ ճակատը միայն կարող է մի օր պսակւել յաղթանակով: 
    Նժդեհի գիրքը կարօտի եւ զզւանքի գիրք է: Եւ հենց այդ պատճառով էլ, նա հոգեւոր ինքնակառուցումի նորատիպ մի փորձ է: Ամէն կառուցում նախատեսում է կառուցանիւթերի զննում, մերկացում, ճանաչում: Հեղինակը գտել է մեր կեանքի լուսաւոր եւ ստւերային գծերը եւ դրանք հակադրել միմեանց - ցեղը եւ իր տականքը: Ցեղը` դա կենսազօրոյթի յաւիտենական լուսաղբիւրն է, որ ոգիները վառում է ինքնայաղթահարումի, մեծագործութեան կարօտով: Տականքը` դա այրւած ոգու մնացորդն է, սրտի ապականութիւնը - հոգեւոր դիանեխութիւն, որ միայն զզւանք է յարուցանում: 
    Այս երկու զգացումները - կարօտ եւ զզւանք - ստեղծագործ ոյժեր են: Զզւանքը` դա ինքնաժխտումի խռովքն է, տկարութեանց բացասման նախաքայլը: Կարօտը` դա բարձրատիպ գոյութեան տենչն է, իբր արժէք յաւիտենականացնելու ճիգը: Զզւանքը իրականութեան խթանումն է, կարօտը` իդէալի երազը:
 Ստեղծագործական ամէն յղութիւն պատճառւում է իրականութեան խայթումով, ստեղծագործական ամէն ծնունդ պայմանաւորւում է աշխարհի ցաւը յաղթահարելու կարօտով: 
    Հայ ցեղի տականքը` դա մեր օրերի ցաւն է: 
    Իսկ ի՞նչ է ասում ցաւը: Ինչպէս իմաստասէրն է նկատում, նա ասում է. «Անցի՛ր»: Զզւանքը` դա «թռչող թեւեր» է տալիս, իսկ ամէ՛ն թռչող ոգի, ամէ՛ն մտրակւած երեւակայութիւն համակւում է նորաստեղծութեան կարօտով: 
    Այդ կարօտը: Դա մեր կեանքի լինոյթն է. դա լինելիական հայու հոգեւոր առաջընթացն է, դա յաւիտենական հայու անդադար չուն է: 
    Նորաստեղծւի՛ր այրելով մէջդ ինչ որ զզւելի է: Նորաստեղծւի՛ր վառելով մէջդ ինչ որ վսեմ է: 
    Այդ ասել է` հոգեկերտւի՛ր ցեղօրէն, համակւի՛ր հզօրանքի զգացումով, եղի՛ր դաշնակցական: 
    Այս է Նժդեհի կոչը, այս է նրա գրքի իմաստը: 

Բ .

