// Կարգերը
Հարցում
Գնահատեք կայքը
1. Գերազանց
2. Լավ
3. Վատ
4. Բավարար
5. Վատ չէ
Պատասխանների թիվը: 67
Վիճակագրություն

Rambler's Top100
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Գրանցված: 0
Տեսադարան
Մուտք
Մուտքանուն
Գաղտնագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շուտով

Դեռ չենք հայտարարել
Կայքի հիմնը
Նկարներ
Այստեղ
Թարմացումներ
<
Գլխավոր Հոդվածներ ◄| Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ

Գ. ՆԺԴԵՀԻ «ՑԵՂԻ ՈԳՈՒ ՇԱՐԺԸ» 
(մի փոքրիկ մեկնաբանութիւն)

    Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»: 
   Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով - ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի: 
    Անկասկածօրէն դրանցից մէկն այս գրքոյկի հեղինակն է-մի մարդ, որ իր խառնւածքը խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երեւում է հայ խօսքի ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում: 
    Սոյն հրատարակութեան առումով - որ ի դէպ միայն բեկորներ է բովանդակում Նժդեհի հռետորական ստեղծագործութիւնից - չենք ուզում լայնօրէն զբաղւել հեղինակի անձնաւորութիւնը կերպաւորող հոգեւոր տարրերով, չենք ուզում անգամ նրա աշխարհայեցողութեան ամբողջական պատկերը տալու փորձն անել: Դրա հանդէպ տուրք տալով ա՛յն վարկածին, թէ երկը հասկանալու համար անհրաժեշտ է երկասիրողը ճանաչել, մի քանի ընդհանուր գծերով պիտի դիմորոշենք հեղինակը, այսինքն պարզենք հոգեւոր կարգի ա՛յն տւեալները, որոնք պայմանաւորում են նրա ցեղաշունչ գործը եւ գրւածքը: 
    Որո՞նք են դրանք: 
    Ա) Բարձր տեմպերամենտ.-Ո’չ միայն Նժդեհի խօսքը, այլեւ նրա գրական ոճը թողնում են ա՛յն անայլայլ տպաւորութիւնը, որ նա բարձր տեմպերամենտի մի ստեղծագործ է: Հոգեբանական այս տիպարի առանձնահատկութիւններից մէկն ա՛յն է, որ նա հազիւ թե զբաղւում է արտա-«ես»-եան իրականութեանց վերլուծմամբ, եւ, ընդհակառակն, անդադար դեգերում է սեփական «Ես»-ի անդունդներում: Ինքնապրպտումով է կառուցում նա իր ճշմարտութիւնները: Նշանակապաշտ է նա եւ խորհրդապաշտ. մտածելիս` ընդվզում է բանապաշտական դատելակերպի դէմ, ճգնում է խուսափել հոգեւոր մեքենականութիւնից եւ յաճախ կառչում է տարերայինին եւ էմոցիոնալին: Նա ապաւինում է ներգերբնականին, սակայն սեփական «ես»-ի փլուզման վտանգից սարսափած` ներեսում է մի բնական պատւանդան, աստւածացնում է մի համա-«ես», եւ, համակւելով կրօնական վերացման զգացումով, թափանցում է ենթագիտակցականի մարզում: Համա-«ես»-ը, որ դարձած է Նժդեհի հոգեւոր պատւանդանը` ցեղն է: Սա է շեշտում եւ երանգաւորում նրա տեմպերամենտը: Ցեղակրօնութիւնն է լեցնում նրա անձնաւորութիւնը: Ենթագիտակցականը, որում անհատական «ես»-ը հանդիպում է ցեղային համա-«ես»-ի տարերքին, ամէն դէպքում չի՛ հանդիսանում հոգեւոր ներշնչարան: Այդ կախւած է նրանից, թե տւեալ տեմպերամենտն ո՞րպիսի դիրքորոշման է մղում իր անօթին-անհատին, բախողակա՞ն, թէ՞ ներդաշնակելի: Առաջին դէպքում` ցեղային եւ անձնական «Ես»-երի միջեւ ստեղծւում է անկամրջելի մի վիհ, որի հետեւանքով անհատը մատնւում է ներքին ողբերգութեան. նրա տեմպերամենտն սկսում է աղօտանալ եւ ի վերջոյ նա դառնում է սովորական եսապաշտ, անձնական փառասիրութեան մի գերի: Երկրորդ դէպքում` երկու «Ես»-երի ներդաշնակ ձուլումով կաղապարւում է ցեղատիպ մարդու հուժկու անձնաւորութիւնը: Ներհոգեւորի այս բարեբախտ ձուլումով, ահա՛, կերպաւորւած է Նժդեհի էութեան երկրորդ գիծը - նրա անհատականութիւնը:
    Բ) Հզոր անհատականութիւն.- Մէկի հոգեւոր ֆինիոնոմին բնութագրելիս` մարդս միշտ էլ որոշ երկմտութիւն է ապրում: Մենք գործ ունենք փոթորկալից անցեալի տէր մի անհատի, հայկական չափանիշով վերցրած պատմական մի անձնաւորութեան հետ: 
    Նժդեհի անձնաւորութեան մասին խորհրդածելիս` մեր դէմ ծառանում են մեկնաբանութեան կարօտ մի քանի բարդ կնճիռներ: Որո՞նք են այս մարդու անհատականութիւնը ձեւակերպող գործօնները. ո՞րն է նրա հոգեւոր գանձերի շտեմարանը. ի՞նչն է նրա կորովն անսպառ դարձնում եւ նրա խօսքի թափը` ահռելի: Կարիք չկայ հոգեբանական նոր պրպտումների դիմել: Անհատը միշտ էլ մնում է հոգեւոր թզուկ, եթէ նա չի ներձուլւում մի հաւաքական «Ես»-ի, եթէ ընդունակ չէ դառնալ նրա մոլութիւնների եւ առաքինութիւնների կրողը, նրա ներկայացուցիչը, միկրոկոսմոսը բոլոր դէպքերում, իսկ վտանգի պատմական վայրկեաններին` նաեւ նրա մարգարէն, գուշակը եւ առաջնորդը: 
    Մեր եղերաբախտ ընկեր Յ. Զարիֆեանը յաճախ էր պատմում Դիլիջանի եկեղեցու բակում Նժդեհի խօսած ճառի - Ղարաքիլիսէի պատմական ճակատամարտը հոգեբանօրէն կարելի դարձնող խօսքի - մասին: Նա պատմում էր եւ զարմանում մարդկային խօսքի հոգիները յեղաշրջող եւ ցնցող ոյժի վրայ: Իսկ հիմա՞. 14 տարի յետոյ հա՛րկ է ճշմարտագրել, թէ առանց ցեղի հոգեւոր շտեմարանից օգտւելու բարոյական համարձակութեան, առա՛նց սեփական «Ես»-ի մակոյկը ցեղի ոգու խռոված ովկիանին յանձնելու բնազդական սիրոյ` անկարելի կը լինէր ներքին քաոսի մատնւած, խուճապահար բազմութիւններին նման խօսք ասել եւ պարտւողական ոգիներում ցեղի հզօրանքի յոյսն ու կրակը բորբոքել: Ցեղի ոգու տարերքն էր Նժդեհին Զանգեզուրում դարձրեց հզօր անհատականութիւն, նրա՛ ձայնով է, որ նա ցայսօր էլ մնում է պերճախօ՛ս: 
    Նժդեհի անհատականութիւնը, համոզումները, կրօնը պայմանաւորւած են ցեղով: 
    Նա պաշտամունք ունի Ահարոնեանի հանդէպ, որովհետեւ սա «անցաւորից յաւիտենականը տանող ճամբի վրայ հանդիպել է իր ցեղի ոգուն» եւ առաջնորդւում է նրա շնչով:
    Նա մոլեկրօն դաշնակցական է, որովհետեւ այս կուսակցութիւնը ծնած է մեր «ցեղի ոգու շարժից», որովհետեւ նրա մէջ «ցեղի ձայնը կայ», որովհետեւ նրա խոստացած բարոյական երջանկութիւնը հայ անհատ մարդու հոգեխառնումն է «ցեղի ոգու հետ»: 
    Նա փառաբանում է Հայրենիքը, որովհետեւ հայ ցեղի հոգեւոր բոյնն է: Օտար երկիրը հայրենիքի «ստւերն է»,- ասում է նա: Նրա համար բոլոր առաքինութիւնների չափանիշը հայրենապաշտութիւնն է: «Անհայրենասէրը անառաքինի է»: «Մշակոյթը հոգեւոր դէմքն է, որով հայրենապաշտումից զուրկ մշակոյթը մշակոյթ չէ»: 