    Նժդեհի գիրքը կրում է «Ամերիկահայութիւնը» ընդհանուր վերտառութիւնը: Նրա բովանդակութիւնը, սակայն, բնորոշւում է «Ցեղը եւ իր Տականքը» ենթախորագրով: Գրւածքի յօրինման իբր անմիջական շարժառիթ հանդիսացել են ամերիկահայ կեանքի վերջին տարիների իրադարձութիւնները: Նիւթը, սակայն, ընդհանուր է, համահայկական: Դա ներկայացնում է օրւայ հայ կեանքի համայնապատկերը: 
    Հեղինակը խորապէս ըմբռնել է, թէ ներկան ո՛չ այլ ինչ է, քան անցեալի եւ ապագայի հանգոյցը - մի կամուրջ, որի վրայից պատմագործ ցեղերը կատարում են իրենց յաւիտենական չուն: Այդ պատճառով էլ գրւածքն ստացել է վերլուծական նկարագիր, իսկ վերլուծման չափանիշը համարւել է յաւիտենական-ցեղայինը: 
    Հայութիւնը պատմականօրէն բաժանւած է երկու հակամարտ հոսանքների: Դրանցից մէկը «ցեղահոգ» է, միւսը` անձնազոհ: Մէկի ճակատը պսակում է ցեղի ձեռքը, միւսի էութիւնը կնքւած է ընկածութեան մրով: Մէկը վառւում է ցեղի կենդանանորոգ զօրութենականութեամբ, միւսը` մոխիր է միայն: Մէկն առաջնորդւում է ցեղի լինելիական բարոյականով, ինքնակատարելագործումի տենչ ունի եւ մարմնացնում է ճակատագիրը յաղթահարելու, բարձրանալու բնաճիգը, միւսը` էութեամբ ստորնահակ է, «տականք»: Ըստ այդմ էլ` գիրքը բաժանւում է երկու մասի - Դաշնակցականութիւն եւ հակադաշնակցականութիւն:
    Հեղինակի լաւատես ոգին մղել է նախ` զբաղւել հակադաշնակցական տականքի էութեան բնութագրմամբ: Նա քրքրում է այս հոգեւոր տիղմը, մերկացնում նրա զազրատիպ դէմքը, ախտորոշում նրա վէրքերը, յետոյ իր ընթերցողները դաշնակցականութեան լուսաւոր դէմքով մխիթարելու, նրանց դաշնակցական հզօրանքի շնչով վարակելու համար: Հենց այստեղ է գործի դաստիարակչական արժէքը. դա հոգեւոր ինքնակառուցումի գիրք է: 
    Ամբողջ գիրքը մշակւած է ամերիկահայ «Եռագոյնի բանակին» ձօնւած «Երկու խօսք»-ի եւ գրքի 15 հատւածների մէջ: 
    «Երկու խօսք»-ով արդէն ուրւագծւում է օրւայ հայութեան ներքին պայքարի դէմքը: Դա պայքարն է ցեղօրէն «յաւիտենական»-ի եւ ժողովրդօրէն «առօրեայ»-ի. նպատակադրութեան եւ «անուղի, աննպատակ» հոգեշփոթի, ցեղային «լիարժէքութեան» եւ մարդկօրէն «ընկածութեան գիտակցութեան»: Կողմերից մէկը - հակադաշնակցականութիւնը լծւած է «վատութեան» եւ «ամբարիշտ ուրացում»-ի գործին, միւսը` դաշնակցականութիւնը` խայթւած է ազգային ամօթանքի զգացումից: 
    Սրանով էլ պայմանաւորւում է գրքի ողբերգական բնոյթը, նրա ցեղացաւ շեշտը: Բոլոր ողբերգութիւնների հիմքը նրանում է, որ մարդս բարոյական զգացում ունի, իսկ երեւոյթները ենթակայ են չարի եւ բարու սկզբունքներին: Այս սկզբունքները ենթակայական ըմբռնում-ապրումներ են, բայց տիեզերական ցաւի շեշտ կայ աւետարանչի ա՛յն խօսքի մէջ, թէ «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ո՛չ ընկալան»: Կեանքի վրայ մի անէծք կայ եւ այդ նրանում է, որ նոյն արգանդից ե՛ւ Աբէլ է ծնում, ե՛ւ Կայէն, որ մէկը չարն է գործում, իսկ միւսը տառապում է ուրիշի գործած վատութեան համար: Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կայ, այլ նրանում, որ թրքատիպ հայ կայ: Հայ` որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելութեան խորհուրդին չի հաւատում, հայ` որ չարութեան անօթ է եւ պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնազգաց է, ընդունակ չէ ապրել ու հասկանալ, թէ իր ընկածութեամբ ինչ սպանիչ ամօթանք, բարոյական ի՞նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղօրէն զգայուն հայ մարդուն: 
    Այստեղ է հայ կեանքի մղձաւանջը, այստեղ` նրա այրող ցաւը, այստեղ` մեր ողբերգութիւնը: 