    Նա երկիւղածութեամբ սպասում է «Հայ Գերմարդ»-ի, «նոր-հայ» մարդու յայտնւելուն, որովհետեւ նրանից է ակնկալում ցեղի վրէժը լուծելու, ցեղի տունը վերակառուցելու նւիրական գործը: 
    Նա երկրպագում է հայութեան տիտանական ցաւին, որովհետեւ նա ցեղի ցաւն է - ցաւը, որ նրան տալիս է ա՛յն յոյսը, թէ «տառապանքից ու ամօթանքից» ծնունդ պիտի առնի մեր «նոր կրօնը - հպարտանքի կրօնը»: 
    Մենք կասենք` նաեւ փրկութեան եւ հզօրանքի կրօնը - «Մա՛հ ներքին տկարութեան»: 
    «Արիւնով ու ջղերով» ասւած եւ ապա գրի առնւած այս խօսքերը լուծում են Նժդեհի հզօր անհատականութեան գաղտնիքը: Նա պայմանաւորւած է ցեղային մեծ «Ես»-ին ներդաշնակօրէն հոգեխառնւելու, համաձուլւելու կարողութեամբ, ասել է ա՛յն ոյժով, որ Նժդեհին մղում է դառնալ հայրենապրումի եւ ցեղապաշտումի մոլեռանդ քարոզիչը: 
    Գ) Ֆրագմենտարիզմ. - Արդէն նկատւեց, որ բարձր տեմպերամենտի ու հզօր անհատականութեան հոգեբանական տիպարին իւրայատուկ է ֆրագմենտար մտածում, որով եւ ոճ: Մեր գրականութեան մէջ այսորակ ոճն իր կատարելութեան է հասնում Նարեկացու մօտ, իսկ համամարդկային հոգեւոր ստեղծագործութեան մարզում` նրա տիտանը Նիցշէն է: 
    Նժդեհի ոճն ու մտածումն էլ կրում են ֆրագմենտարիզմի որոշ դրոշմ: Նրա մտածումն արդէն զուրկ է սիստեմների շրջանակում սեղմւելու ընդունակութիւնից: Բոլոր ֆրագմենտարիստների պէս նա էլ ստեղծագործում է ո՛չ թէ թելերով, որոնք ի վերջոյ հիւսւածքի, այսինքն, սիստեմի պիտի վերածւեն, այլ` հանգոյցներով: Ո՛չ թէ խաղաղ զարգացում, այլ` խոյանք, ո՛չ թէ երկարապատում եւ զգուշաւոր շարայարումներ, այլ` կարճ խորհրդածութեանց յանկարծօրէն յաջորդող վճռաշունչ բանաձեւումներ - ահա՛ Նժդեհի մտածման եղանակը: 
    Ֆրագմենտար ոճն ըստինքեան ապացոյց է ենթակայի հոգեւոր աշխարհի հարստութեան եւ խորութեան: 
    Ֆրագմենտարիստը խուսափում է ձեւերին եւ սովորութեանց կոմպրոմիսներ անել: Զօրեղ է նրա մտքի կաղապարիչ ֆունկցիոնը: Բնազանցումի արւեստագէտ է նա: Նրա արտայայտութիւնները պատկերաւոր ընդհանրացումներ են` սինթէզ եւ ալեգորի միասին: Նրա երեւակայութիւնն անիշխանական մի ոյժ ունի, մի ոյժ, սակայն, որ միշտ նոր կերպեր է ծնում. ֆրագմենտարիստը նորաստեղծ է: Նրա երջանկութիւնն է դառնալ իր ներկայացրած հաւաքական «ես»-ի պատգամախօսը: Այդ է պատճառը, որ մարդկային յարաբերութեանց աշխարհում, հոգեհաղորդ տարրերի համար նա դառնում է անգերազանցելի կազմակերպիչ եւ հրահրիչ, թշնամու հանդէպ, սակայն, մի՛շտ մնում` ատելավառ բացասիչ: Սլաքներ ունի ֆրագմենտարիստի խօսքը. նրա մտքերը պայթուցիկներ են, որոնք ձգտում են սրտերը հրդեհել. երկարաշունչ չեն նրանք, որովհետեւ շրթունքի խօսք լինելուց առաջ, սրտի պոռթկումներ են: 
    Ֆրագմենտար ոճաբանի հոգեբանութեան այս գծերը ընդնշմարում ենք արդէն «Էջեր իմ օրագրէն» ու «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» գրքոյկներէն, «Որդիների պայքարը հայրերի դէմ» գրքի, եւ «Յիշի՛ր պատերազմը» յօդուածաշարքի մէջ: Մենք հանդիպում ենք նրանց նաեւ այս գրքոյկում, ինչպէս նաեւ բոլոր դէպքերում, երբ կարդում եւ մանաւանդ երբ լսում ենք Նժդեհն: 

* * *

    Հապճէպով եւ հարեւանցիօրէն վերլուծելով երկասիրողի մի քանի գծերը, մենք գրեթէ սպառեցինք մեր խօսքը նաեւ երկի մասին: Նժդեհը նրանցից է արդէն, որոնք նոյնանում են իրենց երկին: 
    Ի՛նչ յատկապէս սոյն գրքոյկի հրատարակութեան առիթով ընթերցողների ուշադրութեան պիտի յանձնուէր` արդէն ուրւագծւեց այս խորհրդածութեանց ա՛յն մասում, ուր խօսք եղաւ հեղինակի անհատականութեան շուրջ: Կրօնականութեան հասնող ցեղապրումի քարոզն է այդ - մի քարոզ, որ իր էութեամբ նոր չէ, սակայն իր թափով` նորատիպ: Ժողովուրդների ինքնափրկութիւնն ու յաղթական վերելքը պայմանաւորւում են նրանով, թէ նրանց պատկանող անհատները որպիսի ընդունակութիւն ունեն իրենց անձնական կորովը նւիրաբերել ցեղադրօշ մի գաղափարի իրականացման գործին: Այս նւիրաբերումը, սակայն, ո՛չ այլ ինչ է, քան գործնական իմաստութիւն անհատական անցաւորը ցեղի մէջ յաւիտենական արժէքի, ասել է` մշակութագործ ոյժի վերածել: Բայց առանց գիտակցական եւ բնազդական խոր ցեղապրումի` անհատը միշտ էլ իր փոքրիկ ոյժով մնում է` կենտրոնախոյս: 
    Իսկ այդ դէպքում ո՞ւր կմնայ մեր վրէժի գործը, ո՞ւր` Հայրենիքը վերաշինելու մեր երազը: 
    Բայց ահա՛ Նժդեհը մատնանշում է ձգողական մի կենտրոն - ցեղի տառապանքը: Սա է աշխարհից մեզ ընծայւած ընդհանրական պարգեւը. ծանր յիշատակի պէս նա չոքել է բոլորիս սրտին: Նա է մեր ցեղի հոգեւոր պիտակը. նրանով է ճանաչում մեզ աշխարհը եւ նրա անունով է, որ պիտի գործենք բոլորս: Տառապա՛նքը, որ իր լծակից սպանիչ ամօթանքով պիտի խեղդէ բոլորիս, քանի դեռ թուրքը մնում է անպատիժ: 
    Եւ տառապա՛նքը, սակայն, որով կենագործ ազգերն իրենց ցեղի նժոյգն են մտրակում դէպի Յաղթանակ: 
    Պիտի կարողանա՞նք այս տառապանքը ստեղծագործ ոյժի վերածել - սա է մեր կեանքի մեծագոյն խնդիրը, մեր գալոց պատմութեան միակ խորհուրդը: 
    Այս գրքոյկն ասում է` այո՛: Նա աւետում է մեզ Հայ Գերմարդու երկունքը: 
    Մեր օրերում, երբ վերջապէս որոշ յուսատու խռովք է նկատւում ոգիներում, երբ անակնկալներով հարուստ մի յղութեան նախանշաններն են ընդնշմարւում հայ կեանքում` պէ՛տք է այս ցեղաշունչ գրքոյկը կրկին եւ կրկին կարդալ: Բայց եւ խորհրդածել նաեւ միջոցների, մեր ինքնափրկութեան տեխնիկի մասին: Նրա քարոզած խօսքերը հաճելի են, բայց եւ ծանր պարտականութիւն են դնում մեր ուսերին: Որովհետեւ «մա՛հ ներքին տկարութեան» պատգամը հոգեբանական մեծ նախապատրաստութիւնն է պատմական ա՛յն գործնական եզրակացութեան, որ վաղը չի՛ կարող այլ խօսքով բանաձեւուել, քան «մա՛հ արտաքին թշնամուն»: Իսկ այդ հնարաւոր կը դառնայ ցեղի հոգեւոր տիտանականութեան համապատասխանող մի տեխնիկով: 

«Ցեղի Ոգու Շարժը», Սոֆիա, 1932թ.
Կարգ: Հայկ ԱՍԱՏՐՅԱՆ | Ավելացրել է: ANI (20-Մյս-2011) Դիտումներ: 991 | Պիտակներ: Հայկ Ասատրյան, ազգային գաղափարախոսություն, Ցեղակրոն, Գարեգին Նժդեհ
Ընդամենը մեկնաբ.: 0
Միայն գրանցված օգտվողները կարող են թողնել մեկնաբանություն
[ Գրանցում | Մուտք ]