* * *

    «Միջավայրը» հատւածում թւելով մարդաաշխարհագրական, հոգեւոր-մշակութային, հոգեբանական եւ տնտեսական ա՛յն գործօնները, որոնք նպաստում են ամերիկահայութեան ցրւածութեան` հեղինակն այդ գաղութը բաժանում էր երկու մասի - «Հայ հասարակութիւն դառնալու իդէալով առաջնորդւող ազգայնական հոսանք եւ ցեղօրէն դիմազուրկ ցրւածութիւն»: 
    Կենտրոնահակ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները ունեն կենսա-հոգեբանական հիմք: Ցեղը կենտրոնաձիգ զօրոյթ է, անցեղազգաց խուժանը` կենտրոնացիր հակում: Ցեղօրէն զգայուն տարրերն ունեն համախմբւելու բաղձանք, այսինքն` ընկերօրէն «հասարակութիւն», ազգօրէն պետութիւն դառնալու իդէալ: Դրա հանդէպ ցեղօրէն ուծացած տիպերը համակւած են վանողական զգացումով. ձգտում են ձերբազատւել ցեղի գերիշխանութիւնից եւ ապրել անձնօրէն: Դրանք զուրկ են կախումի, որով պարտականութեան, ինչպէս նաեւ կարգապահութեան գիտակցութիւնից: Դրանք անձնիշխան չեն, այլ` միայն «ես»-ական, այսինքն` մանր շահերի եւ կրքերի գերի, որով` չունեն ցեղի ինքնիշխանութեան ըմբռնումը, այսինքն` հոգեբանօրէն ստրուկ են: 
    Հոգեբանօրէն ստրուկը նա չէ, որին քաղաքականօրէն ծանր մի դրութիւն է պարտադրւած, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի: Նմանին պակասում է երկու բան - խորին հայրենազգացութիւն եւ խորին ինքնազգացութիւն, որով` հայրենասիրութիւն եւ ինքնասիրութիւն: Հայրենասէրը կարող է տարագրւել, բայց երբե՛ք հոգեպէս տեղափոխւել, ինքնասէրը կարող է պարտւել, բայց երբե՛ք անպատւօրէն տեղի տալ: Այս հակամերժ զգացումների փոթորկումն է, որ այսօր գաղութահայ իրականութիւնը վերածել է կռւադաշտի: Ինքնազգաց հայը խօսում է Միացեալ եւ Անկախ Հայաստանից, վրէժից եւ հայ ճակատագրին ու դատին շուրջը ցեղօրէն համախմբւելու անհրաժեշտութիւնից, անցեղազգաց հայը երջանկութիւն ասելով հասկանում է անձնական շահը, իսկ այդ կարելի է ապահովել միայն անհատական ճիգով եւ նաեւ Հայաստանից դուրս: 
    Կենտրոնաձիգ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները հեղինակը պատմա-հոգեբանօրէն բացատրում է նրանով, որ «հայութեան մի մասը` Ամերիկայում արմատ ձգելու նպատակով չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն», մինչ «միւս մասը` Հայրենիքը  թողել է ընդմիշտ, գնացել դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով»: 
    Դաշնակցականը` դա ակամայից Հայրենիքը թողած «պանդուխտ» հայն է, որի «սրտում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է»: Հակադաշնակցականը` դա հոգեբանօրէն «անհայրենիք, ապահայրենական» հայ տիպն է: 
    Իբրեւ հայրենաստեղծական երկունքով համակւած էակ` դաշնակցական հայը տառապապաշտ է իր հոգեբանութեամբ. դրա հանդէպ` անստեղծագործ հակադաշնակցականի ոգին «չարութեան շտեմարան է»: 
    Տառապանքը ինքնաբուխ բարոյականի մէկ արտահայտութիւնն է, չարութիւնը` արտաքուստ հրահրւելու տրամադրութիւնը: Տառապապաշտը ինքնագիտակ երկնող է, ստեղծագործ, նրա իդէալն է սեփական էութեան արձանացումը (քաղաքականօրէն` այդ ասել է ազգային պետութեան կառուցումը): Ցեղօրէն վատը, չարը - դա արտաքին թշնամու գործիքն է, նրա զինակիցը, անինքնակամը, դրսից գրգռւողը - դրա իդէալն է բարոյական անձնատւութիւնը օտարին (քաղաքականօրէն` այդ ասել է օտարահպատակ մնալու տենչ): 

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 2, 3
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (21-Մյս-2011) Դիտումներ: 1387 | Պիտակներ: Garegin Njdeh, Գ. ՆԺԴԵՀԻ «ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ», ՆԺԴԵՀ, Hayk asatryan
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]